Ներկայացնում ենք ֆրանսիացի քաղաքագետ և ակադեմիկոս, ժամանակակից ֆրանսիական քաղաքական փիլիսոփայության առանցքային ներկայացուցիչ Պիեռ Մանանի (Pierre Manent) «Քաղաքական ժողովուրդ» (Le peuple politique) հոդվածը հրապարակված՝ “Le Grand Continent” պարբերականում 2019 թվականի հուլիսի 14-ին:
Ինչպե՞ս վերադարձնել արժանահավատությունը, լեգիտիմությունը, համատեղ գործողությունների ուժը, որոնց սնողը կլիներ համայն եվրոպականը, իսկ գլխավոր դերակատարները կլինեին եվրոպական ազգերը․․․
Ժամանակակից Եվրոպայի քաղաքական պատմությունը սկսվում է պետությամբ՝ կանխորեն կամ անուղղակիորեն ազգային, և ավարտվում է պետությամբ՝ բացահայտորեն կամ միտումնավոր հետազգային, որը պաշտոնական տերմինաբանությամբ անվանում են «եվրոպական հաստատություններ»: Այս երկու սահմանների միջև ձևավորվել է նույնքան բեղմնավոր, որքան դյուրաբեկ մի կանոնակարգ, ինչպիսին է ներկայացուցչական կառավարությունը, որի ամրապնդումն անբաժան է մի երևույթի ուժեղացումից, որն անվանում չի գտել նույնիսկ, երբ ծրարվել է ժողովրդավարության լայն և հարմարավետ ծածկոցով և որը ես անվանում եմ քաղաքական ժողովուրդ: Այսպիսով՝ եթե կարելի է այդպես ձևակերպել՝ ժամանակակից Եվրոպայի քաղաքական պատմությունը ձևավորող երեք բաղադրիչներն են պետությունը, ներկայացուցչական կառավարությունը, քաղաքական ժողովուրդը, որոնց դինամիկ հարաբերություններն էլ ես պատրաստվում եմ դիտարկել, իհարկե, բավականին սխեմատիկ ոճով:
Պետությունը ծնվում է, ապա զարգանում ծանոթ և հասարակ քաղաքական իրականության պաշտպանիչ քողի ներքո, որը միայն անգլերեն ruler բառն է բնութագրում բավարար ընդհանրականությամբ, և որն այս համատեքստում իրական է դարձել քրիստոնյա թագավորի կերպարի մեջ։ Դարեր շարունակ վարանել են հստակեցնել իրավաբանական և քաղաքական տեսանկյունից այս իշխանության բնույթը, սակայն առանց որևէ հնարավորության որոշարկելու՝ արդյո՞ք գոյություն ունի իր անվանն արժանի ֆրանսիական սահմանադրություն։ Ամեն դեպքում՝ այս հստակ կերպարի ներքո, որը հնարավոր չէ ստույգ ուրվագծել, զարգացավ բացարձակապես նոր մի իրականություն, որը կարելի էր սահմանել վերացական և ճշտորոշ արտահայտություններով, և որն ավելի ու ավելի էր հակված համապատասխանելու իր վերացական սահմանմանը, քանի դեռ միտումնաբար չէր միահյուսվել վերջինիս: Այսպիսով՝ քրիստոնյա թագավորի հովանու ներքո է հասունանում ժամանակակից պետությունը, մի ինքնիշխան կառույց, որը երաշխավորում և պաշտպանում է իր հասարակության անդամների հավասար իրավունքները: Ֆրանսիական հեղափոխության ժամանակ այս պետությունը մոլեգնորեն ազատվեց ֆեոդալական օձի իր մաշկից՝ վերագտնելու Մարքսի չափազանց արտահայտիչ բանաձևը, և գործի դրեց իր ուժը՝ մերկության ու խոցելիության հետ միաժամանակ։ Իրականում ի՞նչ անել երևելի և գերիշխող այս դիրքից, որտեղ այն անսպասելիորեն հայտնվել է։ Այն, իհարկե, պետք է երաշխավորեր և պաշտպաներ մարդու իրավունքները, որոնք միայն վերջերս էր հռչակել, սակայն, ընդունելով այդ նպատակակետը, ո՞վ էր պատրաստվում քննարկել դրա իրագործման միջոցները: Դա արեցին ժողովրդի ներկայացուցիչները կամ, կոպիտ ասած, ներկայացուցչական կառավարության հաստատությունները, որոնք մշակեցին և իրականացրին այն հաջորդ հարյուրամյակի ընթացքում, իհարկե՝ ոչ առանց մեծ դժվարությունների։
Նախորդ կանոնակարգի օրոք պետությունն ու կառավարությունը մի տեսակ գլխիվայր էին շրջված: Ինչպես ենթադրաբար ասել է Լյուդովիկոս XIV-ը՝ սթափ և ճշգրիտ. պետությունը ես եմ: Նոր կանոնակարգի օրոք պետությունն ու կառավարությունն այսուհետ տարանջատ են, բայց գործառնական առումով՝ համերաշխ: Ներկայացուցչական կառավարությունը պետությունն օգտագործում է որպես գործիք՝ հասարակության իր անդամների իրավունքներն ապահովելու և ընդլայնելու համար, մինչդեռ քաղաքացիները, որոնց իրավունքներն ավելի ու ավելի են հավասարվում, կարող են շատ ավելի լավ ձևավորել այն, ինչը ես անվանել եմ քաղաքական ժողովուրդ, մի ժողովուրդ, որն ավելի ու ավելի ազատորեն ընտրելով իր ներկայացուցիչներին, ավելի ու ավելի անկախ է դառնում սոցիալական իշխանություններից։ Այսպիսով՝ ավելի ու ավելի ներկայացուցչական կառավարություն, ավելի ու ավելի իրավահավասարեցնող պետություն, ավելի ու ավելի քաղաքական ժողովուրդ․ հենց այս երեք բաղադրիչների փոխկապակցվածությունն ու համատեղ գործողությունն են ստեղծել այն, ինչն անվանեցինք ժողովրդավարական շարժում՝ արմատականության և անդիմադրելիության հատկանիշներով, որոնք շատ վաղ խոցեցին դիտորդներին:
Երեք հիմնական շարժառիթներից յուրաքանչյուրն ունի իր ուժային լծակները և իր թույլ կողմերը: Պետությունը հսկայական գործիք է, որն արդեն վաղուց հաստատվել է, և որին վստահված մանդատն առանց հստակ սահմանների ընդլայնում է իր միջամտության շրջանակը։ Այն տառապում է իր ծավալին և կշռին համաչափ ծանրությամբ և դանդաղկոտությամբ: Ներկայացուցչական կառավարությունը նույնիսկ կառավարման գործում ընդգրկված իր ուժն ունի, բայց այն կախված է պետական իր գործիքից, ինչպես նաև ժողովրդից, որի քաղաքականացումը կառավարության համար ուժի կամ թուլության սկզբունք է՝ կախված հանգամանքներից։ Ինչ վերաբերում է ժողովրդին, ապա վերջինիս անվստահությունը իր իսկ ներկայացուցիչների հանդեպ, ինչպես նաև իր պահանջների բնույթը ստիպում են պետության ուժի մեջ փնտրել իրենց թուլության ապավենը: Հեղափոխության շրջափուլերից դուրս ժողովրդի սեփական ուժը առկայացվում է միայն կառավարությանը տված վստահության և խրախուսման շնորհիվ, որը քիչ թե շատ ողջամտորեն հաշվի է առնում նրա շահերը։ Հայացք նետելով մեր քաղաքական պատմությանը՝ կարելի է հեշտությամբ գնահատել, թե որքան փոփոխական է եղել գործոնների հարաբերական զանգվածը, ինչպես նաև ողջ համակարգին հատկացված ընդհանուր վստահությունը:
Նոր կանոնակարգի օրոք պետությունն ու կառավարությունն այսուհետ տարանջատ են, բայց գործառնական առումով՝ համերաշխ: Ներկայացուցչական կառավարությունը պետությունն օգտագործում է որպես գործիք՝ հասարակության իր անդամների իրավունքներն ապահովելու և ընդլայնելու համար, մինչդեռ քաղաքացիները, որոնց իրավունքներն ավելի ու ավելի են հավասարվում, կարող են շատ ավելի լավ ձևավորել այն, ինչ ես անվանել եմ քաղաքական ժողովուրդ:
Չնայած գործոնների հարաբերական ուժի անկայունությանը՝ համակարգի առանցքը շարունակում է անհրաժեշտաբար մնալ ներկայացուցչական կառավարությունը, քանի որ հերթական անգամ հենց այն է կառավարում։ Որպես կառավարություն՝ այն կոչված է լավ կառավարելու: Որպես ներկայացուցչական մարմին՝ այն կոչված է լինելու… ներկայացուցչական, այսինքն՝ անել այնպես, որ ժողովուրդն ինքն իրեն ճանաչի դրա մեջ։ Ժամանակակից կանոնակարգի կանխադրույթը, իհարկե, այն է, որ երկու կողմերը որպես կանոն ձգտում են նույնական լինել, բայց այն, ինչը բնական է, պարտադիր չէ ամենատարածված տարբերակը լինի: Ամեն դեպքում կառավարության ներկայացուցչականության աստիճանն առանձին թեմա է, ինչպես և ներկայացուցչական կանոնակարգի ձևավորման կայուն բաղադրիչը։ Համաձայն իր՝ թերևս ամենալուրջ միտման՝ ներկայացուցչության գործն ավելի ու ավելի ներկայանալի ժողովրդի ավելի ու ավելի ներկայացուցչական կառավարության ձևավորումն է: Ավելի ու ավելի ներկայանալի ժողովուրդ. ես դա նշեցի: Սա այն ժողովուրդն է, որն ավելի ու ավելի ազատագրված է սոցիալական, այսինքն՝ ոչ ներկայացուցչական իշխանություններից։ Ավելի ու ավելի ներկայացուցչական կառավարությունն այն կառավարությունն է, որը ձգտում է ինքն իրեն նայել այնպես, ինչպես ժողովուրդն է նայում որպես իր իրավունքների ու կարիքների բացառիկ ծառայության, ինչպիսին ժողովուրդն ընդունում է։ Կառավարությունը, որպես կանոն, միտված է միահյուսվել հսկիչ-պետության և հասարակության իր անդամների իրավահավասարության աղբյուրին կամ սահմանափակել իր գործողությունները մի տեսակի պետության գործառույթներով, որը կոչվում է խնամակալ-պետություն: Այս փուլում կառավարելը դարձել է ներկայացուցչական կառավարության ռեցեսիվ հատկանիշ, որը գիտի միայն գործի դնել և ընդլայնել խնամակալ-պետությունը: Ինչ վերաբերում է քաղաքական ժողովրդին՝ ապա այն այսուհետ լիովին ազատված է սոցիալական իշխանություններից, բայց, կառավարության մեջ տեսնելով միայն իրավունքներ պաշտպանող և ծառայություններ մատուցող պետություն, ժողովրդի երևակայությունը զուրկ է այն շարժառիթից, որը թույլ է տալիս ընդլայնվել քաղաքական մարմնի չափերով։ Ժողովուրդը դադարել է քաղաքական ժողովուրդ լինելուց ։
Եթե ներկայացուցչական կառավարությունը միայն իրավական պետության օժանդակ մարմինն է, այն, որպես կանոն, հակված է ավելի ու ավելի անկախանալ կառավարությունից, հետևաբար նաև քաղաքական միավորումից, որը ձևավորում էր այդ կանոնակարգին համապատասխան քաղաքական ժողովուրդը: Իրավական պետությունը հակված է ավելի անկախանալ ազգային կառավարություններից և նույնիսկ ձևավորված պետական կառույցներից: Այն տարածվում է՝ ճյուղավորվելով հազարավոր ատյանների, հանձնաժողովների, կոմիտեների, «լավ կառավարման» կանոնների, պայմանագրերի և դաշնագրերի, որոնք իրավունքի/օրենքի գերակայությունը ներմուծում են եվրոպական կյանքի սերտ նյութափոխանակության մեջ, ներմուծում են դատական համակարգ՝ առանձնացված ցանկացած քաղաքական կառավարությունից, իրեն դրսևորելով որպես հոգևոր իշխանություն:
Իրավական պետությունը հակված է ավելի ու ավելի անկախանալ ազգային կառավարություններից և նույնիսկ ձևավորված պետական կառույցներից:
Եթե ներկայացուցչական կառավարությունը դրականորեն դրսևորվել և ամրապնդվել է եվրոպական պատմության մեջ, ապա դա այն պատճառով է, որ փաստացի մրցակիցների կամ թեկնածուների համեմատ այն լավագույն կառավարությունն է։ Վերջինիս ներկայացուցչական բնույթն այն է, որ այն ավելի լավ էր բավարարում քաղաքականացման ճանապարհին գտնվող ժողովրդի օբյեկտիվ կարիքները, այսինքն՝ մասնակցությանը ընդհանուր գործողություններին և կրթանքին։ «Ինքնանդրադարձի» («réflexion») բաժինը, որն այդքան վաղ և այդքան ճիշտ գիտակցվել էր Բենժամեն Կոնստանի կողմից և որը ենթադրում էր սոցիալական դասերի և խմբերի աստիճանական մուտք դեպի ժողովրդավարացող հանրապետություն, իրականում դեռ տևական ժամանակ ճնշված է եղել հավաքական գործողությունների շրջանակով: Այսօր, երբ ներկայացուցչության և մասնավոր տիրապետման ռեֆլեքսիվ տրամաբանությունն արգելափակում է ցանկացած քայլ համատեղ գործողությունների ուղղությամբ, ներկայացուցչական կառավարության ներկայացուցչական մասը կլանել է իր կառավարական բաժինը՝ դրանով իսկ քանդելով հենց կանոնակարգը։ Հետևաբար անօգուտ է ներկայացուցչական ժողովրդավարությունը լրացնելու համար մասնակցային ժողովրդավարության ուղիներ փնտրելը, քանզի այն դադարել է գործել։ Հարցն այն է, թե արդյոք հնարավոր է այն վերստեղծել:
Այսօր, երբ ներկայացուցչության և մասնավոր տիրապետման ռեֆլեքսիվ տրամաբանությունն արգելափակում է ցանկացած քայլ համատեղ գործողությունների ուղղությամբ, ներկայացուցչական կառավարության ներկայացուցչական մասը վերացրել է իր կառավարական բաժինը՝ դրանով իսկ քանդելով հենց կանոնակարգը:
Վերլուծությունը, որը ես հենց նոր ուրվագծեցի, ենթադրում է, որ ինձ համար դժվար կլինի դրական պատասխան տալ այդ հարցին։ Համենայն դեպս՝ ես կցանկանայի ստեղծված իրավիճակին մի փոքր ավելի անմիջական նկարագրություն տալ։ Այն իրադարձությունները, որոնք ես բավականին սխեմատիկորեն ամփոփեցի, հանգեցրել են լայնածավալ սոցիալական և բարոյական բաժանման: Մի կողմում անդրազգային դասն է, որը կենտրոնանում է մարդու իրավունքների և հնարավորությունների վրա՝ առանց քաղաքական սերտ պատկանելության կարիք կամ ցանկություն զգալու, մյուս կողմում՝ այն շերտերը, որոնք այսօր համարվում են… կուզեք՝ անվանեք պոպուլիստական, պոպուլիստական ժողովուրդներ, այսինքն շերտեր, որոնք կապված են համատեղ կյանքի այն ձևի հետ, որն այլևս չի կարող քաղաքականապես պաշտպանվել, քանի որ հնարավոր չէ այն խելամտորեն ներառել կանոնների և իրավունքների կառավարման ոլորտ։ Միայն սոցիալական և բարոյական այս խմբերը չեն, որ հաղորդակցելու մեծագույն դժվարություններ ունեն, սակայն երկուսն էլ կորցրել են ներկայացուցչական ժողովրդավարության առավելությունների և թերությունների նկատմամբ անկեղծ հետաքրքրությունը։ Անդրազգային դասը բավարարված է նրանով, թե ինչպես են այսօր գործում կանոնները, ինչպես են եվրոպական ինստիտուտներն այսօր ուղղորդում կանոնների գործածությունը, և խուսափում է որևէ լուրջ պայքար մղել ներկայացուցչական վարչակարգի հարության համար, որը կպահանջեր տեղ տալ մի ժողովրդի, որը, ինչպես իրեն է թվում, զուրկ է բանականությունից։ Իր հերթին՝ պոպուլիստական հակում ունեցող ժողովուրդը, որը երկար ժամանակ միմիայն բախվում է անդրազգային դասի հանդեպ արհամարհանքին և երկյուղում առանց խորհրդակցության կամ քաղաքական վերահսկման տեղի ունեցող ներգաղթի քաղաքական, սոցիալական և բարոյական հետևանքներից, հանգեցվել է ինքնահաստատման՝ այնքան սեղմ և բողոքական, որ հասարակությունն ընդհանուր առմամբ զրկվել է քիչ թե շատ մշակված կոլեկտիվ ծրագրերի օգտագործումից և գործադրումից, իսկ անհատական իրավունքները հանդես են գալիս որպես միակ հասկանալի և օրինական վկայակոչում:
Ինչպե՞ս կարող էր այն մի փոքր համոզիչ և տեղին արտահայտել իր մտահոգություններն ընդհանուր ճակատագրի վերաբերյալ, երբ ընդհանրության այս հասարակ ձգտումն արգելվեց այն հիմքով, որ առհասարակ օրինական մտահոգություն կա միայն մարդու համար։ Համենայն դեպս, անդրազգային դասը միանգամայն օրինական է համարում այն, որ կազմակերպված հանրաքվեների արդյունքները ընդհանրապես հաշվի չեն առնվում նույնիսկ կատարյալ օրինականության պայմաններում: Այն ավելի ու ավելի պատրաստակամորեն է ընդունում հանրաքվեի սպասված փաստարկները և ավելի ու ավելի բացահայտ կերպով ցանկանում, որ հավաքական կյանքի համար կարևոր որոշումները հանվեն ժողովրդավարական քվեարկությունից: Պոպուլիստական ժողովուրդն իր հերթին կարծես թե ավելի ու ավելի քիչ է հակված հաշվի առնելու միանգամայն արդար ընտրությունների արդյունքները։ Կարելի է մտածել, որ այն առանց մեծ դժվարության ժողովրդավարական վարչակարգին վերաբերող առնվազն մի քանի հարցում զոհաբերության կգնար, եթե բավարարվեին իր որոշ հիմնական, առաջնային՝ սեփական կենսակերպի պահպանման կարիքը՝ հաշվի առնելով մի փոքր համոզիչ և վճռորոշ առաջարկը: Այսպիսով՝ մեր սոցիալ-քաղաքական աշխարհի երկու բաղադրիչները իրարից հեռանում են՝ միաժամանակ հեռանալով նաև ներկայացուցչական ժողովրդավարությունից։ Իրականում հարցն այն է՝ կառաջանա՞ն արդյոք քաղաքական հայացքներ ենթադրող ուժեր, որոնք ունակ են «մեջտեղվել» երկու կողմերի կամ երկու կուսակցությունների և այդպիսով երկու կողմերին վերադարձնել ներկայացուցչական ժողովրդավարության:
Ինչպե՞ս կարող էր պոպուլիստական ժողովուրդը մի փոքր համոզիչ և տեղին արտահայտել իր մտահոգություններն ընդհանուր ճակատագրի վերաբերյալ, երբ ընդհանրության այս հասարակ ձգտումն արգելվեց այն հիմքով, որ առհասարակ օրինական մտահոգություն կա միայն մարդու համար։
Սխալական կանխատեսմանը նպաստում է այն, որ ձևավորման փուլում գտնվող ներկայացուցչական վարչակարգերի վրա ազդում են ոչ թե այս բաժանումներն ու խոչընդոտները, ինչպես 19-րդ դարում Ֆրանսիայում և եվրոպական շատ երկրներում, այլ մարդկանց մի խումբ, որին 20-րդ դարի երկրորդ կեսին հաջողվեց հաստատել ներկայացուցչական վարչակարգեր, որոնք գայթակղում են անվանել իրենց գրեթե կատարյալ, ամեն դեպքում այնքան կատարյալ՝ կարծես եկել էր պատմության վերջը։ Եվ ուրեմն մտավախություն էր առաջանում, որ մենք տեսնում և ապրում էինք քաղաքական կանոնակարգի հյուծումը, որի օրոք Եվրոպան, այսինքն՝ եվրոպական ազգերից ձևավորված ընդհանրությունը, հասել է իր հզորության և փառահեղության գագաթնակետին։ Հակիրճ վերհիշենք այս կանոնակարգի օրոք կամ դրա պատմության ողջ ընթացքում գոյություն ունեցող առանձնահատկությունների շրջանակը և աշխատանքի բովանդակությունը.
- հաղթահարել կրոնական պառակտումները՝ ինքնիշխան պետության գերագույն ուժի և օրինականության միջոցով,
- բոլորին՝ տարբեր կրոնների հետևորդներին, տարբեր շրջանների բնակիչներին, սոցիալական տարբեր խմբերի ներկայացուցիչներին, գյուղացիներին, աշխատավորներին և այլոց, ֆրանսիացու վերածելով դարձնել իրավահավասար քաղաքացիներ` հավասարապես կապված իրենց երկրին,
- ներգրավել նրանց հանրակրթության մեջ, որն իրականացնում էր հանրապետությունը և որը պահանջում էր և արժանի էր հավատարմության ու նվիրվածության:
Պատմական այս կառույցի վերջնանպատակը կարելի է ամփոփել այսպես. լիարժեք ազատությամբ մասնակցել ընդհանուր գործին, որն ունի իշխանություն՝ ձևավորելու քաղաքացիների կյանքը։ Այս հեռանկարը հետզհետե անտեսվել էր անցած կես դարի ընթացքում: Գործողության միակ ուղղությունը, որ օրինական կլիներ այսօր, նպատակաուղղված պիտի լինի առհասարակ մարդկանց կառավարմանը: Մարդկության ստորաբաժանումները կամ տեղամասերն այլևս մեզ համար մեծ նշանակություն չունեն, այլևս մեր գործողության հիմնական շրջանակները կամ օբյեկտները չեն, մենք դրանք ընկալում ենք միայն որպես կապվածության պատրվակներ, զգացմունքային թեմաներ և ամենևին ոչ որպես բացառիկ հավատարմության և հոգևոր անձնվիրության օբյեկտներ:
Այսպիսով՝ ներկայացուցչական հանրապետության վերածննդի խնդիրը թվում է մեր ուժերից վեր հետևյալ երկու պատճառով. այն պահանջում է միջոցներ և գործելու ձգտում, որոնք, ըստ երևույթին, մեզ պակասում են, և երկրորդը՝ այս ջանքը մենք գործադրեցինք, մենք թույլ տվեցինք, որ այն տապալվի, մենք այլևս չենք ուզում դա կրկնել, այն մեզանից «միամտություն» կպահանջի, որը մենք կորցրինք: Եթե դա այդպես է, մենք ստիպված ենք հաստատել Բենժամեն Կոնստանի ախտորոշումը. մեր «ինքնանդրադարձը» («réflexion») խանգարում է մեզ գործել: Հետևաբար՝ երկու կողմերը, որոնց միջև կարծիքը երկատվում է, հավասարապես հիմար դրության մեջ կլինեին. ոմանք կարծում են, որ մենք կարող ենք ապրել առանց գործող քաղաքական համայնքի, մյուսները՝ որ մենք կարող ենք ստեղծել կամ վերստեղծել նման գործող քաղաքական համայնք:
Գործողության միակ հեռանկարը, որն այսօր օրինական կլինի, այն է, որը նպատակաուղղված է առհասարակ մարդկանց կառավարմանը:
Ինչպե՞ս վերադարձնել արժանահավատությունը, լեգիտիմությունը, համատեղ գործողությունների ուժը, որոնց սնողը կլիներ համայն եվրոպականը, իսկ գլխավոր դերակատարները կլինեին եվրոպական ազգերը։
Թարգմանչա-խմբագրական կազմ՝ Հերմինե Մուրադյան (Hermine Muradyan), Տաթև Թադևոսյան (Tatev Tadevosyan) © Բոլոր իրավունքները պաշտպանված են: