Սիրիացիները պետք է «խաղաղություն ու կայունություն վայելեն»

«Ինլայթ»-ը ներկայացնում է գերմանական  DW  (Deutsche Welle) լրատվական ծառայության կայքէջում 202՛ թվականի դեկտեմբերի 11-ին հրապարակված “Al-Baschir: Syrer sollen “Ruhe und Stabilität genießen” հոդվածի հայերեն թարգմանությունը:

Սիրիացիները պետք է «խաղաղություն ու կայունություն վայելեն». Ալ-Բաշիր

Ոչ միայն կառավարության ժամանակավոր ղեկավարը, այլ նաև HTS [Հայաթ Թահրիր ալ-Շամ՝ Սիրիայի ազատագրության կազմակերպություն]-ի առաջնորդ Ալ-Ջուլանին, փորձում են նոր և խաղաղ ժամանակաշրջան հաստատել Սիրիայի համար: Արևմուտքը  հուսադրում է և միառժամանակ զգուշացնում: Իսրայելից հնչում են  լուրջ նախազգուշացումներ։

Սպասվում է, որ Մուհամմեդ ալ-Բաշիրը մինչև 2025 թվականի մարտի սկիզբ ղեկավարելու է Սիրիայի ժամանակավոր կառավարությունը:

Բաշար ալ-Ասադի վարչակարգի տապալումից հետո Սիրիայի ժամանակավոր կառավարության ղեկավարը «կայունության և հանգստության» կոչեր է արել Մերձավոր Արևելքում: Արաբական Al Jazeera հեռուստաընկերությանը տված հարցազրույցում Մուհամմեդ ալ-Բաշիրը նշել է, որ եկել է ժամանակը, երբ մարդիկ պետք է «վայելեն կայունությունը ու հանգստություն»՝ վստահ լինելով, որ կառավարությունը ապահովում է իրենց անհրաժեշտ ծառայությունները։ Ավելի վաղ Ալ-Բաշիրը սիրիական պետական հեռուստատեսության տելեգրամյան ալիքում հայտարարել էր, որ իրեն հանձնարարվել է ղեկավարել ժամանակավոր կառավարությունը մինչև մարտի 1-ը։ 

Իտալական Corriere della Sera թերթին տված հարցազրույցում Ալ-Բաշիրը նաև կոչ է արել ողջ աշխարհում ապրող սիրիացի փախստականներին վերադառնալ հայրենիք։ «Իմ կոչն ուղղված է արտերկրում գտնվող բոլոր սիրիացիներին. Սիրիան այժմ ազատ երկիր է, որը վերագտել է իր հպարտությունն ու արժանապատվությունը։ Վերադարձե՛ք հայրենիք»:

Մինչ այժմ ալ-Բաշիրը եղել է իսլամիստական ​​Հայաթ Թահրիր ալ-Շամ (HTS) խմբավորման ղեկավարը, որ հյուսիս-արևմուտքում գտնվող ապստամբների ամրոցում՝ Իդլիբում, ստեղծել էր իր  «կառավարություն»-ը: HTS-ի առաջնորդությամբ ահաբեկիչները շաբաթվա վերջում գրավեցին մայրաքաղաք Դամասկոսը և կործանեցին Ասադի կառավարությունը։ Սիրիայի մայրաքաղաքի գրավմանը նախորդել էր աշխարհազորայինների կայծակնային արագությամբ հարձակումը երկրի տարածքում։ Ասադը, որ մեղադրվում է այլախոհների առևանգման, խոշտանգումների և սպանությունների մեջ,  փախել է Ռուսաստան։

Իսլամիստական ​​աշխարհազորային HTS-ի ղեկավար Աբու Մուհամեդ ալ-Ջուլանին ելույթ է ունենում Դամասկոսի Օմայադ մզկիթում:
Ալ-Ջուլանին «Զարգացման և վերակառուցման ճանապարհին» 

Հայաթ Թահրիր ալ-Շամի առաջնորդ Աբու Մուհամեդ ալ-Ջուլանին արդեն անդրադարձել էր իշխանության փոխանցման հարցին՝ հայտարարելով, որ խոշտանգումների և ռազմական հանցագործությունների մեջ ներգրավված յուրաքանչյուր բարձրաստիճան նախկին պաշտոնյա պետք է ենթարկվի պատասխանատվության: Երեքշաբթի (դեկ. 10) նա փորձում էր մեղմել Սիրիայի ապագայի վերաբերյալ մտահոգությունները՝ բրիտանական Sky News հեռուստաալիքի եթերում հայտարարելով, որ երկիրը կրկին պատերազմի մեջ չի ներքաշվի: «Սիրիան նորից կվերակառուցվի (…)», ” ասել է ալ Ջուլանին։ «Երկիրը շարժվում է զարգացման և վերակառուցման ուղով: Այն ձգտում է կայունության»:  Մարդիկ «հյուծվել էին պատերազմից»` շարունակեց նա։ «Այսպիսով, երկիրը պատրաստ չէ ևս մեկ պատերազմի և չի ներգրավվելու նոր հակամարտության մեջ»։ Աբու Մուհամեդ ալ-Ջուլանի անունը ոստիկանական ղեկավարի կեղծանուն է։ Սիրիայում հեղաշրջումից հետո նա սկսեց օգտագործել իր իսկական քաղաքացիական անունը՝ Ահմեդ ալ-Շարա։

Սիրիայի մայրաքաղաքի Օմայադ հրապարակը շարունակում է մնալ գլխավոր հավաքատեղի այն մարդկանց համար, ովքեր ցանկանում են նշել իրենց ուրախությունը Բաշար ալ-Ասադի երկարամյա իշխանության տապալման կապակցությամբ։
Կալլաս. «Չկա երկրորդ Իրաք, Լիբիա կամ Աֆղանստան»

ԱՄՆ արտաքին գործերի նախարար Էնթոնի Բլինքենը կոչ է արել միջազգային հանրությանը աջակցել Սիրիայում ներառական քաղաքական գործընթացի իրականացմանը։ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Վաշինգտոնում ընդգծել է, որ Դամասկոսի ապագա կառավարությունը պետք է լինի «վստահելի, ներառական և ոչ պառակտիչ» և թույլ չտա, որ Սիրիան օգտագործվի «որպես ահաբեկչության հենասյուն»: «Իսլամական պետություն» (ԻՊ) ջիհադիստական խմբավորումը, թեև կորցրել է Սիրիայում իր վերահսկողության տակ գտնվող տարածքները, այնուամենայնիվ, շարունակում է պահպանել իր ակտիվությունը։ Մարդու իրավունքների սիրիական դիտորդական կենտրոնը հաղորդում է, որ «Իսլամական պետություն» խմբավորման գրոհայինները գերի են վերցրել և սպանել կառավարության 54 զինծառայողի։ 

Այս կապակցությամբ ԵՄ արտաքին քաղաքականության նոր պատասխանատու Քաջա Կալլասը զգուշացրել է, որ երկիրը չպետք է վերածվի ևս մեկ Լիբիայի, Աֆղանստանի կամ Իրաքի։ Կալլասը շեշտել է, որ կարևոր է կանխել ոչ միայն կոնֆեսիոնալ [կրոնական խմբերի միջև] բռնությունը, այլև ծայրահեղականության վերածնունդն ու քաղաքական վակուումի առաջացումը Սիրիայում։ 

Նեթանյահուն. «Իսրայելը թանկ գին կպահանջի»

Միևնույն ժամանակ Իսրայելը զանգվածաբար ընդլայնել է իր օդային հարձակումները հարևան երկրի վրա։ Իսրայելական բանակը, ըստ սեփական տվյալների, կիրակի (դեկ. 8) օրվանից ի վեր իրականացրել է շուրջ 480 օդային հարձակում՝ թիրախավորելով Սիրիայում ռազմական օբյեկտները։ Իսրայելական բանակը Սիրիայում թիրախավորել է «ռազմավարական զենքի պահեստների զգալի մասը» և կանխել, որ դրանք չընկնեն ահաբեկիչների ձեռքը։ Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը ավելի վաղ հայտնել էր, որ իրենց ռազմածովային ուժերը երեքշաբթի (դեկ. 9) գիշերը մեծ հաջողությամբ ոչնչացրել են սիրիական նավատորմը:

Երեքշաբթի (դեկ. 9) օրը սիրիական Լաթաքիա քաղաքի նավահանգիստը՝ Իսրայելի ավիահարվածից հետո

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն զգուշացրել է Սիրիայի նոր ղեկավարներին թույլ չտալ վերականգնել իրանական ազդեցությունը Սիրիայում: Իսրայելի դեմ ուղղված յուրաքանչյուր սպառնալիք կարգելվի անողոք կերպով: «Եթե Սիրիայում նոր վարչակարգը Իրանին թույլ տա վերահաստատվել կամ իրանական զենք փոխանցել Լիբանանի Հեզբոլլահին, մենք կարձագանքենք կտրուկ գործողություններով և կպահանջենք մեծ գին», ” ընդգծել է Նեթանյահուն։ Այն, ինչ նախկինում տեղի ունեցավ Ասադի կառավարության հետ, տեղի կունենա նաև Սիրիայի նոր ղեկավարության հետ։

Ասադի իշխանության օրոք Սիրիան եղել է Իրանի գլխավորած «Դիմադրության առանցքի» կարևոր մասն Իսրայելի դեմ պայքարում, որում ներգրավված են նաև Հեզբոլլահի աշխարհազորայինները Լիբանանում և Համասը՝ Գազայի հատվածում։ Երկու կազմակերպություններն էլ բազմաթիվ պետությունների կողմից դասակարգվում են  ահաբեկչական կազմակերպությունների թվին:

Հրադադար քուրդ զինյալների և թուրքամետ մարտիկների միջև

Միևնույն ժամանակ, ԱՄՆ-ի աջակցությամբ գործող քրդական աշխարհազորայինները Սիրիայի հյուսիսում հայտարարեցին, որ դուրս կգան Մանբիջ քաղաքից՝ Թուրքիայի և նրա դաշնակից աշխարհազորայինների հետ կնքված հրադադարի համաձայնության շրջանակում։ Սիրիայի դեմոկրատական ​​ուժերի (SDF) հրամանատար Մազլում Աբդին համաձայնագիրը բնութագրել է որպես խաղաղ բնակիչներին պաշտպանելու միջոց։ Մարդու իրավունքների սիրիական դիտորդական կենտրոնը ավելի վաղ հաստատել էր, որ Անկարայի կողմից աջակցվող Սիրիական ազգային բանակը (SNA) ծանր մարտերից հետո Մանբիջում վերահսկողություն է ստանձնել:

Թուրքամետ Սիրիական ազգային բանակի (SNA) մարտիկները մի քանի օր առաջ Մանբիջ էին գնում

Երկու շաբաթ շարունակ ծանր մարտեր էին ընթանում թուրքական սահմանի մոտ գտնվող 70.000 բնակչությամբ քաղաքի շուրջ՝  դեպի Դամասկոս իսլամիստների գլխավորած ապստամբների դաշինքի առաջխաղացմանը զուգահեռ։ Մանբիջը Սիրիայում  Թուրքիայի նպատակների համար մեծ նշանակություն ունի։ Այն Եփրատ գետից արևմուտք գտնվող քրդական զինյալների կողմից վերահսկվող վերջին քաղաքն էր։ Թուրքիան նպատակ ունի քրդական աշխարհազորայիններին մղել գետից արևելք գտնվող շրջաններ՝ թուրքամետ խմբավորումների հնարավոր առաջխաղացման համար դեպի սիրիա-քրդական սահմանային Քոբանի քաղաքը ապահովելու համար։ 


Թարգմանիչ՝ Լուսինե Մնոյան (Lusine Mnoyan) © Բոլոր իրավունքները պաշտպանված են: