Փարիզի բոլոր զվարճանքները 19-րդ դարում

Որտե՞ղ պարել կոտիլիոն, նավակով զբոսնել, լեկցիաներ լսել, թերթեր կարդալ, ընթրել, խաղալ խաղաքարտերով և նայել դիակներին, որոնք հայտնվել էին Փարիզում 19-րդ դարում: Եվ կարևորը` ե՞րբ այնտեղ կարելի է ընձուղտ գտնել: 

Arzamas-ը ներկայացրել է նմանօրինակ զբաղմունքների հետաքրքիր շարք։

Չնայած պատերազմում կրած պարտություններին, երեք հեղափոխություններին և 1840-ականների անբերքատվությանը՝ Փարիզը ողջ 19-րդ դարում պահպանում է եվրոպական զվարճանքների գլխավոր մայրաքաղաքի տիտղոսը: Հանրությունը հետևում է քաղաքական քննարկումներին խորհրդարանի երկու պալատներում, այցելում է Սորբոնի հայտնի պրոֆեսորների դասախոսություններին, ներկա է լինում մահապատիժներին և նոր ղեկավարների հանդիսավոր մուտքերին, զբոսնում է, գնում է թատրոն և ռեստորան, պարում և զննում է ողջ աշխարհից բերված հետաքրքիր իրերը:

Ձանձրացողները Լոնշանում: Նկար «Լավ ճաշակ» շարքից: Ֆրանսիա, 1802-1812 թթ․  © The Trustees of the British Museum

Զբոսանքները և փողոցային զվարճանքները

Պրոմենադ (զբոսանք)՝ փարիզցիների գլխավոր զվարճանքը. պատահական չէ, որ Ալֆրեդ Դելվոյի «Փարիզի հաճույքը» ուղեցույց-գիրքը սկսվում է երկար  և մանրամասն «Զբոսանքներ» գլխով (չհաշված «Ամենաանհրաժեշտը» ներածական գլուխը): Բուլվարները, Ելիսեյան դաշտերը, այգիները, պասաժները բաց են բոլորի համար, բայց հարկ է հաշվի առնել մի շարք առանձնահատկություններ:

Եթե դուք բուրժուա եք կամ աշխատող, ապա դուք ամենայն հավանականությամբ զբոսանքի համար ժամանակ ունեք միայն կիրակի օրերին: Այդ դեպքում դուք ձեր ընտանիքի հետ կարող եք անցնել քաղաքի գլխավոր զբոսավայրերով կամ ուղևորվել քաղաքի ծայրամասեր (1860-ի Փարիզը զգալիորեն ընդարձակվում է՝ կլանելով հարևան կոմունաները, այնպես որ զբոսանքը դառնում է երկար) և զբոսախնջույք կազմակերպել բնության գրկում կամ Տիեր բերդի բաստիոններին, որով շրջափակված է քաղաքը (կառուցվել է 1841-ից մինչև 1844թթ.):

Բարձր խավը այդ օրերին փորձում է իր համար ընտրել այլ զբաղմունքներ: Բալզակը իր «Կիրակի օր» ակնարկում գրում է.

«Բայց ահա, ով ավելի մանրակրկիտհետևում է հանգստի մասին հռոմեական-առաքելական պատվերին, նա հարուստ մարդ է: Նրա համար կիրակին տևում է ողջ շաբաթ, իսկ յոթերորդ օրը նա անգործության է մատնված: Իրականում մնացած բոլորը զվարճանում են կամ ձևացնում են, թե զվարճանում են, մնացյալ բոլորը սպիտակ շապիկներով են և մաքուր զգեստով. մի՞թե  պարկեշտ մարդը պետք է վարվի այնպես, ինչպես բոլորը: Այդ իսկ պատճառով Թյուիլրի այգում կիրակի օրերին չկան ո´չ պճնամոլներ, ո´չ նրբաձև զուգարաններ: Բուլոնյան անտառում չկան ո՛չ էլեգանտ կառքեր, ո՛չ կատաղած հեծելախումբ: Այդ մարդկանց համար այդ օրը չկա տեսարան, չկա տոն, երբ օգտվում են դրանցից մեծամասնությունը: Եթե անհրաժեշտությունը պատահաբար ստիպում է նրանց դուրս գալ փողոց, ապա մտածված հասարակ հագուստը առանձնացնում է նրանցից, ովքեր զուգվել են կիրակի օրվա համար: Մի խոսքով նրանց համար հանգիստը ձանձրույթ է»։

Եթե դուք ազնվական դասին եք պատկանում, ապա աշխատանքային օրերին զբոսնում եք Բուլոնյան անտառում, որն անվանում եք ուղղակի անտառ: Այն քաղաքից բավական հեռու է տեղակայված, և այնտեղ կարող են այցելել միայն կառքեր և հեծյալներ (1830-40-ական թվականներին անտառում սկսում են երթևեկել հանրակառքերը, բայց այն ամեն դեպքում պահպանում է իր կարգավիճակը): Դուք հաճախում եք այստեղ, որպեսզի «ցույց տաք ձեր ձիերին կամ սիրուհուն, եթե դուք տղամարդ եք, և ցուցադրեք ձեր զգեստները և քննադատեք ուրիշներին, եթե կին եք» («Փարիզի հաճույքները»՝ Դելվո): Դարի առաջին կեսին դա իսկապես անտառ էր իր գրեթե սկզբնական տեսքով, հիսունական թվականների սկզբներին այն զգալիորեն փոփոխում են անգլիական ոճով. հարթում են լայն ծառուղիներ, դրանց երկայնքով հոսող գետերի հունը վերափոխվում է երկու՝ Վերին և Ստորին լճերի, որոնք միավորվում են փոքրիկ ջրվեժով: Ստորին լճում առաջանում են երկու կղզիներ: 1850-ական թվականների երկրորդ կեսերին կառուցում    են «Լոշնան» ձիարշավարանը, իսկ 1860 թվականին բացում են «Կլիմայավարժման այգի» անունով կենդանաբանական այգին, որտեղ կարելի է հիանալ էկզոտիկ կենդանիներով. 1861 թվականից այնտեղ գործում է նաև ակվարիում: 1873 թվականին այստեղ հայտնվում է ևս մեկ Օտեյ ձիարշավարան՝ Օտեյը:

Մեծ բուլվարներում զբոսանքի դուրս գալիս (մինչև 19-րդ դարի երկրորդ կեսին Փարիզի ընդլայնվելը դրանք անվանվում էին ուղղակի Բուլվարներ) հաշվի առեք, որ ոչ բոլոր ժամանակներում են՝ բոլոր բուլվարները ունեն միանման հեղինակություն: Այսպես՝ 1844 թվականին Բալզակը գրում է.

«Բուլվարը իր սեփական ճակատագիրն ունի: Հնարավոր չէր նույնիսկ ենթադրել, թե ինչի կվերածվի այն 1800 թվականին: Տեմպլ արվարձանի և Շառլո փողոցի միջև գտնվող հատվածից, ուր վխտում էր ողջ Փարիզը, 1815 թվականին կյանքը տեղափոխվեց Պանորամային բուլվար: 1820 թվականին կենտրոնացան Գենցի բուլվարում, իսկ այժմ բարձրանում է ավելի վեր՝ Մադլեն եկեղեցու մոտ»:

Գենցի բուլվարը Ռեստավրացիայի դարաշրջանում անվանվում է Իտալացիների բուլվար,որը վերանվանումից հետո բնավ չի կորցնում իր հեղինակությունը, ամենապերճաշուք հատվածը՝ Ռիշ սրճարանից մինչ «Փարիզյան սրճարան»:

Դյումայի հերոսներից մեկը՝ դերկոմս Ալբերտ դե Մոլսերֆը, ով «պատկանում էր Փարիզի լավագույն խավին», հայտարարում է, որ «խելացի մարդիկ նախընտրում են իրենց Էլդեր փողոցի առանձնատունը, Գանցի բուլվարը, և «Կաֆե դե Պաղի»-ն»: Ուշադիր եղեք. մոդայամոլները պետք է զբոսնեն միայն հյուսիսային մասում, քանի որ հարավայինում դուք չեք հանդիպի ո´չ ազնվակիրթ հասարակությանը, ո´չ հայտնի սրճարանների և խանութների: Բուլվարների մյուս մասերով և Ելիսեյան դաշտերով դուք ամենայն հավանականությամբ միայն կանցնեք Բուլոնյան անտառի ճանապարհով և հետ կվերադառնաք:

Իտալացիների բուլվարից արևելք՝ Ձկան և Սան-Դենի բուլվարներում, զբոսնում է ավելի պարզ հասարակությունը: «Արդեն չի զգացվում անցորդների նրբագեղությունը, լավ հագնված կանայք այստեղ իրենց անհարմար են զգում, արվեստագետները և ազնվականը չեն խիզախի հայտնվել այդ կողմերում: Սեն-Դենի դարպասների հարևանությամբ գտնվող փողոցներից, Տամպլ  արվարձանից, Սեն-Մարտեն փողոցից այստեղ են գալիս գավառական տիպի բազմաթիվ մարդիկ՝ բոլորովին ոչ էլեգանտ, վատ կոշիկներ հագած՝ նման վաճառականների, հայտնվում են ծերունի-տանտերերը, բուրժուաները, որոնք դուրս են եկել աշխատանքից, լրիվ ա՜յլ աշխարհ է…»,- շարունակում է Բալզակը: Եթե դուք հասարակ մարդկանցից եք, ապա ստիպված եք սահմանափակվել  Տամպլ բուլվարով:

Անպայման այցելեք Թյուլրի այգին. դա կարող են իրենց թույլ տալ բոլոր փարիզցիները. 18-րդ դարի վերջին Թյուլրին բացվում է բոլորի համար (մինչ այդ հասարակ ժողովրդին այնտեղ թույլատրում էին տարին միայն մեկ անգամ՝ Սբ. Լյուդովիկի օրը): 1802 թվականին «Միայնակ գավառացու առաջին զբոսանքը»-ում Պիեր Գալլեն գրում է Թյուլրի կենտրոնական ծառուղու մասին.«Ազնվականները այս ծառուղին թողնում են հասարակ մարդկանց»: Այնուամենայնիվ, Թյուլրիի կենտրոնական ծառուղին մնում է ազնվական կանանց զբոսանքի սիրած վայրը, ովքեր այստեղ են հայտնվում օրվա երկրորդ կամ երրորդ ժամին (հաշվի առեք, որ սա վերաբերում է ամառային օրերին. եթե դուք արիստոկրատ եք, ապա ամռանը Փարիզում հայտնվել ձեզ կարող են ստիպել ինչ-որ անհետաձգելի գործեր): Այգու մյուս մասերում կարելի է հանդիպել հասարակական ամենատարբեր խավերի: Սակայն աշխատանքային հագուստով և գործիքներով  մուտքը այստեղ արգելվում է, իսկ եթե դուք գոգնոցով և շորագլխարկով աղախին եք, ապա ձեզ ներս կթողնեն միայն այն դեպքում, եթե դուք դայակ եք, ով երեխային է ուղեկցում զբոսանքի:

Թեթևաբարո աղջիկները, ուսանողները և այն բուրժուաները, ովքեր ապրում են Սեն գետի ձախ ափին, նախընտրում են Լյուքսեմբուրգի այգին, իսկ աշխատավորները շատ հաճախ ուղևորվում են քաղաքից դուրս էժան գինետներին ավելի մոտ, որոնց տերերը ստիպված չեն հարկ վճարել պարենամթերք Փարիզ ներկրելու համար:

Կարելի է հայացք գցել նաև Ելիսեյան դաշտերին. 1830-ական թվականներին սա անբարեկարգ ծայրամաս էր, սակայն տասնամյակի կեսերից այստեղ աշխատանքներ են տարվում, որոնք աստիճանաբար վերափոխվում, դառնում են ամենահայտնի զբոսավայրերից մեկը: Հասարակ մարդուն այստեղ հասանելի են համերգային սրճարանները, «Ժամերը» (1848 թվականից) և «Ամառային Ալկազարը» (1860-ից): Զգույշ եղեք. փողոցի կրկեսային համարների և վիճակախաղերի վրա հնարավոր է վատնել ողջ գումարը:

Ելիսեյան անտառներում կգտնվեն հաստատություններ և զվարճալիքներ՝ ըստ ճաշակի և ցանկացած հասարակական խավի համար: 1838 թվականին Ճահճի փողոցից համայնապատկերը տեղափոխվում է այստեղ: 1835 թվականին բացվում է ամառային կրկեսը, 1855-ից անցկացվում են Համաշխարհային ցուցահանդեսներ: 1835-1855 թթ. Ելիսեյան անտառների և Մարինի պողոտայի հատման կետում կարելի է տեսնել  ֆիզիկական հնարքները (1840-ականների վերջերից թատրոնի շենքում, որը ուներ «Դժոխքի դղյակ» անվանումը): 1855-ին Ժակ Օֆենբախը այստեղ բացում է (չնայած կարճ ժամանակով) «Բուֆֆ-Փարիզիեն» թատրոնը, որտեղ փաստացի ծնվում է նոր ժանր՝ օպերետ: Հետո այդ թատրոնի տեղում բացվում է Դեբորո թատրոնը (1859), որը 1865-ին վերանվանվում է Ֆոլի-Մարինի: 1883-ին կառույցը քանդում են և նրա փոխարեն կառուցում են պանորամա:

Փարիզում շատ են ցանկացած ճաշակի փողոցային զվարճանքները: Այստեղ ելույթ են ունենում ծաղրածուները և մարզորդները, ներկայացումներ են տալիս փողոցային թատրոնները, նվագում են երգեհոնահարները, կարելի է տեսնել ակրոբատների, լարախաղացներին և շատ տարօրինակ տեսարաններ: Այսպես՝ 1827 թվականին Փարիզ են բերում ընձուղտ, իսկ նա քաղաքում ֆուրոր է ստեղծում: Իհարկե հետո նրա մասին մոռանում են, և նա իր դարն ապրում է Բուսաբանական այգում:

Դարի առաջին կեսին հայտնի են նաև մասնագիտացված ժամանցային այգիները՝ վճարովի մուտքով, որտեղ հասարակությանը փորձում են առաջարկել է՛լ ավելի արտասովոր տեսարաններ և օդապարիկի վեր բարձրանալու նման զվարճանքներ: 

Կոնտրաստ, կամ վարդագույն գլխարկ: Նկար «Լավ ճաշակ» շարքից: Ֆրանսիա, 1815 թ․ ©  The Trustees of the British Museum

Գնումներ

Պասսաժներ՝ մայրաքաղաքային կյանքի կարևորագույն կենտրոններից մեկը: Դրանց մեծ մասը կառուցվում է 1820-ական թվականներին: Այնտեղ զբոսնում են, գնում են սրճարան, այցելում են վարսավիրանոցներ, և գնումներ են կատարում. այստեղ կարելի է գնել ամեն ինչ՝ հրուշակեղենից մինչև զարդեր: Ճիշտ է՝ դարավերջում պասսաժները կորցնում են իրենց ճանաչվածությունը:

Զբոսայգիներում են գտնվում շուկաները՝ խոշոր խանութները, որոնց ներսում տեղակայված են բազմաթիվ մասնավոր խանութներ: Ինչպես նաև գնումներ կատարելու համար կարելի է գնալ Ռիվոլի շրջան և Պալե-Ռուայալը, որոնք հայտնի են իրենց սրճարաններով, ռեստորաններով և խանութներով: Պալե-Ռուայալի պատկերասրահի վերին հարկում տեղավորվել է զվարճանքների մի ամբողջ աշխարհ՝ ընթերցասրահներ, բիլիարդի սենյակներ, խաղատներ և նույնիսկ մոդայիկ տաք լոգարաններ:

Սրճարան

Սրճարան՝ 19-րդ դաի Փարիզի այցեքարտը: Եթե դուք հարուստ արիստոկրատ եք, ապա դարի առաջին կեսին ձեզ համար է Զբոսայգիների սրճարանները,  այդ թվում նաև Ռիսշա սրճարանը, Արդին՝ Իտալացիների զբոսայգում, իսկ 1850-70-ականներին «Կաֆե դե լա Պէ»-ն և իր պաղպաղակներով հայտնի Տորտոնե սրճարանը: 30-ական թվականներից սկսած աճում է սրճարանների թիվը, որտեղ այցելում է բուրժուազիան: Արվեստագետները հարյուրամյակի կեսերին հավանում են Մոնմարտր շրջանի հաստատությունները: Ուսանողները այցելում են Լատինական թաղամասի համեստ հաստատությունները: Հասարակ մարդկանց համար սրճարանները որպես կանոն գտնվում են քաղաքից դուրս. այնտեղ և´ ուտելիքը, և´ խմիչքը ավելի էժան է: Բացի սրճարաններից և ռեստորաններից ուտել կարելի է նաև գինետանը, արվարձանային գինգետտաներում (գինգետտաներ՝ փոքրիկ, արվարձանային խմելու հաստատություններ, որտեղ տալիս են նաև ուտելիք և կազմակերպում են պարեր) և տաբլդոտերում:

1830-40ական թվականները Ելիսեյան անտառներում հայտնվում են առաջին թատրոն-սրճարանները: Դարի կեսերին դրանք աշխատողների և բուրժուազիայի համար դառնում են ժամանցի կարևորագույն վայրերը: Իրենց պատմության շրջադարձային պահը թատրոնների բացառիկության իրավունքի վերացումն էր, որը տեղի ունեցավ 1867 թվականին, մինչ այդ սրճարաններում ելույթ ունեցող արվեստագետներին արգելված էր հագնել կոստյումներ և կեղծամներ կրել, շինծու իրեր օգտագործել պարել, ցույց տալ մնջախաղ, արտասանել:

1880-ական թվականներին քաղաքում հայտնվում են կաբարեները: Դրանք թատրոն-սրճարաններից ավելի թանկ են, նրանցում քիչ է բուֆոնադը և շատ է երգիծանքը, բառախաղերը և սև հումորը և նրանք հավաքում են ավելի նրբաճաշակ  հանրություն, այդ թվում պոետների, և արվեստագետների: Նրանք հիմնականում տեղակայվում են Մոնմարտրի հարևանությամբ և Լատինական թաղամասում:

Լիմոնադի հմայիչ վաճառողուհին: Նկար «Լավ ճաշակ» շարքից: Ֆրանսիա, 1816–1817 թթ․ ©  The Trustees of the British Museum

Թատրոններ

Որ հասարակական դասի շարքերում էլ լինեք դուք անշուշտ գնում եք թատրոն: Դա կարող է լինել հինգ թագավորական թատրոններից մեկը, այսինքն՝ թատրոններին, որոնք ստացել են պետական դոտացիա (սա վերաբերում է օպերային, Իտալական թատրոնին, Կատակերգական օպերային, «Օդեոնին» և Ֆրանսիական թատրոնին) կամ մասնավոր թատրոնը (օրինակ՝ Վոդևիլի թատրոնը, «Վարիետե»-ն «Դրամատիկական գիմնազիա»-ն, «Ամբիգյու-կոմիկ»-ը, «Պորտ- Սան-Մարտե» և այլն):

Օպերայում ձեր տեղը դուք ընտրում եք ձեր կարգավիճակին համապատասխան. արիստոկրատիան զբաղեցնում է առաջին հարկի նստատեղերը (տղամարդը, որը առանց կին է եկել, կարող է տեղ վերցնել նաև ամֆիթատրոնում), երկրորդ հարկի նստատեղերում են նստում զինվորականները, հոգևորականությունը և դատավորականները՝ երրորդում, իսկ չորրորդ նստատեղում՝ չինովնիկներն ու վաճառականները: Բուրժուազիան տեղավորվում է պարտերում: Կանայք պարտերի հետ խնդիրներ ունեն. մինչև 1870-ական թվականները կանանց այստեղ ընդհանրապես արգելված էր, իսկ հետո կարելի էր, բայց առանց գլխարկների:

Աշխատավորները նույնպես սիրում են թատրոնը և գնում են Տամպլյա բուլվար, որտեղ ներկայացումները սկսվում են բավական վաղ, որպեսզի հնարավոր լինի քնել-հանգստանալ աշխատանքից առաջ: Մուտքի մոտ կարելի է գնել սառնաշաքարներ, շագանակներ, նարինջներ և խնձորներ. դրանք կարող են պետք գալ դուր չեկած դերասանների վրա նետելու համար:

Թանգարաններ

18-րդ դարի վերջից այցելուների համար Լուվրի մուտքը բաց է, որը մինչև 1682 թվականը թագավորական պալատ էր: Մինչ Նապոլեոնի իշխանության գալը այնտեղ ցուցադրում էին արվեստի հավաքածու, որը ֆրանսիացի թագավորները հավաքել են 14-րդ դարում, Նապոլեոնի օրոք այն համալրվեց գործերով, որոնք կապված էին նվաճված պետությունների հետ, բայց Ռեստավրացիայի շրջանում Նապոլեոնի կողմից հավաքված իրերը ստիպված էին վերադարձնել, և Լուվրը սկսեց զբաղվել հավաքածուների համալրմամբ խաղաղ հիմքերի վրա. թանգարանը գնում էր արվեստի գործերը, հնագիտական պեղումների ընթացքում հայտնաբերված օբյեկտները բերում է և որպես  նվեր ստանում է ցուցանմուշները կոլեքցիոներներից: Լուվրի մուտքը անվճար է. թանգարանը ամեն օր բաց է արվետագետների և օտարերկրացիների համար, իսկ կիրակի օրերին՝ մյուս բոլորի համար:

Դարասկզբին մեծ ճանաչում ուներ Ֆրանսիական հուշարձանների թանգարանը: Նրա հավաքածուի մեջ են մտնում արձաններ և տապանաքարեր, որոնք հավաքվել են Հեղափոխության ժամանակ՝ նկարիչ Ալեքսանդր Լենուարի կողմից, ով այդպիսով դրանցից շատերը փրկեց ոչնչացումից: 1816 թվականին Լուի 18-րդը հրաման է տալիս, վերադարձնել բոլոր ցուցադրանմուշները իրենց նախկին տեղերը, և թանգարանը փակվում է: Քանի որ որոշ եկեղեցիներ, որոնցից բերվում էին քանդակները, մինչ այդ ավերվել էին, իսկ մյուսները օգտագործվում են աշխարհիկ կարիքների համար, ոչ բոլորն է հաջողվում վերադարձնել: 1824 թվականին ցուցադրանմուշների մի մասը փոխանցում են Լուվրին, 1836 թվականին մյուս մասը ուղարկվում  է Վերսալ: 1882 թվականին բացվում է Քանդակների ուսումնասիրության համեմատական թանգարան, որը ավելի ուշ՝ 20-րդ դարում, ստանում է «Ֆրանսիական հուշարձաների թանգարան» անվանումը, բայց այնտեղ ներկայացվում են հիմնականում կրկնօրինակները և բնօրինակ քանդակների մուլիաժները:

1818 թվականից կիրակի և երկուշաբթի օրերին կարելի է գնալ թանգարան Լյուքսեմբուրգյան պալատում. այնտեղ ցուցադրում են ժամանակակից հեղինակների գործերը: Օտարերկացիներին և գեղանկարիչներին այնտեղ գնալ թույլատրվում է ամեն օր: 1844 թվականից սկսում է գործել միջնադարյան արվեստի և մշակույթի թանգարան Կլունին:

Փարիզյան սրահը և նրա մրցակիցները

Երկու տարին մեկ քաղաքացիները այցելում են Փարիզյան սրահ՝ ժամանակակից նկարիչների գործերի ցուցահանդեսին, որը կազմակերպում է գեղարվեստի ակադեմիան: Ցուցահանդեսին ներկայացվող կտավների ընտրությամբ զբաղվող ժյուրիի պահպանողականությունը բոլորին քաջ ծանոթ է, և երբ 1863 թվականին ժյուրին չի ընդունում ներկայացված նկարների ավելի քան կեսը, Նապոլեոն 3-րդը հրամայում է նրանց համար բացել զուգահեռ ցուցահանդես, որը ստանում է «Մերժվածների սալոն» անվանումը: Այդ իրադարձությունը բաց թողնել հնարավոր չէ. ողջ Փարիզն է գնում «Մերժվածներին» տեսնելու և անզուսպ կերպով արտահայտում է իր վերաբերմունքը որոշ աշխատանքների նկատմամբ:

Սրահն ինքն իրեն հակադրում է նաև 1874 թվականին ձևավորված «Անանուն գեղանկարիչների, քանդակագործների և փորագրիչների» կազմակերպությանը, որն զբաղվում է սեփական ցուցահանդեսները կազմակերպելով: Առաջինը անց է կացվում լուսանկարիչ Նադարի արվեստանոցում՝ Կապուցինների բուլվարում: Այնտեղ ցուցադրվում են Դեգայի, Ռենուարի, Մոնեի, Սեզանի, Բերտա Մորիզիոյի, Պիսսառոյի և ուրիշների գործերը, և 1874 թվականին քաղաքում միայն քննարկում են, թե նրանք որքան ահավոր են և ծիծաղելի:

1884 թվականին առաջանում է ևս մի կազմակերպություն, որը բողոքում է Պահպանողական սրահի դեմ: Սա անկախ նկարիչների կազմակերպությունն է, որին իշխանությունները թույլատում են ցուցահանդեսներ կազմակերպել այն վայրում, որտեղ այրվել է Թյուլրի պալատը: Այնտեղ կարելի է գնալ ամեն օր՝ ընկերներ գտնելու, ժամանակակից, անհասկանալի արվեստի վրա ծիծաղելու համար:

Համաշխարհային ցուցահանդեսներ

1851 թվականին Լոնդոնում բացվեց առաջին Համաշխարհային ցուցահանդեսը, և դրանից հետո այդպիսի ցուցահանդեսները անց են կացվում մեծ քաղաքներում: Այստեղ ցուցադրում են գիտության և տեխնիկայի վերջին նվաճումները՝ հեռագրասարքից և վերելակից մինչև լուսանկարչական տաղավար, կառուցում են չտեսնված ճարտարագիտական շինություններ, կազմակերպում են մրցույթներ նկարիչների շրջանում, կազմակերպում են պարահանդեսներ և հնարավորություն են տալիս նայել էկզոտիկ, արտասովոր բաներ՝ ճավայի գամելանից (ազգային գործիքների նվագախումբ Ճավա կղզուց) մինչև աբորիգենների գործիքներ: Փարիզում 19-րդ դարի երկրորդ կեսին այդպիսի ցուցահանդեսներ անցկացվել են չորս անգամ՝ 1855, 1867, 1878, 1889 թվականներին:

Արդեն 1867 թվականին մասնակից երկրները սկսում են ստեղծել զվարճալի ազգային պավիլիոններ և ցուցահանդեսը դառնում է համաշխարհային սնափառության տոնավաճառ. Նապոլեոն 3-րդը այն անվանում է «Ողջ աշխարհի օլիմպիական խաղեր, որտեղ բոլոր ազգերը մրցում են բանականությամբ և արշավում զարգացման անվերջանալի ուղով: Այստեղ կարելի է տեսնել ինչ ասես՝ ղրղզական յուրդից մինչև հատուկ կառուցված ռուսական հյուրանոցներ, թուրքական բաղնիքից մինչև հոլանդական պանրագործարան կամ Baccarat ձեռնարկության  յոթմետրանոց բյուրեղյա շատրվան: Փարիզցիները գնահատում են առանց Փարիզը լքելու ողջ աշխարհը միանգամից տեսնելու հնարավորությունը: Եթե 1855 թվականին գալիս էին հինգ միլիոնից քիչ ավելի այցելուներ, ապա 1900 թվականին՝ արդեն տասն անգամ ավել: Նրանց դուր չի գալիս միայն Էյֆելյան աշտարակը, որը կառուցվել էր 1889 թվականի ցուցահանդեսի համար որպես մուտքի կամար: 1887 թվականին երեք հարյուր մշակութային գործիչներ, այդ թվում նաև Գի դը Մոպասանը և Ալեքսանդր Դյումա որդին բողոքագիր են ստորագրում այդ «գործարանի ծխային հսկա խողովակ»-ի դեմ:

Կապուցինների համբույրը: Նկար «Լավ ճաշակ» շարքից: Ֆրանսիա, 1814 թ․ ©  The Trustees of the British Museum

Սրահներ

Չնայած միապետության շրջանի պալատական կյանքը վերականգնելու ջանքերին՝ ազնվականների շփումը առաջին հերթին տեղի է ունենում սրահներում: Այստեղ են անցկացվումքաղաքական վեճերը, նոր գրականության քննարկումները: Սրահի տիրուհին որպես կանոն ազնվական կին է, ում մոտ որոշակի հաճախականությամբ հավաքվում է երկու կամ առավելագույնը երեք տասնյակ հյուր: Յուրաքանչյուր սրահ ունի իր հատկությունը. կան ավելի լուրջ և պահպանողական սրահներ, և կան ավելի թեթևամիտները: Իհարկե հաճախորդների շրջանակը կապված է տերերի քաղաքական հայացքների հետ: Կախված ժամանակից այն փոխվում է՝ կեսօրին ամենամոտ շրջապատն է,  չորսից վեցը՝ ազնվական ծանոթները, իսկ երեկոյան կարող է լինել մեծ ընդունելություն: Հուլիսյան միապետության օրոք ձևավորվում է ավանդույթ ընդունելություն կազմակերպել շաբաթվա որևէ անփոփոխ օր:

Սրահը նախ և առաջ սրամիտ զրույցի վայր է, բայց դրա հետ մեկտեղ երաժշտությամբ զբաղվելու, նոր ստեղծագործություններ կարդալու և քննարկելու վայր: Առանց որևէ մեկի աջակցությամբ սրահ մտնելն անհնար է: Եթե դուք փարիզցի չեք, և համապատասխան ծանոթություններ այստեղ չունեք, երաշխավորագրեր հավաքեք: Զվարճանքների շրջանը տևում է դեկտեմբերից մինչև Զատիկ:

Ողջ դարի ընթացքում հոռետեսները խոսում են «իսկական» սրահի վախճանի մասին. սրահները տարածված են դառնում նաև բուրժուազիայի շրջանում և ընդհանրապես ազնվականության համար դրսում շփվելու վայրերը ավելի ու ավելի են շատանում: Դարավերջին սրահները կորցնում են իրենց՝ ժամանակին ունեցած իմաստը, սակայն վերջնականապես չեն վերանում և եթե դուք հայտնվեիք 19-րդ դարի Փարիզում, դրանցից մեկը չայցելելը աններելի կլիներ:

Տղամարդկանց ակումբներ

Բացի մյուս հանգամանքներից, սրահների պասիվանալու պատճառ են դառնում ակումբների տարածումը տղամարդկանց էլիտար շրջանակներում, ովքեր Ֆրանսիա էին եկել Անգլիայից: Դրանցից առաջինը «Միություն» ակումբն էր, որը հիմնվել էր 1828 թվականին: Փարիզյան մյուս մոդայիկ ակումբների թվին են պատկանում «Ժոկեյ» ակումբը, «Երեխաների ակումբ»-ը (Bébé-club, որի անդամները շատ երիտասարդ են, որպեսզի այցելեն «Ժոկեյ» ակումբ), «Գյուղատնտեսական շրջանակ»-ը, «Արտիստիկ միություն»-ը, «Տարօրինակների ակումբ»-ը և այլն: Բացի նրանից, որ ակումբին անդամակցելը վճարովի է, անդամակցել կարելի է միայն որոշակի քանակի գործող անդամների երաշխավորագրերը և ևս մի քանի անդամների համաձայնությունը ստանալով, իսկ երբեմն նույնիսկ քվեարկության գործընթաց անցնելով: Ակումբում հավաքվում են ամենատարբեր քաղաքական հայացքներ ունեցողները: «Գյուղատնտեսական շրջանակ»-ում կարդում են գիտական լեկցիաներ, «Արտիստիկ միություն»-ում, որը ստեղծվել է 1860 թվականին, արիստոկրատները հնարավորություն ունեն շփվելու նկարիչների և գրականագետների հետ:

Թռչող օղակի խաղ։ Նկար «Լավ ճաշակ» շարքից: Ֆրանսիա, 1818 թ․ ©  The Trustees of the British Museum

Սպորտ

Երկրորդ կայսրության շրջանում փարիզցիների սիրելի մարզական ժամանցը դառնում է նավարկությունը Սեն գետում: Նավարկելուց հետո թիավարողները հանդիպում են պանդոկներում: Այնտեղ էլ, օրինակ, կազմակերպվում են ջրացատկի, թիավարության և այլ մրցումներ: Բացի դրանից այնտեղ կարելի է ձկնորսությամբ զբաղվել, կեգլի խաղալ, ճոճանակի վրա ճոճվել: Ամառը բոլորը կարող են լողալ Սեն գետի ցանկապատված տարածքում:

Վերջին երկու տասնամյակներին երիտասարդությունը հետաքրքրվում է այն խաղերով, որոնք անցկացվում են մաքուր օդին, այդ թվում՝ նաև ֆուտբոլով և միանգամից նորաձև դարձած նոր սպորտով՝ թենիսով: Որոշ ժամանակ բուրժուական միջավայր է վերադառնում նախկին գնդակով խաղը՝ «ժե դե բոմ»-ը: Յոթանասունական թվականներին ճանաչվածություն է ձեռք բերում հեծանիվը, ստեղծվում են հեծանվորդների ակումբներ և ասոցիացիաներ: Ձիասպորտը առաջվա նման հասանելի է մնում միայն վերնախավին:

Խորհրդարանական նստաշրջաններ

Շատ լավ հասկանալի պատճառներով փարիզցիները 19-րդ դարում սուր հետաքրքրություն են ունենում քաղաքականության նկատմամբ: 1814 թվականից օրենսդիր իշխանությունը պատկանում է թագավորին և երկպալատ խորհրդարանին. պերերի պալատը նստում է Լյուքսեմբուրգում, իսկ պատգամավորների պալատը՝ Բուրբոնի պալատում: Մինչև Հուլիսյան հեղափոխությունը հնարավոր էր հայտնվել միայն պատգամավորների ժողովներին, իսկ 1830 թվականից՝  համայնքների պալատի ժողովներին ևս: Սակայն վերջիններին գնալու իմաստ կա միայն այն օրերին, երբ պետական դավաճանության կամ պետական անվտանգությանն ուղղված հանցափորձի համար են դատում: Պատգամավորների պալատի նիստերում ավելի հաճախ է հետաքրքիր լինում և նրանք մեծ հաջողություններ են գրանցում  հանրության շրջանում: Այնտեղ հայտնվել հնարավոր է միայն տոմսով կամ հրավերով, բայց սովորաբար տեղերը բոլորին չեն բավարարում, այնպես որ ավելի լավ է գալ հանդիպումից մեկ կամ երկու ժամ առաջ, հակառակ դեպքում պետք է դիմել վերավաճառողներին կամ տեղ վերցնել հերթում: Կանանց արգելվում է միայնակ հաճախել նիստերին, այնպես որ եթե դուք տիկին եք, ապա ստիպված կլինեք որոշ հրավերներ ստանալ, որպեսզի մենակ չգնաք:

Դատական նիստեր

Դատական նիստին ավելի հեշտ է հայտնվել, քան խորհրդարանականին: Դրանք բաց են երդվյալ ատենակալների, ուղղիչ ոստիկանության դատարաններում (այնտեղ լուծվում են առօրյա կոնֆլիկտները) և քրեական դատարանում: Եթե ​​պատրաստվում եք գնալ հայտնի գործի լսումների, արժե ձեռք բերել մուտքի տոմս նստատեղով, որպեսզի ստիպված չլինեք կանգնած լսել քննությունը: 1837 թվականին Փարիզ այցելած ռուս ճանապարհորդ Նիկոլայ Վսեվոլոժսկին այսպես է գրել.

«Իմանալով, որ Քրեական պալատը հրապարակայնորեն կքննի երկու երիտասարդների գործը, ովքեր ներքաշված չէին թագավորի կյանքի նկատմամբ դավադրություն կազմակերպելու մեջ, ես Արդարադատության նախարարից տոմս ստացա ու գնացի այնտեղ: Յուրաքանչյուր ոք կարող է ազատ մտնել Քրեական պալատ առանց տոմսի այդ դատավճիռների կայացման ժամանակ, քանի որ այստեղ դատավարությունը հրապարակային է, բայց հետո դժվար է տեղ գտնել, և հաճախ ստիպված ես շատ երկար սպասել: Տոմս ունենալով՝ կարելի է գալ հենց սկզբից և նստել դատավորների ետևում գտնվող աթոռներին, գրեթե ատենակալների կողքին (les jurés):

Գիտական շրջանակներ ​​և հանրային դասախոսություններ

«Արդյո՞ք սիրում եք գիտություն, փիլիսոփայություն, գրականություն. ձեզ ամբիոններում սպասում են տարբեր պրոֆեսորներ՝ սկսած դիահերձողից, ով կլինիկայում դիակ է դիահերձում, մինչև մետաֆիզիկոսը, ով քայքայում է Սորբոնի սուբյեկտիվ և օբյեկտիվ «Ես»-ը, և մինչև բանասերը, ով վերլուծում է Վերգիլիոսի Collège de France բանաստեղծությունը, ու մինչև արևելագետ, ով ճշգրտորեն որոշում է վերափոխիչ Բուդդահ-Մունիի ապրած ժամանակահատվածը, որի մասին մինչ այսօր ոչ ոք չի լսել»: Այս տողերը հրապարակվել է Տ. Վոլկովի «Փարիզը, փարիզցիներն ու փարիզուհիները 1858 թվականին» էսսեների ժողովածուում:

Եթե ​​ուսանող չեք, կարող եք հագեցնել ձեր գիտելիքի ծարավը՝ անդամակցելով անատոմիայի, գերբագիտության, տոհմաբանության և այլ գիտական ​​առարկաներով զբաղվող բազմաթիվ ընկերություններից մեկին: Դրանք սեփական հետաքրքրությունների շրջանակները, կանոնադրությունները, աստիճանակարգություններն ու ծեսերն ունեցող խմբակներ են: Նրանց անդամները մարդիկ են, ովքեր ունեն բավականաչափ ազատ ժամանակ, բայց նախընտրում են այն ծախսել ոչ թե պարապ զվարճանքի համար սրահներում և ակումբներում, այլ զեկույցների, բանավեճերի և գիտական ​​ուսումնասիրությունների վրա:

Հանրային դասախոսությունները քիչ հայտնի են: Բնական գիտությունների վերաբերյալ դասախոսությունները կարելի է անվճար լսել Բուսաբանական այգու դասախոսությունների դահլիճում, մեխանիկա, քիմիա, երկրաչափություն և տնտեսագիտություն առարկաների մասին՝ Արվեստի և արհեստների Թագավորական կոնսերվատորիայում: «Աթենայում», որտեղ դասախոսում են ազատական գաղափարներով գիտնականներ և Հոգեպարար բանահյուսության ընկերությունում, որը  «հավատի ջատագովների, արքայական իշխանության  բանահյուսության» վայրն է,  կարելի է հայտնվել գնելով տարեկան բաժանորդագրություն: 1820-ականներին Սորբոնում հերթեր էին առաջանում գրականության ֆակուլտետի դասախոսությունների համար. այստեղ կարդում էին հայտնի ընդդիմադիրներ Աբել Ֆրանսուա Վիլմեյնը, Վիկտոր Կուզենըն և Ֆրանսուա Գիզոն:

Դարի երկրորդ կեսին Սորբոնից ավելի մոդայիկ են դառնում Քոլեջ դե Ֆրանսի անվճար դասախոսությունները, որտեղ կարելի է լսել պատմաբաններ Միշել Ժյուլի, Էդգար Քինեի կամ լեհ բանաստեղծ Ադամ Միցկևիչի դասախոսությունները: Բացի այդ, հասարակության համար բաց են Գիտությունների ակադեմիայի հանդիպումները:

Հաշվի առեք, որ կանանց թույլ են տալիս այցելել միայն Քոլեջ դե Ֆրանս կամ «Աթենա»:

Ընթերցելու վայրեր

Եթե ​​ապրում եք 19-րդ դարի Փարիզում, ամենայն հավանականությամբ գիտեք կարդալ. դարասկզբին քաղաքում անգրագիտությունը գրեթե 16% էր (ամբողջ Ֆրանսիայի 39%-ի դիմաց), և դարավերջում՝ 3-4%: Փարիզցիները ամենաշատը թերթեր էին կարդում, որոնց էջի մի մասը 1830-ականների կեսերից սկսեցին  հատկացնել շարունակություն ունեցող պատմվածքների և վեպերի համար: Այդպես իրենց գործերը հրապարակում են Բալզակը և Ալեքսանդր Դյումա հայրը: Կարելի է բաժանորդագրվել թերթին, բայց դա շատ թանկ է, ուստի փարիզցիների մեծ մասը կարդում են սրճարաններում կամ հատուկ ընթերցասրահներում, որտեղ կարելի է մուտք գործել բաժանորդագրվելով կամ կարելի է վճարել մեկ անգամվա այցի համար: Ընթերցանության համար սենյակի ընտրությունը կախված է ձեր ֆինանսական միջոցներից. ճոխ, գրքերի հարուստ հավաքածուներից և էլեգանտ կահավորանքից մինչև պարզ թերթերով սեղաններ, որոնք տեղակայված են հենց փողոցում՝ զբոսավայրերում:

30֊ական թվականներին քաղաքում գրեթե 40 գրադարան կար, բայց ազատ հասանելիություն ունեին դրանցից միայն մի քանիսը։ Դրանք պետական գրադարաններ են (Թագավորական գրադարանը և Սուրբ Ժենևի, Արսենալի և Մազարինի գրադարանները), ինչպես նաև դրանց թվում էին Քաղաքի գրադարանը, Կոնսերվատորիայի արվեստի և արհեստի գրադարանը և Կենսաբանական այգում գտնվող բնական պատմության Թանգարանի գրադարանը:

1837 թվականին Պոլիտեխնիկական միությունը, որը աշխատողների համար կազմակերպում է երեկոյան դասընթացներ, բացում է իր սեփական գրադարանը, բայց աշխատող գրադարանների և տարբեր միությունների ու կազմակերպությունների գրադարանների տարածման ալիքը գալիս է 1860֊ական թվականներին։ Առաջին այդպիսի գրադարանն է «Կրթության հասարակական կազմակերպության գրադարան»-ը, որը բացվեց 1861 թվականին։

Դարի երկրորդ կեսին գրքերը էժանանում են և դառնում են ավելի հասանելի։ 1860֊ական թվականներին գրադարաններով սկսում են զբաղվել քաղաքապետարանները և քաղաքներում հայտնվում են տեղական ինքնակառավարման գրադարաններ, որոնք գտնվում են տարբեր թաղամասերում և տեղի բնակչությանը առաջարկում են ոչ մասնագիտացված գրականություն։ 1894 թվականին 70 գրադարանների տվեցին ավելի քան 150,000 գիրք՝ սրահի և 1,600,000՝ տուն տանելու համար։

Վալս: Նկար «Լավ ճաշակ» շարքից: Ֆրանսիա, 1801 թ․ © The Trustees of the British Museum

Պարեր

Մոտ 1820֊ ական թվականներից Փարիզում պարում են բոլորը և ամենուր, մասնավոր (հիմա արդեն ոչ միայն արիստոկրատական, այլև բուրժուազիական) և հասարակական պարահանդեսներում, Ելիսեյան դաշտերում, այգիներում, Վոկսհոլլ համերգային պարային դահլիճում, արքունիքում, Օպերայում, պարային դահլիճներում և փոքրիկ պանդոկներում։ Ավելի պատվաբեր է, երբ ինքդ ես պարեր կազմակերպում, բայց դրա համար պետք է գումար  ծախսել զովացուցիչ խմիչքների և նախուտեստների համար, որոնք մատուցում են հանդեսի ժամանակ և ճաշին՝ ավարտից հետո (սովորաբար այն սկսվում է գիշերը՝ ժամը չորսին)։ Ոչ ունևոր տանտերերը փորձում են ամեն ինչի վրա խնայել, այդ թվում՝ երաժշտության և հյուրասիրությունների։ Երեկոյի վերջում ճաշասենյակի առջև երբեմն առաջանում է լուրջ հրմշտոց։

Փարիզում անընդհատ տեղի են ունենում հասարակական պարահանդեսներ։ Դրանցից ամենահայտնին Օպերայի պարահանդեսն է, որի մուտքի համար պետք է ոչ այնքան մեծ քանակությամբ, բայց զգալի գումար վճարել։ Կառնավալների օրերին պարահանդեսները կազմակերպվում են ուրիշ թատրոններում։ Հասարակությունը հեշտությամբ այցելում է պարային դահլիճներ։ Դարակեսին, օրինակ, կարելի է գնալ պոլկա, մազուրկա և կոտիլոն պարելու պարի ուսուցիչների մոտ, օրինակ՝ Սելարիուսի, Լաբորդի (ովքեր վիճում էին միմյանց հետ պոլկան պարային ասպարեզ ներմուծելու առաջնայնության վերաբերյալ. պարն առաջացել է Փարիզում 1840֊ական թվականների կեսերին) կամ Մարկովսկու (1848 թվականից սկսած)։ Հենց վերջինի շնորհիվ  է, որ Փարիզում պարում են այնպիսի պարեր, ինչպիսին է սկոտիշը, մազուրկան և ֆրիսկան։ Ելիսեյան դաշտերում և ժամանցային այգիներում պարահանդեսի ավարտից հետո հրավառություն են կազմակերպում։

Տեխնոլոգիական նորություններ

18֊րդ դարում մոմե պատկերների թանգարանները և Կախարդական լապտերի օգնությամբ պրոեկցիաների ցուցադրումը դառնում են մասսայական զվարճանք։ Դրանց են ավելանում պանորամաները, տրամանկարները և ֆիզիկական հնարքների   ցուցադրումը։ 1878 թվականի Համաշխարհային ցուցահանդեսին գյուտարար և նկարիչ Էմիլ Ռենոն ներկայացնում է պրոտինոսկոպ՝ կինոպրոյեկտորի նախատիպ, որի համար հենց ինքն է նկարում «լուսավորվող մնջախաղեր»։ Առաջիններից մեկի պրեմիերային ցուցադրումը անց է կացվում Գրևեն թանգարանում 1892 թվականին։ Կինոմատոգրաֆը հայտնագործելուց հետո Ռենոն կվաճառի իր սարքը հնավաճառին, իսկ պանտոմիմաները կգցի Սենա գետը (երկուսն իհարկե հրաշալի կերպով կպահպանվեն)։

Մոլախաղեր և վիճակախաղեր

18֊րդ դարում արքայական վիճակախաղը մեծ ճանաչում ուներ։ Վիճակահանությունը տեղի է ունենում ամիսը երեք անգամ և այն մարդկանց թիվը, ովքեր սնանկանում են հույս ունենալով, որ կհարստանան, այնքան շատ է, որ իշխանությունը ստիպված է քայլեր ձեռնարկել մասնակիցների քանակը կրճատելու համար. սկզբում արգելվում է տոմսեր վաճառել, հետո նվազագույն խաղադրույքը բարձրացվում է մինչև երկու հարյուր ֆրանկ։ 1836 թվականին վիճակախաղերը ընդհանրապես արգելում են։

1837 թվականին իշխանությունը արգելում է մոլախաղերը։ Դրանից հետո խաղասեղան բացելու իրավունք ունի միայն «Ժոկեյ» ակումբը և միայն ոստիկանության հսկողության տակ։ Այնումենայնիվ, այս քայլերը միայն մեծացնում են մոլախաղերի՝ առանց այդ էլ մեծ հռչակը։ Գաղտնի խաղատները, որոնց տերերը վարձակալության վճար չեն տվել, առաջ ևս գոյություն են ունեցել, բայց հիմա դրանք ավելի են շատացել, ճաշից հետո տաբլդոտի տերերը բերում են խաղաթղթերը և թույլ են տալիս հաճախորդներին խաղալ գումարով։ Դեռ սրճարաններում կարելի է խնդրել շախմատ, դոմինո, կամ խաղալ բիլիարդ: Հասարակ ժողովուրդը խաղում է փողոցում։

Հաջողությունը փորձելու օրինական միջոցներից 1837 թվականին մնացել էին միայն վազքի և ձիարշավի խաղադրույքները, որոնք անցկացվում էին Բուլոնյան և Վենսենյան անտառներում՝ Սեն Կլոուից ներքև։

Բորդելներ

Փարիզում պոռնկությունը որպես այդպիսին արգելված չէ, օրենքով անառակները, ովքեր գրանցված են ոստիկանությունում և ամեն անգամ հաճախում են հիվանդանոց, կարող են աշխատել ինչպես բորդելներում, այնպես էլ անհատական։ Բայց  քաղաքի բորդելներից շատերում տիրում է հակասանիտարական իրավիճակ և 1811 թվականին գրավոր կերպով ոստիկաններին տրվում է հրաման  ստուգել բոլոր հասարակաց տները և փակել այն տները, որտեղ բավականաչափ տարածք և օդ չկա։ Բացի այդ, պետք է հետևել ինչպես  շինության մաքրությանն ու սպիտակեղենին (երկու պոռնկուհիների պաշտոնապես արգելվում է հերթականությամբ օգտագործել միևնույն կոմպլեկտը), այնպես էլ ներքնազգեստին։ Բորդելների տիրուհիները պետք է իրենց աշխատողներին ապահովեն անձնական հիգիենայի պարագաներով։ Բոլոր այդ միջոցները որոշակիորեն լավացնում են իրավիճակը, բայց խնդիրը վերջնականապես չեն լուծում։

Զուգահեռաբար քաղաքում ծաղկում է անօրինական անառակությունը: Աղջիկները վարձում են կահավորված սենյակներ և աշխատում են տաբլդոտներում: Գինու կրպակի, կաբարեի, ծխողների համար նախատեսված պանդոկների և սրճարանների տերերը իրենց հաստատությունների մոտ պահում են սենյակներ և հաճույքով վարձով են տալիս անառակներին, որոնց հաճախորդները հավելյաl եկամուտ են բերում տերերին։ 1830֊ական թվականներին անառակները սկսում են աշխատել օծանելիքի և ներքնազգեստի  խանութների անվան տակ գործող հատվածներում։ Բորդելները, որոնք կրպակների անվան տակ են թաքնված, շատանում են նաև Պալե Ռուալիայում։ 1840֊ական թվականներից ավելի շատ բորդելներ են տեղափոխվում քաղաքից դուրս։

1836 թվականին «Փարիզի անառակության մասին» շարադրանքում բժիշկ Պարան Դյուշատլեն գրում է, որ վերջին մեկ տարվա մեջ ձերբակալվել են երեխաների վաճառքով զբաղվող վեց կանայք. երկուսը ձևացել էին իբրև մանկաբարձ, երկուսը՝ աղախին վարձելու գործակալ, մեկը՝ ատամներ հանող, իսկ վերջինը տանում էր երեխաներին բորդել իբր նվիրաբերություն հավաքելու նպատակով, իսկ այնտեղ նրանց առաջարկում էր անգլիացիներին, ովքեր «հայտնի էին իրենց ճաշակով»։

Փարիզուհիները Մոնմորանսում: Good ծաղրանկար «Լավ համը» շարքից: Ֆրանսիա, 1812թ․ © The Trustees of the British Museum

Դիահերձարաններ, կատակոմբներ և անատոմիական թատրոններ

Նրանց, ում հետաքրքրում է ավելի մութ զվարճանքը, կարող են ուղևորվել անճանաչելի հանգուցյալների համար նախատեսված մունիցիպալ դիահերձարաններ, որոնք գտնվում են Սեն Միշել կամրջի մոտ՝ ձախ ափի կատակոմբներում (կատակոմբներ են անվանվում լքված քարհանքերը, որտեղ 18֊րդ դարի վերջին Անմեղների գերեզմանից տեղափոխվել  էին ոմանց մասունքները, այդ թվում՝ Ֆրանսուա Ռաբլեի, Բլես Պասկալի, Շառլ Պեռոյի և Ռոբեսպիերի ոսկորները։ Քանի որ պետք է պարզել մահացածի ինքնությունը, դիահերձարան մտնել թույլ են տալիս բոլորին առանց բացառությունների, և փարիզցիների մեջ այնտեղ գնալը դառնում է զվարճություն։ 1830֊ական թվականների սկզբին կատակոմբներ մուտքը սահմանափակում են անվտանգության նկատառումներով, 1833 թվականից ամբողջությամբ արգելում են եկեղեցական ուժերի պնդումով, բայց արդեն 1850 թվականին նորից բացում են քաղաքացիների խնդրանքով։ Այցելության լավագսւյն օրը 1897 թվականի ապրիլի 2֊ն է, երբ կատակոմբաներում անցկացվում է ապօրինի համերգ Օպերայի քառասունվեց նվագախմբերի մասնակցությամբ. ուղիղ կեսգիշերին այնտեղ հնչում են վայրին համապատասխան ստեղծագործություններ, այդ թվում՝ Շոպենի «Սգո երթը» և Սեն Սանսի «Մահվան պարը»։

Մահապատիժներ

19֊րդ դարի առաջին կեսին հրապարակային մահապատիժները անցկացվում էին Գրևի հրապարակում, իսկ 1832 թվականից Լյուքսեմբուրգյան այգում՝ Սան Ժակի քաղաքամուտքում։ Գիլիոտինը այնպիսի ճանաչում ունի, որ մահապատիժների ժամանակ մոտակա հաստատությունների տերերը ցանկացողներին վարձով տալիս են աթոռներ, ի դեպ՝ շատ թանկ։ Երբ մահապատիժներ չկան, կարելի է սահմանափակվել նայելով հանցագործներին, որոնք ցուցադրվում են Պիրուետ փողոցի ամոթալի սյան մոտ չարքաշության տարվելուց առաջ (իսկ 1832 թվականից՝ Արդարադատության Դղյակի հրապարակում)։

Թաղումներ

Մեռելաթաղման արարողությունների թվին է պատկանում նաև հայտնի գործիչների թաղումները: Հատկապես բազմամարդ են ընդդիմադիրներին ուղեկցող գործընթացները, առավել ևս որ դրանք կարող են վերածվել բուռն ցույցերի կամ նույնիսկ անկարգությունների և մինչև անգամ բարիկադների կառուցման. այդպես տեղի ունեցավ օրինակ՝ 1832 թվականին հանրապետական և նախկին նապոլեոնական գեներալ Մաքսիմիլիան Լամարկի թաղման ժամանակ: Այդ ժամանակ հանրապետականները փորձեցին օգտվել ժողովրդի մասսայական կուտակումից, որպեսզի տապալեն Հուլիսյան միապետությունը։

Աղբյուրներ

  1. Беньямин В. Париж, столица девятнадцатого столетия. Беньямин В. Произведение искусства в эпоху его технической воспроизводимости. М., 1996.
  2. Бурже П. Очерки парижских нравов. СПб., 1891.
  3. Мартен-Фюжье А. Элегантная жизнь, или Как возник «весь Париж». М., 1998.
  4. Мильчина В. А. Париж в 1814–1848 годах. Повседневная жизнь. М., 2013.
  5. Ancelot V. Les Salons de Paris: foyers éteints. Paris, 1858.
  6. Chaudonneret M.-C. Le Salon pendant la première moitié du XIXe siècle. Paris, 2007.
  7. Delvau A. Les plaisirs de Paris. Paris, 1867.
  8. Dumas A., Gautier Th., Houssaye A., Musset P., Énault L. Paris et les parisiens au XIX siècle:  moeurs, arts et monuments. Paris, 1856.
  9. Husson A. Les consommations de Paris. Paris, 1856.
  10. Neukomm E. Fêtes et spectacles du vieux Paris. Paris, 1886.
  11. Parent-Duchâtelet A.  De la prostitution dans la ville de Paris, considérée sous le rapport de l’hygiène publique, de la morale et de l’administration. Paris, 1857.
  12. Seigel J. Bohemian Paris. New York, etc., 1986.
  13. Villemot A. La vie a Paris. Paris, 1858.
  14. Les parisiens de Daumier, de la promenade aux divertissements. Paris, 2013–2014.
  15. Le peuple de Paris au XIXe siècle. Des guinguettes aux barricades. V–2012.

Բնօրինակի հեղինակ՝ Изабелла Левина, Arzamas


Թարգմանիչ՝ Սյուզաննա Ղազարյան (Syuzanna Ghazaryan), խմբագիր՝ Անահիտ Կարապետյան (Anahit Karapetyan) © Բոլոր իրավունքները պաշտպանված են: