Տոնը որպես հասարակական երևույթ
Մեր զրուցակիցն է ազգագրագետ, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, Հնագիտության և ազգագրության ինստիտուտի Արդիականության ազգաբանության բաժնի վարիչ Լևոն Աբրահամյանը:
-Ինչպե՞ս կարող ենք սահմանել տոնը որպես հասարակական երևույթ:
-Տոնը ցանկացած հասարակության կյանքի կարևորագույն պահերից է: Հարցի վերաբերյալ ներկայացնեմ երկու մոտեցում:
Համաձայն մի մոտեցման, որը կարելի է անվանել ինստրումենտալիստական. քանի որ մարդու առօրյան լի է սթրեսներով, ապա, երևի թե հենց այդ պատճառով, ստեղծվում է իրավիճակ, երբ կուտակվածը պետք է դուրս հանել, ընդ որում դա հարկավոր է անել պարբերաբար: Եվ այս գաղափարն է կազմում էներգետիկ ինստրումենտալիստական տեսության առանցքը, որոշ չափով ես էլ եմ հետևում այս մոտեցմանը: Իմ առաջին`«Նախնադարյան տոնը և առասպելաբանությունը» գրքի հիմքում հենց այս տեսությունն է ընկած:
-Ի՞նչ է տոնը, որտե՞ղ կարող են գտնվել տոնի արմատները, ո՞րն է ամենահին տոնը և, ի վերջո, ինչի՞ համար են տոները:
Հաճախ ենթադրվում է, որ տոնը պահպանում է մոռացված հինը, որը երբեմն եղել է հասարակության առօրյայում: Սա երկրորդ, կարծում եմ, դասական սխալ մոտեցումն է:
Տոնի ժամանակ տեղի են ունենում երևույթներ, որոնք թույլատրելի չեն առօրյայում, բայց դա չի նշանակում, որ դրանք ինչ-որ մոռացված առօրյա են: Ճիշտ հակառակը, տոնը հենց նրա համար է, որ եղած օրենքները, կանոնները փոխվեն, շուռ գան, խախտվեն: Իսկ դա «կարնավալի օրենքն» է, որը փայլուն ձևով ուսումնասիրել է Միխայիլ Բախտինը՝ առաջ ընկնելով իր ժամանակից. տասնյակ տարիներ հետո միայն եվրոպական գիտական միտքը մոտենում է այն տեսակետին, որը նա հիմնավորել էր դեռ երեսնական թվականների վերջին:
Հասարակության կառուցվածքը շրջվում է կարնավալային ձևով, ինչը չի նշանակում, որ ժամանակին կյանքն այս ձևով է ընթացել, հիմա էլ տոնի միջոցով այն վերհիշում ենք: Շատ հավանական է, որ մենք հենց այս քաոտիկ տոնն ենք հիշում` երբ ամեն ինչ կարելի է, հենց այն էներգետիկ վիճակը, որը անհրաժեշտ է լիցքաթափվելու համար: Զարմանալի է, որ տոն հիշեցնող երևույթներ նկարագրված են արդեն կապիկների խմբերում:
Օրինակ, շիմպազեների մոտ նկարագրված է մի յուրօրինակ լիցքաթափող «անձրևի պար», նաև լեռնային գորիլաներն ունեն մի հետաքրքիր ծես: Սովորաբար գորիլաները ագրեսիվ չեն, բայց պատահում է, որ հարձակվել են մարդու վրա, բայց հաճախ դա հարձակում չէ, պարզապես գորիլան մի յուրօրինակ ծես է կատարում. նախ ձեռքերով թմբկահարում է կրծքավանդակին, հետո տեղից պոկվում ու արագ, առանց ճանապարհ ընտրելու, առաջ է վազում: Այդպես նա կարծես դուրս է հանում իր մեջից կուտակված լարվածությունը: Եթե այդ պահին իր ճանապարհին ինչ-որ մեկը պատահական հայտնվի, հրում վայր է գցում, նույնիսկ չնկատելով, թե ինչ է անում: Մի քիչ հետո, արդեն հանգստացած, նա դանդաղ շարունակում է իր վազքը: Այս ամենը շատ լավ նկարագրել է Ջորջ Շալերը:
Բայց տոնը պարտադիր խմբային երևույթ է, այն սովորաբար մենակ չեն կատարում: Իհարկե կարող ես նստել խմել, ուրախանալ, բայց դա տոն չի: Միայնակ տոն կարող է ունենալ միայն հիմարը, այս մասին դիպուկ է ասվում ռուսական մի առածում`«для дурака каждый день праздник»: Իսկ տոնը լինում է հատուկ օրերին, երբ որ դա թույլատրվում է, հասարակությունը կարծես հասկանում է, որ պետք է մի ձևով իր գործող կառուցվածքը լիցքաթափվի, քանի որ կառուցվածքը ևս հոգնում է:
Օրինակ` երբ սա դիտարկենք մարդու օրինակով, հասկանալի կլինի, որ դա բնական գործընթաց է, որովհետև հասարակությունը ևս նման մի կառուցվածք է, այն ստեղծված է կապերից և գործում է որպես կենդանի օրգանիզմ, որը նույնպես լարվում ու հնանում է և նույնպես մշտական նորոգման կարիք ունի: Յուրաքանչյուր նորոգում իր մեջ ներառում է քանդման և կառուցման գործընթաց: Տոնը քանդման վիճակն է` և՛ էներգետիկ առումով, և՛ կառուցվածքային առումով: Տոնի հիմնական գործառույթը դա է, բայց միայն այս չի: Տոնի ժամանակ հաստատվում է նաև այն, ինչ հատուկ է տվյալ հասարակությանը: Դա մի կարևորագույն բան է, որն ի դեպ նկարագրել ենք Գայանե Շագոյանի հետ համատեղ մի շարք հոդվածներում, նվիրված հենց տոնի շարժընթացին` դինամիկային: Դա փաստորեն տիրող կոսմոսի խտացրած մոդելն է, որի քանդումից հետո կամ հենց քանդումով սկսվում է տոնական քաոսը, երբ ամեն ինչ կարելի է, այս ամենից հետո էլ նորից վերականգնվում է կոսմոսը:
-Բայց այն նույնն է մնում, թե՞ փոխվում է:
Դա շատ կարևոր հարց է: Կախված է նրանից թե ինչպես է վերականգնվում: Հետազոտող Ռոս Կրումրինը ենթադրում էր, որ կան երկու տիպի հասարակություններ` փոփոխվող և չփոփոխվող՝ կրկնվող: Հասարակությունների մեծ մասը կրկնվող են: Եվ միջնադարյան կարնավալը, որը հենց Բախտինը նկարագրել է, հատուկ է կրկնվող հասարակություններին: Թագավորը դառնում է ծաղրածու, իսկ ծաղրածուն ժամանակավորապես դառնում է թագավոր, և բոլոր նմանատիպ հակադրությունները փոխվում են, սակայն վերջում վերականգնվում են` ավելի թարմ և ուժեղացած ձևով:
Հիմա մոդայիկ չի համարվում այդ տերմինաբանությունը` քաոսը և կոսմոսը, բայց շատ հետաքրքիր է, որ կա մի ժամանակակից ուղղություն սոցիոլոգիայի և սոցիալ մարդաբանության մեջ, որին ես էլ եմ հետևում ինչ-որ չափով, որը սկիզբ է առել տերմոդինամիկայից՝ այսինքն ճշգրիտ գիտություններից, և փաստորեն գործ ունի հենց քաոս և կոսմոս/կարգ եզրերի հետ: Խոսքը նոբելյան մրցանակակիր Իլյա Պրիգոժինի գտած միկրոաշխարհում տերմոդինամիկ օրինաչափությունների մասին է, որոնք օգտագործվեցին սոցիալական գիտություններում: Պրիգոժինը, կարելի է ասել, ուսումնասիրում էր, թե ինչպես «քաոսից» ստեղծվում է նոր «կոսմոս», այսինքն զբաղվում էր քաոսագիտությամբ՝ «ճշգրիտ քաոսագիտությամբ»: Նա ուսումնասիրում էր, թե ինչպես բաց համակարգերի պայմաններում կարելի է կանխատեսել, ինչ կարող է դուրս գալ կոնկրետ տիպի քաոսից: Նման մոտեցում կարելի է կիրառել նաև սոցիալական գիտություններում: Նման ձևով փորձել եմ քննարկել 1988 թվականի Ղարաբաղյան շարժումը:
Սոցիալական կոսմոսից քաոսի անցումը և քաոտիկ վիճակի առանձնահատկությունները լավ ուսումնասիրել է Վիկտոր Թերները որպես կառուցվածքից հակակառուցվածք ծիսական անցում-գործընթաց, ավելի ստույգ՝ որպես շարժուն «կառուցվածք – հակակառուցվածք – կառուցվածք» համակարգ: Ցանկացած տոն ընթանում է այս բանաձևով: Մենք նկատեցինք նաև, որ մինչև հակակառուցվածքը կա նաև «գերկառուցվածք» վիճակը: Այսինքն հասարակությունը վերարտադրում է իրեն «գերկառուցվածքային» տարբերակով, հետո նոր քանդվում է, որպեսզի արդյունքում այդ իսկ ձևով կառուցվի նորը: Գերկառուցվածքի լավագույն օրինակներից են խորհրդային շքերթները (պարադները), երբ տոնին խտացված ձևով ի հայտ է գալիս ողջ հասարակությունը: Ի՞նչ է տեղի ունենում. անցնում է զորքը, հետո գալիս են բանվորները, կոլտնտեսականները, մտավորականները՝ իրենց խորհրդանշաններով: Սա ներկայացուցչական միջոցառում է, որտեղ երևում է ողջ հասարակության մանրակերտը: Պատահական չէ, որ խորհրդային տարիներին պետական գլխավոր տոներին մասնակցության իրավունք էին ստանում լավագույն ուսանողը, լավագույն բանվորը…
Պետական տոներն այդ իմաստով շատ հետաքրքիր են, այս իսկ պատճառով մենք մեր ուսումնասիրությունները սկսել ենք հենց պետական տոներից: Սրանք խիստ ներկայացուցչական տոներ են:
”Ինչպե՞ս կբացատրեք այն փաստը, որ այսօրվա տոները հիշեցնում են Ձեր նշած խորհրդային տոները: Այսօրվա տոները ևս ինչ-որ չափով ներկայացուցչական են, որովհետև մենք բոլոր տոներին հանդիպում ենք հաղթած մարզիկներին կամ շոու- բիզնեսի հայտնի ներկայացուցիչներին, բոլորը, կարծես, պարտադիր պետք է ներկա գտնվեն, կարծես, առանց նրաց տոնը ամբողջական չի կարող լինել:
-Այսպես ասած դասական խորհրդային կառուցվածքն այնումենայնիվ այսօրվա տոներում չի երևում: Քանի որ ողջ խորհրդային հասարակությունը խտացված ձևով ներկայացվում էր հրապարակում, այսինքն ամբողջ հասարակության ֆորմալ կառուցվածքը մենք տեսնում էինք: Իսկ ինչ վերաբերում է մարզիկներին, որոնց մասին նշեցիր, նաև ուսանողներին և դպրոցականներին, ապա դրանք կազմում են հասարակության մասսայական մարմինը: Սովորաբար դա տոտալիտար հասարակություններին է հատուկ: Բոլորը կարծես մի մարմին լինեն, և իրենք իրենցով պատմում են իրենց պատմությունը:
Սա էլ արդեն երկրորդ խնդիրն է:
Ինչ վերաբերում է խտացված կառուցվածքին` գերկառուցվածքին, ապա այն ունենալու համար հարկավոր է ունենալ հասարակության մոդելը, որովհետև եթե քաոսը տեղի ունենա, ապա դրանից հետո պետք է կարողանաս վերստեղծել կոսմոսը: Այդ առումով, մեր կարծիքով, ամենալավ արտահայտությունը Նոյյան տապանն է. սկսվում է ջրհեղեղ, որը դասական քաոս է, որտեղ «վերևի ջրերը միանում են ներքևի ջրերի հետ»: Մի բան, որն ի սկզբանե կոսմոս էր` Աստված սկզբում բաժանում է վերևի ջրերը ներքևի ջրերից, իսկ ահա այստեղ դրանք միանում են: Սա լրիվ քաոս է, բայց այստեղ պետք է կրկին կոսմոս դուրս գա, դրա համար պատմության մեջ ամեն ինչից նավի մեջ կա, այսինքն գերկառուցվածք է, «չիպ» է: Այսինքն մենք նավում ունենում ենք Նոյին` իր ընտանիքով, այլ կերպ ասած հասարակության լավագույն մասին և ամբողջ կենդանական աշխարհը: Նոյը ճիշտ հասարակության մոդելն է, որովհետև պարզվեց, որ նա ամենապարկեշտ մարդն է ու դրա համար էլ իրեն են ընտրում: Կենդանիները ևս ներկայացուցչական են. կենդանիների յուրաքանչյուր տեսակից մեկ զույգ:
Երբ սկսեցինք նայել բոլոր տոները, պարզվեց որ այս խտացված երևույթներն առկա են տոներում, օրինակ` «Տարեհացը»: Ինչո՞ւ Նոր տարվա շեմին, հին տարվա վերջին րոպեներին երկրի նախագահը ամփոփում է անցյալ տարվա անցուդարձը: Որովհետև դրանից հետո ամեն ինչ քանդվելու է, և առաջին մարդը հաշվետվություն է տալիս անցած տարվա մասին, այսինքն` նախորդի խտացվածն է ներկայացնում որպես նորի երաշխիք: Նույն բանը տեսնում ենք Բարեկենդանում, բրազիլական կարնավալում ևս կգտնես նման միտում:
Տոնն ունի նաև այսպիսի առանձնահատկություն` այն վերադարձնում է դեպի անցյալ, և այդ անցյալը ոչ թե յուրաքանչյուրի անցյալն է, այլ հասարակության անցյալն է: Էն անցյալն է, որի տերն է այս հասարակությունը: Կարելի է ասել, որ գլխավոր տոնի ժամանակ հասարակությունը բացում է պատուհան դեպի իր առասպելական անցյալը, միանում է նրան, և հասարակությունը դառնում է դրա կրողը: Տոնի միջոցով դու անընդհատ գործ ունես քո անցյալի հետ, քո սկզբի հետ: Անցյալ ասելով մենք նկատի ունենք «նոր աշխարհի» սկիզբը:
”Իսկ ե՞րբ է «սկսվում աշխարհը»:
-Օրինակ, խորհրդային աշխարհի սկիզբը «նշանակել» էին նոյեմբերի յոթին: Դրա համար գլխավոր տոնը նոյեմբերի յոթն էր: Այդ օրը վերարտադրվում էր «Ավրորան», ցուցադրվում էր Հին Երևանի մանրակերտը… այսինքն այդպես վերարտադրվում էր տվյալ դեպքում խորհրդային աշխարհի սկիզբը: Ավստրալացի աբորիգենն իր աշխարհի սկզիբն է ցույց տալիս գլխավոր տոնին: Ստացվեց, որ տոնը մի քանի գործառույթ ունի: Երեքը արդեն նշեցի:
Հիմա վերադառնանք հարցին:
Վերցնենք Էրեբունի-Երևան տոնը, որը հնարած կամ հորինած տոներից է, այս տոնը Կարեն Դեմիրճյանի մտահղացումն էր, եթե չեմ սխալվում: Այդ տոնը թատերականացված տոն է ու դրանով սա արդեն տոն չի դառնում, այլ դառնում է ինչ-որ բեմականացված միջոցառում, որտեղ մարդկանց մի խումբը դիտորդ է, մյուսը` կատարող: Իսկ ըստ Բախտինի տեսության, տոնի ժամանակ չկա կատարող և հանդիսատես: Տոնի ժամանակ մարդը թե մասնակից է, թե դիտորդ: Ու նրանք անընդհատ տեղերով փոխվում են: Սա տոնի գլխավոր կանոններից է: Տոնը թատրոն չէ, իսկ Էրեբունի-Երևանը սովորական գավառական թատրոն է, գավառական տարազներով: Բայց, այնուամենայնիվ, այն վերարտադրում է կազմակերպիչների պատկերացմամբ Հայաստանի և Երևանի պատմությունը, սկիզբը:
Տոներ կան, որոնք հասցնում են Հայկ ու Բելին, փաստորեն կրկին ուղղված են դեպի սկիզբը: Գլխավոր տոնը միշտ պետք է դեպի Սկիզբը գնա, լինի դա առասպելական, թե` իրական, ինչպես օրինակ խորհրդայնացման տոնն էր: Էրեբունի-Երևանը փաստորեն այդ ֆունկցիան կատարում է, բայց տոնին բնորոշ այլ գործառույթներն այն չունի: Քանի որ դա բեմականացում է, հետևաբար տոնին հատուկ գործառույթներն ու էներգետիկան գալիս են ոչ թե տոնից, այլ ավելի շատ կազմակերպիչներից: Այսինքն տվյալ օրինակում իմ նշած երեք ֆունկցիաներից միայն մեկն է գործում. այն որ տոնի բովանդակությունը միտված է դեպի անցյալ, դեպի առասպելական սկիզբ…
Էրեբունի-Երևանը լուծում է պատմական, երբեմն կեղծ պատմական խնդիրներ, բայց այն պետական տոն չի, այն քաղաքի տոն է և դրա համար մենք իրավունք ունենք Էրեբունին դնենք սկզբում… Իսկ եթե պետություն ունես, դու պետք է գնաս քո պետության սկիզբը: Այդ պատճառով մեր պետական տոները դիտելիս այդպես էլ չես իմանում որն է հիմնականը, ինչն ենք համարում մեր սկիզբը: Նշեմ, որ առաջին օրենքը, որ ընդունել է Հայաստանի Հանրապետությունը, եթե չեմ սխալվում, դա տոների մասին օրենքն է: Ես եղել եմ օրենքի նախագծի փորձագիտական խմբում, իմ գործընկերների հետ: Մեզ հրավիրեցին քննարկումների, ճիշտ է, ասածներիցս ոչ մեկը չարեցին, բայց հետագայում վերադարձան մեր ասածներին: Մենք ասում էինք, որ պետք է նայել թե այսօր մարդիկ մեռելոց որ տոնից հետո են անում: Քանի որ եթե ժողովուրդը տոնից հետո անում է մեռելոց, ուրեմն այն արդեն դարձել է տոն: Լինի դրա ակունքները սովետական, թե բոլշևիկյան, Կլառա Ցետկինի, Ռոզա Լյուքսենբուրգի անվան հետ կապված լինեն… կարևոր չի, կարևորն այն է, որ մայիսի մեկից հետո մարդիկ անում են մեռելոց, ուրեմն այն արդեն դարձել է տոն: Ինչպես նախաքրիստոնեական տոները իրականում չեն վերանում, այլ վերափոխվում են քրիստոնեական տոների, այդպես էլ կարելի էր վարվել սովետական տոների հետ: Սա էր մեր առաջարկը: Սակայն այն ժամանակ այդ բոլոր տոները հանվեցին գաղափարախոսական պատճառով:
Գաղափարախոսական մասն ապահովելու համար պետք է փոխել նոր տիպի հասարակության գլխավոր տոնը` պետական տոնը: Իսկ քանի որ ժողովուրդը ինչ-որ տոն տոնում է, հարկավոր չէ այն արհեստականորեն վերացնել, եթե այն չի խանգարում սկզբին վերաբերվող գլխավոր տոնին: Հետագայում որոշ մերժված տոներ վերադարձրեցին: Եվ կարող ենք փաստել, որ մայիսի մեկը կամ մարտի ութը առնվազն մեր բանակի տոնից ավելի հանրահայտ տոներ են:
Ինչ վերաբերվում է մայիսի քսանութին, ապա դա ուրիշ անկախություն է, այս պետության քսանութը չէ: Սա նշանակում է, որ մենք արհեստականորեն «թռնում» ենք սովետական անցյալի վրայով, վերցնելու ավելի հինը, այն համարելով ավելի լավը, ասելով, որ ահա այս լավը թող լինի իմ սկիզբը: Այդպես կարելի է վերադառնալ մինչև Կիլիկիա կամ մեկ այլ սկիզբ: Փաստորեն սա հիմնական տոնը չի, հիմնականը պետք է լինի սեպտեմբերի 21-ը՝ Անկախության տոնը: Այսինքն մեզ մոտ այստեղ երկու բան խառնվել է իրար: Մենք համարում ենք, որ ներկա պետությունը հնի՝ առաջին հանրապետության շարունակությունն է, դա արտահայտվում է թե՛ դրոշի կրկնությամբ, թե՛ օրհներգի և զինանշանի: Այսպես մենք միշտ նայում ենք դեպի անցյալը, որը համարում ենք իդեալական: Տոնն ընդհանրապես ունի, արդեն գիտենք, այն հատկությունը, որ փորձում է ավելի հինը տեսնել, գնալ դեպի անցյալ` դեպի արմատները: Այդ արմատները տվյալ դեպքում տանում են դեպի առաջին հանրապետություն:
Այսպես առավել նոր տոնը երկրորդվում է, և որքան էլ կազմակերպում են այն, այդպես էլ որպես տոն չի ընկալվում, որովհետև որպես գլխավոր տոն ընկալվում է քսանութը:
Ես առաջարկում էի, որ որպես պետական տոն մտցնեն Բարեկենդանը, որը մեր կարնավալն է, դրա համարժեքն է:
-Հելոուինը և՞ս կարելի է կարնավալ համարել:
-Ոչ, Հելոուինը այլ բան է, չնայած որ նրա մեջ իհարկե կան կարնավալային կետեր: Այն ավելի մասկարադ է: Չնայած կարնավալին նույնպես հատուկ են դիմակներ, դրանք հատուկ տեղ ու դեր ունեն, իսկ Հելոուինն ավելի է նման մասնագիտացված դիմակահանդեսի: Բայց այնտեղի մահվան պահը, նախնիների գալը, դա, այո, տիպիկ կարնավալային դրսևորում է: Հետո չմոռանանք, որ մասկարադը կարնավալի ծնունդներից է:
Հետաքրքիր է և, կարծում եմ, պատահական չէ, որ ամենալավ կարնավալը կազմակերպում են միասեռականները, ես ականատես եմ եղել Սան Ֆրանցիսկոյում նման կարնավալի: Իրենք դա փայլուն են անում: Ժողովրդի մեծ մասը գնում է իրենց տոնին: Որովհետև իրենք արդեն «շուռ տված են», իրենց մոտ այդ կարնավալային պահը արդեն կա, և իրենց մոտ տոնն այդ պատճառով ավելի լավ է ստացվում, քան թե ուրիշ ցանկացած խմբում, որը փորձում է կատարել նույն շրջումներն արհեստականորեն:
Իսկ Բարեկենդանը հենց դասական կարնավալն է: Այն միակ տոնն է եղել, որը շատ հեշտ սովետական կարգերը վերացրին: Սակայն այն ինչ-որ կերպ պահպանվել է, որովհետև ցանկացած տոն իր թելերը, պոչերը ունի ընտանիքում: Օրինակ` Զատիկին ձու ես ներկում, Տրնդեզին` կրակի վրայով ցատկում ես, որովհետև այն ունի հատուկ հարսանիքային ֆունկցիա. այդ պատճառով էլ վերադարձել է: Իսկ Բարեկենդանը համայնքային տոն է, միակ տոնն է, որը անում են ամբողջ համայնքով: Դրա դեմ առաջին հերթին պայքարեցին, ինչո՞ւ: Որովհետև այդ տոնը կարգերի քննադատության տոն է, դա կարնավալ է, որտեղ թագավորին իջեցնում ես, քեզ բարձրացնում, Խան-Փաշայի պես:
Ցանկացած կարնավալ հեղափոխություն է: Թագավորը իջեցվում է և նրա տեղը նստում է ամենացածրը, իսկական Լենինի ասածն է`«кухарка правит государством»:
-Դուք դիտարկել եք 1988 թ. շարժումը որպես քաղաքական տոն, կմանրամասնե՞ք:
-Երբ 1988-ին ես դուրս եկա փողոց, հանկարծ նկատեցի, որ հայտնվել եմ իմ վերականգնած տոնում, որը արել էի Ավստրալիայի աբորիգենների մշակույթի հիման վրա և սկսեցի այդ աչքով նայել: Երկար ուսումնասիրություններից հետո ես հասկացա, որ իրոք դա նույն տոնն է: Շարժումը գործում էր կարնավալային օրենքներով, ընդ որում ավելի արխայիկ, քան Բախտինի նկարագրածում, երբ վերևն ու ներքևը փոխվում են տեղերով: Այս մասին ես պատրաստում եմ նոր գիրք, որը դեռ չեմ ավարտել: Սա, իհարկե, տիպաբանական նմանություն է:
Ի դեպ առաջին հոդվածը, որը ես գրել էի հայերեն, չտպեցին: Ասեցին հանկարծ չվիրավորվեն: Պատճառաբանություններից մեկը Խաչիկ Զաքարյանի սպանությունն էր, որը, ասեցին, տոնի հետ ոչ մի կապ չունի: Սակայն արխայիկ տոնի հիմնական կետերից մեկն այն է, որ պարտադիր զոհ պիտի լինի, թաղում պիտի լինի, այսինքն տոնը զոհաբերության վրա էր հիմնված: Այս օրինաչափությունները դուրս բերեցի և տեսա, որ տիպաբանորեն, այո, նույն տոնն է: Ահա քաղաքական տոնը ես այդ ձևով եմ նայում:
”Հակադրությունները, որոնք կային առօրյայում, տոնից հետո վերադառնո՞ւմ են թե՞ ոչ:
-Տոնն առհասարակ երկար չի կարող տևել, որովհետև այդ դեպքում դու չես վերադառնա քո կոսմոսին: Սակայն ցանկացած տոնում ամենաակտիվները` մասնակիցները, մեծ դժվարությամբ են դուրս գալիս տոնից: Օրինակ` սովետական տոնը ուներ իր գերկառուցվածքը, ինչը ներկայացված էր պառադով, բայց սովորաբար չէինք տեսնում, որ նա ուներ նաև իր քաոսը, դա այսպես կոչված «народные гулянья»-ն էր, ժողովրդական զբոսանքները, որոնք ավելի ճիշտ կլիներ անվանել տոնական գուլյանկաներ: Ռուսաստանում դա առանձնապես խմելն է, այդ պատճառով իշխանություններն ամեն ինչ անում էին, որ տոները երեք օրից ավելի չտևեին: Որովհետև դրանից հետո շատ դժվար էր վերականգնել առօրյան, առանձնապես աշխատանքային առօրյան: Հիմա լրիվ հակառակն է. եթե չկան գործարաններ, աշխատանքային առօրյայի վերականգնումն էդքան էլ կարևոր չի – ես, իհարկե, մի քիչ չափազանցնում եմ: Կա նաև մեկ ուրիշ հանգամանք. հասարակությունը չունի հստակ կառուցվածք և դրա համար տոնն էլ կարող է երկար ձգվել: Բայց եթե հասարակությունն ունի խիստ կառուցվածք, բայց չունի արտահայտված գերկառուցվածք, ապա երբ այն քանդվում է տոնի ժամանակ և հետո պիտի նորից վերականգնվի, դա շատ դժվարանում է, եթե քանդվելը չափազանց երկար է տևում: Օրինակ, տարբեր մշակույթներում հիմնական տոնի ժամանակ պետք է, որ ընտանիքի բոլոր անդամները ներկա լինեն, դա ևս գերկառուցվածք է: Այդպես դու կառուցում ես քո հասարակության լավագույն` ամբողջական տարբերակը, ֆիքսում ես այդ վիճակը, մտավոր պատկերում ես (հիմա նաև լուսանկարում ես) ու այդ պատկերը ինչ-որ ձևով ձգտում ես վերարտադրել:
Սովետական Ռուսաստանում իրոք վախենում էին, որ տոնը կարող է այնքան տևել, որ հետո էլ հնարավոր չլինի հետ բերել հասարակության կառուցվածքը:
Ցանկացած հեղափոխություն իր մոդելում ունի կարնավալային շրջումներ: Երբ դիտարկում ես հեղափոխության մոդելում առաջին մարդուն` թագավորին, ցեղապետին կամ քյոխվային (անունը էական չէ), ապա նրան վայր են գցում իր բարձրունքից ու նրա տեղն ուրիշն է գալիս, ընդ որում ցածր դիրք ունեցողը: Հասարակություններ էլ կան, որտեղ թագավորին գահավիժում, փոխում են ոչ թե հեղափոխության արդյունքում, այլ տոնի ժամանակ, և ոչ թե սիմվոլիկ ձևով, այլ իրական` նրան սպանում են: Նման դեպքեր կան որոշ աֆրիկյան մշակույթների նկարագրություններում: Հեղափոխության ժամանակ, որը պարտադիր ունի իր տոնական մասը, գոնե նշված կարնավալային շրջումների շնորհիվ, անում են ամեն ինչ, որպեսզի հեղափոխական «տոնը» չունենաս գերկառուցվածք, հասարակությունը չվերադառնա «մինչտոնական» վիճակին, իսկ «տոնական» շրջումները մնան նաև հեղափոխություն-«տոնից» հետո: Այդ պատճառով ամեն ինչ, ինչ կապ ունի «հին աշխարհի» հետ, պետք է ոչնչացվի: Թագավորին էլ գնդակահարում են ամբողջ ընտանիքով, որպեսզի ոչ մեկը հետագայում հանկարծ հետ չբերի այն, ինչին ուզում էին այլևս չվերադառնալ: Հեղափոխությունը և տոնը շատ մոտ են իրար, կառուցվածքային առումով են մոտ. հեղափոխությունն ունի կարնավալային տարրեր, իսկ կարնավալի հիմքում հեղափոխությունն է:
Զարմանալի չէ, որ Լոնդոնի Նոթինգ Հիլ թաղամասում կարնավալային տոնը երբեմն դուրս է գալիս տոնական սահմաններից, ավարտվում է անկարգություններով և վերաճում հեղափոխություն հիշեցնող խռովության:
Նկարագրած է, թե ինչպես 19-րդ դարում բարեկենդանյան Խան Փաշա խաղ-ներկայացման սահմաններում ոչ միայն պատժում են սիմվոլիկ կարնավալային կերպարին, այլ գնում սպանում են առօրյա կյանքում իրենց ճնշող քյոխվային:
Այսինքն ապստամբությունը, հեղափոխությունը և տոնը կառուցվածքային առումով լրիվ նույնն են:
Այս երևույթը` կարնավալը պետք է տեղի ունենա, նրան դարեր շարունակ հանդուրժել են, անգամ եկեղեցին է այն ընդունում և իր համակարգում նույնիսկ կատարում է որոշ կարնավալային սովորույթներ: Սակայն մեզ մոտ այն չեն ուզում անել: Մեզ մոտ վախենում են Բարեկենդանից: Դպրոցը միակ տեղն էր, ուր կարնավալը նորից մուտք գործեց Վերջին զանգի տեսքով, երբ աշակերտը կարող էր կարնավալային ձևով զբաղեցնել ուսուցչի տեղը: Գոհար Ստեփանյանը շատ լավ ուսումնասիրել է այդ երևույթը, որը մտել է ինքնաբերաբար:
Բայց հիմա շատ դպրոցներ, առանձնապես շրջանների, արգելում են Վերջին զանգին նման կարնավալային, երգիծական համարներ բեմադրել:
Սակայն բոլոր հասարակությունները նման կարնավալներ անում էին և շարունակում են անել: Անգամ թագավորները, օրինակ` Պետրոս Առաջինը, սիրում էին կարնավալային հեղաշրջումներ:
-Իսկ որքա՞ն կարող է տևել տոնը:
Սա շատ կարևոր հարց է, այն ինձ էլի են տվել, մասնավորպես 1988-ի Շարժման վերաբերյալ, երբ ես իմ հետազոտությունը ներկայացրեցի Հարվարդում: Իմ ընդդիմախոսների հիմնական ասելիքը հենց դա էր` տոնի տևողությունը. ինչպես կարող է տոնը այդքան երկարել, փաստորեն այն տևեց ինը ամիս` մինչև նոյեմբերի վերջ:
Ավստրալիայի աբորիգենների հիմնական տոների շարքը սովորաբար ամիսներ է ձգվում: Եվ ընդհանրապես ավանդական հասարակություններում տոների օրերի թիվը նույնիսկ կարող է գերազանցել ոչ տոնական օրերը: Մենք աչքի առաջ ունենք մեր այսօրվա կարճ տոները և մոռացել ենք հին երկար տոները: Իսկ 1988-ի քաղաքական տոնը տիպաբանորեն ավելի մոտ էր արխայիկ տոնի:
Ասեմ, որ ես նրանց համոզեցի:
2008 թ. ընտրություններից հետո, երբ ժողովուրդը հավաքվեց Ազատության հրապարակում երկարատև բողոքի ցույցի, Լևոն Տեր-Պետրոսյանը փորձեց վերարտադրել 1988 թիվը, դա հստակ երևում է թե իր ճառերից, թե պահվածքից: Նման մոտեցումը հասկանալի է, որովհետև այն ժամանակը տվել էր իր արդյունքը. քաղաքական «տոնի» շնորհիվ իրականացվել էր հեղաշրջում, և պատահական չէ, որ հրապարակում նորից փորձում էին տոն ստեղծել (հավանաբար, ոչ գիտակցաբար), որի միջոցով կարող էր հեղաշրջում արվել:
Սակայն այն չաշխատեց, ինչո՞ւ: Որովհետև 1988-ին ամբողջ ժողովուրդն էր մասնակցում «տոնին», որի արդյունքում այն վերածվեց գործիքի, որով հնարավոր եղավ իրականացնել հեղաշրջում: Շատ կարևոր է, որ տոնի ժամանակ տվյալ հասարակությունը միասնական լինի, սա կարևոր պահ է բոլոր տոներում:
Սրա մասին աֆրիկյան մի ցեղում ասում են, որ եթե սրտումդ չարություն կա, տոնը չի հասնի իր նպատակին: Իսկ էսկիմոսները հավատում են, որ եթե ծեսեր կատարելիս չլինի համերաշխություն, ապա կետերը չեն մոտենա ափին` կհեռանան օվկիանոս:
”Կարող ենք ասել, որ 1988 թվի տոնը հեղափոխությո՞ւն էր:
-Ես հեղափոխություն տերմինը չեմ օգտագործում, կարծում եմ, որ այդ տոնը բերեց հեղաշրջման: (Ղարաբաղյան շարժումը որպես հեղափողություն է դիտարկում իմ գործընկեր Հարություն Մարությանը:) Ես ուսումնասիրում եմ այդ հեղաշրջման մեխանիզմները: Օրինակ, ունենում ենք համընդհանուր մի համոզմունք կամ հավատ ինչ-որ խնդրի վերաբերյալ, տվյալ դեպքում` «Ղարաբաղը մերն է», դա իր հետևից բերում է հազար ու մի խնդիրներ, արդյունքում ստեղծվում է հենց այն տոնական վիճակը, որտեղ մարդիկ համախմբված են այնպես, որ վերածվում են մասսայական մարմնի: Այն տարբեր է տոտալիտար մարմնից, որովհետև վերջինս ոչ թե ինքն իրեն է ստեղծվում, այլ մարդկանց մարմինների միջոցով ըստ վերևից կազմած սցենարի վերարտադրում են հասարակությունը: Նման մի օրինակ կարող ենք տեսնել Հյուսիսային Կորեայում, երբ մարդիկ ստադիոնում ցույց են տալիս, վերարտադրում են այն պահը, թե ինչպես է արևը դուրս գալիս լեռան վրա, ինչն իրենց հիմնադրի` Կիմ Իր Սենի կենսագրությունն է արտացոլում, այսինքն պատմում է մեծ սկզբի մասին: Սակայն, եթե այնտեղ առաջնորդի և հասարակության պատմությունը մարմինները վերարտադրում են վերահսկողության տակ, ապա մեզ մոտ հակառակը` մարդիկ դուրս են գալիս վերահսկողությունից և ստեղծում են համընդհանուր հասարակական մի մարմին, որը գործում է իբրև մի մարդ: Այ այդ ժամանակ է ստեղծվում համերաշխության զգացմունքը, մի հատուկ վիճակ, որը հենց տոնական վիճակն է: Եվ դրանով էլ մեծ ուժ ուներ 1988-ը: Կարծում եմ հենց այս համերաշխությունը ստանալու համար էր Լևոն Տեր-Պետրոսյանը փորձում 2008 թվին վերարտադրել 1988-ը, այսինքն 1988-ը նա օգտագործում էր որպես գործիք, պատահական չէ, որ «գործիք» բառը հանրահավաքների ընթացքում օգտագործվում էր, ճիշտ է, մեկ այլ համատեքստում:
Իսկ 1988-ին ստեղծվեց այդ տոնական վիճակն ինքնաբերաբար, և դրանից էլ փոխվեց հասարակությունը: Դրա համար, եթե դա հեղափոխություն է, ապա այն հեղափոխություն է պոստֆակտում: Ոչ թե արվել է հեղափոխություն, այլ տեղի է ունեցել քաղաքական տոն, որը որպես ածանցյալ արդյունք տվել է հեղափոխոթյուն:
-Կարո՞ղ ենք 1988-ի Շարժումը համեմատել Ֆրանսիական հեղափոխության հետ:
-Ֆրանսիական հեղափոխության ժամանակ փոխվում են կարգերը, ստեղծվում է նոր էլիտա, ուրիշ սոցիալական շերտ է ի հայտ գալիս: Մեզ մոտ էլ է դա տեղի ունենում, և կարելի է ասել, որ իրոք նման է: Բայց ոչ թե այն ի սկզբանե հեղափոխություն է, այլ, ինչպես ասեցի, այլ կարգի պրոցեցի հետևանք է:
1988-ը ես համեմատել եմ տարբեր գույնի և երկարության թելերից կազմած կծիկի հետ: Կծիկը խճճված է և ամբողջ ընթացքում նրանից ինչ-որ թելեր էին քաշում: Մի թելը կարող էր չափազանց կարճ լիներ, մյուսը` կտրվեր, մեկ այլը շագանակագույն լինել` ֆաշիստականի պես, մյուսը` զինվորական կանաչագույն, իսկ մեկ ուրիշն էլ` քաղաքացիական հասարակության մոդելի թելը լիներ: Ի դեպ քաղաքացիական հասարակության լավագույն արտահայտությունը եղավ խորհրդարանի այն նիստը, որը տեղի ունեցավ Ազատության հրապարակում նոյեմբերի 24-ին: Սա դասական պահ էր, երբ ժողովուրդը ինքը ստեղծում է իր իշխանությունը: Սակայն դա տոնական քաղաքացիական հասարակություն էր և տոնական հեղափոխություն էր, այլ ոչ թե իսկական:
-Իսկ ո՞րն է Ձեր ձևակերպմամբ իսկական հեղափոխությունը:
-Իսկականը հենց նշված ֆրանսիական հեղափոխությունն էր, որին մենք այսօր շատ ռոմանտիկ տեսանկյունից ենք նայում, բայց որն այդքան էլ ռոամանտիկ չէր, որովհետև հենց հեղափոխության շրջանում հարյուրավոր զոհեր եղան, իսկ դրանից հետո եղավ դաժանությունների մեծ ալիք:
-Իսկ ինչպե՞ս է հեղափոխությունն ազդում ազգային ինքնության վրա:
”Հեղափոխությունը չի ազդում, տոնն է ազդում: Մարդը ընդհանրապես հիշում է տոնը:
Մի այսպիսի ռուսական առած կա, որտեղ ասվում է, որ տոները միշտ հիշվում են, իսկ առօրյան արագ մոռացվում է: Եվ, իրոք, մարդը հիշում է տոնը, առօրյան չի հիշում: Այդ պատճառով էլ 1988-ը հիշվում է նոստալգիայով, սակայն մենք հիշում ենք մեր տոնական վիճակը: Մենք ոչ թե այդպիսին ենք եղել այդ տարիներին, ինչպես որ հիմա հիշում ենք, այլ մենք այդիսինն ենք եղել տոնական վիճակում:
-2008-ը և դրան հաջորդած շարժումը և՞ս տոն էր: Այն, կարծես, մինչ օրս շարունակվում է:
-Դա պարզելու համար կարելի է դիտարկել անգամ միայն պաստառները և վրանները: 2008-ի պաստառների վրա 1988-ի պաստառներն էին, և ամենակարևոր պահն այն էր, որ 1988-ին շրջանից եկածները իրենք էին գրում իրենց պաստառը և գալիս Ազատության հրապարակ, իսկ 2008-ն և դրանից հետո այդ ամենը կազմակերպվում էր, այսինքն այն ինքնաբուխ տոն չէր: Ահա տարբերությունը դա է:
Շատ դժվար է դուրս գալ տոնից, օրինակ վարդավառի մյուս օրը որոշ դեպքերում երեխաները էլի իրար փորձում են ջրել: Նույնն էլ քաղաքական տոնի ժամանակ է. քաղաքական տոնից հետո տոնի ակտիվ մասնակիցները հայտնվեցին խորհրդարանում, և ժողովուրդը սկզբից դժգոհ էր, որ նրանք իսկույն մոռացան իրենց հրապարակին (կավելացնեմ` տոնին) հատուկ խոսքերը և կեցվածքը:
Աղբյուրը՝ hambardzum.am կայքի արխիվ