Պետություն և հասարակական դաշինք

Photo: https://joinfo.ua
Photo: https://joinfo.ua

Ի՞նչ ասել է հասարակական դաշինք

«Հասարակական դաշինք» կոչված երևույթը մշտապես գտնվել է համաշխարհային հասարակական, քաղաքական, իրավական և փիլիսոփայական մտքի  ամենահեղինակավոր և կարկառուն ներկայացուցիչների ուշադրության կենտրոնում: Խնդրո առարկային առնչվող բազմաթիվ աշխատություններ են գրվել ամենատարբեր ժամանակներում՝ սկսած անտիկ դարերից մինչ մեր օրերը:

Սույն վերլուծությունը գրելիս, սակայն, մենք հիմնականում հղում ենք կատարելու  ֆրանսիացի մեծագույն մտածող, լուսավորականության դարաշրջանի հասարակական գործիչ, փիլիսոփա Ժան Ժակ Ռուսոյի, մասամբ նաև հոլանդացի մտածող, իրավաբան և պետական գործիչ Հուգո Գրոտիուսի առաջ քաշած հիմնարար դրույթներին և գաղափարներին:

Իր կոթողային աշխատություններից մեկը՝ «Du Contrat Social ou Principes du droit politique», որը բառացիորեն թարգմանվում է «Հասարակական դաշինքի և քաղաքական իրավունքի սկզբունքների մասին», հեղինակը՝ Ռուսոն, ամբողջովին նվիրել է խնդրո թեմայի ուսումնասիրությանը, ինչպես հուշում է հենց վերնագիրը;
Ռուսոն մարդկության պատմությունը իրավունքի տեսանկյունից բաժանում է երկու փուլի. առաջինը նա բնութագրում է իբրև բնական իրավունքի գերակայության շրջան: Այս փուլում ընկերային համակեցությունների տարասեռ փոխհարաբերություններին բնորոշ էր բնական իրավունքի ուժը: Այսու՝ այս շրջանում  ինչպես անհատական, այնպես էլ խմբային մակարդակներում  հանրույթների կենսակերպը կառուցարկող և բնութագրող հիմնական ուղենիշը և չափույթը մարդու կենդանական բնազդներն ու ցանկություններն էին: Միով բանիվ՝ այս փուլում գործում էր մեկ օրենք՝ «յուրաքանչյուր ոք անում է այն, ինչ ցանկանում է»: Կենսաձևերի, վարք ու բարքի, պահելաձևերի, հասարակական, սոցիալական և քաղաքական հարաբերությունների որևէ կանոնակարգված նորմատիվ գոյություն չուներ ինչպես անհատական, այնպես էլ խմբային մակարդակներում: Վերջինս նշանակում է, որ որոշակի ընդհանրությունների (ազգակցական կապեր, միևնույն հավատալիքներ) շուրջ  համախմբված և կոլեկտիվ կենցաղ վարող հանրույթների միջև նույնպես փոխհարաբերվելու և ոչ մի այլ սկզբունք չէր գործում, բացի ուժի գործոնից:

Գրոտիուսը, խոսելով բնական իրավունքի մասին, զարգացնում էր այն միտքը, որ վերջինս հանդիսանում է մարդկային բնության անքակտելի մասնիկը: Իսկ մարդկային բնության արարման հեղինակը ողջ գոյի Արարիչն է: Հայսմ՝ իրավունքը ներդրված է մարդ արարածի էության մեջ: Միով բանիվ՝ Գրոտիուսը բնական իրավունքը սահմանում էր իրավունք բառի բուն իմաստով, այն է՝ հատկացնել ուրիշներին այն, ինչը արդեն նրանց է պատկանում և կատարել նրանց նկատմամբ՝ մեզ վրա դրված պարտականությունները:

Սակայն, ինչպես գիտենք, մարդուն բնության մեջ գոյություն ունեցող կենդանական աշխարհի մյուս բոլոր ներկայացուցիչներից առանձնացնող ամենաէսսենցիալ հատկորոշիչը բանականությամբ օժտված լինելու, չափազանցված չի լինի ասել, մեծագույն պարգևն է: Այստեղից ծագում է մարդուն ի վերուստ տրված երկրորդ մեծագույն արժեքը՝  ընտրելու իրավունքը, այլ կերպ՝ ազատությունը: Եվ համամարդկային այս արժեքներին հղում անելով է, որ Ռուսոն բացատրում է մարդկության թևակոխումը որակապես նոր՝ առաջինից էապես տարբերվող փուլ՝ բանականության դարաշրջան: Այժմ արդեն մարդկային հանրույթի կենսակերպը (իր տարասեռ ձևաչափերով հանդերձ) բնութագրող առանցքային հատկանիշը բանականությունն  է: Ռուսոյի խորին համոզմամբ՝ բանականության, մարդու՝ բանական էակ լինելու հանգամանքը, անխուսափելիորեն հանգեցնում է մարդկային մի նոր կատեգորիայի առաջացմանը, որը մենք կոչում ենք բարոյականություն, բարոյախոսություն, էթիկա (la moralitè): Փաստորեն՝ ըստ մեծագույն փիլիսոփայի՝ բանականությունը ծնում է բարոյականություն: Սակայն եթե բանականություն կոչվածը կարող ենք ձևակերպել որպես մարդ անհատի մտածելու, խոսելու, խորհելու, վերլուծելու և ըստ այդմ` գործելու հատկություն, ապա ի՞նչ ասել է բարոյականություն: Ռուսոն այն դիտարկում է մարդ անհատի՝ իր կատարած քայլերի, գործողությունների համար պատասխանատվություն կրելու գիտակցությունը և պատրաստակամությունը՝ համապատասխան տվյալ հանրույթի կողմից մշակված և համընդհանուր ընդունելիության արժանացած նորմերի: Համակարծիք ենք այն մտքի հետ, որ բարոյական ընկալումները պայմանավորվում են գեղագիտական ճաշակով, գիտելիքներով և փորձով: Հետևաբար  բարոյականության համար գոյություն չունեն ընդհանուր սահմաններ, այստեղ ամեն ինչ չափազանց հարաբերական է: Ինչևէ, չշեղվելով նյութի տրամաբանությունից՝ արձանագրենք, որ մարդկային հանրույթը, հաղթահարելով բնական իրավունքի փուլը, որտեղ ըստ էության գործում էր «ուժեղի մոտ միշտ թույլն է մեղավոր»  հայտնի դարձվածքը, մուտք է գործում  նոր պատմական դարաշրջան, որտեղ հասարակությունը անհատական և խմբային մակարդակներում ձեռք է բերում մի նոր արժեհամակարգ, որտեղ կենտրոնականը ոչ թե ուժի գործոնն էր, այլ սեփական արարքների համար պատասխանատվության կանչվելու գիտակցումը: Յուրաքանչյուր հանրույթ իր ինքնագիտակցությանը հարիր  չափույթներով մշակում է համընդհանուր կիրառման համար սահմանված նորմեր, որոնք պետք է ծառայեն իբրև ուղեցույց իր կենսառիթմերի անխափան գործունեությունն ապահովելու հարցում: Միջհանրութային, միջէթնիկ հարաբերությունների տիրույթում նույնպես մշակվում են համընդհանուր ընդունելիության արժանացած սկզբունքներ:

Սակայն այստեղ հարց է առաջանում. իսկ ի՞նչ պետք է անել, երբ հանրույթի որևէ անդամ պարզապես հրաժարվում է հետևել սահմանված կանոներին:  Ահա այստեղ է, որ ի հայտ է գալիս հասարակական դաշինք կնքելու պատմական անխուսափելի անհրաժեշտությունը: Այսինքն՝ փոխադարձ շահերից, ինչպես նաև անվտանգության ապահովման նկատառումներից  ելնելով` մարդիկ համաձայնության են գալիս և կնքում հասարակական դաշինք: Իբրև այս ամենի արդյունք՝ ստեղծվում է քաղաքացիական իշխանությունը և դրա անմիջական կրող ինստիտուտը՝ պետությունը: Այս վերջինիս ուսերին էլ դրվում է տվյալ  սոցիումի անդամների միջև փոխադարձ համաձայնությամբ կնքված հասարակական դաշինքի անխափան կենսագործունեության ապահովման ողջ պատասխանատվությունը: Փաստորեն, ինպես արդարացիորեն նկատել են Գրոտիուսը, Ռուսոն և այլք, ստացվում է, որ պետություն ստեղծելիս մարդիկ առաջնորդվել են կոնկրետ շահադիտական նկատառումներով: Մարդիկ պետական ինստիտուտին հոժարակամ օժտում են իրենց նկատմամբ հարկադրանքի ուժ կիրառելու բարձրագույն իրավունքով՝ փոխարենը նրանից պահանջելով ապահովել իրենց ֆիզիկական անվտանգությունը և ապրելու համար անհրաժեշտ մյուս նախապայմանները: Եվ անկախ պետական կառավարման ձևերից՝ միապետական, ազնվապետական, թե ժողովրդավարական, պետության հիմնական գործառույթը մինչ օրս շարունակում է հանդիսանալ հասարակական դաշինքի սկզբունքների և հիմնական կետերի պաշտպանության երաշխավորումը:

Պետք է նշել, որ Ռուսոն ի սկզբանե դեմ է արտահայտվել ինչպես քաղաքակրթության (civilization) երևույթին, այնպես էլ պետության ինստիտուտին՝ դրանք դիտարկելով որպես մարդկային հանրույթի ներդաշնակ գոյությունը խոչընդոտող և խեղող արատավոր եղելույթներ: Իր «Émile ou de l’éducation» աշխատության մեջ նա այն միտքն է զարգացնում, որ ժամանակային առումով ընդամենը մեկ սերնդի ընթացքում հնարավոր  և իրատեսական է այնպիսի հասարակություն ձևավորել, որ վերջինիս կյանքում պետության դերն ու նշանակությունը հասնի նվազագույնի կամ ընդհանրապես վերանա: Ռուսոյի այս գաղափարը գուցե շատերին թվա ուտոպիստական, ուստի և իբրև հակափաստարկ  կդիտարկենք Բելգիայի օրինակը արդեն մեր օրերում: 2010 թ.-ի հունիսի 3-ից մինչև 2011 թ.-ի հոկտեմբերի 11-ը եվրոպական այս երկրում փաստացի չի գործել կառավարություն: Բայց դա անգամ չնչին կերպով չի անդրադարձել տվյալ հանրույթի ներհասարակական որևէ գործառույթի բնականոն ընթացքի վրա: Սա ոչ այլ ինչ է, եթե ոչ գործնական ապացույց  Ռուսոյի վերը հիշատակած գաղափարի: Ճիշտ է` ինչպես այժմյան Եվրոպայում, այնպես էլ մյուս տարածաշրջաններում տիրող քաղաքական և հասարակական զարգացումների ֆոնին միգուցե և Բելգիայի օրինակը բացառիկ երևույթ է, այնուամենայնիվ, այն գալիս է ապացուցելու, որ անհրաժեշտ կամքի և հասարակական գիտակցության մակարդակի պայմաններում Ռուսոյի այս տեսլականը կարող է լինել հնարավոր ապագայի տարբերակներից մեկը:

Հասուն տարիքում, սակայն, ընդհանուր առմամբ հավատարիմ մնալով իր այս գաղափարներին՝ նա ընդունում է, որ առկա գիտակցական մակարդակում պետության ինստիտուտը անհրաժեշտ է՝ իբրև հասարակական դաշինքի ապահովման միջոց: Դրանից զատ նա գտնում է, որ պետության համար առաջին խնդիրը պետք է լինի հետևյալը. թույլ չտալ, որ պետական ապարատը վերածվի հասարակական որևէ խավի կամ մարդկանց խմբի նեղ, խմբային շահերը սպասարկող գործիքի: Սրան հասնելու համար սոցիումի անդամները պետք է հասնեն այն գիտակցական մակարդակին, որ պետական շահը գերադասեն մասնավոր շահից՝ հասկանալով, որ իրականում  մասնավոր շահը լավագույնս դրսևորվում է հենց պետական ընդհանուր շահի ծիրում:

Իրավաստեղծի  ինստիտուտը

Վերոշարադրյալից կարող ենք արձանագրել հետևյալը. պետությունը հանդիսանում է հասարակական դաշինքի անմիջական արգասիքը՝ միևնույն ժամանակ իր ուսերին վերցնելով  վերջինիս անխափան և ներդաշնակ գործունեության ապահովման դժվարին գործընթացի երաշխավորի դերը: Եվ որպեսզի պետական մեքենան հաջողությամբ իրականացնի իր այս առաքելությունը՝ անհրաժեշտություն է առաջանում մշակել և ստեղծել ընկերային համակեցության կենսառիթմերը կառուցարկող, կանոնակարգող և անխափան ընթացքը ապահովող այնպիսի օրենքներ ու իրավական նորմեր, այն է՝ հասարակական դաշինքի՝ համընդհանուր ընդունելիության արժանացած սկզբունքներ, որոնք կբխեն ընդհանուրի կամքից և կծառայեն այդ նույն ընդհանուրի շահերին: Այստեղ է, որ ի հայտ է գալիս պետական, երևի թե ամենակարևոր ինստիտուտի՝ իրավաստեղծ մարմնի առաջացման հրամայականը: Ռուսոն, խոսելով հանրույթի ներդաշնակ կենսակերպի ապահովման գործընթացում այս մարմնի դերի և նշանակության մասին, նրան էր վերապահում կարևորության և պատասխանատվության ամենաբարձր աստիճանը: Հայսմ՝ օրենքներ մշակելու շնորհը նա համարում էր աստվածային պարգև, իսկ օրենքներ մշակողներին՝  մարգարեներ կամ սրբեր: Այս ամենով հանդերձ, սակայն, ըստ Ռուսոյի՝ վերջիններիս կողմից կազմված իրավական նորմերը պետք է դրվեն համընդհանուր քվեարկության և միայն ընդհանուրի (կամ գոնե նրա մեծամասնության) համաձայնությունը ստանալուց հետո կյանքի կոչվեն: Այսպիսով՝ Ռուսոն իրավաստեղծի ինստիտուտին շնորհելով իրավական նորմեր ստեղծելու և մշակելու պատիվը, մյուս կողմից զրկում էր նրան դրանք միանձնյա կիրառելու իրավունքից, այն է՝ վերջիններիս կողմից մշակված յուրաքանչյուր նորմ մինչ պարտադիր կիրարկումը պետք է դրվեր համազգային քվեարկության:  Այստեղ հարկ ենք համարում հիշատակել, որ ընտրական համակարգի վերոհիշյալ մեխանիզմը մեր օրերում կիրառվում է Շվեյցարիայում, որտեղ համազգային նշանակության ցանկացած որոշում մինչ գործնականում կիրառվելը դրվում է համազգային քվեարկության:

Ակամայից հարց է ծագում՝ ինչո՞վ է բացատրվում Ռուսոյի` նման ակնածալից վերաբերմունքը դեպի իրավաստեղծի ինստիտուտը: Ինչպես արդեն  նշել ենք, ըստ Ռուսոյի` բարոյականության ակունքը բանականությունն է, որի դրսևորման բարձրագույն մակարդակը ձևավորված քաղաքացիական հասարակությունն է, որն էլ իր հերթին  ապահովում է  բանականության ինքնադրսևորման և ինքնարտահայտման համար անհրաժեշտ բոլոր նախադրյալները: Իսկ քաղաքացիական հասարակությունների կերտման գործընթացում առանցքային դերը պատկանում է օրենսդիր մարմնի ներկայացուցիչներին: Այս տեսանկյունից օրենսդիրները դադարում են հանդես գալ որպես զուտ օրենքներ գրողներ, դատավորներ կամ քաղաքական գործիչներ: Նրանց կողմից ներհասարակական կյանքի ամենատարբեր ոլորտների կարգավորմանը միտված  իրավական նորմատիվների մշակումը սոցիումի կյանքում կատարում է շատ ավելի՝ աննախընթաց կարևորությամբ օժտված գործառույթ: Քանզի այդ իրավական ակտերն են, որ վերջնական հաշվով ձևավորում են տվյալ հանրույթի  ընդհանրական նկարագիրը և վերջինիս՝ բարոյական ընկալումների չափույթները: Փաստորեն հանրության բարոյական ինքնագիտակցության չափորոշիչները կերտում են նույն այդ օրենսդիր մարմնի ներկայացուցիչները: Ինչպես համոզվեցինք, իսկապես վերջիններիս վիճակված է ունենալ կարևորագույն դերակատարություն հասարակությունների բնութագրիչների ձևավորման գործում:

Եզրահանգում

Ի մի բերելով և ամփոփելով կարող ենք առանձնացնել պետություն ինստիտուտի հետևյալ երկու՝ մեր կարծիքով ամենակարևոր գործառույթները.

  1. Հասարակական դաշինքի սկզբունքների, էսսէնցիալ գաղափարների և էութենական նորմերի պաշտպանությունը և կիրարկումը առօրյա կյանքում, որի նպատակը և վերջնարդյունքը պետք է լինի ներհասարակական կյանքի անխափան և ներդաշնակ զարգացման ապահովումը:
  2. Հանրույթի անդամների ֆիզիկական անվտանգության և իր քաղաքացիների ու մարդու հիմնարար իրավունքների պաշտպանության ապահովումը:

Ճիշտ է՝ Ռուսոն համարում էր, որ այդ ամենին մարդկային հանրույթը կարող է հասնել և առանց պետության ինստիտուտի առկայության՝ վերջինս անգամ դիտարկելով իբրև բացասական և խոչընդոտող երևույթ դեպի հարմոնիա և օրենքի բացարձակ գերակայություն տանող ճանապարհին: Այսուհանդերձ՝ նա ևս ստիպված էր ընդունել այն փաստը, որ մարդկային հասարակության գիտակցական զարգացվածության առկա մակարդակը թույլ չի տալիս ապահովել վերոնշյալ կետերի բովանդակությունը առանց պետության և նրա բաղկացուցիչ մասնիկը հանդիսացող պետական ինստիտուտների, այն է՝ առանց հարկադրանքի ուժ կիրառելու տեսական հնարավորության: Ինչպես նշվել էր՝ բռնություն կիրառելու բացառիկ իրավունքը պետության գլխավոր հատկորոշիչներից մեկն էր:

Այսպիսով՝ պետության ինստիտուտի առկայությունը մեր օրերում անհրաժեշտ և  հրամայական  նախապայման է ազգի խաղաղ և անվտանգ գոյության, ինչպես նաև հնարավոր զարգացման ճանապարհին:

Իրավաստեղծի ինստիտուտը հայկական իրականության մեջ

Ինչպես գիտենք, սույն թվականի ապրիլի երկուսին ՀՀ-ում  տեղի ունեցան  վեցերորդ գումարման Ազգային ժողովի ընտրությունները: Ընտրություններին մասնակցում էին հինգ կուսակցություններ, ինչպես նաև չորս դաշինքներ: Վերլուծության՝ մեր առջև դրված հիմնական նպատակներից չշեղվելու նկատառումով՝ ավելորդ ենք համարում խորանալ ընտրական գործընթացների մանրամասների մեջ: Սակայն ՀՀ քաղաքական դաշտում տիրող ընդհանուր պատկերը ըմբռնելու նպատակով դիտարկենք ՀՀ նորընտիր «քաղաքական էլիտայի» ներկայացուցիչների ունեցած պատկերացումները «պետության» ինստիտուտի և նրա «առաքելության» վերաբերյալ՝ այդ ընթացքում մտապահելով պետության մասին ռուսոյան պատկերացումները: Հիշենք վեցերորդ գումարման Ազգային ժողովի ընտրություններում ամենից շատ ձայներ (770 441 քվե) հավաքած Հանրապետական կուսակցության համամասնական ցուցակում յոթերորդ հորիզոնականը զբաղեցնող Էդուարդ Շարմազանովի հարցազրույցը՝ նվիրված բանակի  և զինծառայողների կարիքների համար 1000-ական  դրամ գանձելու բանաձևի քննարկմանը: Նա, իր խոսքում անդրադառնալով ՀՀ ԶՈՒ-ում կաշառակերության և կոռուպցիայի մասին բազմաթիվ քաղաքացիների հնչեցրած ահազանգերին, տագնապներին և անհանգստություններին, ասաց հետևյալը. «ով էդ գումարից մի լումա գողացավ, նա շան տղա է»: Նմանատիպ այլ օրինակ. նույն Հանրապետական կուսակցության ռեյտինգային ցուցակով Ազգային ժողով անցած մեկ այլ պատգամավորի՝ Սեյրան Սարոյանի ելույթը  նախորդ գումարման Ազգային ժողովում նույն հարցի շուրջ՝ «Հլա ես չեմ տեսել, որ զինվորի հաց գողցողները հանկարծ կրակի մեջ չընկնեն: Կամ իրանց էրեխեքը նարկաման են դառնում, կամ ղումարբազ, կամ էդ փողերը կազինոներում քամուն են տալիս․․․ընենց որ՝ էտի թողեք Աստծո հույսին: Ավելի լավ ա Աստված պատժի, քանց թե դատախազը»: Այսօրինակ բովանդակությամբ ելույթներ ու ճառեր որքան ուզենք, կարող ենք գտնել մեր օրենսդիր մարմնի ներկայացուցիչների մոտ: Եթե հաշվի առնենք այն հանգամանքը, որ սահմանադրական փոփոխությունների արդյունքում այսուհետ միայն Ազգային ժողովին է վերապահվել իրավաստեղծի գործառույթը (մինչ այդ կառավարությունը նույնպես իրավունք ուներ հանդես գալու իրավաստեղծ առաջարկություններով), ապա պարզ է դառնում, թե ինչ մեծ է Ազգային ժողովի դերն ու ազդեցությունը հասարակական և պետական-քաղաքական կյանքի  ամենատարբեր բնագավառների կառուցարկման գործընթացում: Իսկ այդ ամենի ֆոնին չափազանց անհանգստացնող է օրենսդրի անդամների ինտելեկտուալ, գիտակցական և կրթական մակարդակը: Մարդիկ, ովքեր  պետք է զբաղվեն պետա-իրավական նորմեր և հարացույցեր մշակելու դժվարին գործով՝ միտված հասարակական դաշինքի արդյունավետության ապահովմանը, և ներկայացնեն դրանք համազգային քննարկման, Աստծո հույսին են թողնում այն, ինչը իրականում հանդիսանում է «պետության» ինստիտուտի գերխնդիրներից մեկը: Պետության  կարևոր գործառույթի, այն է` հասարակական դաշինքի՝ համընդհանուր ընդունելիության արժանացած սկզբունքները խախտողներին պատասխանատվության կանչելու փոխարեն օրենսդիրները բավարարվում են «գողցողների վրա քֆուր դնելով»:

Հայ իրականության մեջ 18-րդ դարի երկրորդ կեսից նոր-նոր ծիլեր արձակող լուսավորչական շարժումը ներքին և արտաքին մի շարք պատճառների հետևանքով չունեցավ իր տրամաբանական զարգացումը և ավարտը, շեղվեց իր բնականոն հունից,  և արդյունքում՝ կարելի է ասել դեռ չսկսված՝ մարեց: Ասվածի լավագույն ապացույցն է 1770-ական թթ. Հնդկաստանի Մադրաս քաղաքում գործունեություն ծավալած խմբակի ճակատագիրը: Մեկնարկը կարծես թե խոստումնալից էր. կազմվեցին ժամանակի տեսանկյունից առաջադիմական և ազատական գաղափարների վրա հիմնված այնպիսի  աշխատություններ, ինչպիսիք են «Նոր տետրակ, որ կոչի հորդորակը» և «Որոգայթ Փառացը»: Եթե վերոնշյալ աշխատություններում տեղ գտած գաղափարները կյանքի կոչվեին, ապա դրանց հիման վրա ստեծվելիք պետությունը աշխարհում կլիներ առաջինը, որտեղ կտիրեին կառավարման  հանրապետական կարգերը: Սակայն դրանք իրենց հետագա զարգացման և տարածման համար անհրաժեշտ հող չգտան ինչպես Հնդկաստանի և այլ հայկական գաղթօջախներում, այնպես էլ  բուն հայրենիքում, որտեղ մի շարք օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներով հասարակական-քաղաքական միտքը զարգանում էր ֆիդայական (հայդուկային) պայքար ծավալելու գաղափարների ուղղությամբ:

Արդյունքում՝ հայ հասարակական–քաղաքական միտքը չկարողացավ հասնել այն մակարդակի, որ ի վիճակի լիներ հայ ժողովրդի բոլոր շերտերին հրամցնել մեկ միասնական գաղափարական հիմք, այդպիսով ստեղծել կուռ, գաղափարների վրա հիմնված հանրույթ և ապա նոր միայն ողջ ներուժով լծվել ազգային-ազատագրական պայքարի: Լուսավորչական շարժման մարումը հայ իրականության համար ունեցավ  ծանր հետևանքներ, որոնց ազդեցությունը զգալի է նաև մեր օրերում: Սակայն ստեղծված  իրավիճակը փոփոխելու լուրջ նախադրյալներ են ի հայտ եկել 1991 սեպտեմբերի 21-ին հայոց պետականության վերականգնումով, որի ամենամեծ և խոստումնալից ձեռքբերումը անկախության սերունդն է. մի սերունդ, որի ներկայացուցիչները օժտված են անհրաժեշտ կամքով, գիտելիքներով և տիրապետում են հարուստ պատմական փորձի՝ սկսելու հայ լուսավորչական շարժման «հաջորդ փուլը» և որ ամենակարևորն է` այն հասցնելու սպասված և հաղթական ավարտի:



Գրականություն

  1. Jean Jacques Rouseau, «Du Contrat Social ou Principes du droit politique», 1762,http://classiques.uqac.ca/classiques/Rousseau_jj/contrat_social/contrat_social.html
  2. Jean Jacques Rouseau, «Émile ou de l’éducation», 1762, https://archive.org/details/mileoudeldu02rous.
  3. Emile Or Education by J.J. Rouseau, Translated by Barbara Foxley, http://oll.libertyfund.org/titles/rousseau-emile-or-education
  4. Աննա Խաչյան, Հուգո Գրոտիուսի իրավաքաղաքական ուսմունքը// Անհատը պատմության հոլովույթում, գիտաժողովի նյութերի ժողովածու, Երևան, 2015:
  5. Hugo Grotius, the law of War and Peace, Paris 1625. http://oll.libertyfund.org/titles/grotius-the-rights-of-war-and-peace-1901-ed
  6. James Wilford Garner, Political Science and Government, New York, 1928, /www.questia.com/read/348726/political-science-and-government
  7. http://ml.berkeley.edu/~saez/course/carneiro70.pdf
  8. Joseph Zarri, Aristotel’s Theory of the Origine of the State, 1948, http://www.scholardarity.com/?page_id=2410


Հեղինակ` Հայկ Փայտյան (Hayk Paytyan): © Բոլոր իրավունքները պաշտպանված են: