Ինչպես են միմյանց անվանել և ինչ են մտածել մեկը մյուսի մասին բյուզանդացիները, լատինացիները, հայերը և արաբները։
Ներկայացնում ենք Arzamas-ի հետաքրքիր հողվածը «Բյուզանդիան սկսնակների համար» շարքից։
Չնայած, որ Բյուզանդիայում ամենատարածված լեզուն հունարենն էր, իսկ պաշտոնական դավանանքը՝ Արևելյան քրիստոնեությունը, կայսրության բնակիչները իրենց համարում էին հռոմեացիներ, իսկ իրենց կայսրությունը՝ Հռոմեական (և դրա համար կային լուրջ պատճառներ՝ Բյուզանդիան եղել է երբեմնի միավորված Հռոմեական կայսրության արևելյան մասը և նրա տարածքում շարունակում էր ազդեցություն ունենալ հռոմեական օրենսդրությունը)։ Շրջապատող ազգերին բյուզանդացիները վերաբերվում էին քամահրանքով՝ նրանց համարելով բարբարոսներ։ Միևնույն ժամանակ ստիպված էին ուշադիր հետևել նրանցից ամենավտանգավորներին, որպեսզի պատրաստ լինեին հակազդել հնարավոր հարձակմանը։ Նրանց, ովքեր խաղաղ ապրելու համար էին գալիս, բյուզանդացիները պատրաստ էին ընդունել և նույնիսկ իրենց հավասարը դարձնել, այն դեպքում, եթե նրանք ընդունեին Արևելյան քրիստոնեությունը, սովորեին հունարեն և հետևեին հռոմեական օրենքներին։ Այս ամենին համաձայնվելով՝ այլազգիները դադարում էին լինել բարբարոսներ և դառնում էին Բյուզանդիայի լիիրավ բնակիչ։
Ստորև մենք կուսումնասիրենք բյուզանդացիների պատկերացումները երեք ազգերի մասին, որոնց հետ նրանք ակտիվ կապեր էին պահպանում հարյուրավոր տարիների ընթացքում։ Մի կողմից՝ Բյուզանդիայի կարևոր ռազմական մրցակիցներն էին՝ արաբները և լատինացիները (այսպես էին բյուզանդացիները անվանում Արևմտյան Եվրոպայի ներկայացուցիչներին), իսկ մյուս կողմից՝ մի ազգ, որն ավելի լավ էր կարողանում ինտեգրվել կայսրության կազմում՝ հայեր։
Բյուզանդացիները լատինացիների մասին
Բյուզանդացիները օգտագործում էին տարաբնույթ, բայց բավական անկանոն տերմինաբանություն արևմուտքի ժողովուրդների համար։ Ամենաընդհանուր տերմինը, որն համապատասխանում էր Արևմուտքի բոլոր ժողովուրդներին, «լատինացիներն» էր։ Հաճախ այն օգտագործվում էր նաև կաթոլիկ եկեղեցուն արևմտյան ժողովուրդների դավանական պատկանելությունը նշելու համար։
Այս ընդհանուր տերմինին զուգահեռ գոյություն ունեին նաև մեկ ազգին վերաբերող, ավելի նեղ իմաստով տերմիններ։ Նման դեպքերում օգտագործվում էին ինչպես անտիկ էթնոնիմներ՝ գերմանացիներ (германцы ձևով), գալեր կամ կելտեր, այնպես էլ ավելի ժամանակակից՝ ֆրանկներ և իտալացիներ։ Ընդ որում, միևնույն տերմինը կարող էր օգտագործվել տարբեր հեղինակների կողմից տարբեր ազգերին մատնանշելու համար։ Օրինակ՝ 10֊րդ դարում Բյուզանդիայի կայսր Կոնստանսին VII Ծիրանածինը ֆրանկներ էր անվանում Ալպերից հյուսիս՝ ժամանակակից Ֆրանսիայի տարածքում ապրող ազգերին, իսկ Աննա Կոմնենեն՝ Բյուզանդիայի արքայադուստրը և 12֊րդ դարի գրողը՝ նորմանդներին։
Բյուզանդացիների և լատինացիների հարաբերությունները բարդ են եղել։ Բյուզանդիայի կայսրերը չէին ընդունում արևմուտքի ղեկավարների կայսերական կոչում ստանալու պահանջները, իսկ Բյուզանդիայի հայրապետները հաճախ էին վիճաբանում Հռոմի պապերի հետ․ գագաթնակետը դարձավ 1054 թվականի պառակտումը։ Սակայն այս ամենը չի խանգարել Բյուզանդիայի կայսրերին ռազմական ծառայության վերցնել Արևմտյան Եվրոպայից եկողներին, իսկ երբեմն՝ ուղղակի դիմել Արևմուտքի տիրակալների օգնությանը։ Բացի այդ կայսրերը հաճախ ամուսնանում էին Արևմուտքի թագավորական տների ներկայացուցիչների հետ կամ իրենց աղջիկներին ամուսնացնում էին Արևմուտքի թագավորների հետ։
Առօրյայում բյուզանդացիները լատինացիներին վերաբերվում էին բավական սառը՝ նրանց համարելով նենգ, կոպիտ, անխոհեմ և մեծամիտ։ Ինչպես գրել է XII-XIII դարերի բյուզանդացի պատմաբան Նիկիտաս Հոնիատիսը՝ «մեր և նրանց միջև հաստատվել է թշնամանքի շատ մեծ անդունդ, մենք չենք կարող միավորել մեր հոգիները և, ընդհանրապես, տարբերվում ենք միմյանցից, չնայած արտաքին կապերի մեջ ենք և հաճախ ապրում ենք նույն տան մեջ։
Բյուզանդացիների բացասական վերաբերմունքը լատինացիների նկատմամբ իր գագաթնակետին հասավ Չորրորդ խաչակրաց արշավանքի ժամանակ, երբ խաչակիրների զորքերը գրավեցին և թալանեցին Կ.Պոլիսը։
Լատինացիները բյուզանդացիների մասին
Արևմտյան Եվրոպայի բնակիչները նախընտրում էին բյուզանդացիներին անվանել հույներ, իսկ բյուզանդացիների կայսերը՝ հույների կայսր՝ դրանով ընդգծելով, որ բյուզանդացիները չեն կարող համարվել իսկական հռոմեացիներ, իսկ իրենց կայսրը՝ Հռոմի կայսր, այսինքն՝ տիեզերական կայսր։
Արևմտյան Եվրոպայի բնակիչների և բյուզանդացիների հարաբերությունները միշտ բավականին լարված են եղել։ Կառլոս Մեծի ժամանակներից ի վեր արևմտաեվրոպական թագավորները բյուզանդացի բասիլևսներից վիճարկում էին կայսեր տիտղոսը, իսկ Արևմուտքի եկեղեցին՝ ի դեմս Հռոմի պապերի, պայքարում էր Կ.Պոլսի պատրիարքների հետ քրիստոնեական աշխարհում հեղինակության համար։
Եվրոպայի բնակիչների ծանոթացումը Բյուզանդիայի հետ տեղի ունեցավ միայն 11֊րդ դարի վերջում՝ Խաչակրաց արշավանքների սկսվելով, երբ արևմտաեվրոպական ասպետների բազմությունը հեղեղեց արևելքը՝ Սուրբ հողը մահմեդականներից պաշտպանելու համար։ Այդ ծանոթությունը բարեկամական չեղավ։ Այսպես, Աննա Կոմնենեն պատմում է, որ երբ հայրը՝ Ալեքսիոս Կոմնենե կայսրը Առաջին խաչակրաց արշավանքի առաջնորդների համար ընդունելություն կազմակերպեց, նրանցից մեկը ցուցադրաբար նստեց կայսերական գահին։ Մեկ ուրիշ խաչակրի նախատինքին նա պատասխանեց՝ «Ի՛նչ անշնորք է։ Միայնակ նստել է, երբ նրա շուրջը կանգնած են այդքան հրամանատարներ»։ Բյուզանդիայի և Արևմուտքի մշակույթների միջև տարբերություն էր զգացվում. խաչակիրների տեսանկյունից թագավորող իշխանը չէր կարող նստել վասալի ներկայությամբ․ դա վիրավորում էր նախ և առաջ թագավորող իշխանին, մինչդեռ ըստ բյուզանդական արարողակարգի կանոնների՝ կայսրը հյուրերին և հպատակներին ընդունում էր նստած․ դա ընդգծում էր նրա բարձր արժանապատվությունը։
Բյուզանդացիների և Արևմուտքի ժողովուրդների միջև թյուրընկալումը կուտակվեց ևս մեկ դար և ի վերջո հանգեցրեց Կոստանդնուպոլսի գրավմանը՝ Խաչակրաց չորրորդ արշավանքի մասնակիցների կողմից՝ 1204 թվականին։
Բյուզանդացիները հայերի մասին
Հայերին նշելու համար բյուզանդացիները օգտագործել են մի քանի տերմին։ Բյուզանդական աղբյուրներում ամենահաճախը հանդիպում է ավանդական «հայեր» (Αρμένιοι) անվանումը։ Բայց, քանի որ հայերի մեծ մասը եղել են միաբաններ, բյուզանդացիները հաճախ օգտագործել են «հայեր» անվանումը կրոնադավանական իմաստով՝ այդ անվանումը տալով նաև քրիստոնեական կրոնադավանության մյուս ներկայացուցիչներին՝ սիրիացիներին և ղպտիներին։ Նրանց հակադրվում էին Քաղկեդոնի ժողովի որոշումն ընդունած հայերը՝ այսպես կոչված հայ֊քաղկեդոնականները, որոնց բյուզանդացիները անվանում էին «իվերաներ» (Ἴβηροι)։ Այս տերմինը օգտագործվում էր նաև վրացիներին նշելու համար։
Բացի այդ, բյուզանդացիները նույնացնում էին հայերին հին աստվածաշնչյան ազգերի՝ ամաղեկացիների հետ, ովքեր ապրում էին Պաղեստինից հարավ: Այդ նույնացման պատճառները հայտնի չեն, բայց, հնարավոր է, այն ծագել է բյուզանդական կայսրության տարածքում ապրող բազմաթիվ հայկական համայնքների ինքնանվանումից։ Բյուզանդացիների վերաբերմունքը հայերի նկատմամբ առաջին հայացքից կարող է տարօրինակ թվալ։ Մի կողմից Բյուզանդիայի կայսրերը մեկ անգամ չէ, որ փորձել են հայկական հողերը գրավել և հայերին դարձնել ուղղափառ․ բյուզանդական հասարակությունը բավական բաց էր հայկական ցեղի ներկայացուցիչների համար, ովքեր հրաժարվում էին իրենց կրոնադավանանքից։ Շատ հայեր կայսրությունում կարևոր պետական պաշտոններ էին զբաղեցնում, ծառայում էին բանակում և նույնիսկ դառնում էին կայսր։ Բայց, միևնույն ժամանակ, բյուզանդական գրականությունում հայերին ուղղված շատ սուր լուտանքների կարելի է հանդիպել։ Այսպես, 9֊րդ դարի բյուզանդացի բանաստեղծուհի, միանձնուհի Կասսիան գրում էր «սարսափելի հայ ազգի» մասին, ովքեր «վատն են իրենց անփառունակության մեջ և որքան փառք են ստանում, այնքան էլ վատն են դառնում»։ Իսկ 13֊14֊րդ դարերի բյուզանդացի գիտնական Մաքսիմ Պլանուդը ասացվածք է մեջբերում, որտեղ ասում է՝ «եթե ընկերներիդ մեջ հայ կա, կարող ես չերազել ամենավատ թշնամու մասին»։
Գուցե բյուզանդացի հեղինակների բացասական վերաբերմունքը հայերի նկատմամբ բացատրվում է հենց նրանով, որ վերջիններս կայսրությունում իրենց դիրքը պահպանելու համար հեշտությամբ մրցակցում էին ավանդական բյուզանդական ընտանիքների հետ։
Բյուզանդա-հայկական հարբերություններում կարևոր դեր էր կատարում կրոնը։ Բյուզանդացի բանավիճողները իրենց տրակտատներում մեկ անգամ չէ, որ ծաղրել են հայ֊մոնոֆիզիտներին․ բանավեճը ավելի է սրացել 12֊րդ դարում, երբ Կիլիկիայի հայկական թագավորությունը որոշ ժամանակով անցավ Բյուզանդիայի տիրապետության տակ։
Հայերը բյուզանդացիների մասին
Հայերը երկու հիմնական տերմին են օգտագործել Բյուզանդիան և նրա բնակիչներին մատնանշելու համար՝ յոն (հունարեն Ἴωνες [iones]՝ հույներ) և «հոռոմ» (հռոմեացիներ)։ Ինչպես բյուզանդացիները, հայերը նույնպես խառնում էին դավանաբանական և էթնիկ սահմանումները, այդ իսկ պատճառով «հոռոմ» տերմինով ժամանակի ընթացքում սկսեցին անվանել բոլոր ուղղափառ քրիստոնյաներին։ Բյուզանդական կայսրության մայրաքաղաքը հայկական աղբյուրներում անվանվել է մե՛կ Կոստանդնուպոլիս, մե՛կ Բյուզանդիա։ Հայերը գիտեին նաև «Բյուզանդիա» բառը, բայց այն օգտագործում էին ոչ թե Բյուզանդական կայսրության, այլ միայն Բյուզանդական պատրիարքության մասին խոսելիս։
Խաչակրաց արշավանքների սկզբից և, հատկապես, խաչակիչների կողմից Կոստանդնուպոլիսը գրավելուց հետո՝ 1204 թվականին, «հոռոմ» տերմինը սկսեց ավելի քիչ օգտագործվել բյուզանդացիներին նշանակելու համար և ժամանակի ընթացքում սկսեց օգտագործվել մատնանշելու համար Արևմուտքի քրիստոնյաներին ու սելջուկ֊թյուրքերին․ վերջիններս Բյուզանդիայից նվաճել էին Փոքր Ասիան և այնտեղ հիմնել էին իրենց պետությունը։
Բյուզանդացիների հանդեպ հայերի վերաբերմունքը նույնպես բավական բարդ էր։ Հայաստանը ուներ ոչ նախանձելի աշխարհագրական դիրք երկու գերտերությունների՝ սկզբում Բյուզանդիայի և Պարսկաստանի, հետո Բյուզանդիայի և Արաբական խալիֆայության միջև։ Քրիստոնյա լինելու հանգամանքը հայերին սկզբում ձգում էր դեպի Բյուզանդական կայսրություն․ հայ գրողները փառաբանում էին Բյուզանդիայի վաղ շրջանի կայսրերին՝ Կոնստանտինին ու Թեոդոսիոսին և հունական իմաստությունը հակադրում էին պարսիկների՝ «անհասկանելի ու անհեթեթհեքիաթներին»։ 5֊րդ դարի հայտնի հայ պատմիչ Մովսես Խորենացին Հունաստանը նույնիսկ անվանում է «գիտությունների մայր և ստնտու»։
5֊րդ դարում Հայկական եկեղեցին աստիճանաբար սկսեց հեռանալ Բյուզանդականից, երկու պետությունների միջև կապերը սկսեցին թուլանալ, իսկ հայերի վերաբերմունքը բյուզանդացիների նկատմամբ վատթարացավ։ Կուտակվեցին հակասություններ՝ ինչպես կրոնական, այնպես էլ քաղաքական բնագավառում։ 11֊րդ դարում, երբ Բյուզանդիայի կայսրերի՝ Հայաստանի տարածքը հպատակեցնելու փորձերը հաջողությամբ պսակվեցին, հայերի և բյուզանդացիների հարաբերությունները վերջնականապես վատացան, իսկ Բյուզանդիայի կայսրերը հայերի պատկերացման մեջ Քրիստոսի փոխանորդներից վերածվեցին Հակաքրիստոսի նախահայրերի։ 1204 թվականից հետո բյուզանդացիները աստիճանաբար կորցրին իրենց առաջնային դիրքերը հայկական աշխարհի պատկերում՝ տեղը զիջելով արևմտյան քրիստոնյաներին։
Բյուզանդացիները արաբների մասին
Բացի «արաբներ» և «սարակինոսներ» էթնոնիմներից, բյուզանդացիները արաբական ազգերին մատնանշելու համար օգտագործել են ևս երկու անվանումներ՝ «իսլամացիներ» և «հագարացիներ»․ բյուզանդացիները արաբներին համարում էին Իսմայելի՝ աստվածաշնչյան Աբրահամ մարգարեի Հագար ստրկուհուց ծնված առաջին որդու սերունդներ։ Արաբների կողմից իսլամը ընդունելուց հետո այս անունները բյուզանդացիները սկսեցին օգտագործել լայն իմաստով՝ մատնանշելով մահմեդականներին։
Բյուզանդացիները դեռ որոշ ժամանակ ուշադրություն չէին դարձնում արաբներին՝ նրանց համարելով իրենց սահմանների արևելքում գտնվող բազմաթիվ բարբարոս ցեղերից մեկը: Բայց 7-րդ դարում՝ իսլամի առաջացումից հետո, սկսվեցին արաբական նվաճումները՝ Բյուզանդիային զրկելով ամենաբերրի և զարգացած շրջաններից՝ Սիրիայից, Պաղեստինից և Եգիպտոսից: Այս նվաճումներն այնքան ցնցեցին բյուզանդացիներին, որ երկար ժամանակ նրանք խոսում էին արաբների մասին բացառապես ապոկալիպտիկ իմաստով։ Ուշքի գալով առաջին ցնցումից՝ բյուզանդացիները սկսեցին ակտիվորեն համագործակցել արաբների հետ՝ ինչպես մարտի դաշտում, այնպես էլ խաղաղ պայմաններում։
Արաբների մասին բյուզանդացիների բոլոր բացասական պատկերացումները կապված էին նրանց կրոնի հետ, իսկ դրականները՝ գիտնականության։ Բյուզանդիացի բանավիճողները սուր կերպով ծաղրում էին մահմեդական մարգարե Մուհամմեդի «կեղծ գրված ասույթները», ով իր ժողովրդին «մոլորեցրեց» «սարսափելի կեղծ վարդապետությամբ»։ Սակայն նրանց ջանքերը միշտ չէ, որ հասնում էին ցանկալի արդյունքի. եթե հավատանք բյուզանդական էպոսին՝ սահմանամերձ բնակիչները շատ հաճախ անցնում էին մի կրոնից մյուսին և հակառակը։
Միևնուն ժամանակ բյուզանդացի գիտնականները փորձում էին տեղի չտալ իրեց արաբ մրցակիցներին այն ժամանակվա բարձր տեխնոլոգիաների բնագավառում՝ աստղագիտության և ալքիմիայի ոլորտում։ Այս «աստղային պատերազմները» այնքան հեռուն էին գնացել, որ 10-րդ դարում Կ.Պոլիս այցելած արևմտյան դիվանագետ Լուիթպրանդոս Կրեմոնացու վկայութամբ, պատերազմների ժամանակ բյուզանդացիներն ու արաբները ստուգում են իրենց տվյալները նույն աստղագուշակություններով, այնպես որ, երբ կանխատեսվում էր բյուզանդացիների հաղթանակը, նրանք հարձակվում էին, իսկ արաբները փախչում էին, և հակառակը։ Այնուամենայնիվ, չնայած արաբների և բյուզանդացիների փոխադարձ մրցակցելու կարողությանը, արդեն 10֊րդ դարի վերջին արաբական գիտության հեղինակությունը Բյուզանդիայում այնքան էր բարձրացել, որ բյուզանդացի գիտնականները հաճախ ստիպված էին ձևացնել, որ արաբ են, որպեսզի ժամանակակիցների մոտ հաջողության հասնեն։
Արաբները բյուզանդիացիների մասին
Արաբները Բյուզանդիան անվանում էին Ռում կամ Բանու ալ֊Ասֆար։ Այս երկու տերմինները արաբերենում օգտագործվում էին Հռոմը նշանակելու համար։ Հատկանշական է, որ Կոստանդնուպոլիս մատնանշելու համար արաբերենում օգտագործում էին ոչ միայն «Կյուստանտինիա» բառը, այլև «էստին֊բոլին» բառակապակցությունը, որը առաջ է եկել մայրաքաղաքի հասարակ բյուզանդական անվանումից՝ εις την Πόλιν [eis tin polin]՝ «դեպի քաղաք»։ Դարեր անց այս անվանումը վերածվեց քաղաքի պաշտոնական թուրքերեն անվանմանը՝ Ստամբուլ։
Արաբների վերաբերմունքը բյուզանդացիների նկատմամբ ոչ միանշանակ էր: Բյուզանդիան գնահատում էին որպես անտիկ ժամանակների իմաստության աղբյուր, որը շատ տարածված էր արաբական աշխարհում: Արաբ խալիֆները մեկ անգամ չէ, որ դիմել են Բյուզանդիայի կայսրերին՝ խնդրելով իրենց հետ կիսվել անտիկ ժամանակաշրջանի այս կամ այն հեղինակների գործերով, և նրանք հաճախ բավարարում էին այդ խնդրանքները՝ օգտվելով օտար տիրակալների առջև իրենց երկրի գիտությունը ցուցադրելու հնարավորությունից։
Միևնույն ժամանակ, արաբները փորձում էին տարանջատել հին հույն մտածողներին բյուզանդացի ժամանակակիցներից, որոնք, իրենց կարծիքով, անգրագիտության մեջ էին ընկել քրիստոնեության վնասակար ազդեցության պատճառով։ Ինչպես դիպուկ կերպով նկատել է 9-րդ դարի արաբ աստվածաբան և բանավիճող Ալ-Ջահիզը՝ «իրականում «Տրամաբանությունը», «Ծագման և կործանման մասին» տրակտատը, «Օդերևութաբանությունը» և այլ գործեր պատկանում են Արիստոտելին, որը ոչ հռոմեացի էր, ոչ էլ՝ քրիստոնյա, «Ալմագեստը» պատկանում է Պտղոմեոսին, որը ոչ հռոմեացի էր, ոչ էլ՝ քրիստոնյա, «Էվկլիդեսի երկրաչափությունը» պատկանում է Էվկլիդեսին, որը ոչ հռոմեացի էր, ոչ էլ՝ քրիստոնյա», և այլն: «Եթե մահմեդականները իմանային, որ քրիստոնյաները և, հատկապես, բյուզանդացիները չունեն ո՛չ գիտություն, ո՛չ գրականություն, ո՛չ էլ խորը գիտելիքներ, այլ միայն արհեստների վարպետներ․․․ ապա երբեք նրանց չէին պատվի քաղաքակիրթ կոչումով և կջնջեին նրանց անունները փիլիսոփաների ուգիտնականների մասին գրքից»,-պնդել է Ալ-Ջահիզը:
Այնուամենայնիվ, արաբները բյուզանդացիների արտաքինի մասին բարձր կարծիքի էին նրանց համարելով աշխարհի ամենագեղեցիկ ժողովուրդներից մեկը։ Այսպիսով, 10-րդ դարի արաբ գրող ալ-Մասուդին Բյուզանդիայի կայսրին անվանում է «մարդկանց արքա», քանի որ «ամբողջ աշխարհում ավելի լավ ֆիզիոգոմիայով և ավելի նուրբ դիմագծերով մարդիկ չկան»:
Արաբների շրջանում հատուկ ճանաչում ունեին Բյուզանդիայի կանայք, որոնք նույնպես արաբ տղամարդկանց համար թվում էին վտանգավոր գայթակղությունների աղբյուր: Ըստ Մուհամմադի կենսագրության, որը կազմել է Իբն-Հիշամը, մի անգամ մահմեդական մարգարեն իր հետևորդ Ջադուին առաջարկեց պատերազմել բյուզանդացիների դեմ, ինչին նա պատասխանեց. «Օ՜, Ալլահի կողմից ուղարկված։ Թո՛ւյլ տուր ինձ մնալ և մի՛ գայթակղիր։ Աստվա՛ծ վկա, բոլոր իմ բարեկամները գիտեն, թե կանանց ինչպիսի երկրպագու եմ և վախենում եմ, որ ես ինձ չեմ զսպի՝ տեսնելով Բանու ալ֊Ասֆարի կանանց»։
Աղբյուրներ
Թարգմանիչ՝ Սյուզաննա Ղազարյան (Syuzanna Ghazaryan) © Բոլոր իրավունքները պաշտպանված են: