Պատմական ակնարկ
Ամբողջ աշխարհում գրաֆիկական նովելների հայր ու արարիչ է համարվում Լինդ Քենդալլ Ուորդը (Lynd Kendall Ward): Համապատասխան շրջանակներում անգամ խոսվում է այն մասին, որ վերջինիս «վիճակված էր» դառնալ գրաֆիկական նովելների հայրը: Եթե փորձենք նրա ազգանունը (Ward) կարդալ հակառակ կողմից, կստացվի Draw, որ նշանակում է նկարել: Ք. Ուորդը իր առաջին գրաֆիկական նովելը՝ «God’s man»-ը, «գրել է» 1929 թ.: Ուորդի ձեռագիրը պարզ չէր. նա հաճախ էր դիմում փոխաբերությունների, ակնարկների, այլաբերական պատկերների: Նրա պատկերները մինչև ամենավերջինը մնացին միագույն, սակայն գույների միապաղաղությունը չէր խանգարում հեղինակին ստեղծել հետաքրքիր, սուր զարգացող սյուժեներ, որոնք նա վերարտադրում էր իր նկարներում: Նրա վերջին և ամենահայտնի կոմիքսը, որ թողարկվեց, եղավ 1937 թ.-ին լույս տեսած «Vertigo»-ն: Որպես արվեստագետ-նկարիչ՝ Ուորդը չէր սահմանափակվում մատիտով ու թանաքով, նա աշխատում էր նաև ջրաներկով: Նա վիմագրության ասպարեզում ևս գործունեություն ծավալեց՝ այդպիսով խորը հետք թողնելով գրաֆիկայի աշխարհում:
Կոմիքս բառը ծագում է անգլերեն comic (ծիծաղելի) բառից, որն իրենից ենթադրում է նկարված պատմություն կամ այլ կերպ՝ պատմություն՝ մատուցված նկարներով: Կոմիքսների ավելի ծավալուն տեսակը, որը չի սահմանափակվում ուղղակի մեկ-երկու նկարով, այլ ներառում է իր մեջ ամբողջական ծավալուն սյուժե, կոչվում է գրաֆիկական նովել: Որոշ երկրներում այս կոմիքսներն ունեն իրենց հատուկ անվանումը. Ֆրանսիայում սրանց անվանում են bande dessinée (կարճ՝ BD), իսկ Ճապոնիայում դրանք առավել հայտնի են manga անունով: Գրաֆիկական վեպի (նովելի) 80-ականների ներկայացուցիչ Ալան Մուրը առաջարկում է տարբերակել կոմիքսներն ու գրաֆիկական նովելները արժեքով. «Գրաֆիկական վեպը,- ասում է նա,- այն կոմիքսն է, որը թանկ արժի»: Անցած դարի 70-80-ական թվականներին գրաֆիկական նովել կամ վեպ տերմինը առաջ է գալիս միայն նրա համար, որ տարբերակում դրվի դրանց և Սուպերմենի մասին անդադար հրատարակվող կոմիքսների միջև: Այսօր, սակայն, տարբերակման այս գիծն էլ ջնջվել է, և դա է պատճառը, որ այս երկու որակումները նույնացվում են:
Կոմիքսները սովորաբար հրատարակվում են պարբերաբար և բաղկացած են լինում 32 էջից (17,78 x 25,4 սմ):
Հարցի քննություն
Այսօր կոմիքսները կամ գրաֆիկական նովելներն ամբողջ աշխարհում ընդունված է համարել ոչ թե գրականության ժանր, այլ սոսկ մի ձևաչափ, որը ներկայացնում է գրականությունը: Մեր կարծիքով կոմիքսներին այսպիսի որակում տալը ճիշտ է մի քանի պատճառներով.
- Գրականություն ասվածը փաստացի գրված պատմությունն է, իսկ կոմիքսները մեզ այդ պատմությունները մատուցում են նկարների և կարճ երկխոսությունների տեսքով: Սակայն երկխոսությունների փաստն այդ գրաֆիկաները դարձնում է գրականության մաս:
- Պատմությունը պատմելով նկարներով՝ գրաֆիկական նովելները, միևնույն է, լայնորեն օգտագործում են գեղարվեստական բազմաթիվ հնարանքներ, ինչպես նաև գրականագիտական ժանրեր: Ինչպես վերը նշեցինք, Լ. Ուորդը իր կոմիքսներում լայնորեն կիրառում էր փոխաբերությունն ու այլաբանական խոսքը, բայց չշեշտեցինք, որ ինչպես նրա կողմից ստեղծված «Vertigo» շարքի մի մասը, այնպես էլ այլ կոմիքսներ ունեն դետեկտիվ ժանրին բնորոշ հատկանիշներ, կամ թեկուզ կան ֆենթեզի ժանրին բնորոշ մի շարք կոմիքսներ, որոնք այսօր մեծ պահանջարկ ունեն:
Հետևապես, ավելի ճիշտ ենք համարում գրաֆիկական նովելները համարել ոչ թե գրականագիտական ժանր, այլ այդ ժանրերից լայնորեն օգտվող գրականության ձևաչափ:
Սկսած 2000-ական թվականներից՝ կոմիքսները մեծ ընդունելություն են գտել պատանիների և երիտասարդների կողմից: Ստեղծված լինելով մի ժամանակ որպես ժամանցային ժանր, որը նպատակ ուներ ուրախացնելու իր ընթերցողներին՝ այսօր կոմիքսներն ու գրաֆիկական նովելները վերածվեցին ինչ-որ նոր բանի: Ստեղծումից փոքր-ինչ ուշ` մեզ համար հատկապես Խորհրդային շրջանից սկսած, նկարներով դասավանդումը, որը, փաստորեն, գրաֆիկական նովելի մատուցման մի ձև է, ուսուցման պատմողական ձևի հետ համարվեց ամենաարդյունավետներից մեկը՝ հաշվի առնելով այսպես կոչված «տեսողական հիշողությունը»: Հենց սա է պատճառը, որ ընդհանրապես տարրական դասարանների բոլոր դասագրքերը նկարազարդ են, և նյութը մեծամասամբ մատուցված է հենց նկարներով: Ավելի ուշ դասագրքերին զուգահեռ ստեղծվեցին մանկական «կոմիքս-պատմություններ», սակայն ժամանակի ընթացքում կոմիքսները դադարեցին ընկալվել որպես ուսուցանող կամ մանկական գրականության ձևաչափ: Հատկապես վերջին 40 տարիներին թողարկված բոլոր գրաֆիկական նովելներն էլ այսօր հեռու են մանկական լինելուց. նրանցում տեղ են գտնում և՛ ինտիմ տեսարաններ, և՛ երեխաների համար անթույլատրելի բառապաշար, սովորական բնույթ է կրում բռնությունը, բազմաթիվ կոմիքսների էջեր ներկված են արյունով: Հետևապես` ասել, թե սրանք շարունակում են մնալ գլխավորապես երեխաների համար հրատարակվող գրքույկներ, սխալ կլինի: Բազմաթիվ կոմիքսներ ունեն անգամ 18+ տարիքային սահմանափակում՝ իրենց մեջ ներառված դաժան տեսարանների պատճառով:
Կոմիքսները՝ որպես ընթերցանության խթանիչներ
Գրաֆիկական նովելները (կոմիքսները) որոշ մասնագետներ համարում են գրքի (դասական չափանիշներով) պահանջարկի անկման պատճառ, մյուսներն էլ ընդհակառակը՝ դրա երկրորդ կյանք: Գրքի սակավաթիվ ընթերցանության այս դարում պատանիներն ու երիտասարդները նախընտրում են հենց կոմիքսները, և եթե տպագիր գիրքը իր տեղը արդեն զիջում է էլեկտրոնային տարբերակին, ապա կոմիքսները շարունակում են մնալ նախընտրելի հենց տպագիր տարբերակով: Սրան նպաստում են մի քանի գործոններ. նախ՝ դրանք նկարազարդ են, ունեն վառ գունավորում, ինչը մի կողմից թույլ չի տալիս երկար ընթերցել համակարգչով, երկրորդ պատճառը զուտ ավելի հարմարավետ լինելու մեջ է: Որքան ավելի հայտնի են դառնում կոմիքսները, այնքան ավելի շատ են հեղինակները փորձում դրանցում առկա երկխոսությունները դարձնել առավել խոհական, առավել իմաստալից, ինչը հազվադեպ կարելի էր հանդիպել նախնական կոմիքսներում: Սա բացատրվում է նաև նրանով, որ գիտական ֆանտաստիկայի ժանրով ստեղծված կոմիքսների հեղինակները ուղղակի պարտավորված են զգում իրենց ամեն ինչ բացատրել և մեկնաբանել գիտական, բայց գիտահանրամատչելի մակարդակով, ինչը մի կողմից թեթև կարող է ընկալվել երիտասարդների կողմից, մյուս կողմից՝ գիտական ճշմարտություն կպարունակի իր մեջ: Այս ամեն ինչը հաշվի առնելով է, որ ԱՄՆ-ում և Մեծ Բրիտանիայում կատարված հետազոտությունների հիման վրա հետազոտողները եկել են այն եզրահանգման, որ գրաֆիկական նովելներ ընթերցող աշակերտներն ունեն ավելի հարուստ բառապաշար, երկրորդ՝ ավելի հեշտ են ընկալում որոշակի ֆիզիկական փորձեր, և երրորդ՝ ավելի հակված են մեծածավալ գրքեր կարդալուն, ինչը սովորական աշակերտների համար ձանձրալի գործընթաց է թվում: Այս առումով չենք կարող չընդգծել, որ կոմիքսները հաճախ խթան են հանդիսանում, որ աշակերտները ծանոթանան գրականագիտական տարբեր ժանրերին, այդ թվում նաև վերը նշված գիտական ֆանտաստիկային, առասպելաբանությանը (բանահյուսությանը), ինչպես նաև պատմությանը: Եվ չնայած բազմաթիվ կոմիքսներում իրադարձությունները կատարվում են մեր իրականությունից դուրս՝ մեկ այլ՝ զուգահեռ իրականության մեջ, այնուամենայնիվ, կան կոմիքսներ, որոնք անդրադառնում են մեր իրականության դարակազմիկ ինչ-ինչ երևույթներին: Եվ իզուր չէ, որ մեր ժամանակների լավագույն կոմիքս համարվում է հենց Արտա Շպիգելմանի MAUS-ը, որը 1992 թ.-ին ստացել է Պուլիտցերյան մրցանակ: Այն Լեհաստանում տեղի ունեցած Հոլոքոստի մասին է, որը հեղինակը գրել է իր հոր հուշերի հիման վրա և որտեղ հրեաներին ներկայացրել է մկան, իսկ գերմանացիներին՝ կատվի տեսքով: Կոմիքսները նաև երիտասարդների մոտ զարգացնում են սերը դեպի արվեստ: Իզուր չէ, որ որոշ երկրներում գրադարաններն ունեն կոմիքսներ սիրողների ակումբներ, որտեղ երիտասարդները ոչ միայն կարդում են կոմիքսներ, անցկացնում քննարկումներ, այլ նաև իրենք են փորձում ստեղծել կոմիքսներ՝ հետաքրքիր և օրիգինալ սյուժեներով:
Կոմիքսների գրավող հատկանիշները, առավելությունները
- Գործողություն կամ action. ընդհանրապես ցանկացած կոմիքս զարգանում է կարևոր գործողությունների հերթագայությամբ, կոնֆլիկտից գնալով միանգամից դեպի հանգուցալուծում՝ առանց ավելորդ մանրամասների և երկար-բարակ նկարագրությունների, ինչը փոխանցվում է նկարներով:
- Պատկերավորության ուժ. ընդհանրապես, երբ գիրք ենք կարդում, լավ ընկալելու համար պատկերացնում ենք այն մեր մտքում: Իսկ կոմիքսների դեպքում պատկերացնելու կարիք չի լինում: Պատկերները իրենք իրենց կան, և դա է պատճառը, որ կոմիքսները ուժեղ զգացմունքային ազդեցություն են թողնում ընթերցողների վրա:
- Երիտասարդների համար կարևոր թեմաների շոշափում. կոմիքսների՝ երիտասարդներին գրավող հատկանիշներից մեկն էլ նրանց համար կարևոր թեմաների շոշափումն է, ինչպես՝ անհարմարվողականություն, սոցիալական անարդարություն, անհատական աճ, շփում և այլն:
- Սուպերհերոսներ. ընդհանրապես կոմիքսներում հանդիպող սուպերհերոսական ամենաիսկական նախատիպերը առասպելներն են: Այս առասպելները ուղղակի ներկայացվում են նոր փաթեթավորմամբ, ավելի ժամանակակից մոտեցմամբ այնպես, ինչպես ֆենթեզի ժանրը: Բոլոր ժամանակներում առասպելական հերոսները բաժանվում են բարի և չար խմբավորումների: Բարու կողմակիցները միշտ հաղթանակում են չարի դեմ գործողություններում: Նույն այս կանխադրույթը դրվում է կոմիքսներում սուպերհերոսների կերպարավորման հիմքում: Տարբերությունն այն է, որ ժամանակակից հերոսները ինքնածին չեն, նրանք կա՛մ չստացված գիտափորձի կա՛մ միտումնավոր ստեղծված սուպերհերոսական շիճուկի արդյունք են: Ի սկզբանե մարդիկ ստեղծել են առասպելական հերոսներ ու գովերգել նրանց, քանի որ միշտ էլ կարիք են ունեցել ավելի զորեղ պաշտպանության, քան դա կարող են ապահովել պետությունները: Սուպերհերոսների մասին կոմիքսներն էլ կոչված են պաշտպանելու թույլերին, դիմագրավելու անարդարությանը, կանխելու պատերազմները և այլն: Այլ կերպ ասած՝ սուպերհերոսական կոմիքսները յուրատեսակ «մեծական» հեքիաթ-առասպելներ են՝ ժամանակի շնչին համապատասխանեցված: Այսօր աշխարհում սուպերհերոսների մասին իրենց կոմիքսներով առաջատար դիրք են գրավում ամերիկյան երկու ընկերություններ՝ Marvel-ը և DC-ն, որոնցից յուրաքանչյուրն ունի իր յուրահատկությունները և ընթերցողների լսարանը:
- Հաճույք. ժամանակակից կոմիքսների ոճը (գունավոր պատկերներ, պարզեցված լեզու) դրանց ընթերցանությունը պատանիների և երիտասարդների համար դարձնում են ավելի հաճելի: Չմոռանանք, որ ժամանակակից իրականության մեջ գրքի հանդեպ հետաքրքրության պակասը մեծ մասամբ բացատրվում է հենց ձանձրույթով:
Ժամանակակից աշխարհում կոմիքս արտադրող ընկերությունները, իրենց փորձից ելնելով, արդեն գիտեն, թե թեմաներից որոնք են ավելի հարազատ ընթերցողներին: Ըստ այդմ` ավելի հաճախադեպ են հատկապես սուպերհերոսային, ֆենթեզի, սարսափ, գիտաֆանտաստիկ, դինամիկ-նովելային, հումորային, կրթական կոմիքսները: Կոմիքս կարդացողների միջին տարիքը համարվում է 25 տարեկանը: Սակայն սա միջին վիճակագրական տվյալ է, իսկ իրականությունն այն է, որ ավելի չափահաս անձանց կողմից տարեցտարի ավելանում է կոմիքսների հանդեպ ուշադրությունը: Սրա պատճառը թերևս թեմաների բազմազանությունն է և ձևաչափի արդիականությունը: Այս ձևաչափի տարածման համար քիչ ջանքեր չեն ներդնում արտերկրում: Օրինակ՝ ամերիկյան գրադարանների ասոցացիան (ALA) իր էլեկտրոնային կայքում պարբերաբար նյութեր է տեղադրում գրաֆիկական նովելների վերաբերյալ մեկ ընդհանուր խորագրի ներքո՝ «Կոմիքսները լուրջ են», իսկ ամերիկյան «20-րդ դարի գրական քննադատություն» հրատարակչությունը շուրջ 100 էջ է նվիրել գրաֆիկական նովելների վերլուծությանը և դրանց ամենահայտնի հեղինակներին՝ Շպիգելմանին, Էյնզերին, Կրամբին, Լիին և այլոց:
Վիճակագրությունը վեր է հանում նաև այս ձևաչափի՝ հանրաճանաչություն ձեռք բերելու թվային փաստերը: 2003 թվականի մայիս ամսվա դրությամբ աշխարհում վաճառվել է 23,7 մլն դոլլար արժողությամբ գրաֆիկական նովելներ, իսկ 2013 թ.-ի դրությամբ այդ թիվը հասնում է 45,12 մլն դոլլարի: Այսինքն՝ 10 տարվա ընթացքում կոմիքսները 90%-ով ավելի պահանջված են դարձել:
Գրաֆիկական նովելները Հայաստանում
Կոմիքսարտադրության ոլորտում Հայաստանում ևս արդեն քայլեր են ձեռնարկվում: Դեռևս 2008 թվականին Երևանում կայացավ երիտասարդ կոմիքս-նկարիչների առաջին մրցույթը: 2013 թ.-ին կայացավ նմանատիպ մի մրցույթ, որը, ի տարբերություն նախորդի, կրում էր ավելի թեմատիկ բնույթ՝ կաշառակերությունը և դրա բացասական ազդեցությունը կյանքում: Պետք է նշել նաև, որ Միրզոյան գրադարանում պարբերաբար տեղի են ունենում կոմիքսասեր հանրության հանդիպումներ, որտեղ երիտասարդ նկարիչները մասնակցում են “Drink’n’draw” կոմիքս-էքապրոմտ միջոցառմանը: Չնայած որ գրաֆիկական նովելները նորություն են հայ հասարակության համար, սակայն նրանք փորձում են գտնել իրենց տեղը մեր իրականության մեջ: Այն, որ երիտասարդ կոմիքս-նկարիչները ոչ միայն նկարում են ազատ թեմաներով, այլև փորձում են ազգային արժեք ներկայացնող գործերը ևս հասանելի դարձնել աշխարհին՝ կոմիքս տարբերակով, դրա փաստարկումներից մեկն է Օրինակ՝ տնտեսագիտության ֆակուլտետի երկու ուսանողներ փորձում են ներկայացնել «Սասնա ծռեր»-ը՝ պատկերազարդ կոմիքս տարբերակով՝ «հնարավորություն ընձեռելով ոգեշնչվել ոչ թե Marvel-ի հերոսներից, այլ մեր Սասունցի Դավթի և այլոց քաջագործություններից»:
Օգտագործած գրականության ցանկ
- http://comichron.com/
- https://ru.wikipedia.org/wiki/%D0%9A%D0%BE%D0%BC%D0%B8%D0%BA%D1%81
- http://www.kam24.ru/Content/blog/record/id/260
- http://1001.ru/articles/post/20095
- http://disima.ru/vse-o- komiksax/komiks-kultura- komiksy-raznyx- stran/
- https://estetico.me/posts/view/pervye-graficheskie- novelly
- http://www.ala.org/aasl/sites/ala.org.aasl/files/content/conferencesandevents/ecollab/resources/aasl13_Graphic_Novels.pdf
Հեղինակ՝ Արման Վերանյան (Arman Veranyan): © Բոլոր իրավունքները պաշտպանված են: