Արդեն երկրորդ տարին շարունակվող բարձր տնտեսական աճի համապատկերում շարունակվում են թեժ քննարկումները տնտեսական աճի, նրա իրատեսականության, ճշմարտացիության և ի վերջո` ներառականության շուրջ։
Քննարկման առանցքը գրանցվող բարձր աճերի թողած հետքն է. արդյո՞ք այդ աճն իր դրոշմը թողնում է մեզանից յուրաքանչյուրի կյանքում, որքանո՞վ է այն համաչափ բաշխված տնտեսության ենթաճյուղերի միջև, արդյո՞ք կարելի է այս աճի հետ երկարարաժամկետ հույսեր կապել…
Անվերջանալի թվացող այս հարցերի պատասխանները կփորձենք ներկայացնել հոդվածաշարի այս և հաջորդող համարներում, որոնցում թիրախավորվում են աճը պայմանավորող ճյուղերի առավել ուշագրավ զարգացումներն ու վեր հանվում հիմնական ակնկալիքները։
Նյութի բնօրինակը հրապարակվել է «Ամբերդ» հետազոտական կենտրոնում: Նյութի վերահրապարակումը համաձայնեցված է կենտրոնի հետ:
Արդյունաբերության ոլորտի հայաստանյան զարգացումները շատ հաճախ դրամատիկ են ու անկանխատեսելի։ Փոքր բաց տնտեսություն լինելու, փոքրաթիվ գործընկերներից բարձր կախվածություն ունենալու հանգամանքը, գերտաքացած աշխարհաքաղաքական իրողությունների խաչմերուկում մանևրելու փորձերը դարձել են տնտեսության այս ոլորտի շրջման կետը՝ փոքր ցնցումների դեպքում անգամ այն քաշելով դեպի «անդունդ»։
Հետհայացք նետելով նախորդ տարվա տնտեսական զարգացումներին՝ իրավամբ կարող ենք փաստել, որ վերոնշյալը ոչ թե դեպքերի վառ գունապնակներով ներկայացումն է, այլ իրականության պարզեցված արտացոլում։ Այս պարագայում առաջանում է տրամաբանական հետևյալ հարցադրումը. ի՞նչն է ընկած այս անկումների ու վերելքների շղթայի հիմքում…
Վերջին 3 տարիներին արդյունաբերության զարգացումների «ոդիսականը» մասնատենք մի քանի ենթափուլերի և յուրաքանչյուրում առանձնացնենք այն դեպքերի շղթան, որոնք պայմանավորել են դրանք։
Անկում՝ առանց արգելակման։ Արդյունաբերության աճի կառուցվածքում վերջին տարիներին ավանդաբար առաջատար դիրքերում է եղել մշակող արդյունաբերությունը, որին հակառակ՝ աճը զսպող և այն ներքև քաշող հիմնական գործոնը հանքարդյունաբերության՝ մինչ օրս չդադարող անկումն է։ Անկման այս փուլը մեկնարկեց 2021 թվականի կեսերից, մինչդեռ նախորդող մի քանի տարիներին արդյունաբերության այս ենթաճյուղի ծավալներն աճել են հիմնականում երկնիշ թվերով։ Վերջին երկու տարիներին նվազել է նաև պղնձի արտահանումը Հայաստանից, որը ներքին արտահանման կառուցվածքում զբաղեցնում էր վերին հորիզոնականները։
2021 թվականի օգոստոսից սկսված հանքարդյունաբերության անկման չդադարող ալիքը տևեց մինչև 2023 թվականի հունիսը՝ բացառությամբ մի քանի ամիսների։
Վերջին երեք տարիների ընթացքում ամենաէական անկումը գրանցվել է 2022 թ.-ի մարտին։ Դրական դինամիկան սկսեց ի հայտ գալ 2023 թվականի հուլիսին, որը խաթարվեց արդեն հոկտեմբերին՝ տարին ամփոփելով հանքարդյունաբերության ոլորտի շուրջ 6.4% անկմամբ։
Եթե դիտարկենք ամբողջ արդյունաբերության աճը, ապա մարտի կտրուկ աճից հետո (որը հիմնականում պայմանավորված էր նախորդ տարվա ցածր բազայի ազդեցությամբ), ապրիլին վերջինիս աճի տեմպն էականորեն դանդաղել է՝ տեղափոխվելով բացասական տիրույթ և կազմելով -0.8%: Արդյունքում հունվար-ապրիլ ամիսներին արդյունաբերության աճի տեմպը նույնպես դանդաղել է՝ կազմելով 2.4%:
Արդյունաբերության ոլորտում հունիսին գրանցվել է շուրջ 7.4% անկում, որը նույնպես կարող է պայմանավորված լինել բազայի էֆեկտով, քանի որ նախորդ տարվա հունիսին գրանցվել էր էական աճ՝ շուրջ 19.2%։ Միևնույն ժամանակ, հունվար-հունիս ամիսների տվյալներով, արդյունաբերության աճը կազմել է ընդամենը 1.0%, որը բավական ցածր ցուցանիշ է՝ հաշվի առնելով տնտեսության ընդհանուր աճի տեմպը և արդյունաբերության կարևորությունը՝ որպես արտահանելի ճյուղ: Արդյունաբերության կշռի նվազումը տնտեսությունում նշանակում է ՀՀ տնտեսական ներուժի նվազում, ինչը բացասաբար կանդրադառնա երկարաժամկետ տնտեսական աճի վրա[2] :
2023թ. հունվար-դեկտեմբերին արդյունաբերության աճը կազմել է ընդամենը 4․1%, այն դեպքում, երբ ՏԱՑ-ը կազմել է 9.4%։ Ընդ որում՝ այս միտումը շարունակվել է ամբողջ տարվա ընթացքում։ Այսինքն՝ արդյունաբերության կշիռը նվազել է տնտեսության կառուցվածքում, ինչը երկարաժամկետում բացասական երևույթ է և կարող է հանգեցնել տնտեսության ներուժի նվազմանը։
Արդյունաբերության ոլորտում 2023 թ. նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին գրանցվել է աճի կտրուկ արագացում [3]: Աճի արագացման պատճառը ոսկերչական արտադրատեսակների արտադրության բավական բարձր աճն է, ինչի պայմաններում 2023 թ. նոյեմբերին արդյունաբերության աճը կազմել է 23.8%, իսկ դեկտեմբերին՝ 20.0%: Արդյունքում արդյունաբերության աճը հունվար-դեկտեմբեր ամիսներին կազմել է 4.1%՝ հունվար-նոյեմբերի համեմատ արագանալով 2.0 տոկոսային կետով, սակայն էականորեն ցածր մնալով նախորդ տարվա աճի ցուցանիշից: Սա հիմնականում հանդիսանում է ոսկերչական իրերի ներմուծման, վերամշակման և արտահանման գործընթաց, որը բնականաբար կարող է կարճաժամկետ լինել, հետևաբար տնտեսական ակտիվության աճի արագացումը նույնպես կլինի կարճաժամկետ[4]:
Արդյունաբերական արտադրանքի իրացումը դիտարկելիս կարող ենք նկատել, որ գրեթե ամբողջ տարվա ընթացքում նկատվել է արդյունաբերական արտադրանքի արտաքին պահանջարկի անկում։ Ներքին պահանջարկը նույնպես նախորդ տարում շարունակաբար նվազել է, սակայն նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին իրավիճակը բարելավվել է՝ հանգեցնելով ինչպես ներքին, այնպես էլ արտաքին պահանջարկի աճին։ Կշեռքի նժարի նման շրջումը իրավամբ պայմանավորված է տարեվերջին ի հայտ եկած ու լայն քննարկման առարկա դարձած «ոսկու սինդրոմով», որին մենք կանդրադառնանք հաջորդիվ [5]։
2023 թ․-ին ՀՆԱ-ի և ճյուղերի աճերը դիտարկելիս կարող ենք նկատել, որ արդյունաբերության աճը ընդգծված դանդաղման միտում ուներ՝ արդեն 9 ամսվա արդյունքներով նույնիսկ գրանցելով 0.8% անկում, ինչը շուրջ 0.2 տոկոսային կետով բացասաբար ազդեց արդյունաբերության աճի վրա՝ այն քաշելով դեպի ներքև։ Իհարկե, 4-րդ եռամսյակում ի հայտ եկած գործոնները միայն 4-րդ եռամսյակում հանգեցրին արդյունաբերության շուրջ 7.2% աճի, իսկ տարեկան կտրվածքով՝ 1,7%-ի։
Բնապահպանականից մինչև աշխարհաքաղաքական անորոշություն
Թեղուտ, Սոթք, Ամուլսար․․․ Այս անունները թերևս վերջին տարիներին դարձել են հանքարդյունաբերության ոլորտի ամենաթեժ քննարկման թեմաները․ բնապահպանականից մինչև աշխարհաքաղաքական անորոշություն և ռիսկեր, խնդիրներ, որոնք ավելի են ճնշում արդյունաբերության այս հիմնաքարային ենթաճյուղի առանց այն էլ սեղմված շղթան։
Թեղուտ։ Հանքարդյունաբերության ոլորտի աշխուժացման հիմնական խոչընդոտը, թերևս, բնապահպանական տեսանկյունից առաջացման ենթակա ռիսկերն են, որոնք շարունակ բարձրաձայնվում են բնապահպանների, ոլորտի փորձագետների և ակտիվիստների կողմից: Առաջացող այդ ռիսկերը մեղմելու նպատակով էլ 2022 թ.-ի մարտից դադարեցվել էին Թեղուտի լեռնահանքային համալիրի հանքաքարի արդյունահանումն ու վերամշակումը՝ մասշտաբային պլանային-կանխարգելիչ վերանորոգման աշխատանքներով պայմանավորված:
Ուշագրավ է, որ համաձայն իրական շահառուների հայտարարագրի, «ՎՏԲ բանկ» ՓԲԸ-ն «Թեղուտ» ՓԲԸ-ի բաժնեմասում 49,95% մասնակցություն ունի, հետևաբար Ռուսաստանի նկատմամբ Արևմուտքի կողմից կիրառվող պատժամիջոցների ազդեցությունից այս ընկերությունը նույնպես չէր կարող անմասն մնալ [6]: Հատկապես հետաքրքրական է, որ ընկերությունը նախատեսում էր այս աշխատանքներն իրականացնել 2022 թ. մայիս-հունիս ամիսներին, սակայն աշխարհաքաղաքական նոր զարգացումներով պայմանավորված մատակարարման շղթաների խաթարումն արագացրեց այն [7]: Ընդ որում՝ ընկերությունը պլանավորել էր հանքաքարի արդյունահանումն ու վերամշակումը վերսկսել միայն պատրաստի արտադրանքի մատակարարման նոր շղթաների կառուցումից հետո: Մինչև 2022 թ․-ին «Թեղուտ» ՓԲԸ-ի աշխատանքների դադարեցումը՝ ընկերության արտադրանքն իրացվում էր մեկ գնորդի կողմից[8]։ Մատակարարման շղթաների վերակառուցման արդյունքում գնորդների թիվն այժմ հասցվել է 6 ընկերությունների՝ Իրանից, Չինաստանից և Ռուսաստանից՝ փորձ անելով դիվերսիֆիկացման ճանապարհով չեզոքացնել մատակարարման շղթաների խափանման ռիսկերը։
Թեղուտի աշխատանքները վերսկսվեցին միայն 2023 թ․ հուլիսի երկրորդ կեսից: Ընդ որում, համաձայն ընդերքօգտագործման պայմանագրի և օգտակար հանածոների արդյունահանման թույլտվության, որը «Թեղուտ» ՓԲԸ-ն ստացել է 2023 թ․ օգոստոսին, ընկերությունն իրավունք ունի մինչև 2031 թ․ իրականացնել 105 մլն տոննայի արդյունահանում [9]։
Ամուլսար։ Հանքարդյունաբերության աճի վերականգման հույսեր են ներշնչում նաև Ամուլսարի հանքի շուրջ զարգացումները։ Դեռևս 2023 թ.-ի փետրվարին ՀՀ կառավարության, Եվրասիական զարգացման բանկի և «Լիդիան Արմենիա» ՓԲԸ-ի միջև ստորագրվել էր եռակողմ փոխըմբռնման հուշագիր, որը քանդեց Ամուլսարի հանքավայրի շահագործման կապանքները` փոխարենը ՀՀ կառավարությանը հանձնելով «Լիդիան Արմենիա»-ի բաժնետոմսերի 12․5 տոկոսը [10]։ Այս տարվա հունվարին հայտարարվեց, որ շինարարական աշխատանքներն ավարտական փուլում են և հանքն արդեն կշահագործվի ընթացիկ տարում [11]։
Սոթք։ 2020 թ․-ին Արցախի տարածքի գերակշիռ մասի, իսկ արդեն 2023 թ․-ի սեպտեմբերից ամբողջությամբ բռնի օկուպացումից հետո Սոթքի հանքավայրի նկատմամբ Ադրբեջանի հավակնությունների, ինչպես նաև մինչ օրս շարունակվող սահմանային լարվածությություններ հրահրելու Ադրբեջանի փորձերի հետևանքով ոսկու հանքավայրում աշխատանքները պարբերաբար դադարում էին` ակնհայտորեն ազդելով հանքարդյունաբերության ծավալների վրա։ Ավելին՝ 2023 թ․-ի ապրիլից Սոթքի հանքը դադարեցրել է իր գործունեությունը՝ անվտանգային չնվազող ռիսկերով պայմանավորված [12]։ Սա մեծ հարված էր ինչպես արդյունաբերության ճյուղի, այնպես էլ ամբողջ տնտեսության համար՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ Սոթքի հանքավայրը շահագործող ընկերությունը՝ «Գեոպրոմայնինգ» ՍՊԸ-ն, 1000 խոշոր հարկատուների ցանկում մշտապես եղել է առաջատար հորիզոնականներում [13]։ Ուշագրավ է նաև այն, որ Սոթքի հանքի փակման շուրջ խոսել են տարբեր մակարդակի պաշտոնատար անձինք` շեշտելով տնտեսական աճի վրա հնարավոր բացասական ազդեցությունը։ Հետաքրքրական է նաև այն, որ դեռևս 2023 թ.-ի հոկտեմբերին [14] հայտարարվել էր, որ հանքի աշխատանքները չեն դադարել և այն շահագործվում է փակ ձևով։ Այս առումով կարևոր ենք համարում նշել, որ 2023 թ-ի ապրիլից մինչ օրս հանքը փաստացիորեն չի շահագործվել անգամ փակ տարբերակով և հանքաքարի արդյունահանում չի իրականացվել։ 2022 թ.-ի սեպտեմբերի թ․-ին ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը դրական եզրակացություն է տվել ստորգետնյա եղանակով հանքի շահագործման շուրջ [15]` մինչև 2031 թ.-ը 400 հազար տոննա հանքաքար արդյունահանելու իրավունքով։ Հանքի վերագործարկումը նախատեսվում է 2024 թ.-ի մարտից [16], ինչը որոշ չափով հույսեր է ներշնչում հանքարդյունաբերության ոլորտի անկման տեմպերը կասեցնելու ուղղությամբ։
«Ոսկու սինդրոմ»։ 2023 թ․-ի արդյունաբերական տարին առանձնացավ ևս մեկ իրողությամբ՝ ոսկու թողարկման կտրուկ աճով։ Չնայած այն հանգամանքին, որ Հայաստանը կտրուկ ավելացրել է ոսկու արտահանումը, պետք է փաստենք, որ սա ամենևին էլ Հայաստանում արդյունահանվող ոսկու ծավալների աճով չէ պայմանավորված, այլ Ռուսաստանից ներկրվող ոսկու վերաարտահանմամբ։ Այսինքն՝ վիճակագրական տեսանկյունից այն բերում է թողարկման ծավալների աճի (ինչն արտացոլվեց նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին տնտեսական ակտիվության ցուցանիշում), սակայն ստեղծում է անհամեմատ փոքր ավելացված արժեք, այսինքն, համախառն ներքին արդյունքի աճի տեսանկյունից ոսկու շուրջ ձևավորված այս աղմուկն ամենևին էլ իրատեսական չէ, ինչն արտացոլվեց նաև արդեն փետրվարին հրապարակված՝ ՀՆԱ-ի տարեկան ցուցանիշում [17]։
Իհարկե, վերջին եռամսյակում նշմարվում է արդյունաբերության բարձր աճ՝ ի հաշիվ մշակող արդյունաբերության (հատկապես՝ ոսկերչության) աճի, սակայն այն որքան էլ ցանկալի, նույնքան էլ կասկածելի ցուցանիշ է, հաշվի առնելով․ որ ոսկերչության ենթաճյուղի աճը գերազանցապես վերաարտահանման հետևանք է։
ՀՀ վիճակագրական կոմիտեի կողմից հրապարակվող տվյալների ուսումնասիրությունը փաստում է, որ ադամանդը ՀՀ է ներմուծվում հիմնականում ՌԴ–ից` չմշակված տարբերակով, իսկ ոսկին` ձուլակտորներով՝ վերաարտահանվելով հիմնականում Արաբական Միացյալ Էմիրություններ և Հոնգկոնգ [18]։ Ասվածն առավել պատկերավոր կարող ենք մեկնաբանել հետևյալ կերպ․ քանի դեռ ռուսական շուկան կրում է Արևմուտքի պատժամիջոցների ծանր բեռը, հայկական շուկան կշարունակի մնալ ռուսական թանկարժեք մետաղների «լվացման» յուրօրինակ աղբյուր։ Ուստի, ավելի քան տրամաբանական է, որ արտահանման նման ճանապարով աճը չի կարող կայուն ու երկարաժամկետ բնույթ կրել, ինչը անորոշություններ ու լուրջ վտանգներ է ստեղծում նաև ՀՀ արտաքին առևտրի համար։
Ամփոփելով՝ նշենք, որ վերջին 2 տարիների տնտեսական զարգացումները ևս մեկ անգամ ապացուցեցին, որ հայաստանյան տնտեսությունը գերազանցապես կրում է արտաքին աշխարհի ազդեցությունը, իսկ գործընկեր երկրներում ու դրանց շուրջ ծավալվող իրողությունները թելադրում են տնտեսական քաղաքականության ուղղությունները։ Գրանցված բարձր աճերը որքան էլ ոգևորիչ ու ցանկալի են, նույնքան էլ անկայուն են ու անորոշ՝ հաշվի առնելով այն աղբյուրներն ու տնտեսության այն ճյուղերը, որոնք պայմանավորել են այդ աճը։ Արդյունաբերության դիտանկյունից խնդիրն առավել խորքային է․ որքան էլ հանքարդյունաբերությունը «հնացած» թվա աճը խթանող գործոնների տեսանկյունից, փորձը ցույց է տալիս, որ անգամ ամենաբարդ աշխարհաքաղաքական հակամարտությունների պարագայում, երբ խաղասեղանին է դրվում ցանկալի ռեսուրսների մատակարարման ու ազգերի ճակատագրի որոշման հարցը, թելադրողի դիրքում, որպես կանոն, հայտնվում են ռեսուրս արտադրողներն ու մատակարարները։ Այսինքն՝ որքան էլ բնապահպանական տեսանկյունից հանքարդյունաբերությունը դիտվի ոչ ցանկալի երևույթ, պետք է գիտակցել, որ ռեսուրս արտադրող աշխարհի բազմաթիվ երկրներ անցել են կանաչ արդյունաբերության՝ կիրառելով նորագույն տեխնոլոգիաներ ու նվազագույնի հասցնելով բնապահպանական ռիսկերը։ Ինչ վերաբերում է ՀՀ արդյունաբերության աճի հիմնական խթան համարվող մշակող արդյունաբերությանը, պետք է փաստենք, որ այն նույնպես գերազանցապես կրում է պահային գործոնների ազդեցությունը, ինչի վառ վկայությունը նոյեմբեր-դեկտեմբեր ամիսների զարգացումներն էին։ Ուստի, ինչպես արդեն նշել ենք, ավելի քան տրամաբանական է, որ տնտեսական աճի, թողարկման, արտահանման գերազանցապես արտաքին բարենպաստ գործոններով պայմանավորված աճերը չեն կարող կայուն ու երկարաժամկետ բնույթ կրել, ինչը անորոշություններ ու լուրջ վտանգներ է ստեղծում նաև ՀՀ արտաքին առևտրի համար։
[1] ՀՀ վիճակագրական կոմիտե, Հրապարակումներ ըստ տարիների, https://armstat.am/am/?nid=82 [2] ՀՀ վիճակագրական կոմիտե, Հրապարակումներ ըստ տարիների, https://armstat.am/am/?nid=82 [3] ՀՀ վիճակագրական կոմիտե, ՀՀ սոցիալ-տնտեսական վիճակը 2023թ․-ի հունվար-դեկտեմբերին, https://armstat.am/am/?nid=82&id=2635 [4] Աղբյուրը՝ ՀՀ վիճակագրական կոմիտե, Արդյունաբերական կազմակերպությունների հիմնական ցուցանիշներն ըստ տնտեսական գործունեության երկնիշ դասակարգման 2023 թվականի հունվար-դեկտեմբերին, https://armstat.am/am/?nid=82&id=2632, Հեղինակի հաշվարկներ [5] ՀՀ վիճակագրական կոմիտե, Ազգային հաշիվներ, ՀՆԱ, https://armstat.am/file/doc/99545173.xls [6] Թեղուտ ՓԲԸ, Իրական շահառուների վերաբերյալ հայտարարագիր, https://www.e-register.am/am/companies/1472849/declaration/663f1ecd-346b-43eb-8fa6-d3ee4ff537ea [7] Թեղուտի հանքավայրը կաշխատի պոչամբարի պատվարի ամրացումից և պատրաստի արտադրանքի մատակարարման նոր շղթաների կառուցումից հետո, https://hetq.am/hy/article/142288 [8] Թեղուտի կոմբինատն աշխատում է ամբողջ ծավալով, իսկ պոչամբարի պատվարի ամրացման աշխատանքները շարունակվում են, https://hetq.am/hy/article/164125 [9] Թեղուտի կոմբինատն աշխատում է ամբողջ ծավալով, իսկ պոչամբարի պատվարի ամրացման աշխատանքները շարունակվում են, https://hetq.am/hy/article/164125 [10] Ամուլսարի հանքի շահագործմամբ Հայաստանի ՀՆԱ-ի 1 տոկոսի աճ է կանխատեսվում․ ստորագրվեց փոխըմբռնման հուշագիր, https://armenpress.am/arm/news/1104789/ [11] Ամուլսարի հանքի շահագործումը նախատեսված է 2024 թվականի ընթացքում, https://news.am/arm/news/747291.html [12] Սոթքի բաց հանքի աշխատանքը դադարեցվել է. պատճառն ադրբեջանական հրետակոծություններն են, https://armeniasputnik.am/20230530/svotqi-bac-hanqi-ashkhatanqy-dadarecvel-e-hajtni-e-pattshary-60400241.html [13] Հարկ վճարողների վերաբերյալ տեղեկատվական ցանկեր, https://src.am/am/getMenusContents/120 [14] Սոթքի հանքավայրի փակ հատվածը շարունակում է աշխատել. Մարզպետ, https://armeniasputnik.am/20231013/svotqi-hanqavajri-pak-hatvatsy-sharunakum-e-ashkhatel-marzpet-67226784.html [15] Շրջակա միջավայրի վրա ազդեցության պետական փորձաքննության եզրակացություն, ԲՓ N 0135-22, 26.09.2022, 135-geopromining-sotq.pdf (env.am) [16] Սոթքի հանքավայրում փակ եղանակով արդյունահանման մեկնարկը կտրվի 2024–ի մարտին. 300 աշխատակից կրճատվել է. Փոխնախարար, https://lurer.com/?p=545041&l=en [17] Հայաստանի Հանրապետության սոցիալ-տնտեսական վիճակը 2023 թվականի հունվար-դեկտեմբերին, https://armstat.am/am/?nid=82&id=2635 [18] ՀՀ վիճակագրական կոմիտե, Արտաքին առևտրի տվյալների բազա, https://armstat.am/am/index.php?nid=717&thid%5B%5D=784&thid%5B%5D=344&years%5B%5D=2023&year%5B%5D=2023&monid%5B%5D=1&monid%5B%5D=2&monid%5B%5D=3&monid%5B%5D=4&monid%5B%5D=5&monid%5B%5D=6&monid%5B%5D=7&monid%5B%5D=8&monid%5B%5D=9&monid%5B%5D=10&monid%5B%5D=11&monid%5B%5D=12&submit=%D5%93%D5%B6%D5%BF%D6%80%D5%A5%D5%AC&offset=1Հղումներ
Գրականություն
Հեղինակ՝ Նարինե Պետրոսյան (Narine Petrosyan) © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
© «Ամբերդ» հետազոտական կենտրոն