Քաղաքական տեսաբան Հաննա Արենդթն իր ուրույն տեղն է գրավել համաշխարհային փիլիսոփայության ասպարեզում՝ իր համարձակության և սեփական դիրքորոշումներն ու գնահատականները տպավորիչ պարզությամբ ձևավորելու շնորհիվ։ Թեև Արենդթին դժվար է անվանել կանանց և տղամարդկանց իրավահավասարության ջատագով, այնուամենայնիվ, տվյալ հարցին իր մոտեցումն արժանի է ուշադրության։
Ներկայացնում ենք Արենդթի փոքրիկ ակնարկը կանանց ազատագրման և Ալիսա Ռյուլե-Գերշտելի աշխատանքների վերաբերյալ՝ թարգմանությամբ։
Կանանց ազատագրումը ինչ-որ չափով փաստ է․ գրեթե բոլոր մասնագիտությունները հասանելի են ժամանակակից կնոջը, որը սոցիալապես և քաղաքականապես ունի նույն իրավունքները, ինչ տղամարդիկ՝ ներառյալ քվեարկության իրավունքը և որևէ պաշտոնում առաջադրվելու իրավունքը։ Ի հակադրություն այս ահռելի առաջխաղացումներին՝ կանանց վրա դրվող սահմանափակումները, մասնավորապես ամուսնական կյանքում, որտեղ ապրուստ վաստակելու և սեփականություն ձեռք բերելու իրավունքը դեռ կախված է ամուսնու համաձայնությունից, կարծես թե նախորդ դարաշրջանի «ոչ էական» մնացորդներն են, որքան էլ դրանք կարևոր լինեն առանձին դեպքերում։ Այնուամենայնիվ, եթե ուշադիր լինենք, կնկատենք՝ կանանց ազատագրումը, որ սկզբունքորեն երաշխավորված է, իր մեջ ձևական բան ունի։ Չնայած ժամանակակից կանայք օրենքով ունեն նույն իրավունքները, ինչ տղամարդիկ, սակայն հասարակությունը նրանց հավասարապես չի արժևորում։ Տնտեսապես նրանց անհավասարությունը արտացոլված է այն փաստում, որ շատ դեպքերում կանայք զգալիորեն ավելի ցածր աշխատավարձ են ստանում, քան տղամարդիկ։ Եթե աշխատեին վճարման նույն սանդղակով, ապա համաձայն իրենց հասարակական արժեքի՝ պարզապես կկորցնեին իրենց աշխատատեղերը։ Սա միանշանակ հակազդիչ զարգացում կլիներ, քանի որ առնվազն այս պահին, կանանց անկախությունը տնտեսական անկախությունն է տղամարդկանցից։ Միայն, այսպես կոչված, պատվաբեր մասնագիտությունները՝ բժշկությունն ու իրավագիտությունն են զերծ նման պարադոքսալ իրավիճակից, երբ ստիպված են լինում մասամբ հրաժարվել հավասարությունից հանուն հավասարության։ Քանակական տեսանկյունից այս մասնագիտությունները նշանակալի չեն, սակայն, իրականում, դրանք իրենց արտոնությունների հարցում պարտական են կանանց շարժմանը։ Աշխատող կինը տնտեսական փաստ է, որին համընթաց քայլում է կանանց շարժման գաղափարախոսությունը։
Միջինում մասնագետ հանդիսացող կնոջ դրությունն ավելի բարդ է։ Չնայած իրավական հավասարության՝ նա ոչ միայն պետք է ընդունի նվազ վարձատրությունն իր աշխատանքի դիմաց, այլև պետք է շարունակի կատարել սոցիալապես և կենսաբանորեն հաստատված խնդիրներ, որոնք անհամատեղելի են իր նոր կարգավիճակի հետ։ Ի լրումն իր մասնագիտության՝ նա պետք է հոգա տան ու երեխաների մասին։ Ուստի, կնոջ՝ ինքնուրույն իր ապրուստը վաստակելու ազատությունը պարունակում է կա՛մ որոշակի ստրկություն սեփական տանը, կա՛մ ընտանիքի խարխլում։
Այս «ժամանակակից կանանց խնդիրները» Ռյուլե-Գերշտելի գրքի ելակետն են։ Նա նկարագրում է այն բազմաթիվ եղանակները, որոնց միջոցով կանայք, իրենց ներհատուկ կերպով, փորձում են կարգավորել իրենց իրադրությունը։ Ելնելով այն ճիշտ ընկալումից, որ մայրության կենսաբանական գործոնը սոսկ factum brutum (զուտ փաստ) չէ, այլ կարող է նաև ձևափոխվել սոցիալական փոփոխությունների արդյունքում, Ռյուլե-Գերշտելը առաջնորդվում է մի մեթոդով, որը հիմնված է անհատական հոգեբանության և դրա ընդհանուր այն համոզմունքի վրա, որ մարդկային բոլոր ձեռքբերումները՝ լինեն դրական թե բացասական, սկզբնական գերփոխհատուցման արդյունք են։ Այս տեսությունը, որ տարածվում է ոչ միայն տվյալ անհատի կյանքի պատմության, այլև մի ամբողջ դասի վրա, հնարավորություն է տալիս ճանաչել տիպիկ գերփոխհատուցումները և, անգամ, առանձնացնել դրանց կաղապարները։ Այս կաղապարների նկարագրությունը՝ տնային տնտեսուհի, արքայադուստր, սատանա, կարեկից, մանկամիտ, ընդունակ, խորաթափանց, գերլարված, այս գրքի ամենահաստատուն և ինքնատիպ ներդրումն է։
Ժամանակակից հասարակության մեջ կանանց դիրքը հեղինակին կրկնակի բարդ է ներկայանում։ Նախ՝ բացի իր սեփական սոցիալական դասից՝ որպես տնային տնտեսուհի՝ նա տղամարդ գործատուի ունեզուրկ աշխատողն է, հատկապես, երբ ապրում է բուրժուական կամ մանր բուրժուական միջավայրում։ Նա անգամ պլորետար չէ, ոչ էլ, նույնիսկ, անկախ վարձատրվող աշխատող։ Երկրորդ՝ որպես աշխատող կին՝ նա, գրեթե միշտ վարձկան աշխատող է։ Տվյալ դրության երկիմաստությունը հատկապես պարզ է դառնում, երբ դիտարկվում է քաղաքական տեսանկյունից։ Այս իրավիճակում գտնվող կանայք քաղաքական ոլորտում առաջ չեն գնացել․ այն դեռ արական սեռի ճակատն է։ Եվ ավելին, ամեն անգամ, երբ կանանց շարժումը մուտք է գործում քաղաքական ճակատ, հանդես է գալիս որպես միասնական, չտարբերակված ամբողջություն, որին երբեք չի հաջողվում սահմանել հստակ նպատակներ (բացի մարդասիրականներից)։ Կանանց քաղաքական կուսակցություն հիմնելու ապարդյուն փորձը արտահայտիչ է դարձնում շարժման խնդիրը։ Վերջինս նման է երիտասարդական շարժման խնդրին, որը շարժում է միայն հանուն երիտասարդության։ Կանանց շարժումը՝ միայն հանուն կանանց, նույնքան վերացական է։
Ռյուլե-Գերշտելի համաձայն՝ եթե կանայք հստակ պատկերացնեին իրենց իրավիճակը, նրանք իրենց կնմանեցնեին բանվոր դասակարգի զանգվածներին՝ չնայած այդ ոլորտում հանուն հավասարության մղվող նրանց շարունակական պայքարին։ Այսկերպ նրանց քաղաքական համակարգումը կախված կլիներ վերոնշյալ սոցիալական իրադրությունից։ Սակայն թե՛ քաղաքական այս առաջարկությունը, թե՛ սոցիալական իրադրության վերլուծությունը խնդրահարույց են։ Տիպիկ տնային տնտեսուհին ունեզուրկ աշխատողի է վերածվում միայն ամուսնալուծության դեպքում։ Այդ դեպքում, առաջին անգամ նա կարող է հանգել պրոլետար կարգավիճակի (հեղինակը ցանկանում է ասել, որ սեփական պրոլետար կարգավիճակն առաջին անգամ է ակնհայտ դառնում նրա համար)։ Սակայն այս վերլուծությունը հաշվի չի առնում այն իրողությունը, որ, անգամ, ամուսնալուծության դեպքում կինը դեռ գերին է մնում սոցիալական այն միավորի, որին պատկանում է։ Կնոջ՝ տղամարդուց կախվածության և աշխատողի՝ գործատուից կախվածության նույնացումը բխում է պրոլետարի սահմանումից, որը չափազանց շատ է կողմնորոշված դեպի անհատը։ Անհատը չպետք է հետազոտության միավոր լինի, այլ ընտանիքը, որը կա՛մ պրոլետար է, կա՛մ բուրժուական՝ անկախ այն հանգամանքից, որ մի դեպքում պրոլետար կնոջը կարող են վերաբերվել արքայադստեր պես, իսկ մյուս դեպքում՝ բուրժուական տնային տնտեսուհուն իբրև ստրուկի։
Չնայած երկարաբանությանը՝ այս գիրքը ուսուցողական և խրախուսիչ է։ Դրա ամփոփումը՝ «Կանացիության հաշվեկշիռը», փոքր-ինչ անճաշակ պաթոսով է ներկայացված։ Ավելին, նրա ուսումնասիրության գլխավոր հիմքը՝ հետազոտության ընտրանքը, որ պարունակում էր ընդամենը 155 հարցված, բավականաչափ մեծ չէր հեղինակի արմատական եզրակացությունները հիմնավորելու համար։ Վիճակագրությանը հաճախ պակասում է սոցիոլոգիական և աշխարհագրական սփռումը, որը կհիմնավորեր նրա ընդհանրացումները։
Հատված Հաննա Արենդթի «Էսսեներ հասկացման շուրջ. 1930-1954 ձևավորում, աքսոր և ամբողջատիրություն» (Essays in Understanding, 1930-1954: Formation, Exile, and Totalitarianism. Hannah Arendt & Jerome Kohn [Editor]. (2005)) աշխատությունից։
Թարգմանիչ՝ Լիլիթ Արսենյան (Lilit Arsenyan), խմբագիր՝ Հեղինե Ալեքսանյան (Heghine Aleksanyan) © Բոլոր իրավունքները պաշտպանված են։