Վերլուծության առաջին մասում ներկայացվել է հայ իրականության մեջ ֆեյսբուքյան հարթակում գործող երկու գրական ակումբների՝ «Մտահեղեղի» և «Երիտասարդ գրողների գրական ակումբի» բովանդակային կողմը՝ շեշտը դնելով նրանց ընտրած թեմաների, արտահայտած գաղափարների բազմազանության, գրական ազդեցությունների վրա: Վերլուծության երկրորդ մասում կքննվեն այդ գրական ակումբների կազմակերպչական խնդիրները, թե ինչ քայլերի են դիմում դեռ խմորման փուլում գտնվող ակումբներն իրենց կայացման, զարգացման և հրապարակվող ստեղծագործությունների որակի բարձրացման համար: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ այսօր այդ գրական ակումբներին հետևում է գրասերների և գրողների հոծ բազմություն՝ կարևոր է դառնում նաև հարցի լուսաբանումը այդ կողմից:
Նախ և առաջ հպանցիկորեն անդրադառնանք ժամանցի և գրական ու գեղարվեստական միտքը զարգացնելու համար կազմակերպվող միջոցառումներից մի քանիսին, որոնք առկա են երկու ակումբներում էլ.
- գիտելիքի անկյուն, երբ խմբերի ղեկավարները պարբերաբար անդրադառնում են լեզվի և ուղղագրության որոշ կանոնների՝ այդ կերպ փորձելով բարձրացնել անդամների՝ մայրենի լեզվին տիրապետելու մակարդակը,
- հարցազրույցներ կայացած և ճանաչված գրողների հետ,
- բանաստեղծական խաղ-քննարկումներ,
- Գրավարժանք՝ խմբակային կամ անհատական ստեղծագործություններ, որոնք կարող են լինել ինչպես գրողների նախընտրած թեմայի, այնպես էլ կոնկրետ հարցադրման շուրջ և այլն:
Բերված կետերից առաջին երեքը միտված են ընդհանուր կրթվածությանը և միանշանակորեն նպաստում են թիմային ոգու, գրական ակումբ հավաքական միավորի և ստեղծագործությունների բարելավմանը: Գրավարժանքը՝ իբրև գեղարվեստական երկ ստեղծելու միջոց, սակայն, այնքան էլ լավ և արդյունավետ տարբերակ չէ:
Երկու խմբերում էլ ստեղծագործելու այդ մեթոդը ունի գրեթե նույն գործառույթն ու կառուցողական ձևերը: Այսինքն` մի քանի գրասերներ կամ գրողներ, հավաքվելով միասին, իրար շարունակելով կամ լրացնելով, ստեղծում են որևէ գործ` հիմնականում բանաստեղծություն: Գրական ստեղծագործության այս ձևը նորություն չէ ժամանակակից պոեզիայի համար: Դեռևս մոդեռնիզմի և պոստմոդեռնիզմի հետևորդները ստեղծագործում էին այս հնարքով՝ թմրանյութերի կամ ալկոհոլի ազդեցության տակ ենթագիտակցության հոսքով ստեղծելով խմբակային աշխատանքներ: Ստեղծվելով ոչ թե անհատ հեղինակի, այլ խմբի մտահորիզոնում՝ այդ գործերը, սակայն, մեծամասամբ իրենցից գեղարվեստական արժեք չեն ներկայացնում, և ստացվում է ճաշակների, նախընտրությունների ու գաղափարների տարօրինակ միքս: Այս տիպի ստեղծագործության մեջ հաճախ կորչում է հեղինակային եսը` որպես գրական երկը ստեղծող իրողություն: Տարբեր հեղինակներ, համախմբվելով մեկ գաղափարի շուրջ, փորձում են արհեստականորեն գեղարվեստական ստեղծագործություն «հորինել», ինչի արդյունքում էական տեղ է տրվում գաղափարին և, անուշադրության է մատնվում գեղարվեստը՝ որպես առաջնային հատկանիշ: Ասվածը փաստելու համար որպես օրինակ բերենք «Երիտասարդ Գրողների գրական ակումբի» ֆեյսբուքյան հարթակում հայտնված գրավարժանքներից մեկը, որ լիքն է բառային խճողումներով և չունի անգամ գաղափարական հստակություն.
«Երեկը արդեն թախծասպան դարձած`
Խենթ քրքջում է մարդկային կյանքի
Հույզերի վրա
Ու համոզում է, որ գալը նրա,
Կախված է օդից ու ճոճվում է հա….
Խոնավ ճյուղերով և տերևաթափ
Օրերն անարմատ
Քամիների դեմ անտարբերության
Ընկնում են վհատ,
Եվ անցյալ է լոկ բողբոջը կանաչ՝
Հավատն ապրեցնող՝
Վեհ փթթումներով ծաղկաօծումի,
Ու պտուղն անհաս,
տտիպ սպասումի
Այնտեղ՝ հույսից կախ,
Իսկ շուրջը․․․շուրջը
անարյուն, գունատ,
անթրթիռ փռված
Իրականություն․․․»:
Տրված բանաստեղծությունը, որի նման գրավարժանքներով լիքն են գրական ակումբների էջերը, բացարձակապես չի հանգում ոչ մի նպատակի: Բառերի անտեղի կիրառում, ցածր ոճ, ոչինչ չասող նախադասություններ, և որ ամենակարևորն է, համատեքստի հետ չխոսող բառեր:
Այս գրավարժանքները հազվադեպ երևույթ չեն գրական ակումբների համար, հիմնադիրներն ու ղեկավարները պարբերաբար «համախմբում են» խմբի անդամներին՝ դրա միջոցով փորձելով ստեղծել կոլեկտիվ ստեղծագործություն, ինչի արդյունքում ակումբների դերը՝ իբրև մեկ խնդրի շուրջ համախմբված ամբողջություն, ավելի է նվազում, և միանշանակորեն ընկնում է հրապարակվող ստեղծագործությունների որակը:
Բանաստեղծությունների որակին առնչվող հաջորդ խնդիրը քննադատությունն է: Բոլոր ժամանակներում գրական մտքի առաջնորդող կարևորագույն օղակներից մեկը եղել է հենց քննադատական միտքը: Նկատելով գրողների սխալները և գովելով արժանիքները՝ քննադատները ինչ-որ չափով ձևավորել են ստեղծագործողին՝ իբրև անհատականություն՝ փորձելով ցույց տալ նրան ստեղծագործելու ճիշտ ճանապարհը: Քննադատությունը դառնում է խթան ստեղծագործողի համար իր սխալները ուղղելու և իր ստեղծագործական կյանքի ընթացքում կարևորագույն աճ գրանցելու համար:
Առանց ճիշտ ու գրագետ ուղղորդության, սակայն, գրողները շատ դեպքերում ընկնում են փակուղու մեջ՝ թերագնահատելով, երբեմն էլ գերագնահատելով իրենց երկերը: Ֆեյսբուքյան իրականության երկու գրական ակումբներում էլ շոշափելի է այս խնդիրը: Մեծաքանակ ստեղծագործողները, ինչպես նաև գրականագետները և գրասերները հրապարակվող բանաստեղծությունների մեկնաբանություններում գրում են միայն հաճոյախոսական, գովաբանական և իրականում ոչինչ չասող նախադասություններ՝ այդպիսով իբր թե օգնելով ստեղծագործողին և խթանելով նրան հետագա ստեղծագործական կյանքի համար: Անթիվ շողոքորթումների ու գովեստների այս շարքերը, սակայն, միայն ու միայն գցում են գրական ակումբներում հրապարակվող երկերի որակը: Հեղինակները, ոգևորվելով կեղծ խոսքերից, սկսում են էլ ավելի ոգևորությամբ գրել՝ բացարձակապես չցուցաբերելով գրական աճ: Այս ամենը բարդացնում է նաև մասնագետ գրաքննադատների գործը, երբ հնչող կարծիքներին գերի դարձած բանաստեղծները լսում են նրանց խոսքը միայն իրենց պրիզմայի միջով՝ զգալով իրենց գեղարվեստի բարձունքում:
Նշված այս գործոնների քննությունը խիստ կարևոր ու արդիական է, քանի որ դրանք «սպանում» են իրական գրականությունը և ստեղծում ոչ առողջ միջավայր գրական ստեղծագործությունների ծնունդի համար:
Այսպիսով՝ մեր վերլուծության նպատակն էր քննել ֆեյսբուքյան գրական ակումբները՝ իբրև ամբողջություն, և շեշտադրել դրանց առավելություններն ու թերությունները, նկատել զարգանալու հեռանկարները: Ամփոփելով վերլուծության երկու մասերը՝ գալիս ենք այն եզրահանգմանը, որ հայ իրականության համացանցային հարթակում գործող գրական ակումբներն իրենց զարգացման ճանապարհին են, վատ գրողների կողքին ստեղծագործում են նաև լավերը, սկսնակներին օգնում և աջակցում են ինչ-որ չափով կայացածները՝ այնպիսի գրողներ, որոնց երկերը վեր են բարձրանում ու տարբերվում մյուսներից թե՛ թեմատիկ և թե՛ ձևային առումներով: Ակումբներում իրենց ստեղծագործություններն են տեղադրում և՛ արդեն ճանաչված գրողներ, և՛ մեծ տաղանդ ու կատարելագործվելու միտումներ ունեցող սկսնակներ: Նրանց ստեղծագործությունները գեղարվեստի և բովանդակության դիտանկյուններից չեն տեղավորվում գրական ակումբների շրջանակներում և առանձնանում են համապատկերից: Նշենք այդ ստեղծագործողներից մի քանիսի անունները՝ Հայուհի Սուսաննա Ղազարյան, Դավիթ Մշեցի, Գևորգ Բադալյան, Անահիտ Պապոյան, Ջեննի Բալյան և այլք: Առավելությունների շարքում անշուշտ պետք է նշել նաև այն հանգամանքը, որ այդ ակումբները հարթակ են ծառայում երիտասարդ գրողների ստեղծագործության համար և դառնում են միջոց, որի շնորհիվ սկսնակ ու տաղանդավոր ստեղծագործողները հայտնի են դառնում հանրության լայն շրջանակներին: Թերի է, սակայն, գրական ակումբ հասկացությունը՝ որպես գրականություն ստեղծող ընդհանուր կառույց:
Թեմաների անմիաբանությունը, հիմնական նպատակների բացակայությունը, քննադատության պակասն ու միմյանց զուտ գովելու, լավ մեկնաբանություններ գրելու քաղաքականությունը չեն նպաստում դրանց զարգացմանը, զուտ մեծացնում են հրապարակվող բանաստեղծությունների քանակը և ոչ որակը: Ճիշտ է, գրական ակումբները պարբերաբար կազմակերպում են տարաբնույթ միջոցառումներ, որոնց մի մասը իրապես օգտակար ու նպատակային են, բայց մի այլ մասն էլ, օրինակ, գրավարժանքները, չեն ցուցաբերում անհատականություն, չեն նպաստում ստեղծագործողների զարգացմանը, այլ պարզապես «սպանում են գրականությունը»:
Գրական ակումբ երևույթը իրենից ենթադրում է մեկ ընդհանուր հարցի շուրջ խմբված գրողների միություն, ուստի առաջնային խնդիրը, որին, մեր կարծիքով, պետք է ուշադրություն դարձնեն այդ գրական ակումբների ղեկավարները, ընդհանուր նպատակների ու խնդիրների առաջադրումն է, արդյոք որ հարցերն են համախմբում բոլորին, և որն է տվյալ գրական ակումբում ստեղծագործելու առաջնային նպատակը:
Ընդհանուր նպատակների առաջադրումից հետո ակումբների ղեկավարները պետք է ուշադրություն դարձնեն նաև հրապարակվող ստեղծագործությունների որակին: Ամեն գրվածք չպետք է կոչվի բանաստեղծություն և հայտնվի ակումբների էջերում: Մեր խորին համոզմամբ՝ պետք է կազմվեն որոշ առանձին խմբեր, որոնք կքննեն հրապարակվելիք բանաստեղծությունները և միայն արժանիները կդարձնեն հասանելի ընթերցողների լայն շրջանակների համար: Այս օղակները որոշ չափով կբարձրացնեն ակումբների էջերում հայտնվող երկերի որակը՝ այդպիսով զարգացնելով նաև ողջ գրական ակումբի գործունեությունը:
Միանշանակորեն պետք է բարձրացվի նաև քննադատության որակը: Այսօր համացանցում ստեղծագործող գրական խմբակները ունեն զգալի թվով հետևորդներ, այդտեղ հրապարակվող ստեղծագործությունները ընթերցվում են շատ գրասերների կողմից, այսինքն՝ ձևավորում են հասարակության մի զգալի մասի գրական ճաշակը և ազդում դրա վրա: Ուստի այդ գործերը պետք է նաև քննվեն ու ուսումնասիրվեն մասնագետների կողմից, դառնան նաև գրականագետների ուշադրության առարկան: Ակումբների ներքին քննադատությունից և հրապարակվող ստեղծագործությունների ընտրությունից զատ այդ գործերը պետք է ուսումնասիրվեն և գրախոսվեն նաև գրականագետների կողմից, ուստի լավ կլինի, եթե ակումբների ղեկավարները մասնագիտական կապեր հաստատեն և որոշակի միջոցառումներ կազմակերպեն հենց գրաքննադատների հետ՝ փորձելով կիրառել նաև նրանց մասնագիտական կարծիքը:
Այս միջոցառումները և քայլերը, մեր կարծիքով, կբարելավեն ֆեյսբուքյան հարթակում գործող այդ երկու ակումբների որակը և կդառնան խթան որպես մեկ ամբողջական միավոր ձևավորվելու ու զարգանալու համար:
Օգտագործած գրականության ցանկ
- Երիտասարդ գրողների գրական ակումբ, Սիրո հևքը գրչի ներքո, Երևան, 2016:
- https://www.facebook.com/groups/970987676293935/?fref=ts
- https://www.facebook.com/groups/540069179495262/?fref=ts
Հեղինակներ՝ Առլինա Սարգսյան (Arlina Sargsyan), Աստղիկ Սողոյան (Astghik Soghoyan): © Բոլոր իրավունքները պաշտպանված են: