«Հարգա՞նք», թե՞ «հանդուրժողականություն»

Ուրիշների կարծիքի հանդեպ պարտադրված «հարգանքը»  վտանգում է խոսքի ազատության իրավունքը

Քեմբրիջի համալսարանի բարեկիրթ, սակայն ծայրահեղ լուրջ վեճը «հարգանքը»-ի վերաբերյալ փոխարենը երևան է հանում «հանդուրժողականության» անհրաժեշտությունը 

Եթե թափառեք Քեմբրիջի Թրամփինգթոն փողոցով, կհայտնվեք Անգլիայում Ռոֆորմացիայի սկզբնաղբյուրներից մեկում: Հենց այստեղ՝ «The White Horse Inn» պանդոկում, գիտնականները գաղտնի հանդիպեցին՝ քննարկելու համար Մարտին Լյութերի գաղափարական մաքսանենգ գործերը: Քարոզելով Լյութերի հերետիկոսական համոզմունքն առ այն, որ հասարակ մարդիկ պետք է իրենք կարդան Աստվածաշունչը և ոչ թե պարզապես ընդունեն քահանաների խոսքերը, Քեմբրիջն այն վայրերից մեկն էր, որն օգնում էր փոխակերպել եվրոպական միտքը: Ուստի, հատկապես ցավալի է, որ Քեմբրիջի համալսարանն այժմ առաջ է քաշում այնպիսի առաջարկներ, որոնք կարող են խարխլել խոսքի ազատությունը:

Համալսարանի կառավարման մարմինը (Regent House) քվեարկեց նոր վարքականոնի համար, որը պահանջում է, որ անձնակազմը, ուսանողները և այցելուները «հարգալից» լինեն տարբեր կարծիքների հանդեպ: Այս անվնաս հնչող դրույթը կոչված է աջակցելու խոսքի ազատությանը: Այն կազմվել է մասամբ ի պատասխան պրոֆեսորադասախոսական կազմի, որոնք անհանգստացել էին այն բանից հետո, երբ  ուսանողների արձագանքը հանգեցրեց հոգեբան Ջորդան Փիթերսոնի կրթաթոշակի չեղարկմանը, մի ինքնահռչակ պրոֆեսորի, որը իրեն դրսևորում էր «ընդդեմ քաղաքական կոռեկտության»։ Սակայն վեճը նաև ցույց է տալիս, թե որքան վտանգավոր կարող է լինել, երբ բարեսիրտ մարդիկ փորձում են բոլորին դուր գալ: «Հարգանք»-ը չունի հստակ եզրագծեր և տարբեր նշանակություն կունենա տարբեր մարդկանց համար: Այն հեշտությամբ կարող է վերածվել վիրավորանք հասցնելու արգելքի:

«Չկա այն սահմանը, որ կթելադրի, թե որքան հեռուն սա կարող է գնալ,- ասաց ինձ Արիֆ Ահմեդը՝ Գոնվիլ և Կայիուս քոլեջի երիտասարդ փիլիսոփան, որ առաջնորդում է ակադեմիկոսների ապստամբությունը կանոնակարգի դեմ։ Արդյո՞ք «Շարլի էբդո»-ի  ծաղրանկարները հարգում էին իսլամը: Արդյո՞ք Դեյվիդ Հյումը (18-րդ դարի շոտլանդացի փիլիսոփա) հարգում էր կրոնը: Ո՞վ է որոշում: Մի բառ, ինչպիսին «հարգանք»-ն է, ավելի վնասակար է, քան անօգուտ: Դուք կարող եք սահել ու հասնել քաղաքակրթությունից դեպի հարգանքի մի տեսակի, որը զերծ կմնա իսլամի, քրիստոնեության և հուդդայականության վրա հարձակումից»:

Նոր կանոնակարգը պաշտպանում է «առողջ և մարտահրավերային» քննարկումը և «խոսքի ազատությունը՝ օրենքի շրջանակներում»: Այնուամենայնիվ, այս կետերը կարծես թե խարխլվում են այն պահանջով, որ անձնակազմը, ուսանողներն ու այցելուները «ազատ արտահայտվեն՝ չվախենալով անհարգալից վերաբերմունքից կամ խտրականությունից»:

Խնդիրն այն է, որ որևէ անհատի կողմից անարգանքը սահմանելու ոչ մի սահմանափակում գոյություն չունի: Ավելին, չնայած որ բոլոր համոզմունքները պետք է հարգվեն, սակայն, ինչպես ասել է Սթիվեն Ֆրայը, նրանք չեն կարող սրտին հրամայել: Ահա թե ինչու է Օքսֆորդի համալսարանի խոսքի ազատության վերաբերյալ հակիրճ շարադրված քաղաքականությունն ասում, որ ոչ բոլոր տեսություններն են արժանի հավասար հարգանքի: Քեմբրիջի առաջարկը սպառնում է ակադեմիական առաջընթացի կենսունակությանը՝ վիճելու, մարտահրավեր նետելու, և հնարավոր է, միտքը փոխելու իրավունքին:

Տարօրինակ է, բայց թվում է, թե Քեմբրիջի ղեկավարությունը անկարող է տեսնելու խնդիրը: Ամռանը մտահոգված ակադեմիկոսները հայցեցին դրա գործադիր մարմնին՝ Խորհրդին, թե արդյո՞ք այն կարող էր փոխարինել «հարգանք» բառը «հանդուրժողականություն» բառով: Սա կնպաստեր քաղաքավարությանը, բայց կապահովեր նաև այն, որ մարդիկ կկարողանային բացահայտորեն չհամաձայնել: Խորհուրդը մերժեց նրանց առաջարկը: Այդ ժամանակ սկսվեց քաղաքավարի, բայց մահացու լուրջ պատերազմը: Ակադեմիկոսների շարունակաբար համալրվող մի խումբ այժմ աջակցում է առաջարկվող քաղաքականության մեջ փոփոխություններին․ նրանց թվում են փիլիսոփա Սայմոն Բլեքբերնը, տնտեսագետ Դայան Քոյլը և վիճակագիր սըր Դեյվիդ Շպիգելհալթերը:

Զարմանալով, թե ինչու Խորհուրդը մերժեց թվացյալ օգտակար «հանդուրժողականության» առաջարկը՝ ես հարցրի այդ մասին համալսարանի պրոռեկտոր Սթիվեն Թոուփին: Վերջինս չի հիշում, որ ապստամբների առաջարկը «ժամանակին այդքան հստակ ձևակերպված լիներ»: Նա վճռականորեն ինձ ասաց, որ «խոսքի ազատությունը չափազանց կարևոր է, և եթե մենք այն չպահպանենք, կնշանակի, որ չենք կատարում մեր գործը»: Նա նաև նախազգուշացրեց «շատ բարձր մակարդակի հայտարարությունը գերմեկնաբանելու» մասին: Պրոֆեսոր Թոուփը հանդիպումներ է վարել իր դերից ակնկալվող չեզոքությամբ: «Ես դիրքորոշում չունեմ «հարգանքի» կամ «հանդուրժողականության» վերաբերյալ,- ասաց նա,- չնայած ես լսել եմ, որ որոշ մարդիկ ասում են, որ իրենց դուր չի գալիս «հանդուրժողականություն» բառը, քանի որ թվում է, թե այլ տեսակետները պետք է վարկաբեկված լինեն»:

Սա, անկասկած, հարցի հիմքում է ընկած: Հանդուրժողականությունը հնագույն հասկացություն է և խոսքի ազատության լավագույն պաշտպանն է, երբ մարդիկ կտրականապես համաձայն չեն միմյանց հետ. այն թույլ է տալիս վեր հանել խնդիրներն ու բացահայտել թույլ կողմերը: Ես դատապարտում եմ հակաաբորտային շարժումը: Ես դրան դեմ երթի եմ դուրս եկել ԱՄՆ-ում և նվիրաբերել եմ սեփական ընտրությունն իրականացնելու իրավունքի արշավներին: Բայց ես պաշտպանում եմ հակաաբորտային շարժման կողմնակիցների՝ իրենց տեսակետն առաջ տանելու իրավունքը: Նաև նշում եմ, որ հակաաբորտային բարեգործական կազմակերպությունները հրեա և ֆեմինիստական որոշ խմբերի հետ մեկտեղ բարձրագոչ են հօգուտ խոսքի ազատության: Ոչ մոդայիկ գործոնների կողմնակիցները հաճախ են բացահայտում արտահայտվելու ազատության կարևորությունը, որն ընդգծում է դրա արժեքը:

Քեմբրիջի վեճը ցույց տվեց, թե որքան դժվար է հաստատությունների համար ոտքի վրա մնալ խռովության այս նոր աշխարհում: 20 տարի առաջ անգլիական համալսարանները ուսանողների նկատմամբ քիչ պատասխանատվություն էին զգում դասախոսությունների դահլիճից այն կողմ: Այսօր դրանք պարուրված են ակտիվությամբ և քաղաքական ձախից և աջից գրաքննության պահանջներով:

Այս ալեկոծ ջրերում նավարկելու միջոցը, անկասկած, լավագույն ակադեմիական աշխատանքին բնորոշ խստությունն ու ճշտապահությունն է: Քեմբրիջի նոր կանոնակարգի լեզվային անորոշությունը այդ երկուսն էլ բացառում է: Որոշ ակադեմիկոսներ անհանգստանում են, որ դա սարսափելի ազդեցություն կունենա այն բանի վրա, թե ում են հրավիրում և ինչ են ասում, և որ դա կարող է տարածվել իրենց իսկ պայմանագրերի վրա: «Եթե հարգանքի օրակարգը ամրագրվի կարգապահական և բողոքարկման ընթացակարգերում, և այն փաստարկները, որոնք նախկինում տեսակավորվում էին այն մարդկանց կողմից, որոնք ասում էին՝ «մեծացի՛ր և դադարի՛ր հիմար լինել», ընկնեն մարդկային ռեսուրսների կառավարիչ մարմինների միջամտության ներքո, դա, ինչպես գիտենք, կնշանակի գիտական պաշտոնավարման ավարտ»,-ասաց ինձ Ռոս Անդերսոնը՝ Քեմբրիջի անվտանգության ճարտարագիտության պրոֆեսորը:

Նման վախերը կարող են չափազանցված լինել: Բայց կանոնակարգի մեխը վտանգավոր է: Արդյո՞ք մենք իսկապես ուզում ենք ռիսկի դիմել՝ վերադառնալով մի աշխարհ, որտեղ գիտական մտքերը թաքուն են համախմբվում, քննարկում արգելված գործեր և մտածում՝ արդյո՞ք կհամարձակվեն ասել այն, ինչին հավատում են: Եթե համալսարաններն իրենց ուժերի ներածին չափով չեն անում ամեն ինչ այս փոփոխությունը կանխելու համար, ապա նրանք արժանի չեն համալսարան կոչվելու։ 

Բնօրինակի հեղինակ՝ Camilla Cavendish, Financial Times


Թարգմանիչ՝ Մերի Համբարձումյան (Mery Hambardzumyan) © Բոլոր իրավունքները պաշտպանված են: