Նավթի գների անկման ազդեցությունը Ադրբեջանի արտաքին առևտրաշրջանառության վրա

Նավթով  և գազով հարուստ պետությունները էականորեն կախված են այդ էներգակիրների միջազգային գնի ձևավորման, արդյունահանման ծավալներից և իրացման հնարավորություններից։ Մինչ 2000 թվականը նավթը չուներ այն գինը, ինչն ունեցավ դրանից հետո։ Այս էներգակրի գնի կտրուկ բարձրացումը պայմանավորված էր «չինական ֆենոմենով»` Չինաստանի տնտեսական աճով։ 1999 թվականին այդ պետությունը դադարեցրեց նավթի արտահանումը, քանի որ այն այլևս չէր բավարարում սեփական կարիքները, իսկ 2000 թվականից՝ սկսեց նավթ ներմուծել Պարսից ծոցի երկրներից և Ռուսաստանից։ Չինաստանի տնտեսական աճը հանգեցրեց նավթի գնի աննախադեպ աճի  և 2011, 2012, 2013 թվականներին տարեկան կտրվածքով նավթի միջին գինը տատանվում էր 110-115 դոլարի միջև՝ մեկ բարելի դիմաց։ Նավթի գնանկումը սկսվեց 2014 թվականի երկրորդ կեսից և որոշ տատանումներով շարունակվում է մինչ օրս՝ տարեկան կտրվածքով կազմելով միջինում մոտ 48 դոլար։

Նավթի գնանկմանը նպաստած գործոնները

Եթե փորձենք նավթի գների անկումը պայմանավորել որոշակի գործոններով, ապա պետք է հստակ առանձնացնել 4 հիմնական գործոններ՝

  1. Չինաստանի տնտեսական աճի դանդաղեցում, նավթի սպառման ծավալների նվազում,

2. այլընտրանքային էներգիայի միջոցների ավելի լայն ընդգրկում,

3. ԱՄՆ-ում թերթաքարային  նավթի աննախադեպ շահագործում,

  1. ԱՄՆ-ում 40 տարի առաջ հում նավթի արտահանման վրա դրված էմբարգոյի վերացում:

Այս արգելքը սահմանվել էր 1973 թվականին՝ այն բանից հետո, երբ արաբական երկրները ԱՄՆ-ին հայտարարեցին նավթի էմբարգո։ Սրա նպատակն էր փորձել զսպել նավթի գնի հնարավոր բարձրացումը, ինչպես նաև պաշտպանել շուկան մանիպուլիացիաներից։ Էմբարգոյի վերացմամբ ամերիկյան կողմը փորձում է հնարավորինս քիչ կախվածության մեջ լինել նավթամթերքի ներմուծումից և նավթի արտահանման ծավալների մեծացմամբ տնտեսական հեղափոխություն իրականացնել։ Եթե այս ամենին գումարում ենք նաև Մերձավոր Արևելքում և Պարսից ծոցի ավազանի երկրներում առկա շարունակական անկայունությունը, ապա պատկերն ավելի ամբողջական է դառնում։

Նավթի գործոնի ազդեցությունը Ադրբեջանի վրա

Նավթի գների կտրուկ անկումը ուղիղ հարված հասցրեց նավթի արդյունահանման բարձր ինքնարժեք ունեցող երկրներին։ Ադրբեջանը, լինելով կասպյան տարածաշրջանի հիմնական նավթարդյունահանող երկրներից մեկը, այս պարագայում կանգնում է լուրջ խնդիրների առաջ։ Ստեղծված իրավիճակը բացասական ազդեցություն է գործում ոչ միայն տնտեսության, այլ նաև ամբողջ քաղաքական համակարգի վրա։ Սույն հետազոտության մեջ կփորձենք հասկանալ, թե նավթի գների անկումը որքանով է ազդել տնտեսության հիմնական ճյուղերից մեկի՝ այդ երկրի արտաքին առևտրաշրջանառության վրա։ Պատկերացնելու համար, թե արտաքին առևտրաշրջանառությունը՝ այդ կոնտեքստում նաև նավթի գների տատանումները որքանով են ազդում Ադրբեջանի վրա, պետք է ուղղակի նշել, որ այդ երկրի բյուջեն հիմնականում սնուցվում է նավթագազային սեկտորից ստացված եկամուտներից։

Խնդրի էությունը

Ադրբեջանի արտաքին առևտրաշրջանառությունը ուղիղ համեմատական է այդ պետությունում արդյունահանվող նավթի ծավալներից և այդ ապրանքի միջազգային գներից։  Բնականաբար, ստեղծված իրավիճակը հանգեցնում է հատկապես արտահանման ծավալների կրճատման։ Այս երկրի արժույթի՝ մանաթի գրանցած ռեկորդային արժեզրկումը դոլարի նկատմամբ, դրա արդյունքում առաջացած գնաճը, գնողունակության էապես նվազումը, բանկային համակարգի քայքայումը, ինֆլյացիայի բարձր տոկոսը, ԿԲ պահուստների կրճատումը գրեթե 3 անգամ, մի շարք միջազգային խոշոր կազմակերպությունների դուրս գալը Ադրբեջանից ստեղծում են մի ընդհանրական պատկեր, և պարզ է դառնում, որ այս երկիրը լուրջ տնտեսական և քաղաքական խնդիրների առաջ է կանգնել։
Եթե փորձենք խնդիրը ավելի լավ պատկերացնել, ապա անհրաժեշտ է ուղղակի վերլուծել 2013-ից 2016 թվականներին գրանցած արտաքին առևտրաշրջանառության թվերը։ Եթե 2013 թվականին Ադրբեջանի արտաքին առևտրաշրջանառությունը կազմում էր 34,5 մլրդ դոլար՝ (արտահանում՝ 23 մլրդ 904 մլն դոլար, ներմուծում՝ 10 մլրդ 763 մլն դոլար), որի 93%-ը բաժին էր ընկնում նավթագազային ռեսուրսներին, ապա 2016 թվականին, համաձայն Ադրբեջանի Պետական մաքսային կոմիտեի, ցուցանիշները էականորեն անկում են գրանցել՝ 17 մլրդ 675 մլն դոլար, ինչը 19,46%-ով ցածր է 2015 թվականին իրականացված արտաքին առևտրաշրջանառության գրանցած ցուցանիշներից։ 2016 թվականին իրականացվել է 9 մլրդ 143 մլն դոլարի արտահանում, ինչը 2015 թվականի համեմատությամբ անկում է գրանցել 28,17 %-ով։ Իսկ ինչ վերաբերում է ներմուծման ծավալներին, ապա այստեղ ևս նկատվում է բացասական սալդո՝ 8 մլրդ 532 մլն դոլար, ինչը նախորդ տարվա համեմատությամբ անկում է գրանցել 7,42 %-ով։
Եթե ավելի հետ հայացք գցենք, ապա կտեսնենք, որ 2013 թվականից սկսած առևտրաշրջանառության տեմպերը միայն նվազման ցուցանիշներ են արձանագրում։ 2015 թվականին նախորդ տարվա համեմատությամբ գրանցվեց 33,44% անկում, իսկ 2014 թվականին 2013 թվականի համեմատությամբ՝ 10,58%: Հիմնականում պահպանվել են այն երկրների հետ առևտրաշրջանառության տեմպերը, որոնցում բացակայում են կամ փոքրիկ թիվ են կազմում էներգակիրները։

Ադրբեջան-ԵՄ առևտրաշրջանառություն

ԵՄ Ադրբեջանի հիմնական առևտրային գործընկերն է։ Երկկողմ համագործակցությունը ընդգրկում է ավելի քան 20 առևտրային ոլորտ։ 2013-2016 թվականներին բացասական սալդոն բավական տեսանելի է (Մանրամասն՝ տես աղյուսակ (1):

Աղյուսակ 1

         Տարեթիվ            Արտահանում

(Արժույթ-Եվրո)

             Ներմուծում

(Արժույթ-Եվրո)

2013 14 մլրդ 370 մլն 3 մլրդ 729 մլն
2014 13 մլրդ 206 մլն 3 մլրդ 478 մլն
2015 10 մլրդ 696 մլն 3 մլրդ 450 մլն
2016 7 մլրդ 605 մլն 1 մլրդ 880 մլն

Վերը նշված թվերը փաստում են, որ 2013 թվականի համեմատությամբ 2016 թվականին երկկողմանի առևտրաշրջանառությունը կրճատվել է ավելի քան 2 անգամ, հատկապես` արտահանման ծավալները։ Այս տարի նույնպես թվերը նվազման միտում են արձանագրել։ Այս տարվա հունվար-օգոստոս ամիսներին երկկողմանի առևտրաշրջանառությունը կազմել է 4 մլրդ 333 մլն դոլար:

Ադրբեջան-ԱՄՆ առևտրաշրջանառություն

ԱՄՆ-ի հետ առևտրաշրջանառությունը ևս կրում է առաջնային կարևորություն Ադրբեջանի համար։ Ծավալները համեմատելի չեն ԵՄ-ի հետ` հիմնականում կապված տարածության հետ։ Բնականաբար, տնտեսությունում առկա ճգնաժամը չէր կարող չհարվածել նաև ԱՄՆ-ի հետ առևտրաշրջանառությանը (Մանրամասն` տես աղյուսակ 2):

Աղյուսակ 2

              Տարեթիվ             Արտահանում

(Արժույթ-դոլար)

Ներմուծում

(Արժույթ-դոլար)

                 2012       1 մլրդ 94 մլն             492,6 մլն
                 2013       1  մլն 136,2 մլն             381 մլն
                 2014       1 մլրդ 11 մլն            950,3 մլն
                 2015       507,1 մլն            478 մլն
                 2016       142 մլն            433,5մլն

Այս աղյուսակից ևս երևում է, որ ակնհայտ կերպով կրճատվել են արտահանման ծավալները։ Այս տարվա հունվար-սեպտեմբեր ամիսներին ԱՄՆ-ի հետ առևտրաշրջանառությունը կազմել է 470 մլն դոլար, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ գրանցել է 7 % աճ։

Ադրբեջան-ՌԴ առևտրաշրջանառություն

Ռուսաստանը Ադրբեջանի հիմնական առևտրային գործընկերն է ԱՊՀ երկրների շարքում։ Նավթի գների անկումը ուղիղ հարված հասցրեց երկու կողմերին էլ, ինչը չէր կարող չթողնել բացասական ազդեցություն երկկողմ առևտրաշրջանառության վրա (Մանրամասն`տես աղյուսակ 3):

Աղյուսակ 3

              Տարեթիվ Արտահանում

(Արժույթ-դոլար)

             Ներմուծում

(Արժույթ-դոլար)

                 2013 1 մլրդ 77 մլն 1 մլրդ 505,1 մլն
                 2014 1 մլրդ 314,5 մլն 640,3 մլն
                 2015 1 մլրդ 315 մլն 374,9 մլն
                 2016 1 մլրդ 641,8 մլն 409,3 մլն

Այս աղյուսակից երևում է, որ, օրինակ` ՌԴ-ի հետ առևտրաշրջանառության պարագայում բավական նկատելի անկում է գրանցվել ներմուծման թվերում։ Պատճառը բավական պարզ է՝ արտահանման պարագայում բացակայում են էներգառեսուրսները։ Այս տարվա հունվար-օգոստոս ամիսներին Ադրբեջանից արտահանումը կազմել է 913,2 մլն դոլար, իսկ ներկրումը՝ 364,9 մլն։ Այս ցուցանիշը նախորդ տարվա նույն ժամանակի համեմատությամբ գրանցել է 25,8% անկում։

Միտումներ

Ադրբեջանի համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ) 50%-ը նավթագազային հատվածն է, իսկ մյուս երկու ճյուղերը՝ սպասարկումը և շինարարությունը նույնպես կախված են այդ ճյուղից։ Այսինքն, այդ երկրի տնտեսության մոտ 85%-95%-ը կախում ունի նավթից և գազից։ Ադրբեջանից արտահանման մոտ 90-95%-ը նույնպես նավթագազային հատվածն է։  Բնականաբար, նավթի ցածր գները տնտեսական լուրջ խնդիրներից բացի նաև քաղաքական լուրջ հետևանքներ են ունենում։ Ստեղծված իրավիճակը հանգեցնում է նրան, որ այդ գների փոփոխման վրա ազդելու՝ պետությունների հնարավորությունները կրճատվել են։ Այսինքն՝ միջազգային նավթի շուկայում գնագոյացման մեխանիզմների վրա ազդեցության պաշարների նվազումը նավթով հարուստ երկրների համար հանգեցնում է նաև արտաքին անվտանգային միջավայրի փոփոխության։ Մեզ համար հարևան երկրում առաջացած իրավիճակը ունեցավ ինչպես դրական, այնպես էլ բացասական ազդեցություն։ Բնականաբար, ֆինանսական հոսքերի նվազումը բերեց նաև ռազմական ծախսերի կրճատման՝ մոտ 40%: Սակայն այս իրավիճակը նաև բավական պայթյունավտանգ է և վտանգավոր մեզ համար: Ասվածի վկայությունն է Ապրիլյան պատերազմը, ինչի հիմնական նպատակն էր Ադրբեջանի բնակչությանը շեղել առկա տնտեսական և սոցիալական խնդիրներից։ Սակայն ասվածից չպետք է ենթադրել, որ Ադրբեջանը ապագայում կհրաժարվի իրավիճակի սրման նոր փորձերից։
Նավթի շուկայի անկայունությունն ազդում է նավթով հարուստ տարածաշրջանների վրա՝ հանգեցնելով նրանց նկատմամբ մեծ տերությունների հետաքրքրության նվազման և դերերի որոշակի փոփոխության։ Ստեղծված բարդ իրավիճակի պարագայում Ադրբեջանը սկսել է որոշակի առումով ներքին տնտեսական դիվերսիֆիկացիա իրականացնել, սակայն կոնպենսացնել էներգակիրների վաճառքի ծավալներից առաջացած ճեղքը ուղղակի հնարավոր չէ։ Մյուս կողմից՝ երկրի պետական բյուջեի մուտքերն ապահովելու համար կտրուկ ավելացել են մաքսավճարները և ավելացված արժեքի հարկը։ Այս փոփոխությունների շնորհիվ այս տարվա բյուջեի դրամական մուտքերը նախորդ տարվա համեմատ ավելացել են գրեթե 21,5 տոկոսով։ Սակայն այդ քայլերը չեն նվազեցնում հասարակության շրջանում առկա դժգոհությունները, ստեղծված սոցիալ-տնտեսական բարդ իրավիճակում փակվում են բազմաթիվ աշխատատեղեր: Միայն «Բրիթիշ Փեթրոլիումը» փակել է մի քանի հազար աշխատատեղ։ Վերջին մի քանի ամիսներին նավթի գնի աննշան, բայց որոշակի բարձրացում է նկատվում, սակայն Ադրբեջանի տնտեսության վերականգման և կործանումից փրկելու համար նավթի գինը նվազագույնը պետք է լինի 70 դոլար, ինչը, ըստ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի, հրաշալի գին կլինի կազմակերպությունների, ներդրողների և կառավարության համար։ Սակայն այսպիսի թվեր մոտակա մի քանի տարում դժվար է կանխատեսել։



Հեղինակ` Ռաֆայել Ավդալյան (Rafayel Avdalyan): © Բոլոր իրավունքները պաշտպանված են: