Պետության մեջ տեղի ունեցող քաղաքական երևույթների շարքում ժողովրդավարական քաղաքական համակարգի առանցքը կազմող ընտրական գործընթացները ենթակա են առանձնահատուկ ուսումնասիրության: Եթե խնդիրը դիտարկենք հասարակության ժողովրդավարացման դիրքերից, ակնհայտ է, որ ընտրական ինստիտուտի յուրահատկությունները մեծապես պայմանավորվում են համապատասխան սոցիալ-քաղաքական գործոնների, քաղաքական մշակույթի, հանրային մենթալիտետի ու նորմատիվ-արժեքային համակարգի ազդեցությամբ: Եվ քանի որ ընտրական վարքի ուսումնասիրությունը կարևոր տեսական ու կիրառական նշանակություն ունի հատկապես ընտրարշավների կազմակերպման ու անցկացման, բուն ընտրական գործընթացների ու ընտրությունների արդյունքների կանխատեսման համար, ընտրական վարքի վրա նշված գործոնների ազդեցությունը հաշվի առնելը դառնում է առաջնային:
# AcoyaTalks
Որպեսզի քաղաքացիները (ընտրողները) կատարեն ընտրություն, կուսակցության թեկնածուի ճանաչվելն ու գնահատվելը քաղաքացիների կողմից դառնում է անհրաժեշտություն, ինչի համար էլ գոյություն ունի նախընտրական արշավ (ընտրարշավ) ասվածը: Այն կարելի է դիտարկել որպես որոշակի գործողությունների ամբողջություն, որոնց վերջնական նպատակը թեկնածուի`կուսակցության օգտին հնարավորինս շատ քվեներ ապահովելն է: Սրա արդյունավետ իրականացման համար անհրաժեշտ է տալ այն հարցերի պատասխանները, թե ինչպիսի առավելություններ ու թերություններ ունեն առաջադրված սուբյեկտները, ովքեր են կողմ քվեարկելու, ինչու պետք է մարդիկ ընտրեն այս կամ այն թեկնածուին: Արդյունքում՝ իրավիճակին համապատասխան վերլուծություններ են իրականացվում, և դրանց հիման վրա ձևավորվում է նախընտրական արշավի հայեցակարգը:
Ընտրական պրակտիկային առավել բնորոշ են այն իրավիճակները, երբ մի տեղի համար պայքարում են մի քանի թեկնածուներ՝ յուրաքանչյուրն ունենալով հաղթելու որոշակի հնարավորություն՝ կախված տիրապետած ռեսուրսներից ու դրանց գործադրման հմտություններից, էլեկտորատի գաղափարաքաղաքական, արժեքային և/կամ սոցիալ-մշակութային նախընտրություններից, կողմնորոշումներից և այլն:
Թեկնածուներից յուրաքանչյուրի ընտրազանգվածը ձևավորում է՝
- ընտրազանգվածի այն հատվածը, որը, անկախ թեկնածուի գործադրած ջանքերից, կքվեարկի վերջինիս օգտին,
- ընտրազանգվածի այն հատվածը, որը, անկախ թեկնածուի գործադրած ջանքերից, դեմ կքվեարկի,
- ընտրազանգվածի մնացած և սովորաբար մեծամասնություն կազմող հատվածը դասվում է տատանվողների շարքին: Ըստ էության՝ հենց այս հատվածի համար էլ նախատեսված է ողջ ընտրարշավը:
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ դեռևս մինչև ընտրարշավի մեկնարկը ընտրազանգվածի մի հատվածը, պայմանավորված որոշակի գործոններով, հստակ կողմնորոշված է այս կամ այն կուսակցության (թեկնածուի) օգտին, ընտրարշավը փաստացի նպատակ է հետապնդում ազդելու հենց տատանվող ընտրազանգվածի վերջնական ընտրության վրա:
ՏԻՄ ընտրությունների առանձնահատկությունները
Թեև ընտրական վարքի ընդհանուր օրինաչափությունները պայմանավորվում են վերոհիշյալ գործոններով, այնուամենայնիվ, դրանք որոշակիորեն տարբեր դրսևորումներ են ունենում՝ կախված ընտրությունների տեսակից: Այս առնչությամբ հարկ ենք համարում խոսել ՀՀ-ում ՏԻՄ ընտրությունների առանձնահատկությունների ու համապետական ընտրությունների համեմատությամբ դրանց տարբերակիչ դրսևորումների մասին:
ՏԻՄ ընտրությունները խորհրդարանականից առանձնանում են նախ և առաջ նախընտրական քարոզարշավի կազմակերպչական առանձնահատկություններով: Անհրաժեշտ է փաստել, որ հայաստանյան ընտրական գործընթացներում կուսակցությունների ընկալումն ու դերակատարությունը՝ որպես քաղաքացիների հավաքական կամքն արտահայտող ինստիտուտի, ցածր մակարդակի վրա է: Քաղաքական դաշտի անհատականացման մակարդակն առաջնային է, ու արդյունքների վրա որոշիչ ազդեցություն են գործում միջանձնային հարաբերությունների, «ԽԾԲ»-ի ինստիտուտի վրա հիմնված ընտրական մեխանիզմները, և նախընտրական քարոզարշավը՝ որպես քաղաքական ուժի կամ թեկնածուի հայացքների ու ծրագրերի ներկայացման մեխանիզմ, թերի է գործում:
- ՏԻՄ ընտրություններում, մասնավորապես, նախընտրական քարոզչությունը յուրօրինակ ձևերով է հանդես գալիս՝ պայմանավորված համայնքային ընտրություններին բնորոշ քանակական ու որակական առանձնահատկություններով: Այսպես՝ նախընտրական քարոզարշավն իր դասական ընկալմամբ փաստացի երկրորդ պլան է մղվում. փոխարենը կիրառվում են քարոզչական այլընտրանքային մեխանիզմներ, երբ միջանձնային սերտ հարաբերությունների ու «ԽԾԲ»-ի ազդեցության շրջանակներից որոշակիորեն դուրս գտնվող ընտրողների աջակցությունը ստանալու համար թեկնածուները անհատակենտրոն քարոզչություն են իրականացնում՝ յուրաքանչյուրին որոշակի սպեցիֆիկ խնդիրների լուծումներ առաջարկելով: Սա ամենից առաջ պայմանավորված է համայնքներում ընտրազանգվածի սահմանափակ լինելով ու ընտրությունների փոքր տարածական ընդգրկմամբ: Արդյունքում՝ ընտրարշավի այն բաղադրիչները, որոնք կիրառվում են համապետական ընտրությունների ժամանակ, համայնքային ընտրություններում չեն կիրառվում:
Նախ՝ ղեկավար պաշտոնների համար առաջադրվող թեկնածուները համայնքային ընտրություններում ճանաչվելու կարիք չունեն, քանի որ հատկապես փոքր համայնքներում որպես թեկնածուներ առաջադրվում են համայնքի բնակչության կողմից ճանաչված անձինք, ովքեր նույն այդ համայնքի բնակիչներ են (բացառություն կարող են կազմել խոշոր՝ 3-10 հազար և առավել բնակիչ ունեցող համայնքները): Նման պայմաններում, երբ ընտրարշավը թեկնածուին ճանաչելի դարձնելու ու վերջինիս հայացքները քարոզելու նպատակ չի հետապնդում, ընտրարշավը վերածվում է համայնքային կտրվածքով որոշակի հարաբերությունների պարզման հարթակի: - Հաջորդ կարևոր առանձնահատկությունը փոքր համայնքների դեպքում ընտրողների շրջանում տատանվողների փոքրաթիվ լինելն է: Սա պայմանավորված է նրանով, որ փոքր համայնքներում (մինչև 3000 բնակիչ ունեցող համայնքներ) սոցիալիզացիայի մակարդակը բավականին բարձր է, բավականին սերտ ու խաչվող են միջանձնային հարաբերությունները, և ընտրողների դիրքորոշումը ի սկզբանե ակնհայտ է: Թեկնածուների կայուն ու հստակ ուրվագծվող էլեկտորատի մեծամասնությունն են կազմում նրա հետ բարեկամական, ազգակցական առնչություններ ունեցողները, ինչը համայնքներում ընտրական վարքի գլխավոր դետերմինանտներից է: Շատ հաճախ ընտրողը ձայն է տալիս թեկնածուին՝ որոշակի միջնորդավորված անձանց հեղինակության և/կամ վերջիններիս հետ ընտրողի ունեցած մտերմիկ հարաբերությունների շնորհիվ, թեև անձնապես թեկնածուի հանդեպ համակրանքն ու աջակցելու ցանկությունը կարող են բացակայել:
- Մեզանում ընտրական գործընթացներն անմասն չեն մնում նաև կոռուպցիոն դրսևորումներից: Ըստ այդմ՝ համայնքային ընտրություններում վարչական ռեսուրսների օգտագործումն ու կոռուպցիոն տարբեր հնարքները ոչ երկրորդական դեր են խաղում բնակիչների ընտրական վարքի դրսևորման գործում, քանի որ սոցիալական վատ դրության մեջ գտնվող և կենսաապահովման հետ կապված տարբեր խնդիրների բախվող ընտրողը առավել քան հակված է գնալու կոռուպցիոն համաձայնությունների: Այս և թվարկված մնացած գործոններով պայմանավորված՝ հաճախ լինում են դեպքեր, երբ համայնքի ղեկավարի պաշտոնում մի քանի անգամ վերընտրվում են այնպիսիք, որոնք աչքի են ընկել անարդյունավետ գործունեությամբ ու տեսականորեն ընտրողների համակրանքը չեն վայելում: Սակայն, հանուն արդարության, պետք է նշել, որ որոշ դեպքերում վարչական ռեսուրսի գործադրումն ու ընտրակաշառքները որոշիչ ազդեցություն չեն գործում ընտրությունների վերջնական արդյունքների վրա, քանի որ հաճախ քաղաքացիները, ընտրակաշառք վերցնելով X թեկնածուից, քվեարկում են իրենց նախընտրած թեկնածուի օգտին, կամ էլ համայնքի բնակչությունը հաստատակամություն է դրսևորում Y թեկնածուի աջակցության հարցում:
Էլեկտորալ վարքի դրսևորումները
Եթե համապետական ընտրություններում քաղաքական ապատիան ու աբսիենտիզմը ընտրական վարքի կարևոր դետերմինանտներից են, քանի որ մարդիկ իրենց քվեն որոշիչ չեն համարում ընդհանուր արդյունքների կտրվածքով ընտրությունների բազմաշերտության ու լայն ընդգրկունության պատճառով, ապա տեղական ընտրություններում անհատի քվեի որոշիչ լինելը փոքր ընտրական տարածության, ուժերի դասավորության ու սահմանափակ էլեկտորատի պայմաններում, շոշափելի է:
Ըստ այդմ՝ մեծ է հավանականությունը, որ ընդհանուր մոբիլիզացիայի պայմաններում մարդիկ կգնան համախմբան և կպայքարեն հանուն իրենց նախընտրած թեկնածուի հաղթանակի: Սրա հետ մեկտեղ՝ նկատելի է նաև հակառակ միտումը, երբ խոշոր քաղաքներում ընտրական ցածր մասնակցություն է դիտվում, ինչպես եղավ վերջին ընտրությունների ժամանակ Գյումրիում և Վանաձորում, ինչն էլ պայմանավորված էր ընտրական ձևաչափի նոր փոփոխությամբ, համաձայն որի՝ քաղաքապետը ընտրվում էր անուղղակի ընտրակարգով, քաղաքացիներն էլ իրենց քվեն տալիս են ոչ թե անհատ-թեկնածուներին, այլ կուսակցությունների համամասնական ցուցակներին, որոնցից ձայների համամասնությամբ ձևավորված ավագանին ուղղակի քվեարկությամբ ընտրում է քաղաքապետ: Սա ևս մեկ անգամ վկայում է մարդկանց մոտ ընտրությունների անհատականացված ընկալումների մասին:
Տեղական ընտրություններում շատ հաճախ կարելի է հանդիպել դրական այնպիսի պրակտիկայի, երբ ընտրողները քվեարկելիս առաջնորդվում են թեկնածուի որակական հատկանիշներով՝ նկատի ունենալով նրա՝ նախկինում ծավալած գործունեությունը՝ կանխատեսում են համայնքի ղեկավարի պաշտոնում նրա գործունեության հավանական արդյունավետությունը կամ հակառակը:
Սա կարելի է պայմանավորել երկու հիմնական գործոններով. առաջին՝ հատկապես փոքր՝ մինչև 3000 և երբեմն նաև՝ մինչև 10,000 բնակիչ ունեցող համայնքներում քաղաքական, կուսակցական ինտրիգներն ու բախումները առավել ցածր են ու թույլ են տալիս մարդկանց ընտրություն կատարել՝ ըստ թեկնածուների որակական հատկանիշների: Երկրորդ՝ փոքր համայնքներում բնակչության կողմից թեկնածուների բարձր ճանաչելիությունը հնարավորություն է ստեղծում նրանց խուսափել գնահատողական անորոշությունից և հստակ պատկերացում ձևավորել թեկնածուի մասին:
Նման դեպքում ընտրողների կամքը ռեալ արտահայող ընտրությունների կայացումն ու ժողովրդավարական ներկայացուցչության իրացումը բավականին հավանական է: Եվ, չնայած թափանցիկ ընտրությունների միջոցով լեգիտիմ տեղական ինքնակառավարում հաստատելը հավանական է, այնուամենայնիվ, ընտրված ղեկավարության գործունեության նկատմամբ հաշվետվողականության ու պատասխանատվության մեխանիզմներն այդքան էլ արդյունավետ չեն գործում: Ուստի տեղական ինքնակառավարումն առավել կատարելագործելու համար անհրաժեշտ է ուժեղացնել համայնքային վերահսկողության մեխանիզմներն ու դրանց կիրառման հնարավորությունները:
Խորհրդարանական ընտրությունների համեմատ՝ տեղական ընտրություններում դրսևորվող գլխավոր յուրահատկությունը, մեր կարծիքով, թեկնածուների կուսակցական պատկանելության երկրորդական ազդեցությունն է քաղաքացիների էլեկտորալ վարքի վրա, ինչը պայմանավորված է ինչպես նեղ անձնական շահերի բավարարման պահանջով, այնպես էլ նրանով, որ մարդիկ հակված են համայնքային կառավարումը վստահելու իրենց կողմից ճանաչված, վստահություն վայելող թեկնածուների, և կուսակցական պատկանելությունը ստորադասվում է թեկնածուների որակական հատկանիշներին, եթե անգամ թեկնածուն քաղաքացիների կողմից վստահություն չվայելող ու լեգիտիմություն չունեցող կուսակցություն է ներկայացնում: Այս պարագայում որպես ընտրական վարքի դետերմինանտ է դրսևորվում անհատ քաղաքական գործչի հանդես գալը որպես բրենդ, և թեկնածուն ճանաչելի է դառնում ոչ թե կուսակցության բրենդի ներքո, այլ կուսակցությունն է ավելի նպաստավոր դիրքերում հայտնվում թեկնածուի վարկանիշի շնորհիվ:
Ստորև բերված հավելվածներում ցույց է տրվում, որ համայնքապետի ընտրություններում կուսակցությունը ներկայացնող թեկնածուները ավելի շատ ձայներ են հավաքել, քան իրենք՝ կուսակցությունները համապետական ընտրություններում, ինչը ցույց է տալիս ինչպես անհատականացվածության՝ որպես ընտրական վարքի դետերմինանտ հանդես գալը, այնպես էլ կուսակցական պատկանելության երկրորդական դերակատարումը, քանի որ թեկնածուների ձայների քանակական առավելությունը պայմանավորվել է ոչ թե տվյալ կուսակցությանը պատկանելու հանգամանքով, այլ թեկնածուի անձով:
# AcoyaTalks
Այսպիսով՝ ընտրական վարքը պայմանավորող գործոնների ուսումնասիրության մեջ բավականին հետաքրքրական է ՏԻՄ ընտրությունների կազմակերպման ու ընթացիկ զարգացումների ուսումնասիրությունը: Թեև բոլոր տեսակի ընտրությունները մեզանում որոշակի օրինաչափությունների են ենթարկվում՝ պայմանավորված հանրային մենթալիտետի, սոցիալ-մշակութային որոշակի նորմերի ու սոցիալական դետերմինանտների բնույթով, այնուամենայնիվ, տարածական ու դեմոգրաֆիական տարբերությունները ընտրական պրոցեսներում որոշակի սպեցիֆիկ դրսևորումներ են ի հայտ բերում: Հաշվի առնելով և վերահաստատելով թվարկված մոտեցումները՝ հարկ ենք համարում նշել, որ արդյունավետ լուծումներ կիրառող ընտրարշավը և էֆեկտիվ քարոզչական ռազմավարությունն ու մարտավարությունը կարող են հանգեցնել ընտրություններում ցանկալի արդյունքների: Ու այն, որ ընտրարշավը, որպես այդպիսին, մեզանում յուրօրինակ ձևերով է հանդես գալիս, չի հակասում այս դիտարկմանը, քանի որ քաղաքականությունը հնարավորի արվեստ է, իսկ իրավիճակին ու միջավայրին հարմարեցված մեխանիզմների արդյունավետ կիրառումը՝ արդարացված: