Սովը՝ ցեղասպանության միջոց․ Լաչինի միջանցքի արգելափակումն Ադրբեջանի կողմից
Օգոստոսի 7-ին հրատարակածս զեկույցում հիմնավորում եմ, որ Լեռնային Ղարաբաղում՝ Ադրբեջանում գտնվող դե ֆակտո ինքնավար շրջանում, որը նաև Արցախ է կոչվում, 120․000 հայերի ցեղասպանություն է իրականացվում։ Այս ցեղասպանությունը, սակայն, չի դրսևորվում ո’չ մարդկանց դանակահարելով, ո’չ էլ դիակիզելով, այլ սննդի, դեղամիջոցների, վառելիքի և այլ կենսական ապրանքների ներկրման արգելքով, ինչը, Ցեղասպանության մասին կոնվենցիայի II հոդվածի (գ) կետի համաձայն, սահմանվում է որպես ցեղասպանություն՝ «որևէ խմբի համար կյանքի այնպիսի պայմանների միտումնավոր ստեղծում, որոնք ուղղված են նրա լրիվ կամ մասնակի ֆիզիկական ոչնչացմանը» դրույթով։
Ժամանակն է, որ Միացյալ Նահանգները և մյուս գերտերությունները քայլեր ձեռնարկեն․ կան և՛ այդ գործընթացը դադարեցնելու, և՛ արդարություն հաստատելու ու մեղավորներին պատասխանատվության ենթարկելու տարբերակներ։
Ընդհանուր տեղեկատվություն Լաչինի միջանցքի արգելափակման վերաբերյալ
2022 թ. դեկտեմբերի 12-ի առավոտյան Ադրբեջանի պետական համակարգի հետ պաշտոնապես որևէ կապ չունեցող մի խումբ անձինք փակել են Լաչինի միջանցքը` Հայաստանը Լեռնային Ղարաբաղին կապող 5 կմ երկարությամբ լեռնային ճանապարհը` այդպիսով սահմանափակելով սննդի, դեղորայքի և այլ անհրաժեշտ ապրանքատեսակների փոխադրումը Լեռնային Ղարաբաղում ապրող 120.000 հայերի համար։
Ավելի ուշ` 2023 թ. փետրվարի 22-ին, Արդարադատության միջազգային դատարանը (ԱՄԴ) բավարարել է Հայաստանի հայցն ընդդեմ Ադրբեջանի` կապված ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին միջազգային կոնվենցիային։ Դատարանը պարտադրել է Ադրբեջանին «ձեռնարկել հնարավոր բոլոր միջոցները` ապահովելու Լաչինի միջանցքով մարդկանց, տրանսպորտային միջոցների և բեռների` երկու ուղղություններով անխափան տեղաշարժը»։
Ի պատասխան` Ադրբեջանի զինված ուժերը ապրիլի 23-ին անցակետ տեղադրեցին` մասամբ արգելափակելով Լաչինի միջանցքը և պնդելով, որ կատարում են Դատարանի պահանջը։ Այդուհանդերձ, հունիսի 15-ին Ադրբեջանը գնաց իրավիճակի էսկալացիայի` ամբողջությամբ արգելափակելով Լաչինի միջանցքը` Հայաստանը մայրաքաղաք Ստեփանակերտին կապող միակ ճանապարհը։ Այդ ժամանակից ի վեր Ադրբեջանն արգելել է նաև մարդասիրական օգնության տեղափոխումը Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) և ռուս խաղաղապահ ուժերի կողմից։ Հուլիսի 6-ին Դատարանը վերահաստատեց փետրվարի 22-ի իր որոշումը, սակայն Ադրբեջանը կրկին չկատարեց այն։
Ցեղասպանությունը` ըստ Ցեղասպանության մասին կոնվենցիայի II հոդվածի (գ) կետի
Գուցե շատերը չեն մտածում, որ սննդից ու կենսական այլ ապրանքներից զրկումը կամ շրջափակումը հատում են ցեղասպանության սահմանը, սակայն դրանք հստակորեն կարող են որակվել որպես «պայմաններ, որոնք ուղղված են որևէ խմբի ֆիզիկական ոչնչացմանը», ինչպես նշված է Ցեղասպանության մասին Կոնվենցիայի II հոդվածում։ ՄԱԿ-ի մարդու իրավունքների հանձնաժողովը վերջերս Հարավային Սուդանում սովամահության դեպքերը մատնանշեց որպես ցեղասպանության հավանական ցուցիչ։
Ոմանք գուցե նաև չմտածեն, որ նշված պայմանները խմբի միայն որևէ հատվածի (օրինակ` ոչ թե ամբողջ հայ բնակչության, այլ միայն Լեռնային Ղարաբաղում ապրողների) համար ստեղծելու փորձը ցեղասպանություն է, սակայն Ցեղասպանության մասին կոնվենցիայի II հոդվածը հստակորեն սահմանում է ցեղասպանությունը` որպես «գործողություններ` կատարված ազգային, էթնիկական, ցեղական կամ կրոնական որևէ խմբի, որպես այդպիսին, լրիվ կամ մասնակի ոչնչացման մտադրությամբ» (շեշտադրումն ավելացված է):
Չնայած պետության այլ պարտավորությունների վրա հիմնված լինելուն՝ ԱՄԴ-ի` փետրվարին ընդունած որոշումը հավաստեց ցեղասպանության էական տարրերի առկայությունը, որոնք նշված են Ցեղասպանության մասին կոնվենցիայի II հոդվածի (գ) կետում՝ «կյանքի այնպիսի պայմանների միտումնավոր ստեղծումը, որոնք ուղղված են նրա լրիվ կամ մասնակի ֆիզիկական ոչնչացմանը»։ Դատարանի նախնական եզրակացությունները «հավանական» են համարել, որ Լաչինի միջանցքի արգելափակումը «իրական և վերահաս վտանգ» է ստեղծել էթնիկ խմբի՝ «Լեռնային Ղարաբաղում ապրող հայերի» «առողջության և կյանքի» համար։
Լեռնային Ղարաբաղում ցեղասպանության մտադրությունը նկատելի է նաև Իլհամ Ալիևի` Ադրբեջանի նախագահի գործելակերպից։ Վերջինս շարունակում է գիտակցաբար և կամովին շրջափակված պահել Լաչինի միջանցքը` անգամ Արդարադատության միջազգային դատարանի կողմից իր արարքների հետևանքների մասին զգուշացվելուց հետո։ Այսպես նա դիտմամբ արգելափակում է Լեռնային Ղարաբաղում ապրող հայերի համար կենսական ապրանքների մատակարարումը և բացահայտ կերպով չի ենթարկվում Դատարանի պարտավորեցնող որոշումներին։
Ադրբեջանի ղեկավարությունը հանրության առաջ հերքում է փաստերը։ Նրա օգնական Հիքմեթ Հաջիևը «Associated Press»-ին հայտնել է, որ իմ զեկույցը «կողմնակալ է, աղավաղում է իրական իրավիճակը և փաստական, իրավական ու էական սխալներ ներկայացնում հանրությանը»։
Նախագահ Ալիևը սատարում է արգելափակումը, իսկ վստահելի աղբյուրներից հոդվածները վկայում են, որ Լեռնային Ղարաբաղում սնունդը սպառվում է, իսկ կենսական այլ ապրանքներն ու ծառայությունները, ի թիվս վառելիքի և դեղորայքի, անհասանելի են դառնում կամ արդեն դարձել են։ Օգոստոսի 7-ին ՄԱԿ-ի 4 փորձագետներից (այդ թվում` 3 հատուկ զեկուցող) բաղկացած խումբը կոչ է արել Ադրբեջանի կառավարությանը դադարեցնել շրջափակումը. «Վերջին յոթ ամիսների ընթացքում Լեռնային Ղարաբաղը Հայաստանին կապող միակ ճանապարհի շրջափակումը բնակչությանը կանգնեցրել է սննդամթերքի, բժշկական և հիգիենայի պարագաների խիստ պակասի առաջ, խափանել բժշկական և կրթական հաստատությունների գործունեությունը և լրջագույն վտանգի է ենթարկում բնակիչների, հատկապես երեխաների, հաշմանդամություն ունեցող անձանց, տարեցների, հղիների և հիվանդների կյանքը»:
Վայրագությունները կանխելու՝ Ցեղասպանության մասին կոնվենցիայի անդամ երկրների պարտավորությունը
Արդարադատության միջազգային դատարանը 2007 թ. փետրվարին «Բոսնիա և Հերցեգովինան ընդդեմ Սերբիայի և Չեռնոգորիայի» գործում որոշում կայացրեց, որ Ցեղասպանության մասին կոնվենցիայի անդամ երկրները պարտավորություն են կրում կանխելու և պատժելու ցեղասպանություն հանցագործությունը: Դատարանը վճռեց, որ պետությունները չպետք է սպասեն, մինչև ցեղասպանական գործողությունները սկսվեն. այս պարտավորվածության նպատակն է կանխել կամ փորձել կանխել այն, նախքան գործողության տեղի ունենալը:
Հատկանշական է, որ քաղաքական առաջնորդները և անգամ ՄԱԿ-ի փորձագետները շրջափակման հարցը քննարկել են միայն որպես «հումանիտար խնդիր»՝ առանց ուսումնասիրելու դրան ուղեկցող ցեղասպանական հանգամանքները: Օրինակ՝ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Ջ. Բլինքենը հուլիսի 29-ին հեռախոսազրույց է ունեցել Ալիևի հետ և «խորը մտահոգություն հայտնել Լեռնային Ղարաբաղում հումանիտար իրավիճակի կապակցությամբ»՝ ընդգծելով «բոլոր կողմերի համար խաղաղ բանակցություններում դրական տեղաշարժը պահպանելու անհրաժեշտությունը»:
Այդուհանդերձ, ցեղասպանությունը կանխարգելելու պարտականությունը ապացույցներ չի պահանջում, որ Լաչինի շրջափակումը որևէ խմբի անդամների փաստացի «ֆիզիկական ոչնչացման» է հանգեցրել: Ցեղասպանության մասին կոնվենցիայի II (գ) հոդվածի համաձայն՝ հանցանքի էական նշան է նաև այդ պայմանների ստեղծումը: 2020 թ.-ին ՄԱԿ Մարդու իրավունքների հանձնաժողովը Հարավային Սուդանում սովամահության վերաբերյալ մի նմանատիպ եզրակացության է հանգել, ըստ որի՝ «սովամահության ենթարկելը հանցագործություն համարելու համար պարտադիր չէ դրա զոհերի մահը, այլ միայն այն, որ վերջիններս միտումնավոր կերպով զրկվել են գոյատևման համար խիստ անհրաժեշտ ապրանքներից»:
Փոխարենը՝ այդ պարտականությունը կատարելու համար պարտադիր է, որ պետություններն անմիջապես քայլեր ձեռնարկեն դադարեցնելու շրջափակումը, որը կարող է հանգեցնել կամ ինքնին լինել ցեղասպանություն, իսկ կոնկրետ այս իրավիճակում՝ շարունակելու կենսական ապրանքների և ծառայությունների մատակարարումը Լեռնային Ղարաբաղ:
Չկան միջազգային կենտրոնական մարմիններ, որոնք իրավասու լինեն նման միջոցներ ձեռնարկելու: Եվ ինչպես մինչ այժմ տեսնում ենք, Արդարադատության միջազգային դատարանը, պատժամիջոցները և դիվանագիտական մյուս սովորական գործիքները բավականաչափ ուժ չունեն Ադրբեջանի գործելակերպի վրա ազդելու կամ վտանգի տակ գտնվող հայերի ֆիզիկական վիճակը բարելավելու:
Կարճաժամկետ մակարդակում այդ պարտականությունը կատարելը կախված է լինելու կոնֆլիկտի վերահսկման և լուծման վրա արդեն իսկ աշխատող երկրների քաղաքական կամքից: Լեռնային Ղարաբաղում խաղաղապահ առաքելություն կատարող Ռուսաստանը, Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունները խթանող Ամերիկայի Միացյալ Նահանգները Ցեղասպանության մասին կոնվենցիայի անդամ երկրներ են, ինչպես նաև Եվրոպական Միության անդամներ: Նրանցից յուրաքանչյուրն իր առանձնահատուկ լծակներն ունի՝ պարտադրելու Ադրբեջանին դադարեցնել շրջափակումը: Բացի այդ, Ուկրաինայում պատերազմի շուրջ լարվածությունը չպետք է հանգեցնի հայերի կողմնակի զոհեր դառնալուն:
Սամանթա Փաուերը իր «A Problem from Hell» հեղինակային գրքում նկարագրել է, թե ինչպես են ԱՄՆ քաղաքական գործիչները շարունակ խուսափում ցեղասպանությունները կանխելու կամ դադարեցնելու իրենց պատասխանատվությունից՝ պարզաբանմամբ, որ Ամերիկայի «գերակա շահերը» չեն վտանգվել։ Միայն 106 տարի անց Ջո Բայդենն ԱՄՆ առաջին նախագահը դարձավ, որը «ցեղասպանություն» որակեց 1915-ի իրադարձությունները, երբ Օսմանյան իշխանությունների ձեռքով 1,5 միլիոն հայեր «տեղահանվեցին, սպանվեցին կամ բնաջնջման նպատակով դուրս ելան մահվան երթի»։ Այժմ, Լեռնային Ղարաբաղում ապրող 120․000 հայերի ցեղասպանության են ուզում ենթարկել․ բարեբախտաբար, նրանք դեռ ողջ են։ Ժամանակն է, որ ԱՄՆ-ն և մյուս գերտերությունները քայլեր ձեռնարկեն։ Հնարավոր ուղիներ կան և՛ վերացնելու պարտադրվող ցեղասպանական պայմանները, և՛ արդարության հասնելու։
Մասնավորապես, պետքարտուղար Բլինքենն ունի անհրաժեշտ լիազորությունը կոլեկտիվ արձագանքը գլխավորելու համար։ 2022 թ․-ին ԱՄՆ Հոլոքոստի հիշատակի թանգարանում նա բացատրեց, որ իր պարտականություններից է «ԱՄՆ-ի անունից որոշելը, թե արդյոք հանցագործություններ եղել են, թե ոչ։ Դա հսկայական պատասխանատվություն է, ինչին ես չափազանց լուրջ եմ վերաբերվում՝ հատկապես հաշվի առնելով ընտանիքիս պատմությունը»։ Նա նաև ընդգծեց որևէ խմբի ոչնչացնելու մտադրությունն ու ատելության խոսքը՝ որպես ցեղասպանական քայլեր Մյանմարի ռոհինջանների դեպքում՝ նշելով, որ այն «տարբեր ձևերով արտացոլում է Հոլոքոստին և այլ ցեղասպանություններին նախորդող ճանապարհը»։
Այժմ, երբ ակնհայտ երևում են Լեռնային Ղարաբաղում ապրող հայերի նկատմամբ կատարվող ցեղասպանության ճիշտ այդպիսի գործողությունները, ժամանակն է, որ Բլինքենը կոնկրետ քայլեր ձեռնարկի։ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը խոր մտահոգություն է հայտնել իրավիճակի վատթարացման վերաբերյալ և կոչ արել հրատապ քայլեր ձեռնարկել հումանիտար աջակցության տրամադրումը հեշտացնելու համար։ ԱՄՆ-ն, Ռուսաստանը, ԵՄ անդամները, Ցեղասպանության կոնվենցիայի անդամ մյուս երկրները, ինչպես նաև ՄԱԿ-ի անդամները պատմական հնարավորություն ունեն կոտրելու հայերի բնաջնջման դժբախտ շղթան։ Կանխարգելիչ արդյունավետ միջոցներ կիրառելու հնարավորություններն արագորեն նվազում են։ Երկրները հիմա՛ պետք է գործեն։
Թարգմանիչ՝ Իվետա Ավագյան (Iveta Avagyan) © Բոլոր իրավունքները պաշտպանված են։