Սույն թվականի մարտի 31-ին Թուրքիայում տեղի ունեցան ՏԻՄ ընտրություններ, որտեղ իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը իր կոալիցիոն դաշնակից «Ազգայնական շարժում» կուսակցության հետ միասին կորցրեց Ստամբուլի քաղաքապետի պաշտոնը, թեև ընդհանուր հաշվարկով հաղթանակ տարավ՝ ստանալով ձայների 51․64%-ը[i]։
Ընդդիրմադիր «Հանրապետա-ժողովրդական» կուսակցության թեկնածու Էքրեմ Իմամօղլուն ձայների աննշան տարբերությամբ (ըստ վերահաշվարկի արդյունքում հրապարակված տվյալների՝ 14հազ․ ձայն)[ii] ընտրվեց Ստամբուլի քաղաքապետ՝ երկրորդ տեղում թողնելով ԱԶԿ թեկնածու Բինալի Յըլդըրըմին։ Սակայն ընտրություններին հաջորդած գործընթացները եկան փաստելու, որ նախագահ Էրդողանը չի պատրաստվում այդքան հեշտությամբ կորցնել երկրի սիրտը և այն հանձնել Քեմալ Աթաթուրքի հիմնած, աշխարհիկ կարգերի ջատագով կուսակցությանը։
Քվեարկության արդյունքների պարզ դառնալուց անմիջապես հետո ԱԶԿ-ի և ԱՇԿ-ի կողմից բողոքարկումներ սկսվեցին, դրանց արդյունքում ապրիլի 3-ին Ստամբուլի 18 շրջանում սկսվեց ձայների վերահաշվարկ[iii], որը չտվեց իշխող կուսակցության սպասած արդյունքը։ Արդեն ապրիլի 16-ին վերոնշյալ երկու կուսակցությունները դիմեցին Թուրքիայի «Բարձրագույն ընտրական հանձնաժողովին»՝ մարտի 31-ի ընտրության արդյունքները չեղարկելու և նոր ընտրություններ կազմակերպելու պահանջով[iv]։ Վերջինս բավարարելու ԲԸՀ-ի՝ մայիսի 6-ի որոշումը[v] Թուրքիայում առաջ եկած հետընտրական ճգնաժամի նոր փուլի սկիզբ դարձավ։ Վերջին օրերին Թուրքիայի կառավարությունը զբաղված է ժողովրդավարական արժեքների սասանման վերաբերյալ իրեն ուղղված միջազգային մեղադրանքներին պատասխանելով։
ԲԸՀ-ի հրապարակած որոշման իրավական հիմքերի մեջ նշվում էին մի շարք ընտրական տեղամասերի հանձնաժողովների նախագահների և անդամների՝ պետական ծառայող չլինելու հանգամանքը, այն դեպքում երբ օրենքում այդ պահանջի վերաբերյալ կա հստակ ձևակերպված հոդված։ Որոշմանը առաջին արձագանքողներից եղավ Էքրեմ Իմամօղլուն, որն, ի դեպ, ապրիլի 17-ին հանդիսավոր կերպով ստանձնել էր քաղաքապետի լիազորությունները։ Իմամօղլուն,խստորեն քննադատելով որոշումը, խոսեց այն մասին, որ հանձնաժողովի նույն կազմերով են կազմակերպվել նաև նախորդ տարվա նախագահական ընտրությունները և Սահմանադրության փոփոխության վերաբերյալ հանրաքվեն, հետևաբար դրանց արդյուքները նույնպես պետք է վիճելի համարվեն[vi]։ Չուշացավ նաև միջազգային արձագանքը։ Մայիսի 7-ին ԵԽ Գլխավոր քարտուղար Թորդբյորն Յագլանդը ԲԸՀ-ի որոշումը որակեց որպես «ընտրողների վստահության համար հնարավոր մեծ վնաս պարունակող»։ Եվրախորհրդարանի պատգամավոր, Թուրքիայի գծով զեկուցող Քեթի Փիրին իշխող կուսակցությանն ու Էրդողանին մեղադրեց ԲԸՀ-ի վրա ճնշումներ գործելու համար[vii]։ Եվրամիության բարձրաստիճան պաշտոնյաներ Ֆեդերիկա Մոգերինին և Յոհանես Հանը Թվիթերում արված համատեղ հայտարարության մեջ հարցի տակ դրեցին որոշման իրավական հիմքերը և հույս հայտնեցին, որ կայանալիք ընտրություններին Թուրքիան կապահովի միջազգային դիտորդների ներկայությունը[viii]։ Գերմանիայից[ix] և ԱՄՆ-ից[x] նույնպես եղան բարձր մակարդակով քննադատական արձագանքներ, որտեղ երկրներն իրենց անհանգստությունն էին հայտնում Թուրքիայում «ժողովրդավարական արժեքների» վտանգված լինելու վերաբերյալ։ Թուրքիայի ԱԳՆ-ն բոլորին հորդորում է հարգանք ցուցաբերել ընդունված որոշման վերաբերյալ։
Էրդողանի սիրելի այն խոսքը, թե «Ստամբուլում հաղթանակ տանողը հաղթում է ողջ Թուրքիայում», լիովին արտացոլում է քաղաքի կարևորությունը երկրի կյանքում։ Մոտ 15մլն բնակչություն ունեցող Ստամբուլը իր տնտեսական, մշակութային, ֆինանսական հզորությամբ այնպիսի «յուղոտ պատառ» է, որը իր ձեռքում պահելու համար իշխող կուսակցությունն ու նախագահ Էրդողանը պատրաստ են անել ամեն հնարավորը, այդ թվում` դիմանալ միջազգային և ներքաղաքական այսպիսի կոշտ քննադատությունների։ Ստամբուլի քաղաքապետի պաշտոնը առանձնահատուկ նշանակություն ունի Էրդողանի համար նաև նրանով, որ վերջինիս քաղաքական վերելքի մեկնակետն է դարձել։
Նոր ընտրությունների անցկացման մասին որոշումը միևնույն ժամանակ իշխող կուսակցության համար բավական ռիսկային քայլ է, քանզի Իմամօղլուի՝վերջին շրջանում աճող հեղինակությունը ստեղծված իրավիճակի ֆոնին ավելի է ամրապնդվում։ Իմամօղլուն ունի աջակիցների մեծ բանակ, որոնք որոշման հրապարակումից անմիջապես հետո ցույցերի զանգվածային ալիքներ բարձրացրին քաղաքի մի շարք շրջաններում։ Ամեն դեպքում իշխող ԱԶԿ-ը ևս թերագնահատել պետք չէ։ Վերջինս վճռական պայքարի է դուրս եկել, և իր այս վերջին հնարավորությունը հաջողությամբ պսակելու համար կանի հնարավոր ամեն բան մինչ հունիսի 23-ին կայանալիք նոր ընտրությունները։
[i] 31 Mart Yerel Seçim Sonuçları”, SECIM.HABERLER.COM,/https://secim.haberler.com/ [ii] İşte İstanbuldaki 21 ilçede yeniden sayılacak 51 sandık (2019 yerel seçim),NTV,09.04.2019 https://www.ntv.com.tr/2019-yerel-secim/iste-istanbuldaki-21-ilcede-yeniden-sayilacak-51-sandik-2019-yerel-secim,DmvWGzZcJUWuS1RSZgHOng [iii] “Son dakika… İstanbul’da 18 ilçede oylar yeniden sayılıyor”, Hürriyet [iv] “Son dakika… AK Parti’den YSK’ya İstanbul için olağanüstü itiraz başvurusu sonrası ilk açıklama”, Hürriyet, 17.04.19/http://www.hurriyet.com.tr/gundem/son-dakika-ak-partiden-yskya-istanbul-icin-olaganustu-itiraz-basvurusu-41184750 [v] “YSK, İstanbul seçmlerinin yenilenmesine karar verdi”, Anadolu Ajansı, 06.05.19/https://www.aa.com.tr/tr/turkiye/ysk-istanbul-secimlerinin-yenilenmesine-karar-verdi-/1471878 [vi] “Son dakika… Ekrem İmamoğlu’dan YSK kararı sonrası açıklama” , HABERTURK,07.05.19/https://www.haberturk.com/son-dakika-istanbul-buyuksehir-belediye-baskani-ekrem-imamoglu-ndan-tek-kelimelik-yorum-2453800 [vii] “YSK kararına Avrupa’dan eleştiri”, DW Türkçe, 06.05.19/https://www.dw.com/tr/ysk-karar%C4%B1na-avrupadan-ele%C5%9Ftiri/a-48626323 [viii] ” YSK kararına AB ve Almanya’dan tepkiler sürüor”, DW Türkçe, 07.05.19/https://www.dw.com/tr/ysk-karar%C4%B1na-ab-ve-almanyadan-tepkiler-s%C3%BCr%C3%BCyor/a-48631750 [ix] ” YSK kararına AB ve Almanya’dan tepkiler sürüor”, DW Türkçe, 07.05.19/https://www.dw.com/tr/ysk-karar%C4%B1na-ab-ve-almanyadan-tepkiler-s%C3%BCr%C3%BCyor/a-48631750 [x] “ABD: Sağlıklı bir Türk demokrasisi herkesin çıkarına”, DW Türkçe , 08.05.19/https://www.dw.com/tr/abd-sa%C4%9Fl%C4%B1kl%C4%B1-bir-t%C3%BCrk-demokrasisi-herkesin-%C3%A7%C4%B1kar%C4%B1na/a-48646079Հղումներ
Հեղինակ՝ Անահիտ Կարապետյան։ © Բոլոր իրավունքները պաշտպանված են։