ՄՈՒՏՔ

Սկզբնավորվելով արցախահայության ինքնորոշման արդար իրավունքի իրագործման՝ ԼՂԻՄ-ի եւ Խորհրդային Հայաստանի վերամիավորման նպատակով, Արցախյան շարժումը բնականորեն ընդգրկեց հայ ժողովրդի ճակատագրի հետ կապված բոլոր հիմնահարցերը եւ վերածնվեց իսկապես համազգային շարժման՝ ներգրավված մասնակիցների քանակով ու առաջադրված խնդիրների բազմազանությամբ։

Նկատի առնելով շարժման ծավալը, շարժմանը գործուն կերպով մասնակցելու հասարակության ամենատարբեր խավերի պատրաստակամությունը, դեռեւս 1988 թ․ օգոստոսին Ղարաբաղյան շարժման Հայաստանի կոմիտեն անհրաժեշտ համարեց կազմակերպական ձեւ տալ Համաժողովրդական շարժմանը եւ ձեռնարկեց Հայոց Համազգային Շարժում կազմակերպության ստեղծմանը։ Կոմիտեն, որպես նախաձեռնող խումբ, ժողովրդի քննարկմանը ներկայացրեց Հայոց Համազգային Շարժման ծրագիրը, որի առաջադրած գաղափարական սկզբունքները որոշակիորեն նպաստեցին ազգային խնդիրների խոր ընկալմանը, պայքարի քաղաքական ճիշտ  ուղիների ընտրությանը, ժողովրդական առողջ ուժերի առավել կազմակերպվածությանն ու համախմբմանը։

Շարժման քաղաքական սկզբունքները հիմնականում բխում են հայ ժողովրդի նախընթաց պատմաշրջանի, մանավանդ 19-րդ դարի վերջի եւ 20-րդի սկզբի ազգային-ազատագրական պայքարի փորձից: Հայ ժողովուրդը գոյատեւումը եւ զարգացումը պայմանավորող այդ սկզբունքները ժամանակի մեր քաղաքական գործիչների մի մասը գիտակցեց մեծ զոհեր տալուց եւ անկախ պետականությունը կորցնելուց հետո։ Նախորդ 70-ամյա  արտաքին ճնշման եւ ազգի ինքնուրույն զարգացման հնարավորության բացակայության պայմաններում այդ սկզբունքներն օտարվեցին հայ ժողովրդի կենսական խնդիրների ոլորտից, դեր չխաղացին ազգային կյանքի մեջ։ Վերջին մեկուկես տարվա փորձը մեկ անգամ եւս հաստատեց այդ սկզբունքների կենսական նշանակությունը մեր ժողովրդի համար։ Շարժման նպատակն է՝ նպաստել  ազգի քաղաքական, տնտեսական եւ հոգեւոր հզորացմանը, որի աստիճանով է միայն պայմանավորված ազգային կարեւոր խնդիրների լուծման հնարավորությունը։

Երբ ազգն իր խնդիրները լուծելիս ապավինում է արտաքին ուժի, ապա, ինչպես ցույց է տալիս մեր պատմական փորձը, դա ոչ միայն հաջողության չի բերում, այլեւ ամեն մի անհաջողություն ու հարված թուլացնում է ազգի վճռականությունը, խարխլում հավատը արդարության նկատմամբ, հանգեցնում ճակատագրով դատապարտված լինելու գաղափարին եւ ի վերջո կազմալուծում ազգը։ Իսկ երբ ժողովուրդն ապավինում է սեփական ուժին, նրա կրած ամեն մի հարվածն ավելի է ամրապնդում ազգի հոգեւոր ուժերը եւ վճռականությունը, հզորացնում նրան։ Արդարությունը չեն մուրում, արդարությունը նվաճում են։

Շարժման ընթացքում մեր ժողովուրդն սկսեց գիտակցել, որ ազգային շատ խնդիրների լուծումը հնարավոր է միայն անկախ պետականության պայմաններում։ Հայ ազգն այժմ աստիճանաբար ազատվում է տասնամյակների ընթացքում իրեն պարտադրված ստրկամտությունից։

Ի՞նչ տվեց շարժման մեկուկես տարին։ Արցախի ժողովուրդն արդեն ինքնորոշվել է, ստեղծելով ինքնավար ժողովրդապետության մարմին՝ Ազգային խորհուրդ։ Անկախ կատարվածի իրավական ճանաչումից եւ իրավաբանական ձեւակերպումից, կենտրոնական իշխանությունները ստիպված են այդ փաստը հաշվի առնել։

Հայ ժողովուրդն աստիճանանաբար ավելի միասնական է դառնում, հոգեպես ու բարոյապես ամրապնդվում է պայքարում, ձեռք բերում հոգեւոր անկախություն։

Համաժողովրդական պայքարի ավելի քան մեկուկես տարվա ընթացքում իրականացվել են ՀՀՇ-ի ծրագրի «Մոտակա նպատակները» բաժնում առաջադրված մի շարք խնդիրներ, միաժամանակ, նոր իրադարձությունների թելադրանքով առաջացել են նոր խնդիրներ, որոնց իրականացումը Հայոց Համազգային Շարժումը համարում է իր նպատակը։ Ըստ այդմ, անհրաժեշություն է առաջացել լրացումներ եւ փոփոխություններ կատարելու Հայոց Համազգային Շարժման մոտակա նպատակների մեջ։

Հայոց Համազգային Շարժման գաղափարական սկզբունքները

  1. Հայ ժողովուրդը լավագույն ձեւով կարող է դրսեւորել իր ընդունակությունները եւ կարողությունները, լուծել ազգի առջեւ ծառացած խնդիրները եւ նպաստել համաշխարհային քաղաքակրթության զարգացմանը, վերականգնելով իր ազգային անկախ պետականությունը։ Ունենալով իր անկախ պետականությունը, ապրելով առանց արտաքին ճնշման, ժողովրդավարության պայմաններում, ազգն ինքնուրույն պետք է որոշի իր քաղաքական, տնտեսական, սոցիալական եւ մշակութային կյանքի ձեւերը։ Միայն այդպիսի պայմաններում է հնարավոր պահպանել յուրաքանչյուր անհատի՝ ի ծնե տրված իրավունքները, որոնցից կարեւորագույններն են կյանքի ապահովությունը, անձի ազատությունը եւ երջանկության ձգտման իրավունքը։
  2. Իրական ժողովրդավարության կարեւորագույն երաշխիքներն են խոսքի, մամուլի, խղճի ազատությունը, բազմակարծությունը, սեփականության ձեւերի բազմազանությունը, ազատ ձեռներեցության առկայությունը, աշխատավորների ազատ արհմիությունների գործունեության հնարավորությունը։ Պետական կազմավորման գերագույն իշխանությունը ժողովրդի կամքն է՝ արտահայտված համաժողովրդական հանրաքվեներով կամ ազատ ընտրություններով ստեղծված ներկայացուցչական խորհրդարանի վճիռներով։
  3. Հազարամյակներ շարունակ հայ ժողովրդի գոյատեւման ու հոգեւոր զարգացման երաշխիքը եղել ու մնում է հայոց լեզուն։ Առանց մայրենի լեզվի հայ ազգը դատապարտված է կործանման։
  4. Դարերով հայ ժողղովրդի գոյության, բարոյական ու հոգեւոր զարգացման մեջ վճռորոշ դեր է խաղացել քրիստոնեական հավատը։ Վերջին տասնամյակների փորձով հաստատվեց, որ հավատի կորուստը խարխլում է ազգի բարոյական հենքը եւ անխուսափելիորեն տանում բարոյազրկման։
  5. Հայ ժողովուրդն իր ազգային ծրագրերն իրագործելիս պետք է ապավինի իր ուժերին, հույս չդնելով ուրիշի հովանավորության վրա։ Սրան հակառակ ամեն մի տեսակետ ժխտվում է պատմական փորձով եւ ակամա ծառայոււմ է մեր ժողովրդին հոգեւոր ստրկության մեջ պահելուն։ Քաղաքական մոլորություն է նաեւ այն մտայնությունը, ըստ որի ազգն ունի մշտական բարեկամ եւ մշտական թշնամի եւ ոչ թե մշտական ազգային շահեր։

Մենք մերժում ենք անբարոյական եւ մեր ազգի համար անպտուղ այն քաղաքականությունը, որը մի կողմից իբրեւ «դիվանագիտություն»  ենթադրում է հավատարմության անտեղի հավաստիացումներ այլ ժողովրդի նկատմամբ, մյուս կողմից՝ պահանջում է թշնամություն քարոզել ուրիշ ժողովուրդների կամ կրոնների դեմ։ Ներկայումս ժողովուրդների փոխհարաբերություններում ազգային եւ պետական շահերը ավելի մեծ դեր են խաղում, քան կրոնական եւ ծագումնաբանական ընդհանրությունները։

  1. Ժողովրդի պատմության մեջ արտաքին գործոններն, անշուշտ, կարեւոր դեր են խաղում, բայց վտանգավոր է, երբ ժողովուրդն իր հաջողությունների կամ անհաջողությունների պատճառը միայն իրենից դուրս է փնտրում։ Դա կազմալուծում է նրան եւ տանում ազգային ինքնավերացման։ Անբարենպաստ պայմանները, արտաքին ճնշումը ժողովրդին կարող են ստիպել նահանջել, բայց այն ազգերը, որոնք իրենց մեջ ապագայի նկատմամբ հավատ, բարոյական ու հոգեւոր ուժ են պահպանում եւ դրանք դրսեւորում վճռական պահերին, ոչ միայն ապահովում են իրենց ազգային գոյությունը, այլեւ հասնում են իրենց իղձերի իրականացմանը։
  2.  Ազգի գոյատեւման եւ քաղաքական հաջողությունների գրավականը ժողովրդի հագեւոր եւ նյութական հզորությունն է, ազգային բոլոր ուժերի համախմբումը։ Հայոց ազգային խնդիրների լուծման համար միջազգային հասարակական կարծիքը կարեւոր դեր ունի, բայց վճռորոշ չէ։ Հայ ժողովրդի քայլերը պետք է համաչափ լինեն մեր հզորության աստիճանին, ուժերին եւ հնարավորություններին, որոնց բազմապատկումը Հայոց Համազգային Շարժման գլխավոր նպատակներից մեկն է։ Հայ ազգը բոլոր հնարավորություններն ունի իր հզորության աստիճանը համապատասխանեցնելու ազգային նպատակների իրականացման համար անհրաժեշտ պահանջներին։
  3. Մեր շարժումն ուղղված չէ որեւէ ժողովրդի դեմ։ Մեր սկզբունքն է՝ խաղաղ ու համերաշխ ապրել բոլոր ժողովուրդների հետ։ Բայց մենք համոզված ենք, որ խաղաղությունը եւ համերաշխությունը հնարավոր են միայն այն դեպքում, երբ հիմնվում են արդարության վրա, երբ չեն ոտնահարվում որեւէ ժողովրդի իրավունքները։
  4. Մենք համերաշխ  ենք բոլոր այն շարժումների հետ, որոնք հիմնված են ինքնորոշման, ժողովրդավարության եւ սոցիալական արդարության սկզբունքների վրա, մենք մերժում ենք ազգային խտրականության եւ ազգայնամոլության բոլոր դրսեւորումները։

Հայոց Համազգային Շարժման Մոտակա Նպատակները

Հայ ժողովրդի ազգային իղձերի իրականացման ճանապարհին, ելնելով քաղաքական իրավիճակից եւ դրա  ընձեռած հնարավորություններից, Հայոց Համազգային Շարժումը մոտակա ժամանակաշրջանում իր առջեւ դնում է հետեւյալ խնդիրը․

1․Արցախի վերամիավորումը Հայաստանի հետ։

  1. Հասնել ԽՍՀՄ-ի եւ ՀԽՍՀ-ի միջեւ միջպետական նոր պայմանագրի կնքմանը, դրա մեջ ներառելով հետեւյալ կետերը․

ա․ Հայաստանում պետական իշխանության եւ կառավարության մարմինների կառուցվածքի ընտրության եւ գործունեության ինքնուրույնություն։

բ․ ԽՍՀՄ կազմում մնալու եւ նրանից դուրս գալու ԽՍՀՄ-ի լիակատար իրավունքի ճանաչում՝ դրա  գործնական կիրառման եղանակների նշումով․

գ. հայ ազգային զորամիավորումների վերականգնում․

դ․ տնտեսական քաղաքականության լիակատար ինքնուրույնություն, ներառյալ արտաքին առեւտուրը․

ե․ այլ երկրների հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատման իրավունք․

զ․ միջազգային կազմակերպություններին անդամակցելու իրավունք․

է․ ԽՍՀՄ ֆեդերալ իշխանությունները չպետք է միջամտեն հանրապետության ներքին գործերին։ Հանրապետության տարածքում կարող են գործել միայն միութենական այն օրենքներն ու որոշումները, որոնք վավերացնում է հանրապետության բարձրագույն օրենսդիր մարմինը։

  1. Ստեղծել հայ ժողովրդի իրական շահերն արտահայտող սահմանադրություն, որը պետք է հիմնված լինի ազգային հոգեբանության, մտածողության ու պատմական փորձի, ինչպես նաեւ մարդու իրավունքների միջազգային համաձայնագրերի, Հելսինկիի եւ Վիեննայի եզրափակիչ վավերագրերի վրա։
  2. Պայքարել խոսքի, մամուլի, խղճի, հանրաժողովների ու ցույցերի իրական ազատության հասնելու համար։
  3. Անցնել նոր տնտեսական քաղաքականության՝ ազատ ձեռներեցության հիմունքներով։ Հասնել այն բանին, որ հողը պատկանի գյուղացուն՝ ժառանգական օգտագործման իրավունքով։
  4. Ձգտել այն բանին, որ Հայաստանը հասնի տնտեսական ինքնաապահովման՝ կենսականորեն ամենաանհրաժեշտ մթերքների, ինչպես նաեւ էներգիայի ու շինանյութերի գծով։
  5. Խստորեն կիրառել ՀԽՍՀ սահմանադրության՝ հանրապետության պետական լեզվին վերաբերող հոդվածը։ Այդ նույն նպատակով մշակել եւ ընդունել հանրապետությունում հայոց լեզվի պարտադիր գործառության եւ ազգային պարտադիր կրթության մասին օրենքների համակարգ։ Գործել հայ ազգային դպրոցի ավանդույթները վերականգնելու ուղղությամբ։ Հասնել այն բանին, որ ՀԽՍՀ-ում բոլոր հայ երեխաները նախադպրոցական, դպրոցական եւ բուհական կրթություն ստանան հայոց լեզվով, ձգտելով այդ հնարավորությունը սեղծել նաեւ հանրապետությունից դուրս բնակվող հայության համար։
  6. Բոլոր ջանքերը ներդնել աղետի գոտու վերականգնման համար։ Աղետի գոտու վերականգնման աշխատանքների ընդհանուր ղեկավարությունը պետք է իրականացնի հանրապետության Գերագույն խորհուրդը։ Կարեւորագույն խնդիր է պահպանել աղետի գոտու ժողովրդագրական բնույթը եւ ազգային ճարտարապետության դիմագիծը։
  7. Ապահովել հայ եկեղեցու ազատ գործունեությունը, հավատացյալների պահանջով բացել նոր եկեղեցիներ։ Վերականգնել հայ ազգային-կրոնական տոներն ու սովորույթները։
  8. Նյութապես եւ բարոյապես օգնել Ադրբեջանից եւ ԽՍՀՄ սփյուռքից եկած հայ փախստականներին եւ հայրենադարձներին։
  9. Հասնել հանրապետության հարավային շրջաններում նոր քաղաքներ եւ քաղաքատիպ ավանների ստեղծմանը, որոնք ոչ միայն կապահովեն այդ շրջանների սոցիալ-տնտեսական զարգացումը, այլեւ կլուծեն փախստականների տեղավորման հարցերը։ Այդ քաղաքներ տեղափոխել աղետի գոտում գործող մի շարք արդյունաբերական ձեռնարկություններ, կրթական եւ մշակութային հիմնարկներ։
  10. Անհաշտ պայքար ծավալել Հայաստանի բնության պահպանության եւ կենսոլորտի մաքրության ապահովման ուղղությամբ, գիտակցելով, որ հանրապետությունում ստեղծված գոյապահպանական ծանր վիճակը ոչ միայն սպառնում է ներկա սերնդի առողջությանը, այլեւ կարող է հանգեցնել հաջորդ սերունդների մտավոր եւ ֆիզիկական անլիարժեքությանը։ Առաջնահերթ խնդիր դարձնել քիմիական թունավոր արտադրությունների, նախ եւ առաջ «Նաիրիտ» գիտաարտադրական միավորման փակումը։
  11. Հասնել Միավորված ազգերի կազմակերպության կողմից 1915 թ․ հայերի ցեղասպանության փաստի ճանաչմանը։
  12. Հասնել Հայաստանի զավթված տարածքների նկատմամբ հայ ժողովրդի պատմական եւ օրինական իրավունքի միջազգային ճանաչմանը, գիտակցելով, որ այդ իրավունքի իրականացումը հնարավոր է միայն այնպիսի քաղաքականության շնորհիվ, որը հիմնված է շարժման գաղափարական սկզբունքների վրա։
  13. Պայքարել, որպեսզի ՀԽՍՀ Գերագույն խորհուրդը անօրինական ճանաչի 1921թ․ մարտի 16-ի ռուս-թուրքական պայմանագրի Հայաստանին վերաբերող կետերը, եւ Կովկասյան բյուրոյի նույն թվականի հուլիսի 5-ի որոշումը։
  14. Պահանջել, որպեսզի մարդու իրավունքների միջազգային համաձայնագրերի սկզբունքների կիրառմամբ վերանայվեն 1920 թվականից հետո քաղաքական հողի վրա եւ այլ անհիմն մեղադրանքներով դատապարտված, «ժողովրդի թշնամի» ճանաչված բոլոր անձանց գործերը։ Ապօրինի դատապարտված բոլոր հայ գործիչները պետք է արդարացվեն եւ լիովին հատուցվեն նրանց կրած նյութական ու բարոյական վնասները։ Պետք է հրատարակվեն անցյալի հայ մշակութային ու քաղաքական գործիչների, գիտնականների անհիմն կերպով ու ապօրինաբար արգելված գործերը։
  15. Պայքարել Սումգայիթի ցեղասպանության, Ադրբեջանի հայաբնակ վայրերում հայերի նկատմամբ կատարված բռնությունների, հալածանքների, «Զվարթնոց» օդանավակայանում զինվորականների գործած վայրագությունների, Հայաստանում զանգվածային թունավորումների կազմակերպիչներին ու մեղսագործներին լիովին բացահայտելու եւ պատժելու համար։
  16. Իրականացնել նախնական կալանքի ենթակա եւ ազատազրկման դատապարտված հայ բանտարկյալներին Հայաստանում պահելու խնդիրը։
  17. Վերականգնել Հայկական ԽՍՀ պատմական տեղանունները։

ՀԱՅՔ Հայոց Համազգային Շարժման պաշտոնաթերթ . նոյեմբեր. թիվ 1989

Աղբյուրը՝ hambardzum.am կայքի արխիվ