Տեղեկագրություն /2/

Նոյեմբերի 26-ի եւ լույս 27-ի գիշերը Կիրովաբադում եւ Ադրբեջանի մյուս հայաբնակ վայրերում լարված իրավիճակը պահպանվում էր։ Ըստ Կիրովաբադի հատուկ կոմիտեի եւ ուղիղ հեռախոսակապի միջոցով ստացված տվյալների, զորամիավորումների եւ ադրբեջանցիների ամբոխի միջեւ տեղի ունեցող ընդհարումների հետեւանքով զոհվել են երեք զինվորականներ։ 63 վիրավորներից 23-ի վիճակը ծանր է։

Վարդենիսից հեռացած ադրբեջանցիները Իսմայիլի շրջանում հարձակվել են Նորաշեն, Ուշտալ, Վանաշեն, Դալգա հայաբնակ գյուղերի վրա։ Հարձակումը կանխվել է զորքերի եւ բնակչության համատեղ ուժերով:

Իրադրությունը պայթյունավտանգ է նաեւ Շամխորի շրջանում։ Երեկ այստեղից Իջեւան է գաղթել հայերի 39 ընտանիք։ Շամխորից եւ Թոուզից հեռացած շուրջ քսան ընտանիքներ հաստատվել են Շամշադինի շրջանում։ Սումգայիթից ու Խոջալուից Զնաբերդի վրա ադրբեջանցիների հարձակումից հետո, այլեւս բանակից հուսալի պաշտպանություն չակնկալելով, հայ բնակչությունը տեղերում ստեղծում է ինքնապաշտպանության ջոկատներ։

Բաքվում, նույնիսկ պարետային ժամի պայմաններում, շարունակվում են միտինգներն ու ցույցերը։ Երեկ այստեղ ձերբակալված էր հազարից ավել մարդ /ազգությունը տեղեկատվության մեջ չի նշվում/։

Հանրապետության շրջաններում եւս պահպանվում է լարված իրադրություն։ Ամբողջ Հայաստանում շարունակվում են գործադուլները նույն պահանջներով՝

ա/ Ապահովել հայ բնակչության կյանքի անվտանգությունը Ադրբեջանի տարածքում

բ/ Վերացնել անհիմն կերպով մտցված պարետային ժամը Երեւանում

գ/ Վավերացնել ՀՍՍՀ ՀԽ նոյեմբերի 24-ի նստաշրջանի որոշումները։

Մայրաքաղաքի աշխատավորները վճռականորեն որոշել են շարունակել գործադուլը՝ մինչեւ այս պահանջների բավարարումը։ Երեւանի փողոցներում եւ հասարակական վայրերում հերթապահող պարեկների վարքը երբեմն հասնում է լկտիության։ Երեկ, նոյեմբերի 26-ին, նրանք մահակներով հարձակվել են օպերային թատրոնի շենքի մոտակա կանգառում խմբված տրանսպորտին սպասող մարդկանց վրա, ինչպես նաեւ փորձել են բռնի ուժով ցրել 104 խանութում հերթի կանգնած գնորդների խումբը։

21-րդ դարամուտի ուշացած գաղութարարների զրահապատ գիտակցությանը պետք է հասնի այն պարզ փաստը, որ Հայաստանը Սահմանադրությամբ սուվերեն հանրապետություն է՝ իր քաղաքակիրթ ժողովրդով, որը չի հանդուրժի իր արժանապատվությունը վիրավորող, ցանկացած անօրինական գործողություն։

Մայրաքաղաքի բնակչությանը կոչ ենք անում դրսեւորել մեր ժողովրդին հատուկ զսպվածություն, խուսափել զորքերի հետ անհարկի հաղորդակցումից։

Ղարաբաղյան շարժման Հայաստանի կոմիտե

27.11.88թ․

Աղբյուրը՝ hambardzum.am կայքի արխիվ