«OK» բառի զվարճալի պատմությունը

«OK» բառի զվարճալի պատմությունը

Անգլերենից փոխառված լավագույն բառը օքեյ-ն է։

Ահա մի գլուխկոտրուկ․ ենթադրենք` ճանապարհ ես ընկնում աշխարհը տեսնելու և, այլ լեզուներով միայն «խնդրում եմ»-ը և «շնորհակալություն»-ը իմանալուց բացի, տիրապետում ես միայն անգլերենին։ Ո՞րն է այն միակ բառը, որին քեզ հանդիպող մարդկանց մեծ մասին նույնպես ծանոթ է։ 

Ճիշտ է, դա «OK»- ն է:  

Այո-այո։ Այն հավանաբար ամենից շատ ճանաչված բառն է աշխարհում, իսկ դրա ծագման պատմությունը բառացիորեն կատակ է։

Թեմայի վերաբերյալ համոզիչ աշխատություն գրել է պրոֆեսոր Ալան Մետկալֆը, ում «OK: The Improbable Story of America’s Greatest Word» (բռց՝ «OK․ Ամերիկայի մեծագույն բառի անհավանական պատմությունը») աշխատությունը՝ հիմնված պատմաբան Ալեն Ուոքեր Ռիդի հետազոտության վրա, հրատարակվել է 2010 թվականին։ Մետկալֆը բառի ծագումը կապում է 1839 թվականին «Boston Morning Post»-ում հրապարակված մի կատակային տեքստի հետ՝ մի թերթի խմբագրի կողմից մյուսին ուղղված փոքրիկ ծաղրական նամակի․ խմբագիրը առաջարկում էր, որ Ռոդ Այլենդի Փրովիդենս քաղաքում գտնվող իր կոլեգան պետք է երեկույթ հովանավորի աղմկոտ բոստոնցի տղաների համար, եթե սրանք կանգ առնեին այդ քաղաքում. 

…․ he of the [Providence] Journal, and his train-band, would have the ‘contributions box,’ et ceteras, o.k.—all correct—and cause the corks to fly…” — ..․. «Փրովիդենս» ամսագրի լրագրողը և նրա գնացքախումբը կունենային «նվիրատվությունների արկղ» և այլն, o.k.՝ ամեն ինչ տեղը տեղին կլիներ, և խցաններ կթռցնեին…»: 

Բայց եկեք մի պահ հետ գնանք և հստակեցնենք համատեքստը։ 19-րդ դարում թերթերը գոյություն ունեին հեռագրային լրատվամիջոցների ի հայտ գալուց շատ առաջ, և ամերիկյան թերթերը քաղաքից դուրս լուրերի մեծ մասը ստանում էին այլ ամսագրերից, որոնց հետ փոխանակվում էին օրինակներով։ Դրանց էջատարածքը սահմանափակ չէր, ուստի տպագրում էին նաև հումոր, պոեզիա, գեղարվեստական ​​գրականություն և այլ թերթերի ուղղված ծաղրական նամակներ ։ Վերևում նշված մեջբերումը «Providence» թերթից վերատպված հոդվածի հումորային պատասխանի մի մասն է։

Չնայած էջատարածքի առատությանը, այդ շրջանի թերթերում կար հապավումների մի տարօրինակ տենդենց, որը կարող է հիշեցնել մեր ժամանակները: Գուցե ձեր ընկերը ձեզ էլեկտրոնային հաղորդագրություն է ուղարկել, որ պարունակում է brb հապավումը՝ «be right back», այսինքն՝ «հիմա կվերադառնամ»: Կամ գուցե դուք ինչ-որ հոդված գնահատել եք որպես TL;DR, այլ կերպ ասած՝ «too long; didn’t read», այսինքն՝ «շատ երկար էր, չկարդացի»: Համեմատության համար ներկայացնենք 1839 թվականի նյույորքյան մի թերթի հոդված, որտեղ մի նորաձև երիտասարդ կին իր ընկերոջը գրում է՝ «O.K.K.B.W.P.». այբբենական այս շարադրանքը պատասխանվել է համբույրով և հետո վերծանվել որպես «one kind kiss before we part»` «մեկ բարի համբույր, նախքան կբաժանվենք»: Ա՛ռ քեզ, համացանց: 

1820 և 1830-ական թվականներին մեր օրերում էլ նկատվող մեկ այլ լեզվական տենդենց կար՝ միտումնավոր ուղղագրական սխալների հակում, ասենք՝ «kewl, rite?», որ արտասանությամբ համահունչ է «cool, right?»՝ «ընտիր է, չէ՞», գրական տարբերակին: Այս միտումը, երբ հումորիստները (այժմ արդեն էժանագին թվացող կերպով) ընդունում էին գեղջուկների կերպարներ, որոնց տգիտությունը դրսևորվում էր անգրագետ ուղղագրությամբ, «no go»-ը՝ «անկարելի»-ն, վերածեց «know go-ի», իսկ no use-ը՝ «անիմաստ»ը՝ know yuse-ի (հա՛-հա՛-հա՛): Հապավումները բացառություն չեղան, և no go-ն դարձավ K.G.: Այդպես էլ all right-ը՝ «լավ, բավարար»-ը, դարձավ O.W.՝ որպես oll wright սխալ տարբերակի հապավում: Իսկ all correct-ը՝ «ճիշտ, կարգին»-ը, դարձավ o.k.՝ որպես oll korrekt սխալ գրելաձևի հապավում:  

Չնայած OK-ը դարձավ ամենատարածված տառային հապավումներից մեկը, այն կարող էր մոռացության մատնվել լեզվական այդ տենդենցի մարումից հետո, եթե չլինեին 1840 թվականի նախագահական ընտրությունները, երբ Մարտին Վան Բյուրենին տրվեց «Old Kinderhook»՝ «Ծեր Քինդերհուկ» մականունը՝ Նյու Յորք նահանգի իր հայրենի քաղաք Քինդերհուկից առաջ եկած: Վան Բյուրենի երկրպագուները «OK ակումբներ» կազմեցին ամբողջ երկրով մեկ՝ իրենց թեկնածուին «OK»՝ ճիշտ, կարգին անվանելով: Նրանց քարոզարշավը բավականին հիշարժան էր թե՛ բառը տարածելու, թե՛ դրա ծագման պատմությունն իրենով անելու համար. այսօր էլ կան մարդիկ, որ հավատում են, թե «Ծեր Քինդերհուկ»-ը OK-ի սկզբնական իմաստն է:

Մինչ OK բառը տարածվում էր (հեռագրի ի հայտ գալը սրան էլ ավելի շատ նպաստեց), դրա ծագման պատմությունը դարձավ բազմաթիվ ենթադրությունների թեմա: «Ծեր Քինդերհուկը» շարունակում էր գոյություն ունենալ, բայց ավելի ուշ առաջարկվեցին նաև տարբեր լեզուների նախաբառեր, որ ծագում էին էին լատիներենից, հունարենից, շոտլանդերենից, ֆրանսերենից և ֆիններենից, ինչպես նաև անգլոսաքսոներենից, շվեդերենից, մանդինգոյի ու վոլոֆի լեզուներից: Այս նախնիներից ամենահամառը չոկտո լեզվի «okeh» բառն էր: Այս նախաբառը առաջարկվել է 1885 թվականին այն ենթադրության հիման վրա, թե Էնդրյու Ջեքսոնը բառը փոխառել է չոկտո ցեղի անդամներից: Վուդրո Վիլսոնը այս տեսակի կողմնակից էր. նա «okeh» բառը գրում էր իր կողմից հաստատված թղթերի վրա: Նրան մի անգամ հարցրին, թե ինչու չի օգտագործում «O.K․»-ը: «Որովհետև դա սխալ է», — պատասխանեց նա:

O.K.-ը, իհարկե, սխալ չէ։ Եվ խոսելով «սխալ»-ի մասին, OK-ը և okay-ը նույնպես սխալ չեն. դրանք գերիշխող ձևերն են, չնայած փոքրատառ ok-ը նույնպես լիովին հաստատված է։

Չնայած ավելի երկար okay-ը կարող է թվալ լեզվի ավելի հեղինակավոր անդամ, այն, ինչպես տեսանք, չի արդարացվում ստուգաբանությամբ։ Սակայն այն ունի իր կողմնակիցները, որոնցից առաջիններից մեկը գրող Լուիզա Մեյ Ալկոտն էր. 

«One of us must marry well. Meg didn’t, Jo won’t, Beth can’t yet, so I shall, and make everything okay all round». — «Մեզանից մեկը պետք է հաջող ամուսնանա»։ Մեգը չամուսնացավ, Ջոն չի ամուսնանա, Բեթը դեռ չի կարող, այնպես որ ես կանեմ դա և ամեն ինչ կարգին կդարձնեմ»։ — «Փոքրիկ տիկիններ», 1868-9

Ինչպես պրոֆեսոր Մետկալֆը նշում է «okay»-ի ուղղագրության մասին ամեն ինչ լուսաբանող մի գրառման մեջ, «Փոքրիկ տիկիններ» գրքի 1880 թվականի հրատարակությունը չի ներառել ո՛չ okay, ո՛չ էլ OK, փոխարենը ընտրելով cozy բառը։ Ըըը, OK։

Բնօրինակի հեղինակ՝ Merriem-Webster

Թարգմանիչ՝  Սուսաննա Հակոբյան (Susanna Hakobyan), խմբագիր՝ Վանուհի Ղարիբյան (Vanuhi Gharibyan)։ © Բոլոր իրավունքները պաշտպանված են։