Հայաստանի իշխանությունը սպառվել է: Հայաստանի իշխանության մարմնացում եւ շարժիչ ուժ Նիկոլ Փաշինյանը հոգնել է:
Փաշինյանի կառավարության վերջին նիստն ու մարաթոնի վերածված ասուլիսը արդարացումների շարան էին: Դա միտք չգեներացնող, հասարակությանը զարգացման ու ինքնահայեցողության հեռանկարներ չառաջարկող կոչերի եւ խրատների ժողովածու էր։
Մարդը ցանկանում է բոլորի հետ լինել բարի ու հոգատար, բայց միաժամանակ լուծել պետության ու հասարակության առջեւ ծառացած այսրոպեական եւ ապագայի խնդիրները։ Կարճ ասած՝ բարի Հերակլես, որը Հայաստանի ավգյան ախոռները ցանկանում է մաքրել ոչ թե գետերի հունը փոխելով եւ աղբը սրբել-տանելով, այլ օրենքի տառին համապատասխան, համաձայն թղթերի, այնպես, որ ե՛ւ գայլերը կուշտ լինեն, ե՛ւ գառները՝ ողջ։
Հեղափոխության 5-րդ տարին բոլորած իշխանությունը վարչապետի բերանով կրկին խոսում է չիրականացած խոստումներից, «աջ ու ձախ կոռուպցիայի» ներկայությունից, բյուրոկրատիայի դիմադրությունից, պետական ապարատի դանդաղումից ու անգործությունից եւ իրենց խոստումների սրբազան, բայց կյանքի չկոչվող բովանդակազրկությունից։
Փաշինյանի խոսքերը մարմնավորում են Հայաստանի քաղաքական ու հասարակական կյանքի ճահիճը: Ասուլիսը իրավամբ նոր ռեկորդ էր՝ 8 ժամ խոսք ոչնչի մասին. ո՛չ մի հիշվող տող, ո՛չ մի հիշվող ուղերձ, ո՛չ մի հիշվող միտք։
Ասուլիսի նպատակն էր հասարակությանը հիշեցնել ու համոզել, որ իրենք՝ իշխանությունը, խոստումները հիշում են, բայց չեն կարողանում կյանքի կոչել, որովհետեւ օրենքները (իներցիան կամ թղթարարությունը) խանգարում են: Իրենք ցանկանում են չար նախկիններին պատժել, բայց եւ մնալ քաղաքականապես անբասիր, իրավականորեն զրահապատ։
Իրենք, փաստորեն, ըստ ելույթի ուղերձի, դարձել են դասական բյուրոկրատ, դասական գործիք մեծ ապարատում եւ «նվնվում» են դժխեմ բախտից ու հանգամանքներից։ Ունենալով բացարձակ մեծամասնություն խորհրդարանում՝ լուտանք են թափում օրենքների եւ դրա գործիքակազմի վրա՝ կարծես մոռանալով, որ ցանկության դեպքում, երբ իրենց է պետք, մեկ օրում երկու ընթերցմամբ օրենքներ են ընդունում։
Փաշինյանը սպառվել է, նա այլեւս նյուզմեյքեր, հասարակությանը նոր նարատիվներ ու քննարկելիք թեմաներ առաջարկող չէ։
Իշխանությունը իշխանություն է, քանի դեռ նոր մտքեր է գեներացնում, քանի դեռ կարողանում է գրավել մարդկանց միտքն ու հոգին, քանի դեռ առաջարկելիք ունի, բայց ո՞րն է Փաշինյանի առաջարկելիքը, ո՞րն է այն մտավոր աշխատանքը, որի արդյունքը փոխանցվում է հասարակությանը, ո՞րն է այն իշխանությունը, որ խնդիրներ է լուծում եւ ծրագրեր առաջադրում։
Այս իշխանության սպառվածության ցուցիչը դրա արձագանքող բնույթն ու որոշումներ (ցավոտ կամ ցանկալի) չկայացնելու հավատամքն է։ Ամենագետ իշխանությունը ոչ մի բանի մասին է։ Ինչպես Սենեկան էր ասում՝ եթե ամեն տեղ ես, ուրեմն ոչ մի տեղ ես՝ հիշեցնելով աշխատանքի բաժանման, գիտելիքի սահմանափակության ու մերիտոկրատիայի սկզբունքները։ Բայց իշխող ուժը երգիչ Հրագի հետ է ճանապարհ գնում, ոչ թե Սենեկայի։
Ողբալի է այն երկիրը, որի առաջին դեմքը թե՛ բանկային համակարգի գիտակ է, թե՛ ֆինանսա-վարկային ոլորտի մասնագետ, թե՛ օրհներգի, հիմնի ու գենետիկ հիշողության պրոֆեսոր, որը միաժամանակ գյուղատնտեսության, արտաքին քաղաքականության, սոցիալական ծրագրերի, կրթաթոշակների վարպետ է։
Իշխանությունը լճացել է, որովհետեւ նույնիսկ իր հռչակած գաղափարական հարցերում է փախուստ տալիս սեփական որոշելիքի ու գործելիքի դաշտից. ամեն գնով լինել բոլորի համար սիրելի իրավաբան եւ ոչ դատավոր, որը, սակայն, իր վրա խիզախություն ու պատասխանատվություն չի վերցնում նույնիսկ պաշտպանյալի համար ջանք թափելու։
Օրինակ՝ պատասխանելով օրհներգը փոխելու մասին քաղաքացու հարցին՝ Փաշինյանն ասում է. «Ես հավատում եմ բառերի գենետիկ նշանակությանը։ Համոզված եմ, այդ բառերի եւ նախադասությունների մեջ կոդ է դրված, որն ինչ-որ ձեւով աշխատում է։ Մյուս կողմից էլ պետք է հաշվի նստենք մեր սիմվոլների ավանդույթի եւ պատմության հետ։ Ձեզ չեմ ասի՝ «այո», բայց չեմ էլ ասի՝ «ոչ»։ Բայց իմ «ոչ» ասելը չի նշանակի «այո»»։
Ահա սա է հետպատերազմյան, նախապատերազմյան, հետարցախյան եւ նախաարցախյան իշխանության դեմքը, սա է Հայաստանի կառավարման եւ որոշումների կայացման ուղեղային կենտրոնի հավատամքը։
Չեմ ասի «այո», բայց չեմ ասի «ոչ», իմ «ոչ» ասելը դեռ «այո» չէ, «ոչ»-ն էլ չի նշանակում, թե կդառնա «այո», ինչպես ՀՅ դաշնակցությունն էր ժամանակին ասում՝ «կողմ ըլլալով դեմ կըլլանք», կամ Հովիկ Աբրահամյանն էր ասում՝ «պարտադիր, բայց ոչ պարտադրված»։
Տեքստերը մոգական կապվածություն ունեն, տեքստերը իրականություն դառնալու ուժ ունեն, ինչպես եւ կառավարման ոճերը բնութագրելու ուժ։
Փաշինյանի եւ նրա իշխանության թիմի լճացման մյուս դրսեւորումն ամենօրյա ռեժիմով կուսակցաշինության նիստերն են, երիտասարդական կառույցների մեռելածին եւ խորհրդային վատագույն ավանդույթների կրկնօրինակումը, կիսամարաթոններն ու հանրային կյանքի դատարկության ժամանցայնացումը։
Վերջերս էլ խոսվեց քաղաքական դպրոցի մասին։ Ակամա միտքդ են գալիս ոչ վաղ անցյալի ՀՀԿ-աշինության Սերժ Սարգսյանի ջանքերը՝ քաղաքական դպրոցներ ստեղծելը, պետական ու համայնքային բյուրոկրատիայի կուսակցականացումը։
Այս դեպքում, ցավոք, մենք տեսնում են իշխանության սերժիզացիա, տեսնում ենք ոչ թե լավ կյանքից, այլ դատարկությունից, քաղաքական ու հասարակական կյանքի խոպան վիճակից։
Իսկ ֆիզիկայի օրենքներով դատարկություն չի լինում, այն պետք է լցվի եւ, իհարկե, լցվում է, բայց ոչ թե բովանդակությամբ, այլ ծեսով։
Ծեսը քաղաքականության ու սոցիալական կյանքի ավարտն է։ Այն ոչ թե ստեղծարարության ու նոր նվաճումների, այլ եղածի պահպանման, ծեսի միջոցով ժամանակը կանգնեցնելու եւ նախնյաց բարքերը շարունակելու մասին է։
Փաշինյանի իշխանությունն, ուրեմն, ոչ միայն բյուրոկրատացվում է, ոչ միայն ծիսականացվում, այլեւ փորձում է որսալ ժամանակն ու կանգնեցնել այն։
Ինչ պակաս ծես է ամեն օր, անընդհատ ներքին ու արտաքին լսարանի համար հայտարարելը, որ մեր օրակարգը խաղաղությունն է, իսկ մեր հասցեն՝ խաղաղության խաչմերուկը, կարծես խաղաղությունն ու խաչմերուկը բառերով են լինելու։
Ինչպես դասականն էր ասում, այսպես չեն գնում ո՛չ դեպի խաղաղություն, ո՛չ դեպի պատերազմ։ Այդպես գնում են դեպի ոչինչ։
Հեղինակ՝ Գոռ Մադոյան (Gor Madoyan) © Բոլոր իրավունքները պաշտպանված են: