Նախ ընթերցի′ր առաջին մասը:
Այս ամռան հուլիսյան դեպքերը, կապված «Սասնա ծռեր» զինված խմբի կողմից ոստիկանության ՊՊԾ գնդի գրավման հետ, բազմաթիվ հարցերի, մտքերի, երբեմն նույնիսկ հակասական մոտեցումների առիթ տվեցին հասարակության տարբեր խավերի մոտ։ Այստեղ առավելապես խոսքը այդ գործողության հրահրած հետագա իրադարձությունների մասին է, որոնք յուրօրինակ «լակմուսի թուղթ» հանդիսացան՝ հասկանալու գործող իշխանական համակարգի գործառնության նրբերանգները և իշխանության համակարգային կողմն ինքնին։ Ցույց տվեցին իշխանությունը, ուժը, որը արտահայտվեց հարցի լուծման տարբերակների ընտրության հնարավորությամբ և բռնությունից խուսափելու հստակ մարտավարությամբ։
Թե՛ իշխանության քաղաքական գիծը և թե՛ հանրային մոտեցումը այս խնդրում մոտավորապես նույնն էր, այն հանգում էր հարցի լուծմանը, խաղաղ, բանակցային՝ ընտրական եղանակով։ Այս կետը որքան էլ խոսի «ազգային խաղաղասիրության» և «ողջախոհության» մասին, անհրաժեշտ կերպով ընդգծում է իշխանության և հասարակության գաղափարաբանական և արժեքային մի դաշտում գտնվելը, մի համակարգին պատկանելը։ Ինչո՞ւ այսպես․ քանի որ հենց սահմանային իրավիճակում են երևում համակարգի բնորոշիչ կողմերը և դրա «ինքնությունը», իսկ «Սասնա ծռերի» գործողությունը առօրեական վիճակին հակընդդեմ, սահմանային քաղաքական ակտ էր։ Թեև այն ձևով քաղաքական չէր, (գոնե քաղաքականի հանրային ընկալման լեգիտիմ ձևերի առումով), բայց խորքային բովանդակությամբ հենց քաղաքական էր։ Կարլ Շմիթը՝ Նացիստական Գերմանիայի թագակիր իրավաբանը, նշում էր, որ քաղաքական գործողության համար անհրաժեշտ է արձանագրել մի չափազանց կարևոր դիխոտոմիկ վիճակ, վիճակ, երբ սահմանի մի կողմում հստակ նշված ընկերներ են, իսկ մյուսում՝ թշնամիներ, ու նրանց միջև չի կարող լինել ոչ մի տեսակի համագործակցություն։ Շարժումը, հայտարարությունների մակարդակում գոնե, սրա մասին էր խոսում, երբ հայտարարում էր մինչև վերջին շունչը պայքարելու և զոհվելու պատրաստակամության մասին, և որ իրենց ընտրած գործողության տարբերակը արդյունք է այն վիհի, որն առաջացել է իշխանության ու իրենց միջև և որը կարող է լուծվել միայն ապստամբության միջոցով։ Հարկավ, կային նաև պահանջների և դրանց հնարավոր բավարարման պարագայում հարցի խաղաղ լուծման տարբերակներ, բայց դրանք առավելապես իդեալիստական, էսթետիկ ժանրից էին։ Մյուս կողմից դրանք չէին բացառում ապստամբության գաղափարը ինքնին, քանզի ապստամբ կողմերը ինքնանպատակ կռվողներ չեն, այլ որոշակի պահանջների կրողներ և իրացնողներ։ Պահանջներ, որոնք ուղղված էին առաջինը՝ հակոտնյա՝ իշխանական կողմին, ապա նաև հանրությանը, որն էլ պետք է մասնակից դառնար շարժմանը և լիներ հաղթանակի գրավականը։
Հասարակության մի ստվար մաս, անձնական դիրքավորման մասով, ընտրել էր անտարբերությունը և անգործությունը՝ հիմնավորելով դա ողջախոհությամբ, իրավիճակի սթափ գնահատմամբ, հնարավոր արյունահեղության մերժմամբ և խմբի ընտրած միջոցների խտրությամբ։ Մի մասը, թեև առավելապես հայտարարությունների մակարդակում, հարում էր ուժի միջոցով բռնի լուծում գտնելու տարբերակին, իսկ առավել ստվար մասը ակտիվ չեզոքության կողմնակից էր՝ փորձելով յուրատեսակ կամրջի դեր խաղալ հակամարտող կողմերի միջև։ Իշխանությունը վերջ ի վերջո հասավ նրան, որ առանց բռնության լուծեց չափազանց նուրբ, դյուրազգաց և պայթունավտանգ իրավիճակը։ Թնջուկ, որը ձևով բռնի էր, բայց բովանդակությամբ՝ քաղաքական։ Չգործադրելով բռնություն, իշխանությունը ցուցադրեց իր հնարավորությունների ամենակարող ուժը, մյուս կողմին տալով ընտրության հնարավորություն, և ի վերջո մյուս կողմը, իրացնելով իր կամքը, որոշակի ընտրություն կատարելով, ընտրեց հարցի լուծման անարյուն տարբերակը։ Այս ամենը առավելապես ցույց է տալիս միայն ու միայն իշխանության համակարգի ուժը։ Իհարկե, այս տարբերակը չընդունողները կարող են մատնանշել հանրային լրատվամիջոցների և հասարակության անդամների նկատմամբ իրականացված ոստիկանական գործողությունները, բայց դրանք առավելապես միտված էին իրավիճակը բացարձակ տիրապետելուն և հանրային ինքնագործունեությունը հենց բնում խեղդելուն։ Մեր իշխանական համակարգը, լինելով առավելապես իշխանության ստատիկ տիպի կողմնակից, դեմ է ցանկացած տեսակի հանրային կամարտահայտման դինամիկ ձևերին այն պարագայում, երբ չունի երաշխիքներ, որ հասարակական, հակաիշխանական շարժումների հնարավոր զարգացումները կարող է ամբողջությամբ իր վերահսկողության տակ պահել, իսկ դա ցանկացած իշխանության պարագայում գրեթե անհնար է և չափազանց ռեսուրսատար։
Մյուս կարևոր սիմվոլը իշխանական համակարգի բանագնացի կերպարի առկայությունն է։ Իշխանությունը այս կերպարի միջոցով վերջ ի վերջո կարողացավ իր մոտեցումը ընդունելի և ընկալելի դարձնել զինված խմբին և հասավ նրան, որ զինված խումբը ընտրեց իշխանության առաջարկած՝ հարցի անարյուն լուծման տարբերակը՝ մերժելով իր իսկ նախանշած ուղին և գործելով իշխանության տրամաբանության սահմաններում։ Իշխանության կամ զինված խմբի կողմից իրացվելիք բռնությունը կխոսեր համաձայնության անհնարինության, մեկի կամ մյուսի սելեկտիվ ընտրության բացակայության, և պարզագույն հարկադրանքի մեխանիզմի իրացման մասին, որը ոչ մի կերպ ձեռնտու չէր նախ և առաջ իշխանության համակարգին և դրա ներկայացուցիչներին, քանզի կարող էր վտանգավոր նախադեպ լինել բազմաթիվ տարակարծությունների և հասարակության մեջ այնպիսի մտահանգումների բերել, որոնք միանշանակ ոչ ցանկալի էին լինելու իշխանության համար։ Ու որ ամենակարևորն է, հասարակությունը կտեսներ իր մտահանգումները իրական, գործնական վիճակներում՝ այսպիսով ամրացնելով իր պատկերացումների ռացիոնալ հիմքը և ամրապնդելով կարծրացած մոտեցումները։ Մոտեցումներ, որոնք առավելապես հանգում են քաղաքական հարցերի լուծմանը, դրա հնարավոր ձևաչափերի բացակայությանը կամ այլընտրանքների ծայրահեղ սակավությանը։
Պարզ է, որ բռնության իրականացման պարագայում տեղի ունեցածի ամբողջ պատասխանատվությունը ընկնելու էր իշխանության վրա, որն էլ պետք է կրկնակի բեռի և պատասխանատվության տակ լիներ։ Առաջինը ինքնին ընկալելի է, քանի որ ինքը իշխանությունը է և ամեն դեպքում պատասխանատու է ցանկացած ներքաղաքական իրավիճակի համար, որը կխարխլի կամ կամրապնդի պետության և հասարակության հիմքերը։ Երկրորդն այն էր, որ բռնության իրականացման դեպքում իշխանությունը մյուս կողմին ազատում էր սեփական կամքի իրացումից՝ այսպիսով նաև հետագա պատասխանատվությունից։
Ուրիշը նաև փրկիչ
Այս ամենի պարագայում չափազանց կարևոր էր, որ այս երկու կողմերի միջև բանակցող կողմը իշխանության անմիջական կրող չէր, այլ մերձիշխանական կերպար, և, որ առավել կարևոր էր, իր կերպարի և կենսագրության շնորհիվ հասկանալի և ընկալելի էր երկու կողմերի համար էլ։ Եթե մի քիչ վերացարկվենք իրավիճակից և առավել խորքային վերլուծության ենթարկենք իշխանական համակարգը և հասարակության գործառութային կողմերը, ապա հետևյալ պատկերը կստանանք։ Այս կերպարը յուրօրինակ անդրացական (transcendental) կերպար էր, որ վեր էր այս երկու հակամարտ կողմերից, և ներկայացնում էր ողջախոհ-ազգային արժեքը՝ սոցիալական կամուրջ, այն սոսինձը, որի վրա հենվում է ողջ հանրային-պետական-իշխանական համակարգը, որին էլ վերջի ի վերջո հարեցին երկու կողմերն էլ։ Հենց այստեղ է, որ պարզ է դառնում, թե որտեղից այդ ողջախոհությունը և ում էր այն ձեռնտու։ Ակներև է, թե տարբեր իրավիճակներում ինչպիսի տարբեր կերպարանքներ կարող են ունենալ գաղափարաբանությունը և նրա գործիք ողջախոհությունը։ Ողջախոհությունը հանդես է գալիս որպես իշխանության կողմից ստեղծված և կառավարվող գործիք, որպես կամուրջ իշխանության և հասարակության այդ խմբի միջև։ Այս կերպարի նմանօրինակները բազմաթիվ են հատկապես արևելյան հեքիաթներում. դա դերվիշն է, որը լուծում է առկա խնդիրները և փոխընկալման դաշտ ստեղծում թագավորի-իշխանության և հանրության միջև, կամ մարգարեները՝ աստծո և ժողովրդի միջև, կամ արևմտաեվրոպական ծաղրածուները՝ կրկին թագավորի և հասարակության միջև և այլն։ Սա էլ ցույց է տալիս, որ այն հորջորջված անդունդը իշխանության և հասարակության միջև այդքան էլ անհույս չէ, ու անդունդ էլ չէ և որոշակի սահմանային, ծայրահեղ պարագաներում կարող է ի հայտ գալ, ցույց տալ իր էությունը, քողազերծվել հենց իշխանության նախաձեռնությամբ։
Գործնականի մասին
Ընդհանրապես, ուշադիր հետևելով իշխանական և մերձիշխանական ԶԼՄ-ների հաղորդագրություններին և գաղափարական շրջանակներին՝ կարող ենք փաստել, որ իշխանությունը հենց առաջին օրից էլ հարում էր հարցի լուծման խաղաղ, համոզման ճանապարհի ընտրությանը։ Առնվազն հարկ է հիշատակել Ազգային անվտանգության ծառայության՝ դեպքերին վերաբերող առաջին հայտարարությունը, որտեղ զինված խմբի անդամները որակվում էին որպես «զինված անձինք»i։ Իսկ արդեն իրադարձությունների վերջում նրանք որակվեցին ահաբեկիչներ, ինչն առավելապես խոսում է իշխանության վերջնական հաղթանակի մասին, երբ արդեն պիտակներն են գործի դրվում (որոնք, ի դեպ, հակասում են ահաբեկչության մասին ՀՀ օրենքին)ii։ Եթե առաջին որակման պարագայում հստակ է գոնե զինված անձինք որակման և բանակցությունների հնարավոր տարբերակների ընկալման և դրանց իրականացման հնարավորությունը, որը հընթացս հիմնավորվում էր ԶԼՄ-ների միջոցով, ապա երկրորդ ձևակերպումը, ի համեմատ առաջինի, որոշ չափով խիստ է և ըստ այդմ՝ որոշակի ավարտականության և հարցի հետ կապված իշխանության մոտեցման անբեկանելիություն է մատնանշում։ Բացի այդ, զինված խմբի ընտանիքների անդամների ներքաշումը պաշտոնական լրատվական հորձանուտ և հասարակական կարծիքի կառուցման դաշտ ցույց էր տալիս նրանց նպատակամիտված սևացման, դեմոնիզացման ուղին։ Խնդիրը այստեղ հնարավորությունների ու ժամանակի սղությունն էր, քանզի որքան էլ հնարավոր լիներ սևացնել և դեմոնիզացնել խմբի անդամներին, բայց նրանց անցած մարտական ուղին և կենսագրությունը խմբագրելն ու սղագրելը բավականին բարդ էր և երբեմն անիրագործելի կամ վտանգավոր։ Վտանգավոր, քանի որ պատմության խմբագրումը երկու կողմ ունի, այն կարող է վնասել նաև խմբագիրներին, քանի որ նրանք էլ զուրկ չեն մնա կասկածից և սևացումից՝ ի հաշիվ իրենց մարտական և ընկերական երկարատև կապի խմբի անդամների հետ։
Նյութի առաջին մասում, երբ խոսվում էր «հարկադրանքի ապարատի» ընկալման առօրեական կողմի մասին, կարևոր միտք էր արծարծվում, որ բարդ համակարգերի պարագայում ոչ այնքան կարևոր էր հարկադրանքի ուղղակի իրականացումը, որքան հասարակական պատկերացումների կառուցումը, ըստ որում՝ այն ցանկացած պարագայում և ամեն պահի իրականացնողի կողմից, առանց երկմտանքի, կարող է կյանքի կոչվել։ Եվ այստեղ էր, որ որքան անցնում էին օրերը, այնքան իշխանական և մերձիշխանական հանրային լրատվության միջոցները մատուցում էին հասարակությանը այն, որ զինված խմբի վնասազերծումը (իհարկե զենքի միջոցով) ուղղակի իշխանության ցանկության և պահի հարց է, ոչ ավել, ոչ պակաս։
Այս առանցքային կետի սպասարկմանն էին մղել նույնիսկ հայաստանաբնակ, համաշխարհային ճանաչում ունեցող գիտնականներից մեկին, ով իր հոդվածումiii փորձում էր հիմնավորել այն, որ իշխանությունների կողմից հարցը զինված եղանակով չլուծելը միայն հայկական ցեղասպանության էթնոհոգեբանական տաբուի (հայը հային չի սպանի, քիչ ենք) և իշխանությունների «մեծահոգության» արդյունք է։ Հայաստանի նորագույն պատմությանը քիչ թե շատ ծանոթ մարդու համար այս «զուտ գիտական» փաստարկը ամենաքիչը կարող է մեղմ ծիծաղի տեղիք տալ։ Օրինակ՝ ինչպե՞ս է այդ պարագայում հարգելի հեղինակը բացատրում 1998-2000 թթ․ ընթացքում բազմաթիվ չբացահայտված քաղաքական սպանությունները, հոկտեմբերի 27-ի ահաբեկչությունը և այլ չպատասխանված հարցեր, որոնց հանրագումարը իր պատասխանը գտավ Հրաչ Բայադյանի պատասխան հոդվածումiv։
Ընդհանուր առմամբ զանգվածային լրատվության միջոցները՝ որպես հանրային կարծիքի ձևավորման և ուղղորդման կարևոր և առանցքային գործիք, հարում են «սիմվոլիկ բռնության ապարատի» գործիքակազմին և ըստ այդմ էլ անգնահատելի են պրոդուկտիվ իշխանության և նրա նպատակաուղղված ցանցային գործողությունների համար։
Վերջաբանի փոխարեն
Հենց սահմանային իրավիճակներում կարող ենք ակնառու կերպով տեսնել, որ եթե գոյություն ունի պետական համակարգի նման բարդ ու բազմաբովանդակ կառույց, ապա նրա բոլոր տարրերը միմյանց հետ անկասկած շաղկապված են։ Այստեղ առավելապես այլ հարց է ծագում. առօրյա կյանքում մենք կարո՞ղ ենք վերլուծել ու տեսնել այդ կապերը, թե կընտրենք ավելի դյուրին ճանապարհ ու կասենք, որ «վերևները» այլ են իրենց բարոյականությամբ ու բարքերով, «ներքևները»՝ այլ, ու ամենավատը՝ մեկը մյուսին ո՛չ ականջալուր է լինում, ո՛չ համագործակցում գալիք աղետը կանխելու համար։ Ու պատասխան կտրվի այս խնդրին շատ պարզ, երբեմն հեգնական բանաձևմամբ, այն է՝ վիճակը այդպիսին է, քանի որ «վերևինները» տականք են, անփոփոխ, միակերպ, իսկ «ներքևինները»՝ անզոր, բարոյական ու մտահոգ ստեղծված իրավիճակի ու հնարավոր լուծումներ տալու համար։ Այստեղից էլ այն տարածված երեխայական բանաձևը, որ «իշխանություններին չեն ընտրում»՝ ենթադրելով, որ ըստ այդմ դրանք խորթ, օտար, այլարժեք տարրեր են, այնինչ, կարևոր է վերաիմաստավորել հենց «ընտրելու» գաղափարը և դրա գործառութային կողմերը, որ իհարկե առավել բարդ մտավոր գործողություն է, երբեմն էլ վտանգավոր, քանզի կարող է պարզվել, որ մտածողը ինքը սնանկ է այնքան, որ չի կարող կամ չի ուզում ընդունել իր սեփական թերությունները, փոքրոգությունը և այդ ամենին անմիջական կամ միջնորդավորված մասնակից լինելը և, ըստ այդմ, հավասարապես պատասխանատու լինելը։
Հղումներ
i http://www.sns.am/index.php/am/news/322-19072016 [11.17.2016]
ii http://www.sns.am/index.php/am/news/339-31072016 [11.17.2016]
Հեղինակ՝ Գոռ Մադոյան (Gor Madoyan) © Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Կարլ Շմիթ «Զրույց իշխանության և տիրակալի հասանելիության շուրջ» ռադիոէսսեի թվանշային հրատարակությունը