Գիտության խթանումը` որպես ՀՀ տնտեսական առաջընթացի գրավական. կիրառականության և համաչափ ֆինանսավորման խաչմերուկում
Գաղտնիք չէ, որ ժամանակակից տնտեսության մեջ, որպես կանոն, կարելի է ձեռք բերել մրցակցային առավելություն՝ գիտելիքի վրա հիմնված արտադրանքների տարբերակման շնորհիվ: Համաշխարհային շուկայում մրցունակ և գրավիչ լինելու, նոր ներդրումներ ներգրավելու և եղածն էլ արդյունավետ գործարկելու համար տարածաշրջանային անորոշության և սակավ հնարավորությունների պայմաններում «գոյատևող» ՀՀ-ն, առավել քան երբևէ, պետք է կարևորի գիտության ոլորտի նպատակաուղղված ֆինանսավորումը՝ պայմանավորված տնտեսական աճի որակապես նոր գործոնների առաջացման և առաջմղման անհրաժեշտությամբ: Վերոնշյալ խնդիրների պարզաբանմանն է անդրադարձել հոդվածագիրը։
Նյութի բնօրինակը հրապարակավել է «Ամբերդ» հետազոտական կենտրոնում: Նյութի վերահրապարակումը համաձայնեցված է կենտրոնի հետ:
Հասարակության գոյության ամբողջ պատմության ընթացքում կատարելության ձգտումը ստիպում է պայքարել և հասնել առավելագույն արդյունքի՝ շրջապատից տարբերվելու և ինքնաբավ լինելու համար։ Այս սկզբունքը ենթագիտակցորեն գործում է հասարակության գերակշիռ մասում՝ դուրս գալով անհատական ըմբռնման շրջանակից և դրսևորվելով նաև պետության մակարդակում։ Լավագույնին հասնելու այդ ձգտումն էլ ստիպում է գտնել զարգացման այլընտրանքային ուղիներ, որոնցից ներկայում, թերևս, առաջանցիկ զարգացման տեմպեր է ցուցաբերում գիտահետազոտական և բարձր տեխնոլոգիական ոլորտը։ Այնտեղ, որտեղ ֆիզիկական ուժն անկարող է, օգնության են գալիս մարդկային մտածողությունն ու բանականությունը՝ բացահայտելով խնդրի լուծման այլընտրանքային ուղիներ ու հեշտացնելով արդեն իսկ տասնապատիկ անգամ դյուրին դարձած մարդկային կյանքը։ Այն, ինչ անհնար էր թվում տարիներ առաջ, այժմ արդեն իրողություն է։ Այս շղթան, վստահաբար, կրելու է շարունակական բնույթ, իսկ գալիք սերունդներն ականատես են լինելու մերօրյա իրականության այլակերպված տարբերակին։ Այն պարագայում, երբ տնտեսության ավանդական ճյուղերը կորցրել են իրենց նախկին ներուժն ու դերը, գիտությունն ու տեխնոլոգիան դարձել են յուրաքանչյուր երկրի և հասարակության զարգացման հիմնաքարը։ Գիտատեխնիկական ոլորտի առաջխաղացման, ֆինանսավորման և ստեղծված արդյունքի կիրառելիության խնդիրները բազմաշերտ են ու բազմաբնույթ, իսկ դրանց արմատները, մեր կարծիքով, պետք է փնտրել նաև հասարակական մտածելակերպի, գիտության նկատմամբ հանրության վերաբերմունքի և պետական մակարդակով ոլորտի ոչ բավարար արժևորման մեջ։ Վերը թվարկվածը շղթայական սկզբունքով հանգեցնում է որակյալ կադրերի պատրաստմանը, գիտության նկատմամբ երիտասարդների հետաքրքրության նվազմանը վերաբերող և բազմաբովանդակ այլ հիմնահարցերի։ Վերջին տարիներին հաճախ է խոսվում գիտելիքահենք տնտեսության կարևորության մասին, քայլեր են կատարվում գիտության ոլորտի առաջանցիկ զարգացում ապահովելու նպատակով, մասնավորապես՝ գիտական և գիտատեխնիկական գործունեության նորմատիվ-իրավական դաշտի կատարելագործում, պետական բյուջեից գիտական ծրագրերի ու թեմաների մրցութային և ծրագրային ֆինանսավորման համակարգի ներդրում և այլն [1]։ Այնուամենայնիվ, ֆինանսավորման՝ շատ հաճախ ոչ նպատակային և չթիրախավորված լինելը հանգեցնում է նրան, որ կատարված հետազոտությունները հայտնի են դառնում միայն ակադեմիական շրջանակներում, իսկ դրանց գործնական կիրառումը պետության կողմից դիտվում է որպես ոչ նպատակային։ Առկա է նաև խնդրի մեկ այլ կողմ, երբ պետական ֆինանսավորում չստացած հետազոտությունները, որոնք առաջադրում են գոյություն ունեցող խնդիրների լուծման թիրախային տարբերակներ, այդպես էլ մնում են թղթի վրա:
Թեև 2010 թ.-ի համեմատությամբ՝ անվանական արտահայտությամբ գիտական և գիտատեխնիկական գործունեության ծրագրերի գծով պետական բյուջեի հատկացումներն ավելացել են շուրջ 2 անգամ (2020 թ. դրությամբ), ֆինանսավորման հարաբերական ցուցանիշները զիջում են մի շարք զարգացած և զարգացող երկրների համապատասխան ցուցանիշներին [3] (գծապատկեր 1): 2021 թ. «Գիտական և գիտատեխնիկական հետազոտությունների ծրագրի» համար նախատեսվել է 13,559.7 մլն դրամ՝ 2020 թվականի 14,062.2 մլն դրամի դիմաց, իսկ ծախսերը նվազել են 502.5 մլն դրամով կամ 3.6 տոկոսով [4]:
Վերոնշյալ ծրագրի շրջանակներում «Գիտական ենթակառուցվածքի արդիականացում» միջոցառման համար նախատեսվել է 7,367.1 մլն դրամ՝ 2020 թվականի 7,928.8 մլն դրամի դիմաց կամ 561.7 մլն դրամով պակաս: Գումարի չափը սահմանվել է՝ ըստ միջոցառման ցանկում ընդգրկված կազմակերպությունների ներկայացրած բյուջետային հայտերի, ինչպես նաև ՀՀ ԿԳՄՍ նախարարի հրամանով ձևավորված միջգերատեսչական մրցութային հանձնաժողովի քննարկման արդյունքում հնչած առաջարկությունների՝ գիտական կազմակերպությունների և բուհերի գիտական ստորաբաժանումների զարգացման ծրագրերի իրականացման, գիտական սարքավորումների արդիականացման, միջազգային համագործակցության աջակցության նպատակով (գծապատկեր 2):
Կարևոր է ընդգծել, որ ԵՄ երկրներում հետազոտությունների և մշակումների վրա կատարվող համախառն ծախսերի՝ միջինում 1/3-ը բաժին է ընկնում պետությանը, իսկ մնացած մասն իրականացվում է մասնավոր աղբյուրներից [5]: Հայաստանյան վիճակագրական աղբյուրների ուսումնասիրությունից նկատելի է դառնում մասնավոր հատվածի կողմից հետազոտությունների և մշակումների ուղղությամբ կատարվող ծախսերի տարբերությունը ԵՄ երկրների համապատասխան միջին ցուցանիշից։ Ֆինանսավորման ընդլայնման քաղաքականության կարևոր ուղղություններից մեկն էլ դառնալու է մասնավոր հատվածի կողմից հետազոտությունների ու մշակումների ուղղությամբ ծախսերի կատարման խթանումը։
Ֆինանսական խնդրից զատ, որպես գիտելիքահենք տնտեսության զարգացմանը խոչընդոտող գործոններ, կարելի է առանձնացնել գիտելիքի ձեռքբերման և տարածման բարենպաստ միջավայրի բացակայությունը, արդյունաբերության մի շարք ենթաճյուղերում հետամնաց տեխնոլոգիաների առկայությունը, գիտական աշխատանքով զբաղվելու խթանների և գիտական բարձր որակավորման պահանջարկվածության բացակայությունը և այլն: Չափազանց կարևոր դեր ունեն նաև գիտական կադրերի հետ կապված հիմնախնդիրները: Խորհրդային Միության փլուզումից հետո դիտարկվում է գիտական կադրերի համընդհանուր ծերացում, իսկ որոշ ասպարեզներում՝ ամբողջ գիտական դպրոցների վերացում: Գիտական ներուժի վերարտադրությանն ուղղված նպատակային քաղաքականության բացակայությունը հանգեցնում է գիտական և գիտամանկավարժական կադրերի ոչ արդյունավետ սերնդափոխության, ինչպես նաև երիտասարդ կադրերի արտահոսքի (գծապատկեր 3), ինչի հետևանքով էլ լուրջ դժվարություններ են առաջանում գիտության զարգացման համար: Գիտության ոլորտի արդյունավետ սերնդափոխություն ապահովելու նպատակով ՀՀ ԿԳՄՍՆ գիտության պետական կոմիտեն մշակել է գիտության ոլորտ երիտասարդ կադրերի ներգրավման ծրագիր [7], որի նպատակն է ստեղծել աշխատանքային և սոցիալ-տնտեսական համապատասխան պայմաններ երիտասարդ գիտաշխատողների ստեղծագործական ներուժի օգտագործման համար, ինչպես նաև իրականացնել միջոցառումներ գիտության ոլորտի գրավչության մակարդակի բարձրացման ուղղությամբ: Եվ, ի վերջո, գիտական և գիտատեխնիկական գործունեության բնագավառի նյութատեխնիկական բազան և ենթակառուցվածքները սահմանափակում են ժամանակակից գիտության պահանջներին համապատասխանող հետազոտությունների իրականացման հնարավորությունները և չեն ապահովում գիտական ներուժի արդյունավետ օգտագործում: Սարքավորումների մեծ մասը հնացած է, ինչն էլ խոչընդոտում է բարձր մակարդակի գիտական, հատկապես կիրառական բնույթի հետազոտությունների կատարմանը:
Նշված հիմնախնդիրներն իրենց արտացոլումն են գտնում տնտեսությունում կատարվող նորարարությունների ծավալում: Թեև բարձր տեխնոլոգիաները համարվում են գերակա ոլորտ ու կոչված են նպաստելու ողջ տնտեսության մրցունակության բարձրացմանը, և վերջին տարիներին միջազգային տարբեր զեկույցներ վկայում են որոշակի առաջընթացի մասին, այդուհանդերձ, այդ փոփոխությունները դեռևս նշանակալի չեն [10]։ Մի շարք դեպքերում ստեղծված կիրառական գիտական արդյունքները մրցունակ չեն համաշխարհային նորարարությունների շուկայում: Վերջինս ունի իր օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառները: Այն հանգամանքը, որ գիտական հետազոտությունների համար չկան զարգացած ենթակառուցվածքներ, հանգեցնում է կիրառական գիտական արդյունքների մրցունակության անկմանը: Հայաստանում գրեթե բացակայում են արտադրական «հսկաները», որոնց շուրջ կարող են ձևավորվել գիտաարտադրական միավորումներ, ինչն էլ, իր հերթին, կարող է խթանել արտադրության գործընթացի կատարելագործումը, ինչպես նաև գիտության ոլորտի ֆինանսավորման մեջ տնտեսության մասնավոր հատվածի մասնաբաժնի բարձրացումը:
Գիտության զարգացումը պահանջում է համակարգի ինստիտուցիոնալ բարեփոխումներ: Անհրաժեշտ է իրականացնել գիտական և գիտատեխնիկական գործունեության բնագավառի օպտիմալացում և կառուցվածքային վերաձևումներ` միավորելով միևնույն գիտական ուղղության պետական կազմակերպություններն անկախ գերատեuչական պատկանելությունից: Համաձայն ՎԿ տվյալների՝ ՀՀ նախարարություններին կից գործում է գիտատեխնիկական աշխատանք իրականացնող շուրջ 65 կազմակերպություն (2021 թ. դրությամբ): Որպես գործունեության արդյունավետության բարձրացման ուղղություն՝ կարելի է դիտարկել առնվազն դրանց մի մասի ընդգրկումը ՀՀ բուհերի կամ նույն ուղղվածության գիտական կազմակերպությունների կազմում: Դա մի կողմից նախարարություններին կստիպի սերտորեն համագործակցել գիտահետազոտական ինստիտուտների հետ, իսկ մյուս կողմից՝ գիտական հետազոտությունների արդյունքները վերածել նախարարությունների կողմից իրականացվող քաղաքականության:
Ուշագրավ է նաև այն, որ գիտահետազոտական ինստիտուտների ընդհանուր թիվն ունի կրճատման միտում. 2010 թ.-ին առկա 81 ինստիտուտից 2020 թ.-ին գործել է 65-ը: Այսինքն՝ 2010-2020 թթ.-ին գիտատեխնիկական գործունեություն իրականացնող կազմակերպությունների թիվը, ընդհանուր առմամբ, կրճատվել է 16-ով (գծապատկեր 4): Նման միտումը պայմանավորված է ինչպես գիտական կազմակերպությունների օպտիմալացմամբ, այնպես էլ որոշ գիտահետազոտական ինստիտուտներին հատկացվող ֆինանսական ռեսուրսներով, ինչպես նաև անձնակազմի արտադրողականությամբ, որոնք կենտրոնացված կերպով կարգավորելն ավելի նպատակահարմար է:
Կարևորվում են նաև գիտական կազմակերպությունների գործունեության արդյունավետության գնահատման ժամանակակից կառուցակարգերի մշակումն ու ներդրումը` ապահովելով պետական ֆինանսավորման ծավալների ուղղակի կախվածություն արդյունքներից և ստեղծելով խրախուսման համապատասխան եղանակներ: Նման կառուցակարգերի ներդրումը պետք է զուգակցել նաև բարձր արդյունավետություն ցուցաբերող գիտաշխատողների անհատական խրախուսման ծրագրի հետ՝ այդպիսով նպաստելով ինչպես ոլորտի սոցիալական արդարացիության մակարդակի բարձրացմանը, այնպես էլ երիտասարդ գիտաշխատողների մեջ սեփական աշխատանքային առաջընթացի նկատմամբ վստահության աստիճանի ավելացմանը:
Հայաստանում քննարկվող ոլորտի հուզող հիմնահարցերից է նաև գիտության տարածքային բաշխվածության անհամաչափությունը: 2021 թ. հուլիսի դրությամբ գիտատեխնիկական աշխատանքներ իրականացնող 65 կազմակերպությունից մարզերում գործում է միայն 7-ը. երեքական կազմակերպություն՝ Շիրակի և Արագածոտնի, մեկը` Արարատի մարզում (գծապատկեր 5): Մնացած մարզերում գիտահետազոտական ինստիտուտներ առկա չեն: Պետական քաղաքականությունն այս առումով պետք է վերանայել՝ նպատակաուղղելով նաև մարզերում գիտության զարգացմանը: Ուստի տարածքային համաչափ զարգացման քաղաքականության հիմքում պետք է լինի նաև գիտության տարածքային համաչափ զարգացման խնդիրը: Մյուս կողմից՝ հարկ է հաշվի առնել այն հանգամանքը, որ մարզերում գիտության զարգացումն ինքնանպատակ լինել չի կարող, և այն պետք է պայմանավորված լինի տնտեսության ճյուղային զարգացման առանձնահատկություններով:
Ամփոփելով մեր ուսումնասիրությունը՝ կարող ենք ասել, որ ՀՀ-ում առկա են ոլորտային բազմաթիվ խնդիրներ, որոնց խորքային լուծման համար պահանջվում է շարունակական վերահսկողության և հետևողական ֆինանսավորման ապահովում։ Գիտական և գիտակրթական կադրերի պատրաստման ժամանակակից եղանակների ներդրման ուղղությամբ կարևոր քայլերից մեկը պետք է լինի հետազոտական համալսարանների ստեղծումը: Համաշխարհային փորձը ցույց է տալիս, որ նմանատիպ համալսարաններում հնարավոր է անհամեմատ ավելի բարձր արդյունավետությամբ զուգակցել ուսուցման գիտական և կրթական բաղադրիչները։ Կարևոր է նաև գիտական կազմակերպությունների համար նպաստավոր տնտեսական միջավայրի ձևավորումը՝ այդպիսով ընդլայնելով ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելու հնարավորությունները: Միաժամանակ, գիտության առևտրայնացման նպատակով կիրառական բնույթի հետազոտությունների դեպքում պահանջվում է ապահովել պետական օժանդակություն, ամրապնդել պետություն-մասնավոր հատված գործընկերությունը` վերջինիս հետ համաֆինանսավորման սկզբունքով իրականացնելով ծրագրեր: Թիրախային նպատակներից մեկը պետք է լինի նաև գիտական արդյունքների առևտրայնացման կենտրոնների ձևավորումը, որոնք պետք է կատարեն յուրօրինակ միջնորդի դեր արտադրողների և գիտնականների միջև՝ վերջիններիս ներկայացնելով առաջինների կարիքները, այնուհետև ապահովելով ստեղծված արդյունքների առևտրայնացում:
[1] ՀՀ կառավարության 2019 թ. մայիսի 16-ի N 650-Լ որոշման հավելված, Կառավարության 2019-2023 թթ. գործունեության ծրագրի կատարումն ապահովող միջոցառումներ, http://scs.am/files/2019-2023-kar-mijocarumneri-cank-gitutyun.pdf [2] ՀՀ ՎԿ, տվյալների բանկ, Գիտատեխնիկական գործունեություն՝ ըստ ցուցանիշների և տարիների, https://armstatbank.am/pxweb/hy/ArmStatBank/ArmStatBank__2%20Population%20and%20social%20processes__22%20Education/PS-ED-19-2020.px/?rxid=dc3dc9a7-732b-41db-84ab-83b3fa339a14 [3] Research and development expenditure (% of GDP), https://data.worldbank.org/indicator/GB.XPD.RSDV.GD.ZS [4] Հայաստանի Հանրապետության 2021- 2023 թթ. պետական միջնաժամկետ ծախսերի ծրագիր, http://scs.am/files/mjcc-21-23-10.07.2020-1212-hav.pdf [5] Translate Research and development statistics at regional level, Eurostat regional yearbook, https://ec.europa.eu/eurostat/statistics-explained/index.php?title=Research_and_development_statistics_at_regional_level [6] ՀՀ ՎԿ, տվյալների բանկ, Հետազոտությունների և մշակումների վրա կատարվող ծախսերն ըստ տարիների, https://armstatbank.am/pxweb/hy/ArmStatBank/ArmStatBank__2%20Population%20and%20social%20processes__22%20Education/PSED-19-2020.px/?rxid=dc3dc9a7-732b-41db-84ab-83b3fa339a14 [7] ՀՀ ԿԳՄՍՆ գիտության կոմիտե, 2020-2022 թթ. միջնաժամկետ ծախսերի ծրագիր և 2020 թ. բյուջետային ֆինանսավորման հայտ, հավելված N12, էջ 23, http://scs.am/uploaded/mjcc-2020-2022-Byujetayin-hayt.pdf [8] ՀՀ ՎԿ, տվյալների բանկ, Գիտական աշխատողների թվաքանակն ըստ տարիքային խմբերի, https://armstatbank.am/pxweb/hy/ArmStatBank/ArmStatBank__2%20Population%20and%20social%20processes__22%20Education/PS-ED-19-2020.px/?rxid=dc3dc9a7-732b-41db-84ab-83b3fa339a14 [9] ՀՀ ՎԿ, տվյալների բանկ, Գիտատեխնիկական գործունեություն իրականացնող կազմակերպությունների թվաքանակը, https://armstatbank.am/pxweb/hy/ArmStatBank/ArmStatBank__2%20Population%20and%20social%20processes__22%20Education/PS-ED-19-2020.px/table/tableViewLayout1/?rxid=dc3dc9a7-732b-41db-84ab-83b3fa339a14 [10] Technology and Innovation Report 2021, https://unctad.org/page/technology-and-innovation-report-2021 [11] Հայաստանի Հանրապետության սոցիալ-տնտեսական վիճակը 2021 թ. հունվար-հունիսին: Գիտատեխնիկական աշխատանքները 2020 թ., https://armstat.am/file/article/sv_06_21a_5130.pdfՀղումներ
Գրականություն
Նարինե Պետրոսյան (Narine Petrosyan) © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
© «Ամբերդ» հետազոտական կենտրոն