Հայաստանի Հանրապետությունում ոչ բռնի, թավշյա, բաց ձեռքերի, սիրո և հանդուրժողականության հեղափոխությունն այլևս իրողություն է: Այս պատմական շարժման կայացումը պայմանավորված էր մի շարք պլանավորված և չպլանավորված դեպքերով: Ստորև կփորձենք ներկայացնել այն երևույթներն ու գործիքները, առանց որոնց հեղափոխությունը չէր լինի այնպիսին, ինչպիսին եղավ և, միգուցե, չունենար այն ելքը, որն ունեցավ:
Անլար ինտերնետի լայն տարածումը-Չենք կարող չհամաձայնել, որ շարժման իրականացման գործում հսկայական էր ինտերնետի, մասնավորապես՝ անլար ինտերնետի դերը: Եթե համեմատենք 2008թ-ի հետ, ապա կնկատենք, որ այն ժամանակ ինտերնետը հասանելի էր մեծ մասամբ միայն տներում, և վերջինիս որակը շատ էր զիջում այսօրվա որակին: Այդ պատճառով մարդիկ ինֆորմացիա ստանալու համար կա՛մ պետք է կառչած մնային մոնիտորներից, կա՛մ պետք է լինեին հանրահավաքի վայրում: Անլար ինտերնետի բացակայությունը նաև թույլ չէր տալիս ապակենտրոնացված պայքարի, քանի որ չափազանց դժվար էր այդպիսի պայմաններում բոլոր կետերի գործողություններից տեղեկացված լինել և հարկ եղած դեպքում կառավարել գործընթացը կամ ուղղություն տալ: Իսկ այս անգամ արդեն հնարավոր եղավ անխափան համագործակցություն մեխանիզմի բոլոր մասերի միջև: Այսպիսով՝ ինտերնետի, մասնավորապես՝ անլար ինտերնետի լայնածավալ տարածումը լուծում էր մի քանի հարց՝ մարդիկ ինֆորմացիան ստանում էին վայրկենական, գիտեին՝ որտեղ ինչ է կատարվում և որտեղ ինչի կարիք կա:
Սոցցանցեր-Այս շրջանում սոցցանցերի առկայությունն իսկական օգնություն, իսկ շատ դեպքերում՝ նույնիսկ փրկություն էր շարժման և շարժման մասնակիցների համար: Մասնավորապես մեծ էր ֆեյսբուքի դերը, որը դարձել էր ինֆորմացիայի հիմնական աղբյուրը: Սոցցանցերում ինֆորմացիայի ազատ տարածման հնարավորությունը թույլ տվեց նախ և առաջ այն ստանալ սկզբնաղբյուրներից և օգնեց զերծ մնալ ճշմարտության աղավաղումից: Եթե նախկինում ինֆորմացիայի աղբյուրը հեռուստատեսությունն էր, որը ներկայացնում էր/է իրականությունն ու իրողություններն իրեն /իշխանություններին/ ձեռնտու կողմից, ապա սոցցանցերում իրականությունն առանց խեղաթյուրելու տարածվում էր անկախ լրատվամիջոցների, օգտատերերի և շարժման առաջնորդների կողմից: Իշխանությունների՝ ապատեղեկատվություն տարածելու որոշակի փորձերը ձախողվեցին և իրենց իսկ կողմից սկսած կիբեռ պատերազմում նրանք ևս պարտվեցին:
Նաև հարկ կա նշելու մեսինջերների առկայության կարևորությունը: 2008թ-ին այլ կապի բացակայության պայմաններում բոլորը, նույնիսկ շարժման առաջնորդները, շարժումը եւ կազմակերպչական հարցերը քննարկում էին հեռախոսներով, որոնք գաղտնալսվում էին, այսինքն` ոստիկանությունն ու իշխանությունները տիրապետում էին ամբողջական ինֆորմացիայի, որը հետագայում ևս օգտագործվեց դատարանում կազմակերպիչների դեմ: Այս անգամ, օրինակ, քաղաքացիները սկսեցին կիրառել տելեգրամ, որի ինֆորմացիան, ըստ տելեգրամի, չի տրվում ոչ մի երրորդ կողմի՝ ստեղծելով բազում գաղտնի խմբեր, որոնց միջոցով կատարվում էր ինֆորմացիայի փոխանակում, ապակենտրոն պայքարի կոորդինացում և այլն:
Ուղիղ եթերներ-Ուղիղ եթերների առկայության ու հնարավորության շնորհիվ լրագրողների գործը մի փոքր հեշտացավ. եթե նախկինում հասկանալի պատճառներով լրագրողները չէին կարող լինել երկրի ամեն ծայրում և լուսաբանել յուրաքանչյուր դեպք, ապա այս դեպքում քաղաքացիներից շատերն իրենց վրա վերցրին լրագրողական պարտականությունները և ուղիղ եթերների միջոցով երկրի տարբեր անկյուններում կատարվող դեպքերը հասանելի դարձրին հանրությանը: Ուղիղ եթերների միջոցով ֆիքսվում էին բռնության և ընդհանրապես ապօրինի յուրաքանչյուր դեպք և վայրկենական տարածում գտնում քաղաքացիների շրջանում՝ ինչ-որ չափով ներքին երկյուղ առաջացնելով քաղաքացու դեմ գործողություններ կիրառող ոստիկանների և սադրիչների մոտ:
Ինչ վերաբերվում է ներկայիս վարչապետ Նիկոլ Փաշինյանի ուղիղ եթերներին՝ ապա նա այս քայլով կարողացավ ոչ միայն տրամադրել ինֆորմացիա, կոորդինացնել շարժումը, այլև ոչ ֆորմալ շփման միջոցով մտերմանալ քաղաքացիների հետ` այս կերպ ևս շահելով նրանց վստահությունն ու համակրանքը:
Կարգախոսներ-Հեղափոխության անբաժան մասն էին լոզունգները, որոնք դրական մեծ ազդեցություն ունեցան մարդկանց և, հետևաբար, շարժման վրա և նույնիսկ դարձան հասարակության լեքսիկոնի անբաժանելի մասը: Արժե նախևառաջ անդրադառնալ հեղափոխության հիմնական կարգախոսին՝ «քայլ արա»-ին: Իսկ ինչո՞ւ ոչ «քայլ անենք», «քայլ արեք» կամ «եկեք քայլ անենք»: Ի տարբերություն մնացած տարբերակների` այս տարբերակում հանդիպում ենք լեզվական երկու երևույթի՝ հրամայական եղանակ և եզակի թվի կիրառում, որոնց միասնականությունը տալիս է շոշափելի արդյունք մարդկանց վրա ազդեցություն ունենալու առումով: Հրամայական եղանակի միջոցով շարժման կազմակերպիչները արտահայտում են իրենց կոչն ու հորդորը քայլ անելու, իսկ օգտագործելով եզակի թիվ՝ անձնավորում են կոչ-հորդորը: Հոգեբանության մեջ ապացուցված է, որ անձին դիմելու դեպքում մարդիկ ավելի շատ են արձագանքում, քան խմբակային կոչերի դեպքում:
Մեկ այլ կարգախոս է «դուխով»-ը: Այս բառը դարձել է այժմյան Հայաստանի անբաժան մասնիկը և շատ հասկանալի պատճառով․ կոչը հորդորում է չվախենալ և չերկնչել, իսկ խոսակցականությունը հարազատության երանգ է հաղորդում բառին:
Նիկոլ Փաշինյանի կողմից հաճախ օգտագործվող «Հայաստանի Հանրապետության հպարտ քաղաքացին» ևս ազդեցիկ կոչ էր, քանի որ այն ոչ միայն առաջացնում էր քաղաքացիների մեջ հենց այդ հպարտության և պատվախնդրության զգացողությունը, այլ նաև բարձրացնում էր մասնակիցների քաղաքացիական գիտակցությունը: Մարդիկ այս կոչի միջոցով զգում էին, որ կա իրենց կարիքը և հենց իրենց ներդրումը կարող է լինել որոշիչ:
Բաց ձեռքերի շարժում-Ի տարբերություն ՀՀ մնացած բոլոր շարժումների՝ առաջին անգամ կիրառվում էր բաց ձեռքերի քաղաքականություն: Սա ոչ միայն խաղաղասիրական նկատառում էր, այլև մտածված քայլ․ բաց ձեռքերը ցույց էին տալիս անզեն, անպաշտպան քաղաքացիների՝ դարձնելով ոստիկանների բռնի գործողություններն ապօրինի: Նախկին դեպքերից դասեր քաղելով՝ ակտիվիստերն այլևս հնարավորինս չէին տրվում սադրանքներին, փորձում էին զերծ մնալ բախումներից: Եթե նախկինում իշխանական սադրիչները կարողանում էին քաղաքում խառնաշփոթ ստեղծել, ապա այս անգամ այլևս նրանց դա չհաջողվեց:
Լավ մտածված կերպար-Նիկոլ Փաշինյանի՝ ուսապարկով ու զինվորական շապիկով կերպարը շատ քննարկումների առիթ էր. մարդիկ քննարկում էին՝ մտածված է, թե պատահական: Հարցազրույցներից մեկում շարժման կազմակերպիչ և ներկայիս Սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանը փաստում է կերպարի մտածված լինելը: Կերպարն, անշուշտ, ունեցավ իր դրական արդյունքը: Զինվորական համազգեստը ինքնին ասոցացվում է պայքարի հետ, իսկ ներկայիս Հայաստանում այն նաև ունի դրական ասոցիացիաներով սիմվոլիկա՝ հայրենիք, հայրենասիրություն, նվիրում և այլն:
Ինտերնետային Մեմեր /ծաղրանկարներ/-Առաջին հայացքից աննշան, սակայն իրականում բավականին մեծ էր նաև մեմերի ազդեցությունը: Համացանցում տարածված ծաղրանկարների «շնորհիվ» իշխանական պաշտոնյանները սկսվեցին ընկալվել որպես ոչ ավելին, քան ուղղակի ինտերնետային մեմեր և ոչ որպես լուրջ և ազդեցիկ քաղաքական գործիչներ: Այս կերպ նրանք նաև կորցրին հարգանքը, ազդեցիկությունն ու վախ առաջացնելու հնարավորությունը:
Հեղինակ՝ Տաթև Թումանյան (Tatev Tumanyan) © Բոլոր իրավունքները պաշտպանված են: