Դերային վերաբաշխումներ Կենտրոնական Ասիայում. ի՞նչ ակնկալել

Համաշխարհային տնտեսական «հսկաների» միջև գերիշխող դիրքի համար պայքարը շարունակում է ընդլայնել իր ընդգրկման շրջանակը` արտահայտվելով նաև երկրների առանձին խմբերի և տարածաշրջանների նկատմամբ վերահսկողություն ձեռք բերելու հավակնոտ նկրտումներով։ 2022 թվականից սկսած ռուս-ուկրանական հակամարտության սրման համապատկերում Կենտրոնական Ասիայի նկատմամբ հետաքրքրությունը զգալիորեն աճել է։ Միայն վերջին վեց ամիսների ընթացքում տարածաշրջանի երկրների հետ տեղի են ունեցել Ռուսաստանի և Չինաստանի գագաթնաժողովները, իսկ Եվրամիությունը և ԱՄՆ-ը շարունակաբար խոսում են Կենտրոնական Ասիայի երկրների հետ կապերի ամրապնդման մասին [1]։

 

Ինչու՞ է այս տարածաշրջանը կռվախնձոր դարձել համաշխարհային տնտեսական գերտերությունների համար, արդյո՞ք այս տարածաշրջանի երկրները կկարողանան շահող դուրս գալ ստեղծված իրավիճակից և ի՞նչ ակնկալել ապագա զարգացումներից։

 

Նյութի բնօրինակը հրապարակվել է «Ամբերդ» հետազոտական կենտրոնում: Նյութի վերահրապարակումը համաձայնեցված է կենտրոնի հետ:

Կենտրոնական Ասիայի երկրների աճող կարևորության մասին է վկայում վերջիններիս արտաքին առևտրի շարժընթացը։ Չինաստանն այստեղ առաջատար է դարձել 2022 թվականին։ 2021 թվականի նկատմամբ Կենտրոնական Ասիայի հետ նրա ապրանքաշրջանառությունը գրեթե կրկնապատկվել է՝ հատելով 70 միլիարդ ԱՄՆ դոլարի շեմը, Եվրամիությունը նույնպես ցույց է տալիս նունանման շարժընթաց.  նույն ժամանակահատվածում Կենտրոնական Ասիայի հետ նրա առևտրաշրջանառությունը 27 միլիարդ ԱՄՆ դոլարից հասել է 47 միլիարդ ԱՄՆ դոլարի։ Տարածաշրջանի արտաքին առևտրային գործընկերների շարքում երրորդ տեղը Ռուսաստանինն է՝ տարվա ընթացքում տարածաշրջանի հետ առևտուրն ավելացել է 6 մլրդ ԱՄՆ դոլարով՝ կազմելով 42 մլրդ ԱՄՆ դոլար, իսկ Կենտրոնական Ասիայի հետ ԱՄՆ-ի առևտրաշրջանառությունն ավելացրել է 1 մլրդ ԱՄՆ դոլարով, թեև այն շարունակում է շուրջ 10 անգամ զիջել Ռուսաստանի և 15 անգամ՝ Չինաստանի հետ այս երկրների խմբի առևտրաշրջանառությանը։

2022 թ. -ի վերջին Չինաստանի ուղղակի ներդրումները Կենտրոնական Ասիայի հինգ երկրներում հասել են գրեթե 15 միլիարդ ԱՄՆ դոլարի։

Չինաստանը և տարածաշրջանի երկրները համագործակցության մի շարք նախագծեր են սկսել այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են նավթի և գազի հայտնաբերումը, վերամշակումն ու արտադրությունը, տեղեկատվության, կապի և թվային տեխնոլոգիաների ոլորտները։

Վկայակոչելով Չինաստանի և տարածաշրջանի երկրների հետ առևտրաշրջանառության ծավալները բնութագրող վիճակագրական տվյալները՝ փորձագետները Չինաստանի և Կենտրոնական Ասիայի երկրների միջև ապրանքաշրջանառությունն անվանել են պատմական առավելագույնը, որ 2022 թ․-ին հասել է 70,2 միլիարդ ԱՄՆ դոլարի։

2022 թվականին Չինաստանի գյուղատնտեսական, էներգետիկ և հանքային ապրանքների ներմուծումը Կենտրոնական Ասիայի երկրներից աճել է ավելի քան 50%-ով, մինչդեռ Չինաստանից մեխանիկական և էլեկտրոնային արտադրանքի արտահանումն աճել է 42%-ով։ Ընդ որում՝ 2023 թ. -ի առաջին չորս ամիսներին Չինաստանի արտաքին առևտուրն ավելի դինամիկ աճ է գրանցել՝ չնայած անորոշ արտաքին պահանջարկին, առևտրային ռիսկերին և այլ դժվարությունների։ Չինաստանի ընդհանուր ներմուծումն ու արտահանումն աճել են 5,8%-ով և կազմել 13,32 տրլն յուան ​​(մոտ 1,92 տրլն ԱՄՆ դոլար)։ Մասնավորապես, Կենտրոնական Ասիայի հինգ պետությունների՝ Ղազախստանի, Ղրղզստանի, Տաջիկստանի, Թուրքմենստանի և Ուզբեկստանի հետ երկրի առևտուրն աճել է 37,4%-ով՝ մասնակիորեն փոխհատուցելով ավանդական շուկաներում թույլ պահանջարկը:

Առևտրատնտեսական համագործակցության թեմաները, ներառյալ՝ անդրսահմանային էլեկտրոնային առևտրի զարգացման հեռանկարները, հատուկ ուշադրության են արժանացել Սիանում կայացած Կենտրոնական Ասիա-Չինաստան գագաթնաժողովի ժամանակ, որը տեղի ունեցավ 2023 թ. -ի մայիսի 18-19-ը [4]:

Չինացի փորձագետները կարծում են, որ պետությունների ղեկավարների հանդիպումը Սիանում, որը համարվում է Մեծ Մետաքսի ճանապարհի մեկնարկային կետը, ընդգծում է Չինաստանի և Կենտրոնական Ասիայի երկրների միջև ընդհանուր շահերի առկայությունը՝ վկայելով տարածաշրջանային համագործակցության խորացումը և աճող համաշխարհային տուրբուլենտության պատկերը [5]:

Ակնհայտ է, որ վերջին տարիներին Չինաստանը ձևավորել է իր շահերն առաջ մղելու տարբեր մեխանիզմներ։ Վերջինս շահագրգռված է Կենտրոնական Ասիայի երկրների հետ ապրանքաշրջանառության ծավալների ընդլայնմամբ։ Ելնելով այս խնդրի լուծումից՝ չինական կողմի համար զգալի հետաքրքրություն է ներկայացնում առևտրատնտեսական ոլորտում մաքսային ընթացակարգերի պարզեցումը։ Գագաթնաժողովում նշվել է, որ գյուղատնտեսական և պարենային ապրանքների մաքսազերծման համար «կանաչ միջանցքների» ստեղծումն ուղղված է նոր պայմանների ստեղծմանը՝ չինական արտադրանքն արտաքին շուկաներ հասցնելու համար։

Չինաստանը մտադիր է բեկում մտցնել տարածաշրջանի երկրների հետ տնտեսական փոխգործակցության մեջ։ Դա հաստատում են Չինաստանի և տարածաշրջանի երկրների միջև 50 միլիարդ ԱՄՆ դոլարի ստորագրված համաձայնագրերը.  Չինաստանը 22 միլիարդ ԱՄՆ դոլարի համաձայնագրեր է ստորագրել Ղազախստանի, 15 միլիարդ ԱՄՆ դոլարի՝ Ուզբեկստանի հետ: Այս համաձայնագրերը ցույց են տալիս Չինաստանի պատրաստակամությունը տարածաշրջանում ամրապնդելու իր դիրքերը [6]։ 

Իհարկե, այս երկրների միջև փոխգործակցությունը չէր կարող սահմանափակվել միայն տնտեսական հարաբերություններով։ Ասվածի վկայությունը, թերևս գագաթնաժողովի ժամանակ Չինաստանի և Կենտրոնական Ասիայի երկրների կողմից հայտարարությունն է առ այն, որ վերջիններս պետք է հետամուտ լինեն վճռականորեն հակազդելու արտաքին միջամտությանը տարածաշրջանի երկրների ներքին գործերին և «գունավոր հեղափոխություններ» հրահրելու փորձերին, պահպանել զրոյական հանդուրժողականություն «երեք ուժերի» (ծայրահեղականություն, անջատողականություն և ահաբեկչություն) նկատմամբ, ձգտել լուծել տարածաշրջանային անվտանգության երկընտրանքները։

Հետաքրքրական է նաև այն, որ Չինաստանն ակնկալում է Տաջիկստանում իրականացնել էլեկտրաէներգետիկ նախագծեր, մասնավորապես, տարբեր հզորությունների հիդրոէլեկտրակայանների կառուցում և էլեկտրահաղորդման գծերի ընդլայնում։ Իր հերթին, Տաջիկստանը շահագրգռված է գազատարի կառուցմամբ, որն իր տարածքով կհասնի Չինաստան։ Առայժմ բնական գազը Չինաստան է մատակարարվում Թուրքմենստանից, իսկ գազատարի երեք ճյուղերն անցնում են Ուզբեկստանով և Ղազախստանով։ Չորրորդ ճյուղը նախատեսվում է անցկացնել արդեն Տաջիկստանով։ Ընդ որում, վերջինիս կառուցման արդյունքում թուրքմենական գազի մատակարարումները կարող են աճել տարեկան մինչև 65 միլիարդ խորանարդ մետր։

Կենտրոնական Ասիայում Չինաստանի աճող ազդեցության հաջորդ վկայությունը Ղազախստանն է։ Չինաստանն ակնկալում է ավելացնել Ղազախստանից նավթի մատակարարումները ղազախ-չինական նավթամուղով։ Իր հերթին, Ղազախստանն ակնկալում է ավելացնել նավթի մատակարարումները։ Սակայն նման ծրագրերի իրականացումը կապված է արտադրությունը մեծացնելու հնարավորությունների հետ։ Ոչ պակաս հավակնոտ են Ղազախստանի ծրագրերը, որը ձգտում է դիվերսիֆիկացնել ածխաջրածնային ռեսուրսների մատակարարումը գազի արդյունահանման և բնական գազի Չինաստան արտահանման ոլորտում։

Որպես վերջնական փաստաթուղթ՝ վեց երկրների ղեկավարները ստորագրել են Սիանի հռչակագիրը` համաձայն որի՝ երկրների այս խումբը պատասխանատվություն է ստանձնում աջակցել փոխադարձ ինքնիշխանությանը, անկախությանը, անվտանգությանն ու տարածքային ամբողջականությանը, վճռականորեն դեմ դուրս գալ արտաքին ուժային միջամտությանը։ Այս ձեւաչափով հաջորդ գագաթնաժողովը նախատեսվում է անցկացնել 2025 թվականին՝ Ղազախստանում։

Կենտրոնական Ասիայի տնտեսական նշանակությունը Չինաստանի համար հատկապես աճեց Արևմուտքից վերջինիս վրա աճող ճնշման պայմաններում։ Արդյունքում, Չինաստանի համար առաջնային պլան է մղվում իր սահմանների մոտ ոչ բարեկամ պետությունների գոտու ստեղծման կանխումը։ Այս խնդիրը Չինաստանին մոտեցնում է Ռուսաստանին, որը նույնպես շահագրգռված է ոչ միայն տարածաշրջանի երկրների հետ առևտրատնտեսական համագործակցության զարգացմամբ, այլև տարածաշրջանում արևմտյան երկրների հզորացումը թույլ չտալով։

Կենտրոնական Ասիան շախմատի տախտակի դեռևս չխաղարկված խաղաքար է շարունակում մնալ Ռուսաստանի համար, որն անընդհատ փորձում է ուղիներ գտնել` իր դիրքերը հնարավորինս շահեկան դարձնելու և այս խաղաքարը ճիշտ ժամանակին և նպատակամետ խաղարկելու համար։ Այս առումով հետաքրքրական է, որ Սիանում կայացած գագաթնաժողովից 10 օր առաջ Կենտրոնական Ասիայի երկրների բոլոր առաջնորդները մասնակցել են Մոսկվայում տեղի ունեցած Հաղթանակի շքերթին։ Ընդ որում՝ Ռուսաստանն իր Արտաքին քաղաքականության հայեցակարգում տարածաշրջանին հատկացնում է առանցքային տեղերից մեկը։

Կենտրոնական Ասիայի հետ առաջին նման գագաթնաժողովը տեղի է ունեցել 2022 թվականի հոկտեմբերի 14-ին՝ Աստանայում [8]։ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն այնուհետ ուշադրություն հրավիրեց այն փաստի վրա, որ նույնիսկ առանց գագաթնաժողովի Մոսկվան և տարածաշրջանը շատ ընդհանուր ձևաչափեր ունեն՝ ԱՊՀ, ԵԱՏՄ, ՀԱՊԿ։ Ռուսաստանը ակնհայտորեն շահագրգռված է, որ Կենտրոնական Ասիայի երկրները «միանան ռուսական ներմուծման փոխարինման լայնածավալ նախաձեռնություններին»։ Համաձայն փորձագետների գնայատումների` ռուսական արտահանման և ներմուծման վերակողմնորոշումը «խթանում է տրանսպորտային միջանցքների զարգացումը Մեծ Եվրասիայում», և, հետևաբար, կարևոր է վերազինել Կենտրոնական Ասիայի տարածքով անցնող անդրեվրասիական միջանցքները՝ «Արևելք-Արևմուտք», «Հյուսիս-Հարավ», Եվրոպա-Արևմտյան Չինաստան երթուղին։

Կենտրոնական Ասիայում իր դիրքերն ամրապնդելու նկրտումներից չի հրաժարվում նաև Եվրոպական միությունը` քաջ գիտակցելով, որ աճող չինական ազդեցությունը տարածաշրջանում դերային վերաբաշխումների լուրջ ռիսկեր է առաջ բերում` կշեռքի նժարը թեքելով Չինաստանի կողմը։

Սիանի գագաթնաժողովին զուգահեռ մայիսի 18-19-ը Ալմա-Աթիում անցկացվել է ԵՄ-Կենտրոնական Ասիա երկրորդ տնտեսական համաժողովը (առաջինը հյուրընկալվել է Բիշքեկում՝ 2021 թվականին): Միջոցառումը կենտրոնացած էր երեք ուղղություններով՝ կանաչ և թվային տնտեսություն, բիզնես միջավայրի բարելավում, առևտրի ակտիվացում։ Տնտեսական համագործակցության ամրապնդումը ընդգծում է տարածաշրջանի աճող ռազմավարական նշանակությունը ԵՄ-ի համար։ Միաժամանակ, անցյալ տարվա հոկտեմբերին Աստանայում կայացավ ԵՄ-ի և տարածաշրջանի երկրների գագաթնաժողովը, որում վերահաստատվել է երկրների հանձնառությունը՝ միասին աշխատել հանուն խաղաղության, անվտանգության, ժողովրդավարության, օրենքի գերակայության և կայուն զարգացման՝ միջազգային իրավունքի լիարժեք պահպանմամբ։

Տարածաշրջանի դերակատարների շարքում չպետք է մոռանալ ԱՄՆ-ին, որը կյանքի է կոչում տարածաշրջանի հետ փոխգործակցության սեփական ձևաչափը, ըստ որի` «ընդհանուր նպատակը մեկն է` անկախ, բարգավաճ և ապահով Կենտրոնական Ասիա, որում առաջացած խնդիրները լուծվում են ԱՄՆ-ի հետ գործընկերությամբ»։ Ձևաչափը կենտրոնացած է երեք ոլորտների վրա՝ տնտեսություն, էներգետիկա և շրջակա միջավայր ու անվտանգություն: 2021 թվականից ի վեր դրա շրջանակներում անցկացվել է հինգ նախարարական հանդիպում։ Վերջինը տեղի է ունեցել 2023 թվականի փետրվարին՝ Աստանայում, որի հիմնական նպատակն էր ցույց տալ, որ ուկրաինական հակամարտության համապատկերում ԱՄՆ-ը վստահելի գործընկեր է, որն ուղիներ է փնտրում Կենտրոնական Ասիայի երկրների տնտեսությունների դժվարությունները հաղթահարելու համար:

Ամփոփելով՝ փորձենք հասկանալ, թե ինչպե՞ս է արձագանքում տարածաշրջանում նախկին գլխավոր դերակատար Ռուսաստանը տեղի ունեցող այս դերային վերաբաշխումներին։

Թեև ՌԴ ԱԳՆ-ն բազմիցս հայտարարել է, որ Ռուսաստանը դրական է վերաբերվում հատկապես բարեկամ երկրների՝ Չինաստանի և Կենտրոնական Ասիայի միջև հավասար, փոխշահավետ համագործակցության զարգացմանը և ոլորտային համագործակցության ամրապնդումը դիտարկում է որպես տարածաշրջանում կայունության պահպանման և տնտեսական աճի խթանման գործոն, այնուամենայնիվ, ակնհայտ է, որ Ռուսաստանի դիրքերը տարածաշրջանում աստիճանաբար թուլանում են, նույնիսկ այնքան, որ վերջինս չի թաքցնում իր մտահոգությունն այս հարցում։ Կենտրոնական Ասիայի պետությունների հետ համագործակցությունը զարգացնելու Չինաստանի մոտեցումներն ընդգծված կերպով հակադրվում են Միացյալ Նահանգների և նրա դաշնակիցների քաղաքականությանը, որոնք տարածաշրջանի երկրների հետ փոխգործակցությունը դիտարկում են առաջին հերթին հակառուսական և հակաչինական օրակարգերի խթանման տեսանկյունից։

Թեև, ընդհանուր առմամբ, Ռուսաստանի համար առաջնայինն այն է, որ գործընկերներ երկրները շարունակեն կատարել իրենց պարտավորությունները երկկողմ ձևաչափերում և ինտեգրացիոն կառույցների (ԱՊՀ, ԵԱՏՄ, ՀԱՊԿ) շրջանակներում, այնուամենայնիվ, տարածաշրջանում վերջինիս դիրքերի թուլացումը խոսում է Ռուսաստանի համաշխարհային դերի անկման մասին։ Ավանդաբար լինելով ՌԴ-ից կախված տարածաշրջան՝ Կենտրոնական Ասիան այժմ գտել է հենման նոր կետ՝ ի դեմ Չինաստանի, որը, Ռուսաստանի հեղինակության նվազմանը զուգընթաց, այս երկրների համար առաջընթացի նոր նախադրյալներ է ձևավորում։

Ռուսաստանի հիմնական մտահոգությունն այս տարածաշրջանում առնչվում է Արևմուտքի պատժամիջոցներին: Թեև միակողմանի տնտեսական սահմանափակումների անընդունելիության և ոչ լեգիտիմության վերաբերյալ դիրքորոշումների ներկայացմանը, Կենտրոնական Ասիայի մի շարք երկրներ, այնուամենայնիվ, չեն ցանկանում ստանձնել պատժամիջոցների ալիքի տակ հայտնվելու ռիսկերը և ազդարարում են իրենց պատրաստակամությունը հետևելու արևմտյան սահմանափակումներին։ Այս ամենին ի պատասխան՝ ռուսական կողմն ակնարկում է, որ Ռուսաստանի հետ կապերի խզումը այս երկրների համար անչափ ավելի մեծ կորուստների կարող է հանգեցնել, քան արևմտյան պատժամիջոցները։

Արդյունքում՝ Կենտրոնական Ասիայի երկրները կանգնած են ընտրության առաջ.  մի կողմից՝ ռուսաստանյան քաղաքականության նկատմամբ վստահությունը շարունակաբար նվազում է, մյուս կողմից ռուսական բիզնեսի ներկայությունն այս երկրներում ենթակա է սահմանափակումների՝ կապված Արևմուտքի դիրքորոշման հետ։ 

Այսպիսով՝ հիմնական շահող կողմը Չինաստանն է, որն այս իրավիճակում միանգամայն հասկանալի հարձակողական քաղաքականություն է վարում՝ «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախագծի հռչակումից տասը տարի անց փորձելով ավելի խորը ներթափանցել Կենտրոնական Ասիա՝ ձևավորելով համագործակցության նոր մատրիցա, որտեղ տարածաշրջանի երկրները դիտարկվում են որպես ամբողջություն։

Հետաքրքրական է նաև ռուսական և չինական կողմերի մոտեցումների տարբերությունը։ Չինաստանը խուսափում է Կենտրոնական Ասիայի երկրներին վերջնագիր ներկայացնելու գաղափարից, այն պարագայում, երբ Ռուսաստանը պարբերաբար փորձում է շեշտել իրենից Կենտրոնական Ասիայի կախվածության հանգամանքը։ Այսպիսով՝ կարող ենք փաստել, որ Կենտրոնական Ասիան կանգնած է պատմական երկընտրանքի, նույնիսկ «քառընտրանքի» առաջ, որոնցից յուրաքանչյուրի ընտրությունը նոր ռիսկեր և հնարավորություններ կարող է առաջ բերել այս երկրների համար։ Իհարկե լավագույն տարբերակը կլիներ այս ուժերը հավասարակշռելը, սակայն, հաշվի առնելով հակադիր բևեռների առկայությունը, դժվար է գործնականում պատկերացնել նման հնարավորության դրսևորումը։ Այնուամենայնիվ, աշխարհաքաղաքական իրադրության փոփոխությունն ու փոխադարձ շահերը կթելադրեն այս տարածաշրջանին կատարել իր վերջնական ընտրությունը։ Իսկ թե որքանով ճիշտ, արդյունավետ, խելամիտ և նպատակահարմար կլինի այդ ընտրությունը, ցույց կտա դեպքերի հետագա զարգացումը։

Հղումներ

[1] Почему Россия уступает позиции в Центральной Азии Китай и Евросоюз одновременно провели мероприятия со странами региона,21․05․2023, https://www.rbc.ru/politics/21/05/2023/64677fc49a79472fac8cab00?from=article_body   

[2] Как Китай обгоняет Россию в торговле в Центральной Азии. Инфографика, 21․05․2023, https://www.rbc.ru/economics/28/05/2023/646e43449a794715028aa655 

[3] Как Китай обгоняет Россию в торговле в Центральной Азии. Инфографика, 21․05․2023, https://www.rbc.ru/economics/28/05/2023/646e43449a794715028aa655 

[4] Объем инвестиций Китая в Центральной Азии достиг 15 млрд.долл.США к концу 2022 года – министр торговли КНР, 18․04․2023, https://www.newscentralasia.net/2023/04/18/obyem-investitsiy-kitaya-v-tsentralnoy-azii-dostig-15-mlrd-doll-ssha-k-kontsu-2022-goda-ministr-torgovli-knr/ 

[5] Торговля Китая с Центральной Азией стремительно растет, 10․05․2023, https://www.newscentralasia.net/2023/05/10/torgovlya-kitaya-s-tsentralnoy-aziyey-stremitelno-rastet/ 

[6] Новый виток геополитического соперничества в Центральной Азии, 28․05․2023, https://www.ng.ru/dipkurer/2023-05-28/11_8734_asia.html

[7] Как Китай обгоняет Россию в торговле в Центральной Азии. Инфографика, 21․05․2023, https://www.rbc.ru/economics/28/05/2023/646e43449a794715028aa655

[8] Саммит Россия – Центральная Азия, 24․11․2022, http://kremlin.ru/events/president/news/69598

Գրականություն

  1. Как Китай обгоняет Россию в торговле в Центральной Азии. Инфографика, 21. 05. 2023, https://www.rbc.ru/economics/28/05/2023/646e43449a794715028aa655  
  2. Новый виток геополитического соперничества в Центральной Азии, 28. 05. 2023, https://www.ng.ru/dipkurer/2023-05-28/11_8734_asia.html  
  3. Объем инвестиций Китая в Центральной Азии достиг 15 млрд.долл.США к концу 2022 года – министр торговли КНР, 18.04.2023, https://www.newscentralasia.net/2023/04/18/obyem-investitsiy-kitaya-v-tsentralnoy-azii-dostig-15-mlrd-doll-ssha-k-kontsu-2022-goda-ministr-torgovli-knr/  
  4. Почему Россия уступает позиции в Центральной Азии Китай и Евросоюз одновременно провели мероприятия со странами региона,21. 05. 2023,  https://www.rbc.ru/politics/21/05/2023/64677fc49a79472fac8cab00?from=article_body  
  5. Саммит Россия – Центральная Азия, 24. 11. 2022,  http://kremlin.ru/events/president/news/69598 
  6. Торговля Китая с Центральной Азией стремительно растет, 10. 05. 2023,  https://www.newscentralasia.net/2023/05/10/torgovlya-kitaya-s-tsentralnoy-aziyey-stremitelno-rastet/ 


Հեղինակ՝ Նարինե Պետրոսյան (Narine Petrosyan) © Բոլոր իրավունքները պաշտպանված են:

© «Ամբերդ» հետազոտական կենտրոն