Աշխարհը համաշխարհային առևտրի կարգավորող համակարգից անցում է կատարում դեպի ապակենտրոնացված մոդել, որտեղ մեծ դեր են ունենալու երկկողմ համաձայնագրերը, ազդեցության բազմաբևեռ ոլորտները և սեփական շահերից բխող պետական քաղաքականությունները։ Ընկերությունները պետք է արդեն այսօր պատրաստվեն նոր, հատվածական և ոչ-համակարգային իրականության, որը կգործի «առանց թույլտվության» սկզբունքով, իսկ կազմակերպությունները տեխնոլոգիան կօգտագործեն շահառուների միջև համագործակցությունը կազմակերպելու համար։ Գլոբալիզացիայի մասին պատկերացումը՝ որպես «ձեռք ձեռքի տված» համատեղ առաջընթացի իրողություն, պաշտոնապես փլուզված է։ Քանի որ ընկերությունները գործում են նոր ազդեցության ոլորտների և երկկողմ, կանոնակարգված առևտրային համաձայնագրերի պայմաններում, առավել կշահեն նրանք, ովքեր կկարողանան կառուցել ճկուն և «առանց թույլտվության» գործող կազմակերպություններ։
Կար ժամանակ` ոչ վաղ անցյալում, երբ գլոբալիզացիան կարծես նոր աշխարհակարգի սկիզբն էր ավետում։ Ինչպես մատնանշում էր Դեյվիդ Բրուքսը, շատերը ենթադրում էին, որ բարեկեցությունը, արևմտյան արժեքների լայն տարածումը և ազգերի մերձեցումը վերջինիս անխուսափելի արդյունքները կլինեին։
Սակայն դա թյուրըմբռնում էր։ «The Economist»-ը մատնանշել է, թե ինչու։ 2008 թվականի ճգնաժամը ստիպեց կասկածի տակ դնել գլոբալիզացիայի ենթադրյալ օգուտները։ Բրեքսիթն էլ հենց ապակենտրոնացման օրինակներից էր։ 2008-2019 թթ․ համաշխարհային առևտուրը՝ որպես ՀՆԱ-ի մասնաբաժին, նվազել է 5%-ով։ Մաքսային սակագներն այլևս խիստ վիճելի հարց չեն միջազգային առևտրային հարաբերությունների մեջ։ Իրոք, չնայած խտրական մաքսատուրքերի դեմ ավանդական քաղաքականությանը, հասարակական կարծիքն այլևս դեմ չէ մաքսատուրքերին այնպիսի երկրների համար, ինչպիսին Չինաստանն է: 2016-2019 թթ․ միջազգային երկարաժամկետ ներդրումների կեսը կրճատվել է։
Այս ամենը խոսում է այն մասին, որ կանոնահեն աշխարհակարգի կանխավարկածը, որը կնպաստեր բոլոր կողմերի բարգավաճմանը, այլևս չի համարվում իրատեսական, և որ առանձին անհատներ ձգտում են համակարգը ձևափոխել իրենց օգտին։
Հռչակավոր ներդրող և տնտեսագետ Ռեյմոնդ Դալիոն կարծում է, որ գլոբալիզացիան մեռյալ վիճակում է։ Վերջինիս համոզմամբ՝ «մենք այլևս չենք ապրում մի աշխարհում, որտեղ հիմնական նպատակը հնարավորինս արդյունավետ արտադրելն է, որտեղ որ դա հնարավոր լինի անել»: Ո՞րն է նրա ուղերձը։ Պետք է դադարել ընկնել հիշողությունների գիրկը։ Գլոբալիզացիայի կանոնահեն ձևն իրոք այլևս չի գործում և մոտակա ժամանակներում չի էլ գործելու։
Ընկերություններն այժմ պետք է պատրաստվեն նոր, մասնատված «ոչ համակարգի», որն ավելի շատ նման է փոխշահավետ, երկկողմ (կամ եռակողմ ու քառակողմ) պայմանավորվածությունների՝ գործողության ժամկետներով, որոնք փոխհամաձայնեցվող են և ենթակա են փոփոխման: Աշխարհաքաղաքական լարվածությունը և այլ երկրների մատակարարման շղթաները վերահսկող երկրները կարող են խանգարել նման պայմանավորվածություններին: Այսպիսով, այս ճանապարհն այնքան էլ հարթ չէ:
Գլոբալ աշխարհակարգի արմատական վերափոխումը
Գլոբալիզացիայի վերաբերյալ ավանդական տեսակետներն առաջացել էին որոշ լայն տարածում ստացած ենթադրությունների հիման վրա։ Համեմատական առավելությունների տեսությունը՝ ստեղծված բրիտանացի տնտեսագետ Դեյվիդ Ռիկարդոյի կողմից 1800-ականներին, առաջարկում էր, որ երկրները պետք է մասնագիտանան այնպիսի ապրանքների և ծառայությունների արտադրության մեջ, որոնք կարող են արտադրել ավելի արդյունավետ, քան մյուսները, և պետք է համապատասխանաբար համաձայնեցնեն իրենց առևտրային քաղաքականությունը։ Երկրորդ ենթադրությունն այն էր, որ ընկերությունները կարող են օգուտ քաղել մասշտաբի և ծավալի տնտեսումներից՝ ընդլայնելով իրենց գործունեությունը տվյալ երկրի սահմաններից դուրս: Երրորդն այն էր, որ կապի և տրանսպորտային տեխնոլոգիաներն այնքան են կրճատել մատակարարման հեռավոր շղթաների ծախսերը, որ աշխարհը դարձել է գրեթե «հարթ»։ Չորրորդը օտարերկրյա ուղղակի ներդրումներն են, որոնք շահավետ են և՛ ընկերություններին, և՛ ընդունող երկրներին՝ ընկերություններին թույլ տալով օգտվել նոր շուկաներից և այլ ռեսուրսներից, իսկ ընդունող երկրների կազմակերպություններին՝ ձեռք բերել արժեքավոր կարողություններ:
Այս տեսակետները հանգեցրել են նոր քաղաքականության և գործելակերպի. երկրները նվազեցրին առևտրային խոչընդոտները և ամրագրեցին համաձայնագրերը Առևտրի համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) միջոցով: ԱՀԿ-ն զբաղվում էր անդամակցության և առևտրային համաձայնագրերի հիմնական կանոնների սահմանմամբ, որոնք բաղկացած էին հինգ հիմնական սկզբունքներից՝ խտրականության բացառում, փոխադարձություն, պարտավորությունների պարտադիր կատարում, թափանցիկություն և զիջումների մեխանիզմներ։
Այս ֆոնի վրա ընկերություններն ակտիվ կերպով գլոբալիզացրին իրենց մատակարարման շղթաները, ինչը, ի վերջո, հանգեցրեց աղետալի խափանումների Քովիդ-19 համաճարակի ընթացքում: Հետագա փորձառությունները սթափեցնող դասեր տվեցին։ Այժմ մենք տեսնում ենք, որ առևտրային գործարքների կողմերը չեն հետևում ընդհանուր կանոնների։ Շատերն այլ տրամաբանությամբ են գործում։ Ըստ բիզնեսի ղեկավարներիների և տնօրենների խորհուրդների՝ սա խուճապից պարալիզացման իրավիճակ է հիշեցնում։
Որո՞նք են նոր գործոնները
Չինաստանը հսկայական դեր է խաղում այս պատմության մեջ։ 2001 թ.-ին ԱՀԿ-ին միանալը նշանավորվեց նրա՝ համաշխարհային առևտրի անմրցելի հսկա դառնալով: Արևմտյան երկրները կարծում էին, որ ԱՀԿ-ին անդամակցելը կհանգեցնի Չինաստանի տնտեսական զարգացման (ինչը նշանակում էր արևմտյան ապրանքների և ծառայությունների համար պոտենցիալ մեծ շուկաներ) և քաղաքական ազատականացման, քանի որ ծայրահեղ աղքատությունից ազատված բնակչությունն ավելի մեծ դեր էր ունենալու ազգային կարևոր որոշումների կայացման գործում:
Սակայն ամեն ինչ մի փոքր այլ կերպ դասավորվեց: «How the West Invited China to Eat Its Lunch» և «What Happened When China Joined the WTO?»՝ (բռց․ «Ինչպես Արևմուտքը հրավիրեց Չինաստանին ճաշելու» և «Ի՞նչ տեղի ունեցավ, երբ Չինաստանը միացավ ԱՀԿ-ին» համապատասխանաբար), հոդվածները ցույց են տալիս, թե որքան սխալ էին Արևմուտքի ակնկալիքները: Չինաստանի առաջնորդներն արագ հասկացան, թե ինչպես օգտագործել առևտրային համաձայնագրերը իրենց օգտին:
Վերջին իրադարձությունները անհանգստացրել են անգամ ամենահանգիստ առաջնորդներին: Օրինակ, Չինաստանի Պետական խորհրդի 2021 թվականի միակողմանի որոշումն այն մասին, որ կրթական տեխնոլոգիաներով զբաղվող բոլոր ընկերությունները պետք է գործեն որպես շահույթ չհետապնդող կազմակերպություններ, ոչնչացրեց միլիարդավոր դոլարների շուկայի կապիտալազիացիան և լուրջ անհանգստություն առաջացրեց ներդրողների շրջանում: Որոշ ներդրողներ միլիարդների կորուստ ունեցան։ Նախորդ տարվա սկզբին Չինաստանում Եվրոպական միության առևտրի պալատը հայտնել է, որ պալատի նախագահ Յենս Էսկելունդի խոսքով՝ «Չինաստանի նկատմամբ բիզնես վստահությունը երբևէ գրանցված ամենացածր մակարդակի վրա է»: Ըստ Բրուքինգսի ինստիտուտի՝ Միացյալ Նահանգները բախվել է այնպիսի գործընկերների, որոնք ահռելի սթրեսի են ենթարկվում կառավարության կողմից, և որը կարող է բանակցել համաձայնագրերի շուրջ՝ առանց իր պարտավորվածությունները կատարելու մտադրության:
Կառավարությունններն ու ընկերությունները ցանկանում են նվազեցնել իրենց կախվածությունը Չինաստանից։ ԱՄՆ-ի կառավարությունը խթաններ է ստեղծել կիսահաղորդիչների, էլեկտրական մեքենաների և արևային մարտկոցների ներքին արտադրության համար։ Շատ ընկերություններ, այդ թվում՝ Intel-ը, Microsoft-ը, Nike-ը և Dell-ը, մտադիր են իրենց ձեռնարկություններն այլ երկրներ տեղափոխել։ Էլեկտրոնիկայի համաշխարհային արտադրող Սամսունգն արդեն տեղափոխել է իր արտադրական մեքենաների մեծ մասը:
Գործադիր ղեկավարները չեն կարող խուսափել աշխարհաքաղաքականությունից։ Ապակենտրոնացումը, ինչպես մենք այն անվանում ենք, կարող է վերափոխել գլոբալ աշխարհակարգը: Գործադիր տնօրենները, որոնց հետ զրուցել ենք այս հոդվածի շրջանակներում, կարծում են, որ իրենց կազմակերպություններն այժմ ներքաշված են քաղաքական և սոցիալական խնդիրների մեջ, ինչպիսիք են ԼԳԲՏՔ համայնքի իրավունքները, Ուկրաինային աջակցությունը, քվեարկության սահմանափակումները և ներգաղթը։ Նրանք այժմ պետք է ակտիվ դեր խաղան աշխատանքային, բնապահպանական և մտավոր սեփականության իրավունքների քաղաքականության ձևավորման գործում: Բացի այդ, քաղաքացիական և ռազմական գործողությունների միջև սահմանները դառնում են աղոտ, քանի որ ԱՄՆ-ի կարևորագույն ենթակառուցվածքների մեծ մասը, ինչպիսիք են կապի ծառայությունները, էներգիայի մատակարարումները և անվտանգ, մաքուր ջրի հասանելիությունը, մասնավոր ձեռքերում են, իսկ միջազգային կազմակերպությունների կողմից դրանք վնասելու փորձերն իսկական մտահոգություն են: [Ծանոթագրություն։ Հարցազրույցներն անցկացվել են Իսրայելի և Գազայի վերջին իրադարձություններից առաջ:]
Աշխարհը գլոբալ աշխարհակարգից անցում է կատարում ապակենտրոնացվածի, որտեղ ամենայն հավանականությամբ կարևոր դեր են խաղալու երկկողմ համաձայնագրերը, ազդեցության բազմաթիվ ոլորտները և կառավարությունների՝ սեփական շահը հետապնդող քաղաքականությունը:
Թույլտվություն չպահանջող էկոհամակարգեր
Ապակենտրոնացված աշխարհակարգը կպահանջի հավասարապես ապակենտրոնացված կազմակերպչական արձագանք ինչպես խոշոր կազմակերպությունների, այնպես էլ նրանց մատակարարման շղթայի էկոհամակարգերի համար: Սա մենք անվանում ենք «թույլտվություն չպահանջող» աշխատելաոճ։ Հիմնական հայեցակարգն այն է, որ ժամանակակից տեխնոլոգիաները թույլ են տալիս որոշումներ կայացնել հնարավորինս մոտ կազմակերպության «ծայրամասերին»: Այս «ապակենտրոնացված» աշխարհակարգին անցնելիս ընկերությունները պետք է․
Որոշարկել էկոհամակարգը, դրա վերահսկչին ու կառավարման մեթոդները։
Ցանկացած էկոհամակարգ պահանջում է ընդհանուր հարթակ և գործառնական ուղեցույց: Սրանք կարող են լինել այնպիսի խիստ մասնագիտացված հարթակներ, ինչպես շինանյութերի առևտրով զբաղվող XOM հարթակն է։ Կամ, օրինակ, ինչպես Samsung Galaxy-ի կամ Apple iPhone-ի էկոհամակարգերի դեպքում, կենտրոնական արտադրողը ստեղծում և պահում է հարթակը, բայց օգտագործում է գործընկերների հնարավորությունները՝ ստեղծելու գերազանց սպառողական փորձ: Վերահսկման այսպիսի պրակտիկա մշակելիս կարևոր է համաձայնության գալ էկոհամակարգի համընդհանուր նպատակի և առավելությունների շուրջ:
Կիրառել տեխնոլոգիան մատակարարների և հաճախորդների կապը կոորդինացնելու համար։
Թույլտվություն չպահանջող կազմակերպություններն օգտագործում են տեխնոլոգիան՝ շահագրգիռ կողմերի միջև համակարգումը հեշտացնելու համար: Տեխնոլոգիան թույլ է տալիս և՛ մատակարարներին, և՛ նրանց հաճախորդներին ինքնուրույն համակարգվել և աշխատել տեղեկատվական ընդհանուր հիմքից: Օրինակ՝ Amazon-ում մի շարք համակարգեր օգնում են կոորդինացնել մատակարարման համաշխարհային շղթաները, այդ թվում՝
- պահեստավորման կառավարման՝ իրական ժամանակում աշխատող համակարգեր,
- պատվերների կառավարման համակարգեր՝ պատվերների ուղարկման, ինչպես նաև հետաձգման դեպքում ծանուցումներ ուղարկելու և պահեստների մակարդակի մասին ավտոմատ տեղեկացնելու համար,
- աշխարհագրական պահեստավորման աութսորսինգ, հատկապես վաճառքի պիկ ցիկլերի ժամանակ,
- կանխատեսողական վերլուծությունների արդյունքում գույքագրման պարզեցված վերահսկում։
Նմանատիպ համակարգերը կարող են նաև պարունակել մանրամասն տեղեղակտվություն ռիսկերի մասին հիպերլոկալ մակարդակում՝ իրականում ժամանակում հեշտացնելով բոլոր մասնակիցների համակարգված արձագանքը:
Մոդուլյարության և պահեստային ռեսուրսների ներդրում համակարգերում:
Խիստ ինտեգրված համակարգերը (օրինակ՝ համաշխարհային մատակարարման շղթան մինչև 2020 թվականը) խոցելի են անսպասելի ցնցումների նկատմամբ: Հակառակ սրան՝ թույլ փոխկապակցված, մոդուլային համակարգերի մասերը կարող են ինչ-որ ճնշման արդյունքում խափանվել, մինչդեռ մնացած հատվածները կարող են շարունակել գործել: Թեև դա կարող է լրացուցիչ նախնական ներդրումներ պահանջել, կայունության առումով օգուտներն ավելին արժեն:
Օրինակ, լավագույն դեպքում, կարող են պահանջվել կարևոր բաղադրիչների մատակարարման բազմաթիվ աղբյուրներ: Օրինակ, արագ նորաձևության մանրածախ վաճառքով զբաղվող համաշխահային բրենդ Zara-ն իր համակարգում ներդրել է վերոնշյալ մոդուլյարությունը՝ ներգրավելով հարյուրավոր մատակարարների, որոնք կապված են ընդհանուր համակարգով:
«Բացահայտումների վրա հիմնված» առաջնորդության մեթոդներ:
Թույլտվություն չպահանջող, ոչ հիերարխիկ կառույցի կառավարումը ղեկավարներից ավելին կպահանջի, ոչ թե պակաս: Նրանք պետք է քաջություն ունենան տեղեկություն հավաքելու կազմակերպության «ծայրամասային» հատվածներից և պատրաստ լինեն փոխել ուղղությունը, երբ նոր տեղեկություն բացահայվի: Կազմակերպության ծայրամասերից մինչև նիստերի դահլիճ տեղեկության հարուստ հոսք ապահովելը երբեք ավելի կարևոր չի եղել:
Գլոբալիզացիայի հեշտ օրերն անցել են
Գլոբալիզացիայի՝ որպես ձեռք ձեռքի երթի գաղափարը պաշտոնապես փշրված է։ Մինչ ընկերությունները կողմնորոշվում են ազդեցության նոր ոլորտների, երկկողմ առևտրային համաձայնագրերի, կանոնահեն ու այլօրինակ առևտրային համաձայնագրերի իրականության մեջ, առավելագույնս կշահեն նրանք, ովքեր կարող են ստեղծել ճկուն և թույլտվություն չպահանջող կազմակերպություններ:
Ռամ Չարանն աշխատում է յոթ մասնավոր և հանրային խորհուրդներում աշխարհի տարբեր կետերում և հանդիսանում է Harvard Business Review-ի՝ կորպորատիվ կառավարման վերաբերյալ մի շարք հոդվածների, թվով 36 գրքի հեղինակ և համահեղինակ։ Ռամ Չարանը նաև հանդիսանում է «Boards That Lead: When to Take Charge, When to Partner, and When to Stay Out of the Way» գրքի համահեղինակը։
Ռիտա ՄաքԳրեթը Կոլումբիայի Բիզնես դպրոցի պրոֆեսոր է և անորոշ ու անկայուն իրավիճակների կառավարման գծով հանրայնորեն ճանաչված փորձագետ։ Նա նաև «The End of Competitive Advantage» (Harvard Business Review Press) և վերջերս հրատարակված «Seeing Around Corners» (Houghton Mifflin Harcourt) հոդվածների հեղինակն է:
Թարգմանիչ՝ Սուսաննա Հակոբյան (Susanna Hakobyan) ©Բոլոր իրավունքները պաշտպանված են:








