Ուկրաինայի ատոմակայանները

«Ինլայթ»-ը ներկայացնում է ռուս-ուկրաինական հակամարտության վերաբերյալ վիճակագրական տվյալներ, փաստեր և ինֆոգրաֆիկաներ՝ Statista-ի տվյալների հիման վրա:

Մարտի 3-ի երեկոյան՝ ռուսական ներխուժումից հետո, ուկրաինական ատոմակայանի տարածքում հրդեհ է բռնկվել։ Ըստ Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) ղեկավար Ռաֆայել Մարիանո Գրոսսիի տեղեկությունների՝ Զապորոժիեի ատոմային էլեկտրակայանի (ԱԷԿ) ուսումնական կենտրոնը, որը գտնվում է  ռեակտորների անմիջապես մերձակայքում, խոցվել է արկով։ Ինչպես երևում է ինֆոգրաֆիկայից, ատոմակայանը գտնվում է Ուկրաինայի հարավ-արևելքում։ ՄԱԳԱՏԷ-ն նաև հայտնել է, որ համաձայն Ուկրաինայի կառավարության տվյալների՝ ատոմակայանի շրջակայքում ռադիոակտիվության ավելացում չի գրանցվել, և անձնակազմը միջոցներ է ձեռնարկել ռիսկերը նվազագույնի հասցնելու նպատակով։ Անցյալ շաբաթ արդեն մարտեր էին ընթանում Չեռնոբիլի միջուկային ռեակտորի վայրի մոտ, որտեղ 1986 թվականին տեղի ունեցավ պատմության մեջ ամենասարսափելի միջուկային վթարը: Տարածքն այժմ վերահսկվում է ռուսական զորքերի կողմից: Մյուս կողմից, Ռիվնե, Խմելնիցկի և Հարավուկրաինական ատոմակայանները,  դեռ ռուսական հրամանատարության տակ չեն։ 


Պատրաստեց՝ Տաթև Ղազարյանը

Բնօրինակի հեղինակ՝ Martin Armstrong/ Statista