2022թ. հունվարի 23-ին ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հրաժարական տվեց: Տեքստը հրապարակվեց կիրակի երեկոյան՝ ոչ աշխատանքային օրով՝ նախագահի արձակուրդում գտնվելու ժամանակ: Զարմանալի զուգադիպությամբ Արմեն Սարգսյանը հրաժարական տվեց արտերկրից, նույն կերպ նա վարվել էր 1997թ.-ի փետրվարին, երբ հրաժարական էր տվել ՀՀ վարչապետի պաշտոնից՝ գտնվելով Լոնդոնում:
Իր որոշումը Սարգսյանը հիմնավորել է իր կարգավիճակից բխող իրավական ու քաղաքական սահմանափակ լիազորություններով: Ըստ Սարգսյանի՝ պետականության երաշխավորը` հանրապետության նախագահը Սահմանադրությամբ չունի երկրում ներքաղաքական իրավիճակի վրա ազդելու որևէ լծակ:
Արմեն Սարգսյանի նախագահ ընտրվելու ժամանակ արդեն գործում էին նոր սահմանադրության դրույթները՝ նախագահի սահմանափակ լիազորություններով: Փաստ է, որ նա ի սկզբանե գիտեր, թե ինչ լիազորություններ է ունենալու, որ դրանք ռեալ քաղաքական գործընթացում որևէ լուրջ ազդեցություն, բացի արարողակարգային հայտարարություններից, չեն կարող ունենալ, և հրաժարականի իր հիմնավորումները առնվազն տարօրինակ են։
Արմեն Սարգսյանը հայկակական քաղաքականության հնաբնակներից է։ Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի օրոք եղել է Միացյալ Թագավորությունում ՀՀ դեսպան, 1996-97թթ.՝ վարչապետ, 1998-2000թթ․ վերանշանակվել է ՄԹ-ում և Վատիկանում դեսպան: 2000-2013թթ. եղել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի և այլ միջազգային ընկերությունների գլխավոր խորհրդատու: 2013-2018թթ. կրկին եղել է ՄԹ-ում ՀՀ դեսպան: Սարգսյանը երբեք սեփական քաղաքական թիմը չի ունեցել ու միշտ հանդես է եկել որպես անհատ քաղաքական գործիչ։
2018թ.-ին ընդունում է գործող նախագահ Սերժ Սարգսյանի առաջարկը՝ դառնալու ՀՀ չորրորդ նախագահ։ Ըստ նոր՝ 2015թ.-ի սահմանադրության՝ երկիրը կիսանախագահական կառավարման համակարգից անցնում էր խորհրդարանականի՝ վարչապետին տրվող սուպերվարչապետական լիազորություններով, այնինչ նախագահն ու նախագահի ինստիտուտը դառնում էին սիմվոլիկ ու արարողակարգային։ Հենց այդ գործընթացներն էլ հանգեցրին «Թավշյա հեղափոխությանը» և Սերժ Սարգսյանի հրաժարականին:
Խանդոտ հեղափոխականներն ու «անվստահելի» նախագահը
2018-ի ապրիլյան հայտնի իրադարձություններից հետո, երբ վարչապետ է ընտրվում Նիկոլ Փաշինյանը և սկսում է իշխանության տրանզիցիայի փուլը, նոր իշխանությունները ամեն ինչ անում են դուրս մղելու նախկին էլիտաներին։ Արմեն Սարգսյանը սկսում է պարբերաբար ու հանրայնորեն դժգոհել նախագահի սահմանափակ լիազորություններից: Բայց, այնուամենայնիվ, այդպես աշխատում է չորս տարի։ Նոր իշխանություններն էլ կասկածանքով ու անվստահությամբ էին վերաբերվում Արմեն Սարգսյանին՝ նրան համարելով Սերժ Սարգսյանի դրածոն։
Նոր իշխանությունների կողմից խանդը և քաղաքական մրցակցության վախը երբեմն այն աստիճանի էր հասնում, որ օրինակ երկրի ամենահայտնի «Հանրային» հեռուստընկերությամբ, որն ուղղակի կառավարվում է իշխանությունների կողմից, հեղափոխությունից հետո տևական ժամանակ չէր լուսաբանվում նախագահի գործունեությունն ու նույնիսկ այնպիսի կուրիոզ էր ստեղծվել, որ Ամանորի գիշերվա ամենամյա նախագահական մաղթանքը այդ տարի՝ 2018-ին չցուցադրվեց։
Արմեն Սարգսյանը միշտ էլ խոսել է իր միջազգային կապերի ու սփյուռքի հետ կամուրջներ ստեղծելու մասին։ Հայաստանում և արտերկրում նախագահ Սարգսյանը հայտնի է իր մեծաքանակ ընկերների ու բիզնեսգործընկերների մեծ ցանցով, որոնց թվում այնպիսի դեմքեր, ինչպիսիք են Քաթարի Էմիրը, ՄԹ արքայազն Չարլզը, Ն. Նազարբաևի ավագ դուստր Դարիգա Նազարբաևան և այլք։ Այնինչ նույն նախագահը 2020թ. օգոստոսի 10-ին, Ղարաբաղյան երրորդ պատերազմից մեկ ամիս առաջ համարյա մարտակոչ է ուղարկում Թուրքիայի կողմը՝ հիշեցնելով թուրքական արտաքին քաղաքականության ու պետականության ամենաառանցքային ու ցավոտ թեման՝ Սևրի դաշնագիրը, և այն էլ, պատահականությամբ, թե օրինաչափությամբ, սիրիական «Ալ Ազմենահ» լրատվականին՝ հայտարարելով. «Սևրի պայմանագիրն այսօր էլ մնում է որպես կարևոր փաստաթուղթ՝ Հայկական հարցի արդարացի լուծման համար»։ ՀՀ բոլոր իշխանությունները երբեք ցեղասպանության միջազգային ճանաչումն ու դրանից բխող իրավաքաղաքական ու տնտեսական պահանջատիրությունը չեն դարձրել ՀՀ արտաքին քաղաքականության գլխավոր օրակարգ կամ առաջնահերթություն։ Միշտ խոսել են Թուրքիայի հետ առանց նախապայմանների հարաբերությունների հաստատման անհրաժեշտության մասին և ամեն ինչ արել են Ղարաբաղյան հարցում թուրքական կողմի չեզոքությունը ապահովելու համար։ Սևրի պայմանագրից էին խոսել նաև վարչապետ Փաշինյանը և, ներկայումս ՀՀ ԱԳՆ, իսկ այն ժամանակ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը։
2020թ. 44-օրյա պատերազմից հետո, երբ ՀՀ քաղաքական դաշտի խաղացողներից շատերը համոզված էին, որ գործող իշխանությունների օրերը՝ ի դեմս վարչապետ Նիկոլ Փաշինյանի, հաշված են, նախագահ Արմեն Սարգսյանը սկսում է քաղաքական կոնսուլտացիաների շարք ընդդիմադիր ու իշխանական ուժերի հետ՝ ակնարկելով իշխանության հրաժարականի ու նոր իշխանությունների ձևավորման անհրաժեշտությունը։ Ծայրահեղ սրված ներքաղաքական մթնոլորտում, հանրային հուսալքության ֆոնին ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբը հայտարարություն է տարածում՝ պահանջելով վարչապետ Փաշինյանի հրաժարականը՝ փաստացի ռազմական հեղաշրջման փորձ անելով։ Նախագահ Սարգսյանը կրավորական կեցվածք է ընդունում և վարչապետի կողմից ԶՈՒ շտաբի պետի ազատման հրամանագիրը չի ստորագրում՝ ավելի խորացնելով ներքաղաքական ճգնաժամն ու իր «վրայից գցելով» երկրի սահմանադրական կարգի երաշխավորի պարտականությունները։ Նախագահ-վարչապետ հարաբերությունները այդպես էլ սրված մնում են մինչև գործող իշխանությունների կողմից իրենց մանդատի վերահաստատումը։
2021թ. հունիսի 20-ի խորհրդարանական ընտրություններում Նիկոլ Փաշինյանն ու նրա թիմը ստանում են ձայների 70 տոկոսը՝ ջախջախիչ հաղթանակ տանելով նախկին նախագահներ Սերժ Սարգսյանի ու Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ։
Թուրքական ձնհալն ու նախագահական «փախուստը»
Պատերազմից հետո թուրքական կողմի նախաձեռնությամբ ու ռուսական կողմի միջնորդությամբ ակտիվ բանակցություններ են սկսում Հայաստանի ու Թուրքիայի միջև։ Այն հայ-թուրքական հարաբերությունների յուրօրինակ «ձնհալ» է, և շատերը խոսում են հնարավոր կարգավորման հեռանկարի մասին։ Այս համատեքստում Արմեն Սարգսյանի անսպասելի հրաժարականը կարող է այս գործընթացների դեմ յուրօրինակ դեմարշ լինել։ Հատկապես որ վերջինս ամեն առիթով խոսում էր Թուրքիայի հանդեպ հայկական պահանջատիրության, ցեղասպանության միջազգային ճանաչման ու այլ պահանջների մասին։ Նախագահ Սարգսյանի հրաժարականը անսպասելի էր ոչ միայն երկրի քաղաքացիների, այլև հիմնական քաղաքական ուժերի համար։ Ամենայն հավանականությամբ Արմեն Սարգսյանի որոշումը կապված է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման ընթացիկ գործընթացների ու սպասվող արդյունքների հետ։ Միաժամանակ, Հայաստանի քաղաքական շրջանակներում ավելի ու ավելի են շրջանառվում լուրերն այն մասին, որ Փաշինյանի կառավարությունը պատրաստվում է համաձայնագրեր ստորագրել Ադրբեջանի և Թուրքիայի հետ հարաբերությունները վերականգնելու վերաբերյալ։ Այս առումով Սարգսյանի անսպասելի հրաժարականը շատերը կապում են կառավարության որոշումների համար հնարավոր պատասխանատվությունից խուսափելու հետ։
Մյուս կողմից, հայկական էլեկտրոնային ամենահայտնի՝ հետաքննական լրագրությամբ զբաղվող «Հետք» պարբերականը, նախագահի հրաժարականի հաջորդ օրը գրեց, որ պատճառը իրենց բացահայտումն է, ըստ որի Սարգսյանը խախտել է ՀՀ Սահմանադրությունը, և նրա հրաժարականի պատճառը մեկն է. «ՀՀ քաղաքացի լինելուց բացի, նաև այլ երկրի քաղաքացի էր առնվազն մինչև նախագահ դառնալը»։ Համաձայն հետաքննության՝ Արմեն Սարգսյանը Կարիբյան ծովում գտնվող փոքր երկրի՝ Սենթ Քիթս և Նևիսի քաղաքացի է եղել։ Դրանից անմիջապես հետո ՀՀ ԱԱԾ-ն հայտարարեց, որ կհետաքննի նշված հանգամանքները։ Դեռևս 2018թ. փետրվարին, երբ հայտնի էր դարձել, որ Արմեն Սարգսյանը ընդունել է Սերժ Սարգսյանի առաջարկը՝ դառնալու ՀՀ նախագահ, «Հետքը» հրապարակեց մի հետաքննություն, ըստ որի՝ նախագահը ՄԹ դեսպան աշխատած ժամանակ երկքաղաքացիություն է ունեցել և եղել է ՄԹ քաղաքացի։ Ինչ էլ որ լինի, Սարգսյանի հրաժարականը անսպասելի էր ոչ միայն իր աշխատակազմի ու թիմակիցների, այլև ընդդիմության ու իշխանության համար։ Հրաժարականից հետո վարչապետը հայտարարեց, որ հայտարարությունից 3.5 ժամ առաջ է իմացել նախագահի որոշման մասին։
Ներկայիս կարգավորումներով նախագահին առաջադրում և ընտրում են խորհրդարանում՝ երեք փուլով՝ պատգամավորների ընդհանուր թվի 3/4, եթե չի ստացվում, ապա 3/5 և վերջին փուլով՝ պարզ մեծամասնությամբ։ Ամենայն հավանականությամբ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը կընտրի իր թեկնածուին 2-րդ փուլով։ Այս դասավորությունը Փաշինյանին թույլ է տալիս ունենալու քաղաքականապես ենթակա ու դիմադրության ռեսուրս չունեցող նախագահ, մանավանդ որ ապագայում սպասվում են կարևորագույն փաստաթղթերի և համաձայնագրերի ստորագրման ու հաստատման կարևոր փուլեր։ Իշխող ուժի նախագահի թեկնածուն ԲՏԱ նախարար Վահագն Խաչատրյանն է։
Հեղինակ՝ Գոռ Մադոյան (Gor Madoyan) © Բոլոր իրավունքները պաշտպանված են: