Ֆրանսիայի Նանտեր համայնքում 40 տարի առաջ փողկապներով և բոբբի գուլպաներով ֆրանսիացի ուսանողները սալաքարեր էին նետում ոստիկանության ուղղությամբ և պահանջում, որ փոխվի կարծրացած հետպատերազմյան համակարգը: Այսօր աշխատանք գտնելու և պետական նպաստը չկորցնելու համար մտահոգված՝ ֆրանսիացի ուսանողները անցնում են փողոցներով՝ պահանջելով, որ ընդհանրապես ոչինչ չփոխվի:
1968-ի մայիսը ջրբաժան էր ֆրանսիացիների կյանքում. շատերի համար ազատագրման սուրբ պահ էր, երբ երիտասարդությունը համախմբվեց, բանվորները միացան նրանց, իսկ դը Գոլի ֆրանսիական կիսաթագավորական կառավարությունը ահաբեկվեց:
Սակայն մյուսների, այդ թվում՝ Ֆրանսիայի ներկայիս նախագահ Նիկոլա Սարկոզիի համար, որն այդ ժամանակ ընդամենը 13 տարեկան էր, 1968-ի մայիսը իրենից ներկայացնում է անարխիա և բարոյական հարաբերականություն, սոցիալական ու հայրենասիրական արժեքների ոչնչացում, որն, ինչպես նա նշեց, կոպիտ ասած «պետք է լիկվիդացվի»:
40 տարի առաջ տեղի ունեցածի վերաբերյալ կատաղի բանավեճը տիպիկ ֆրանսիական է: Նույնիսկ վիճում են պիտակների շուրջ. աջական կողմը այն անվանում է «իրադարձություն», իսկ ձախերը՝ «շարժում»:
Մինչդեռ երիտասարդական ընդվզումը սովորական դարձավ Արևմուտքում՝ ԱՄՆ-ում հակավիետնամական ցույցերից սկսած մինչև «Swinging London» հեղափոխության ժամանակ Ռոլինգ Սթոունզի (Rolling Stones) հիմնումը և վերջապես Արևմտյան Գերմանիայում Բաադեր-Մայնհոֆ (Baader-Meinhof) ահաբեկչական խմբավորման ստեղծումը, Ֆրանսիան այն վայրն էր, որտեղ Բեյբի բումի սերնդի բողոքները ամենամոտն էին իրական քաղաքական հեղափոխությանը. 10 միլիոն աշխատողներ գործադուլ էին անում, այլ ոչ թե պարզապես վրդովմունք էին արտահայտում ճնշող կարգերի, կրթության և սեռական վարքի սոցիալական կանոնների դեմ:
Նախկին գլխավոր դերասան և մինչ օրս հայտնի «հասարակական մտավորական» Անդրե Գլյուկսմանի համար 1968-ի մայիսը «հուշարձան է, կա՛մ վսեմ, կա՛մ նողկալի, որը մենք ուզում ենք հիշել կամ թաքցնել»:
-Այն «դիակ է», − ասում էր նա, − որից բոլորը ցանկանում են հափշտակել մի կտոր:
Պարոն Գլյուկսմանը, որ 71 տարեկան է և դեռևս Բիթլզի նման «էքզի» ոճի մազերով իր կինոռեժիսոր որդու` 28-ամյա Ռաֆայելի հետ գրել է գիրք՝ «Մայիս 68-ը՝ բացատրված Նիկոլա Սարկոզիին» (“May 68 Explained to Nicolas Sarkozy”) վերնագրով:
Մեկ տարի առաջ Պարոն Սարկոզին իր քարոզչական խայթող ելույթում, երբ ընդհարվեց Սոցիալիստների թեկնածուի հետ, դատապարտեց 1968 թվականի մայիսը և «դրա ձախ ժառանգներին», որոնց նա մեղադրեց «բարոյականության, իշխանության, աշխատանքի և ազգային ինքնության» ճգնաժամի մեջ: Նա քննադատեց «ձևական սոցիալիստների» (gauche caviars) [1]՝ ձախակողմյան շռայլ ապրողների ցինիզմը:
Պարոն Գլյուկսմանը ասել է. «1968 թվականին հույսը բոլշևիկյան հեղափոխության նման աշխարհը փոխելն էր, բայց դա անխուսափելիորեն անկատար մնաց, իսկ պետության ինստիտուտները անձեռնամխելի են մնացել: Մենք ոգեկոչում ենք, բայց իրավունքն իշխանության ձեռքերում է»:
Ինչ վերաբերում է ֆրանսիական ձախ ուժերին, նա ասել է. «դրանք հոգեկան կոմայի մեջ են»:
1995թ-ին ավագ դպրոցում իր առաջին գործադուլը ղեկավարած Ռաֆայել Գլյուկսմանի կարծիքով իր սերունդը կարոտախտ ունի իրենց ապստամբ հայրերի հանդեպ, սակայն այս ծանր տնտեսական ժամանակներում բավականաչափ քաջություն չունի դժվարությունները հաղթահարելու համար:
«Երիտասարդները հիմա երթ են անում բոլոր բարեփոխումները մերժելու և իրենց դասախոսների իրավունքները պաշտպանելու համար»,−ասել է նա: «Մենք այլընտրանք չենք տեսնում: Մենք հնազանդվող սերունդ չենք»:
40 տարի առաջ տեղի ունեցած իրադարձությունները (կամ շարժումը) սկսվել էին մարտին Փարիզի հարևանությամբ գտնվող Նանտեր համալսարանում, որտեղ Դանիել Քոն-Բենդիտ անունով ֆրանսիական ծագումով մի գերմանացի ղեկավարում էր վերահսկողությունից դուրս եկած ցույցեր պարետային կանոնների դեմ, երբ երիտասարդ տղամարդիկ ու կանայք կարող էին միասին լինել հանրակացարանային սենյակներում։ Երբ մայիսի սկզբին համալսարանը փակվեց, կարճ ժամանակ անց զայրույթը տարածվեց Փարիզի կենտրոնում՝ Լատինական թաղամասում և Սորբոնում, որտեղ ուսանողական էլիտան բողոքի ցույց էր անում հնաոճ համալսարանական կանոնների դեմ, իսկ հետո՝ խոշոր գործարանների աշխատողների շրջանում:
Ֆրանսիացիներին հարազատ դարձած բարիկադների տեսարանները, ոստիկանական գրոհները և արցունքաբեր գազը տեղ են գտել յուրաքանչյուր ամսագրում և բազմաթիվ գրքերում, այդ թվում՝ 84-ամյա լուսանկարիչ Մարկ Ռիբուի «Սալաքարերի տակ» (“Under the Cobblestones”) գրքում, որի անվանումը հղում է ներկայումս Եվրախորհրդարանի անդամ, առաջնորդ-խեղկատակ պարոն Քոն-Բենդիտի առաջարկած ժամանակի հայտնի կարգախոսին՝ «սալաքարերի տակ լողափ է» (Under the cobblestones, the beach):
Պարոն Քոն-Բենդիտին, որն այն ժամանակ հայտնի էր՝ որպես «Դենի Կարմիր» իր քաղաքականության և մազերի գույնի համար, նույնպես վերագրում են ժամանակի այլ հայտնի կարգախոսներ՝ «Արգելվում է արգելել» և «Ապրեք առանց սահմանների ու վայելեք առանց սահմանափակումների»՝ «jouir» (վայելել) բառով` հաճույքի երկակի իմաստով:
«Հրամանը հատկապես ազդեցիկ էր խստակյաց երկրներում, որտեղ ծննդաբերության հաբերը վաճառքի թույլտվություն են ստացել միայն նախորդ տարի», − նկատել է ժամանակի մեկ այլ առաջնորդ Ալեն Ժեսմարը:
Ֆիզիկոս պարոն Ժեսմարը, ով 18 ամիս անցկացրել է բանտում, բայց հետագայում ծառայել որպես կառավարության նախարարների խորհրդական, գրել է իր սեփական գիրքը՝ «Իմ 1968 թվականի մայիսը»:
69-ամյա նախկին մաոիստ պարոն Ժեսմարը օգտագործում է այֆոն հեռախոս: Նա ուրախությամբ ցուցադրում է իր երաժշտական ցանկը, որը հիմնականում Մոցարտից է:
Շարժումը հաջողության հասավ «որպես սոցիալական հեղափոխություն, ոչ թե որպես քաղաքական», − ասում էր նա: Մինչ դը Գոլի կառավարությունը գործում էր ոստիկանության հետ և զորքեր էր մոբիլիզացնում նախագահական պալատի ուղղությամբ ուսանողների հնարավոր երթի համար, նա նկատել է, որ դա երբեք չէր անցել ուսանողների առաջնորդների մտքով, որոնք խոսում էին հեղափոխության մասին, բայց երբեք նպատակադրում չունեին այն իրականացնել:
Ամենակարևորը այն էր, − նշել է պարոն Ժեսմարը, − որ շարժումը «Ֆրանսիայում Կոմունիստական կուսակցության ավարտի սկիզբն էր», որը խորապես ընդդիմանում էր այն երիտասարդ ձախ ուժերի ապստամբությանը, ում չէր կարողանում վերահսկել:
Ձախ ուժերին նաև հաջողվեց էական ձևերով կազմաքանդել կուսակցության իշխանությունը խոշոր արդյունաբերական միությունների նկատմամբ:
1968-ի մայիսի հասարակությունը «ամբողջովին արգելափակված էր», − ասել է պարոն Ժեսմարը. պահպանողական վերստեղծումը երկրորդ համաշխարհային պատերազմից առաջ ապրող այն հասարակության, որը ցնցվեց Ալժիրի պատերազմից և Բեյբի բումից, իսկ դպրոցները ծանրաբեռնված էին:
«Որպես ամուսնալուծված մարդ՝ Սարկոզիին չէին կարող հրավիրել ընթրիքի Ելիսեյան պալատում, առավել ևս՝ ընտրել Ֆրանսիայի նախագահ», − ասել է պարոն Ժեսմարը: Օտարերկրյա և հրեական ծագում ունեցող պարոն Սարկոզիի և՛ վառ անձնական կյանքը, և՛ քաղաքական հաջողությունները «անհնար է պատկերացնել առանց 1968-ի», − ասել է նա: «Նեո-պահպանողականներին անհնար է պատկերացնել առանց մայիս 68-ի»:
Անդրե Գլյուկսմանը, որ դեռ սատարում է պարոն. Սարկոզիին՝ որպես «Ֆրանսիայի ոսկեզօծ թանգարանը» արդիականացնելու և «սրբազան պետության» իշխանությունը նվազեցնելու լավագույն հնարավորություն, զարմացած է 1968-ի մայիսյան իրադարձությունների վրա պարոն Սարկոզիի կատաղի քարոզչական հարձակումից:
«Սարկոզին 68-ից հետո առաջին նախագահն է», − ասել է պարոն Գլյուկսմանը: «68-ը չեղարկելը նշանակում է ժխտել ինքն իրեն»:
Բայց նաև նորաձև անհեթեթություն կա հիշատակման մեջ: Դիզայներներ Սոնյա Ռիկյելը և Անյես բ.-ն յուրաքանչյուր ամսագրում քննարկում են 1968 թ-ի մայիսի վերաբերյալ իրենց տեսակետները. վավերագրական ֆիլմեր և քննարկումներ կան յուրաքանչյուր ալիքում: Վիետնամական ծագումով փարիզցի ոսկերիչ Ժան Դին Վանը վերաթողարկել է այն ժամանակ պատրաստած իր արծաթե սալաքարով կախազարդը՝ «40 տարվա ազատությունը նշելու համար», և իր դեպքում հաջողության է հասել: (Ամենափոքրը՝ շղթայով, արժե 275 դոլար):
Նույնիսկ թանկարժեք գուրման խանութ Fauchon-ը, որի գույնը մուգ վարդագույնն է, վերցրել է այն ժամանակի ոգին (zeitgeist): Խանութը վաճառում է Չինաստանից բերված կանաչ թեյ պարունակող մետաղական տուփ, որը կոչվում է «le thé Mai 68» և զարդարված է լոզունգներով (ներառյալ ՝ «պոեզիան փողոցում է» և «երևակայություն իշխելու համար»): «Էկզոտիկ մրգերի, թուրինջի, կիտրոնի կեղևների և վարդի թերթիկների նուրբ հոտով այս թեյը» Fauchon-ը անվանում է «թեյ հեղափոխության օծանելիքով»: Գինը մոտ 23.50 դոլար է:
Պարոն Սարկոզին անձամբ փորձում է ընկալել այդ ոգին: Ապրիլ ամսին նա հանդիպել է պարոն Քոն-Բենդիտի հետ, ով նրան է տվել «մոռացի՛ր 68-ը» վերնագրով իր գրքի մի օրինակ և մակագրել է այն անպատշաճորեն. «Նիկոլասի համար. երևակայություն իշխելու համար, բայց ե՞րբ, ողջույններս, Դենի»: Պարոն Սարկոզին ծիծաղել է և ասել. «ես կկարդամ այն»: Պարոն Քոն-Բենդիտը պատասխանել է.
«Ես ասում եմ մոռացի՛ր 1968-ի մայիսը, այն ավարտվել է: Ներկայիս հասարակությունը որևէ առնչություն չունի 1960-ականների հետ: Երբ մենք կոչում ենք մեզ հակաավտորիտար, մենք պայքարում ենք մի շատ տարբեր հասարակության դեմ»:
Ժան-Պիեռ Լը Գոֆը Գիտական հետազոտությունների ազգային կենտրոնի սոցիոլոգ է և «Մայիս 68, անհնարին ժառանգություն» գրքի հեղինակը: «1968-ի մայիսը ոչ ոքի չի պատկանում»,− ասել է նա: Բայց նա մի մեծ սխալ, ճեղք էր գտել սերունդների միջև: Այն ժամանակ երիտասարդության մի մեծ զանգված պատմության թատերաբեմում էր՝ որպես սկսնակ դերասաններ, և լավատեսության ու առաջընթացի մի գաղափարախոսություն կար:
Իսկ հիմա, Ֆրանսիան ճնշող է, − ասել է նա, − իսկ երիտասարդները վախենում են ամեն ինչից:
Փարիզի ծայրամասում գտնվող, շուրջ 32000 ուսանող ունեցող Նանտեր համալսարանի գրադարանի պաստառը գովազդում է մի դասախոսություն Մարքսի ուսմունքի վերաբերյալ հետևյալ վերնագրով՝ «վերլուծություն, որ դեռևս ճիշտ է, բայց կարիք ունի որոշակի շտկումների»: Մի ուսանող նկարել է «X» Մարքսի ուղեղի վրա և գրել՝ «այս ամենն ավարտվել է»:
Եթե 1968 թ-ին ուսանողները ձգտում էին ունենալ ավելի ազատ ու լավ կյանք, քան իրենց ծնողները, այժմ ուսանողները չեն ցանկանում ապրել ավելի վատ: 24-ամյա Թոմաս Ուաստինը ուսումնասիրում է մարդկային ռեսուրսներ և ասում է, որ ուսանողները պարզապես արտացոլում են ավելի մեծ հասարակությունը: «40 տարի առաջ նրանք ցանկանում էին փոխել ամեն ինչ, −ասել է նա,− բայց այսօր ուսանողները եսասեր չեն, իսկապես, նրանք շատ են վախենում կորցնել այն, ինչ ունեն: Այսօր, մենք երթի ենք դուրս գալիս և ասում. «Ձեռք մի՛ տվեք համակարգին»»:
Մազերը կապած և մորուքով արվեստի պատմության ուսանող 22-ամյա Ռաֆայել Ֆոնֆրուադը ասել է, որ 1968 թ-ի իրական ազդեցությունը անձնական էր, այլ ոչ թե քաղաքական: «Այս ամենը մեզ համար բավականին վերացական է, −ասում էր նա, − Մենք մեծացել ենք մի աշխարհում, որտեղ մեր ծնողներից շատերը ամուսնալուծված են, իսկ երեխաները կրել են նոր լիբերալիզմի հարվածները: 1968 թվականը փոխել է մեր ծնողներին, բայց պետք է աշխարհը փոխվեր, ինչը տեղի չունեցավ»:
22-ամյա Գրեգուար Լը Բերը ասել է. «Այսօր, մեզ համար անհնար է պատկերացնել մի նոր համակարգ, ինչպես նրանց է հաջողվել, բայց մենք կարող ենք աշխարհն աստիճանաբար ավելի լավը դարձնել»− առաջ քաշելով շրջակա միջավայրի և սոցիալական արդարության հիմնախնդիրները:
21-ամյա Վիրժինի Մյուլեն ուսումնասիրում է պատմություն: «Մենք բոլորս անհանգստանում ենք, թե ինչպես կարելի է աշխատել այս Ֆրանսիայում, −ասել է նա: Իսկ ինչ վերաբերում է 1968թ-ի մայիսին՝ այս ամենը մի քիչ չափազանցված է: Դա ընդհամենը տարեցներն են, ովքեր փառաբանում են իրենք իրենց»:
[1] Խմբագրի կողմից․ բառացի նշանակելով «ձախ խավիար»՝ gauche caviars տերմինը նկարագրում է այն ձախերին, որոնք սոցիալիստ են ներկայանում, սակայն ապրում են սոցիալիստական արժեքներին ոչ համահունչ կամ վարում են բավականին շռայլ կյանք:Ծանոթագրություն
Թարգմանիչ՝ Արմինե Թաթոյան (Armine Tatoyan), խմբագիր՝ Մարինե Խաչատրյան (Marine Khachatryan) © Բոլոր իրավունքները պաշտպանված են: