Կանայք ու տղամարդիկ քաղաքականապես բևեռանո՞ւմ են միմյանցից

Արդյո՞ք երիտասարդ կանայք ու տղամարդիկ գնալով քաղաքականապես ավելի են բևեռանում միմյանցից

Նոր ուսումնասիրությունները թույլ են տալիս ենթադրել, որ երիտասարդ կանայք դառնում են ավելի ձախամետ, իսկ երիտասարդ տղամարդիկ՝ ավելի աջամետ: Դա հատկապես վերաբերում է գենդերային թեմային։ Եվ այդ ամենի պատճառները բազմատեսակ են: 

Ըստ հետազոտողների` երիտասարդ կանայք ավելի շատ են անարդարություն զգում, երբ խոսքը վերաբերում է գենդերային փոխհարաբերություններին, քան երիտասարդ տղամարդիկ, և շատ ավելի հավանական է, որ իրենց ֆեմինիստ համարեն: Լուսանկարիչ՝ Էմիել Մույդերման, IMAGO

Երբ Լիզա Մեյերը խոսում է քաղաքականության մասին, նրա ձայնը եռանդուն է դառնում։ «Սարսափելի է, թե ինչքան շատ  երիտասարդներ են Instagram-ում կամ Tiktok-ում աջամետ  մեկնաբանություններ տարածում», – ասում է 19-ամյա աղջիկը, որ ապրում է Վիեննայի մոտակայքում: Նրան անհանգստացնում է այն, որ հատկապես երիտասարդ տղամարդիկ հաճախ սխալ են օգտագործում ֆեմինիզմ տերմինը: «Ոմանք կարծում են, որ ֆեմինիզմը ճնշում է տղամարդկանց և վերադասում կանանց»: Փոխարենը, խոսքը հավասարության մասին է, որից կշահեին նաև տղամարդիկ։ 

Վիեննայից մոտ 150 կիլոմետր հեռավորության վրա ապրող Մարտին Էփլերը ձգվում է մարզաաձողի վրա: Էփլերը` լայնաբազուկ է, բարձրահասակ, սիրում է տարբեր բաներ նախաձեռնելլ. իր ծնողների` Ստորին Ավստրիայում գտնվող ավտոտնակում վերանորոգում է հին մոպեդներ, փայտ տեղափոխում դեպի պատշգամբ կամ դասընկերների հետ աշխատում մեքենաների նոր մոդելների վրա: Ընդհանուր առմամբ, երկրում հավասարությունն արդեն բավականին երկար ճանապարհ է անցել, ինչպես ասում է 18-ամյա երիտասարդը։ «Մեզ մոտ ամեն մեկը կարող է անել այն, ինչ ուզում է»: 

Աճող պառակտում

Էփլերը և Մայերը, որոնց իրական անուններն այլ են, երկուսն էլ պատկանում են այսպես կոչված Z սերնդին. սրանք այն մարդիկ են, որ ծնվել են 1997-ից 2012 թվականներին: Սակայն, երբ խոսքը վերաբերում է քաղաքական հայացքներին, նրանք ապրում են երկու տարբեր աշխարհներում: 

Որոշ հետազոտողներ դրանում ավելի մեծ միտում են տեսնում: Աճող պառակտում մեկ սերնդի ներսում: Ոչ թե քաղաքի և գյուղի, ակադեմիկոսների և ոչ ակադեմիկոսների կամ հարուստների և աղքատների, այլ սեռերի միջև: Ձախերի և աջերի միջև անջրպետ, որը հատկապես նկատելի է, երբ խոսքը վերաբերում է ֆեմինիզմին և գենդերային թեմաներին: Տարբերություն, որը, ըստ հետազոտողների, շուտով կարող է ակնհայտ դառնալ ոչ միայն ընտրություններում, այլև անձնական կյանքում։ 

Ֆեմինիզմը խտրականություն է դնում տղամարդկանց նկատմամբ

Անցյալ տարի Ipsos շուկայական հետազոտությունների ​​ընկերության կատարած ուսումնասիրության համաձայն՝ Ավստրիայում տղամարդկանց 29 տոկոսն իրեն բնութագրում է որպես ֆեմինիստ, մինչդեռ կանանց դեպքում 39 տոկոսն է իրեն այդպիսին համարում, հատկապես Z սերնդի երիտասարդ կանայք: Տղամարդկանց գրեթե կեսը այն կարծիքին է, որ կանանց իրավահավասարությունն արդեն այնքան է խրախուսվել, որ խտրականություն է դրսևորում տղամարդկանց նկատմամբ։

Որպես տղամարդ՝ Էփլերը երբեմն զգում է, որ իր հետ անարդար են վարվում։ «Որպես տղամարդ պետք է զինծառայություն կամ հասարակական աշխատանք կատարես, որպես կին՝ պարտավոր չես»։ Սա փաստացի արդարացում չունի։ Տղաների համար նաև շատ ավելի դժվար է ակումբ մտնել, քան աղջիկների: Այն փաստը, որ վերջին շրջանում այդքան տարածված են գենդեր չեզոք բառերը, չափից դուրս է, կարծում է նա: 

Մայերը չի կարող դա հասկանալ։ «Կարծում եմ՝ հաճելի է, երբ քեզ դիմում են նաև որպես կնոջ»։ Ահա թե ինչու է սեռը կարևոր: Բացի այդ, բառին մի քանի տառ ավելացնելն ավելի հեշտ է, քան գենդերային առումով նեյտրալ բառապաշարից բողոքելը։ Նա նորից ու նորից լսում է նույն տարիքի տղամարդկանց փաստարկը, որ կանայք չպետք է բողոքեն, քանի որ Ավստրիայում իրենք արդեն այնքան լավ են ապրում: «Իհարկե, մենք կարող ենք մեզ աներևակայելի բախտավոր համարել, որ ապրում ենք Ավստրիայում: Բայց այնպես չէ, որ այստեղ շատ այլ խնդիրներ չկան»:

Տարբեր փորձառություններ

Մեյերն ասում է, որ անձամբ մի քանի անգամ բախվել է սեքսիզմի: «Ինձ ասում են՝ դու աղջիկ ես ու այդքան էլ լավ չես վարում մեքենա։ Կամ՝ ինձ պետք են մի քանի ուժեղ տղամարդիկ, որոնք օգնեն տանել այսինչը»: 

Համաձայն 2020 թվականի մի ուսումնասիրության՝ Ավստրիայում կանանց գրեթե կեսը խտրականության զգացում է ունեցել վերջին երեք տարիներին, ընդ որում՝ սեքսիզմը նշվում է որպես ամենատարածված պատճառ։ 

14-ից 25 տարեկան աղջիկներն ու կանայք հատկապես հաճախ են ենթարկվել խտրականության՝ ավելի քան 60 տոկոսով: Տղամարդիկ, ընդհակառակը, գրեթե երբեք սեքսիզմի չեն բախվել: 

Անարդարության ավելի մեծ գիտակցում

Այս տարբերությունները կարող են արտահայտվել նաև քաղաքական հայացքներում։ «Երիտասարդ կանայք, անշուշտ, ավելի հանդուրժող են, նրանք սովորաբար ավելի կոսմոպոլիտ են, քաղաքականապես ավելի ձախակողմյան և ավելի քիչ են ենթարկվում պոպուլիզմի ազդեցությանը», – ասում է Ինսբրուկի համալսարանի քաղաքագետ և գենդերային հետազոտող Ջուդիթ Գյոտցը: Վերջին տարիներին այդ ամենը կրկին ապացուցվել է նոր ուսումնասիրություններով: Շատ երիտասարդ կանայք անարդարության ավելի մեծ զգացում ունեն, հատկապես երբ խոսքը վերաբերում է գենդերային հարցերին: 

«Երիտասարդ կանայք և տղամարդիկ երբեմն շատ տարբեր կերպ են ընկալում քաղաքականությունը», – ասում է Ֆլավիա Էնենգլը, Վիեննայի L&R սոցիալական հետազոտությունների ինստիտուտի գիտնական, որը վերջերս հետազոտություն է անցկացրել երիտասարդ կանանց քաղաքական հետաքրքրությունների վերաբերյալ: Գենդերային կարծրատիպերը նույնպես դեր են խաղում: Մինչ երիտասարդ կանայք ավելի շատ հետաքրքրված են առողջությամբ, ընտանիքով, կրթությամբ և իրավահավասարությամբ, երիտասարդ տղամարդկանց համար տնտեսական խնդիրներն ավելի կարևոր են: Շատ երիտասարդ կանայք քաղաքականության մեջ օրինակելի կին մոդելների պակաս ունեն, մինչդեռ երիտասարդ տղամարդկանց համար վերջինիս բացակայությունը դժվար թե խնդիր լինի: 

Տարբերությունները երբեք այսքան մեծ չեն եղել

Այս միտումն ակնհայտ է նաև արտերկրում։ Քյոլնի համալսարանի հետազոտող, սոցիոլոգ Անսգար Հուդեի ուսումնասիրության համաձայն՝ Գերմանիայում տղամարդկանց և կանանց ընտրություններում քվեարկության վարքագծի տարբերությունը վերջին տարիներին ավելացել է, հատկապես երիտասարդների շրջանում: «Երիտասարդ տղամարդկանց և կանանց միջև քաղաքական տարբերությունները երբեք այդքան մեծ չեն եղել», – ասում է Հուդեն: 

Մինչ 18-ից 24 տարեկան երիտասարդ կանայք գնալով ավելի շատ են քվեարկում ձախ ուժերի օգտին, երիտասարդ տղամարդիկ հակված են քվեարկելու կենտրոնամետ կամ աջ ուժերի օգտին: Երիտասարդ կանայք քվեարկում են Կանաչների՝ Միություն-90-ի օգտին միջինից բարձր տոկոսային հարաբերությամբ, մինչդեռ FDP-ն` Ազատ դեմոկրատական կուսակցությունը, հատկապես հայտնի է երիտասարդ տղամարդկանց շրջանում` իր ավելի աջամետ, տնտեսապես ազատական ​​կողմնորոշման պատճառով: 

«Սրա բացատրություններից մեկը կարող է լինել այն, որ կանայք ավելի հաճախ քվեարկում են այն կուսակցությունների օգտին, որոնք ամուր կապված են հավասարության և ֆեմինիզմի գաղափարներին», – ասում է Հուդեն: Երիտասարդ տղամարդկանց համար հատկապես արդիական են թվայնացման և արդիականացման թեմաները։ «Ես կարող եմ պատկերացնել, որ երիտասարդ տղաների շրջանում կա որոշակի հիասթափություն, որ նրանք իրենց չեն տեսնում որպես սոցիալական զարգացման հաղթողներ»: 

Ազդեցություն սոցիալական մեդիայի միջոցով

Գյոտցի համար գենդերային դերերի վերաբերյալ սոցիալական ճնշումը նույնպես կարևոր կետ է: Սա հատկապես երիտասարդ տղամարդկանց է վերաբերում: Մինչ երիտասարդ կանանց ավելի մեծ ազատություն է տրվել իրենց դաստիարակության մեջ՝ սեփական զգացմունքներին լսելու և ձախողումներ թույլ տալու առումով, երիտասարդ տղամարդկանցից դեռ հաճախ պահանջվում է լինել հաջողակ և լավ կարիերա ունենալ: 

«Պահպանողական և աջ գաղափարախոսությունները հատկապես երիտասարդ տղամարդկանց առաջարկում են գրավիչ տարբերակ` նրանց կողմնորոշում տալով», – ասում է Գյոտցը: Այնուհետև ավելացնում, որ բնական է, թե ինչպես են տղամարդիկ իրենց պահում և ինչ դեր ունեն հասարակության մեջ։ Արտոնյալ արական հասարակության ստատուս քվոն դիտվում է որպես դրական բան, ինչպես և «բնական առնականությունը»:

Սոցմեդիան և դրա ստեղծած կեղծ տեղեկատվության ու համոզմունքների պղպջակը մեծացրել են ազդեցությունը երիտասարդ տղամարդկանց և նրանց ինքնության ձևավորման վրա, ինչպես պնդում է Գյոտցը:

«Տղամարդկանց հզորացում»

Սրա մասին վկայում են նաև արտերկրից կատարվող ուսումնասիրությունները։ Ինչպես ցույց է տալիս Մեծ Բրիտանիայում անցկացված մի հարցում, ամերիկացի-բրիտանացի ձեռնարկատեր և ինֆլյուենսեր Էնդրյու Թեյթի նման մարդիկ մեծ ազդեցություն ունեն հատկապես երիտասարդ տղամարդկանց վրա: Թեյթը դարձել էր համացանցի աստղ իր կնատյաց կարգախոսներով։ Շատ երիտասարդներ գովաբանում էին նրան «տղամարդկանց հզորացման» խթանման համար: Նախկին բռնցքամարտիկի դեմ ներկայումս դատական գործ է հարուցված Ռումինիայում, որտեղ նա մեղադրվում է մարդկանց թրաֆիքինգի, կազմակերպված հանցավորության և բռնաբարության մեջ:

Այնուամենայնիվ, 16-ից 29 տարեկան յուրաքանչյուր հինգերորդ տղամարդը դրական է վերաբերվում Թեյթին, ինչպես ասվում է բրիտանական վերոնշյալ հետազոտության մեջ՝ երեք անգամ ավելի, քան այդ տարիքի կանայք: Z սերնդի տղամարդկանց 16 տոկոսը հարցման ժամանակ նույնպես ասել է, որ ֆեմինիզմն ավելի շատ վնաս է պատճառել, քան օգուտ:

Չնայած կամ շնորհիվ իր կնատյաց հայտարարությունների՝ Էնդրյու Թեյթը շատ հայտնի է բազմաթիվ երիտասարդների շրջանում: Լուսանկարիչ՝ Ռոբերտ Գեմենտ, EPA

Բեկում  MeToo-ի միջոցով

Ատլանտյան օվկիանոսից այն կողմում Դենիել Քոքսը նստած է Վաշինգտոնի իր գրասենյակում և պատրաստում է նոր հարցում երիտասարդ տղամարդկանց և կանանց քաղաքական հայացքների վերաբերյալ: Ամերիկյան հետազոտության կենտրոնի գիտնական Քոքսը երկար տարիներ ուսումնասիրել է այս զարգացումները: Նա ասում է. «Այն փաստը, որ երիտասարդ տղամարդիկ և կանայք քաղաքականապես հեռանում են միմյանցից, կապ ունի նաև MeToo-ի հետ» [1]: Թեև շատ կանայք վճռականորեն աջակցում շարժմանը և ավելի ուժեղ արտահայտում իրենց մտահոգություններն ու խնդիրների լուծման տարբերակները, շարժումը շատ տղամարդկանց կողմից մերժման արժանացավ:

«Որոշ տղամարդիկ արձագանքեցին՝ իրենց վրայից հեռացնելով պատասխանատվությունը: Նրանք կապ չունեին այս հարցի հետ», – ասում է Քոքսը: Սակայն շատերը շարժումն ընկալեցին նաև որպես հարձակում և ի պատասխան սկսեցին «հիպերառնականության գաղափարախոսություն»։ Հատկապես Թրամփի նման մարդիկ ասում էին երիտասարդներին. «Մենք ուժեղ ենք և թույլ չենք տա մեզ տնօրինել»։

ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը բազմաթիվ երիտասարդների հորդորել է որդեգրել պահպանողական «առնականության գաղափարախոսությունը»։ Լուսանկարիչ՝ Ջոն Մաբանգլո, EPA

Ֆեմինիզմը՝ որպես զրոյական հաշվով խաղ

Մինչ երիտասարդ տղամարդկանց առնականությունը ավելի ու ավելի է ներկայացվում բացասական լույսի ներքո այնպիսի տերմինների միջոցով, ինչպիսիք են տոքսիկ առնականությունը, նման պահպանողական տեսակետը շատերին առաջարկում է այլընտրանք, որը չի ստիպում նրանց վատ զգալ, ինչպես ասում է Քոքսը: «Շատ երիտասարդ տղամարդիկ ավելի ու ավելի են ընկալում ֆեմինիզմը որպես զրոյական հաշվով խաղ. եթե կանայք հաղթում են, նշանակում է, որ տղամարդիկ պարտվում են»:

Գյոտցը MeToo-ն համարում է բազմաթիվ գործոններից միայն մեկը: Շարժումը ներառված է ընդհանուր սոցիալական բանավեճի մեջ, որտեղ գենդերային հավասարությունն այսօր շատ ավելի մեծ դեր է խաղում: «Սա խարխլում է որոշակի արտոնություններ և երևույթներ, որոնք ինքնըստինքյան համարվում են բնականոն, և դա նկատելի է դարձել նաև երիտասարդ տղամարդկանց համար»:

Ազդեցություն անձնական կյանքի վրա

Միևնույն ժամանակ, իրավիճակը պարադոքսալ է նաև երիտասարդ կանանց համար, ինչպես ասում է Գյոտցը. «Այսօր նրանց ներշնչվում է, որ բոլոր դռները բաց են իրենց առջև: Բայց գործնականում նրանք հետո զգում են, թե ինչպես է արական սեռի գործընկերը ձեռք գցում նրանց վրա տղամարդկանց կողմից գերակշռող ընկերությունում: Կամ նրանք պատերին տեսնում են օրացույց՝ մերկ կանանց պատկերներով»։

Ի՞նչ հետևանքներ է ունենում գենդերային պառակտման մեծացումը հասարակության վրա։ Ամենից առաջ Անսգար Հուդեն փոփոխություններ է տեսնում անձնական կյանքում: «Կլինեն ավելի ու ավելի շատ զույգեր, որոնցում զուգընկերները տարբեր քաղաքական հայացքներ կունենան: Այս ամենը քաղաքական հակամարտությունը բերում ընտանիք:

Երբեմն սա կարող է նաև կառուցողական լինել: «Այս ամենը կարող է նաև նվազեցնել հակառակ կողմի հանդեպ նախապաշարմունքները և, ի վերջո, ամրապնդել համախմբվածությունը»:

Հաղթահարել տարբերությունները

Միգուցե դա ընդհանրապես շատ երիտասարդների չի համախմբում։ Հարավային Կորեայում, օրինակ, կանանց ծնելիությունը՝ 0,81 երեխա մեկ կնոջ հաշվով, ավելի ցածր է, քան աշխարհի գրեթե ցանկացած այլ երկրում. զարգացում, որը շատ փորձագետներ կապում են գենդերային անհավասարությունների և ավանդական գենդերային դերերի հետ:

«Ես երբեք չէի լինի մեկի հետ, ով աջամետ է», – ասում է Լիզա Մեյերը: Tinder-ի նման ծանոթությունների հարթակներում նա միշտ ուշադրություն է դարձրել պրոֆիլներում ներկայացված քաղաքական հայացքերին և ֆեմինիզմն ու կանանց իրավունքները հատուկ նշել իր հետաքրքրությունների մեջ:

Այս քաղաքական տարբերությունների հաղթահարումը սոցիալական մեծ խնդիր է, ինչպես ասում է Գյոտցը: Սա պահանջում է ոչ միայն երիտասարդ կանանց, այլև երիտասարդ տղամարդկանց հզորացում: «Ուսուցիչները և ծնողները պետք է գիտակցեն, որ երիտասարդ կանայք և տղամարդիկ բախվում են շատ տարբեր սոցիալական մարտահրավերների»:

Դիմանալ հակասություններին

Խոսքը այն մասին է, որ չպետք ենթարկվել գենդերային նորմատիվ ակնկալիքներին, այլ այն, որ պետք է գտնել այնպիսի ինքնություն, որտեղ ձեզ հարմար կլինի: «Դա նշանակում է, որ ես նույնպես պետք է դիմադրեմ հակասություններին, որ չկա հստակ արական կամ իգական ինքնություն, բայց ես կարող եմ կյանքի բազմաթիվ ծրագրերից ընտրել ինձ համար լավը»:

Գուցե դա երբեմն նշանակում է ավելի ուշադիր լինել, ինչպես ասում է Գյոտցը: Օրինակ, այնպիսի մարդկանց հանդեպ, ինչպիսին է Էնդրյու Թեյթը, և ինքներդ Զեզ հարցնեք՝ իսկապե՞ս ուզում եք այդպիսին լինել: Եվ ի՞նչ կլիներ, եթե Զեզ հետ այդպես վարվեին:

Ծանոթագրություն

[1] (թարգմանչի կողմից) սեռական բռնության ու ոտնձգությունների դեմ պայքարին ուղղված հասարակական շարժում ու տեղեկատվական արշավ է, որ սկիզբ է առել 2017 թվականին։

Բնօրինակի հեղինակ՝ Jakob Pallinger, Der Standard

Թարգմանիչ՝ Լուսինե Մնոյան (Lusine Mnoyan) © Բոլոր իրավունքները պաշտպանված են: