ԽՍՀՄ փլուզումից հետո ՀՀ-ում ընտանիքը՝ որպես սոցիալական-քաղաքական ինստիտուտ, կրեց մի շարք արժեքային փոխակերպումներ: Դեռևս հետխորհրդային շրջանից առկա ներընտանեկան հարաբերությունները (հավելենք, որ ԽՍՀՄ շրջանում ևս մեծ է եղել ընտանեկան բռնության տեսակարար կշիռը՝ բխելով առկա վարչակարգից, արժեհամակարգից, հասարակական-սոցիալական միջավայրից և այլն) ավելի բարդացան՝ պայմանավորված քաղաքական, սոցիալ-տնտեսական, մշակութային անկայունությամբ: Սա էլ իր հերթին հանգեցրեց ընտանեկան հարաբերությունների ոչ կառուցողական, ագրեսիվ բնույթին՝ ընդհուպ մինչև ընտանեկան բռնությանը:
Ընտանեկան (տնային կամ կենցաղային) բռնությունը հանդիսանում է համակարգված գործողությունների ամբողջություն, որն արտահայտվում է պարբերաբար կրկնվող ֆիզիկական (ապտակ, ծեծ), հոգեբանական (հայհոյանք, անտեսում, բաժանման սպառնալիք), սեռական (կամքին հակառակ սեռական բնույթի գործողություններ), տնտեսական (աշխատանքի արգելք, գումարից զրկում) ճնշումներով ամուսին-կին, ծնող-երեխա, ընտանեկան-ազգակցական յուրահատուկ հարաբերություններ կառուցած այլ անձանց միջև՝ ամուսնու ծնողներ և այլք:
Աշխարհում ընդհանուր ընտանիքների հաշվարկով, ըստ ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի վիճակագրական տվյալների, ընտանեկան բռնությունը կազմում է շուրջ 35% (միայն պաշտոնական տվյալներով):
ՀՀ-ում ընտանեկան բռնությունների խնդիրը ուշադրության կենտրոնում հայտնվեց դեռևս 2000-ական թթ.-ից՝ պայմանավորված ընտանիքում ամուսնու կողմից կանանց, ծնողների կողմից երեխաների, երեխաների կողմից տարեց ծնողների և այլոց նկատմամբ իրականացվող բռնությունների օրըստօրե ավելացող քանակով: Համաձայն 2000-ական թթ. ազգային վիճակագրական տվյալների՝ ընտանեկան բռնության գրանցված դեպքերը տարեկան չէին գերազանցում 800-ը: 2012 թ. արձանագրվեց ընտանեկան բռնության 766, 2013 թ.՝ 500, 2014 թ.՝ 575, իսկ 2015 թ.՝ 645 դեպքեր: Միաժամանակ, 2015 թ.-ի տարեսկզբին արձանագրված բռնություններից 392-ը եղել է ուղղված կանանց դեմ, իսկ կանանց կողմից 11-ը՝ տղամարդկանց դեմ, ծնողների կողմից երեխաների նկատմամբ՝ 56, երեխաների կողմից ծնողների նկատմամբ՝ 85, ինչպես նաև երեխաների նկատմամբ ընտանիքի այլ անդամների կողմից՝ բռնության 13 դեպքեր և այլն:
Մինչդեռ, տարբեր աջակցման կենտրոնների կողմից ոչ պաշտոնական տվյալների հավաքագրումը փաստում է, որ ՀՀ-ում տարեկան գրանցվում է ընտանեկան բռնությունների շուրջ 2000 դեպք՝ մեծամասամբ ուղղված կանանց դեմ:
ՀՀ մարզերի թե՛ քաղաքային, թե՛ գյուղական համայնքներում ընտանեկան բռնությունների իրականացման տեսակարար կշիռը և առանձնահատկությունները՝ ըստ դաստիարակության, կրթվածության, աշխատունակության, զբաղվածության աստիճանի, սոցիալական ապահովվածության, ընտանեկան հարաբերությունների կառուցման, ամուսնական կարգավիճակի, երեխաների թվի և այլն, տարբեր են: Մարզերի շարքում ընտանեկան բռնությունների առավել մեծ թվով աչքի են ընկնում Գեղարքունիքը, Լոռին, Արմավիրը, Վայոց ձորը, իսկ առավել նվազ քանակով՝ Տավուշը և Սյունիքը: Մայրաքաղաք Երևանում ընտանեկան բռնությունների գրանցման տեսակարար կշիռը մեծ է: Սա բխում է նրանից, որ քաղաքացիները ավելի իրազեկ են, խնդրին ցուցաբերում են գրագետ մոտեցում՝ կոտրելով հասարակական կարծրատիպերը, հաղթահարելով հոգեբանական պատնեշները, որի արդյունքում օգնության նպատակով դիմում են համապատասխան կառույցներին, որոնք էլ արձանագրում և պաշտոնապես գրանցում են բռնության դեպքերը: Մինչդեռ, մարզերում բռնությունների պաշտոնապես գրանցման դեպքերը համեմատաբար քիչ են, որն էլ արհեստականորեն նվազեցնում է բռնությունների գործադրման իրական քանակը:
Ստորև ներկայացնենք ընտանեկան բռնությունների հիմնական պատճառները.
- Սոցիալ-տնտեսական անկայուն վիճակը: Մասնավորապես, որքան ցածր է ընտանիքի ամսական եկամուտը, այնքան մեծ է նվաստացումների, բռնությունների իրականացման հավանականությունը:
- Կենցաղային պայմանների ոչ բավարար վիճակը:
- Ընտանիքում ամուսնու, կնոջ կամ ընտանիքի այլ անդամի կողմից խմիչքից, թմրանյութերից կախվածությունը, խաղամոլությունը, հոգեկան հիվանդությունների առկայությունը և այլն:
- Ընտանեկան հարաբերությունների կառուցման ոչ կիրթ և գրագետ մոտեցումը, փոխըմբռնման բարդությունները և այլն:
- Ընտանեկան ագրեսիայի և բացասական էմոցիաների դուրսհանումը բռնության միջոցով:
- Բռնության միջոցով ազդեցության և վերահսկողության հաստատում, կամքի թելադրում և այլն:
Դիտարկենք ՀՀ-ում ընտանեկան բռնության ամենատարածված տեսակներն իրենց առանձնահատկություններով.
Ընդգծված սեռային (գենդերային) բնույթը.
ՀՀ-ում, հատկապես՝ գյուղական համայնքներում, որտեղ ցածր է գրագիտության, կրթվածության աստիճանը, առկա են սոցիալ-տնտեսական դժվարություններ, կենցաղային ծանրաբեռնվածություն, իրավունքներից անիրազեկվածություն, կախվածություն ամուսնուց ու ամուսնու ընտանիքից, որոնց զուգահեռ՝ մեծ է կանանց նկատմամբ բռնությունների տեսակարար կշիռը:
Համատեղ կյանքի ընթացքում կանանց նկատմամբ բռնությունը իրականացվում է հետևյալ ձևերով՝ ֆիզիկական, հոգեբանական, տնտեսական և սեռական:
Վիճակագրությունը փաստում է, որ ամուսինների կողմից կանանց նկատմամբ բռնության իրականացումը սովորաբար հանգեցնում է նաև ամուսնու հոր, մոր, եղբոր կամ քրոջ (իհարկե, առկայության դեպքում) կողմից եթե ոչ ֆիզիկական կամ սեռական, ապա հոգեբանական ու տնտեսական բռնության: Պատահական չէ, որ պաշտոնապես և ոչ պաշտոնապես գրանցված տվյալների համաձայն՝ բռնության դեպքերը հավասարաչափ կիրառվել են ամուսնու և վերջինիս ազգակիցների կողմից ևս:
Հավելենք նաև, որ շատ ՀԿ-ների կողմից (արևմտյան դրամաշնորհների գայթակղությամբ, քաղաքական պատվերով և այլն) ընտանիքում կանանց նկատմամբ բռնությունը դիտարկվում է որպես գենդերային (սեռային) հիմնախնդիր: Անշուշտ, ընտանեկան բռնությունն իր մեջ ներառում է գենդերային բռնության տարրեր, սակայն պետք է ցուցաբերել գրագետ մոտեցում և ընտանիքում առկա կանանց նկատմամբ կիրառվող բռնությունը չորակել իբրև գենդերային՝ վերջինիս օտարելով ընտանեկան բռնության հիմնախնդրից:
Ստորև ներկայացնենք ընտանիքում գենդերային բռնության կիրառման հիմնական գործոնները.
- Ազգային մենթալիտետը և հասարակության մեջ ազգային մտածելակերպով պայմանավորված կարծրատիպերը, որոնց համաձայն՝ յուրաքանչյուր ընտանեկան խնդիր պետք է լուծվի կնոջ նվաստացման և բռնության կիրառման միջոցով:
- Կնոջ դերի արժեզրկումը և թերագնահատումը, ընտանեկան անհամատեղելիությունը, ամուսնու և նրա ընտանիքի մյուս անդամների միջև վատ հարաբերությունները, ամուսնու կողմից կնոջ նկատմամբ ինքնահաստատման փորձերը և այլն:
- Ամուսնու գործազրկության հանգամանքը, որը հանգեցնում է կնոջ կողմից անընդմեջ նախատինքով, քննադատությամբ, ամուսնու կողմից բացասական լիցքերի կուտակմամբ, որն էլ վերջնական արդյունքում ավարտվում է կնոջ նկատմամբ բռնության կիրառմամբ:
- Սոցիալական դժվարությունների առկայությունը, ընտանեկան հոգսերի, երեխաների պահանջների ավելացումը, լարվածությունների ցիկլիկ բնույթը, որն էլ պայմանավորում է ընտանեկան մթնոլորտի խաթարմանը և ուժի կիրառմանը:
- Իրավական դաշտում բռնարարի նկատմամբ քրեական պատասխանատվության բացակայությունը, օրինապահ մարմինների անտարբերությունը և պետական, իրավական աջակցության ցածր մակարդակը:
- Վաղ տարիքում ծնողների կողմից պայմանավորվածության արդյունքում կայացած ամուսնությունները, ընտանեկան դերերի սխալ բաշխումը, տղամարդու կողմից իր հեղինակության, վերահսկողության հաստատումը բռնության միջոցով և այլն:
Իրականացված սոցիալական հարցումները փաստում են, որ ՀՀ-ում 10-ը կանանցից 3-ը ենթարկվում է ֆիզիկական բռնության, իսկ նրանց 66%-ը՝ հոգեբանական ճնշման և վարքի վերահսկման, մոտ 1%-ը՝ ֆիզիկական-սեռական խոշտանգման:
Պաշտոնական տվյալները վկայում են, որ ամեն տարի ընտանեկան բռնությունների հետևանքով ՀՀ-ում սպանվում է 6-10 կին: Միայն 2010-2015 թթ. ընթացքում ընտանեկան բռնության համատեքստում դաժան ծեծի կամ դանակահարման հետևանքով մահացել է շուրջ 30 կին, որի հետևանքով 45 երեխա մնացել է առանց մայրական խնամքի: Թերևս, ամենաբարձր ցուցանիշը գրանցվել է 2014 թվականին՝ կանանց մահացության 11 դեպք: Կանանց նկատմամբ բռնության դեպքեր կիրառվել են նաև հղիության ընթացքում (պաշտոնական տվյալներով՝ 30%, ոչ պաշտոնական՝ 70%), որն էլ հանգեցրել է նորածին երեխաների մոտ տարբեր շեղումների, ֆիզիկական արատների և այլն: 2015 թ. կանանց նկատմամբ պաշտոնապես գրանցվել է սեռական բռնությունների 5 դեպք: Սակայն, ըստ ոլորտի մասնագետների, դրանց թիվն ավելի մեծ է, իսկ համապատասխան իրավապահ մարմիններին չեն դիմում, քանի որ հասարակությունը այս հարցի բարձրաձայնումը պիտակավորում է որպես ազգային արժեքներին ոչ հարիր:
Ընտանեկան բռնությունը ՀՀ-ում դիտվում է ոչ համաչափ. սա պայմանավորվում է նաև կանանց կողմից տղամարդկանց նկատմամբ բռնության կիրառման դեպքերով դեպքերով, որը 2010-2015թթ. ընկած ժամանակահատվածում գերազանցում է 145-ը՝ հիմնականում կրելով հոգեբանական և տնտեսական բնույթ: Տղամարդկանց նկատմամբ բռնությունն արտահայտվում է կայուն եկամուտ ունեցող, բարձր դիրք զբաղեցնող կանանց կողմից: Այսինքն՝ այստեղ խեղվում են ընտանեկան դերերն ու գործառույթների տարբաժանումը, որի արդյունքում կինը դառնում է ֆինանս հայթայթող, իսկ տղամարդը՝ կենցաղային հոգսերը հոգացող, երեխաներին խնամող և այլն: Տնտեսական բռնությունն արտահայտվում է, երբ կայուն եկամուտ ունեցող կինը զրկում է տղամարդուն ընտանեկան եկամուտը տնօրինելուց և այլն: Սովորաբար տղամարդկանց նկատմամբ կիրառվող բռնությունը վեր չի հանվում, քանզի տղամարդիկ հանդիսանում են «ուժեղ» սեռի ներկայացուցիչներ, իսկ վերջիններիս նկատմամբ կիրառվող բռնությունը «թույլ» սեռի ներկայացուցիչների կողմից դիտարկվում է որպես ոչ պատվաբեր և ամոթալի: Ուստի անհրաժեշտ է մշակել իրավական մեխանիզմներ՝ պաշտպանելու ոչ միայն կանանց իրավունքները, այլև տղամարդկանց:
Ծնողների կողմից երեխաների նկատմամբ կիրառվող ընտանեկան բռնություն:
Վիճակագրական տվյալները փաստում են, որ յուրաքանչյուր 5 տարին 1 աշխարհում ընտանեկան բռնությունների արդյունքում մահանում են շուրջ 2000-3000 երեխաներ, ամեն օր տանից փախչում է մոտ 100.000 երեխա, իսկ տարվա կտրվածքով երեխաների շրջանում ինքնասպանություն կատարելու փորձերի քանակը հասնում է 2000-ի:
ՀՀ-ում ստույգ վիճակագրական տվյալներ այս հիմնախնդրի շրջանակներում չկան, քանզի չկա պետության կողմից երեխաների նկատմամբ բռնության վերաբերյալ պետական վիճակագրության վարում, որի տվյալները հնարավոր կլիներ կիրառել վերլուծության մեջ: Փոխարենը վիճակագրական տվյալները ամփոփում է ՀՀ Ոստիկանությունը, սակայն դրանց փոքր մասն է լուսաբանվում և որակվում որպես ծնողի կողմից իրականացված ընտանեկան բռնություն:
Այսպիսով, ՀՀ Ոստիկանության հրապարակած տվյալների համաձայն՝ 2013 թ. անչափահասների նկատմամբ կիրառվել է ընտանեկան բռնության 12, 2014 թ.-ին՝ ընտանեկան բռնության 10 դեպք, որի ընթացքում կիրառվել է ֆիզիկական բռնություն, և վնաս է հասցվել երեխայի առողջությանը:
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից 2014 թ.-ին տարբեր թիրախային խմբերում իրականացված «Երեխայի հանդեպ բռնության վերաբերյալ» հարցումների համաձայն՝ երեխաների 27%-ը ընտանեկան շրջապատում ենթարկվում է բռնության, որից 68%-ը կրում է ֆիզիկական, 48%-ը՝ հոգեբանական բնույթ, որից 30%-ը՝ անտեսում (նշենք, որ ֆիզիկական-հոգեբանական բռնության տեսակները կարող են կիրառվել միաժամանակ): Հարկ է նկատել, որ մայրերի կողմից անչափահասների նկատմամբ ընտանեկան բռնության կիրառման դեպքերը կազմում են մոտ 72%, իսկ հայրերի կողմից՝ շուրջ 50%՝ ըստ սոցիալական հարցումների:
Անչափահասների նկատմամբ ծնողների կողմից կիրառվող ընտանեկան բռնության պատճառները.
- Ծնողներն իրենք էլ են իրենց մանկության տարիներին զգացել ընտանեկան բռնության ազդեցությունը, որի արդյունքում դրսևորում են ագրեսիվ վարք:
- Հիմնականում պայմանավորված է սոցիալ-տնտեսական անկայուն վիճակով, հոգեբանական ընկճվածությամբ, բացասական լիցքերի կուտակմամբ, որն էլ դառնում է երեխայի նկատմամբ ընտանեկան բռնության կիրառման պատճառ:
- Ծնողների կողմից ֆիզիկական կամ մտավոր խանգարումները, ալկոհոլից, թմրանյութերից կախվածությունը, խաղամոլությունը և այլն:
- Դեռահասների շրջանում ամուսնությունները, երբ ծնողները, դեռևս չհասունացած, սկսում են «պատասխանատվություն» կրել մեկ այլ անձի, այս դեպքում՝ երեխայի նկատմամբ:
- Երբ ընտանիքում առկա է բռնություն ծնողների միջև. սա վերջնական արդյունքում դրսևորվում է նաև երեխաների նկատմամբ:
- Ծնողների կողմից վերահսկողություն հաստատելու, կամքի պարտադրման արդյունքում և այլն:
Անչափահասներին ՀՀ-ում ծնողները օգտագործում են նաև տնտեսական շահագործման նպատակով՝ ֆինանսի հայթայթման, մուրացկանության և այլն: Սա առաջնային բխում է ընտանիքների սոցիալական ծայրահեղ դրությունից, որն իր ազդեցությունն է ունենում նաև ծնող-երեխա փախհարաբերությունների կառուցման տիրույթում:
Թերևս, ամենավտանգավոր բռնության տեսակները համարվում են ֆիզիկականն ու հոգեբանականը: Այս երկուսի համակցման արդյունքում կարող է ի հայտ գալ հոգեբանական անհավասարակշիռ վիճակ, որն էլ հետագայում կարող է անդրադառնալ ինչպես անհատի ֆիզիկական-հոգեբանական առողջության, այնպես էլ անձնական հարաբերությունների կառուցման վրա: Ուստի պետք է վերանայվեն երեխային պատժելու, նախատելու ավանդական մոտեցումները: Եվ ամենակարևորը՝ ծնողը հանդիսանում է երեխային կողմնակի ազդեցություններից պաշտպանման, անվտանգության ապահովման և բռնության կանխարգելման երաշխիք:
Հավելենք, որ պաշտոնական տվյալները փաստում են ընտանեկան բռնությունների արդյունքում թե՛ կանանց, թե՛ երեխաների նկատմամբ բռնության կիրառման դեպքերի առկայությունը, սակայն դրանց տեսակարար կշիռը սովորաբար փոքրացվում է, իսկ հասարակական տարբեր կազմակերպությունների, քաղաքական գործիչների և պաշտոնյաների կողմից, ընդհակառակը, ուրճացվում է՝ ելնելով օտարերկրյա, հիմնականում՝ Արևմուտքի կողմից տրամադրվող դրամաշնորհային ծրագրերից, քաղաքացիական հասարակության զարգացման տարբեր սցենարներից և այլն, որոնք ունեն հստակեցված գերակայություններ և հետապնդում են կոնկրետ նպատակներ հանրային-սոցիալական խնդիրների, այսպես կոչված, լուծման շրջանակներում: Սակայն վերջնարդյունքում ոչ միայն չեն կրճատվում բռնության դեպքերը (քանզի չի վերանում պատճառը), այլև ընկնում է պետության վարկանիշը միջազգային հարթակում:
Ընտանեկան բռնության՝ որպես հանրային հիմնախնդրի ազդեցությունը և հաղթահարման ուղիները.
Ընտանեկան բռնությունը համարվում է ոչ միայն ներընտանեկան հիմնախնդիր, այլև իրավախախտում, մարդու իրավունքների ոտնահարում՝ ուղեկցվելով քրեական պատասխանատվությամբ: Ընտանեկան բռնությունը իր հերթին հանդիսանում է իրավական, տնտեսական, սոցիալական, մշակութային, կրթական հիմնախնդիր՝ քաղաքական հետևանքներով:
Կանանց կողմից իրականացվող ընտանեկան բռնությունների առաջնային նախապայմաններից են բարձր եկամուտն ու գույքի տնօրինումը, իսկ արական սեռի ներկայացուցիչների դեպքում՝ գործազրկությունը, ցածր աշխատավարձը և այլն: Այստեղ իրենց դերն են ունենում նաև անհատական, հասարակական, համայնքային մակարդակում սոցիալական ընկալումների, կարծրատիպերի դերը, տարբեր պետական ինստիտուտների աշխատանքի թերացումները և այլն:
Ընտանեկան բռնությունը ունենում է իր բացասական հետևանքները թե՛ հասարակության շրջանում ամրապնդվող ընտանեկան պատկերացումների, կին-ամուսին, ծնող-երեխա փոխհարաբերությունների կառուցման, թե՛ երեխաների մոտ առանձին բնավորության գծերի ձևավորման և արտահայտման տիրույթում:
Ընտանեկան բռնությունը առաջնային խախտում է ընտանիքի գործունեության, վերարտադրողականության և առողջ փոխհարաբերման բնականոն վիճակը: Առաջանում են ագրեսիա, վախի մթնոլորտ, տիրում են սուբորդինացիոն (ենթակայական) հարաբերություններ կնոջ և ամուսնու միջև, առաջանում է միմյանց նկատմամբ անհանդուրժողականություն, պարբերաբար վիճաբանություններ, կոնֆլիկտներ, միմյանց մեղադրելու զգացողություն, որի արդյունքում երեխաները ականատես են լինում ծնողների կողմից միմյանց նկատմամբ ոչ հանդուրժող, անբարյացակամ վերաբերմունքին, որն էլ դառնում է ընտանեկան զոհի հոգեբանության կայացման, հետագայում էլ ընտանիքի ամբողջական պատկերի թյուր ընկալման պատճառներից:
Հարկ է ընդգծել, որ ՀՀ-ում դեռևս գոյություն չունի ընտանեկան բռնությունների ոլորտը կարգավորող համալիր օրենք, պաշտոնական վիճակագրության հստակ ցուցանիշներ: Անշուշտ, ՀՀ ոստիկանությունը տրամադրում է որոշակի տվյալներ, որոնք վերաբերում են ընտանեկան բռնության ցուցանիշներին, սակայն դրանք էլ միմիայն այն պայմաններում, երբ ֆիզիկական բռնության ենթարկված անձը դիմել է բուժօգնության պետական որևէ հաստատություն:
2012 թ.-ից շրջանառության մեջ դրվեց «Ընտանեկան բռնության մասին» ՀՀ օրենքի նախագիծը: Այն սահմանում է, թե ինչ է ընտանեկան բռնությունը, բռնության կանխարգելման միջոցներն ու տեսակները, ֆինանսական և բարոյական աջակցության տրամադրման կարգը, ընտանեկան բռնության համար նախատեսված պատասխանատվության չափը և այլն: Սակայն օրենքի նախագիծը հետ ուղարկվեց ՀՀ կառավարության կողմից՝ հարակից օրենքներում ևս համապատասխան փոփոխություններ կատարելու հանձնարարականով: Մշակվեց օրենսդրական փաթեթ, որը ներառեց մի շարք օրենքներում փոփոխություններ և լրացումներ (Ոստիկանության մասին օրենք, Վարչական իրավախախտումների մասին օրենսգիրք, Քրեական օրենսգիրք, Վարչական և Քրեական դատավարության օրենսգիրք և այլն): Սակայն նախագիծը մինչ օրս չի ընդունվել՝ պայմանավորված ազգային մտածելակերպի առանձնահատկություններով և հասարակության մեջ տեղ գտած կարծրատիպերով: Այս հանգամանքը իր հերթին առաջ է բերում մի շարք դժվարություններ ինչպես ընտանեկան բռնության զոհի շահերը պաշտպանելու, այնպես էլ բռնություն կիրառողի նկատմամբ իրավական պատասխանատվություն սահմանելու ուղղությամբ: Իրենց հերթին էլ մասնավոր բողոքները արդյունավետ չեն, քանի որ համալիր կերպով չեն պաշտպանում զոհին բռնարարից:
Թերևս, հիմնախնդրի հաղթահարման կարևոր և առաջնային քայլերից է գյուղական և քաղաքային համայնքների մակարդակով իրավագիտակցության բարձրացման, հասարակության իրազեկման, իրավունքների մասին պատկերացում կազմելու միջոցառումների իրականացումը, որ ընտանեկան բռնությունը համարվում է ոչ թե կենցաղի անբաժան մասնիկը, այլ հանցավոր գործունեություն: Հավելենք, որ այստեղ գերակայությունը տալիս ենք ֆիզիկական-սեռական բռնության առկայությանը կին-տղամարդ հարաբերությունների տիրույթում: Իսկ թե որն է հոգեբանական-տնտեսական բռնության սահմանը, սա պետք է իր համար հստակեցնի յուրաքանչյուր ընտանիք: Բացի վերը նշվածից՝ պետք է լինի նաև համագործակցություն պետության և տարբեր հասարակական կազմակերպությունների, ԶԼՄ-ների, ապաստարաններ տրամադրող կառույցների, հոգեբանների և ոլորտի համապատասխան մասնագետների միջև:
Իրավամբ, ակնհայտ է նաև այն հանգամանքը, որ ընտանեկան բռնության արդյունքում տուժած անձը, լինելով գիտակից, իրազեկ, չի դիմում համապատասխան իրավական մարմինների օժանդակությանը (ոստիկանություն): Պատճառն այն է, որ դիմելու դեպքում էլ ոստիկանները ոչ միայն չեն պաշտպանում տուժածի իրավունքները, այլև համոզում են զոհին վերադառնալ ընտանիք՝ այն չքայքայելու միտումից ելնելով: Իսկ ապահարզանի դեպքում էլ մեծ է հավանականությունը, որ հասարակությունը կպիտակավորի թե՛ կնոջը (տղամարդուն ևս), թե՛ նրա երեխաներին: Կա նաև հետևյալ երևույթը, երբ ընտանեկան բռնություն առկա ընտանիքներում ծնվում են թվով 3-4 և ավելի երեխաներ (սա էլ, թերևս, բխում է ընտանիքը չքայքայելու միտումից, անձնական հարաբերությունների կառուցման անիրազեկվածությունից):
Հիմնախնդրի հաղթահարման կարևոր քայլերից ենք համարում նաև սոցիալ-տնտեսական նպաստավոր պայմանների ստեղծումը՝ արդյունաբերական գործարանների կառուցում, մշտական աշխատանքով ապահովում, ծայրահեղ ծանր սոցիալական վիճակում գտնվող ընտանիքներին նպաստների տրամադրում և այլն: Այս քայլը փոքր-ինչ կնվազեցնի սոցիալական խնդիրների հենքով պայմանավորվող ընտանեկան վեճերի ու բռնությունների տեսակարար կշիռը:
Վերլուծությունից ակնհայտ է, որ ընտանեկան բռնությունը հանդիսանում է ՀՀ-ի առջև ծառացած մարտահրավերներից, որը պետք է հաղթահարել՝ ցուցաբերելով կիրթ, գրագետ և համալիր մոտեցում՝ համագործակցելով պետական և ոչ պետական կառույցների հետ: Ընտանեկան բռնությունների մասին ՀՀ օրենքի ընդունումն էլ կհանդիսանա զսպող մեխանիզմ ոչ միայն բռնարարի, այլև իրավապաշտպան մարմինների համար՝ զոհին անօգնական չթողնելու տեսանկյունից: Եվ եթե նախկինում 11 տարի շարունակ ընտանեկան բռնություն կիրառած բռնարարին դատարանը տալիս է ընդամենը 50.000 դրամ տուգանք, ապա կոնկրետ օրենքի առկայության դեպքում, ըստ բռնության իրականացման տևողության, ձևի, բովանդակության, վնասի և այլն, կսահմանվի կոնկրետ պատիժը կրելու տեսակը՝ համապատասխան ժամանակահատվածով:
Այսպիսով, օրենսդրաիրավական դաշտի հստակեցումը, տարբեր կառույցների միջև համագործակցության խթանումը, հասարակության մեջ առկա կարծրատիպերի հաղթահարումը, սոցիալ-տնտեսական երաշխիքների տրամադրումը կհանդիսանան հիմնախնդրի հաղթահարման կարևոր քայլերից: Անշուշտ, համալիր մոտեցման համար անհրաժեշտ է նաև ընտանեկան բռնության ենթարկված անձի կամքը և ցանկությունը՝ պատվով հաղթահարելու առկա դրությունը:
Օգտագործված գրականության ցանկ.
- http://www.unfpa.am/sites/default/files/DV%20and%20Divorce%20Survey.pdf
- www.ombuds.am/pages/downloadDoc/file_id/1340
- http://www.armstat.am/file/article/dv_executive_summary_arm.pdf
- http://www.mlsa.am/forum/forum.php?sec=conference&forum_id=-2&topic_id=247
- http://www.un.am/hy/agency/UNFPA
- http://www.un.am/up/library/Gender-Gap_arm.pdf
- http://www.un.am/up/library/Assessement_2011-2015_Gender%20Policy_arm.pdf
- http://www.un.am/up/library/Survey_Domestic%20Violence_eng.pdf
- http://www.police.am/home.html
Հեղինակ՝ Աննա Դանիելյան (Anna Danielyan): © Բոլոր իրավունքները պաշտպանված են: