Եհովայի վկաները և Հայաստանը. մաս 2-րդ

Photo: Jw.org
Photo: Jw.org

Եհովայի վկաների վարքային առանձնահատկությունների մասին

Եհովայի վկաները, կրոնական համոզմունքներից ելնելով, հրաժարվում են ալոգենային (ուրիշից վերցված) արյան փոխներարկումից` դա փորձելով հիմնավորել աստվածաշնչյան որոշ կանոններով: Պատմությունը լի է արյան փոխներարկում չկատարելու պատճառով եհովականների ընտանիքում մահվան դեպքերով: Ցավոտ է խնդիրը հատկապես այն ժամանակ, երբ ծնողները չեն թողնում արյան անհրաժեշտ փոխներարկում կատարվի նաև իրենց փոքրիկ զավակի կյանքը փրկելու ժամանակ: Հայտնի են արյան փոխներարկում չկատարելու պատճառով մահվան դեպքեր նաև Հայաստանում: Անդրադառնանք դրանցից «ամենաթարմին»: 

2013 թ.-ի փետրվարի 17-ին Կարեն Զխկրյանը իր սեփական մեքենայով վրաերթի է ենթարկել երկու քաղաքացու՝  հետիոտններ Թերեզա եւ Նաիրի Ուղուլյաններին, որոնցից Նաիրի Ուղուլյանը ստացել է մարմնական վնասվածքներ, սակայն առողջացել է, իսկ Թերեզա Ուղուլյանը մահացել է: Այս կապակցությամբ էլ Կարեն Զխկրյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 242 հոդվածի երկրորդ մասով եւ 244 հոդվածով: Հետաքննության ընթացքում պարզ է դարձել, որ Թերեզայի մահվան պատճառ է հանդիսացել արյան կորուստը: Անգիտակից ժամանակ նրան ներարկվել է արյուն, բայց գիտակցության գալով հավատարիմ Եհովայի վկան հրաժարվել է կյանքի համար խիստ անհրաժեշտ արյան երկրորդ փոխներարկումից, որն էլ դարձել է մահվան պատճառ: Վարորդը մեղադրվում էր մահացու վնաս հասցնելու մեջ, որը հանգեցրել է մահվան: Աշխարհում բազմաթիվ են «Դիտարանի» ընկերության անդամների վարքային նման դրսևորումները:

    Եհովայի վկաների մի այլ վարքային առանձնահատուկ դրսևորում է այն, որ նրանք չեն նշում նաև մի շարք տոներ (ծնունդ, Նոր տարի և այլն)՝ համարելով դրանք հեթանոսական ծագում ունեցող: Նրանք միայն մեծ շուքով տոնում են Հիսուս Քրիստոսի մահվան հիշատակի երեկոն: Նրանք նաև չեն մասնակցում ընտրություններին, մերժում են պետական ու ազգային խորհրդանիշները (օրինակ`դրոշ, օրհներգ): Նրանք որոշակիորեն դեմ են նաև բարձրագույն կրթություն ստանալուն՝ համարելով, որ դա խանգարում է Եհովային ծառայություն մատուցելիս: Մի այլ անընդունելի իրողություն է այն, որ նրանք հրաժարվում են զենք կրելուց և այն պաշտպանական նպատակներով օգտագործելուց՝ համարելով, որ պատմական բոլոր ժամանակներում երկրագնդի վրա սատանան զինվորականների միջոցով մեծագույն չարագործություններ է կատարել: Այս թեմայի վերաբերյալ Արմեն Պողոսյանը իր՝ «Պատասխան Եհովայի վկաներին» գրքում գրում է. «Մեկ այլ բան է, երբ չար մտադրությամբ, նախահարձակ լինելով, զենքով սպանություն են գործում և ուրիշի ունեցվածքին տիրում, ու բոլորովին այլ բան, երբ մարդ այդ ամենից պաշտպանվելու համար է զենք վերցնում: Նույնն է պարագան նաև ազգերի և պետությունների համար»:

    Անհրաժեշտ ենք գտնում նշել, որ համաձայն Եհովայի վկաների պաշտոնական կայքում տեղ գտած տեղեկության՝ վերջին 22 տարիների ընթացքում Հայաստանում ավելի քան 450 Եհովայի վկաներ ազատազրկման են ենթարկվել զինծառայությունից խուսափելու հետևանքով:

    Փաստորեն, Եհովայի վկաները պատրաստակամ են անհոգ ու ժպիտով դիմավորելու իրենց հողն ու բնակավայրը («Հայրենիք» չենք նշում, քանի որ նրանք դա էլ չեն ընդունում) գրավել ու ավերել ցանկացողներին:

    Գրեթե  ամեն օր ազգովի լսում  ենք մեր փոքրիկ հողակտորի տարբեր կողմերում մարտական ծառայություն իրականացնող տղերքի մահվան կամ վիրավորվելու գուժկանը, որն անդադար հուշում է մեզ այն մասին, որ իրական խաղաղությունը չէ, որ տիրում է մեր երկրում, և ամեն պահի կարող է բռնկվել պատերազմը, որը հաղթությամբ պսակել կկարողանանք միմիայն ազգային միասնության և անձնուրաց, նվիրական պայքարի պարագայում: Եվ այստեղ մի նուրբ հարց է առաջանում՝ ինչպես են վարվելու պաշտոնական գրանցված 11500 եհովականները, երբ յաթաղանը հերթական անգամ սպառնա մեր ժողովրդին. հարվածելու՞ են մեզ մեջքից, կուչ եկած սպասելու՞ են, լքելու՞ են երկիրը (մեր հաղթանակից հետո վերադառնալու և մեզ «լուսավորելու» հեռանկարով), թե՞…

    Այսքանից հետո ևս մեկ անգամ անհրաժեշտ ենք համարում ընդգծել, որ Եհովայի վկաները Հայաստանում հակապետական դաշտ ձևավորելու գործում զգալի ներդրում են ունենում։

 

Բայաթյանն ընդդեմ Հայաստանի: Հետևանքները

    ՀՀ քաղաքացի Վահան Բայաթյանը վկա էր դարձել ու մկրտվել 16 տարեկանում: 18 տարին լրանալուն պես նա պետք է զորակոչվեր  ազգային բանակ՝ իր «խղճի և ազատության» պարտքը մատուցելով պատերազմական անկայուն վիճակում գտնվող իր հայրենիքին: Բայց Վահանը սկսում է նամակներ գրել Հայաստանի պետական մարմիններին՝ նշելով, որ զինվորական ծառայությունը դեմ է իր խղճին ու կրոնական համոզմունքներին՝ ցանկություն հայտնելով դրա փոխարեն կատարել այլընտրանքային քաղաքացիական ծառայություն: Սակայն շուտով երիտասարդը ձերբակալվում է զինվորական ծառայությունից խուսափելու մեղադրանքով և 2003 թվականին դատապարտվում է ազատազրկման 2.5 տարի ժամկետով:

     2001 թվականից Հայաստանը անդամակցում է Եվրախորհրդին, ինչն իրավունք է տալիս ՀՀ քաղաքացիներին անհրաժեշտության դեպքում օգտվել նաև ՄԻԵԴ-ից (Մարդու իրավունքների եվրոպական դատարան): Հավանաբար վկաների ամբողջ կառույցի աջակցությունը ունենալով՝ արդեն պատիժը կրած Բայաթյանը դիմում է ՄԻԵԴ՝ նշելով, որ  զինծառայությունից կրոնական հայացքների պատճառով հրաժարվելու իր իրավունքը խախտվել է: 2009թ. հոկտեմբերին ՄԻԵԴ-ի որոշումը Վահանի օգտին չի լինում, նա հերթական անգամ դատի է տալիս Հայաստանին՝ դիմելով առանձնահատուկ գործեր քննող ՄԻԵԴ-ի Մեծ պալատ: 2011թ. հուլիսին Ստրասբուրգում (Ֆրանսիա) ՄԻԵԴ-ի Մեծ պալատը 16 կողմ և 1 դեմ ձայների մեծամասնությամբ վճռում է, որ Հայաստանը ոտնահարել է Բայաթյանի խղճի ազատության իրավունքը` դատապարտելով և բանտարկելով նրան համոզմունքի հիմնավորվամբ զինծառայությունից հրաժարվելու պատճառով: Որպես փոխհատուցում՝ վճար է սահմանվում  20000 եվրո, որը կարճ ժամանակ անց փոխհատուցվում է ՀՀ բյուջեից՝ «հյուրասեր» հող ստեղծելով Բայաթյանի գաղափարակից ընկերների համար: Այս իրադարձությանը հաջորդում են ևս մի քանի նմանատիպ աղմկահարույց դատավարություններ: Նշանակալի են հատկապես «Բուխարատյանն ընդդեմ Հայաստանի»  և «Ծատուրյանն ընդդեմ Հայաստանի» դատավարությունները: Արդյունքում Հայաստանի կառավարությունը ստիպված կլինի ՀՀ պետբյուջեյից շուրջ 112 հազար եվրո փոխհատուցել 17 այդպիսի բողոքով հանդես եկած Եհովայի վկաների:

    Հավանաբար արտաքին ուժերի լայն ներգործությամբ 2013թ. հունիսի 8-ին օրենքի նոր փոփոխություններ են մտնում ուժի մեջ, որոնք հնարավորություն են տալիս Եհովայի վկաներին ՀՀ-ում այլընտրանքային ծառայություն իրականացնել: Փաստացի արդեն այսօր Եհովայի վկաների նկատմամբ  զինծառայությունից խուսափելու համար որևէ պատժամիջոց  չկա: Օրենքի «լրացման» նախագիծը ներկայացվել էր ՀՀ կառավարության կողմից, որի նպատակն էր «վերացնել գործող օրենքում առկա մի շարք թերությունները»՝ հաշվի առնելով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ Հայաստանի դեմ կայացված որոշումները և Վենետիկյան հանձնաժողովի եզրակացությունը։ «Այլընտրանքային ծառայության մասին» ՀՀ օրենքն ընդունվել էր 2003 թ.-ին և գործողության մեջ մտել 2004թ.-ից։ Նման օրենք ունենալը Հայաստանի համար Եվրախորհրդի առջև ստանձնած հերթական պարտավորություններից էր։ Այդ պարտավորությունները իրենց վերջնական տեսքը ստացան 2013-ի փոփոխություններից հետո: 2013 թ.-ի նոյեմբերի 12-ին Հայաստանի կառավարությունը ազատ արձակեց վերջին 14 Եհովայի վկաներին, ովքեր բանտարկված էին զինծառայությունից հրաժարվելու մեղադրանքով։  Անցած 22 տարիների ընթացքում ազատազրկվել էին ավելի քան 450 երիտասարդ վկաներ։ Այժմ Հայաստանի կալանավայրերում այլևս ոչ մի Եհովայի վկա չկա։ Բավական չէ այն, որ օտար ուժերի ճնշմամբ ՀՀ կառավարությունը սկզբից ընդունեց, այնուհետև ամբողջովին համաձայնեցրեց «եվրոպական ստանդարտներին» իր ընդունած օրինագիծը՝ նպաստելով եհովականների սահուն գործունեությունը ՀՀ-ում, բացի այդ՝ 17 վկաների շուրջ 112 հազար  եվրո փոխհատուցեց տարբեր դատավարությունների հետևանքով, որոնց համար նախահիմք դարձավ Բայաթյանի դատական գործը:

Վերջաբանի փոխարեն

   Հաջորդ հոդվածներում կանդրադառնամ վկաների գործունեությանը այլ երկրներում՝ հատկապես վերլուծելով  Ռուսաստանի  և Ադրբեջանի համայնքների գործունեությունը: Այս 2 երկրներում էլ վկաներին օրենքով արգելել են գրականություն տարածելը:  Ադրբեջանում բազմաթիվ են վկաների հետ կապված սկանդալային դեպքերը, նշանակալի է հատկապես այն, որ որոշ լրատվականներ հրապարակում են նյութեր, համաձայն որոնց՝ վկաներին համարում են «ֆինանսավորվող Հայ առաքելական եկեղեցու կողմից»:

    Վերլուծությունը պատրաստելիս փորձել եմ հնարավորինս անկողմնակալ վարք դրսևորել, զուգորդված ներկայացրել ենք իրողությունները՝ ենթադրությունների մեծ մասը թողնելով ընթերցողին:

    Ցանկանում եմ նշել, որ սույն վերլուծությամբ հակված չեմ թշնամանք առաջացնել «Դիտարանի» ընկերության ներկայացուցիչների նկատմամբ, փորձել եմ խնդիրները դիտարկել ազգային անվտանգության դիտանկյունից: Երկար դարերի ընդհատումից հետո ազգային պետություն ունենալու պարգևը ցանկացածիս հպարտությունը պետք է լինի, իսկ իր հայրենիքը շենացնելը ու միասնական  պահելը՝  բոլորիս առաջնային նպատակը:

ՕԳՏԱԳՈՐԾՎԱԾ  ԳՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ  ՑԱՆԿ

  1. Ղևոնդ Մայիլյան, «Ժամանակակից աղանդները Հայաստանում»:
  2. Ջոշ Մաք Դաուել, Դոն Ստուարտ «Մոլորեցնողները»:
  3. Արմեն Պողոսյան, «Պատասխան Եհովայի վկաներին»:
  4. Դիտարանի ընկերության հրատարակած` «Օգուտներ քաղիր Աստվածապետական ծառայության դպրոցից»։
  5. gov.am
  6. jw.org
  7. religions.am

Հեղինակ՝ Էդգար Վարդանյան (Edgar Vardanyan): © Բոլոր իրավունքները պաշտպանված են:


Ընթերցեք նաև

Եհովայի վկաները և Հայաստանը․ մաս 1֊ին