Թվային տնտեսության արդի միտումները

Թվային տնտեսության արդի միտումները. արդյո՞ք աշխարհը նույնը կլինի COVID-19-ից հետո

2020 թ. համավարակի պատճառով համաշխարհային տնտեսությունը կրճատվել է մոտ 4,4%-ով: Միաժամանակ, աշխարհում նկատելի է դարձել համընդհանուր մի միտում՝ թվայնացումը: Համավարակի նոր ալիքով պայմանավորված՝ շարունակական սահմանափակումների ռիսկի պայմաններում թվային գործընթացները (հեռավար ուսուցում, էլեկտրոնային առևտուր, հեռավար աշխատանք և այլն) ձեռք են բերել ավելի մեծ պահանջարկ: Իսկ ինչպե՞ս են դրանք դրսևորվել տարբեր երկրներում, և ի՞նչ պետք է անեն կառավարությունները, ձեռնարկություններն ու ներդրողները՝ դուրս գալու համար կորուստների ռիսկային շղթայից: Հոդվածագրի ուշադրության կենտրոնում հենց այս հարցերն են։

 

Նյութի բնօրինակը հրապարակավել է «Ամբերդ» հետազոտական կենտրոնում: Նյութի վերահրապարակումը համաձայնեցված է կենտրոնի հետ:

Գլոբալացման ժամանակակից պայմաններում թվային հնարավորություններն օրեցօր ավելի են կարևորվում տնտեսական աճ ու կայունություն ապահովելու գործում: Իսկ ինչպե՞ս են տարբեր երկրների տնտեսություններ, թվային զարգացման առումով, համեմատվում միմյանց հետ, և համավարակի ընթացքում տարբեր գործոններ ի՞նչ անդրադարձ են ունեցել թվային տնտեսության զարգացման վրա:

Digital Evolution Scorecard-ի վերջին հետազոտությունը ներառում է 90 տնտեսության համապարփակ վերլուծություն՝ հիմնված թվային զարգացման 160 հիմնական ցուցանիշների վրա։ Այդպիսով՝ աշխարհի տնտեսությունները բաժանվում են չորս տարբեր գոտիների [1]: Ու թեև յուրաքանչյուր երկիր ու տնտեսություն յուրահատուկ են, և չկան միատարր լուծումներ, այդ թվում՝ թվայնացման գործընթացում, այնուամենայնիվ, հարկ է տարբերակել երկրների տարբեր խմբերի թվային տնտեսությունների զարգացման տեսլականները, ինչը հնարավորություն կտա քաղաքականություն մշակողներին ավելի լավ պատկերացնելու թվային տնտեսության զարգացման ներկայիս միտումները և առաձնացնելու ոլորտային զարգացման հնարավոր ուղիներ կամ տեսակետներ:

Տնտեսության թվայնացման համար անհրաժեշտ է հաշվի առնել մի շարք գործոններ և ապահովել անհրաժեշտ նախապայմաններ [2]: Նախ՝ հարկ է դիտարկել անհրաժեշտ ենթակառուցվածքների հասանելիությունը և հասկանալ, թե՝ 

  • որքանո՞վ են զարգացած թվային և ֆիզիկական ենթակառուցվածքները՝ թվային էկոհամակարգի (թողունակության հասանելիություն, էլեկտրոնային առևտրի իրականացման պայմանների մատչելիություն, որակ և այլն) ձևավորումը հեշտացնելու տեսանկյունից,
  • արդյո՞ք սպառողներն ունեն ցանկություն և ունակություն՝ ներգրավվելու թվային էկոհամակարգում,
  • արդյո՞ք սպառողները տիրապետում են համապատասխան գործիքների ու հմտությունների՝ թվային տնտեսության մեջ ընդգրկվելու համար:

Հաջորդ կարևոր գործոնն ինստիտուցիոնալ միջավայրն է: Հետևաբար՝ անհրաժեշտ է գնահատել, թե՝ 

  • արդյո՞ք տվյալ երկրի օրենսդրությունն ու կառավարության գործողությունները խոչընդոտում կամ աջակցում են թվային տեխնոլոգիաների զարգացմանը,
  • կառավարություններն արդյո՞ք կատարում են ներդրումներ թվայնացումը խթանելու նպատակով,
  • տվյալների օգտագործումն ու պահպանումը կարգավորող կանոնակարգերն արդյո՞ք խոչընդոտում կամ նպաստում են թվայնացման աճին:

Համաշխարհային տնտեսության թվայնացման ներկայիս միտումները որպես հիմք ընդունելով, ինչպես վերը նշեցինք, աշխարհի ֆիզիկական քարտեզը բաժանվում է 4 հիմնական խմբերի [3]։

Առաջին խմբի երկրներն ունեն և՛ թվայնացման բարձր մակարդակ, և՛ իրենց թվային կարողություններն առաջ մղելու շարունակական միտում: Հատկապես ուշագրավ են երեք տնտեսություններ՝ Սինգապուր, Հարավային Կորեա և Հոնկոնգ: 

Երկրորդ խմբում այն երկրներն են, որոնք տիրապետում են սահմանափակ թվային ենթակառուցվածքի, բայց ունեն արագ թվայնացման միտում: Այս խմբում առավել ուշագրավ է Չինաստանի օրինակը, որի թվային առաջընթացը զգալիորեն ավելի մեծ է, քան մնացած բոլոր տնտեսություններինը, ինչն առավելապես պայմանավորված է արագորեն աճող պահանջարկի և նորարարության համադրությամբ: Ինդոնեզիան և Հնդկաստանը նույնպես այս խմբի կարևոր անդամներն են, որոնք նույնպես աչքի են ընկնում թվայնացման աճող տեմպերով՝ ինչպես հետհամավարակային տնտեսական վերականգնման, այնպես էլ երկարաժամկետ վերափոխման տեսանկյունից:

Երրորդ խմբում ընդգրկված են հիմնականում ԵՄ անդամ երկրները, որոնց հատուկ են «հասուն» թվային ենթակառուցվածքները, բայց, միաժամանակ, ավելի քիչ նախաձեռնողականությունը՝ թվայնացման գործընթացի հետագա առաջխաղացման առումով:

Վերջին խմբում ներառված են Աֆրիկայի, Ասիայի, Լատինական Ամերիկայի և Հարավային Եվրոպայի երկրները, որոնք բնութագրվում են ինչպես տնտեսության, այնպես էլ թվայնացման հետագա աճի միտումների համեմատաբար ցածր մակարդակով:

Վերոնշյալ երկրները, հիմքում ունենալով հաջողված երկրների փորձը, կարծում ենք՝ պետք է իրականացնեն հնարավորինս ակտիվ քայլեր տնտեսության թվայնացումը խթանելու համար։ Մասնավորապես՝

  • կատարել երկարաժամկետ ներդրումներ թվային ենթակառուցվածքների հիմ­նական բացթողումները լրացնելու համար,
  • ստեղծել ինստիտուցիոնալ միջավայր, որը կաջակցի թվային ապրանքների և ծառայությունների անվտանգ իրացմանը,
  • խրախուսել այն նախաձեռնությունները (պետական-մասնավոր գործընկերության միջոցով), որոնք միտված են բնակչության անապահով խավերի թվային հասանելիության գործընթացում ներդրումների կատարմանը:

Անշուշտ, համաշխարհային տեխնոլոգիական զարգացման վերջին տարվա միտումների վերլուծությունը թերի կլիներ՝ առանց COVID-19 համավարակի ազդեցության ուսումնասիրության: Ամենահետաքրքրականն այն է, որ թվայնացման համեմատաբար բարձր մակարդակ ունեցող մի շարք տնտեսություններ ձգտում են իրենց ՀՆԱ մեծ մասը ստանալ բարձր տեխնոլոգիական ոլորտներից, որտեղ աշխատուժն ավելի հեշտությամբ է անցնում հեռավար աշխատանքի: Բացի այդ, թվայնացված զարգացած տնտեսությունները, որպես կանոն, զարգացած թվային ենթակառուցվածքների և մատչելի ինտերնետ հասանելիության շնորհիվ, առցանց շատ ավելի լավ են մատուցում հանրային ծառայություններ: Որոշ երկրներ, օրինակ, կիրառեցին իրենց գերակա դիրքը վարակակիրների շփման շրջանակի նույնականացման, տվյալների հավաքագրման նպատակով, ինչը հնարավորություն տվեց նվազագույնի հասցնելու համավարակի սոցիալ-տնտեսական հնարավոր բացասական հետևանքները (Հարավային Կորեա, Թայվան): Թվայնացման բարձր մակարդակ ունեցող այնպիսի երկիր, ինչպիսին Մեծ Բրիտանիան է, միջոցառումներին անհամաչափ արձագանքմամբ արձանագրեց նշանակալի տնտեսական անկում: Երկրի ՀՆԱ 10.9%-ը ձևավորվում է զբոսաշրջությունից, ինչը համավարակի հետևանքով չափազանց մեծ անկում ապրեց: Ընդհանուր առմամբ, համավարակի պայմաններում թվային առաջընթացն էականորեն նպաստում է տնտեսական կայունությանը, կանխելով ավելի մեծ անկումը, բայց դա նույնպես բավարար չէ:

Microsoft ընկերության փորձագետների իրականացրած գնահատումների համաձայն՝ կարճաժամկետ հեռանկարում COVID-19 համավարակը շարունակելու է հանգեցնել տեխնոլոգիական ռեսուրսներից հանրության կախվածության աճին [5]: Դեռևս չհաղթահարվող այս իրավիճակում մենք շարունակելու ենք ապրել ու գործել «հիբրիդային տնտեսությունում», որտեղ ոմանք աշխատավայրում են, իսկ մյուսները շարունակում են աշխատել տնից: 

Ընկերության վերլուծությունից պարզ է դառնում, որ հաջորդ հինգ տարիների ընթացքում համաշխարհային տնտեսության մեջ կստեղծվեն տեխնոլոգիական ուղղվածության մոտ 149 միլիոն նոր աշխատատեղեր այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են տվյալների վերլուծությունը, տվյալագիտությունը, կիբեռանվտանգությունը և գաղտնիության պաշտպանությունը (գծապատկեր 1) [6]:

Թվային տնտեսության կարևորագույն և ներկայում զգալիորեն արագ աճող հատվածը էլեկտրոնային առևտուրն է, ինչը թվային տնտեսության մյուս բաղադրիչների կատարելագործման անմիջական հիմքն է։ Վերջին մի քանի տարիների ընթացքում այն դարձել է համաշխարհային մանրածախ առևտրի անփոխարինելի մասը: 2020 թ. էլեկտրոնային մանրածախ առևտուրը գերազանցել է 4.2 տրիլիոն ԱՄՆ դոլարի շեմն ամբողջ աշխարհում: Ենթադրվում է, որ էլեկտրոնային առևտրի շուկայում եկամուտը 2021 թ. կկազմի 2,7 տրիլիոն ԱՄՆ դոլար: Ըստ կանխատեսումների՝ էլեկտրոնային առևտրից ստացվող եկամուտը տարեկան կաճի շուրջ 6,29%- ով (CAGR 2021-2025), որի արդյունքում առևտրի կանխատեսվող շուկայական ծավալը մինչև 2025 թ. կկազմի մոտ 3,5 տրիլիոն ԱՄՆ դոլար, իսկ սպառողների թիվը՝ մոտ 4,9 մլրդ [7]:

Նկատելի է, թե համավարակի հետևանքներն ինչպես են դրսևորվել ըստ առանձին ապրանքախմբերի` ընդգծելով, թե իրացման ինչ խնդիրների են բախվել ճանապարհորդության և զբոսաշրջության ապրանքախմբերը: Statista-ն հայտնում է, որ այս ոլորտի առցանց եկամուտները տարեկան կտրվածքով ավելի քան 50%-ով նվազել են, ինչը հանգեցնում է տարեկան ավելի քան 0,5 տրիլիոն ԱՄՆ դոլարի սպառողական ծախսերի անկման: Մյուս կողմից, մի շարք ապրանքային կատեգորիաներում 2020 թ. նկատելի է էլեկտրոնային առևտրից ստացվող եկամուտների էական աճ [9]: Աճի առավելագույն ցուցանիշը գրանցել են սննդի և անձնական սպառման ապրանքների ոլորտները, ինչը տրամաբանական է և համահունչ COVID-19-ի սահմանափակումներով պայմանավորված հանրային վարքագծի դրսևորմանը։ Համաշխարհային առումով, 2020 թ. այս ապրանքախմբերի էլեկտրոնային առևտրից ստացվող եկամուտն աճել է շուրջ 400 միլիարդ ԱՄՆ դոլարով՝ նախորդ տարվա համեմատ ավելանալով ավելի քան 40%- ով (գծապատկեր 2) [10]:

Էլեկտրոնային առևտրի բնագավառում առավել տեսանելի միտումներից է բջջային սարքավորումների օգտագործման ծավալների շարունակական աճը: 2019 թ. ամբողջ աշխարհում մանրածախ առևտրի ինտերնետային կայքերի այցելությունների ավելի քան 60%-ը բաժին է ընկել սմարթֆոններին: Հատկապես այն տարածաշրջաններում, որտեղ այլ թվային ենթակառուցվածքներ չկան կամ թերի են, բջջային սարքավորումների ինտեգրումը կարող է լինել էլեկտրոնային առևտրի ծավալների շարունակական աճի նախադրյալ: Դա առավելապես վերաբերում է Ասիային, որտեղ Հարավային Կորեայի նման երկրները բջջային կապի միջոցով իրականացնում են իրենց առցանց գործարքների ընդհանուր ծավալի 65%-ը [11]:

Կորոնավիրուսի համավարակն ամբողջ աշխարհում շարունակում է էական ազդեցություն ունենալ էլեկտրոնային առևտրի և սպառողների վարքագծի վրա: Մասնավորապես՝ 2020 թ. էլեկտրոնային մանրածախ առևտրին բաժին է ընկել ամբողջ աշխարհում մանրածախ առևտրի 18%-ը: Ակնկալվում է, որ այս ցուցանիշը 2024 թ. կհասնի 21,8%-ի (գծապատկեր 3) [12]:

Մանրածախ առևտրի կայքերը զգալի առաջընթաց են գրանցել հատկապես համավարակի պայմաններում։ Amazon.com-ը, որն էլեկտրոնային առևտրի հսկաներից է, 2020 թ. ունեցել է ամսական գրեթե 3,68 միլիարդ այցելու, որին հաջորդում է eBay.com-ը՝ ամսական միջին հաշվով 1,01 միլիարդ այցով (գծապատկեր 4):

Նշենք, որ ամբողջ աշխարհում էլեկտրոնային առևտրի մասնակիցների մեծամասնության հիմնական մարտահրավերն առցանց խանութների տեխնոլոգիական բաղադրիչի աճող պահանջներն են, բազմակողմանի խթանման անհրաժեշտությունը և հաճախորդների անձնական ու վճարային տվյալների անվտանգությունը: Հաշվի առնելով համաշխարհային տնտեսության մեջ COVID-19-ով պայմանավորված իրավիճակը՝ կարող ենք ասել հետևյալը. զգալիորեն մեծացել է հասարակության լայն շերտերի հետաքրքրությունն առցանց առևտրի նկատմամբ։ Ուստի էլեկտրոնային առևտրով զբաղվողների հիմնական խնդիրը պետք է լինի հաճախորդների բազմազանեցումը: Այս տեղեկությունից օգտվելով՝ առցանց վաճառքի կետերը կարող են իրականացնել անհատականացված և նպատակային արշավներ՝ թիրախավորված յուրաքանչյուր խմբի նախընտրությունները բավարարելու համար։

Հայաստանյան իրականությունը

ՀՀ տնտեսության թվայնացման առումով, կարևոր և գործնական քայլերից մեկը կարելի է համարել երկրում թվայնացման ռազմավարության ընդունումը [15], ըստ որի՝ որոշակիորեն հստակեցվում են տնտեսության թվայնացման հետագա ուղղությունները։ Այնուամենայնիվ, թվային տնտեսության զարգացման առումով, շարունակում են գոյություն ունենալ ակնհայտ խնդիրներ ու ռիսկեր։

Թեև ռազմավարության մեջ առանձնակի անդրադարձ է կատարվում հանրության շրջանում թվային կրթության մակարդակի բարձրացմանը, սակայն, մեր կարծիքով, միջնաժամկետ հեռանկարում էական ռիսկեր են ի հայտ գալիս թվայնացված ծառայություններից օգտվելու գործընթացում: Ինչպես և նշվում է ռազմավարության մեջ, արդեն իսկ կիրառվող թվային հարթակներն աչքի են ընկնում ցածր արդյունավետությամբ, անհարմարությամբ և օգտագործման դժվարությամբ, ինչը հանրության շրջանում անվստահության մթնոլորտ է ձևավորում թվային տեխնոլոգիաների նկատմամբ: Մյուս խնդիրն այն է, որ թվային գործիքակազմի զարգացման ներկայիս մակարդակը ստեղծում է այնպիսի խնդիրներ, երբ թվային հարթակների մեծածավալ և միաժամանակյա օգտագործման պայմաններում նվազում է դիմումներին կամ հարցումներին արձագանքման արագությունը: Այս միտումը հատկապես դրսևորվեց համավարակի սոցիալտնտեսական հետևանքների մեղմմանն ուղղված՝ աջակցության միջոցառումների իրականացման գործընթացում:

Թեև Հայաստանում տնտեսության թվայնացումը համարվում է տնտեսական առաջընթացի կարևոր նախապայման և առաջնահերթություն, այնուամենայնիվ, երկրում էլեկտրոնային առևտուրը նշանակալիորեն կաղում է։ Խնդիրն առավել նկատելի է դառնում արտահանողների համար՝ ժամանակատար բարդ փաստաթղթավորման, օրենսդրական ու բյուրոկրատական քաշքշուկների տեսանկյունից:  

Տնտեսական շրջափակման մեջ գտնըվող ու արտահանման զարգացումը որպես տնտեսական առաջնահերթություն և ռազմավարական նպատակ սահմանած Հայաստանում դեռևս գոյություն չունի էլեկտրոնային առևտուրը կարգավորող օրենք, այն պարագայում, երբ աշխարհում նկատվում է առևտրային գործընթացը լիարժեքորեն թվայնացնելու համընդհանուր միտում։ Հայաստանում էլեկտրոնային առևտուրն իրավական կարգավորումների դաշտ է մտել 2016 թ., այն էլ միայն «Առևտրի և ծառայությունների մասին» ՀՀ օրենքում կատարված լրացումների և փոփոխությունների արդյունքում [16]: Իհարկե, մեզանում ոլորտն ունի զարգացման մեծ ներուժ, սակայն հանրության կասկածամիտ վերաբերմունքը և զգուշավորությունը նույնպես խոչընդոտում և սահմանափակում են դրա արդյունավետ իրացումը։

Ամենատարածված խնդիրներից են նաև PayPal վճարահաշվարկային համակարգի ոչ լիարժեք աշխատանքը և մաքսային ձևակերպումների բարդությունը: Համակարգը Հայաստանում լիարժեքորեն չի գործում, ինչը խանգարում է ոլորտի զարգացմանը: Բանն այն է, որ արտերկրից ապրանք պատվիրելիս Հայաստանից հնարավոր է վճարումներ կատարել այս համակարգով, մինչդեռ ապրանք արտահանելիս՝ ոչ: Սա է պատճառը, որ էլեկտրոնային առևտրի հայաստանյան սուբյեկտները գրանցվում են այլ երկրների PayPal համակարգում՝ հետագայում վաճառքից ստացված գումարը փոխանցելով իրենց հայաստանյան հաշիվներին: Այս իրավիճակը նույնպես լրացուցիչ անհարմարություններ է ստեղծում, որոնց միջով ոչ բոլորն են պատրաստ անցնելու։ Ինչ վերաբերում է մաքսային ձևակերպումների բարդությանը, ապա պետք է նշել, որ ՀՀ-ից 200 եվրոյից ավելի արժողությամբ ապրանք արտահանելիս պահանջվում է ներկայացնել մաքսային հայտարարագիր, ինչը ոչ միայն ժամանակատար գործընթաց է, այլև ենթադրում է լրացուցիչ ծախսեր։ Սա նույնպես հարվածի տակ է դնում հայաստանյան փոքր ու միջին բիզնեսի՝ էլեկտրոնային առևտրին ինտեգրման հնարավորությունը։

Հայաստանյան շուկայում ոլորտի զարգացման խոչընդոտներից է լոգիստիկ խնդիրների առկայությունը։ Բազմաթիվ փոքր ու միջին ընկերություններ էլեկտրոնային առևտուր իրականացնելիս Հայաստանից ապրանքն այլ երկիր են առաքում հիմնականում մարդատար ինքնաթիռներով՝ պայմանավորված նաև բեռների փոքր ծավալով։ Սակայն, համավարակի հետևանքով թռիչքների կրճատումը, իսկ սկզբնական շրջանում՝ նաև բացարձակ արգելքը պատվերների առաքման էական խնդիրներ են առաջացրել մատակարարների համար։ Ներմուծման դեպքում նույնպես ամեն ինչ հարթ չէ․ օրինակ՝ ԱՄՆ-ից դեպի ՀՀ բեռնատար ինքնաթիռներ չեն ժամանում, ուստի ներմուծողները ստիպված են լինում բեռների տեղափոխումն իրականացնել Վրաստանի միջոցով։ 

Այսպիսով՝ ՀՀ թվային տնտեսության և հատկապես էլեկտրոնային առևտրի ոլորտում իրականացվող կարգավորում­ների ուսումնասիրությունից կարող ենք եզրակացնել, որ ներկայում այս բնագավառում առկա են բազմաթիվ խնդիրներ, որոնք ունեն լուծման կարիք։ Ընդ որում, դրանց մեծ մասը էլեկտրոնային առևտրի դաշտը կարգավորող օրենքի բացակայության հետևանքով է։ Կարծում ենք՝ օրենքի ընդունումը կմեղմի ոլորտում առկա անորոշությունը և հնարավորություն կտա ավելի համակարգված ձևով կանոնակարգելու և իրականացնելու առևտրային գործընթացը։ Մտահոգիչ է նաև խոցելի խմբերում իրազեկվածության և թվային գրագիտության մակարդակի բարձրացման խնդիրը:  Թեև թվայնացման ռազմավարությունում այս առումով նախանշվում է տարաբնույթ ծրագրերի իրականացում, այնուամենայնիվ, մեր համոզմամբ, միայն կրթական ծրագրերը բավարար չեն հասարակության այդ խմբերում էլեկտրոնային ծառայություններից օգտվելու հնարավորությունների մեծացման համար: Անգամ եթե բարձր տարիքային խմբում ընդգրկված քաղաքացիներն ունակ լինեն ընկալելու և կիրառելու թվային գործիքներ, շատ դեպքերում առաջանալու է համապատասխան տեխնիկական սարքավորումներով ապահովվածության խնդիր, որին լուծում տալը կարճաժամկետ հեռանկարում քիչ հավանական է:

Ամփոփելով նշենք՝ Չինաստանի փորձը հուշում է, որ էլեկտրոնային առևտրի համակարգի արդյունավետ կիրառումը համավարակի հաղթահարման կարևորագույն ուղիներից է՝ տարբեր ոլորտների աշխատանքը կորցրած քաղաքացիներին թվային լոգիստիկ հարթակներում առաջադեմ տեխնոլոգիական միջոցների կիրառմամբ աշխատանքի ներգրավելով: Ստեղծված իրավիճակում մարդկանց եկամտի էական մասն ուղղվում է առաջին անհրաժեշտության ապրանքների ձեռքբերմանը՝ փոխելով նրանց սպառման կառուցվածքը, ինչը, բնականաբար, հանգեցնում է էլեկտրոնային առևտրի ծավալի աճին: Սահմանափակումներով պայմանավորված՝ գնումների և տարաբնույթ գործարքների մեծ մասն իրականացվում է էլեկտրոնային հարթակներում՝ հնարավորություն տալով սպառողներին բացահայտելու և գնահատելու էլեկտրոնային առևտրի՝ մինչ այդ չգնահատված դրական կողմերը: Անընդհատ դեպի հարմարավետություն ձգտողներն առցանց հարթակների միջոցով կարողանում են արագ և հարմար տարբերակով բավարարել իրենց պահանջմունքները՝ ձեռք բերելով անհրաժեշտ ապրանքներ, ինչպես նաև խնայելով ժամանակը։ Ուստի, էլեկտրոնային առևտրի դրական կողմերը հենց այն նախադրյալներն են, որոնք պայմանավորելու են դրա հետագա աճը՝ նույնիսկ համավարակի հաղթահարումից հետո: Փորձը ցույց է տալիս, որ պետություն-շուկա փոխգործակցության արդյունքում հաջողությամբ լուծվում են զարգացման գործընթացում ի հայտ եկող բոլոր խնդիրները, իսկ առավել արդյունավետ լուծում­ներն արագորեն դառնում են տնտեսության արդի չափորոշիչներ։ Ուստի, մեր համոզմամբ, թվային տնտեսության ստեղծումը և զարգացումը պետք է իրականացվեն համակարգված ու շարունակական միջոցառում­ների արդյունքում՝ նախապես ապահովելով տեղեկատվական, տեխնիկական և կրթական անհրաժեշտ հիմք, և միայն այդ գործընթացների լիարժեք իրագործումից հետո կարելի է անցում կատարել էլեկտրոնային ծառայությունների լայնածավալ կիրառմանը։

Հղումներ

[1] Chakravorti Bhaskar, Bhalla Ajay, and Chaturvedi Ravi Shankar, Which Economies Showed the Most Digital Progress in 2020?, December 2020, https://hbr.org/2020/12/which-economies-showed-the-most-digital-progress-in-2020#  

[2] Fedorychak Volodymyr, 20 Digital Transformation Statistics You Should Know in 2021, April, 2021. https://lvivity.com/digital-transformation-statistics 

[3] Նույն տեղում։

[4] Smith Brad, Microsoft launches initiative to help 25 million people worldwide acquire the digital skills needed in a COVID-19 economy, Jun 30, 2020, https://blogs.microsoft.com/blog/2020/06/30/microsoft-launches-initiative-to-help-25-million-peopleworldwide-acquire-the-digital-skills-needed-in-a-covid-19-economy/ 

[5] Նույն տեղում։

[6] Նույն տեղում։ 

[7] Digital Markets, eCommerce, https://www.statista.com/outlook/dmo/ecommerce/worldwide 

[8] Kemp Simon, DIGITAL 2021: GLOBAL OVERVIEW REPORT, 27 Jan, 2021, https://datareportal.com/reports/digital-2021-global-overview-report 

[9] EcommerceDB.com Trend Report, eCommerce 2020: trends and Outlook, September 2020, https://www.statista.com/study/79060/ecommerce-trends-and-outlook/   

[10] Gorbachevskaya E.Yu., Significance Of Electronic Commerce In Development Of Rf Innovative Economy, December 2018, https://www.researchgate.net/publication/329723371_Significance_Of_Electronic_Commerce_In_Development_Of_Rf_Innovative_Economy 

[11] Statista Digital Market Outlook, eCommerce report 2020, November 2020, https://www.statista.com/study/42335/ecommerce-report/ 

[12] Coppola Daniela, E-commerce share of total global retail sales from 2015 to 2024, 21 Apr, 2021, https://www.statista.com/statistics/534123/e-commerce-share-of-retail-sales-worldwide/ 

[13] Coppola Daniela, E-commerce share of total global retail sales from 2015 to 2024 , 21 Apr, 2021 https://www.statista.com/statistics/534123/e-commerce-share-of-retail-sales-worldwide/ 

[14] Clement J., Leading retail websites worldwide 2020, by traffic, 12 Feb, 2021, https://www.statista.com/statistics/274708/online-retail-and-auction-ranked-by-worldwide-audiences/ 

[15] Հայաստանի թվայնացման ռազմավարությանը, ռազմավարության միջոցառումների ծրագրին և արդյունքային ցուցանիշներին հավանություն տալու մասին ՀՀ կառավարության որոշում, փետրվար, 2021, https://www.arlis.am/DocumentView.aspx?docID=149957 

[16] «Առևտրի և ծառայությունների մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենք, https://www.arlis.am/documentview.aspx?docid=107095 

Գրականություն

  1. Bhaskar Chakravorti, Ajay Bhalla, and Ravi Shankar Chaturvedi, Which Economies Showed the Most Digital Progress in 2020?, December 2020, https://hbr.org/2020/12/which-economies-showed-the-most-digital-progress-in-2020#
  2. Brad Smith, Microsoft launches initiative to help 25 million people worldwide acquire the digital skills needed in a COVID-19 economy, Jun 30, 2020, https://blogs.microsoft.com/blog/2020/06/30/microsoft-launches-initiative-to-help-25-million-people-worldwide-acquire-the-digital-skills-needed-in-a-covid-19-economy/
  3. Daniela Coppola, E-commerce share of total global retail sales from 2015 to 2024, 21 Apr, 2021, https://www.statista.com/statistics/534123/e-commerce-share-of-retail-sales-worldwide/
  4. Digital Markets, eCommerce, https://www.statista.com/outlook/dmo/ecommerce/worldwide
  5. E.Yu. Gorbachevskaya, Significance Of Electronic Commerce In Development Of Rf Innovative Economy, December 2018, https://www.researchgate.net/publication/329723371_Significance_Of_Electronic_Commerce_In_Development_Of_Rf_Innovative_Economy
  6. ecommerceDB.com Trend Report, eCommerce 2020: trends and Outlook, September 2020, https://www.statista.com/study/79060/ecommerce-trends-and-outlook/
  7. How COVID-19 triggered the digital and e-commerce turning point, March 2021,UNSTAD, https://unctad.org/news/how-covid-19-triggered-digital-and-e-commerce-turning-point
  8. J. Clement, Leading retail websites worldwide 2020, by traffic, 12 Feb, 2021, https://www.statista.com/statistics/274708/online-retail-and-auction-ranked-by-worldwide-audiences/
  9. Simon Kemp, DIGITAL 2021: GLOBAL OVERVIEW REPORT, 27 Jan, 2021, https://datareportal.com/reports/digital-2021-global-overview-report
  10. Statista Digital Market Outlook, eCommerce report 2020, November 2020, https://www.statista.com/study/42335/ecommerce-report/
  11. Volodymyr Fedorychak, 20 Digital Transformation Statistics You Should Know in 2021, April, 2021. https://lvivity.com/digital-transformation-statistics


Նարինե Պետրոսյան (Narine Petrosyan) © Բոլոր իրավունքները պաշտպանված են:

© «Ամբերդ» հետազոտական կենտրոն