Ս․թ․ նոյեմբերի 24-ին մեր պայքարը հասավ իր գագաթնակետին՝ նշանավորվելով միաժամանակ ե՛ւ մեծագույն հաղթանակով, ե՛ւ մեր դեմ կիրառված ամենաբիրտ բռնությամբ։ Հակառակ Մոսկվայի խստագույն կարգադրության եւ նրա հլու կամակատար հանդիսացող Հայաստանի թուլամորթ ղեկավարության կամքի՝ հայ ժողովրդին գերմարդկային ջանքերով հաջողվեց շարունակել հանրապետության Գերագույն խորհրդի ընդհատված նստաշրջանը, որը կայացրեց հիրավի պատմական որոշումներ։
Սակայն նույն օրն եւեթ, ի պատասխան, այդ «հանդգնության» Հայաստանի խաղաղ մայրաքաղաքը վերստին նվաճվեց սովետական գաղութարար բանակի կողմից։ Կարգուկանոն հաստատելու պատրվակով Երեւանում հայտարարվեց պարետային ժամ, որը Ադրբեջանում սանձազերծված վայրագության նոր ալիքի պայմաններում կարելի է բնութագրել ոչ այլ կերպ, քան հայ ժողովրդին հավասարակշռությունից հանելու կոչված անպատկառ քաղաքական պրովոկացիա։ Ազատության հրապարակում տեղի ունեցած վերջին միտինգի մասնակիցները, արտահայտելով իրենց խոր զայրույթը, միաձայն որոշում կայացրին դրան պատասխանել բողոքի համազգային գործադուլով՝ այն շարունակելով մինչեւ պարետային ժամի վերացումը եւ Ադրբեջանի հայ ազգաբնակչության կյանքի անվտանգության ապահովումը։ Մոսկվայի կիրառած նոր բռնությունը ոչ միայն չի ահաբեկել մեր ժողովրդին, այլեւ նրան զինել է իր արդար պայքարը մինչեւ հաղթական ավարտ հասցնելու վճռականությամբ։ Ընդգծելով պահի լրջությունը եւ զգալով Ղարաբաղի հարցում մոտալուտ արմատական տեղաշարժի կայացումը՝ Ղարաբաղյան շարժման Հայաստանի կոմիտեն կոչ է անում հանդես բերել արտակարգ զգոնություն, խստորեն կատարել պարետային ժամի թելադրած պահանջները, բացարձակապես հաղորդակցության մեջ չմտնել զորքի հետ եւ շարունակել գործադուլը մինչեւ նրա պայմանների լիակատար բավարարումը։
Ղարաբաղյան շարժման Հայաստանի կոմիտե
25 նոյեմբերի 1988թ․
Դեպքերի անակնկալ ընթացքի եւ Ադրբեջանից, մասնավորապես Կիրովաբադ քաղաքից ստացվող տագնապալից լուրերի լույսի տակ ամեն ժամ կարող է ավելի կտրուկ գործողությունների անհրաժեշտություն առաջանալ։ Սպասեք Ղարաբաղյան շարժման Հայաստանի կոմիտեի նոր որոշումներին եւ տեղեկագրություններին։ Կոմիտեի բոլոր տեղեկագրական թերթիկները խնդրում ենք բազմացնել եւ տարածել։
Աղբյուրը՝ hambardzum.am կայքի արխիվ