Ղարաբաղյան շարժման Հայաստանի կոմիտեի տեղեկագրությունը Կիրովաբադ քաղաքի հայության վիճակի մասին 27 նոյեմբերի 17:00- ի դրությամբ

Ղարաբաղյան շարժման Հայաստանի կոմիտեն, ստուգելով եւ ամփոփելով տարբեր աղբյուրներից, մասնավորապես Կիրովաբադ քաղաքի հայության հատուկ կոմիտեից ստացված տեղեկությունները, հայտնում է հետեւյալը․

Ս/թ նոյեմբերի 27-ի ժամը 17-ի դրությամբ Կիրովաբադ քաղաքում լարվածությունը շարունակվում է։ Ստուգված տվյալներով առ այսօր հայ ազգաբնակչությունից զոհվել է 2, վիրավորվել 100-ից ավելի մարդ։ Արձանագրվել է բռնաբարության 10 դեպք։ Կանայք, երեխաները եւ ծերունիները ապաստան են գտել հայկական թաղամասի 13-րդ դպրոցում եւ եկեղեցում։

Քաղաքի մյուս շրջանների որոշ հայ բնակիչների մասին տեղեկություններ չկան։ Այդ շրջանների հայ եւ ռուս բնակչության մեծամասնությունը տեղափոխվել է հայկական թաղամաս։ Քաղաքում ընդհանուր առմամբ ավերվել, հրկիզվել եւ ավարի են մատնվել հայերին պատկանող 700-ից ավելի տներ եւ բնակարաններ։ Այսօր մարդատար ավտոմեքենայով շրջող մի քանի ադրբեջանցիներ փորձել են հարձակվել մի հայ բնակչի վրա։ Ահաբեկիչները չեն ենթարկվել զիվորականների հրամանին, եւ վերջիններս ստիպված կրակ են բացել ավտոմեքենայի վրա։ Ահաբեկիչներից մեկը զոհվել է, երկուսը ծանր վիրավորվել են։

Ղարաբաղյան շարժման Հայաստանի կոմիտեից

27.11.88

Խնդրում ենք բազմացնել եւ տարածել։

Աղբյուրը՝ hambardzum.am կայքի արխիվ