Հայ-թուրքական երկխոսությունը

«Հայ-թուրքական երկխոսությունն» ուղարկվել է Fresnes բանտից` անհայտ ամսաթվով: Այն լույս տեսավ «Սարդարապատի» 1987 թ. հունվարի թողարկման մեջ:

Հայկական մամուլում ու հայրենասիրական շրջանակներում հաճախ է խոսվում այն մասին, թե անհրաժեշտ է, որ հայ և թուրք ժողովուրդների ներկայացուցիչները միասին նստեն ու որևէ կերպ համաձայնության գան հայ ժողովրդի իրավունքների հարցում: Գրեթե բոլորս համամիտ ենք, որ այդպիսի երկխոսությունն անհրաժեշտ է: Դժբախտաբար, շատ հաճախ շփոթում են թուրք ժողովրդի* ներկայացուցիչների հետ երկխոսությունը և թուրքական կառավարության հետ երկխոսությունը:

Թուրքական պետությունը չպետք է համարվի թուրք ժողովրդի ներկայացուցիչ: Այդ պետությունը ճնշում ու շահագործում է թուրք ժողովրդի մեծամասնությանը: Թուրքական ոստիկանությունը, բանտերի պաշտոնյաները, ռազմական ղեկավարներն ու դատարանները բանտարկում, տանջում և սպանում են թուրք առաջադիմականներին, «թրեյդ յունիոնիստներին» ու սոցիալիստներին, Թուրքիայի դպրոցներն ու կառավարությանը պաշտպանող լրատվամիջոցները վարկաբեկում են բոլոր ազգերի մարտիկներին ու հեղափոխականներին: Թուրքական պետությունը թշնամին է ինչպես հայ և քուրդ ժողովուրդների, այնպես էլ թուրք ժողովրդի, այլ ոչ թե` նրա ներկայացուցիչը: Ուստի, եթե մենք ուզում ենք երկխոսություն սկսել թուրք ժողովրդի ներկայացուցիչների հետ, ապա պետք է նրանց փնտրենք բյուրոկրատիայից և բռնակալ վարչակարգից դուրս:

Իհարկե, կան ուրիշ շատ կարևոր պատճառներ, որոնք մեզ արգելում են անգամ փորձ կատարել` խոսելու թուրքական պետության ներկայացուցիչների հետ: Նախ, դա անարդյունք կլինի: Իր ռասիստական ու էքսպանսիոնիստական պաշտոնական գաղափարախոսությամբ` թուրքական պետությունը Երիտթուրքերի և Աթաթուրքի ավանդույթների բնականոն շարունակողն է: Մենք բարոյական որևէ հիմք չունենք` հարաբերությունների մեջ մտնելու ֆաշիստական ռազմաշունչ մի վարչակարգի հետ: Որպես իմպերիալիզմի առաջամարտիկ, թուրքական պետությունն ապահովում է բազմազգ ընկերությունների և Միացյալ Նահանգների Պենտագոնի շահերի իրագործումը, այլ ոչ թե պաշտպանում սոցիալական արդարությունն ու ժողովուրդների իրավունքները: Մի պետություն, որ չի ճանաչում անգամ իր սահմաններից ներս բնակվող ավելի քան 10 միլիոն քրդերի* իրավունքները, երբեք չի ճանաչի այդ սահմաններից դուրս բնակվող մի քանի միլիոն հայերի ազգային իրավունքները: Եվ սա չի դադարի ճշմարիտ լինել, եթե նույնիսկ օտար պետությունները երբևէ աջակցեն հայերի պահանջատիրությանը: Ներկայիս թուրքական պետության ներկայացուցիչները երբեք չեն բանակցի մեզ հետ վստահության մթնոլորտում, եթե անգամ մենք պատրաստակամություն հայտնենք:

Բարեբախտաբար, այդ պետությունն ու տնտեսական համակարգը հավերժական չեն: Թուրքիայում դանդաղորեն հասունանում է հեղափոխական իրավիճակը: Քուրդ ժողովուրդը շարունակում է պայքարել, թուրք աշխատավորները կազմակերպում են, իսկ տարբեր փոքրամասնություններ` գտնում դիմադրության նոր ուղիներ: Մի օր այս հեղափոխական ուժերը կարող են դառնալ նոր և հիմնավորապես տարբեր թուրքական պետության ներկայացուցիչներ:

Ի հայտ եկող թուրքական ու քրդական հեղափոխական ուժերը մղում են նույնպիսի պայքար, ունեն գաղափարական նույնպիսի ուղղվածություն, ինչպիսին` հայ հեղափոխականները: Եթե մենք հայ-թուրքական երկխոսություն ենք ուզում, ապա պետք է մեր հայացքն ուղղենք հեղափոխականներին, ոչ թե այն պետության ներկայացուցիչներին, որ մեր ոխերիմ թշնամին է: Զինված պայքարը, այլ ոչ թե երկխոսությունն է թուրքական պետության հետ գործ ունենալու ճանապարհը. այդ պայքարը պետք է լինի անզիջում ու շարունակական, մինչև որ թուրքական պետության բռնակալ ու բյուրոկրատական համակարգը փլուզվի:

Այստեղ թերևս որոշ հայեր ինձ ընդհատեն. «Սպասի՛ր. մենք մի անգամ համագործակցեցինք Երիտթուրքերի հետ և տեսանք, թե ինչ եղավ»: Այս առարկությունն ունի պարզ պատասխան: Նախ, այսօրվա` իրոք հեղափոխական թուրքական կազմակերպությունների քաղաքականությունը, գաղափարախոսությունը և սոցիալական ու տնտեսական ծրագրերը կապ չունեն Երիտթուրքերի ռասիստական ու էքսպանսիոնիստական նկրտումների հետ: Երկրորդ, համագործակցությունը մեր ըմբռնմամբ չի նշանակում ենթարկվել ուրիշ ուժերի կամ զինաթափվել: Այսօրվա վարչակարգի հետ խոսելը նման կլինի Երիտթուրքերի հետ համագործակցելուն: Իսկ Երիտթուրքերի քաղաքականությանը մեկընդմիշտ վերջ տալու միակ իրատեսական ճանապարհը թուրք և քուրդ հեղափոխական ուժերին միանալն է` ներկա թուրքական վարչակարգի դեմ նրանց պայքարում:

Փաստորեն, հայ և թուրք հեղափոխականների միջև երկխոսությունն աննախադեպ քայլ չի լինի: Այդպիսի երկխոսություն, օրինակ, նախաձեռնվեց 6 տարի առաջ: 1980-ին, երբ ՀԱՀԳԲ-ի շարքերն արագորեն համալրվում էին, այդ խումբը կապեր հաստատեց մեկից ավելի թուրքական հեղափոխական կազմակերպությունների հետ: Երկխոսությունն ու համագործակցությունն ընթանում էին բնականոն ձևով, և որևէ միջնորդի կարիք չկար: Ոչ միայն հարաբերությունները սրտանց էին ի սկզբանե, այլև խոսակցությունն ընթանում էր այնպիսի ջերմ մթնոլորտում, որ հատուկ է կողք-կողքի մարտնչող ընկերներին: Մենք հաճախ էինք հայերի հանդիպում նաև նրանց շարքերում: Չնայած քաղաքական որոշ անհամաձայնություններին` մենք կարողանում էինք աշխատել միասին: Այդ կազմակերպություններից մի քանիսն այսօր էլ հայոց ազգային հարցի վերաբերյալ այնպիսի դիրքերում են, որ լիովին չեն համապատասխանում մեր ցանկություններին: Այնուամենայնիվ` մեծ առաջընթաց կա նրանց` 6 տարի առաջ ունեցած հայացքների համեմատ:

«ՀԱՀԳԲ հեղափոխական շարժումը» Թուրքիայի սահմաններից ներս հայերի ներկայության ապահովումը համարում է մեր պայքարի ամենակարևոր ուղին: Այս ռազմավարությունը ենթադրում է ոչ միայն երկխոսության մեջ մտնել, այլև ակտիվորեն համագործակցել Թուրքիայի բոլոր հեղափոխական ուժերի հետ: Փոխըմբռնման և քաղաքական դիրքորոշումների հաշտեցման փուլն արդեն սկսվել է: Հետագա համագործակցության ընթացքում մենք ավելի զգալի հաջողությունների կհասնենք: Իսկ այժմ մենք թուրքական պետության ներկայացուցիչներին որևէ ասելիք չունենք, այլ մեր խնդիրն է` պայքար կազմակերպելը:


Մոնթե Մելքոնյան «Պայքարելու իրավունքը. Հայոց ազգային հարցի մասին Մոնթե Մելքոնյանի գրվածքների ընտրանի», 2007թ․ [The Right to Struggle: Selected Writings of Monte Melkonian on the Armenian National Question, 1993]


Աղբյուրը՝ hambardzum.am կայքի արխիվ