Զգուշորեն ու հետևողականորեն նրանք մեր ծռված ողնաշարներն ուղղեցին
Գրող, Ղարաբաղյան շարժման ակտիվ մասնակից Լիզա Ճաղարյանի հետ զրուցում է Ռիմա Գրիգորյանը
Մինչև 1988-ը հայաստանյան հասարակության մեջ ի՞նչ տրամադրություններ կային ազգային-քաղաքական հարցերի նկատմամբ, մասնավորապես՝ Ղարաբաղի, Նախիջևանի և Ցեղասպանության հարցերի:
Արտաքուստ գուցե բազմաշերտ չէր սովետահայ հասարակությունը, բայց իրականում համակերպված թվացող գերակշիռ մեծամասնությանը, այսպես ասած, մեկ արշինով դժվար է չափել: Այլախոհներին առանձնացնենք. նրանք և՛ սակավաթիվ էին, և՛ գործում էին ընդհատակում: Իսկ ահա սովետական մամլիչի տակ «խաղաղ» ապրողներն առնվազն երկշերտանի էին՝ հանուն բարեկեցիկ կյանքի, պաշտոնների կամ առանց գլխացավանքի գոյություն քարշ տալու համար սովետական կեղծ գաղափարախոսությանը հավատարմորեն ծառայողներ և ազատներ, որոնք ընդհանուր համակրանքների շուրջը կղզյակներ էին ստեղծել և ապրում էին՝ ինչպես ուզում էին, քամահրանքով էին վերաբերվում «կոմսոմոլ տղերքին», սրանք էլ «կորուսյալ սերունդ» էին համարում այս ազատներին, բայցև թողնում էին՝ վայելեն իրենց թվացյալ ազատությունը, որովհետև այդ մարդիկ վտանգավոր ու գործնական քայլեր չէին անում կայսրության դեմ: Ես «կորուսյալ սերնդից» էի, և մեր հակասովետական գործունեությունն սկսվում ու ավարտվում էր այնտեղ, որ արգելված գրականություն էինք կարդում, բացառում էինք կոմսոմոլի հրահանգչի ուղիով լավ ապրելու հնարավորությունը և ազատ-անկաշկանդ անեկդոտներ էինք պատմում Բրեժնևի ու «պոլիտբյուրոյի» մասին: Եվ իմ կղզյակի շատ նեղ լուսամուտից իմ տեսած Հայաստանում հասարակությունը Ցեղասպանությունն ընկալում էր որպես կուշտ-կուշտ լաց լինելու առիթ՝ հայի սև բախտի համար, և հարց տվողները շատ քիչ էին, թե ինչու նման սարսափելի բան կատարվեց, իսկ Ղարաբաղի ու Նախիջևանի խնդիր ընդհանրապես չէր քննարկվում: Ուսանողական տարիներին ես բազմաթիվ ղարաբաղցի ընկերներ ունեի, և երբևէ նրանցից չեմ լսել Ադրբեջանից անջատվելու ցանկության մասին, որովհետև մինչև 88-ը սովետական հասարակությունն իր ամենապայծառ երազներում անգամ չէր պատկերացնում, որ նման բան հնարավոր է: Կրկնեմ, սա ընդհատակում գործող այլախոհներին չի վերաբերում. նրանք առանձին աշխարհ էին, և նրանց մտադրություններն էլ հասարակության մեծամասնությանը հասանելի չէին: Գուցե ասեք՝ հապա ո՞նց պատահեց, որ մի քանի օրվա ընթացքում գրեթե ողջ Հայաստանը ոտքի կանգնեց Լեռնային Ղարաբաղի համար: Չգիտեմ: Այդ հարցը ես էլ եմ շատ տվել ինքս ինձ: Մի օր արթնացանք ու անսպասելի պարզեցինք, որ մեր հետագա գոյությունը պայմանավորված է Ղարաբաղի անկախությամբ, և դա այնքան անկեղծ, բուռն, ինքնամոռաց մղում էր, որ չհասցրինք անգամ մտածել, թե տարիներ շարունակ որտեղ և ինչպես էինք թաքցրել մեր այդ անսանձ տենչանքը:
Ձեր ասածից դատելով՝ կարելի է ենթադրել, որ հասարակության լայն շրջանակներում անկախության հարցը ևս չէր քննարկվում։ Իսկ Ձեր փոքրիկ միջավայրում քննարկվու՞մ էր:
Եթե Հայաստանի անկախացումից երկու տասնյակից ավելի տարի է անցել, և դեռ մեր հասարակության մի որոշակի հատված վիճարկում է՝ Հայաստանին պե՞տք էր էդ անկախությունը, թե՝ ոչ, ուրեմն դժվար չէ պատկերացնել, թե ինչ մտայնություն էր իշխում մի փոքրիկ երկրում, որին 70 տարի ներշնչել էին, որ առանց ռուսի մեկ օր անգամ չի կարող ապրել: Վերջերս հրապարակվեց նախկին այլախոհ, իրավապաշտպան Վարդան Հարությունյանի «Այլախոհությունը Խորհրդային Հայաստանում» գիրքը, և եթե կարդացել եք, ապա, ըստ հեղինակի, նույնիսկ այլախոհների պայքարի սկզբնական շրջանի հիմնական նպատակը Ցեղասպանության ճանաչումն էր, կորուսյալ տարածքների վերադարձը, և ոչ՝ անկախությունը: Ուզում եմ ասել՝ նույնիսկ անկարելին կարելի դարձնելու համար պայքարող այլախոհներին էր անհրաժեշտ ինչ-որ ճանապարհ անցնել՝ անկախության գաղափարին հասնելու համար:
Իսկ մեր փոքրիկ միջավայրում, իհարկե, քննարկվում էր անկախության հարցը, ինչպես և՝ շատուշատ համարձակ հարցեր էին քննարկվում, բայց չեմ հիշում, որ երբևէ դրա շուրջը գործնական զրույցներ եղած լինեն: Անկախությունը մեզ համար Մետերլինկի Կապույտ թռչունի պես մի բան էր. շատ սիրուն էր, շատ ցանկալի էր, բայց թռչում էր հեռու՜-հեռուներում… Պոեզիա էր:
Բայց պոեզիան հանկարծ դարձավ իրականություն. Ղարաբաղի պահանջից բացի՝ Շարժման պահանջներից դարձավ նաև անկախության պահանջը: Ինչպիսի՞ն էր այս անցումը մի կողմից հենց Ձեր և Ձեզ պես մտածողների համար, մյուս կողմից՝ հասարակության մեծամասնության. ի՞նչ եք կարծում՝ ինչպե՞ս եղավ, որ Ձեր նշած հանգամանքներով հանդերձ՝ հասարակությունն ընկալեց և ընդունեց անկախության պահանջը:
Հիշում եմ, որ ընդհատակից ելած այլախոհական կազմակերպությունները մեղադրում էին «Ղարաբաղ» կոմիտեին, որ միանգամից չսկսեցին անկախություն պահանջել: Հեգնում էին, թե Շարժման առաջնորդները չեն հասկանում, որ Մոսկվան մեզ երբեք չի տա Ղարաբաղը: Ի՛մ խորին համոզմամբ, Կոմիտեն ճշգրիտ էր աշխատում հասարակության հետ: Եթե հենց առաջին օրերից անկախության թեման առաջնային դառնար, վստահ եմ, որ Ազատության հրապարակում մի քանի հարյուր հոգի կմնար. նախ՝ մարդիկ հավաքվել էին Լեռնային Ղարաբաղի ժողովրդին աջակցելու համար, և նման անսպասելի անցումը դավաճանություն կընկալեին Ստեփանակերտի հրապարակում իրենց հույսուապավեն Մայր Հայաստանի քայլերին սպասողները, և ամենակարևորը՝ Երևանի հրապարակում հավաքվածների մեծամասնությունը սովետահայ մտածողություն ուներ, և չնայած ռուսների նկատմամբ «անհուն սիրո» հիմքերը խարխլվել էին, բայց դեռ երկար ժամանակ գերիշխում էր «առանց ռուսի թուրքերը մեզ կուտեն» մտավախությունը: Հասարակությունն ի՛նքը պետք է համոզվեր, սեփական մաշկի վրա զգար, որ՝ այո՛, Կրեմլը Ղարաբաղի հարցը հօգուտ ղարաբաղցիների լուծողը չի: Եվ դրա համար հարկավոր էր ճանապարհ անցնել: Ի դեպ, «Ղարաբաղ» կոմիտեի հաջողության գրավականներից մեկն էլ այն էր, որ երբեք ներքին հոգևոր կապը չէր կտրում ժողովրդից և համբերությամբ, ոմանց դժգոհությունը հարուցելով՝ մարդկանց սովորեցնում էր սիրել ազատությունը, չվախենալ ազատությունից, ողբալու «տաղանդը» ազգային արժանապատվության և ընտրյալության հետ չշփոթել, ամենակարևորը՝ չվախենա՛լ, չվախենա՛լ և չվախենա՛լ: Մենք միայն չէինք պայքարում, նաև սովորում էինք, և հարթակում կանգնած մեր «ուսուցիչներից» յուրաքանչյուրն իր «նեղ մասնագիտությունն» ուներ: Մեկը քաղաքականություն էր սովորեցնում, մեկը՝ պատմություն, մյուսը՝ զուսպ լինելու հմտություն, չորրորդը՝ խենթ լինելու արվեստ… Եվ այսպես, աստիճանաբար ռուսատառ պաստառները, «Լենին, պարտիա, Գորբաչովը» անհետացան, ու ծածանվեցին մեր եռագույն դրոշները: Եվ ծածանվեցին ճիշտ ժամանակին. եթե դրանից հետո «ախուվախ» անողներ կային անգամ, նրանց փնթփնթոցները խեղդվեցին Հրապարակի ցնծության օվկիանոսի մեջ: Դրանից հետո մենք այլևս սովետահայ չէինք, հա՛յ էինք:
88-ին համախմբվել էր հասարակության զգալի մասը, տարիներ անց նույնիսկ շատ հաճախ ասվում է, որ համախմբվել էր ողջ հասարակությունը, սակայն նշեցիք Շարժման ընթացքում «ախուվախ» անողների մասին: Նրանք Շարժմանը զգուշավորությամբ մասնակցո՞ղ մարդիկ էին, թե՞ Շարժման հակառակորդներ:
«Ողջ հասարակության համախմբում» ասվածը գուցե սիրու՛ն հեքիաթ է, բայց՝ հեքիաթ է: Ե՛վ հակառակորդներն էին բազմաթիվ, և՛ «իմաստունները»: «Իմաստունները» ճամարտակում էին, թե ինչ հրաշագործություններ կանեին, եթե իրե՛նք Ազատության հրապարակի հարթակում լինեին, իսկ հակառակորդներն էլ, պարզ է, հասարակությանն զգուշացնում էին, որ «Ղարաբաղ» կոմիտեն կործանում է երկիրը: Սփյուռքից էլ անկախության ռահվիրա հարյուրևավելիամյա կուսակցությունն ահազանգում էր, որ «կողմ ըլլալով» դեմ է անկախությանը: Մինչ Կոմիտեի ձերբակալությունն այս մարդիկ վախվորած էին, իսկ երկրաշարժից, սովետական «ազատարար» բանակի շռնդալից ներխուժումից հետո Հայաստանի մայրաքաղաք՝ այդ վախվորածներն առյուծ կտրեցին, և թերթերն ու հեռուստատեսությունն օրուգիշեր պատմում էին, թե ինչ արհավիրքից է ազատվել Հայաստանը՝ Կոմիտեի ձերբակալության «շնորհիվ»: Պալատական լրագրողները փողոցներում «պատահական» մարդկանց էին մոտենում և հարցնում կոմիտեականների մասին, և բոլոր «պատահականները» փրփուր ի բերան պատմում էին, թե ինչ զարհուրելի մարդիկ էին այդ կոմիտեականները, և կեցցե՛ սովետական բանակը, որ եկավ ու հայերիս փրկեց այդ արկածախնդիր էքստրեմիստներից: Միայն մեկ փոքրիկ օրինակ պատմեմ, և հասկանալի կդառնա, թե ինչ իրավիճակ էր տիրում: Ձերբակալված և մոսկովյան բանտերում փակված կոմիտեականներին ինչ-որ կերպ աջակցելու համար ստորագրություններ էինք հավաքում: Ինքս՝ մի քանի ընկերներիս հետ հեռուստառադիոպետկոմում էի այդ գործն ստանձնել, որովհետև այդտեղ էի աշխատում: Ստորագրությունները հավաքում էինք այդ նույն հեռուստառադիոպետկոմի երկարամյա և լավագույն հեռուստալրագրողներից մեկի՝ երջանկահիշատակ Սամվել Գևորգյանի համար: Երբեք չեմ մոռանա, թե մեծամասնությունն ինչ մեծ «սիրով» էր հրաժարվում ստորագրել, ու ինչ թշնամանքով էին նայում մեզ այդ մերժողները… Ի դեպ, այդ տեքստը, որի տակ պետք է ստորագրեին, շատ անմեղ մի բան էր, ոչ մի քաղաքական ենթատեքստ չուներ, ընդամենն այն մասին էր, որ Սամվելը լավ լրագրող է, հանցագործ չի եղել և չէ, և այլն, այսպես կոչված՝ դրական բնութագիր էր:
Շարժման ամենածանր շրջանն էր: Մի կողմում՝ երկրաշարժից ավերված երկիր, տասըհազարավոր զոհեր, ցավից կիսամեռ, անգլուխ մնացած ժողովուրդ, մյուս կողմում՝ Երևանի ասֆալտը վարող տանկեր, քաղաքի կենտրոնը, Ազատության հրապարակը, հենց նույն հեռուստառադիոպետկոմն օկուպացրած բանակ… Երբեմն՝ երբ ետ եմ նայում՝ զարմանում եմ, թե ոնց դիմացանք: Հատկապես՝ սպանիչ անզորության զգացումին: Ո՛չ ինտերնետ կար (դեռ նույնիսկ համակարգիչ տեսած չկայինք), ո՛չ փրկարար Ֆեյսբուք կար, որ մեծ-մեծ խոսեինք, մի քիչ հոգիներս թեթևանար, ո՛չ բջջային հեռախոս կար, որ միմյանց իմաց տայինք՝ ինչ ենք անելու և ինչպես… Փողոցներն ընկած թափառում էինք, որ գտնեինք իրար: Ինչ-որ մեկը մոտենում՝ ականջներիս փսփսում էր. «Ժողովուրդը դեպի կայարան է գնում», վազում էինք կայարան, հետո լուր էր հասնում, որ՝ չէ՛, դեպի Բաղրամյան են գնում, հետո թե՝ երրորդ մաս… Վանդակն ընկած գազանիկների պես պատեպատ էինք զարկվում: Երկուսից ավելի մարդ եթե կանգնած էր միասին, ուրեմն՝ էքստրեմիստներ էին. մոտենում էին սովետական զինվորներն ու ռոբոտի ձայնով զգուշացնում, որ չցրվելու դեպքում կրակելու են, ու տանկերն ուղղում էին մեր դեմ: Այդտեղից հեռանում էինք, բայց՝ ու՞ր… Ամենուր զինված «ազատարարներն» էին իրենց ամենակարող տանկերով: Երբևէ մեր տղամարդկանց համար այդքան սիրտս չի մղկտացել, ինչպես այդ օրերին: Կանայք գոնե լաց էին լինում, անտանելի բան է ատամներն անզորությունից սեղմած տղամարդը:
Հետո, իհարկե, մեջքներս ուղղեցինք, հետո նորից օվկիանոս դարձանք, և Կրեմլը ճարահատյալ ազատ արձակեց «Ղարաբաղ» կոմիտեի անդամներին, հետո նվաճեցինք մեր անկախությունը, և այդ նույն մարդկանցից շատերը, որոնք սովետական բանակի հետ թև-թևի պայքարում էին մեր դեմ կամ լավագույն դեպքում՝ «իջել էին ջրի հատակը, մինչև անցնի վտանգը», դարձան հանուն Ղարաբաղի և անկախության «աննկուն մարտիկներ» և հայտնվեցին իշխանական օղակներում:
Շարժման դեմ պայքարի կարևոր միջոցներից մեկը հակաքարոզչությունն էր. պալատական լրագրողների գործունեության մասին Ձեր պատմածը ևս վկայում է դրա մասին: Ինչպե՞ս էր իրականացվում այդ հակաքարոզչությունը. ի՞նչ դեր ուներ այդ գործում տեղական մամուլը և տարբերվու՞մ էր արդյոք կենտրոնականից:
Աղոտ եմ հիշում… Ինչ-որ չափով տարբերվում էր, իհարկե: Բնականաբար, տեղական մամուլը չէր համարձակվի բացեիբաց գրել, որ Ղարաբաղն Ադրբեջանի տարածք է՝ «դավաճանի» պիտակավորում չստանալու համար: Մերոնց տեքստերում «բայց»-երի առատություն էր. «Մերն է, բայց… Ղարաբաղցիներն իրավունք ունեն բողոքելու, բայց… Անկախությունը լավ բան է, բայց…»: Կարճ ասած՝ դաշնակցության նման «կողմ ըլլալով դեմ էին»: Կոմիտեի ձերբակալության հատկապես սկզբնական շրջանում, իհարկե, տեղական և մոսկովյան բառապաշարը նույնացավ, բայց դա տևեց մինչև այն շրջանը, երբ ժողովուրդը շոկային վիճակից դուրս եկավ ու նորից սկսեց պայքարել:
Ես ավելի շատ կուզենայի մե՛ր՝ Ազատության հրապարակի ժողովրդի «քարոզչության» մասին խոսել: Մեր պաստառների մեծ մասն, առանց չափազանցության, արվեստի գործեր էին: Երիտասարդ նկարիչների խումբ կար. նրա՛նք էին Շարժման կոչերի պաստառները նկարում: Նույնիսկ ցուցահանդես կազմակերպեցին Ազատության հրապարակում, Շարժման ընթացքում ստեղծված բոլոր պաստառները ցուցադրվեցին. անչափ ազդեցիկ էր: Ի դեպ, մինչ առաջին լեգալ ընդդիմադիր թերթի՝ «Հայք»-ի ծնունդը, «Պիոներ կանչ»-ն էր ազատորեն գրում Շարժման մասին, այդ փոքրիկ, մանկապատանեկան համեստ թերթը, կարելի է ասել՝ մեր սիրելի ընդդիմադիր թերթն էր, այդ շրջանի մեր միակ մխիթարությունը: Հետո ասպարեզ ելավ «Հայք»-ը, և թող չվիրավորվեն մինչ այդ հրատարակվող ինքնահրատները, բայց դրանք ընդգծված կուսակցական ուղղվածություն ունեին, կամ էլ՝ զբաղված էին իրենց առաջնորդների գովքով ու չէին փայլում անաչառությամբ: Մեղմ ասած: «Հայք»-ը ստեղծվեց և իր դուռը բացեց բոլո՛ր ընդդիմադիր ուժերի առջև: Խմբագիրը Սամվել Գևորգյանն էր: Շատերը որպես լրագրող «մկրտվեցին» այդ թերթում, այդ շատերից մեկն էլ ես էի, և թող վերամբարձ չհնչի՝ հպարտ եմ դրա համար:
Շարժման հաջողությունից կարելի է ենթադրել, որ հակաքարոզչությունը արդյունավետ չէր, սակայն, այնուամենայնիվ, հավանաբար ինչ-որ դեր կատարում էր: Բացի սեփական «քարոզչությունից», որի մասին նշեցիք, Շարժումը հակաքարոզչությանն ինչպե՞ս էր հակազդում:
Եթե նկատի ունեք հրապարակային պայքարի շրջանը, ապա՝ հարթակից զօրուգիշեր հասարակությանն իրականությունն էին ներկայացնում, հերքում էին կեղծիքները, պատմում էին ճշմարտությունը: Ովքեր արհամարհում էին Հրապարակն ու այնտեղ հավաքված ժողովրդին, բնականաբար՝ սնվում էին հակաքարոզչությամբ: Դրանք հենց այն մարդիկ են, որոնց համար պատերազմի և հաղթանակի տարիները «մութուցուրտ» էին միայն: Մենք նրանց գրեթե չէինք տեսնում, չէինք լսում, երբ Հրապարակում էինք: Հետո՝ ավելի ուշ տեսանք ու հասկացանք, որ մենք «մենակ» չենք, մեր կողքին ապրում է նաև մեր հայրենակիցների այն շերտը, որի համար սովետմիությունից լավ երկիր չկա, անկախությունը խելագարների սադրանք է, «էս երԳրին ստալին ա պետք» և այլն: Գուցե շատերին հիասթափեցնեմ, եթե ասեմ՝ գրեթե հարյուր տոկոսով Անկախությանը «այո» ասողների մի մասը պարզապես ցնծության ալիքի վրա պատահաբար հայտնվածներ էին: Տաշի-տուշիով, զուռնա-դհոլով եկան՝ «այո» ասացին, իսկ երբ պարզվեց՝ անկախությունը «քամին ծափ տա, դու պարիր» շարքից չէ, որ ահռելի, նույնիսկ՝ ահարկու դժվարություններ են կանգնած անկախացած Հանրապետության առջև, և որ դրա համար իրենք նույնպես պետք է ջանք թափեն և ինչ-ինչ զոհողություններ անեն, այստեղ հովվերգությունն ավարտվեց: Եվ ստեղծվեց գրեթե նույն իրավիճակը, ինչը որ ակներև էր երկրաշարժից ու «Ղարաբաղ» կոմիտեի ձերբակալությունից հետո:
Ձեր ասած հակաքարոզչությանը Շարժման պատասխանը համարժեք էր, որովհետև Հրապարակում հավաքվածները պատասխան էին պահանջում ամեն ինչի համար, առաջնորդներն էլ տալիս էին նրանց մտահոգող հարցերի պատասխանները, իսկ ահա Հայաստանի Հանրապետության հռչակումից հետո, երբ Շարժման առաջնորդները իշխանություն դարձան, սովետներից մեզ ժառանգված, այսպես կոչված, ագիտացիան և պրոպագանդան սկսեց կաղալ երկու ոտքից: Իշխանության ներկայացուցիչների գերակշիռ մեծամասնությունը նախկին գիտնականներ, գրողներ, արվեստագետներ, ուսուցիչներ էին, որոնք «պարԾիական» դպրոց չէին անցել, Ստեփանակերտի մետաքսի գործարանի պարտկոմ չէին եղել, և կարծում էին, որ կարևորն օրուգիշեր աշխատելն է, և կարիք չկա դրա մասին աջուձախ շատախոսել ու ինքնագովազդով զբաղվել: Թող ինձ ներեն՝ չարաչար սխալվում էին: Տեղեկատվության առանձնահատուկ կարևորությանը մատների արանքով նայելու հետևանք է նաև, որ ոմանց համար պատերազմի ու հաղթանակի տարիները «մութուցրտի» մասին թառանչանքներից այն կողմ չեն անցնում, որ ըստ շատերի՝ Լևոն Տեր-Պետրոսյանի նախագահության օրոք մենք միայն կորուստներ ենք ունեցել, Նախագահը չգիտեր, որ Շուշին գրավելու ենք, և այսպիսի այլևայլ դատարկաբանություններ: Իսկ ահա նորանկախ հանրապետության իշխանությանը հակառակ՝ անզուգական էին գործում սնկի նման աճող ընդդիմադիրները, հատկապես անկախացումից հետո առոք-փառոք Հայաստան ժամանած «կողմ ըլլալով դեմ» դաշնակցությունը: Թերթեր հիմնելուց հետո, նախ, սկսեցին «պալատական» լրագրողներ որսալ: Եվ հաջող «որս» էր, որովհետև «պալատականները» իրենց կապույտ երազներում անգամ չէին տեսնում այն հոնորարները, որակյալ ձայնագրիչներն ու համակարգիչները, արտերկրյա գործուղումների հնարավորությունները, որ առաջարկում էին դաշնակցականները: Այսօրվա «կայունության» ջատագով, «երկրի առջև ծառացած խնդիրների առկայության պայմաններում» իշխանության դեմ կտրուկ գործողությունների աննպատակահարմարության մասին ՀՅԴ-ական Գյուլնազ տատի հեքիաթները լսող նոր սերունդը դժվար թե պատկերացնի, թե այս նույն «խաղաղասերներն» ինչ մոլեգին տեղեկատվական և շատ գործնական պայքար էին մղում առաջին քայլերն անող ՀՀ իշխանության դեմ՝ չխորշելով նույնիսկ ահաբեկչական խմբակների ստեղծումից, անսանձ հանրահավաքներից՝ հենց ա՛յն շրջանում, երբ երկրի կեսը երկրաշարժից ավերված էր, պատերազմի ամենածանր շրջանն էր, կայսրության փլուզումից հետո տնտեսությունը գրեթե հոգեվարքի մեջ էր:
Պատերազմում հաղթեցինք, տնտեսությունն սկսեց կամաց-կամաց ոտքի կանգնել, իսկ ահա տեղեկատվական «պատերազմում» Հայաստանի իշխանությունը տանուլ տվեց: Եվ հիմա, երբ առաջին գծում պատմության կեղծարարներն են, առավել սրությամբ ենք զգում, որ տեղեկատվությունը նույնքան կարևոր էր, որքան պատերազմում հաղթելն ու տնտեսությունը վերակենդանացնելը: Բայց որ զգու՞մ ենք՝ ինչ…
Հետաքրքիր իրավիճակ է ստացվում. փաստորեն մի կողմից Շարժման դեմ հակաքարոզչություն իրականացնողները, զգուշավորները, Շարժմանը չմասնակցածները խցկվեցին իշխանության մարմիններ, մյուս կողմից՝ մյուս մասը շարունակեց հակաքարոզչություն իրականացնել նաև ՀՀ իշխանության դեմ: Իսկ ու՞ր մնացին այն մարդիկ, որոնք այդքան նվիրված էին Շարժմանը, սակայն որոնց անունները գուցե անգամ չգիտենք:
Անունները չիմանալն, իհարկե, դատապարտելի ու զարմանալի չէ: Շարժման նվիրյալները հազար-հազարներ էին: «Ղարաբաղ» կոմիտեի անդամներն ընդամենը տասնմեկ հոգի էին, բայց գրեթե վստահ եմ, որ այսօր ՀՀ քաղաքացիների մեծամասնությունը, լավագույն դեպքում, դժվարությամբ մի քանիսի անունը կհիշի, եթե նման հարցում անցկացվի: Եվ ամենակարևորը՝ այդ շրջանի ըմբոստ հասարակությունը շատ-շատ էր տարբերվում ներկա հասարակությունից: Այսպես կոչված՝ շուկայական հարաբերությունները դեռ չէին ավերել մեր հոգիները: Պայքարի ելածների ճնշող մեծամասնության մտքով անգամ չէր անցնում, որ հաղթանակից հետո իրենց պետք է «պարգևատրեն» որևէ պաշտոնով: Հետագայում, երբ տեսանք, որ «մութ անկյուններից» սկսում է դուրս գալ այն տեսակը, որին ես ընդհանրական անունով եմ բնորոշում՝ կոմսոմոլի հրահանգիչ (էական չէ՝ իրոք կոմսոմոլի հրահանգիչ եղել են, թե՝ ոչ, ինձ համար սա մարդկային տեսակ է, տեսակ, որը բոլոր իրավիճակներում հաջողում է պատառ փախցնել) և տեղավորվել իշխանական օղակներում, ա՛յ այդ ժամանակ ցավ զգացինք: Դրանցից շատերին էինք ճանաչում, գիտեինք, թե ինչպես էին պահում իրենց մեր հրապարակային պայքարի ժամանակ, և հանկարծ տեսանք՝ սրանք, փաստորեն, ոչ կերել են, ոչ խմել են՝ Ղարաբաղի ցավով են «տառապել»: Չեմ մեղադրում Շարժման առաջնորդներին, նույնիսկ բնական եմ համարում, որ նաև նման ընտրություն էր կատարվում: Եթե նվիրյալների մեծ մասը ետ է քաշվում, նրանց տեղերը պետք է գրավողներ լինեն, գրավողներն էլ, բնականաբար, պատեհապաշտներն են լինում: Չեմ կարծում, որ այս օրինաչափությունը միայն մեր երկրում է գործում. աշխարհի բոլոր իշխանություններն էլ գերադասում են իրենց կողքին ունենալ չափված-ձևված-արդուկված-լողակվածների, որոնք երբեք չեն հակաճառում իրենց ղեկավարներին, ճշգրտորեն կատարում են նրանց հրահանգները, ոչ թե՝ անկանխատեսելի խենթերի… Ափսոս միայն, որ պաշտոններ թռցրած այս տեսակը ծայրահեղ իրավիճակներում ճողոպրում է, անպաշտպան է թողնում իրենց «պաշտելի շեֆերի» թիկունքը, և եթե այսօր էլ երբեմն-երբեմն ափսոսանքով են հիշում ՀՀ առաջին իշխանությանը, ապա՝ շշուկով: Որ նոր շեֆերը հանկարծ չլսեն:
Գիտեմ, որ դավաճանությունների, սրիկայությունների, գյադայությունների ներկա կեղտաջրերին ընտելացած մեր հասարակությանն այս ամենը ոչ կզարմացնի, ոչ էլ առավել ևս՝ կցնցի: Այն տարիներին կատարվածն անմեղ բան է հիմիկվա համեմատ:
Վերջում անդրադառնանք Շարժման առաջին օրերին. այդ օրերից կա՞ն հատուկ հիշվող դրվագներ, պատմություններ, որ բնութագրական են Շարժման համար:
Շատ դժվար է պատասխանել այս հարցին, որովհետև բոլոր օրերը հատուկ հիշվող էին, բոլոր օրերն առանձնահատուկ էին, զարմանալի էին, միհատիկ էին: Թմբիրից դուրս եկած ժողովրդի մի հսկա հատված անսպասելի հերոսացել էր, և ինքն էլ դեռ չէր կարողանում գիտակցել, թե դա ինչպես կատարվեց, թե յոթանասուն տարի որտեղ էին թաքցրել իրենց խիզախ հոգիները, իրենց անանձնական սիրո այդ մեծ պաշարը, իրենց զոհաբերվելու պատրաստակամությունը: Այն, ինչ կատարվեց հայ ժողովրդի հետ 88-ի փետրվարին՝ սովորական տրամաբանության սահմաններում չի տեղավորվում: Մոռացել էինք տուն-տեղ-երեխա-գիրք-սեր… Ամե՛ն ինչ: Սկզբնական շրջանում շատ հավեսով (գուցե մի քիչ զավեշտալի է հնչում, բայց այդպես էլ կար. կարծես՝ հաճույք էինք ստանում, որ կարող ենք մի կուշտ լաց լինել) աղեկտուր արտասվում էինք: Ամբիոնից զարհուրելի պատմություններ էինք լսում, թե ինչպես են ադրբեջանցիները տարիներ շարունակ կեղեքել, ստորացրել ու սպանել մեր հայրենակիցներին, և այդ ամենը լսելիս ուրիշ ի՞նչ կարող էինք անել՝ ողբալուց բացի:
Ինչու՞ եմ «Ղարաբաղ» կոմիտեի դերն անգնահատելի համարում: Զգուշորեն ու հետևողականորեն՝ նրանք մեր ծռված ողնաշարներն ուղղեցին: Համբերությամբ ու հոգատարությամբ հասկացրին, որ աղի-աղի արցունք թափելն ամենևին էլ մեծ հայրենասիրության նշան չէ: Բացատրեցին, որ աշխարհին ո՛չ կարող ենք զարմացնել մեր արցունքներով, ո՛չ էլ նրանց քար սիրտը կփափկեցնենք: Հիշում եմ, այս «դասերից» հետո Բաքվի բանտում անմարդկային տանջանքներ կրած մի մարդու տվեցին խոսափողն, ու նա սկսեց պատմել, թե ինչպես են իրեն խոշտանգել ու նվաստացրել, և մի զարմանալի բան կատարվեց Ազատության հրապարակում: Դժգոհության մի սարսռեցնող գվվոց անցավ մարդկային օվկիանոսի միջով, ու ողջ Հրապարակը մի մարդու պես սկսեց գոչել. «Մի՛ պատմիիիիիր, մի՛ պատմիիիիիր, մի՛ պատմիիիիր»: Հիմա էլ հիշում եմ այդ պահը՝ փշաքաղվում եմ: Դա մեծ բեկում էր: Դա այլևս լացից հաճույք ստացող, ողբերգությունը ընտրյալ ազգին տրված աստվածային պարգև ընկալող նախկին ժողովուրդը չէր: Հրապարակում կանգնածներն այդուհետ արժանապատվությունն ամեն ինչից վեր դասող քաղաքացիներ էին:
Այդ պահին Հրապարակում կողքիս կանգնածին ասացի. «Վե՛րջ, ապրելու ենք»:
Ու ապրեցինք:
Հազա՛ր ափսոս, որ այս վերջին տարիներին՝ ներկա իշխանության ջանքերով Հայաստանի քաղաքացիները գրեթե մոռացել են այդ «դասերը», և ողբալու «արվեստի» երկրպագուների շարքերը կրկին ստվարանում են:
Աղբյուրը՝ hambardzum.am կայքի արխիվ