19.05.19թ. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը իր ֆեյսբուքյան էջում անում է հետևյալ հայտարարութունները.
- «Սիրելի հայրենակիցներ, վաղը հանդես կգամ կարևոր հայտարարությամբ դատաիրավական համակարգում հաստատված իրավիճակի և այս ասպարեզում եւս ժողովրդի իշխանությունը հաստատելու մասին»:
- «Վաղը ժամը 12.00-ին կհայտարարեմ Հայկական հեղափոխության՝ երկրորդ, ամենակարևոր փուլի մեկնարկը: Ակնկալում եմ համաժողովրդական աջակցություն»:
- «Առավոտյան ժամը 08.30-ից արգելափակում ենք Հանրապետության՝ առանց բացառության բոլոր դատարանների ելքերն ու մուտքերը այնպես, որ ոչ ոք ներս չմտնի:
Ժամը 12.00-ին իմ ելույթը հեռարձակվում է ուղիղ եթերում»:
Դատաիրավական համակարգում ժողովրդի իշխանությունը հաստատելու մասին
ՀՀ Սահմանադրության 1-ին հոդվածը սահմանում է.
«Հայաստանի Հանրապետությունն ինքնիշխան, ժողովրդավարական, սոցիալական, իրավական պետություն է»:
2-րդ հոդվածը սահմանում է.
«Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը պատկանում է ժողովրդին»:
Սակայն անհրաժեշտ ենք համարում նշել, որ ՀՀ Սահմանադրությունը սահմանում է նաև, թե ինչպես է ժողովուրդը իրականացնում իր իշխանությունը:
Այդ միջոցներն են՝
Ժողովուրդն իր իշխանությունն իրականացնում է ազատ ընտրությունների, հանրաքվեների, ինչպես նաև Սահմանադրությամբ նախատեuված պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ու պաշտոնատար անձանց միջոցով:
Հոդված 162-ը վերաբերում է արդարադատության իրականացմանը, որը իրենից ներկայացնում է հետևյալը.
«Հայաստանի Հանրապետությունում արդարադատությունն իրականացնում են միայն դատարանները` Սահմանադրությանը և օրենքներին համապատասխան»:
Այսպես՝ հիմք ընդունելով ՀՀ Սահմանադրությունը՝ կարող ենք նշել, որ Հայաստանի Հանրապետությունում արդարադատությունն իրականացնում են բացառապես դատարանները, իսկ ժողովրդի իշխանությունը դատաիրավական համակարգում հաստատելը կասկածի տակ է դնում ժողովրդավար և իրավական երկիր ունենալու փաստը: Անդրադառնալով դատաիրավական համակարգում ժողովրդի իշխանությունը հաստատելու հանգամանքին, ապա ՀՀ Սահմանադրությունը որևէ կերպ չի սահմանում այն, որ ժողովուրդը ՀՀ արդարադատություն իրականացնող մարմին է:
Բոլոր դատարանների ելքերն ու մուտքերն արգելափակելու և ոչ ոքի ներս չմտնելու մասին
Անդրադառնալով մյուս հայտարարությանը, այն է՝ «Առավոտյան ժամը 08.30-ից արգելափակում ենք Հանրապետության՝ առանց բացառության բոլոր դատարանների ելքերն ու մուտքերը այնպես, որ ոչ ոք ներս չմտնի…»:
Նշվածը ոչ այլ ինչ է, քան արդարադատության իրականացմանը և քննությանը խոչընդոտել: Ավելին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 332-րդ հոդվածով սահմանվում է, որ արդարադատության իրականացմանը և քննությանը խոչընդոտելը, արդարադատության իրականացմանը խոչընդոտելու նպատակով դատարանի գործունեությանը ցանկացած ձևով միջամտելը՝ պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի չորսհարյուրապատիկից յոթհարյուրապատիկի չափով կամ ազատազրկմամբ` մեկից հինգ տարի ժամկետով:
Իշխանությունների բաժանման և հավասարակշռման սկզբունք
Իշխանությունների տարանջատման սկզբունքը ժողովրդավարական պետության բնական դրսևորումն է, որի առկայության պարագայում իրականացվում են պետության բարձրագույն մարմինների փոխադարձ վերահսկողությունը և փոխգործակցությունը` հակակշիռների և զսպումների համակարգի միջոցով։ Այս սկզբունքի էությունն այն է, որ միասնական պետական իշխանությունը բաժանվում է հարաբերականորեն անկախ երեք ճյուղերի` օրենսդիր, գործադիր և դատական։ Սրան էլ համապատասխան ստեղծվում են պետության բարձրագույն մարմինները, որոնք փոխներգործում են հակակշիռների և զսպումների մեխանիզմի հիման վրա` միմյանց նկատմամբ իրականացնելով մշտապես գործող հսկողություն։ Իշխանության յուրաքանչյուր ճյուղ, բացի ընդհանուր շահերից, ունի նաև իր` որպես որոշակի համակարգի յուրահատուկ օբյեկտիվ շահերը։ Բացի այդ, գոյություն ունեն նաև օրենսդիր, գործադիր և դատական իշխանությունների պաշտոնատար անձանց սուբյեկտիվ, խմբակային և անհատական շահեր, որոնք նույնպես էականորեն ազդում են այդ ճյուղերի գործառնության վրա։ Հենց այդ շահերի ազդեցությամբ է հիմնականում բացատրվում օրենսդիր, գործադիր և դատական իշխանությունների միջև հավասարակշռությունն ապահովելու, նրանց միջև հակակշիռների և զսպումների մեխանիզմ կիրառելու անհրաժեշտությունը։
Այսպես՝ գործադիր իշխանության կողմից դատական իշխանության բնականոն աշխատանքը խաթարելը իրենից ենթադրում է դատական իշխանության աշխատանքի կաթվածահարում, որը պարալիզացնում է իշխանության թևերից մեկը՝ դատականը, արդյունքում խախտելով իշխանության բաժանման և հավասարակշռման սկզբունքը:
Հավաքների անցկացումը vs Դատավորներին թույլ չտալը մտնել դատարան
ՀՀ «Հավաքների ազատության մասին» ՀՀ օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ մասը սահմանում է. «Հավաքն արգելվում է, եթե հավաքն անցկացվելու է Հանրապետության Նախագահի, Ազգային ժողովի, կառավարության նստավայրերից, դատարաններից կամ քրեակատարողական հիմնարկներից այնպիսի հեռավորության վրա, որի դեպքում այն սպառնում է դրանց բնականոն գործունեությանը»:
Տվյալ դեպքում հավաքներն անցկացվում են Հանրապետության դատարանների մուտքերն ու ելքերը փակելու եղանակով, որի դեպքում խաթարվում է դատարանների բնականոն գործունեությունը:
Նույն օրենքի 30-րդ հոդվածը սահմանում է հավաքների մասնակիցների պարտականությունները, որի 6-րդ մասն է՝ չխոչընդոտել հավաքի անցկացման վայրում գտնվող կամ դրան հարող շենքերի, շինությունների կամ այլ տարածքների ազատ մուտքն ու ելքը։
Այս ամենը անցումային արդարադատության իրականացման մեկնա՞րկն է
Անցումային արդարադատությունը մեխանիզմների ամբողջություն է, գաղափարախոսություն, որն ուղղված է՝ բացահայտելու մարդու իրավունքների վերաբերյալ զանգվածային խախտումները, գտնել մեղավորներին, իրականացնել արդարատություն, վերականգնել զոհերի խախտված իրավունքները, տալ փոխհատուցումներ, բերել ընդհանուր հանրային համերաշխության և, որ ամենակարևորն է, անհրաժեշտ է ձեռնարկել համակարգային միջոցներ այնպես, որպեսզի այդ հանցագործությունները այլևս չկրկնվեն:
Անցումային արդարադատության մեխանիզմներն են՝
- քրեական արդարադատությունը,
1.1. Միջազգային քրեական դատարան;
1.2. իրավիճակային դատարաններ (հիբրիդային դատարաններ);
1.3. ներպետական դատական համակարգ;
- ճշմարտության որոնում ճշմարտության հանձնաժողովների ստեղծմամբ,
- զոհերի փոխհատուցման տրամադրում,
- համակարգային բարեփոխումներ:
Անհրաժեշտ ենք համարում անդրադառնալ համակարգային բարեփոխումներին, որոնց դրսևորումներից են՝
- լուստրացիան,
- վեթթինգը,
- հասարակական ակտիվիզմը:
Լուստրացիա տերմինն ունի լատինական ծագում: Հիմնականում վերաբերում է այն խնդիրներին, որոնք առնչվում են իշխանություններրին հնարավորություն տալով համապատասխան օրենքների ընդունմամբ նախկին իշխանությունների նկատմամբ որոշակի սահմանափակումների մտցնելուն:
Վեթթինգը նշանակում է զտում, մաքրում: Հիմնական խնդիրն է առանցքային ուժային կառույցներում, դատական համակարգում, անվտանգության կառույցներում իրավախախտ պաշտոնյաների հայտնաբերումը և համակարգից նրանց հեռացումը:
ԵՒ վերջինը՝ հասարակական ակտիվիզմը, որը դրսևորվում է անցումային արդարադատություն իրականացնող երկրներում քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների ակտիվ ներգրավմամբ;
Այսպիսով՝ վերը նշված մեխանիզմներից և ոչ մեկը չի ենթադրում, որ դատարանների մուտքերն ու ելքերը փակելը անցումային արդարադատության դրսևորում է:
Այսպիսով՝ այս հայտարարությունները կասկածի տակ են դնում ՀՀ ժողովրդավար, իրավական պետություն ունենալու հանգամանքըը, հիմք են տալիս փաստելու, որ խախտվում է իշխանությունների բաժանման սկզբունքը և ժողովրդին տրվում է արդարադատություն իրականացնելու լիազորություն, որը սահմանադրորեն իրեն չի պատկանում:
Հեղինակ՝ Նարե Սմբատյան (Nare Smbatyan) © Բոլոր իրավուքները պաշտպանված են: