Քննադատական մտածողը ի վիճակի է կասկածել, նույնիսկ, ինքն իրեն:
Քննադատական մտածելակերպը պարբերաբար կասկածելու, լսածը կամ կարդացածը ստուգելու և կեղծ ինֆորմացիան զտելու ունակությունն է՝ ոչինչ լռելյայն ի հավատ չընդունելով: Չմոռանանք նաև գլխավորն առանձնացնելու, դեպքերը կամ երևույթներն իրար հետ ընդհանրացնելու և համեմատելու ունակության մասին: Բացի դրանից քննադատական մտածողությունը իր մեջ ներառում է սխալվելու իրավունքը, քանի որ մեր տեսանկյունը նույնպես կարող է լինել իրականությունից շատ հեռու, դա նշանակում է, որ այն նույնպես պետք է կասկածի տակ դնել: Եթե դուք ունեք այդ ունակությունը, ապա կարողանում եք քննադատորեն մտածել:
Որտեղից է այն
Քննադատական մտածելակերպի արմատները գնում են հին հույն փիլիսոփաների ժամանակներ: Նրանց ենթադրությունները, հետևությունները և մեթոդները աստիճանաբար առարկայի մասին ամբողջական պատկերացում էրն ձևավորում:
17-րդ դարում ֆրանսիացի փիլիսոփա Ռենե Դեկարտը «Խորհրդածություններ մեթոդի մասին» աշխատության մեջ նկարագրեց արմատական կասկածի մեթոդը, որի հիմքում ընկած էր «թերահավատությունը», «կասկածն ամեն ինչի նկատմամբ»: Դեկարտին է պատկանում նաև հայտնի թեզը՝ «Ես մտածում եմ, հետևաբար գոյություն ունեմ»: Նրա կարծիքով, դա հենց այն վիճակն է, որն ապացույց չի պահանջում, և հենց առաջնային ճշմարտությունն է, որով կարելի է առաջնորդվել նոր ճշմարտությունների փնտրման ուղու վրա:
«Քննադատական մտածողության» սկզբունքի հիմնադիրներից է համարվում 20-րդ դարասկզբի ամերիկացի փիլիսոփա և ուսուցիչ Ջոն Դյուին։ Իր հետազոտությունների մեջ Դյուին նկարագրել է մեթոդներն ու գործիքները, որոնք թույլ են տալիս մարդուն բազմաբնույթ խնդիրներ լուծել: Նա օգտագործել է «հետազոտություն» հասկացությունը (անգլ․ inquiry) նկարագրելու անհասկանալի խնդրահարույց իրավիճակը լավ մտածված և, հետևաբար, լուծելի խնդիր դարձնելուն ուղղված գործողությունների ամբողջությունը: Այստեղ պետք է մի քանի հաջորդական քայլեր անել. ձևակերպել խնդիրը (այսինքն՝ դժվարության էությունը), առաջ քաշել վարկածներ և ստուգել դրանք սեփական գործողությամբ:
Խորհրդային ավանդույթի մեջ «ինստրումենտալ» դիրքորոշման հայտնի կողմնակից էր հոգեբան Լև Սեմենովիչ Վիգոտսկին: Նա պնդում էր մշակութային միջոցների և գործիքների՝ մեր վարքի և մտածողության վրա ունեցած կարևոր դերը: Մենք կացնով փայտ ենք կոտրում, բահով հողը փորում, տաք հագուստով պաշտպանվում ցրտից։ Ճիշտ նույն կերպ նաև խորհրդանշական միջոցները (օրինակ՝ մայրենի լեզվի բառերն ու արտահայտությունները) թույլ են տալիս մեզ կառավարել սեփական ուշադրությունը, հիշողությունը, մտածողությունը և այլն: Դրանք ուղղված են ոչ թե մարդու արտաքինին, այլ ուղղակիորեն նրա հոգեկան աշխարհին:
Անկատարություններ և խոչընդոտներ
Քննադատական մտածողության ուսումնասիրության մեջ դեռևս կան չլուծված խնդիրներ։ Օրինակ՝ ինչպե՞ս միացնել այն անհրաժեշտության դեպքում: Ինչպիսի՞ հոգեբանական մեխանիզմներ են երաշխավորում քննադատական մտածողության հուսալի աշխատանքը։ Այս թեմայի վերաբերյալ ուսումնասիրությունները քիչ են, բայց Լև Վիգոտսկին շեշտում էր, որ հոգեկանը բնորոշմամբ կողմնակալ է և համապատասխան սուբյեկտի կենսակերպին, այն կոչված է զտելու և փոխելու իրականությունը, որպեսզի սուբյեկտը կարողանա ավելի արդյունավետ գործել աշխարհում:
Նման թակարդների բազմազանությունը լավագույնս նկարագրել են Դենիել Կահնեմանը և իր գործընկեր Ամոս Տվերսկին․ Կահնեմանին 2002 թվականին Նոբելյան մրցանակ է շնորհվել իր հետազոտության համար, իսկ Տվերսկին, ցավոք, չապրեց մինչ դա: Կահնեմանի սահմանափակ ռացիոնալության թեորեմում առանձնանում էին, այսպես կոչված, մտածողության էվրիստիկները՝ ճանաչողական աղավաղումներ, որոնք պետք է թույլ տան մեզ արդյունավետորեն հարմարվել, բայց իրականում կարող են հանգեցնել ոչ ճիշտ մտահանգումների:
Օրինակ, երբ մենք որպես հաշվարկի սկզբնակետ ենք վերցնում նվազագույն համատեքստը կամ «շրջանակը», այլ ոչ լայն համատեքստ, որում կայացվում է մեր որոշումը: Կամ, երբ մենք կողմնորոշվում ենք միայն տվյալ պահին մեզ հասանելի տեղեկատվությամբ և չենք փորձում ստանալ ավելի կոնկրետ կամ հարուստ տեղեկություններ: Մեկ այլ օրինակ, երբ մենք ընտրում ենք միայն այն տեղեկատվությունը, որը հաստատում է մեր տեսակետը և անտեսում այն տեղեկատվությունը, որը կասկածի տակ է դնում այն: Լավ նորությունն այն է, որ եթե մենք հասկանում ենք սխալի պատճառը, մենք կարող ենք սովորել հաղթահարել այն, այսինքն՝ երբեմն կարևոր է պարզապես իմանալ խնդրի առկայության մասին:
Թարգմանիչ՝ Նելլի Գևորգյան (Nelli Gevorgyan) © Բոլոր իրավունքները պաշտպանված են: