Մինչ մեզ շրջապատող աշխարհը դառնում է ավելի բևեռացված, իսկ կառավարության նկատմամբ վստահությունը՝ նվազում, հորինված թագավորությունը դառնում է գրավիչ վայր:
«Գաղտնիք չէ, որ եկել է ծայրահեղականության դարաշրջանը»,- գրում է Փիթեր Բիսքինդը։ Այս պնդումը կարող է վերաբերել ցանկացած ոլորտի` սկսած քաղաքականությունից մինչև սոցիալական մեդիա և սպորտ: Այնուամենայնիվ, գուցե զարմանաք` իմանալով, որ Բիսքինդը կինոպատմաբան և քննադատ է և որ 2018-ին հրատարակած իր «The Sky is Falling!» (բռց․ Երկինքը փլուզվում է) գրքում պնդում է, թե ծայրահեղականության այս դարաշրջանը ազդում է նաև ֆիլմարտադրության վրա։ Առավել զարմանալի է, որ նա «ծայրահեղական» է պիտակավորում ֆիլմարտադրության՝ փոփ մշակույթում հայտնի գործերը` իրենց սուպերհերոսներով, զոմբիներով և գաղտնի գործակալներով, որոնց մեզանից շատերը համարում են ոչ այլ ինչ, քան անմեղ զվարճանք։
Բիսքինդն ասում է, որ ավելի քան կես դար առաջ ամեն ինչ բոլորովին այլ էր: Հանրաճանաչ կինոն վճռականորեն ոչ ծայրահեղ էր: Եվ, մի քանի բացառություններից զատ, ամեն ինչ` սկսած Ջոն Ուեյնի վեսթերն ժանրի ֆիլմերից մինչև տիեզերագնացության դարաշրջանի գիտաֆանտաստիկա, ոչ արմատական և կենտրոնամետ էր:
Սակայն ներկայումս ծայրահեղականության շունչն ամենուր է։ Գեղարվեստական հերոսները հաճախ դիմում են արմատական միջոցների իրավիճակը փրկելու համար. նրանք կա’մ գոյատևող-ռեալիստներ են (մենք պետք է ամեն գնով գոյատևենք, քանի որ աշխարհը երբեք չի փոխվի), կա’մ տեխնոօպտիմիստներ (եկեք ամեն ինչ նորից սկսենք մեկ այլ մոլորակի վրա):
Մեր ոչ գեղարվեստական աշխարհը նույնպես դարձել է ավելի ծայրահեղ։ Հասարակությունը գնալով ավելի հանգիստ է վերաբերվում այն ամենին, ինչը նախկինում մարգինալ քաղաքականություն էր համարվում. սկսած Մեծ Բրիտանիայում և Հունգարիայում տարածված պոպուլիստական լոզունգներից՝ մինչև Ամերիկայի Միացյալ Նահանգներում և Եվրոպայի որոշ մասերում առկա ազգայնական, հակամիգրացիոն հռետորաբանություն։ Քաղաքագետներ Ռոջեր Իթվելը և Մեթյու Գուդվինը նշում են, որ «այժմ մենք ապրում ենք մի իրավիճակում, որը բոլորովին տարբերվում է 20-րդ դարի կեսերից մինչև 20-րդ դարի վերջ եղած զանգվածային քաղաքականության «դասական դարաշրջանից»։ Այսօր մեր քաղաքական համակարգերը բախվում են զգալի փոփոխությունների, ի տարբերություն այն ժամանակների, երբ մարդիկ շատ ավելի հավատարիմ էին ավանդական կուսակցություններին։ (National Populism: The Revolt Against Liberal Democracy/ բռց․՝ Ազգային պոպուլիզմ. ապստամբություն ընդդեմ լիբերալ ժողովրդավարության, 2018)։ 21-րդ դարը ականատես եղավ արմատական ակտիվիզմի աճի, քաղաքական ուժերի ապադասավորման և ավանդական կառույցներից համընդհանուր հիասթափության:
«Պոպուլիզմն այն է, երբ մարդիկ իշխանությունը վերցնում են այն կազմակերպություններից, որոնց այլևս չեն վստահում»:
“Why Trump is Thriving in an Age of Distrust”/«Ինչու՞ է Թրամփը բարգավաճում անվստահության դարաշրջանում» հոդվածում Ուրի Ֆրիդմանը հարցազրույց է վերցրել Ռիչարդ Էդելմանից, The Atlantic (հունվարի 20, 2017)
Իրական կյանքը ընդօրինակում է արվեստը, թե՞ հակառակը։ Ուշագրավ է կինոյի և քաղաքականության փոխադարձ արտացոլումը, և արժի մտածել հետևանքների մասին: «Գահերի խաղը» (Game of Thrones), կամ Մարվելի ֆրանշիզաներն արդյո՞ք արտացոլում են մեր փոփոխվող քաղաքականությունը, թե ոչ։ Ըստ Բիսքինդի՝ այո՛։ Եթե նա ճիշտ է, ի՞նչ է դա նշանակում ապագայի համար։ Կարո՞ղ է դա ազդել այն բանի վրա, թե ինչպես մենք կարձագանքենք էքզիստենցիալ աղետին, որը, որոշ վերլուծաբանների կարծիքով, արդեն մոտ է:
Բիսքինդը եզակի քննադատական տեսանկյունից է նայում այն ֆիլմերին, որինց ոմանք էժանագին զվարճանք կարող են անվանել: Կրկնելով Ջորջ Օրուելի համոզմունքը, թե ապաքաղաքական արվեստն անհնար է, նա կարծում է, որ նույնիսկ «Երկաթե մարդը» (Iron Man) և «Իրական արյունը» (True Blood) ֆիլմերի նման ստեղծագործությունները գաղափարական հիմք ունեն: (Օրուելը, ինչպես հայտնի է, պնդում էր, որ «այն համոզմունքը, թե արվեստը չպետք է կապ ունենա քաղաքականության հետ, ինքնին քաղաքական դիրքորոշում է»)։ Բիսքինդն ասում է, որ «միայն հոլիվուդյան ֆիլմերն ու հեռուստատեսությունը չեն, որ լի են գիտակցված և երբեմն չգիտակցված ուղերձներով, բայց հենց այն ֆիլմերը, որոնք, թվում է, քաղաքականության հետ կապ չունեն՝ գիտաֆանտաստիկ, վեսթերն, թրիլլեր, քաղաքական, գաղափարների տարածման ամենաարդյունավետ միջոցներն են լոկ այն պատճառով, որ դրանք կարծես թե ապաքաղաքական են»։
Այս պարադոքսը, որ մենք ավելի ընկալունակ ենք գաղափարների նկատմամբ, երբ տեղյակ չենք, որ դրանք հատուկ են տարածվում, հոգեբանական առումով բարդ է, բայց այն գործում է լավ հաստատված և լայնորեն կիրառվող սկզբունքի համաձայն: Ինչ վերաբերում է ֆիլմերին, Բիսքինդի մոտեցումը վճռորոշ նշանակություն ունի մեր՝ հեռուստադիտողներիս համար. հնարավո՞ր է, որ «Իքս մարդիկ» (X-Men) և «Լեգո ֆիլմ» (Lego Movie) կինոնկարների սյուժեն մեզ վրա ավելի մեծ ազդեցություն ունենան, քան ցանկացած քաղաքական հաղորդում:
Նոր «վատ տղաները»
Նախկինում ենթադրվում էր, որ էկրանային չարագործները գործում էին համակարգից դուրս՝ սկսած Հիչքոքի «Պսիխո»-ից (Psycho 1960) մինչև «Բոստոնի խեղդողը» (The Boston Strangler 1968): Ներկայումս ավելի հաճախ «վատ տղաները» համակարգի ներսում են, կամ իրենք են համակարգը: Ժամանակակից շատ ֆիլմերում առաջնորդներն ու համակարգերը պատկերված են որոշ թերություններով` տգետ են, կոռումպացված կամ բացահայտ չար: Սա լայն արձագանք է գտել հանդիսատեսի շրջանում: Գիտակցաբար, թե ոչ, այս սցենարները արտացոլում են, թե ինչպես են շատերը տեսնում իրական կյանքը. մեր ժամանակակից չարագործները հաճախ առաջնորդներ, կառավարություններ և խոշոր կորպորացիաներ են:
Դժվար կլիներ պնդել, որ այս ասոցիացիան անհիմն է: Ժամանակակից իշխանությունների զանցանքների ցանկը անվերջ է թվում` քաղաքական մեսիաների ինքնամեծարումից մինչև դեղագործական ընկերությունների կողմից գների ուռճացում և պետական ծախսերի շուրջ սկանդալներ։ Իհարկե, կառավարության այս թերությունները առկա են եղել մարդկության գոյության հենց սկզբից, բայց հանրային լրատվամիջոցների դարաշրջանում մենք այժմ ավելի լավ ենք տեղեկացված։ Երկրորդ համաշխարհային պատերազմին անմիջապես հաջորդած տարիներին կառավարությունները շարունակում էին իրենց շահեկանորեն ներկայացնել, և այդ տպավորությունն արտացոլվում էր ազնիվ և սկզբունքային առաջնորդների կողմից, որոնց հաճախ կարելի էր տեսնել կինոթատրոններում։ Վերջին մի քանի տասնամյակների ընթացքում այս դրական ընկալումը կայուն կերպով նվազել է. եթե նախկինում քաղաքական գործիչները սովորաբար պատկերվում էին որպես ազնիվ, ճշմարտախոս և հաստատուն, ներկայումս դժվար կլինի գտնել այս նկարագրությանը համապատասխան մարդկանց։
Այս տենդենցին զուգահեռ նկատվում է հանրային վստահության կտրուկ անկում։ Իթվելը և Գուդվինը հայտնում են, որ 1964 թվականին ամերիկացիների 76%-ը վստահում էր կառավարությանը «գրեթե միշտ» կամ գոնե «շատ ժամանակ»: 2012-ին այդ ցուցանիշը նվազել է մինչև 22%, իսկ 2019 թվականին, ըստ Pew հետազոտությունների կենտրոնի ուսումնասիրության, կազմել է ընդամենը 17%: Այս կազմալուծումը նույնքան ակնհայտ է զվարճանքի ոլորտում, որքան իրական կյանքում:
«Գելափի ինստիտուտի նախնական վերլուծությունը ցույց է տալիս, որ այն երկրներում, որտեղ վերջերս տեղի են ունեցել պոպուլիստական շարժումներ, մարդիկ հակված են ցածր վստահություն ունենալու կառավարության նկատմամբ և ցածր կամ անփոփոխ ակնկալիքներ իրենց ապագայի վերաբերյալ»:
Գալինա Զապրյանովա և Անդերս Քրիստիանսեն, “Hope, Trust Deficits May Help Fuel Populism”/«Հույսի և վստահության դեֆիցիտը կարող է նպաստել պոպուլիզմի աճին» (Գելափ, ապրիլի 7, 2017)
Մենք ապրում ենք «քաղաքական մասնատման, անկայունության և պառակտումների դարաշրջանում», ” ասում են Էթվելը և Գուդվինը: Այժմ մարդիկ իշխանությունը ավելի շուտ կապում են կոռուպցիայի, անգործության կամ անկոմպետենտության հետ: Երբ գործակալ Ջեք Բաուերը` 24 բազմասերիանոց հեռուստասերիալի գեղարվեստական հերոսը, հանձն առավ պայքարել Ամերիկայի համար բազմաթիվ միջազգային սպառնալիքների դեմ, դա տեղի ունեցավ այն պատճառով, որ ահաբեկչության դեմ պայքարի համար ստեղծված կազմակերպությունը կոռումպացված էր և վարկաբեկված։ Նա դիմեց այն բոլոր մեթոդներին, որոնք անհրաժեշտ էին գործը ավարտին հասցնելու համար, այդ թվում՝ խոշտանգումների: Շատ հեռուստադիտողների համար նրա ծայրահեղությունները ատելի էին, բայց սեպտեմբերի 11-ի ահաբեկչական հարձակումներից հետո միլիոնավոր մարդիկ դրանք լիովին արդարացված համարեցին»:
Շարժում դեպի համակարգից դուրս
Մարդիկ, բնականաբար, ոչ ավանդական առաջնորդներին ընկալում են որպես հերոսներ, քանի որ ինստիտուտներն ու ավանդական առաջնորդները հիմնականում հեղինակազրկված են: Ըստ տրամաբանության` համակարգը փչացած է, ուստի մենք պետք է լուծումներ գտնենք համակարգի սահմաններից դուրս: Հայացքների այս փոփոխությունն արտացոլվում է վերջերս տարածված արտահայտություններում` «drain the swamp» (ճահիճը ցամաքեցնել` կոռուպցիային վերջ տալ), «think outside the box» (արկղից դուրս ստեղծագործաբար մտածել): Քաղաքական «հերոսները» իրական կյանքում, ինչպես կինոյում, հաճախ ծայրահեղությունների գնացող անհատներ են` ձախամետներ Գրետա Թունբերգից, Էդվարդ Սնոուդենից և Բենքսիից մինչ աջամետներ, Դոնալդ Թրամփից, Գերտ Վիլդերսից և Նայջել Ֆարաջից աջ:
Ծայրահեղական հայացքների տարածմանը նպաստող հանգամանքները վաղուց են հասունացել։ Ընտրությունները, որոնք ԱՄՆ-ում և Հունգարիայում իշխանության բերեցին ոչ ավանդական հայացքներով առաջնորդների, տեղի ունեցան ոչ թե պատահականորեն կամ համընդհանուր անիրազեկության պատճառով (ինչպես շատերն էին կարծում), այլ որովհետև պայմաններն էին հասունացել նման արձագանքի համար: Շատերը արմատականությունը տրամաբանական են համարում։
Պոպուլիզմը, որպես համակարգից դուրս գործելու առավել ուշագրավ օրինակ, այն մարդկանց հավաքական պատասխանն է, ովքեր զգում են, որ իրենց ժողովրդավարական կառավարությունները այլևս չեն կարող կամ չեն ցանկանում գործել նրանց համար։ Նրանք համակարգը համարում են փչացած, ուստի փնտրում են այլընտրանքային միջոցներ իրավիճակը շտկելու համար։ Մեծ Բրիտանիայում Բրեքսիթի հանրաքվեն, օրինակ, գոյություն ունեցող համակարգի կտրուկ հրաժարում էր` հօգուտ անորոշ ապագայի (ինչպես նաև վարդագույն անցյալի նոստալգիկ հետապնդում), սա միանշանակ ծայրահեղական գործողություն էր։ Եվ, ինչպես տեսանք, մենք աջակցում ենք մեր գեղարվեստական հերոսների նույնքան արմատական միտումներին:
Փոփ մշակույթի և քաղաքականության այս արտացոլումը հատկապես տեղին է թվում 21-րդ դարում, երբ նախագահները շփվում են սոցիալական մեդիայի միջոցով, և «The West Wing»/«Արևմտյան թև»-ի նման դրամաները (մասամբ գրված տարբեր քաղաքական օգնականների, ճառագիրների և Սպիտակ տան նախկին աշխատակիցների կողմից կամ խորհրդակցելով նրանց հետ) ուղղակիորեն ոգեշնչում են քաղաքական մանևրները:
Ոչ ոքի կառավարություն
Ծայրահեղականության և ժողովրդական մշակույթի կապն այնքան էլ նոր երևույթ չէ։ Ավելի քան հարյուր տարի առաջ բոլորը խոսում էին անարխիայի մասին: Դա ծայրահեղություն էր և նկատվում էր ինչպես քաղաքականության, այնպես էլ զվարճանքի ոլորտում: Թեև այսօրվա հանգամանքներն ակնհայտորեն տարբեր են, արժե անդրադառնալ անարխիզմին՝ որպես սոցիալ-քաղաքական խնդիրների պատասխանի, և մտածել, թե ինչպես այն կարող է դրսևորվել 21-րդ դարում:
Որպես գաղափարախոսություն` անարխիան շատ նմանություններ ունի այլ ծայրահեղական հայեցակարգերի հետ։ Նրա սկզբունքները դարեր շարունակ ունեցել են կողմնակիցներ՝ սկսած ֆրանսիական և ամերիկյան հեղափոխություններից մինչև Գանդի և Տոլստոյ: Բառը ծագում է հունարեն anarkhos բառից, որը նշանակում է առանց առաջնորդ (կամ, ըստ քաղաքական տեսության պրոֆեսոր Ռութ Կիննայի, «ոչ ոքի կառավարություն»):
Անարխիստները, ըստ էության, դեմ են կազմակերպված և կառուցվածքային իշխանությանը և պնդում են, որ դրա բացակայությունը օգտակար կլինի: Սա խրախուսում է անձի ինքնավարությունը և զարմանալի հավատ է ցուցաբերում մարդկանց՝ ինքնորոշման ունակության նկատմամբ:

Շատերը անարխիան կապում են բռնության և քաոսի հետ, ինչը, ընդհանուր առմամբ, անարդար է: Բայց նման վատ հեղինակությունը պատճառ ունի։ 19-րդ դարի վերջին անարխիստական շարժումներ ի հայտ եկան ամբողջ աշխարհում՝ Ռուսաստանից մինչև Միացյալ Նահանգներ և Կենտրոնական Եվրոպա, ինչը և՛ հուզեց, և՛ վախեցրեց հասարակությանը: Երկու հատկապես ուշագրավ իրադարձություններ էին Սանկտ Պետերբուրգում Ալեքսանդր II ցարի սպանությունը (1881) և Չիկագոյում Հայմարկետի կոտորածը (1886): Առաջինը ավտորիտար կառավարման դեմ բողոքի ակցիա էր, իսկ երկրորդը՝ աշխատավորների իրավունքների համար պայքարի մի մաս։ Երկու շարժումներն էլ ծայրահեղական մեթոդներով անարդարությունը վերացնելու փորձերի օրինակներ էին (ավելի շատ գոյություն ունեցող համակարգը վերացնելու նպատակը, քան բռնի միջոցներ կիրառելն էր, որ երկու շարժումներն էլ բնութագրում էր որպես ծայրահեղական):
Զարմանալի չէ, որ բազմաթիվ գեղարվեստական ստեղծագործություններ են ոգեշնչվել անարխիզմի այս դրամատիկ ձևից, հատկապես վեպեր: Դաժան անարխան հիանալի թեմա էր հուզիչ պատմությունների համար, ինչի մասին վկայում են այնպիսի աշխատություններ, ինչպիսիք են Էդվարդ Դուգլաս Ֆոսեթի «Hartmann the Anarchist» (բռց․ Անարխիստ Հարթմանը (1892)), Ժոզեֆ Կոնրադի «The Secret Agent» (բռց․ Գաղտնի գործակալը (1907)), Մաքսիմ Գորկու «Жизнь ненужного человека»(բռց․ Ավելորդ մարդու կյանքը (1908))։
Հատկապես հետաքրքիր է այն, թե ինչպես են այս պատկերումները ազդել հասարակության կարծիքի վրա։ Նրանք միաժամանակ ներկայացնում և սնուցում էին տարածված պարանոյիկ համոզմունքը, որ յուրաքանչյուր մութ նրբանցքում կարող են ահաբեկիչներ թաքնված լինել: Կիննան նշում է, որ անարխիզմը դիտվում էր որպես «քաղաքական, ինչպես և սոցիալական հիվանդություն»։ Նիհիլիստ ռմբակոծիչը դարձավ հայտնի երևակայական չար ոգի, որը ներկայացնում էր ժամանակի հասարակությանը սպառնացող վտանգը։
Բրիտանիայում, ինչպես նկատել էր լուսահոգի գրականագետ Ռոբերտ Գիդինգսը, մարդիկ վախենում էին «անարխիստ դավադիրներից, [ովքեր սովորաբար] օտարերկրացիներ [էին]» (զուգահեռներն այսօրվա հակամիգրացիոն տրամադրությունների հետ ակնհայտ են): «Վիկտորյանական դարաշրջանի վերջում մարդիկ վախենում էին հասարակության փլուզումից և քաղաքականության` փողոց դուրս գալուց», ” ավելացրել է Գիդինգսը: 1901 թվականին ԱՄՆ նախագահ Թեոդոր Ռուզվելտը հայտարարեց, որ «անարխիան հանցագործություն է ողջ մարդկության դեմ»։
«Անարխիստները ոչ միայն համակարգի և առաջընթացի թշնամիներն են, այլև ազատության մահացու թշնամիները: Եթե անարխիան երբևէ հաղթի, ապա նրա տոնակատարությունը կտևի միայն մեկ արյունոտ պահ, որին կհաջորդի դարեր շարունակվող բռնապետության մռայլ գիշերը»։
Միացյալ նահանգների նախագահ Թեոդոր Ռուզվելտ, “Message of the President”/«Նախագահի ուղերձը») (դեկտեմբերի 3, 1901)
Այնուամենայնիվ, ակնհայտ է, որ մարդկությանը սպառնացող վտանգը շատ ոլորտներում խիստ չափազանցված է եղել։ Այս երեւույթը ծաղրվել է Գ. Կ. Չեսթերտոնի The Man Who Was Thursday/(բռց․) Մարդը, ով եղել էր Հինգշաբթի վեպում, երբ պետական գործակալը ներխուժում է անարխիստական խումբ և հայտնաբերում, որ խմբի բոլոր անդամները իրականում նույն առաջադրանքը կատարող պետական գործակալներ են: Այս ամենը, սակայն, չի նշանակում, որ նրանք պետք է ինչ-որ բան անեն: Չեսթերտոնը շեշտեց, որ Բրիտանիայում անարխիան խիստ չափազանցված էր և սրվում էր հանրային վախի պատճառով և, որ այդ վախը իրական էր և ուներ իր հետևանքները:
Անձի փառաբանում
Այսօր, անշուշտ, արժե անդրադառնալ այդ համատարած վախի հետևանքներին։ Մեզ ասում են, որ մենք ապրում ենք տագնապի դարաշրջանում, որտեղ միայնությունը և հոգեկան այլ խնդիրներ առանցքային են բազմաթիվ հանրային օրակարգերում: Զվարճանքի մեր նախընտրած ձևերը հաճախ բնորոշ են դրան։ Գեղարվեստական գրականության մեջ գրավող վախերը հաճախ համոզիչ են այն պատճառով, որ արտացոլում են իրական կյանքի մեր ընկալումը: Այն, ինչ մենք սիրում ենք դիտել, շատ բան է ասում մեր աշխարհընկալման և որոշակի իրավիճակներին արձագանքելու մասին։
Բիսքինդի խոսքով` «արժեքները, հետևաբար նաև քաղաքականությունը, ընկած են ֆիլմերի հիմքում»: Որքանո՞վ ենք մենք գիտակցում դա: Արդյո՞ք մտածում ենք, թե ինչ ենք դիտում: Արդյո՞ք գիտակցում ենք, թե ինչու ենք նույնանում որոշակի կերպարների հետ կամ արհամարհում ուրիշներին: Ի՞նչ է սա ասում մեր քաղաքական և բարոյական համոզմունքների մասին:
Անարխիզմը գովաբանում է անհատին և ենթադրում, որ մենք ունակ ենք ինքնակառավարման, իսկ փչացած համակարգերն ու ինստիտուտները մեզ հետ են պահում: Տրամաբանորեն, իրավիճակը կբարելավվի, միայն եթե կարողանանք վերացնել խառնաշփոթը և նորից սկսել: Շեշտը դրվում է անհատական, այլ ոչ թե հասարակական մակարդակի վրա. միայն դու կարող ես փոխել իրավիճակը դեպի լավը:
Այսօր այն նույնքան արդիական է թվում, որքան 19-րդ դարում, բայց կա տարբերություն: Այն ժամանակ ևս անարխիստները մերժված էին, բայց ոչ ոք նրանց հերոս չէր համարում (եթե ինքներդ անարխիստ չէիք): Հայմարկետի կոտորածի հետաքննությունը ղեկավարելուց հետո ամերիկյան ոստիկանության ղեկավար Մայքլ Շաակը գրեց անարխիզմի պատմության մասին՝ նկարագրելով այդպիսի խմբերից մեկին որպես «Ուայթչապելի հարբած, խմիչքից սիրտ առած ու բթացած, թշվառ, խղճուկ, հալածյալներ, որ բղավում էին և կռվում» (Anarchy and Anarchists/Անարխիա և անարխիստներ, 1889):
Անարխիստները սոցիալական հիվանդություն էին, ինչպես զոմբիների համաճարակը, որի դեմ պետք էր պայքարել: Եվ ժամանակի գեղարվեստական գրականությունը արտացոլում էր այդ տեսակետը: Այնուամենայնիվ, ժամանակին մերժված համարվողները, ինչպիսիք են Ջեք Բաուերը, Բեթմենը, Քաղցած խաղերի (The Hunger Games) Քաթնիս Էվերդինը, այժմ հայտնի հերոսներ են։ Մի աշխարհում, որտեղ ինստիտուտներն ու կառավարությունները կոռումպացված են, այդ հիվանդությունը արմատավորված է հենց համակարգում, և մարդն իրեն հարկադրված է զգում պայքարել դրա դեմ, պայքարել այն բանի համար, ինչն իր կարծիքով ճիշտ է: Որոշ հետապոկալիպտիկ պատմություններում ամենավատն արդեն տեղի է ունեցել, և միակ նպատակը գոյատևելն է. ինչպես նշում է Բիսքինդը, նման իրավիճակներում «մենք բոլորս փախստականներ ենք»: Միայն այս համատեքստում Սառցե սրտի (Frozen) «Let It Go»-ի նման մի երգ, որում թագուհի Էլզան մեկուսացնում է իրեն և թույլ տալիս աշխարհին ընկղմվել հավերժական ձմռան մեջ (ակնհայտորեն ծայրահեղական ձևով), մինչ նա ուսումնասիրում է իր անձնական ուժը, կարող է դառնալ հանրաճանաչ և բազմության կողմից սիրված օրհներգ։ Էլզան, ինչպես Ուրսուլան Փոքրիկ ջրահարսից (The Little Mermaid) կամ չար թագուհին Ձյունանուշից (Snow White), մեկ այլ ժամանակում կարող էր դառնալ չարագործ: Իրականում, Հանս Քրիստիան Անդերսենի 1845 թվականի հեքիաթում, որից ոգեշնվչել է Դիսնեյի «Սառցե սիրտը» մուլտֆիլմը, Ձյունե թագուհին չարագործ էր։
«Բա՛ց թող ու մոռացի՛ր/ Շրջվի՛ր և փակի՛ր դուռը/ …Ժամանակն է տեսնել, թե ինչի եմ ընդունակ/ Ստուգել թույլատրելիի սահմանները և անցնել դրանց միջով/ Ինձ համար չկա ո՛չ ճիշտ, ո՛չ սխալ, ոչ մի կանոն/ Ես ազատ եմ»։
«Let it go» երգից, «Սառցե սիրտը» (2013)
Ի տարբերություն 19-րդ դարի, մենք ապրում ենք մի աշխարհում, որտեղ մենք ավելի մեծ հավանականությամբ կկարեկցենք և գուցե նույնիսկ կցանկանանք ընդօրինակել անարխիստներին։ Այս գլխավոր հերոսներն իրենց վրա են վերցնում ճիշտը որոշելու պատասխանատվությունը և կանգ չեն առնի ոչնչի առաջ ցանկալի արդյունքի հասնելու համար։
Գեղարվեստական ֆիլմում, որտեղ հերոսների թիվը սահմանափակ է, դա տեսականորեն ընդունելի է. այնուամենայնիվ, ի՞նչ է պատահում, եթե մեծ թվով մարդիկ որոշում են իրենց հերոսի տեղ դնել: Հաշվի առնելով «ճշտի» տարբեր մեկնաբանությունները (քաղաքական սպեկտրի մի ծայրից մյուսը), հակամարտությունների և անկարգությունների շատ մեծ ռիսկ կա: Սա հիշեցնում է Ֆրանսիական հեղափոխությունը, երբ ժողովուրդը հաճախ էր գործերը վերցնում իր ձեռքը, և նույնիսկ հին Իսրայելի նախամոնարխիկ շրջանը, երբ, ըստ հրեաների սուրբ գրությունների դատավորների գրքի, «բոլորն անում էին այնպես, ինչպես ճիշտ էին համարում իրենց աչքերում»: Գուցե օգտակար է նշել, որ նման անարխիայի` ինքնակառավարման ձևերի այդպիսի բազմազանության հետևանքները առանձնապես դրական չէին։
Անարխիան և ապագան
Աշխարհը, որում մենք ապրում ենք, ժամանակակից սցենարիստներին ստեղծագործական մեծ ազատություն է տալիս, բայց այն նաև անհանգստացնող պատկեր է ներկայացնում մեր իրական ապագայի մասին: Օգտագործելով վերը նշված օրինակները, Ֆրանսիական հեղափոխության գրեթե ողջ ընթացքումում տիրող անարխիան, ի վերջո, իր տեղը զիջեց կառավարման կայուն հանրապետական ձևին (չնայած միայն Նապոլեոնի բուռն կառավարման հետևանքները վերջացնելուց հետո), այնուամենայնիվ, այդ երկրում աճող դժգոհությունը նորից լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում է, քանի որ պոպուլիստները իրենց ձայնը լսելի են դարձնում։ Ժամանակակից իսրայելական պետությունը նույնպես ապրել է հարաբերական կայունության ժամանակաշրջան, սակայն քաղաքական և գաղափարական բևեռացումը` դեպի ծայրահեղ տեսակետներ շարժումը, այդ կայունությունն ավելի ու ավելի է վտանգում։
Ընդհանուր կարծիք կա, որ 19-րդ դարի վերջի անարխիզմը լայն տարածում չուներ։ Կիննան նշում է, որ «պետական համակարգերում անարխիստների՝ անկարգությունների և բռնության վրա ուշադրություն հրավիրելու բոլոր ջանքերը բախվել են դիմադրության»: Ի վերջո, այն տապալվեց կառավարական և հասարակական ինստիտուտների դիմադրության պատճառով: Զուգահեռ անցկացնելով` կարող ենք եզրակացնել, որ զանգվածային ծայրահեղականության այսօրվա շրջանը նույնպես ժամանակի ընթացքում կավարտվի։
Մյուս կողմից, սակայն, անարխիստները անդառնալի փոփոխություններ են մտցրել աշխարհում։ 1914 թվականին գահաժառանգ Ֆրանց Ֆերդինանդի սպանությունը, որը կայծ էր առաջին համաշխարհային պատերազմի բռնկման համար, ակնհայտորեն անարխիստական գործողություն էր և խոշոր քաղաքական կառույցներին դրդեց ինքնաոչնչացման: Երեք տասնամյակների ընթացքում աշխարհում իշխանության համակարգը զգալիորեն փոխվել է, չնայած ոչ այնպես, ինչպես շատ անարխիստներ կցանկանային:
Այսօր նույնպես նման արմատական վերափոխումների հիմնահող կա։ Հանրային վստահության պակասը և քաղաքական աճող անկայունությունը ստեղծում են անապահով և անկանխատեսելի ապագայի վտանգ: Ասենք, հետազոտողները գիտակցում են, որ երկրի վրա մարդու գոյությանը X ռիսկ է սպառնում, որը կարող է հանգեցնել աննախադեպ աղետի՝ նկարագրված է բազմաթիվ ֆիլմերում և հեռուստասերիալներում: Ինչպե՞ս կարձագանքեք նման իրավիճակում: Արդյո՞ք մեր դիտած ֆիլմերը օրինակ կծառայեն մեզ։ Եթե բոլորը, քաղաքական սպեկտրի հակադիր կողմերում գտնվելով, գործեն իրենց բարոյական համոզմունքների համաձայն (բաղ թողնելով և մոռանալով, ինչպես Էլզան՝ Սառցե սրտից), ինչպիսի՞ն կարող է լինել հետապոկալիպտիկ աշխարհը:
Ճիշտ այնպես, ինչպես Աստվածաշունչը նշում է Իսրայելի պատմության որոշակի ժամանակահատվածին բնորոշ անարխիան, այն նաև ներկայացնում է աշխարհի վերջին նման իրավիճակ, որը սկզբունքորեն կարող է համարվել անարխիստական. Հայտնության գրքի վերջին գլուխները (որ նաև «Ապոկալիպսիս» են կոչվում) ահազանգում են համաշխարհային համակարգերի ոչնչացում, քանի որ դրանք ոչ մի բարիքի չեն բերելու: Սակայն առաջարկվող լուծումը բոլորովին այլ է՝ ապագա, որը կառուցված է միասնական, նախկինում չտեսնված համակարգի վրա։ Փոխանակ բոլորն իրենց մեկուսացված պահեն և ինքնուրույն որոշեն իրենց բարոյական սկզբունքները, սա կառաջարկի ուղեցույցներ և կառույցներ՝ նախատեսված բոլորի համար առողջություն և խաղաղություն ապահովելու նպատակով` արդար կառավարություն, որն իսկապես հոգ է տանում յուրաքանչյուր քաղաքացու բարեկեցության մասին:
Արմատական թեմաներով շատ ֆիլմեր, որպես կանոն, հակասական եզրակացությունների են հանգեցնում։ Սա նույնպես արտացոլում է իրական կյանքը։ Դժվար է հստակ պատկերացում կազմել մեր աշխարհի մասին նույնիսկ մի քանի տարվա ընթացքում, և դա շատերի մոտ մեծ անհանգստություն է առաջացնում: Հնարավո՞ր է արդյոք մխիթարություն գտնել մեր գեղարվեստական հերոսների մեջ: Իրատեսորեն, դժվար թե։ Բայց ի՞նչ կլինի եթե պարզվի, որ Աստվածաշունչը իրավացի է, և մեր մոլորակին այնպիսի ապագա է սպասվում, որ քչերն են լուրջ ընդունել։ Սա մի բան է, որի մասին արժե մտածել մի դարաշրջանում, երբ ավելի ու ավելի քիչ իրագործելի լուծումներ կան:
Գրականություն
Թարգմանիչ՝ Սիլվա Սահակյան (Silva Sahakyan) © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Կարող եք ընթերցել նաև
Անցյալը՝ պարզապես ներկայի հայելի՞ [Թարգմանիչ՝ Հայկուհի Մովսիսյան (Haykuhi Movsisyan), խմբագիր՝ Ստելլա Լոռեցյան (Stella Loretsyan), բնօրինակի հեղինակ՝ Donald Winchester, Vision]








