Ղարաբաղյան շարժման Հայաստանի կոմիտեի տեղեկագրությունը Կիրովաբադ քաղաքի հայության վիճակի մասին նոյեմբերի 26-ի ժամը 14-ի դրությամբ /1/
Ղարաբաղյան շարժման Հայաստանի կոմիտեն, ստուգելով եւ ամփոփելով տարբեր աղբյուրներից, մասնավորապես՝ Կիրովաբադ քաղաքի հայության հատուկ կոմիտեից ստացված տեղեկությունները, հայտնում է հետեւյալը․
Ս/թ նոյեմբերի 26-ի ժամը 14-ի դրությամբ Կիրովաբադ քաղաքի հայկական թաղամասը դեռեւս հուսալիորեն պաշտպանվում է զորքերի եւ հայ աշխարհազորայինների կողմից։ Թաղամասի վրա կատարվող զանգվածային հարձակումների փորձերը դադարել են։ Հայկական թաղամասում ապահովված է բնակիչների ազատ երթեւեկությունը։ Մինչ այժմ զոհված են երկու հայ /Ռոզա Մելքումյան, մյուսի անունն անհայտ/, վիրավորների թիվը պարզված չէ։
Արձանագրվել է բռնաբարության երեք դեպք։ Զգացվում է բժշկական օգնության եւ դեղորայքի խիստ պակաս։ Քաղաքի մյուս շրջաններում բնակվող հայերի մեծամասնությունը տեղափոխվել է հայկական թաղամաս, մյուսների մասին տեղեկություններն առայժմ ստուգվում են։ Այդ շրջաններում ավերվել, հրկիզվել եւ ավարի են մատնվել հարյուրավոր տներ։ Կիրովաբադի հայ բնակիչներին, մասնավորապես կանանց եւ երեխաներին տեղափոխելու համար Հայաստանի կառավարության կողմից ուղարկված ավտոշարասյան երթը ընդհատված է Սեւան-Իջեւան հատվածում։
Ղարաբաղյան շարժման Հայաստանի կոմիտե
26.11.88
Աղբյուրը՝ hambardzum.am կայքի արխիվ