«Ինլայթ»-ը ներկայացնում է գերմանական DW (Deutsche Welle) լրատվական ծառայության կայքէջում “Al Capone: Wie der Mafiaboss zum Mythos wurde” հոդվածի հայերեն թարգմանությունը:
125 տարի առաջ Նյու Յորքում ծնվել է բոլոր ժամանակների ամենահայտնի գանգստերներից մեկը՝ Ալ Կապոնեն։ Կազմակերպված հանցագործությունը նրա կյանքն էր, իսկ «Սպիով դեմքը» կամ «Անձեռնմխելիները» ֆիլմերը նրան դարձրին անմահ:
Նա այսօր էլ համարվում է բոլոր չարագործների խորհրդանիշը` առնվազն հոլիվուդյան պրոդյուսերների և գրողների շրջանում: Կապոնեն, որը փառքի է հասել 1920-ականներին որպես Chicago Outfit իտալա-ամերիկյան հանցավոր սինդիկատի համահիմնադիր և ղեկավար, ոմանց կողմից կոչվել է Prohibition-ի՝ ոգելից խմիչքներն արգելող «Չոր օրենք»-ի Ռոբին Հուդ. նա իր անօրինական բիզնեսից վաստակած գումարի մի մասը հատկացնում էր բարեգործությանը:
Նա տարբերվում էր մյուս գանգստերներից նրանով, որ բաց և ակտիվ էր հանրության առաջ, զրուցում էր լրագրողների հետ և կազմակերպում էր մեծ խնջույքներ:
Բայց ինչպես անցյալի շատ հանցագործների դեպքում, այս նենգ, բայց խարիզմատիկ գանգստերի մասին կարծիքները տարբեր են: Կապոնեն ղեկավարում էր Չիկագոյում գործող «հանցավոր կայսրությունը», որը, ըստ FBI (Դաշնային հետաքննությունների բյուրո) կայքի, հիմնված էր «մոլախաղերի, մարմնավաճառության, ալկոհոլի մաքսանենգության, կաշառակերության, թմրամիջոցների ապօրինի շրջանառության, կողոպուտի և սպանության» վրա:
Ո՞վ էր Ալ Կապոնեն
Ալֆոնս Գաբրիել Կապոնեն ծնվել է 1899 թվականի հունվարի 17-ին Նյու Յորքի Բրուքլին քաղաքում նեապոլիտանական ներգաղթյալների ընտանիքում և վաղ տարիքից շփվել է կազմակերպված հանցավորության հետ։ Դեռահաս տարիքում նա դարձավ իռլանդա-ամերիկյան ծագում ունեցող հանցավոր փողոցային խմբավորման՝ «Five Points Gang»-ի անդամ, որը գործում էր Ստորին Մանհեթենի հինգ կետերում։ Այնուամենայնիվ, Կապոնեն արագ հասկացավ, որ միայն բռնությունը չի երաշխավորում կայուն հաջողություն:
1917 թ.-ին գանգստեր Ֆրենկ Գալլուչիոն բարում դանակով վնասեց Կապոնեի դեմքը, երբ վերջինս կոպիտ մեկնաբանություն էր արել Գալյուչիոյի քրոջ հասցեին: Այսպես էլ առաջացել է «Scarface» կամ «Սպիով դեմք» մականունը։ Կապոնեն դանակահարողին մեղադրելու փոխարեն արժևորեց նրա ազնիվ պահվածքը և Գալյուչիոյին դարձրեց իր թիկնապահը։
Կարճ ժամանակ անց Կապոնեն առաջին անգամ մարդ սպանեց և ծեծեի ենթարկեց իռլանդական հանցախմբի անդամներից մեկին։ Ոստիկանությունը չկարողացավ ապացույցներ գտնել նրա դեմ, բայց իռլանդացիները որոշեցին վրեժ լուծել: Կապոնեն տեղափոխվեց Չիկագո:
Այնտեղ նա շուտով դարձավ քաղաքի ամենահզոր մարդկանցից մեկը։ Իր գործունեության վերելքի շրջանում՝ 1925-1929 թվականներին, Կապոնեն համարվում էր Միացյալ Նահանգների ամենահայտնի մաֆիոզը։

Սակայն նա իրեն հանցագործ չէր համարում, փոխարենը իրեն համարում էր գործարար, որը մեծահոգաբար տնօրինում էր կազմակերպված հանցավորության ղեկավարի դիրքում ձեռք բերված հարստությունը։ Կապոնեի գլխավորած սինդիկատն ուներ բազմաթիվ եկամտի աղբյուրներ՝ սկսած ալկոհոլի անօրինական վաճառքից մինչև մարմնավաճառություն:
Վալենտինի օրվա կոտորածը
1929 թվականի Սուրբ Վալենտինի սպանդը Հետաքննությունների դաշնային բյուրոյի կողմից նկարագրվում է որպես «Չիկագոյի ավազակախմբի կողմից կատարված բռնությունների գագաթնակետ»: «Bugs Moran» հանցախմբի յոթ անդամների ոստիկան ներկայացնող տղամարդիկ խնդրել են հանձնել զենքերը և շարվել ավտոտնակի մոտ, որից հետո նրանց վրա կրակել են գնդացիրներով։
Թեև Ալ Կապոնեն այդ ժամանակ գտնվում էր Ֆլորիդայում, այնուհանդերձ, տարածված է այն կարծիքը, որ հենց նա է պատվիրել սպանությունը: Նա երբեք չի դատապարտվել սպանությունների համար, բայց, այնուամենայնիվ, բանտ է նստել հարկերից խուսափելու համար՝ իր հանցագործ կարիերան վերջ տալով 33 տարեկանում:
Կապոնեն իր ժամանակի մեծ մասն անցկացրել է Սան Ֆրանցիսկոյի ափերի մոտ գտնվող տխրահռչակ Ալկատրաս դաշնային բանտում։ 1939 թվականին, երբ նրա առողջությունն արդեն զգալիորեն վատացել էր սիֆիլիսի պատճառով, նա ազատ արձակվեց։

Ալ Կապոնեն մահացել է 1947 թվականին 48 տարեկան հասակում՝ սրտի կանգից:
Ալ Կապոնեն այսօր էլ հիացնում է
Մահը Կապոնեի կերպարի համար վերջը չէր. գանգստերը շարունակեց ապրել բազմաթիվ հոլիվուդյան ֆիլմերում մաֆիոզիի իր կերպարով՝ գծավոր կոստյումով և ծուռ ֆետրե գլխարկով, ինչպես լուսանկարներում: Նրա կերպարով ոգեշնչված ստեղծվել են գանգստերների բազմաթիվ կերպարներ կոմիքսներում, ֆիլմերում, փոփերաժշտության և գրականության մեջ:
Կապոնեն հայտնվում է Մարիո Պուզոյի «Կնքահայրը» (1969) քրեական վեպում, որի հիման վրա 1972 թվականին նկարահանվել է Ֆրենսիս Ֆորդ Կոպոլայի համանուն ֆիլմը։ Նա Արմիթեյջ Թրեյլի «Սպիով դեմք» (1929) վեպի ոգեշնչման աղբյուրն է, որը տարիների ընթացքում նույնպես ունեցել է երկու կինոէկրանավորում։

Ռեժիսոր Բրայան Դե Պալմայի «Անձեռնմխելիները» գլուխգործոցը ևս մեկ անմոռանալի դրամա է՝ ոգեշնչված Կապոնեի պատմությունից։ Գանգստերի դերում Ռոբերտ դե Նիրոն է։ Ֆիլմը պատմում է, թե ինչպես է հարկային աշխատակից Էլիոթ Նեսը, որին մարմնավորում է Քևին Քոսթները, որսացել Կապոնեին։
2020 թվականին նկարահանված «Կապոնե» ֆիլմը, որի գլխավոր դերակատարը Թոմ Հարդին էր, նոր կենդանություն բերեց մաֆիայի ղեկավարին:
Ալ Կապոնեն անմահ է
Նրա պատմությունը մարմնավորում է ոչ միայն ամերիկյան երազանքը (ներգաղթյալի որդին, որ սպասք լվացողից դարձավ միլիոնատեր), այլև արտացոլում է ԱՄՆ մշակույթի երկակիությունը Prohibition-ի ժամանակաշրջանում՝ մի դարաշրջան, որը բնութագրվում է ինչպես պուրիտանական զսպվածությամբ, այնպես էլ չափից դուրս սպառմամբ: Այս հակասությունը մինչ օրս էլ կազմում է երկրի մշակույթի մի մասը:
Թարգմանիչ՝ Լուսինե Մնոյան (Lusine Mnoyan) © Բոլոր իրավունքները պաշտպանված են: