Բանկերի միաձուլման մասին որոշումը տարաբնույթ քննարկումների ալիք բարձրացրեց հանրության շրջանում: «Քննադատներից» շատերի կարծիքով նման որոշումը կարող է հանգեցնել հայկական կապիտալով բանկերի ոչնչացմանը, և բանկային համակարգում կմնան միայն այն բանկերը, որոնք օժանդակություն են ստանում դրսից: Արդյոք անարդյունավե՞տ է բանկերի միաձուլումն ու բանկերի թվի կրճատումը:
Ներկայիս պայմաններում ՀՀ բանկային համակարգի համար էական հիմնախնդիր է ֆինանսական կայունության և բանկային մրցակցության համատեղումը:
Չնայած որ ՀՀ-ում կատարվում են բազմաթիվ բարեփոխումներ, ՀՀ բանկային համակարգի արդյունավետությունը միջազգային չափանիշներով բարձր չէ: Տոկոսադրույքի բարձր սպրեդը և իրացվելիության նորմատիվից զգալիորեն բարձր պաշարը վկայում են, որ բանկերն աշխատում են պակաս արդյունավետությամբ: Այս և այլ խնդիրների կարգավորման թերևս միակ հիմնավոր ճանապարհը մրցակցության զարգացումն է:[i]
Մրցակցության զարգացման համար կարևոր նշանակություն ունեն օտարերկրյա բանկերը:
Հայաստանի բանկային համակարգը Հայաստանի ֆինանսական շուկայի խոշորագույն մասնակիցն է, որին բաժին է ընկնում ֆինանսական համակարգի ակտիվների մոտ 90%-ը։
ՀՀ բանկային համակարգի էական բնութագրիչներից մեկը օտարերկրյա կապիտալի մեծածավալ առկայությունն է: Ազգային բանկային համակարգում օտարերկրյա կապիտալի ներկայության ուսումնասիրությունը հատկապես կարևոր է անցումային տնտեսությամբ փոքր երկրների համար, որոնք հայտնվել են դժվարին խնդրի առջև:
Ընդհանրապես օտարերկրյա կապիտալի համար ազգային բանկային համակարգի գրավչության հիմնական գործոնը առավել բարձր շահույթի ստացումն է՝ ընդունելի ռիսկի պայմաններում: ՀՀ բանկային համակարգում օտարերկրյա կապիտալի լայն մասնակցությունը պայմանավորված է մի քանի գործոններով.
- Երկրի ներքին ռեսուրսները բավարար չէին բանկային ոլորտում նշանակալի ներդրումների համար: Կապիտալի պակասը բնորոշ էր անցումային տնտեսությամբ բոլոր երկրներին և դարձավ դեպի ազգային բանկային համակարգեր օտարերկրյա կապիտալի ներթափանցման կարևոր խթան: Մեր պարագայում դա պայմանավորված էր տնտեսական և քաղաքական իրավիճակով:
- Երկրաշարժից հետո ծանր վիճակում հայտնված, շրջափակման մեջ գտնվող, պատերազմող երկիրը չուներ ֆինանսական միջոցներ` վատ վիճակում գտնվող բանկերը ոտքի կանգնեցնելու համար:
- Բնակչությունը կորցրել էր խնայողությունների զգալի մասը՝ «Խնայբանկի» ավանդների սառեցման հետևանքով: Բնակչությունը և գործարարները իսպառ կորցրին հավատը բանկերի նկատմամբ, և բանկերը զրկվեցին առանց այն էլ համեստ դրամական միջոցները ներգրավելու հնարավորությունից:
Մնացած ոլորտների համեմատ` կարծում ենք՝ բանկային ոլորտն ամենականոնակարգվածն է: Պետությունն ամեն կերպ խրախուսում է օտարերկրյա կապիտալի ներհոսքը ՀՀ տնտեսություն, այդ թվում նաև բանկային հատված: Ոչ ռեզիդենտների բանկային համակարգ մուտքի պայմանները և կարգը շատ ավելի դյուրին են, քան աշխարհի երկրների մեծ մասում: ՀՀ-ում գործում է օտարերկրյա կապիտալի մասնակցությամբ բանկերի և ֆինանսական այլ կազմակերպությունների գրանցման ու լիցենզավորման բավական ազատական համակարգ:
Արտասահմանյան հետազոտողներն իբրև աքսիոմ ընդունում են այն տեսակետը, որ ազգային բանկային համակարգում օտարերկրյա կապիտալի ներկայությունը բարձրացնում է դրա գործունակությունը, նպաստում ֆինանսական միջնորդության բարելավմանը: Անցումային տնտեսություններում, որտեղ քիչ են ֆինանսական վստահելի միջնորդները, օտարերկրյա բանկերն ամրապնդում են ֆինանսական ենթակառուցվածքները, բարելավում ներդրումային միջավայրը և կարող են օժանդակել տնտեսության տարբեր ոլորտներում օտարերկրյա ուղղակի ներդրումների աճին: Օտարերկրյա բանկերն ավելի քիչ են խոցելի ընդունող երկրի շոկերի նկատմամբ: Դրանք սովորաբար ավելացնում են իրենց ներկայությունը ճգնաժամերից հետո՝ արենայից հեռացնելով տեղական խնդրահարույց բանկերը: Նման երևույթ ակնհայտորեն դիտվեց 1990-ականների առաջին կեսին, երբ ՀՀ առևտրային բանկերի զգալի մասը, կամքից անկախ, ստեղծեց բանկային ճգնաժամեր և առաջինն էլ դարձավ դրա զոհը: 1994-2002թթ. ՀՀ-ում գործունեությունը դադարեցրին բազմաթիվ բանկեր, որոնց չնչին մասն էր գործում օտարերկրյա կապիտալի հիման վրա:
ՀՀ բանկային ոլորտի համակարգային ռիսկի մեջ, բացի երկրում տիրող քաղաքական ռիսկերից, նշմարելի են նաև կոռուպցիոն և իշխանության ու բիզնեսի սերտաճման ռիսկերը: Հայաստանի տնտեսական ազդեցիկ խմբավորումները ձգտում են միաձուլվել իշխանության հետ և մասնակցել երկրի կառավարմանը: Սակայն այդ խմբավորումները երբեմն կարող են հայտնվել լուրջ ռիսկային իրավիճակներում: Եթե դրանք միաձուլվում են որևէ քաղաքական միավորման, ապա իշխանափոխության կամ տվյալ միավորման դերի նվազման հետևանքով բանկը կհայտնվի ծանր իրավիճակում: Բանկային համակարգում այդ տեսանկյունից վիճակը բավական բարվոք է, քանի որ օտարերկրյա բանկերն աշխատում են դիստանցված լինել քաղաքական ակտորներից և պահպանել իրենց անկախությունը գործող իշխանություններից:
ՀՀ բանկային համակարգի թերություններից մեկն այն է, որ շատ թույլ է ինտեգրված միջազգային բանկային համակարգին, և ինտեգրումն ունի միակողմանի ուղղվածություն: Թույլ ինտեգրվածությունն ամբողջության մեջ ունի բացասական դերակատարում, չնայած համաշխարհային վերջին ճգնաժամից ՀՀ բանկային համակարգը զերծ մնաց հենց միջազգային ֆինանսական կառույցներին թույլ ինտեգրված լինելու շնորհիվ:
Հայաստանյան բանկերի ակտիվների 67%-ը պատկանում է օտարերկրյա կապիտալին։ Այս մասին նշվում է 180 երկրների բանկային համակարգերի վերաբերյալ զեկույցում, որը պատրաստել է Ամերիկյան տնտեսական հետազոտությունների ազգային բյուրոն (National Bureau Of Economic Research, NBER)։ Այդ ցուցանիշով Հայաստանի բանկային համակարգը գտնվում է աշխարհի երկրների բանկային համակարգերի առաջին հորիզոնականներում, իսկ ԱՊՀ երկրների շարքում բացարձակ առաջատար է:[ii]
Այս փաստը շատերին կարող է դուր չգալ՝ ելնելով հայրենասիրական նկատառումներից: Իրականում սա բավականին լավ ցուցանիշ է, որը խոսում է Հայաստանի Հանրապետության բանկային համակարգի բաց լինելու մասին: Կարծում ենք՝ մոտակա տարիներին այս ցուցանիշը բավականին կբարձրանա, ինչը դրական կանդրադառնա Հայաստանի բանկային համակարգի վրա:
Օտարերկրյա կապիտալի ներգրավումն իր հետ բերում է նաև զարգացած համակարգեր ունեցող երկրների փորձն ու ավանդույթները և ձևավորում ավելի մրցակցային մթնոլորտ։ Ավելանում են աշխատատեղերը, մրցակցության մեջ շեշտը դրվում է որակական հատկանիշների վրա: Բարձրանում է երկրի վարկանիշը, ինչը ևս լրացուցիչ ռեսուրսների ներգրավման խթան է:
Նշենք նաև, որ հաշվի առնելով Հայաստանի տնտեսական դաշտի անկատարությունն ու ոչ կատարյալ դատաիրավական համակարգը` օտարերկրյա կապիտալի առկայությունը որոշ իմաստով պաշտպանված լինելու երաշխիք է հայաստանյան բանկերի համար։ Օտարերկրյա կապիտալն ավելի մրցունակ է, և ռիսկերի կառավարման հետ կապված խնդիրներն ավելի քիչ են: Կարևոր է այն փաստը, որ հարկ եղած դեպքում օտարերկրյա բանկերին կարող են օգնության հասնել մայր բանկերը: Ինչ-ինչ պայմաններում դուստր բանկերը կարող են խնդիրներ ունենալ իրացվելիության հետ, կարող են հայտնվել սնանկացման եզրին կամ ունենալ այլ խնդիրներ: Այս առումով մայր բանկերն ավելի կայուն են և անհրաժեշտության դեպքում կարող են օգնության ձեռք մեկնել վատ վիճակում հայտնված իրենց դուստր ձեռնարկություններին: Իհարկե, սա ոչ բոլոր պարագաներում է աշխատում (ինչպես եղավ, օրինակ, ԲՏԱ և Պրոկրեդիտ բանկերի դեպքում):
Հետևաբար՝ օտարերկրյա բանկերի ներգրավումը ստեղծում է շուկայում այսպես կոչված «հենատեր», որոնք կարող են կայուն գործել նաև երկրի ներքին ճգնաժամային պայմաններում: Կայուն բանկային հաստատություններ ունենալը կարևոր է Հայաստանի պես երկրի ներքին շուկայի համար:
Օտարերկրյա բանկերն ունեն ավելի մատչելի և երկարաժամկետ ռեսուրսներ, պակաս ռիսկային են, ինչը հնարավորություն է տալիս ձեռք բերել անհամեմատ մեծ առավելություններ մրցակից բանկերի նկատմամբ: Նույնիսկ եթե օտարերկրյա բանկերը հայտնվեն սնանկացման եզրին, մայր ձեռնարկությունները կարող են օգնության ձեռք մեկնել: Իհարկե, չպետք է մոռանանք թերությունների մասին: Մասնավորապես՝ օտարերկրյա բանկերը գործում են մայր ձեռնարկության կանոնակարգով և շրջանցում են օրենքները, մրցակցությունից դուրս են մղում հայկական բանկերին, և որ ամենակարևորն է, մեծանում է այլ երկրներից կախվածության գործակիցը:
Ի մի բերելով ՀՀ բանկային համակարգում օտարերկրյա կապիտալի ներգրավման վերոհիշյալ առավելությունները և թերությունները` գտնում ենք, որ ՀՀ կառավարությունը և Կենտրոնական բանկը ամեն կերպ պետք է հրապուրեն օտարերկրյա բանկերին՝ ներդրումներ կատարելու ՀՀ բանկային համակարգում կամ ունենալու դուստր ձեռնարկություններ: Մեր տնտեսության համար կարևոր նշանակություն ունի մրցակցության և կայունության հարաբերակցության ճիշտ ընտրությունը: Օտարերկրյա կապիտալի ներգրավմամբ կունենանք ամուր հենակետեր, կկարողանանք նվազեցնել գործազրկությունը: Իսկ տվյալ բանկերի փորձը համաձայնեցնելով ՀՀ-ի տնտեսության առանձնահատկությունների հետ` կկարողանանք ավելի զարգացնել ու կատարելագործել մեր բանկային համակարգը:
[i]Նարեկ Մուրադյան-«Բանկային մրցակցության գնահատումը տնտեսամաթեմատիկական մեթոդներով»
[ii]http://topnews.mediamall.am/?id=11443
Գրականություն
- ՀՀ ԿԲ «Ֆինանսական կայունության մասին հաշվետվություն 2015» 2016թ.
- http://www.cba.am (ՀՀ Կենտրոնական բանկ)
- http://www.armstat.am (ՀՀ ազգային վիճակագրական ծառայություն)
- http://www.banks.am
- http://www.fineco.am/pdfs/Narek_Muradyan_1394477563.pdf
- http://etd.asj-oa.am/4124/
- http://topnews.mediamall.am/?id=11443
- http://parliament.am/legislation.php?sel=show&ID=1681&lang=arm
Հեղինակ՝ Լիլիթ Օվսյան (Lilit Ovsyan): © Բոլոր իրավունքները պաշտպանված են: