Զոհեր՝ հանուն դեմոկրատիայի
Ամեն ինչ սկսվեց խորհրդային իշխանությունների հռչակած «դեմոկրատիայից», որից անմիջապես միամտաբար կառչեցին ղարաբաղցիները, եւ այդ նույն դեմոկրատիայից սարսափած կենտրոնական իշխանությունների դատախազական աչառու պահվածքից: Հետո Սումգայիթում խորհրդային զորքերը «երեք ժամ ուշացան»: Շարունակությունը եղան Խոջալուն, Կիրովաբադը, Բաքուն:
Խորհրդային ղեկավարության երեսպաշտական եւ անբարոյական քաղաքականությունը մի քանի օրում ազգին վերադարձրեց դարասկիզբ: Նորից՝ բարբարոսություն, ցեղասպանություն, գաղթականներ…Գաղթական եւ ոչ թե հայրենադարձ, ինչպես միամտորեն երեւույթն անվանափոխում են որոշ մտավորական գործիչներ: Եւ այս ամենը «հզոր ու ինտերնացիոնալ վերակառուցվող» խորհրդային պետության մեջ: Խորհրդային պետությա՞ն, թե՞ մեր գլխին փլուզվող վերջին կայսրության: Այո, հենց մեր գլխին, որովհետեւ հաճախ շտապում ենք, ազատության ծարավից հաճախ միամտանում ենք, թեւատարած նետվում ենք «բարեկամ» խաղացող հրեշի գիրկը, որը, եթե ճաշակին հարմար ենք գալիս, եղբայրաբար կուլ է տալիս, իսկ եթե ոչ՝ դեն է շպրտում: Արդյունքը նորից կորուստներ, 300 հազարից ավելի արտաքսված, թալանված եւ հոգեպես սպանված հայեր «ինտերնացիոնալ Ադրբեջանից»: Եւ եթե այս 300 հազարին գումարենք եւս 500 հազար անտուն աղետյալներին, ապա պարզ կդառնա, թե ինչ ծանր խնդիր է ծառացել մեր ժողովրդի առջեւ: Իսկ ինչպե՞ս է պատրաստվում լուծել այս խնդիրը Հայաստանի կառավարությունը:
Գերագույն խորհուրդը ստեղծեց փախստականների հարցերով հանձնաժողով, որը գումարեց 8 նիստ, ընդունեց կառավարական որոշում՝ Մինիստրների խորհրդին կից հատուկ վարչություն ստեղծելու մասին, որի լրիվ անվանումը՝ «Մշտական բնակավայրերը թողած քաղաքացիների հարցերով զբաղվող վարչություն» նույնքան խրթին է, որքան մշուշապատ ու անհեթեթ: Այդ վարչությունը զբաղեցրին մի քանի փախստականներ ու «աշխատանք որոնող» երեւանցիներ ու սկսեցին չմտածված, անհիմն խոստումներ տալ Աբովյան, Բաղրամյան, Էջմիածին, Աշտարակ, Հրազդան, Չարենցավան բնակավայրերում կոոպերատիվ բնակարաններ կառուցելու մասին: Այո, փախստականները հրապուրվեցին այդ, այսպես ասած, կոոպերատիվային «կառուցողական» մտքի թռիչքով: Դե, իհարկե, եթե հնարավորություն չկա ապրելու թույնի եւ ծխի մեջ խեղդվող մայրաքաղաքում, ապա վատ չեն նաեւ երեւանամերձ ավաններն ու քաղաքները: Այս վարդագույն երազը տեսնում է նաեւ Հայաստանի կառավարությունը, միեւնույն ժամանակ ոչ մի կերպ չտեսնելով չկառուցվող Գյումրին, Սպիտակը…
Գուցե մեր հարգարժան կառավարությունը մի գեղեցիկ օր հայտարարի՞, թե որտեղից կարելի է անսպառ ձեռք բերել համապատասխան շինանյութեր, մեխանիզմներ եւ շինարարներ: Գուցե մենք նորի՞ց պետք է ձեռքներս մեկնենք հյուսիս եւ օգնություն մուրանք:
Այսօր փախստականների գոյության փաստի քաղաքական գնահատականը նույնպես տրված չէ: Հայաստանի կառավարությունը ոչ մի կերպ չի կարողանում լուծել փախստականներին համապատասխան կարգավիճակ տալու խնդիրը: Լուծված չէ նաեւ նրանց բնակարանների, գույքի եւ այլ նյութական արժեքների դրամական փոխհատուցման հարցը: Միայն խոստումներով հնարավոր չէ մարդկանց կերակրել, հագցնել եւ ոչ էլ կայարանների նստարանների վրա բարձ դնել նրանց գլխի տակ: Անհրաժեշտ են մտածված ու վճռական քայլեր, պետք է ազգային մոտեցում ցուցաբերել փախստականների խնդիրը լուծելիս եւ ոչ թե կիսատ-պռատ որոշումներ կայացնել:
Նախ, Ադրբեջանի գյուղական շրջաններից գաղթած բոլոր բնակիչներին, ըստ իրենց ընտրության, պետք է տեղավորել Հայաստանի տարբեր շրջանների ազատված գյուղական բնակավայրերում: Շատ դեպքերում այդպիսի ցանկություն են հայտնում նաեւ նախկին քաղաքաբնակները: Այդ իսկ պատճառով անհրաժեշտ է գյուղերում առանց հապաղելու նորոգել տները, անցկացնել բնական գազ եւ կոյուղի, ասֆալտապատել ճանապարհները եւ ավտոբուսային կանոնավոր երթեւեկություն հաստատել շրջկենտրոնների եւ մայրաքաղաքի միջեւ: Անհրաժեշտ է կոոպերատիվ բնակարանների կառուցումը կատարել միայն մայրաքաղաքից հեռու շրջկենտրոններում: Հաշվի առնելով բնակչության մասնագիտացումը, պետք է արագորեն կազմակերպել արդյունաբերական ձեռնարկություների կառուցումը:
Եղեգնաձորի, Վայքի, Սիսիանի, Ամասիայի, Վարդենիսի եւ այլ հեռավոր շրջկենտրոնների զարգացումը ոչ միայն տնտեսական, այլ նաեւ ստրատեգիական մեծ նշանակություն ունի: Իսկ այն գյուղերը, որոնք այդպես էլ չեն զբաղեցնի, պետք է տներով եւ ամբողջ օգտագործելի հողատարածություններով տրամադրվեն հիմնարկ-ձեռնարկություններին՝ օժանդակ տնտեսություններ ստեղծելու նպատակով, եւ բոլոր այն մենատնտեսներին, որոնք սիրում են եւ պատրաստ են մշակել հողը:
Անհապաղ պետք է ստեղծել փախստականների հարցերով զբաղվող կոմիտե, որն իրավասու կլինի պետական մակարդակով զբաղվել մարդկանց հուզող խնդիրներով: Դրա համար կարիք չկա ստեղծել նոր աշխատատեղեր եւ պաշտոններ, այլ պետք է վերանվանել ներգաղթով զբաղվող կոմիտեն (սփյուռքի), քանզի միամտություն կլինի կարծել, թե դեռ կլինեն հայրենադարձներ իսկական ժողովրդավարական եւ ազատ երկրներից:
Շահեն Պետրոսյան
ՀԱՅՔ Հայոց Համազգային Շարժման պաշտոնաթերթ .
Աղբյուրը՝ hambardzum.am կայքի արխիվ