Ժամանակակից Լևիաթանը Հայաստանում

Չի կարող լինել փոխգործակցություն անհատների, խմբերի միջև առանց բազային, նախասկզբնական բռնության, այսպես ասած արարչագործ բռնության առկայությամբ և հիմամբ։ Այս հիմնադրույթը հարկ է մտապահել հետագա ամբողջ ընթացքի համար։

Հասարակության սոցիալական համակարգի մեջ կենսագործվող ցանկացած քաղաքական իշխանության համակարգ ի վերուստ տրված չէ և, առօրեականության դիրքերից ելնելով, առավելագույնս իրավիճակային է: Զուրկ լինելով անընդհատականության երաշխիքներից՝ այն համարվում է շարունակական գաղափարական պայքարի, ներհասարակական բանակցությունների, բռնության գործադրման և համաձայնության սահմանման յուրօրինակ մարտադաշտ։ Այսինքն, այն առավելապես ֆունկցիոնալ է ու դինամիկ։ Հենց ֆունկցիոնալիզմի միջոցով էլ հնարավոր է հասկանալ այս համակարգի կարևորագույն էությունը ու նրա բնույթը։ Խնդիրը կոնսենսուսի վերասահմանման, ձևակերպման ու դրա կենսագործման համար անհրաժեշտ միջավայր-հարթակի ստեղծումն է, որի վերջնական նպատակն է գործող համակարգի պահպանումը և վերարտադրությունը համակարգի համար հասկանալի և ընդունելի սահմաններում և պայմաններում։

Իշխանական համակարգի բնութագրական որոշ ասպեկտներ և ֆունկցիոնալ կողմեր

Իշխանության սոցիոլոգիան խոսում է մի շատ կարևոր վիճակի մասին, որը թերևս բազային գործիք է հասարակության մեջ իշխանության համակարգի կառուցման և ընկալման համար։ Այդ վիճակը հասարակության մեջ կոմունիկացիայի համակարգն էi, որն ապահովում է հասարակության անդամների, այս կամ այն շահառու խմբերի, կուսակցությունների փոխգործակցությունը, որի նպատակը ռացիոնալիզմի հիմամբ ներհասարակական համաձայնության սոցիալական միջավայրի ստեղծումն ու պահպանումն է։ Իշխանությունը այստեղ այն միջոցն է ու միջավայրը, որը ապահովում է ահա այս իմպերատիվի կյանքի կոչվելը առավել սահուն և անվտանգ ձևով։ Կոմունիկացիայի համակարգի համար անհրաժեշտ է ֆունկցիոնալ կոդ, որը կկանոնակարգի այդ հարաբերությունները։ Իշխանության համակարգիii պարագայում այդ կոդը իշխանությանը կամ ընդդիմությանը պատկանելն է։ Մյուս պարագայում, օրինակ գիտության համակարգի մեջ կոդը ճշմարտությանը հարելն է կամ առնվազն դրան ձգտելը։ Իսկ իշխանությունը վերոնշյալ իշխանության համակարգի մեջ գործող կոմունիկացիայի կոդի կառավարումն է։

Շատ կարևոր է իշխանության էությունը տարբերակել որոշակի գործողությունների հարող հարկադրանքի, տիրապետումի կամ գերակայության պարզ ու նաև տարասեռ ձևերից։ Մեր առօրյա վերբալ կոմունիկացիայի լեզուն իր լեզվական մակարդակում արդեն իսկ տարանջատում է մտցնում «հարկադրանք», «համոզում», «իշխանություն», «տիրապետում» և այլ եզրույթների մեջ։ Այսինքն` առնվազն մեր լեզվում իշխանությունը այլ է, քան հարկադրանքը, համոզումը կամ այլ ֆունկցիոնալ վիճակները, որոնք միտված են սահուն և առավելապես բռնությունից զուրկ հասարակական հարաբերություններ հաստատել ի շահ գործող իշխանական համակարգի։ Խնդիրը այստեղ ոչ այնքան իշխանության համակարգի իդեալականացումն ու պատկերումն է որպես բռնությունից զուրկ մի իրողություն, այլ դրա ֆունկցիոնալ մասի նկարագրումը, որը առավել է, քան պարզապես հարկադրանքը, համաձայնությունը, գաղափարաբանությունը և այլ եզրեր, որոնք առանցքային են իշխանության ֆունկցիան և կենսագործումը հասկանալու համար։ Իշխանությունը, ըստ այդմ, հանդես է գալիս որպես մի պարառող համակարգ, որն իր մեջ է ներառում, և հստակ խաղի կանոններ է հաստատում այս համակարգային բջիջների վրա, որոնց ընդհանրական գումարը և փոխգործակցությունը չպետք է որևէ կերպ կասկածի տակ դնի գործող իշխանական համակարգի անհրաժեշտությունը և դրա այլընտրանքների չգոյությունը։

Համակարգի լեզուն և դրա ընկալման հնարավոր խութերը

Իշխանություն գործառնության համար անհրաժեշտ են առնվազն երկու գործող կատարողներ, որոնք երկուսն էլ ունեն իրենց կամքի արտահայտման սելեկտիվ հնարավորություն, և որոնց փոխգործակցությունն էլ բերում է իշխանության կայացման։ Այս վերջին դրույթը, ըստ որի իշխանության 2 կողմերն էլ ունեն ընտրության հնարավորություն և անհրաժեշտաբար իրացնում են այն, չափազանց կարևոր է քաղաքական իշխանության էսսենցիալիզմը հասկանալու համար։ Ցավոք, մեր լեզուն, կապված հայկական քաղաքական փիլիսոփայության թերի ավանդույթի, որոշակի հետամնացության, արդիական քաղաքական փիլիսոփայության ու իշխանության սոցիոլոգիայի գաղափարների ոչ բոլոր նորարարական հիմնադրույթներին ծանոթ լինելու և ըստ այդմ էլ դրա չընկալման հետ, չի ներկայացնում այս կարևոր իրողությունը։ Որպես օրինակ կարող են բերել «իշխվել», «ենթարկվել», «հնազանդվել» և այլ ձևերի կրավորական վիճակները, որոնք լեզվական առումով միակողմանիություն են ենթադրում և չեն ներկայացնում մյուս՝ ենթարկվող կողմի կամային վիճակը և ընտրության հնարավորությունը, կարճ ասած՝ պոտենցիայի իրացման ներուժը։ Ի հակադրություն սրա, անգլերենը օրինակ ունի «to obey» ձևը, ֆր.՝ «obeir» ձևիցiii, որը առանց կրավորականի՝ ուղղական հոլովի ձևով արտացոլում է վերը նշված հանգամանքների և իրավիճակների իմաստային նրբերանգները։

Ընդհանրապես ասած, կոմունիկացիայի համակարգերը գործող կողմերի համար պարունակում են նաև մոտիվացիոն հատկանիշներ, քանզի նրանք հնարավոր են դարձնում ընդունելու, ուրիշների սելեկտիվ արդյունքները որդեգրելու, իսկ նորմալ վիճակում այդ ընտրությունը ցանկալի դարձնելու հնարավորությունըiv: Այստեղից էլ գալիս է իշխանության իրացման մյուս կարևոր սկզբունքներից մեկը, համաձայն որի՝ իշխանությունը դառնում է առավել հզոր, երբ հասնում է նրան, որ մյուս կողմը ընդունում, յուրացնում է իր որոշումները, որ կան այլ ընտրություններ և այլընտրանքներ կամ նույնիսկ առավել ծայրահեղ՝ անգործություն ու անտարբերություն։ Այսինքն, ականատես ենք լինում առաջին հայացքից մի պարադոքսալ ֆենոմենի, որի պարագայում ենթակա կողմի ազատությունների և ընտրության հնարավորությունների ավելացումը ուղիղ համեմատական է իշխանության ուժի և դերի աճին։

Կրկնեմ, այստեղ է, որ իշխանությունը պետք է տարբերակել որոշակի գործողությունների հարող հարկադրանքից և դրա տարաբնույթ ձևերից։ Հարկադրանքի ենթարկվողի ընտրության հնարավորությունը հավասարեցվում է զրոյի, իր ծայրահեղ ձևում՝ ֆիզիկական բռնության դրսևորման վիճակում, իշխանությունը փոխարինում է իր գործողությունը ճնշվածի ընտրական գործողության փոխարեն, այն գործողության, որը ինքը չի կարողանում կյանքի կոչել։ Այն, որ իշխանությունը չի կարողանում իր գաղափարները ընկալելի, ընդունելի և ընտրելի դարձնել հակառակ կողմին և իր նպատակին հասնելու համար դիմում է բռնության, խոսում է հենց նրա թուլության և իշխանության պակասի մասին։ Բռնությունը այս պարագայում ենթադրում է հրաժարում կամ արգելք գործակցի սելեկտիվ ընտրության հնարավորության հանդեպ։ Բռնության ավելացման հետ ավելանում է նաև որոշման կայացման և ընտրության բեռը հարկադրանք իրականացնողի վրա, որը, ինչպես կտեսնենք, հետագայում էլ առավել բարդ և խնդրառական է դարձնում իշխանական համակարգի գոյությունը և վերարտադրությունը։ Այս պարագայում շատ կարևոր է հասկանալ, որ ինչքան էլ իշխանության համար անհրաժեշտ են առնվազն երկու գործող անձինք ու նրանց միջև փոխադարձ, ազատ կամային փոխգործակցություն, բայց այս տեղի ունեցող վիճակների պատասխանատվությունը ընկնում է մի կողմի վրա, որն ունի իշխանությունv։

Որքան սոցիալական կազմակերպման, իշխանության իրացման և հասարակական հարմարվողականության համակարգերը ավելի պարզ են, այդքան բռնությունը` բռնության ապարատը, կենտրոնացված և անմիջական բնույթ է կրում։ Առավել բարդ, բազմաֆունկցիոնալ և տարաբևեռ համակարգերը տնօրինում-համակարգում են ոչ թե բռնության իրականացման, այլ դրան վերաբերող որոշումների կայացման միջավայրերը։ Այլ խոսքերով՝ բռնությունը իրականացնում են ոչ թե անմիջական ձևով, այլ տալիս են բռնություն իրականացնելու հրամանները՝ ըստ որում որոշումներ կայացնելու հիմքերը և գաղափարական հիմնավորման ակունքը կենտրոնացնելով իրենց ձեռքերում։ Այսպիսով, որպեսզի հարկադրանքը լինի ընդունելի հանրության կամ հասարակության համար և ունենա բարձր օգտակար գործողության գործակից, պետք է գոյություն ունենա միշտ առկա «հարկադրանքի ապարատ» (ըստ Վեբերի կողմից շրջանառության մեջ դրված տերմինոլոգիայի), որը սակայն անհրաժեշտ, բայց ոչ բավարար պայման է։ Այստեղ հարկ է նշել, որ կարևորը թերևս ոչ թե հարկադրանքի անմիջական իրականացումն է, այլ միտքը, պատկերացումը, որ այն կարող է ցանկացած պահի և առանց երկմտանքի կյանքի կոչվել, համապատասխան ինստիտուտի ներկայացուցչի կողմից։

Զարգացած և բարդ համակարգերը առավելապես խուսափում են հարկադրանքի բռնի ու անթաքույց ձևերից, որոնք կառավարման առումով բավականին բարդ են ու ռեսուրսատար և մեծապես նախընտրում կամ առավել հակվում են սիմվոլիկ բռնությանvi և համոզման ձևերի ու մեխանիզմների զարգացմանը։ Սրանք փափուկ ուժի կողմն են ներկայացնում և իրենց աստիճանական բնույթի ու իրական միտումների լղոզման առումով ավելի քան անսահմանափակ են ու անվնաս իշխանության իրական նպատակները քողազերծելու առումով։

Ահա այս ընտրության բազմապիսի հնարավորությունների իրականացման և հնարավորինս վերահսկման խնդրին են միտված դիսկուրսիվ գրագիտությանvii, երկխոսության դաշտերի զարգացումը և տարածումը։ Արդիության դարաշրջանի այս նորարարությունները պետք է հնարավորություն տան անհատին ընտրել բազմաթիվ գաղափարների և ծրագրերի միջև, բանական մասնակից լինել և ընտրել իր քիմքին առավել մոտ գաղափարները։ Իսկ վերջնական հանգրվանը պետք է լինի դրանց հնարավորինս իրացումը քաղաքական դաշտում՝ առավելապես սիմվոլիկ պայքարի և ընտրական դեմոկրատիայի խաղի կանոններովviii։

Համոզման համակարգի առանցքային մասնիկներ կարող են լինել այնպիսի հասարակական ինստիտուտներ, ինչպիսիք են Կրթության համակարգը՝ մասնավորապես դպրոցը, եկեղեցին, տարատեսակ սոցիալական, քաղաքացիական միություններ։ Իսկ ահա իմաստային դաշտը կազմակերպում են գաղափարաբանությունը և նրա անքակտելի մասնիկ ողջախոհությունը։ Այս ամենից էլ բխում է սոցիալական կյանքի՝ ընտանեկան ոլորտի և հանրային ոլորտների կազմակերպումը՝ ի նպաստ և ի շահ իշխանության։ Այս բաժանումները հնարավորինս ընդհանրական են, բայց նաև առավել քան պայմանական՝ կապված հարցի ուսումնասիրման գաղափարական, մեթոդոլոգիական առանձնահատկություններից։

Ողջախոհություն

Գաղափարաբանության մասին խոսելիս կարող է թվալ, որ գաղափարաբանությունը գործում է միայն բարձր կազմակերպված տեսությունների և գաղափարների մակարդակում, բայց դա ամենևին էլ այդպես չէ, կամ գոնե միայն այդ չէ։ Գրամշին առաջինն էր, որ հատուկ ուշադրություն հրավիրեց առողջ բանականության, ողջախոհության վրաix: Հենց ողջախոհությունն է, որ  մարդկանց ստիպում է հավատալ, որ այն, ինչ ներկայում գոյություն ունի, գոյություն է ունեցել միշտ», ըստ որում՝ հասնում է այն բանի, որ տրված ներկան դառնում է անցյալի և ապագայի անքակտելի մաս։ Այսինքն, գաղափարաբանությունը հենց իր ածանցյալ ողջախոհության միջոցով ավելի շատ գործում էր ոչ թե բարձր գաղափարների մեջ, որոնք, նկատենք, որ հանրային շրջանակների համար կարող են առավելապես խորթ ու անմատչելի լինել, այլ առօրեական կյանքի պայմաններում։ Մյուս կողմից այդ գաղափարների շրջապտույտը հասարակության մեջ առավել բարդ է կյանքի կոչել իրացման տեսանկյունից, և ուրեմն հասարակության տարբեր խավերի համաձայնությունը ձեռք բերելու համար անառարկելի կարիք կա այդ գաղափարները տարածել պոպուլյար մշակույթի մեջ, որն էլ պետք է հիմք դառնա հենց ողջախոհության՝ բառիս առավել լայն իմաստով:

Պետությունը, ի դեմս հանրային կրթական համակարգի, սոցիալականացման անգնահատելի գործիք ունի, որի միջոցով ձևավորում է հասարակության միջինացված անհատին՝ արդեն վաղ տարիքից նրա մեջ սերմանելով բազային նորմեր և  վարվելակերպի կանոններ, որոնք լեգիտիմացվում են ողջախոհության մասին դրույթի միջոցով։ Այս ամենում անգնահատելի և առանցքային դեր ունեն ինտելեկտուալները, որոնք կոչված են ձևավորելու հասարակական կարծիք և դրա հիմամբ ընդհանուր ողջախոհության մթնոլորտ՝ սթափ բանականությանը, պրագմատիզմին և իրապաշտությանը հղելով։

Հանրության կոնսոլիդացիան և ներհասարակական կոնսենսուսի կազմակերպումը առավելապես մտավոր և բարոյական առաջնորդության գործընթաց է, այսպես կոչված սիմվոլիկ բռնության արդյունք, որը հաստատվում է որպես հասարակական համաձայնություն և որի մաս են դառնում առավելապես ողջախության հիմամբ։

Նախատեսվում է երկրորդ մաս


i Habermas J. The Theory of communicative action, V I, Reason and the Rationalization of society. Bacon press, Boston, 1984.

ii Իշխանության համակարգ ասելով նկատի է առնվում պետության սահմաններում իշխանություն-հասարակություն փոխկապակցված կապը և նրանց պարառող կենսաշխարհը։

iv Луман, Власть, 2001, М, Праксис, стр. 16․

v Луман, ук. соч. стр. 29.

vi Бурдье Пьер. Социология социального пространства. М.: Ин-т экспериментальной социологии; СПб.: Алетейя, 2007, с. 87-96. О символической власти․http://ec-dejavu.ru/p-2/Power_Bourdieu.html[08.11.2016]․

vii Անգլիացի սոցիոլոգ Մայքլ Մանը իր «Սոցիալական իշխանության աղբյուրները» աշխատանքում խոսում է դիսկուրսից գրագիտության մասին՝ ներկայացնելով այն որպես արդիության դարաշրջանի ֆենոմեն, ըստ որում գրագետ մարդկանց թվաքանակի ահռելի աճի պարագայում հանրային կոմունիկացիայի դաշտեր են առաջ գալիս (Անգլ․՝ փաբեր, Ֆրանս․՝ Կաֆեներ), որտեղ տեղի են ունենում մտքերի, գաղափարների փոխանակություն և նոր կապերի և գաղափարների ստեղծում։ [Mann Micael. The sources of social power, V.2. Cambridge Univ. press, 1993.]

viii Այս վերջին դրույթը բնորոշ է արդիության, զարգացած հասարակական հարաբերություններ ունեցող պետություններին և նրանցում գործող իշխանական համակարգերին։

ix Ողջախոհության (buon senso) մասին խոսելիս Գրամշին այն համարում է ռացիոնալ ու պատմական աշխարհայացքի հիմք, որը այդ արժանիքների և հատկապես իր մետաֆիզիկական պարզության հիմամբ տարածված է մարդկանց մեծ մասի շրջանում և նույնիսկ վերափոխվում է որպես վարքի ակտիվ նորմ՝ պայմանավորելով մարդկանց պահվածքը և աշխարհայացքը։ [Грамши А. (1959), ук. соч. с. 11-13, 37-39.]


Գրականության ցանկ

  1. Грамши А. Избранные произведения. Т.3 Тюремные тетради․М, 1959.
  2. Habermas J. The Theory of communicative action, V I, Reason and the Rationalization of society. Bacon press, Boston, 1984.
  3. Бурдье Пьер. Социология социального пространства. М.: Ин-т экспериментальной социологии; СПб.: Алетейя, 2007.
  4. Луман Н, Власть, М, Праксис, 2001.
  5. http://ec-dejavu.ru/p- 2/Power_Bourdieu.html․[08.11.2016].
  6. http://www.oxfordlearnersdictionaries.com/definition/english/obey?q=obey․ [08.11.2016]


Հեղինակ՝ Գոռ Մադոյան (Gor Madoyan): © Բոլոր իրավունքները պաշտպանված են