ՀՀ տնտեսական աճի գլուխկոտրուկը. ծառայությունների ոլորտի հետքերով

Արդեն երկրորդ տարին շարունակվող բարձր տնտեսական աճի համապատկերում շարունակվում են թեժ քննարկումները տնտեսական աճի, նրա իրատեսականության, ճշմարտացիության և ի վերջո` ներառականության շուրջ։

Տեղեկագրի նախորդ համարում անդրադարձ էինք կատարել արդյունաբերության ոլորտի զարգացումներին՝ փորձելով քանդել տնտեսական աճի կծիկը: Շարունակելով հետևել տնտեսության զարկերակին՝ հոդվածաշարի՝ այժմ արդեն 2-րդ համարում՝ քննարկման առանցքը ծառայությունների ոլորտի առավել ուշագրավ զարգացումներն ու վերջինիս շուրջ ձևավորված սպասելիքներն են։

Անվերջանալի թվացող այս հարցերի պատասխանները կփորձենք ներկայացնել հոդվածաշարի այս և հաջորդող համարներում, որոնցում թիրախավորվում են աճը պայմանավորող ճյուղերի առավել ուշագրավ զարգացումներն ու վեր հանվում հիմնական ակնկալիքները։

 

Նյութի բնօրինակը հրապարակվել է «Ամբերդ» հետազոտական կենտրոնում: Նյութի վերահրապարակումը համաձայնեցված է կենտրոնի հետ:

Ծառայությունների ոլորտի զարգացումների շուրջ քննարկումները եղել ու շարունակում են մնալ ՀՀ տնտեսական դաշտի ամենաքննարկվող թեմաներից մեկը: Լինելով բավական զգայուն և «ցանցային» ոլորտ, այն, ինչպես վիճակված է ՀՀ տնտեսությանը, իր վրա  է կրում արտաքին աշխարհի զարգացումների ազդեցությունը: Կախված նրանից, թե վիճակն ինչպես կնետվի համաշխարհային գերտերությունների կողմից՝ ոլորտը դրսևորում է խիստ տատանողական միտումներ՝ «ազատ անկումից» մինչև գերտաքացում ու անորոշություն:

Գծապատկեր 1. ՀՀ ՀՆԱ-ի աճն ու ճյուղերի նպաստումներն աճին, 2023թ. [1]

Տնտեսական աճ՝ առանց զարգացման։ 2023թ.-ին ՀՆԱ-ի և ճյուղերի աճերը դիտարկելիս կարող ենք նկատել, որ ծառայությունների ոլորտի աճն ընդգծված դանդաղման միտում ուներ՝ այնուամենայնիվ, արդեն տարեկան արդյունքներով գրանցեց 11.5% աճ, ինչը շուրջ 6.2 տոկոսային կետով դրական նպաստեց տնտեսական աճին՝ շարունակելով մնալ աճը ամրապնդող հիմնական գործոնը։

Ավելորդ անգամ, սակայն, պետք է ընդգծել, որ աճն ու զարգացումն այս դեպքում, իրապես, տարբեր երևույթներ են։ Թեև երկրորդ տարին անընդմեջ գրանցվում է տնտեսական բավականին բարձր աճ, այնուամենայնիվ, այն զարգացում չի ենթադրում։ Պատճառը թերևս տնտեսության ներսում կատարվող փոխաձևումներն են, երբ գրանցվում է տնտեսական որոշ ցուցանիշների աճ` դրան հաջորդող տնտեսական աճի կառուցվածքի փոփոխությամբ։ Վիճակագրական տվյալների վերլուծությունը ցույց է տալիս, որ աճը հիմնականում պայմանավորված է ներքին պահանջարկի աճով՝ ի հաշիվ, նախ` առևտրաշրջանառության ու ծառայությունների որոնք աշխուժացան հայտնի գործոններով պայմանավորված։ Մինչդեռ, տնտեսության արդյունք ստեղծող ճյուղերը՝ արդյունաբերությունը և գյուղատնտեսությունը, անհամեմատ ավելի դանդաղ են աճել և զսպող դեր խաղացել աճի ընդհանուր կառուցվածքում։

ՀՀ-ում ծառայությունների ոլորտը նշանակալի կերպափոխումների ենթարկվեց հատկապես նախորդող երկու տարիներին։ Պատկերն առավել արտահայտիչ է դառնում տնտեսական ակտիվության ցուցանիշի կառուցվածքը դիտարկելիս։ Նախորդող ամբողջ տարում ծառայությունների ոլորտը դրսևորել է աճի ընդգծված դանդաղման միտում՝ զիջելով շինարարության և առևտրի բարձր աճերին։ Նկատվող այս զարգացումներում հատկապես հետաքրքրական է այն, որ փոփոխությունները հանգեցնում են նաև տնտեսական ակտիվության կառուցվածքի, հետևաբար նաև ճյուղերի նշանակության փոփոխությունների։ 2023թ.-ի առաջին 3 ամիսների աճի բարձր բազայի հիման վրա այս տարի ծառայությունների ոլորտը առաջին 3 ամիսներին գրանցել է համեստ աճ՝այս մրցավազքում զիջելով արդյունաբերության, առևտրի և շինարարության տեմպերին։ Ընդ որում՝ եթե վերջիններիս պարագայում եռամսյակի ավարտին դրսևորել են աճի արագացման միտում, ապա ծառայությունների ոլորտի պարագայում նկատելի է հակառակ պատկերը։

Գծապատկեր 2. ՏԱՑ և տնտեսության ճյուղերի աճը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ (կուտակային, %) [2]

Ի վերջո՝ ի՞նչն է ընկած ճյուղի նման զարգացումների հիմքում։ Ներկայացված պատկերն ընդամենը առաջին շերտն է, որի տակ թաքնված են ենթաճյուղերի հաճախ չհիմնավորված, երբեմն էլ խոստումնալից, բայց, միևնույն ժամանակ, սակավ բացատրելի տատանումները, որոնց կծիկը քանդելու ուղղությամբ կշարժվենք հետազոտության այս հատվածում։ 

Ինչպես արդյունաբերության, այնպես էլ ծառայությունների ոլորտի պարագայում նախորդող երկու տարիների զարգացումները կրել են փուլային բնույթ՝ ուղեկցվելով առանձին ենթաճյուղերում աճի կտրուկ տատանումներով, այդ ենթաճյուղերի դերային վերաբաշխումներով և ներքին ու արտաքին գործոններով պայմանավորված՝ զսպող կամ խթանող հանգամանքների ի հայտ գալով։

Ռուս-ուկրաինական պատերազմի բռնկման հետևանքների առաջին և ակնառու կրողը եղավ հենց ծառայությունների ոլորտը՝ ուղեկցվելով կացության և հանրային սննդի կազմակերպման, տեղեկատվության և կապի, տրանսպորտի, ֆինանսական և ապահովագրական գործունեության և ոլորտի մյուս ենթաճյուղերի նշանակալի աշխուժացմամբ։

Գծապատկեր 3. Ծառայությունների ոլորտի և նրա ենթաճյուղերի աճն ըստ ամիսների, 2022-2024թթ. [3]

Ծառայությունների ոլորտի նման ռեկորդային աճը շարունակվեց մինչև 2022 թ.-ի ավարտը՝ նախ դանդաղելով, իսկ այնուհետև` փոքր-ինչ կայունանալով արդեն 2023թ.-ին։ Իհարկե, աճի դանդաղման առաջին պատճառներից կարելի է համարել նախորդ տարում աճի բավական բարձր բազայի առկայությունը, որի նկատմամբ անգամ փոքր աճի ապահովումը նշանակալի կարելի է համարել այս ենթաճյուղի համար։ Մյուս պատճառը, թերևս, արտաքին դրական գործոնների ազդեցության մեղմացումն էր՝ դրամական փոխանցումների աստիճանական նվազում, ռուսների ներհոսքի նվազում և այլն, որոնց առավել մանրամասն կանդրադառնանք հաջորդիվ։

Գծապատկեր 4. Ծառայությունների ոլորտի աճ և նրա ենթաճյուղերի նպաստումներ, կուտակային, 2022-2024թթ. [4]

Գծապատկեր 4-ից նկատելի է, որ ոլորտի աճը գերազանցապես պայմանավորված է եղել տեղեկատվություն և կապ, կացության և հանրային սննդի կազմակերպում (այլ կերպ ասած՝ հյուրանոցներն ու հանրային սննդի կետերը), տրանսպորտ, ֆինանսական և ապահովագրական գործունեության, ինչպես նաև մշակույթ, զվարճությունների և հանգիստ (ներառվում են նաև բուքմեյքերական խաղերն ու խաղատները) ենթաճյուղերի զարգացումներով։

Գաղտնիք չէ նաև, որ այս ենթաճյուղերի աճը խթանող գործոնը գերազանցապես արտաքին բարենպաստ տնտեսական պայմաններն են՝ ռուս-ուկրաինական պատերազմի մեկնարկից հետո ՀՀ տեղափոխված ՌԴ քաղաքացիները, մեծ ծավալի վերաարատահանումներն ու տրանսֆերտները։ Այս զարգացումներին նախորդել է հետհամավարակային 2021 թ.-ն ու անկումային 2020 թ.-ը։ Հատկանշական է, որ 2022 թվականին սկսված միտումները շարունակվել են նաև 2023 թ.-ին, սակայն պայմանավորված բարձր բազայով և արտաքին ազեցությունների որոշակի թուլացմամբ՝ աճի տեմպն ավելի դանդաղ էր։

Գծապատկեր 5. Ծառայությունների ոլորտի հիմնական ենթաճյուղերի աճը (%) և նպաստումները, 2023 թ. [5]

Մեդալի երկու կողմերը։ Փորձելով բացահայտել ծառայությունների ոլորտի «ներքին խոհանոցը»՝ դիտարկենք ենթաճյուղերի կառուցվածքը և դրանց տեղաշարժը 2023 թ.-ին։ Հետաքրքրական է, որ տեղեկատվություն և կապ ենթաճյուղի թեև դանդաղող, սակայն բարձր աճի առյուծի բաժինը պայմանավորված է տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի աճով։ Նման աճն, իհարկե, ունի իր պատճառները. Հայաստանում ՏՏ ոլորտի աճին նպաստել է ռուսական ընկերությունների, այդ թվում` արտասահմանյան կորպորացիաների մասնաճյուղերի ներհոսքը, որոնք Ռուսաստանից տեղափոխվել են Հայաստան:

Գծապատկեր 6. ՏՏ ոլորտում աշխատավարձերի և աշխատողների թվաքանակի փոփոխությունը, % [6]

ՌԴ-ում արտագնա աշխատանքի հայկական համարժեքը։ Եթե դիտարկենք ՏՏ ոլորտում աշխատավարձերի և աշխատողների շարժը, ապա իրավիճակն առավել քան պարզորոշ կդառնա։ Գծապատկեր 6-ը առավել ցայտուն կերպով է արտացոլում ներկայիս իրականությունը ՏՏ ոլորտում։ Որքան էլ ասվածը չափազանցված, նույնիսկ իրականությունից հեռու թվա, այնուամենայնիվ, 2022 թ․-ին հայաստանյան ՏՏ ոլորտը դարձել էր ռուսական շինարարության ոլորտի հայկական համարժեքը։ Այլ կերպ ասած՝ եթե հայերը իրենց «փրկությունը» գտնում էին ՌԴ շինարարության ոլորտում աշխատելով ու եկամուտ գեներացնելով, ապա հայաստանյան ՏՏ ոլորտը հանգրվան դարձավ տասնյակ հազարավոր ռելոկանտների համար։

Համաձայն Modex-ի կողմից կատարված ոլորտային հետազոտության [7]՝ 2023 թվականի ընթացքում Հայաստանի ՏՏ ոլորտում գործունեություն են ծավալել 11671 տնտեսվարող՝ 46%-ով ավելի շատ, քան նախորդ տարում, որոնց 66,1%-ը որպես անհատ ձեռնարկատեր, իսկ 33,9%-ը՝ որպես ընկերություն։ Թեև տարեվերջին նկատվել է վերջիններիս թվի նվազման միտում, այնուամենայնիվ այն 2022 թ.-ի տարեվերջի համեմատ աճել է շուրջ 57%-ով։ Իսկ որքանո՞վ է այս զարգացումը շահեկան պետական բյուջեի համար. ՏՏ ոլորտի վճարած հարկերը 2023 թ․-ին գրեթե կրկնակի աճել են՝ կազմելով 135 մլրդ դրամ [8]։ 2023 թ․-ի դեկտեմբերի դրությամբ ՏՏ ոլորտում ներգրավված աշխատողների թիվը 61,9%-ով ավելին էր քան նախորդ տարում, ընդ որում՝ վերջինիս 44.2 տոկոսային կետը պայմանավորված է եղել Ռուսաստանից մասնագետների ներհոսքով, որոնց 27.3%-ը օտարերկրացիներ են եղել։

Հետաքրքրական է հատկապես այն, որ օտարերկրացիների մասնաբաժինը աշխատողների թվում 4.1%-ից հասել է 27,3%-ի, ընդ որում՝ 2023-ի տարեվերջի դրությամբ ոլորտում աշխատող օտարերկրացիների 89%-ը եղել են ՌԴ քաղաքացիները։

ՏՏ ոլորտի այս հախուռն զարգացումներին ոչնչով չէին զիջում նաև ֆինանսական և ապահովագրական գործունեության ոլորտի վերջին 2 տարիների զարգացումները։ Հատկանշական է, որ ծառայությունների ոլորտում միայն ֆինանսական և ապահովագրական գործունեության ծավալներն են կրճատվել։ Այս ոլորտը 2022 թ․-ին Հայաստան տեղափոխված ռուսաստանցիների ներհոսքից ամենից շատ շահած ոլորտներից էր։ Նրանց մատուցած ծառայությունների հաշվին բանկերը ռեկորդային շահույթ գրանցեցին։ 2023 թ․-ին ևս բանկերը բարձր շահույթ են գրանցել, սակայն այն շուրջ 9%-ով զիջել է նախորդ տարվա ցուցանիշին։ Վիճակագրական տվյալները վկայում են, որ 2022 թ․-ը ֆինանսական ոլորտի համար գագաթնակետն էր [9]։

Ներճյուղային այս զարգացումներին անդրադառնալիս չենք կարող չսևեռվել կացության և հանրային սննդի կազմակերպման (հատկապես հանրային սննդի կազմակերպման) և տրանսպորտի ենթաոլորտների (հատկապես օդային տրանսպորտի) զարգացումների վրա։ Առաջին հայացքից անգամ ակնհայտ է, որ այս ենթաոլորտների աճը նույնպես ուղղակիորեն կրում են արտաքին բարենպաստ գործոնների ազդեցությունը։ Տրամաբանական է, որ մեծ թվով ռելոկանտների ու զբոսաշրջիկների ներհոսքը պետք է աշխուժացներ ծառայությունների այս ենթաճյուղերը, որին էլ մենք ականատես ենք արդեն երկրորդ տարին անընդմեջ։ Միաժամանակ առաջանում է հետևյալ հարցադրումը.ինչու՞ է այս ենթաոլորների աճի դանդաղումը տեղի ունենում համեմատաբար դանդաղ տեմպերով։ 

Երկու քարի արանքում։ Այս հարցի պատասխանը փնտրենք օտարերկրացիների, մասնավորապես, ՀՀ տնտեսության համար ինչ-որ չափով շոկային համարվող հնդիկների և ռուսների ներհոսքի և արտահոսքի ցուցանիշներում, որոնք որքան էլ անսպասելի, սակայն միևնույն ժամանակ տնտեսության մեջ նոր պայմաններ թելադրող գործոններ են։ Արդյունքում՝ ի դեմս ներհոսքի այս 2 խոշոր ալիքների՝ ՀՀ տնտեսությունը հայտնվեց երկու քարի արանքում, իրավիճակ, որին պետք էր հարմարվել և որին պետք էր հարմարեցնել նաև ներքին տնտեսությունը։

Նկատելի է, որ ՌԴ քաղաքացիների թիվը իր գագաթնակետին է հասել 2023-ի հունիսին [10], որից հետո այն դանդաղորեն սկսել է նվազել։ Ռուսաստանի քաղաքացիների մեծ մասն աշխատում էր ռելոկացված ընկերություններում, ընդ որում՝ այդ ընկերություններից շատերը գործում են Հայաստանի ՏՏ համայնքից մեկուսի։

Գծապատկեր 7. ՌԴ քաղաքացիների և հնդիկների զուտ ներհոսքը, 2022-2024թթ.-ին, % [11]

Եթե հայաստանյան միջավայրն ու տնտեսությունը նախորդող տարիներին հարմարվել էր ռուսների ներկայությանն ու մասնակցությանը ներտնտեսական տարբեր զարգացումներում, ապա 2023 թ.-ի 2-րդ կեսին նկատված զարգացումների նոր ալիքը հերթական շոկը եղավ ինչպես ՀՀ տնտեսության, այնպես էլ հասարակության համար, երբ սկիզբ առավ հնդիկների զանգվածային ներհոսքը ՀՀ։ ներհոսքի այդ ալիքն իր գագաթնակետին հասավ արդեն սեպտեմբերին, որն աստիճանաբար սկսեց կրճատվել արդեն հաջորդող ամիսներին։ Վերջիններս գերազանցապես աշխատանքային միգրանտներ են, որոնք «էժան» աշխատուժ են ՀՀ տնտեսության, սակայն միևնույն ժամանակ խոչընդոտ աշխատանք փնտրող և որակավորում չպահանջող ոլորտներում աշխատող ՀՀ քաղաքացիների համար։

Ամփոփելով ծառայությունների ոլորտում վերջին երկու տարիներին տեղի ունեցող զարգացումները՝ կարող ենք ևս մեկ անգամ ընդգծել, որ ինչպես տնտեսության մյուս ճյուղերը, այնպես էլ ծառայությունների ոլորտը զերծ չի մնում արտաքին գործոնների ազդեցությունից։ Ավելին՝ լինելով մի շարք ուղղություններով այդ ազդեցություններն ուղղակիորեն կրող ոլորտ, այն ավելի կտրուկ է արձագանքում տեղի ունեցող ցանկացած փոփոխության։ Վերջին տարիներին ՀՀ տնտեսության մեջ տեղի ունեցող ձևափոխությունները, առանձին ոլորտների դերերի կտրուկ աճն ու անկումները թելադրում են նաև ծառայությունների ոլորտի հետագա զարգացման ուղիները։ Որքան էլ ենթադրենք, որ արտաքին ազդեցություններն անցողիկ են, միևնույն է, պետք է գիտակցել, որ այդ ազդեցություններն այնուամենայնիվ, թողնում են իրենց հետքը՝ գործունեության նոր մոտեցումների, ուղիների, աջակցության նոր մեխանիզմների և փաթեթների ի հայտ գալու ճանապարհով։ Թե ինչ ուղղությամբ «կպտտվի ծառայությունների ոլորտի ղեկն» այս տարում, ցույց կտան ընթացիկ զարգացումներն ու տնտեսության տեղաշարժերը։ Սակայն մի բան հստակ է. պետք է հաշվի առնել նաև, որ ամեն ինչից զատ, ազգային տնտեսությունն ունի իր դիմագիծը, որով այն ստեղծում է իր բրենդը, ներկայանում արտաքին աշխարհին ու տարբերվում անդեմ ու անձև մարդկային զանգվածներից։ Ուստի, ծառայությունների ոլորտը, որպես տնտեսության դիմագիծը ուրվագծող և արտապատկերող ենթաոլորտների ամբողջություն, ավելի քան երբևէ պետք է արտացոլի տնտեսական աճի իրական նշանակությունը՝ այն է որակյալ, բազմաճյուղ, ներառական լինելու պահանջը։

Հղումներ

[1] ՀՀ վիճակագրական կոմիտե, Ազգային հաշիվներ, ՀՆԱ, https://armstat.am/file/doc/99545173.xls

[2] ՀՀ սոցիալ-տնտեսական վիճակը բնութագրող ընթացիկ-օպերատիվ ամփոփմամբ ստացված նախնական հիմնական մակրոտնտեսական ցուցանիշները 2024թ. մարտին (2024թ. ապրիլի 25-ի դրությամբ), https://armstat.am/am/?nid=157&id=1025

[3] ՀՀ վիճակագրական կոմիտե, Հրապարակումներ ըստ տարիների, https://armstat.am/am/?nid=82&id=2646

[4] ՀՀ վիճակագրական կոմիտե, Հրապարակումներ ըստ տարիների, https://armstat.am/am/?nid=82

[5] ՀՀ վիճակագրական կոմիտե, ՀՀ սոցիալ-տնտեսական վիճակը ըստ ամիսների, 2023 թվականին, https://armstat.am/am/?nid=82&year=2023, Հեղինակի հաշվարկներ

[6] ՀՀ Վիճակագրական կոմիտե, Հրապարակումներ ըստ տարիների, 1.4.2. Աշխատանքի վարձատրություն և աշխատողների թվաքանակ, https://armstat.am/am/?nid=82

[7] Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը Հայաստանում, 2023 թվական, Modex վերլուծական կենտրոն, https://modex.am/wp-content/uploads/2024/04/IT-study_23.pdf?fbclid=IwZXh0bgNhZW0CMTAAAR1cs1VgtP7Btc2PzJi3P0jK7TlpC-NZlYw03p4qouGhQcn8oFZEaLe8fM8_aem_AQSy2Piq_zOIMBaDd183VYtADpNFFZgdij7eobGxiPC5q-XnY_O57LpUtFl5x_I7oka-Nd_rP8RbiqX2dldYdnop

[8] ՀՀ ՊԵԿ, Հարկ վճարողների վերաբերյալ տեղեկատվական ցանկեր, https://src.am/am/getMenusContents/120

[9] ՀՀ վիճակագրական կոմիտե, Հրապարակումներ ըստ տարիների, 2022 թվական, https://armstat.am/am/?nid=82&year=2022

[10] ՀՀ ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայություն, սահմանահատումների վերաբերյալ վիճակագրություն, https://migration.am/statistics

[11] ՀՀ ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայություն, սահմանահատումների վերաբերյալ վիճակագրություն, https://migration.am/statistics

Գրականություն

  1. ՀՀ ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայություն, սահմանահատումների վերաբերյալ վիճակագրություն, https://migration.am/statistics
  2. ՀՀ սոցիալ-տնտեսական վիճակը բնութագրող ընթացիկ-օպերատիվ ամփոփմամբ ստացված նախնական հիմնական մակրոտնտեսական ցուցանիշները 2024թ. մարտին (2024թ. ապրիլի 25-ի դրությամբ), https://armstat.am/am/?nid=157&id=1025
  3. ՀՀ ՊԵԿ, Հարկ վճարողների վերաբերյալ տեղեկատվական ցանկեր, https://src.am/am/getMenusContents/120
  4. ՀՀ վիճակագրական կոմիտե, Ազգային հաշիվներ, ՀՆԱ, https://armstat.am/file/doc/99545173.xls
  5. ՀՀ վիճակագրական կոմիտե, ՀՀ սոցիալ-տնտեսական վիճակը ըստ ամիսների, 2023 թվականին, https://armstat.am/am/?nid=82&year=2023
  6. ՀՀ Վիճակագրական կոմիտե, Հրապարակումներ ըստ տարիների, 1.4.2. Աշխատանքի վարձատրություն և աշխատողների թվաքանակ, https://armstat.am/am/?nid=82
  7. ՀՀ վիճակագրական կոմիտե, Հրապարակումներ ըստ տարիների, 2022 թվական, https://armstat.am/am/?nid=82&year=2022
  8. ՀՀ վիճակագրական կոմիտե, Հրապարակումներ ըստ տարիների,  https://armstat.am/am/?nid=82&id=2646
  9. ՀՀ վիճակագրական կոմիտե, Հրապարակումներ ըստ տարիների,  https://armstat.am/am/?nid=82
  10. Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը Հայաստանում, 2023 թվական, Modex վերլուծական կենտրոն, https://modex.am/wp-content/uploads/2024/04/IT-study_23.pdf?fbclid=IwZXh0bgNhZW0CMTAAAR1cs1VgtP7Btc2PzJi3P0jK7TlpC-NZlYw03p4qouGhQcn8oFZEaLe8fM8_aem_AQSy2Piq_zOIMBaDd183VYtADpNFFZgdij7eobGxiPC5q-XnY_O57LpUtFl5x_I7oka-Nd_rP8RbiqX2dldYdnop


Հեղինակ՝ Նարինե Պետրոսյան (Narine Petrosyan) © Բոլոր իրավունքները պաշտպանված են:

© «Ամբերդ» հետազոտական կենտրոն