Բժշկական տուրիզմի զարգացման հեռանկարները Հայաստանում

Բժշկական տուրիզմը որպես նոր զարգացող տնտեսության ճյուղ

Սույն վերլուծության նպատակն է մեկնաբանել բժշկական տուրիզմ հասկացությունը, պարզել ՀՀ-ում վերջինիս զարգացման հետևանքները երկրի սոցիալ-տնտեսական մակարդակի վրա (որպես ընդունող երկիր), վեր հանել ոլորտի զարգացման առկա հիմնախնդիրները:

Նախ փորձենք հասկանալ, թե ինչ է բժշկական տուրիզմը:

Բժշկական տուրիզմը մարդկանց ճանապարհորդությունն է մի երկրից (տարածաշրջանից) մեկ այլ երկիր (տարածաշրջան)` բուժօգնություն ստանալու նպատակով: Ինքնին հասկանալի է, որ այս երևույթն իմաստ ունի միայն այն դեպքում, երբ ընդունող երկրում համապատասխան բժշկական ծառայության գին-որակ հարաբերակցությունը լավագույնն է: Բժշկական տուրիզմի ավելի պատկերավոր սահմանումն այն է, երբ որևէ երկրի բնակիչ ցանկանում է բուժում ստանալ այլ երկրում, որտեղ առաջարկվում են ավելի մատչելի և բարձրորակ ու արագ բուժծառայություններ:

Բուժման ընթացքում զբոսաշրջիկին հնարավորություն է տրվում նաև վայելել իր հանգիստը և հաճելի ժամանց կազմակերպել. օգտվել ընդունող երկրում գործող տուրփաթեթներից, այցելել տարատեսակ գեղատեսիլ վայրեր, տեսնել պատմամշակութային արժեքներ և այլն: Այս ամենը հաճախ բազմապատիկ ավելի մատչելի է ստացվում, քան պարզապես օգտվելը որևէ բժշկական ծառայությունից սեփական երկրում:

Այսինքն, ստացվում է, որ բժշկական տուրիզմի շնորհիվ նույն գումարով (ենթադրենք` այս գումարը սեփական երկրում կբավականացնի միայն բուժում ստանալու համար) անձը, ընտրելով այլ երկիր, ստանում է և՛ որակյալ բժշկական ծառայություններ, և՛ շրջագայության հնարավորություն: Իհարկե, այս երևույթն ունի իր բացասական կողմը. վատառողջ մարդն ունի աջակցության, հոգեկան ջերմության կարիք, այնինչ նա գտնվում է սեփական երկրից, հարազատներից հեռու: Չնայած այս ճյուղը դեռևս իր զարգացման սկզբնական շրջանում է, սակայն արդեն առկա են որոշակի վիճակագրական տվյալներ: Դրանք ներկայացնենք ստորև:

Եվ այսպես. համաշխարհային բժշկական զբոսաշրջության զգալի մասը բաժին է ընկնում հետևյալ ընդունող երկրներին` Կոստա Ռիկա, Իսրայել, Հնդկաստան, Մեքսիկա, Սինգապուր, Թայլանդ, Թայվան, Թուրքիա, Հարավային Կորեա, ԱՄՆ: Ուշագրավ են Բուլղարիայում այս ոլորտի զարգացման տեմպերը. շնորհիվ հստակ պետական ռազմավարության և արդյունավետ ներդրումային քաղաքականության՝ այս երկիրը բավականին կարճ ժամանակահատվածում արևմտաեվրոպական երկրների համար կարողացավ դառնալ բժշկական զբոսաշրջության «դրախտ»` հրապուրիչ լինելով բժշկական ծառայությունների գին-որակ հարաբերակցությամբ: Արդյունքում, վերջին տարիներին Բուլղարիայի պետական բյուջեի մի մասը լրացվում է հենց այս ոլորտից ստացված եկամուտների հաշվին:

Բժշկական ծառայությունը համալիր փաթեթ է, որն ունի անհրաժեշտ բաղադրիչներ, ինչպիսիք են, օրինակ, առողջապահական ոլորտում իրականացվող մասնավոր և պետական ներդրումները, միջազգային չափորոշիչներին հավատարիմ գործունեությունը` միտված որակի բարձր մակարդակի և թափանցիկության պահպանմանը, միջազգային այցելուների հոսքին, բուժծառայությունների մատչելիությանը, բուժանձնակազմի հոգատար վերաբերմունքին, տուրիստական զարգացած ենթակառուցվածքներին (մատչելի և հարմարավետ հյուրանոցներ, զարգացած քաղաքային և միջքաղաքային տրանսպորտային հանգույց և այլն), քաղաքական և սոցիալական կայունությանը, հիվանդանոցային ծառայությունների բարձր որակին, առողջապահական բնագավառում նորույթներին, գյուտերի առկայությանը և դեպի զբոսաշրջիկը կողմնորոշված բժշկական անձնակազմին: Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ բժշկական  տուրիզմի արդյունքում հիմնականում ակնկալվում է ստանալ կոսմետիկ վիրաբուժական, ատամնաբուժական, սրտանոթային, օրթոպեդիկ, ուռուցքաբանական, կանանց վերարտադրողական և բուժհետազոտման ծառայություններ: 2015 թ. բուժման նպատակով շրջագայողների թիվը կազմել է 14 մլն մարդ, որոնք ծախսել են 45.5-70 մլրդ ԱՄՆ դոլար: Մասնագետները կանխատեսում են այս ոլորտի տարեցտարի զարգացում և թվային տվյալների աճ:

Ինչքանո՞վ է հրապուրիչ Հայաստանը բժշկական տուրիզմի տեսանկյունից

Առաջին հայացքից հայաստանցիների մի զգալի մասը վստահորեն կարող է պնդել, որ մենք ունենք բժշկական տուրիզմ. բոլորս էլ ունենք ծանոթ-բարեկամներ, որոնք ապրելով Հայաստանից դուրս երբեմն այցելում են հայրենիք և այցելությունների ժամանակ օգտվում են տարատեսակ բժշկական ծառայություններից` հետազոտություններ, պլաստիկ վիրաբուժություն, ատամնաբուժական ծառայություններ և այլն:

Մինչև 2013-2014 թթ. ոչ հաճախ, սակայն կարող էինք նկատել, ոչ հայազգի «զբոսաշրջիկների» (հիմնականում հարևան Վրաստանից և ՌԴ ոչ կենտրոնական մարզերից), որոնք այցելում էին մեր երկիր` սրտային և պլաստիկ վիրաբուժական ծառայություններ ստանալու նպատակով:

Ի՞նչ փոխվեց այս ընթացքում: Ի՞նչ խոչընդոտներ հանդես եկան, որոնք նպաստեցին ՀՀ-ում բժշկական տուրիզմի հետընթացին: Ի՞նչ կատարվեց, որ նույնիսկ սփյուռքի մի ստվար զանգված արդեն նախընտրում է ատամնաբուժական ծառայություններ և սրտի վիրահատություն ստանալ հարևան Վրաստանում:

Իրականում առաջին հատվածում մեր կողմից թվարկված նախապայմաններից ՀՀ-ում առկա են ընդամենը 2-3-ը. այո, բուժծառայությունների գները բավականին մատչելի են, եթե համեմատենք Արևմտյան և Կենտրոնական Եվրոպայի, Միացյալ Նահանգների հետ, ապա, այո՛, ունենք կրթական բարձր մակարդակ և որակավորում ունեցող բժիշկներ:

Սակայն այս ամենը, կարծում ենք, դեռ բավարար չէ, որպեսզի կարողանանք վստահաբար ասել, որ բժշկական տուրիզմը ՀՀ-ում զարգացում է ապրում: Ընդհակառակը, չունենալով այս ոլորտին վերաբերող հստակ ռազմավարություն, չիրականացնելով ներդրումներ և համակարգված նպատակային ծրագրեր` պետական պատկան մարմինները նույնիսկ հույս էլ չպետք է ունենան, որ այս ճյուղն ինքնահոսի մատնված պետք է զարգացում ապրի:

Ազատականացված չէ բժշկական սարքավորումներ ներմուծող ընկերությունների գործունեության շուկան, կայացած չէ մասնավոր կլինիկաների ինստիտուտը, բացակայում են առողջապահական ոլորտում հարկային բեռի թեթևացմանը միտված օրենսդրական փոփոխությունները, արտերկրում Հայաստանի բժշկական հաստատությունները գովազդող մարքեթինգային արշավներ չեն իրականացվում (պետական մասշտաբով): Սրանք են, թերևս, այն անելիքները, որոնց միջոցով կարելի է հրապուրիչ դարձնել Հայաստանը` օտար երկրում բուժում փնտրող զբոսաշրջիկների աչքերում:

Կարևոր մի փաստ. 2013 թ. սկզբին կառավարությունը նախաձեռնեց «Արտոնագրային վճարների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն, համաձայն որի ստոմատոլոգիական կաբինետներում յուրաքանչյուր բազկաթոռի համար վճար է սահմանվում 80,000 ՀՀ դրամը: Կառավարության ղեկավարը, մեկնաբանելով նշված հարկային փոփոխությունը, հպարտորեն նշեց, որ մեկ շնչին բաժին ընկնող ատամնաբուժարաններով և ատամնաբույժներով Հայաստանն աշխարհի առաջատարներից է, և Հայաստան գալիս են տարբեր երկրներից այդ ծառայություններից օգտվելու, քանի որ դրանք էժան են, մասնագետներն էլ կարողանում են լավ ծառայություններ մատուցել: Այսինքն, ստացվում է, որ, եթե ունենք մի ոլորտ, որտեղ ծառայություններն ինչ-որ երկրների համեմատ ավելի հրապուրիչ են, պետք է մտածենք` ինչպես շտկել «սխալը»` մեծացնելով հարկային բեռը, ներկրողների համար անհավասար պայմաններ ստեղծելով…

Նույն տարվա ամռանը նախաձեռնվեց «Ստոմատոլոգիական տուրիզմ դեպի Հայաստան» ծրագիրը: Սա բժշկական տուրիզմի մաս է, և ենթադրվում էր բավականին լուրջ ու հեռանկարային ուղղություն, որն իր դրական ազդեցությունը պետք է ունենար, խթան պետք է հանդիսանար նաև երկրի տնտեսության զարգացմանը: Կարծում ենք՝ խելամիտ չէ որևէ ոլորտ զարգացնելու համար ավելացնել այդ ոլորտում գործունեություն ծավալող տնտեսվարողների հարկային բեռը:

Այս տարվա ընթացքում հայաստանյան որոշ բժշկական կենտրոններ սրտի ստենդավորման գները նվազեցրեցին մոտ 2 անգամ: Հարց է առաջանում. իսկ մինչև նվազեցումը գերշահու՞յթ էր ստացվում: ԲԿ-ների ղեկավարությունն այս քայլին գնաց մրցունակ գներ սահմանելու համար (Վրաստանում սրտի վիրահատության և ստենդավորման գները նշանակալի չափով ավելի մատչելի են):

Այս ամենի արդյունքում ստացվեց այն, որ վերջին 3-4 տարիների ընթացքում էապես նվազեց ՀՀ-ում ատամնաբուժական և սրտի վիրահատական ծառայություններ ստացող օտարերկրացիների թվաքանակը. նրանց մի զգալի մասն արդեն մեկնում է Թուրքիա և Վրաստան (ցավոք, ՀՀ-ում այս ոլորտի վերաբերյալ վիճակագրական տվյալներ չկան): Վրաստանում դեռևս 1997 թ. ընդունվել է օրենք, որով և սահմանվում են բժշկական տուրիզմի զարգացման համար անհրաժեշտ քայլերը` ընդհուպ մինչև պետական ֆինանսավորում և միջազգային համագործակցություն: Իսկ ահա վերջին տարիներին էապես նոր թափ ստացան այս ոլորտի առաջխաղացմանն առնչվող գործընթացները հարևան պետությունում (և՛ պետական, և՛ մասնավոր մակարդակներով): Կարևորվեցին և քայլեր ձեռնարկվեցին՝ բարելավելու բժշկական տուրիզմի զարգացման համար անհրաժեշտ որոշակի ուղղություններ, որոնցից, կարծում ենք, կարևորներն են բժշկական տուրիզմի զարգացման գործում պետության մասնակցությունը և կլինիկական ծառայությունների որակի բարձրացմանը միտված քայլերը` ներգրավելու միջազգային զբոսաշրջիկների, որոնք ունեն բուժծառայությունների կարիք:

Ամփոփում

Ինչպես տեսանք, բժշկական տուրիզմը դեռ բավականին ցածր տարածվածություն ունի ՀՀ-ում (որպես ընդունող երկիր), և ոլորտն աշխուժացնելու համար անհրաժեշտ են և՛ օտարերկրյա, և՛ տեղական (մասնավոր և պետական) ներդրումներ: Իսկ ներդրումների համար մեկ հրապուրիչ գործոնը հարկային բեռի մակարդակն է և հարկային դաշտի թափանցիկությունը: Անշուշտ, կան ոչ պակաս կարևոր գործոններ, որոնք նույնպես զգալի ազդեցություն են ունենում ոլորտի զարգացման վրա, օրինակ, զբոսաշրջային ենթակառուցվածքների ստեղծումը և եղածների զարգացումը: Զարգացմանը խոչընդոտում է նաև այն հանգամանքը, որ ավիատոմսերի գները շարունակում են մնալ չհիմնավորված բարձր, որը գլխավորապես պայմանավորված է ավիափոխադրման շուկայում մենաշնորհային վիճակով: Ընդ որում, հայաստանցիների զգալի մասը գերադասում է Երևանից հասնել Թբիլիսի, այնտեղից նստել ինքնաթիռ և մեկնել եվրոպական ու ասիական երկրներ. այս իրողությունն արդեն խորհելու տեղիք է տալիս:

Կարծում ենք` կառավարությունը պետք է մանրամասն ուսումնասիրի այս ոլորտի զարգացման հեռանկարները ՀՀ-ում և իրականացնի գործնական քայլեր` օգտվելով Բուլղարիայի փորձից, որտեղ պետական մակարդակով բավական մեծ դրամաշնորհներ են տրամադրվում, խթանվում օտարերկրյա ներդրումները` երկրում բժշկական տուրիզմը զարգացնելու համար:


Օգտագործած գրականության ցանկ

  1. https://hy.wikipedia.org/wiki/
  2. http://www.patientsbeyondborders.com/medical-tourism-statistics-facts
  3. http://www.med-practic.com/
  4. https://arlis.am/
  5. https://regnum.ru/news/economy/2145437.html
  6. http://www.eurasianet.org/
  7. Law of Georgia On Tourism and Health-Resorts

Հեղինակ` Նարեկ Մուրադյան (Narek Muradyan) © Բոլոր իրավունքները պաշտպանված են:


Narek Muradyan
Տնտեսագետ, ֆինանսիստ, էկոնոմետրիկ, բանկային մոդելավորման մասնագետ, տնտեսական գիտությունների թեկնածու։ Ավելի քան 8 տարվա աշխատանքային փորձ բանկային համակարգերի վերլուծաբանի, բանկային բիզնես պրոցեսների ավտոմամացման մասնագետի և նախագծերի կառավարչի պաշտոններում թե տեղի թե միջազգային կազմակերպություններում։