Ինչպես առողջապահության ծախսերը դադարեցին աճել

Ամերիկայում և այլ երկրներում ընդունված պատկերացումները սխալ են

Երկար ժամանակ առողջապահության ոլորտը կլանում էր ամեն բան։ 1950-ից 2009 թվականներին ամերիկացիների ծախսերը հիվանդանոցների, բժիշկների և առողջապահական այլ ծառայությունների վրա աճել են՝ ՀՆԱ-ի 5%-ից դառնալով 17%: 1970-ականների վերջից մինչև 2010-ականների կեսերը Մեծ Բրիտանիայի հանրային առողջապահական ծախսերը աճել են տարեկան 4%-ով (իրական արժեքը), ինչը շատ ավելի արագ է, քան տարեկան 2% տնտեսական աճը: 1980-ից 2010 թվականներին գները Ֆրանսիայում ընդհանուր առմամբ աճել են 150%-ով, իսկ հիվանդ կամ տարեց մարդու խնամքի արժեքը՝ 250%-ով: Տնտեսագետների շրջանում «առողջապահության մասնաբաժինը ՀՆԱ-ում աճում է» պնդումը նույնքան մոտ էր երկաթյա կանոն լինելուն, որքան այն պնդումները, թե «ազատ առևտուրը լավ է» կամ «վարձավճարների վերահսկողությունը չի գործում»:

Այժմ այդ երկաթը հալվել է: Չնայած բնակչությունը ծերանում է, և աշխարհը պայքարում է Covid-19 համաճարակի հետևանքների դեմ, առողջապահությունն այլևս գերիշխող չէ տնտեսության մեջ: Աշխարհի հարուստ երկրների ՀՆԱ-ում առողջապահության մասնաբաժինը կտրուկ աճեց 2020 և 2021 թվականներին համաճարակի հետ կապված ծախսերի և ՀՆԱ-ի կրճատման պատճառով: Այնուամենայնիվ, վերջերս այն վերադարձել է 2008 թվականի մակարդակին (տե՛ս գծապատկեր 1-ը): Այս «կորի հարթեցման» պատճառով առողջապահության ծախսերը ներկայումս մոտ 2 տրիլիոն դոլարով պակաս են, քան եղել են մինչև 2009 թվականը:

Գծապատկեր 1. Կորի հարթեցում
Մշակումը՝ Էդուարդ Դավթյանի

Որոշ երկրներում փոփոխություններն ավելի կտրուկ են։ Ավստրալիայում և Շվեդիայում առողջապահական ծախսերի և ՀՆԱ-ի հարաբերակցությունը նվազել է` համեմատած նախաքովիդյան առավելագույն ցուցանիշների հետ: Նորվեգիայում այն 2016 թվականի մակարդակի համեմատ կտրուկ նվազել է ՀՆԱ-ի 2,5 տոկոսով։ Իրավիճակը փոխվել է նույնիսկ թանկ առողջապահություն ունեցող Ամերիկայում։ Տնտեսական վերլուծության բյուրոյի հրապարակած վիճակագրական նոր տվյալների համաձայն՝ առողջապահական ծախսերի մասնաբաժինը նվազել է դեռ համավարակի սկսվելուց առաջ: Նման մասշտաբային անկում նախկինում երբեք չի նկատվել։ Դա նույնիսկ մոտ չի եղել իրականություն դառնալուն։ 

Առողջապահության ոլորտում համընդհանուր գնաճը, որը ժամանակին բնորոշ էր միայն Արգենտինային, այժմ ավելի սովորական է դարձել։ Օրինակ՝ Ամերիկայում առողջապահական ծախսերի լայն շրջանակ կա, որը ներառում է ոչ միայն սպառողների կողմից ուղղակիորեն ձեռք բերված ապրանքները, այլև ապահովագրական ընկերությունների կողմից նրանց անունից վճարվածները։ 1970-ականներից մինչև 2000-ականները տարեկան գնաճը գրեթե անընդհատ գերազանցում էր միջին ցուցանիշը (տե՛ս գծապատկեր 2-ը): Սակայն մոտավորապես 2010 թվականին այդ հարաբերությունները փոխվեցին. գրեթե նույնը տեղի ունեցավ այլ երկրներում։ Համեմատած «ՀՆԱ-ի դեֆլյատորի» (որը ցույց է տալիս գնաճի մակարդակը ամբողջ տնտեսության մասշտաբով), աշխարհի հարուստ երկրներում առողջապահության և սոցիալական աջակցության դեֆլյատորի աճը հիմնականում դադարել է: 1990-ականներին Ճապոնիայում առողջապահության ոլորտում գնաճն ավելացել էր միջին գների համեմատ, սակայն  2015 թվականից այն սկսել է նվազել։ Ֆրանսիայի առողջապահության և սոցիալական աջակցության ոլորտներում գները մի ժամանակ անվերահսկելի էին, իսկ այժմ աճում են ըստ տնտեսության միջին ցուցանիշների:

Գծապատկեր 2. Ծախսերի վերահսկում Մշակումը՝ Էդուարդ Դավթյանի

Այս իրադարձության կարևորությունը հասկանալու համար հարկավոր է հաշվի առնել նախորդ նախազգուշացումներից մի քանիսը: «Պարզ ասած, – նկատել է նախագահ Բարաք Օբաման 2009 թվականին, – առողջապահական խնդիրն է մեր բյուջեում պակասորդ առաջացնում»: 2017-ին Մեծ Բրիտանիայի հարկաբյուջետային վարչությունը նախազգուշացրեց, որ առողջապահական ծախսերի «չափազանց մեծ աճը» մինչև 2060-ականները երկրիպարտքը կարող է ավելացնել ՀՆԱ-ի 90%-ի չափով: Նման հայտարարություններն այժմ մի փոքր տարօրինակ են թվում, բայց քչերն էին կանխատեսում կորի հարթեցումը: Ի՞նչն էր դրա պատճառը։

Սկսենք առաջարկի հետ կապված գործոններից։ Առողջապահության ոլորտում արտադրողականության աճը համահունչ է ոլորտում գնաճի նվազմանը: Տնտեսագետները կարծում են, որ առողջապահության ոլորտում արտադրողականության բարձրացման հասնելը դժվար է, քանի որ այն շատ աշխատուժ է պահանջում։ Օրինակ՝ անիրատեսական է ակնկալել, որ  բուժառուներից արյուն վերցնելը տարեցտարի 3%-ով ավելի կարագացվի: Սա սովորաբար հանգեցնում է «ծախսերի հիվանդության», որը ժամանակի ընթացքում պահանջում է ծախսերի ավելացում՝ ծառայությունը կայուն մակարդակի վրա պահելու համար: Նույնիսկ երբ արյուն վերցնող բժիշկները չեն բարձրացնում իրենց աշխատանքի արդյունավետությունը, նրանք, այնուամենայնիվ, ժամանակ առ ժամանակ աշխատավարձի բարձրացում են ակնկալում, հակառակ դեպքում կարող են աշխատանք գտնել այլ ոլորտներում։ Այս երևույթը առաջինը նկատել է Ուիլյամ Բաումոլը, որ մտահոգություն է հայտնել, որ առողջապահական ծախսերը կշարունակեն ՀՆԱ-ի աճող մասնաբաժինը կազմել:

Միևնույն ժամանակ, երբեք իրատեսական չի եղել ենթադրել, որ աշխատանքի արտադրողականության աճը չի ազդի առողջապահության ոլորտի վրա։ Առողջապահական համակարգերի հսկայական թերությունները՝ թվայինի փոխարեն թղթային փաստաթղթեր, ապահովագրության դիմելու վրա ծախսված ժամեր, միմյանց աշխատանքից անտեղյակ բաժանմունքներ, չափազանց ակնհայտ են նույնիսկ նրանց համար, ովքեր հազվադեպ են օգտվում բժշկական ծառայություններից: Այնուամենայնիվ, որոշ համակարգեր, կարծես, բարելավվել են։ Ամերիկայի աշխատանքի վիճակագրության բյուրոն հայտնում է, որ 1990-ից 2000 թվականներին առողջապահության և սոցիալական աջակցության ոլորտներում աշխատանքի արտադրողականությունը նվազել է 13%-ով, սակայն 2000-ից 2019 թվականներին այդ ցուցանիշը վերականգնվել է: Մեծ Բրիտանիայում կատարված ուսումնասիրությունը ցույց է տվել, որ 2016 թվականին Առողջապահության ազգային ծառայության աշխատակիցները 17%-ով ավելի շատ բժշկական օգնություն են ցուցաբերել, քան 2004 թվականին՝ համեմատած ընդհանուր տնտեսության մեջ աշխատանքի արտադրողականության 7% աճի հետ: Այս ամենը կարող է օգնել վերահսկել ծախսերի աճը:

Առաջարկի հետ կապված մեկ այլ գործոն` տեխնոլոգիական առաջընթացը, նույնպես կարող է դերակատարում ունենալ: Պատմության ընթացքում այս ոլորտում նորամուծությունները հանգեցրել են առողջապահական ծախսերի ավելացման:  Դա մասամբ պայմանավորված է նրանով, որ դրանք հաճախ թույլ են տալիս բուժել նախկինում անբուժելի հիվանդություններ: Օրինակ՝ 1960-ականներին դիալիզի սարքերի ներդրումը բառացիորեն փրկեց երիկամների անբավարարությունից տառապող մարդկանց կյանքը: Զարգացած երկրներում դիալիզի տարեկան կուրսի արժեքը 40,000-ից մինչև 60,000 դոլար է, ինչը գրեթե համարժեք է այս երկրների մեկ շնչի հաշվով ՀՆԱ-ին։

Առողջապահության ոլորտում տեխնոլոգիական նորարարության բնույթը կարող է փոխվել: Դրա հնարավոր բացատրություններից մեկը բժշկական հայտնագործությունների վրա հիմնված, բայց թանկարժեք թերապիաների (օրինակ՝ դիալիզի) կիրառման ցածր մակարդակն է։ Այնուամենայնիվ, իրավիճակը դժվար է վերահսկել, քանի որ արդյունավետ դեղերի բավականին լայն տեսականի է մուտք գործում շուկա։ Մեկ այլ, ավելի իրատեսական բացատրությունն այն է, որ առաջընթացի բնույթը փոխվել է․ թանկարժեք բուժիչ դեղամիջոցներից անցում է կատարվել ավելի էժան կանխարգելիչ դեղամիջոցների։ Կան բավարար ապացույցներ, որ 1990-ականներին ասպիրինի` որպես բավականին էժան կանխարգելիչ միջոցի ավելի մեծ օգտագործումը հանգեցրել է ներկայումս սրտանոթային հիվանդությունների բուժման համար ամերիկացիների ծախսերի կրճատմանը:

Պահանջարկի հետ կապված գործոնները ևս կարող են ծախսերը վերահսկողության տակ պահել։ Ամերիկյան կառավարությունը խստացրեց առողջապահական ծառայություններ տրամադրող ընկերություններին փոխհատուցում տրամադրելու կարգը 2010 թվականին` հենց այն ժամանակ, երբ գները սկսեցին նվազել, ընդունելով «մատչելի խնամքի մասին» օրենքը: Օրենքը նաև բարդացրել է այն գործընթացը, որով բժիշկները կարող էին նշանակել անհարկի բուժումներ՝ ավելի շատ գումար վաստակելու նպատակով (օրինակ՝ մեկ էժան հետազոտության փոխարեն յոթ թանկարժեք հետազոտություն):

Նմանատիպ միտումներ են նկատվում նաև այլ երկրներում։ 2007-2009 թվականների համաշխարհային ֆինանսական ճգնաժամից հետո ֆինանսական դժվարություններ ունեցող եվրոպական շատ կառավարություններ որոշեցին կրճատել ծախսերը: Սա ներառում էր անձնակազմի աշխատավարձի բարձրացման սահմանափակում: Բրիտանիայում բուժքույրերի միջին աշխատավարձը իրական արժեքով առնվազն 10%-ով ավելի ցածր է, քան 2010 թ․-ին: Որոշ կառավարություններ կրճատել են ծախսերը՝ ծառայությունները հասցնելով նվազագույնի: Օրինակ՝ Հունաստանի ՀՆԱ-ում առողջապահական ծախսերը 2015 թվականից ի վեր մնում են անփոփոխ։ ԱՄՀ-ի հրապարակած փաստաթղթում նշվում է, որ նույնիսկ Covid-ից առաջ երկրի առողջապահությունը դժվարություններ է ունեցել «հատկապես աղքատների շրջանում աճող անհավասարության և մի շարք կարիքների չբավարարման» պատճառով:

Այլ երկրների կառավարությունները գումար խնայել են` ֆիրմային դեղագործական դեղերը փոխարինելով չպատենտավորված տարբերակներով։ Եվրոպական միջին վիճակագրական երկրում շուկայում առանց ապրանքային նշանի դեղերի մասնաբաժինը կազմում է 50%` 2010 թվականի 33%-ի համեմատ։ 2018 թվականին, երբ ադալիմումաբի (հայտնի է նաև որպես «Հումիրա») դեղամիջոցի արտոնագրի ժամկետը լրացավ, Առողջապահության ազգային ծառայությունը խնայեց մոտ 150 միլիոն ֆունտ ստեռլինգ (200 միլիոն դոլար)՝ մեծածախ գնումներ կատարելով դրա ոչ ֆիրմային տարբերակներից։ Այս դեղամիջոցը հիմնականում օգտագործվում է ռևմատոիդ արթրիտի և այլ հիվանդությունների բուժման համար։

Պահանջարկի վրա ազդող մեկ այլ գործոն կապված է ընդհանուր տնտեսական աճի հետ։ Առողջապահությունը համարվում է «գերագույն բարիք»․ երբ մարդկանց եկամուտը ավելանում է, նրանք հակված են ավելի շատ ծախսել առողջապահության վրա։ Օրինակ, մեկ դոլարով ավել վաստակելու դեպքում նրանք կարող են ոչ միայն ընտրել կենսական նշանակություն ունեցող ավանդական բուժումները, այլև ցանկանալ հոգեկան առողջությանն ուղղված ապահովագրություն: 

Գծապատկեր 3. Ամերկյան անբացառիկություն Մշակումը՝ Էդուարդ Դավթյանի

Բարեկեցության մակարդակը և առողջապահության վրա ծախսելը զգալիորեն փոխկապակցված են տարբեր երկրներում, նույնիսկ այն երկրներում, որտեղ առողջապահական ծառայությունների մեծ մասը ֆինանսավորվում է պետության կողմից (տես գծապատկեր 3-ը)։ Ամերիկացիներն առողջապահության վրա ավելի շատ են ծախսում, քանի որ իրենց միջին եկամուտը զգալիորեն բարձր է այլ երկրների բնակչության միջին եկամուտներից:

Աշխարհի հարուստ երկրներում մեկ շնչի հաշվով եկամուտների աճը ներկայումս շատ ավելի դանդաղ է, քան 2008 թվականից առաջ. և  դա կարող է բացատրել  ցուցանիշի նվազման 40-60%-ը։ Այսպիսով, այս իրավիճակը կարելի է համարել պյուռոսյան հաղթանակ․ առողջապահական ծախսերի աճի դանդաղումը մասամբ պայմանավորված է նրանով, որ համաշխարհային տնտեսությունն այլևս չի աճում նույն տեմպերով, և մարդիկ պարզապես ավելի շատ չեն վաստակում։

Որքա՞ն ժամանակ կպահպանվեն այս ցուցանիշները:

Առողջապահական ծախսերի տարբեր տեսակներ կան, և որոշ գործուններ դեռ կշարունակեն մեծացնել պահանջարկը: Բնակչության ծերացումն այս առումով կշարունակի առանցքային դեր խաղալ։ 

Որոշ երկրներում համավարակն, ամենայն հավանականությամբ, բացասաբար է ազդել առողջապահության արտադրողականության վրա, թեև առկա  տվյալները դա դեռևս հստակ չեն արտացոլում ։ Մյուս կողմից՝ Ամերիկայի Գնաճի նվազեցման մասին օրենքը թույլ է տալիս «Medicare»-ին օգտագործել իր գնողունակությունը` դեղագործական ընկերություններին հարկադրելով իջեցնել գները։ Այնուամենայնիվ,  տնտեսական աճը դեռևս դանդաղ է։ Այս ֆոնին պարզ է դառնում, որ նախկինում ընդունված պատկերացումները սխալ էին և  առողջապահությունը չպետք է սպառի աշխարհի բոլոր ռեսուրսները։

Բնօրինակի հեղինակ՝ The Economist


Թարգմանիչ՝ Սիլվա Սահակյան (Silva Sahakyan) © Բոլոր իրավունքները պաշտպանված են: