Մոցարտի հոգու տառապանքները. «Նրա մեծ տաղանդը մղում էր նրան առաջ»
Մոցարտ, իր ժամանակի բացառիկ տաղանդ և փոփ աստղ: Հետազոտությունը ցույց է տալիս նրա այլ, հակասություններով լի կերպարը, իսկ Վյուրցբերգի մոցարտյան փառատոնը համարձակորեն բացահայտում է նրա հոգու գաղտնիքները։
Մոցարտի «Կախարդական սրինգը» աշխարհի ամենահայտնի օպերաներից է, իսկ նրա «Գիշերային փոքրիկ սերենադը»՝ բջջային հեռախոսների հանրահայտ զանգերից մեկը: Կոմպոզիտորին հաճախ անվանում են դասական երաժշտության փոփ աստղ։ Նա համարվում է բոլոր ժամանակների մեծագույն երաժշտական հանճարներից մեկը` բարդ, բայց միաժամանակ հիշվող և թեթև մեղեդիների հեղինակ: Նրա ժամանցային ստեղծագործությունները նույնպես խորն են և հաճախ արտացոլում են հեղինակի ներքին հոգեկան տառապանքները: Ըստ մոցարտագետ Էվելին Մայնինգի` «նա աշխատասեր մարդ էր, ով օր ու գիշեր ստեղծագործում էր»։
Մայնինգը ոչ միայն շակույթի կառավարման դասախոս է, այլ նաև ղեկավարում է Վյուրցբուրգում Մոցարտի փառատոնը։ Մայնինգը ցանկանում է գիտակցություն ստեղծել Մոցարտի մեկ այլ կերպարի շուրջ՝ հեռու անընդհատ կրկնություններից. «Մոցարտն ավելին է, քան Զալցբուրգի շոկոլադե գնդիկը կամ բջջային հեռախոսի զանգի մեղեդին», – նշում է նա Deutsche Welle-ին հարցազրույցում։
Հանճարեղ Մոցարտը

Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտը (1756-1791)՝ երաժշտության հանճարեղ վարպետը, իր կյանքի 35 տարիների ընթացքում ստեղծել է մոտ 600 ստեղծագործություն: Նրա թողած ժառանգության մեջ ներառված են 41 համարակալված սիմֆոնիա և 21 օպերա, ինչպես նաև համերգներ, տոնավաճառային երաժշտություններ, գործիքային ստեղծագործություններ և երգեր. «եթե անդրադառնանք նրա կարճատև կյանքի ընթացքում կատարած հսկայածավալ աշխատանքին, ապա պատկերացում կունենաք, թե քանի ժամ և քանի տարի է նա անցկացրել միայնության մեջև ստեղծագործել», – ասում է Էվելին Մայնինգը:

Իրենց մանկության տարիներին Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտը և նրա ոչ պակաս տաղանդավոր քույրը՝ Աննա Մարիան, արքունիքում համարվում էին երաժշտական հրաշամանուկներ։ Նրանց հայրը, մոռանալով հանգստի մասին, քառանիվ կառքի անհարմար ուղիներով շրջում էր նրանց հետ ողջ Եվրոպայով, որը սովորական մարդկանց համար անտանելի էր: Հետագայում Մոցարտը բազմիցս ընդդիմանում է իշխանություններին, ի վերջո, թողնում աշխատանքը Զալցբուրգի արքեպիսկոպոսի մոտ և սկսում իր ինքնուրույն գործունեությունը Վիեննայում:

Մոցարտը իր ժամանակի համար բավական լավ էր վաստակում, բայց նրա ծախսերը մշտապես գերազանցում էին եկամուտները։ «Կախարդական սրինգի» առաջնախաղից անմիջապես հետո նա ծանր հիվանդացավ և մահացավ 1791 թվականի դեկտեմբերին՝ ընդամենը 35 տարեկան հասակում՝ գլխում անթիվ չգրված ստեղծագործություններով:
Մոցարտի հույզերը
«Մոցարտը բացառիկ էր, նման չէր իր ժամանակակիցներին Նրա տաղանդը մշտապես մղում էր նրան ստեղծագործել։ Հանճար, որը չի կարողանում կանգ առնել կամ դադար վերցնել: Լույսն ու խավարը, մենությունն ու երջանիկ բավարարվածությունը՝ ահա այն հակադրությունները, որոնք ծնում է Մոցարտի երաժշտության մոգական ուժը», – ավելացնում է Մայնինգը։ Մոցարտը բազմաթիվ նամակներով իր հոգեվիճակը վստահել է կնոջը՝ Կոնստանցեին։ Նա 1790 թվականին գրել էր. «Եթե մարդիկ կարողանային տեսնել իմ սիրտը, ես ստիպված կլինեի գրեթե ամաչել: Ինձ համար ամեն ինչ սառն է, սաստիկ սառը»:

Որպես կաթոլիկ՝ Մոցարտը ստեղծել է նաև բազմաթիվ հոգևոր գործեր, որոնցից վերջինը՝ «Ռեքվիեմը», մնացել է անավարտ։ Մեղք և քավություն հասկացությունները մեծ դեր են խաղում քրիստոնեական կրոնում: Մոցարտն իր օպերաներում նույնպես վերցրել է մեղքի և ներման թեման։ «Ոչ ոք չի կարող ավելի լավ երանգավորել հոգին, քան Մոցարտը», – ասում է Էվելին Մայնինգը: Ձայնը հոգու լավագույն հայելին է, այդ իսկ պատճառով Վյուրցբուրգի մոցարտյան փառատոնում այս տարի ուշադրության կենտրոնում են Մոցարտի օպերաները, երգերը և խմբերգային ստեղծագործությունները:
Così fan tutte. խորությամբ կատակերգական օպերա
Մեղքի, ներման և մարդկային հոգեկան վիճակների վառ օրինակ է Մոցարտի ավելի ուշ գրված օպերան՝ «Così fan tutte» («Այդպես են անում բոլորը»), որը նա ստեղծել է 1790 թվականին իտալացի բանաստեղծ Լորենցո Դա Պոնտեի լիբրետոյի հիման վրա։ Առաջին հայացքից սա թեթև ու անհոգ կատակերգություն է՝ խախտված հավատարմության երդումների և իդեալների կորստի մասին: Պատմությունը երկու սիրահար զույգերի մասին է, որոնց կյանքը վերածվում է հույզերի փոթորկալից քաոսի։ Խորամանկ ու կենսախինդ Դոն Ալֆոնսոն, փորձելով ստուգել մարդկանց հավատարիմ լինելու ունակությունը, մարտահրավեր է նետում իր ընկերներին՝ Ֆեռանդոյին և Գուլիելմոյին՝ ապացուցելու իրենց հարսնացուների՝ քույրեր Դորաբելլայի և Ֆյորդիլիջիի սիրո և նվիրվածության անկեղծությունը։
Դոն Ալֆոնսոյի և երկու քույրերի հրաժեշտի տրիոն նվիրված է մարդկային ցանկություններին և ձգտումներին։

Հատկապես «Desir» (ցանկություն) բառի վրա Մոցարտը ստեղծում է մեծ լարվածություն՝ օգտագործելով դիսոնանսային հնչյուններ: «Մարդկային զգացումների հակասությունները նախկինում երբեք այսքան խորը չեն երևացել երաժշտության մեջ», – գրում է երաժշտական լրագրող և գրքերի հեղինակ Վոլֆգանգ Շտեհրը: Մոցարտին ուսումնասիրող Ուլրիխ Կոնրադն այս հատվածը բնութագրում է որպես «հնչյունների անկրկնելի խորհրդանիշ»:
Մեղքի և ներման մասին
Մինչև 18-րդ դարի վերջը ներումը կարևոր թեմա էր այսպես կոչված «լուրջ» օպերայում: Իշխանները ներում էին զղջացող մեղավորներին, իսկ ազնվականությունը պահպանում էր իր պատիվն ու փառքը։ «Così fan tutte» օպերայում Մոցարտը ծաղրում է այս գաղափարները. բոլոր ներգրավվածները՝ անկախ իրենց կարգավիճակից, մեղավոր են։ Եվ վերջում կա ընդամենը երկու ելք՝ ներել միմյանց կամ ոչ:

«Մի կարծեք, թե այս պատմությունը մակերեսային է, որը երջանիկ ավարտ է խոստանում», – ասում է Մայնինգը: «Մոցարտը գնում է մակերեսից այն կողմ՝ մուտք գործելով մարդկային էության խորքերը»։ Հայտնի դիրիժոր Նիկոլաուս Հարնոնկուրը, որը մահացել է 2016 թվականին, «Così fan tutte» կատակերգական օպերան համարել է երաժշտության ողջ պատմության մեջ ամենատխուր օպերան։
Իր օպերաներում Մոցարտը ներկայացնում է մարդկանց սխալվելիս և ցույց է տալիս նրանց մեղքը՝ առանց նրանց դատապարտելու: Այս տարվա Վյուրցբուրգի փառատոնի կարգախոսն է՝ «մեղք և ներում, հոգիներ հետազոտող Մոցարտ»: Այն Գերմանիայում մոցարտյան ամենամեծ փառատոնն է։ Ռեժիսոր Էվելին Մայնինգը ամեն տարի ցուցադրում է Մոցարտի տարբեր կողմերը՝ հեռու փոփ աստղի մակերեսային անընդհատ կրկնություններից: «Անսովոր և փորձարարական» փառատոնը միշտ հենակետեր է փնտրում ներկայում։
Ճանաչել սեփական մեղքը
Այս համատեքստում ստեղծվել է «Լուսավոր է գիշերը» նախագիծը, որը վերաբերում է նացիոնալ-սոցիալիզմի ժամանակ գերմանացիների մեղքին։ Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտին՝ 1945 թվականի մարտի 16-ին, 20 րոպեի ընթացքում Վյուրցբուրգ քաղաքի 90 տոկոսը կործանվեց բրիտանական թագավորական օդուժի ռումբերից։ Այդ ժամանակ 500 մարդ ապաստան գտավ Քավիչ քույրերի վանքի օդային պաշտպանական ապաստարանում։ Այս հաստատության սրահներում գերմանացիների մեղքի թեման քննարկվում է երաժշտաթատերական ինստալյացիայի միջոցով, որն ընդգրկում է երգերի տեքստեր, ժամանակակիցների վկայություններ և, իհարկե, Մոցարտի երաժշտությունը։
«Նույնիսկ պատերազմից հետո շատ գերմանացիներ պնդում էին, որ իրենք ոչինչ չգիտեն հրեաների հալածանքների մասին: Եվ, իհարկե, համաշխարհային պատերազմը միայն մի քանիսի խնդիրը չէր», – ասում է Էվելին Մայնինգը:
Թեմա, որը շատ արդիական է՝ հաշվի առնելով աճող աջերի ծայրահեղականությունը և վերջին պատերազմները: Ինստալյացիան նպատակ ունի նաև ցույց տալ խաղաղ հասարակության մեջ նոր կյանքի ուղին։ «Մեղքի զգացումից դեպի ապագա նոր ուղի կարելի է անցնել միայն հասարակության և յուրաքանչյուր անհատի պատասխանատու վարքագծի միջոցով», — նշել է Մայնինգը։ Պատասխանատվությունն ընկած է բոլորի վրա։ Բոլորը պատասխանատու են
Մոցարտի փառատոնը Վյուրցբուրգում կշարունակվի մինչև 2024 թվականի հունիսի 23-ը։
Հեղինակ՝ Gaby Reucher, Deutsche Welle
Թարգմանիչ՝ Լուսինե Մնոյան (Lusine Mnoyan), խմբագիր՝ Անժելա Շահբազյան (Anjela Shahbazyan) © Բոլոր իրավունքները պաշտպանված են: