Նյութը հրապարակվում է «Ինլայթ» հանրային հետազոտությունների կենտրոն ՀԿ-ի և «:Բուն» գիտամշակութային հիմնադրամի համագործակցության շրջանակում
Հայտնի իտալացի տեսաբան, մարքսիստական փիլիսոփա Անտոնիո Գրամշիի կնքահայր սկզբնական շրջանում համարվում էր Բենիտո Մուսոլինին: Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ նրանք պնդում էին, որ Իտալիան չեզոքություն պահպանելու իրավունք չունի և պետությունն ու հասարակությունը վերակառուցելու համար պետք է մասնակցի պատերազմին:
1920 թվականին Գրամշին իր աշխատանքներից մեկում եկավ այն մտքին, որ իտալական սոցիալիստական ուժերը տհաս էին և չկարողացան միավորվել մի գաղափարի շուրջ ու հեղափոխություն իրականացնել:
Գրամշիի համար կառավարման երկու համակարգ գոյություն ուներ՝ հարկադրանք և համոզում, որոնք, նրա կարծիքով, առկա էին բոլոր պետական և հասարակական ինստիտուտներում՝ բանակում, ոստիկանությունում, դատական համակարգում, եկեղեցում, արհմիություններում, մամուլում, կրթության ոլորտում, ընտանիքում:
Անտոնիո Գրամշիի կարծիքով՝ պետությունը քաղաքական ու քաղաքացիական հասարակության միավորումն է:
Գրամշիի համար գաղափարաբանությունը (իդեոլոգիան) մի ամբողջական համակարգ էր, որն իր մեջ ներառում էր թե՛ ղեկավարողներին, թե՛ ղեկավարվողներին:
Գրամշին մարքսիստական տեսաբանության մեջ հայտնի է որպես գերիշխանության տեսության հիմնական մտածողներից մեկը, թեև նա այդ տեսության հիմնադիրը չէր:
***
1926 թվականին Գրամշին ձերբակալվեց ապստամբություն կազմակերպելու և հեղաշրջման մեղադրանքով: 1928 թվականին դատավարություն է տեղի ունենում, որի արդյունքում Գրամշին դատապարտվում է 20 տարի ժամկետով ազատազրկման: Դատավարության սղագրությունից պարզ է դառնում, որ դատավորը նպատակ ուներ «անջատելու այդ ուղեղը». ակնհայտ էր, որ սոցիալիստներն ու, մասնավորապես, կոմունիստները կարող են ձգող ուժ դառնալ ֆաշիստական կառավարումից դժգոհ բոլոր քաղաքական միավորումների համար:
****
ԽՍՀՄ-ում Գրամշին համարվում էր Իտալական կոմունիստական կուսակցության ներկայացուցիչ և սերտ կապեր ուներ Լենինի հետ, թեև դեմ էր Լենինի որոշ գաղափարներին: Լենինի անմիջական ներգործությամբ Գրամշին ուղևորվել էր Վիենա, որտեղ բանակցություններ պիտի տաներ Եվրոպական կոմունիստական կուսակցության առաջնորդների հետ: Նա վերադառնում է Իտալիա, որտեղ 1924թ. խորհրդարանի պատգամավոր է ընտրվում, սակայն նրա ընկերները սկսում են լքել Իտալիան՝ վտանգ տեսնելով ֆաշիստական իշխանության կողմից: Գրամշին մնում է պատգամավոր՝ մինչև վերջ հավատալով, որ խորհրդարանն այն հարթակն է, որտեղ նա կարող է կապ պահել ժողովրդի հետ:
Գրամշին կարծում էր, որ եթե գոյություն ունեն իշխանությունը միաձույլ կերպով ներկայացնող հարկադրանքի և համաձայնության բևեռներ, որոնցում հարկադրանքը երկրորդային է համաձայնության նկատմամբ: Հարկադրանքի ապարատը միայն հետևանք է համաձայնության մակարդակի չգործելուն: Իշխանության և հասարակության միջև կապը պահպանվում է քաղաքացիական հասարակության միջոցով, իսկ նրանց համոզելու գործիքը՝ գաղափարաբանությունը, որն իր հերթին հասարակության տարբեր շերտերի մեջ տարածվում է զանգվածային մշակույթի միջոցով:
***
Դասական մարքսիզմի երկու հասկացությունները՝ բազիսը և վերնաշենքը, ըստ Մարքսի, միարժեք են, սակայն Գրամշին նշում էր, որ դրանց միարժեքությունը միանշանակ չէ, քանի որ իշխող դասակարգը կարող է ներառել մյուս դասակարգի՝ բազիսի գաղափարները, ուստի միաձույլ դասակարգ՝ որպես այդպիսին, լինել չի կարող:
Իշխանության և ժողովրդի միջև կապ են պահպանում ինտելեկտուալները՝ կրթելով, համոզելով ըստ սահմանված գաղափարաբանական համակարգի: Գրամշին առանձնացնում էր ինտելեկտուալների երկու տեսակ՝ օրգանական և ավանդական: Ավանդական ինտելեկտուալները պետական գաղափարաբանության սպասարկողներն էին, որոնք չունեին սեփական տեսլական և վերարտադրում էին գոյություն ունեցող իշխանական համակարգը: Օրգանական ինտելեկտուալները տարբեր դասակարգերի ներկայացուցիչներ էին և առաջ էին մղում տարբեր սոցիալական խմբերի շահեր: Փաստացի ցանկացած մարդ ինտելեկտուալ է, եթե հանրային գործառույթ է կատարում, ինչը հակասում էր, օրինակ, Խորհրդային միությունում ընդունված գաղափարներին:
Ըստ Գրամշիի՝ գաղափարաբանությունն ինտեգրալ գործընթաց է և չի հասնի որևէ վերջնական կետի: Այն միտված է դեպի առաջադիմությունը, քանի որ տարբեր կողմերի շահերի համաբերումը՝ ի նպաստ պետության ու հասարակության, միայն կարող է առաջադիմական լինել:
Հեղինակ՝ ՀՀ ԳԱԱ Հնագիտության ու Ազգագրության Ինստիտուտի Ասպիրանտ, «Ինլայթ» ՀԿ- ի հետազոտող Գոռ Մադոյան