7-ից մինչև 77. Երկրորդ համաշխարհային պատերազմից ի վեր մեծապես աճել է սահմանային պատերի կառուցումը
Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտին աշխարհում կար յոթ սահմանային պատ կամ արգելապատնեշ: Ըստ Քվեբեկ-Մոնրեալի համալսարանի աշխարհագրության պրոֆեսոր Էլիզաբեթ Վալլեթի՝ 1989 թ.-ին՝ Բեռլինի պատի փլուզման ժամանակ, դրանք 15-ն էին:
Մինչդեռ ԱՄՆ նախագահ Թրամփը առաջ էր մղում Մեքսիկայի հետ սահմանին պատ կառուցելու իր նախընտրական խոստումը, ամբողջ աշխարհում առնվազն 77 պատ կամ արգելապատնեշ կար, որոնցից շատերը կանգնեցվել են 2001 թ. սեպտեմբերի 11-ին Նյու Յորքում և Պենտագոնում տեղի ունեցած ահաբեկչություններից հետո:
«Պատերը հասարակական կապերի դրսևորումներ են, որոնցով իշխանությունները ցույց են տալիս, որ իսկապես ինչ-որ բան են անում,- ասում է Վալլեթը։-Դրանք սովորաբար ավելի շատ խնդիրներ են ստեղծում»:
Պատմության ընթացքում սահմանային պատերն ու արգելապատնեշները օգտագործվել են պատերազմող պետությունները տարանջատելու, առևտրային ուղիները պաշտպանելու և գաղթականներին ու փախստականներին հետ մղելու համար: Ահա անցյալ և ներկա մի քանի օրինակ.
Բեռլինի պատ
1961-1989 թվականներին Սառը պատերազմի մեծագույն խորհրդանիշներից մեկը հանդիսացող Բեռլինի պատը բաժանում էր կոմունիստական Արևելյան Գերմանիան ժողովրդավարական Արևմտյան կողմից: Առնվազն 140 մարդ զոհվել է՝ փորձելով փախչել արևելյան կողմից, քանի որ Արևելյան Գերմանիայի զինվորները, տեղակայված բետոնե պատի երկայնքով մեկ, հրաման են ունեցել կրակել փախուստի դիմածներին, եթե նրանց փախուստը կանխելու այլ տարբերակ չլիներ, ինչպես հայտնում է Բեռլինի պատի հիմնադրամը: 1989 թ.-ին Լեհաստանում, Հունգարիայում և Սոցիալիստական ճամբարի այլ երկրներում տեղի ունեցած հեղափոխությունները Արևելյան Գերմանիային ստիպեցին բացել շրջափակումը՝ Բեռլինի պատի փլուզման առթիվ մեծ տոնակատարության ազդակ դառնալով: «Բեռլինի պատի անկումը» 1990-ի հոկտեմբերի 3-ին հանգեցրեց Գերմանիայի վերամիավորմանը։
Չինական մեծ պատ
Ավելի քան 13,000 մղոն երկարությամբ Չինական մեծ պատը հաճախ անվանում են մարդկային ճարտարապետության «ամենաերկար» թռիչքը: Այն ավելի քան 2000 տարեկան է, և դրա կառուցման համար պահանջվել է ավելի քան 1 միլիոն աշխատող: Նախնական նպատակն էր կանխել մ. թ. ա. III դարում բարբարոս քոչվորների ներխուժումները: Այժմ այն ամեն տարի գրավում է միլիոնավոր զբոսաշրջիկների՝ որպես չինական քաղաքակրթության հարատև ժառանգության խորհրդանիշ: Այնուամենայնիվ, պատը իրականում երբեք չի ծառայել նախատեսված նպատակին։ «Չինաստանը որոշել էր կառուցել իր պատը՝ որպես անվտանգության միջոց, բայց այն կառուցվեց մաս-մաս և երբեք էլ բավականաչափ երկար չեղավ»,- ասում է Կանադայի Վիկտորիա համալսարանի քաղաքականության և գլոբալիզացիայի պրոֆեսոր Էմանուել Բրունետ-Ջեյլին:
Հնդկաստան-Բանգլադեշ
Հնդկաստանը և Բանգլադեշը ունեն 2500 մղոն երկարությամբ սահմանագիծ, և Հնդկաստանը մոտ է 1700-մղոնանոց փշալարե արգելապետնեշի կառուցման ավարտին՝ ներգաղթն ու մաքսանենգությունը զսպելու համար: Պատնեշը պետք է արգելափակի ցածրադիր Բանգլադեշից արտագաղթողների մուտքը, որոնք ցանկանում են Հնդկաստանում ավելի լավ կյանք ունենալ: Հնդկաստանը նաև Պակիստանի հետ ունի արգելապատնեշ՝ 450 մղոն երկարությամբ ռազմականացված «վերահսկողության գիծ»՝ զինյալներին հարևան պետությունների միջև շարունակվող լարվածությունից զերծ պահելու համար։
Իսրայել-Հորդանան գետի Արևմտյան ափ
2002 թ.-ին պաղեստինցի ապստամբների հարձակումների ալիքից հետո Իսրայելը Հորդանանի Արևմտյան ափին 400 մղոն երկարությամբ պատ կառուցեց: Քննադատներն ու պաղեստինցիները դա հաճախ անվանում են «մեկուսացման պատ», քանի որ այն խոչընդոտում է տեղաշարժի ու առևտրի իրականացումը և պաղեստինցիների կենսամիջոցների բարելավումը։ Գրեթե 20 ոտնաչափ բարձրություն ունենալով՝ Իսրայելի բետոնե պատը, որը ծածկված է փշալարերով, դարձել է երկրի դեմ զայրույթի բռնկման օջախ: Հարյուրավոր պաղեստինցիներ զայրացած հարձակվեցին պատի վրա այն օրը, երբ Թրամփի վարչակազմը հանդիսավոր կերպով ԱՄՆ դեսպանատունը վերաբացեց Երուսաղեմում. նախկինում այն Թել Ավիվում էր:
Հյուսիսային Իռլանդիայի «խաղաղության պատերը»
Հյուսիսային Իռլանդիայի Բելֆաստ քաղաքում «խաղաղության պատերը» սկիզբ են առել բարիկադներից, որոնք տեղական համայնքները կառուցել էին Իռլանդիայի Հանրապետության` հարավի հետ միավորմանը կողմնակից կաթոլիկ իռլանդացի ազգայնականների և Բրիտանիայի իշխանությանը սատարող Լոյալիստ բողոքական պարամիլիտարիստների միջև 1969 թ.-ին ծագած աղանդավորական անկարգությունների պատճառով։ Աղյուսով և մետաղալարերով կառուցված սահմանագծերը մինչ այժմ բաժանում են քաղաքի տարածքը։ Հարաբերությունների բարելավման հետ մեկտեղ նախատեսվում է այդ ամենը քանդել մինչև 2023 թվականը:
Այլ ուշագրավ օրինակներ.
- Ֆինլանդիա. Մոտ 450 մղոն երկարությամբ փշալարերով ցանկապատը թույլ չի տալիս հյուսիսային եղջերուներին թափառել ու հատել Ռուսաստանի սահմանը։
- Ֆրանսիա. Կալեում գտնվող մի մղոն երկարությամբ պատի կառուցումը ֆինանսավորվել է Միացյալ Թագավորության կողմից՝ թույլ չտալու գաղթականների մուտքը Եվրոթունել, որը կապում է Բրիտանիան մայրցամաքային Եվրոպային:
- Մարոկկո. 1975 թվականին միլիոնավոր ցամաքային ականներով պատված ու ամրացված, 1700 մղոն երկարություն ունեցող ավազե պատը է կառուցվել Մարոկկոյի կողմից՝ Արևմտյան Սահարայի հետ ունեցած սահմանին գտնվող վիճահարույց, չկառավարվող տարածքի երկայնքով:
- Իսպանիա. Ավելի քան երկու տասնամյակ առաջ Իսպանիայի կառավարությունը կառուցեց 20 ոտնաչափ ունեցող բետոնե պատնեշներ՝ Մարոկկոյում գտնվող, բայց 15-րդ դարից Իսպանիայի կողմից ղեկավարվող Մելիլա և Սեուտա անկլավները առաձնացնելու և աֆրիկացի գաղթականների դեմ սահմանների պաշտպանությունը ապահովելու համար:
- Սաուդյան Արաբիա. 2014-ին Սաուդյան Արաբիան 550 մղոն երկարությամբ պատ կառուցեց Իրաքի հետ, ինչը պատասխան էր երկրում տարածվող «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալների թվի աճին։
- Թուրքիա. Բուֆերային գոտին բաժանում է Կիպրոս կղզին և նրա մայրաքաղաք Նիկոսիան Թուրքիայի և Հունաստանի միջև: Նիկոսիան, հավանաբար, աշխարհի վերջին քաղաքն է, որը ֆիզիկապես բաժանված է պատով:
Թարգմանիչ՝ Մարիամ Սահակյան (Mariam Sahakyan) © Բոլոր իրավունքները պաշտպանված են։