ՀՀ տնտեսական աճի գլուխկոտրուկը. գյուղատնտեսության ոլորտի հետքերով

Շարունակելով ներթափանցել հայաստանյան տնտեսական աճի խորքերը՝ այս անգամ թիրախավորել ենք ենք գյուղատնտեսության ոլորտը։ Տնտեսական և, հատկապես, պարենային անվտանգության այս շարժիչ ուժը պարբերաբար ռիսկային տատանումներ է գրանցում՝ կորցնելով երբեմնի «տնտեսական հմայքը»։ Աշխարհաքաղաքական զարգացումները, գլոբալ արժեշղթաների խաթարման ռիսկերը ստիպում են վերարժևորել «անվտանգային այս բարձիկի» ներտնտեսական նշանակությունը։

Տնտեսության մեջ գյուղատնտեսական ոլորտի դերակատարման, դրա շուրջ ծավալվող զարգացումների ու ակնկալիքների մասին է սույն հոդվածը, որտեղ փորձ է արվում թիրախավորելու գյուղատնտեսության խոցելի կողմերը՝ որպես տնտեսական աճի զսպող գործոն: 

Սակայն, օրակարգային է մնում հետևյալ հարցը․ արդյո՞ք կարելի է  աճի հույսեր փայփայել․․․

 

Նյութի բնօրինակը հրապարակվել է «Ամբերդ» հետազոտական կենտրոնում: Նյութի վերահրապարակումը համաձայնեցված է կենտրոնի հետ:

Հայաստանն իր անկախ պատմության ընթացքումբախվել է տնտեսական ճգնաժամերի տարբեր ալիքների, որոնք իրենց հետքն են թողել տնտեսության վրա: Յուրաքանչյուր ճգնաժամ յուրովի դաս է եղել մեր տնտեսության համար, որի արդյունքներից մեկն էլ տնտեսության կառուցվածքում պարբերական վերաձևումների, դերային վերաբաշխումների ու շարժերի շղթան է:

Գծապատկեր 1. ՀՀ տնտեսության կառուցվածքի շաժընթացը, 2013-2023 թթ․(%) [1]

Դիտարկվող ժամանակահատվածում (գծապատկեր 1) նկատվում է գյուղատնտե­սության տնտեսական դերի շարունակական նվազման միտում, ընդ որում, մյուս ճյուղերի դերային փոփոխությունները, որպես կանոն, տեղի են ունեցել հենց այս ճյուղի դերի կրճատման հաշվին:

Ի վերջո, արդյո՞ք տրամաբանական է գյուղատնտեսության դերի նման հանգուցալուծումը, և պե՞տք է ակնկալել նույն միտումը նաև հաջորդող ժամանակահատվածում։

Այս հարցի պատասխանը կարող ենք փնտրել ՀՆԱ և թողարկման ցուցանիշների շարժընթացի ակունքներում։ Ընդհանուր առմամբ, հետաքրքրական է այն, որ թեև գյուղատնտեսության նշանակությունը կայուն կերպով նվազում է, ինչը դրսևորվում է հիմնական մակրոտնտեսական ցուցանիշներում՝ գյուղատնտեսության նպաստումների էական տատանումներով, այնուամենայ­նիվ այս ոլորտը, որպես մեր տնտեսության «շախմատի տախտակի լրացուցիչ խաղաքար», ամենավտանգավոր պահերին կարող է չեցոքացնել այլ աղբյուրներից բխող ռիսկերը, դառնալ «անվտանգային բարձիկ», իսկ երբեմն նույնիսկ իր վրա կրել արտաքին ու ներքին ազդեցությունների բոլոր հնարավոր ձևերը։ Ասվածի վկայությունն են ինչպես տնտեսա­կան աճի կառուցվածքի՝ վերը բերված փոփոխություններն ու գյուղատնտեսության դերի կայուն կերպով նվազումը, այնպես էլ ընթացիկ տարում տնտեսական աճի մեջ այս ճյուղի խիստ սահմանափակ նպաստման չափը (կիսամյակային 65 տոկոս աճին գյուղատնտեսական ոլորտը նպաստել է ընդամենը 03 տոկոսային կետով)։

Գծապատկեր 2․  ՀՆԱ իրական աճն ըստ ճյուղերի և նպաստումներ (%)[2]; Գծապատկեր 3․ Գյուղատնտեսության թո­ղարկ­ման աճ (%) և ենթաճյուղերի նպաս­տում­ներ (2024 թ․, հունվար-հունիս) [3]

Միաժամանակ, երբ դիտարկում ենք գյուղատնտեսության ոլորտի թողարկման ցուցա­նիշները (գծապատկեր 3), ապա  նկատում ենք, որ ոլորտում թողարկման կիսամյակային աճի առյուծի բաժինը պատկանում է բուսաբուծությանը, այնինչ ձկնորսության և, հատկապես, անասնաբուծության ոլորտները գրեթե ոչինչ չասող արդյունքներ են գրանցում։ Սա առավել քան մտահոգիչ է, քանի որ գյուղատնտեսության երկու հենասյուներից մեկը գրեթե ամբողջությամբ կորցրել է իր երբեմնի դերակատարումը։ Ավելին, կլիմայական կտրուկ տատանումները, բնական աղետները և այլ հնարավոր ռիսկերն ավելի քան խորացնում են գյուղատնտեսության հետագա աճի ռիսկերը, քանի որ բուսաբուծության ոլորտը, բազմաբնույթ այլ ռիսկերից զատ, էապես կախված է վերը նշված կլիմայական գործոններից, որոնք հաջորդող ժամանակա­հատվածում պարզապես կարող են ի չիք դարձնել գյուղատնտեսության, մասնավորապես՝ բուսաբուծության ոլորտի աճը։

Որտե՞ղ փնտրել այս կորստի հետքերը…

Տնտեսության այս ավանդական ճյուղն իր զարգացման ամբողջ պատմության ընթացքում կուտակել է խնդիրների անծայր մի շղթա, որն, իրավամբ, տեսանելի է բոլորին, սակայն որի քանդման կամ առնվազն կրճատման ուղղությամբ իրականացվող քայլերը դեռևս չեն կարո­ղանում լիարժեք արդյունք ապահովել։ Հոդվածում մենք գերազանցապես կենտրոնա­նում ենք մակրոմակարդակում առկա որոշ խնդիրների վրա՝ զերծ մնալով միկրոմակարդակից, քանի որ այդ հատվածում խնդիրներն այնքան բազմազան են ու բազմաբնույթ, որ դրանցից յուրաքանչյուրի քննարկման ուղղությամբ կարելի է ծավալուն հետազոտություններ կատարել։

Ոլորտի զարգացումներն ուսումնասիրելիս առաջին ազդակն ուղղվում է դեպի գյուղատնտեսական ոլորտի ֆինանսավորումը։

Գծապատկեր 4. Գյուղատնտեսական ծրագրերի բյուջեի կշիռը պետական բյուջեի ընդամենը ծախսերում և ՀՆԱ-ում, 2019-2024 թթ․[4] (%)

2024 թ-ին գյուղատնտեսության բյուջեն կազմել է պետական բյուջեի ընդհանուր ծախսերի 1.4 տոկոսը՝ զիջելով 2023 թ-ի մակարդակը 0.2 տոկոսային կետով։ Ընդ որում, այն իր առավելագույն մակարդակին է հասել 2022 թ-ին՝ կազմելով 1.7 տոկոս։ Գյուղատնտեսության ծախսեր/ՀՆԱ հարաբերակցությունը վերջին երեք տարիներին պահպանվում է 04 տոկոս մակարդակում, ինչը գերազանցում է 2019-ի նույն ցուցանիշը 0.3 տոկոսային կետով։ Միաժամանակ, հետաքրքրական է պետական բյուջեի ծախսերի գործառնական դասակարգումը, որից ակնհայտ է դառնում, որ գյուղատնտեսական ոլորտի հատկացումներն այնքան էլ տպավորիչ չեն, որքան կարող են թվալ։ Մասնավորապես՝ սոցիալական (24,8%), պաշտպանության (17,4%), կրթության (9,0%), տնտեսական հարաբերությունների (8,3%), առողջապահության (5,3%) ոլորտների հատկացումների նկատմամբ այս ոլորտին ուղղվող հատկացումներն անհամեմատ ցածր են։ Եթե հատկացումների նման դասակարգման հիմքում անվտանգային գործոնն ու տնտեսության գերակայություններն են, ապա այս բոլոր դիտանկյուններով գյուղատնտեսության ոլորտը պետք է ունենար ավելի բարձր ֆինանսավորում։ Մյուս կողմից, ի տարբերություն տնտեսության մյուս ճյուղերի, այս ոլորտն առանձնահատուկ է՝ կրելով սեզոնային գործոնների, տարերային աղետների ազդեցությունները։ Ըստ այդմ՝ անբարենպաստ տարիներին հնարավոր է, որ անգամ բազմակի աճած ֆինանսավորման պարագայում ստացված արդյունքները չարդարացնեն իրենց։ Սա է նաև այն հիմնական գործոնը, որ ոլորտում կատարվող ծախսերի գերակշիռ մասն ուղղվում է նախ՝ ոլորտի արդիականացմանը և հետո միայն՝ խթանմանն ու ենթակառուցվածքային և այլ բնույթի ծրագրերի իրականացմանը։

Գյուղատնտեսության ոլորտի ճեղքի ևս մեկ վկայություն է ՀՀ պարենային հաշվեկշիռը, որտեղ արտացոլվում է ՀՀ ինքնաբավության մակարդակն ըստ պարենային մի շարք ապրանքների, այսինքն՝ այն, թե որքանով է ՀՀ-ն ունակ մատակարարման շղթաների խափանման պարագայում ծածկելու պարենի նկատմամբ բնակչության պահանջարկը։ Գծապատկեր 5-ում դիտարկել ենք առավել կարևոր հիմնական ապրանքները, որոնց վիճակագրությունն այնքան էլ հուսադրող չէ։

Գծապատկեր 5. Մի շարք պարենային ապրանքների գծով ինքնաբավության մակարդակը ՀՀ-ում, 2020-2022 թթ․[5] (%)

Գծապատկերից ակնհայտ է դառնում, որ մի շարք առանցքային ապրանքների գծով ինքնաբավության մակարդակը չի հատում նույնիսկ 30 տոկոսի շեմը, իսկ որոշ ապրանքների դեպքում էլ այն շոշափում է զրոյական առանցքը։

Ինչի՞ մասին է ահազանգում սա․․․

Վիճակագրությունն արձանագրում է, իսկ վերլուծություններն ահազանգում պարենային անվտանգության առերևույթ խորացող խնդիրների մասին։ Եթե որոշ ապրանքների (բուսական յուղ, եգիպտացորեն և այլն) ուղղությամբ ներքին արտադրության ընդլայնումը կարող է լինել ոչ բարենպաստ ու ոչ նպատակահարմար կամ ծախսատար, ապա մի շարք ապրանքների (ցորեն, գարի, տարեկան և այլն) ուղղությամբ ՀՀ-ն ունի լիարժեք չիրացված իրական հնարավորություններ, որոնք խորացնում են անվտանգային խնդիրներն ու սեղմում արտաքին կախվածության ծանր շղթան։

Ներքին արտադրության չիրացված հնարավորությունների արտահայտությունը չմշակված հողատարածքների աճող մակերեսն է (գծապատկեր 6)։

Գծապատկեր 6. Գյուղատնտեսական նշանակության հողերն ըստ տեսակների, 2019-2022 թթ․[6] (1000 հա)

Գծապատկեր 6-ից նկատելի է, որ անգամ գյուղատնտեսական նշանակության հողատարածքների ճնշող մեծամասնությունն օգտագործվում է որպես արոտավայր։ Միաժամանակ, նկատվում է վարելահողերի մակերեսի կրճատման միտում։ Այս ամենից զատ, խնդրահարույց են նույնիսկ առկա վարելահողերի լիարժեք մշակումն ու արդյունքի ստացումը։ Խնդիրների շարքում կարելի է առանձնացնել վարելահողերի գերմասնատվածությունը, երբ դրանք, փոքր մասերի բաժանված, սեփականության իրավունքով պատկանում են բազմաթիվ տնտեսվարողների, ովքեր կա՛մ լիարժեքորեն չեն օգտագործում, կա՛մ ընդհանրապես չեն օգտագործում դրանք՝ հանգեցնելով արդեն հողի որակի ու նպատակային օգտագործման փոփոխության։ Խնդիրների հաջորդ շղթան հավերժ քննարկվող  ոռոգման համակարգերի, դրանց հասանելիության, որակի, մատչելիության, սահմանային հատվածներում վարելահողերի մշակման անվտանգային պայմանների ապահովման և այլնի մասին է։

Այս շղթան, կարծես թե, անվերջանալի է, սակայն խնդիրների գույքագրումն ու մատնանշումն առավել քան կարևոր են՝ հատկապես ոլորտի անվտանգային նշանակությունը տեսանելի դարձնելու դիտանկյունից։

Շարժվելով համաշխարհային միտումների թելադրանքով՝ տպավորություն է ստեղծվում, թե մենք լիարժեքորեն չենք գնահատում մեր ոլորտային ներուժը՝ արդյունքում խթանելով «թրենդային» ոլորտներն ու անկյունում թողնելով մեր «անվտանգային բարձիկ» համարվող գյուղատնտե­սության ոլորտը։

Ամփոփելով հաստատենք, որ հոդվածում ևս մեկ անգամ կարծես շեշտվում են մեր տնտեսական կարճատեսությունն ու աշխարհաքաղաքական, համաշխարհային տնտեսության ռիսկերի նկատմամբ անհույս լավատեսությունը։ Եթե ոչ որպես տնտեսական աճի ցուցիչ, ապա առնվազն իբրև տնտեսական և հատկապես պարենային անվտանգության գրավական, գյուղատնտեսության ոլորտի դերը, դրան ուղղվող ծախսերը, դրանց թիրախայնությունն ու արդյունավետությունն առնվազն ունեն վերահսկման անհրաժեշտություն, ինչն էլ միջոց կդառնա ոլորտային նոր խնդիրներ բացահայտելու, եղածը գնահատելու ու կատարված աշխատանքը արժևորելու համար։

Աշխարհաքաղաքական այս անորոշությունները, պարբերական վերաձևումները վերափոխում են գլոբալ արժեշղթաներն ու մատակարարման ուղիները, որոնցից, առաջին հերթին, տուժում են փոքր խաղացողները։ Այսինքն՝ մի շարք պարենային ապրանքների գծով ուղղակի կախվածություն ունենալով խիստ սահմանափակ թվով երկրներից՝ ՀՀ-ն «սեղմում է պարենային անվտանգության այդ ռիսկերի օղակն իր իսկ պարանոցի շուրջ», ինչը հաճախ նաև ներքին ռեսուրսների ոչ համակարգված կամ վերահսկված կիրառման հետևանք է։ Նման ռիսկերի առարկայացմանը բախվել ենք 2020 թ-ին, երբ ընդամենը որոշ պարենային ապրանքների ներմուծման կարճաժամկետ սահմանափակումները մեծածավալ խուճապ ու անորոշություն առաջացրին հանրության շրջանում, առաջին հերթին, հենց այն պատճառով, որ ներքին տնտեսությունն ունակ չէր ինքնուրույնաբար բավարարելու պարենի նկատմամբ ձևավորված կարճաժամկետ պահանջարկը։ Համաշխարհային այս վերաձևումները չեն բացառում  մատակարարման շղթաների խափանման նոր ռիսկերի ի հայտ գալը, ուստի մենք երբեք չենք կարող ապահովագրված լինել պարենի մատակարարման սահմանափակումներից ու դրանցից բխող ներտնտեսական անվտանգային ռիսկերից։ Ռացիոնալ ու տրամաբանական այլընտրանքն այս ռիսկերի չեզոքացման ուղու ընտրությունն է, իսկ դա ենթադրում է սույն հոդվածում վեր հանված խնդիրների ու թիրախների վերածում նպատակի, և դրանցառարկայացում։

Հղումներ

[1] ՀՀ վիճակագրական կոմիտե։ Ազգային հաշիվներ։ Համախառն ներքին արդյունք, տարեկան, https://armstat.am/am/?nid=202

[2] ՀՀ ՎԿ։ Այլ տվյալների բազաներ։ Ազգային հաշիվներ, հեղինակի հաշվարկներ, https://armstat.am/file/doc/99547248.xls

[3]ՀՀ սոցիալ-տնտեսական վիճակը 2024 թ. hունվար-օգոստոսին, https://armstat.am/am/?nid=82&id=2683

[4] ՀՀ ֆինանսների նախարարության կայքէջ, ՀՀ պետական բյուջե 2024, https://minfin.am/hy/page/petakan_byuje_2024t

[5] ՀՀ ՎԿ։ Հրապարակումներ։ Պարենային ապահովություն և աղքատություն, 2023 թ. հունվար-սեպտեմբեր, Հայաստանի Հանրապետության ազգային պարենային հաշվեկշիռ, https://armstat.am/file/article/f_sec_3_2023_3.pdf  

[6] ՀՀ ՎԿ, Հայաստանի Հանրապետության վիճակագրական տարեգիրք, Գյուղատնտեսություն, https://armstat.am/file/doc/99541108.pdf   

Գրականություն

  1. ՀՀ սոցիալ-տնտեսական վիճակը 2024 թ. hունվար-օգոստոսին, https://armstat.am/am/?nid=82&id=2683  
  1. ՀՀ վիճակագրական կոմիտե։ Ազգային հաշիվներ։ Համախառն ներքին արդյունք, տարեկան, https://armstat.am/am/?nid=202  
  1. ՀՀ ՎԿ։ Այլ տվյալների բազաներ։ Ազգային հաշիվներ, https://armstat.am/file/doc/99547248.xls 
  1. ՀՀ ՎԿ։ Հայաստանի Հանրապետության վիճակագրական տարեգիրք, գյուղատնտեսություն, https://armstat.am/file/doc/99541108.pdf 
  1. ՀՀ ՎԿ։ Հրապարակումներ։ Պարենային ապահովություն և աղքատություն, 2023 թ. հունվար-սեպտեմբեր, Հայաստանի Հանրապետության ազգային պարենային հաշվեկշիռ, https://armstat.am/file/article/f_sec_3_2023_3.pdf
  2. ՀՀ ֆինանսների նախարարության կայքէջ, ՀՀ պետական բյուջե 2024, https://minfin.am/hy/page/petakan_byuje_2024t 


Հեղինակ՝ Նարինե Պետրոսյան (Narine Petrosyan) © Բոլոր իրավունքները պաշտպանված են: © «Ամբերդ» հետազոտական կենտրոն


Նարինե Պետրոսյանի «ՀՀ տնտեսական աճի գլուխկոտրուկը» հոդվածաշարի մյուս նյութերին ծանոթացնեք հղմամբ: